‘Հավատարիմ ծառան’ դիմանում է քննությանը
«Ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը» (Ա ՊԵՏՐՈՍ 4։17)։
1. Ի՞նչ տեսավ Հիսուսը, երբ ստուգեց «ծառայի» գործերը։
ՀԻՍՈՒՍԸ մ.թ. 33–ի Պենտեկոստեին մի «ծառա» նշանակեց, որպեսզի ճիշտ ժամանակին կերակուր տա ‘ծառաներին’։ 1914 թ.–ին Հիսուսը Թագավոր դարձավ, և շուտով եկավ ժամանակը ստուգելու «ծառայի» գործերը։ Նա հայտնաբերեց, որ «ծառան» հիմնականում «հաւատարիմ եւ իմաստուն» է եղել։ Ուստի նրան նշանակեց իր «ամեն ունեցածների վերայ» (Մատթէոս 24։45–47)։ Բայց կար նաև չար ծառա, որը ո՛չ հավատարիմ էր, ո՛չ էլ իմաստուն։
«Այն չար ծառան»
2, 3. Որտեղի՞ց առաջ եկավ «այն չար ծառան», և ինչպե՞ս նա այդպիսին դարձավ։
2 Հիսուսը չար ծառայի մասին խոսեց անմիջապես «հավատարիմ և իմաստուն ծառայի» մասին խոսելուց հետո։ Նա ասաց. «Եթէ այն չար ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրը գալը ուշացնում է. եւ սկսէ իր ծառայակիցներին ծեծել՝ եւ արբեցողների հետ ուտել եւ խմել. այն ծառայի տէրը մի օր կ’գայ, որ նա չէ սպասում, եւ մի ժամ՝ որ նա չ’գիտէ. եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինը կեղծաւորների հետ կ’դնէ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը» (Մատթէոս 24։48–51)։ «Այն չար ծառան» արտահայտությունը մեր ուշադրությունը հրավիրում է հավատարիմ և իմաստուն ծառայի վերաբերյալ Հիսուսի նախորդ խոսքերի վրա։ Այո, «չար ծառան» դուրս եկավ հենց հավատարիմ ծառայի շարքերից։a Ինչպե՞ս։
3 Մինչև 1914 թվականը հավատարիմ ծառա դասակարգի շատ անդամներ մեծ հույսեր ունեին 1914 թ.–ին երկնքում հանդիպելու Փեսային, բայց նրանց հույսերը չիրականացան։ Այս և այլ պատճառներով շատերը հիասթափություն ապրեցին, իսկ մի քանիսն էլ չարացան։ Սրանցից ոմանք սկսեցին խոսքով «ծեծել» իրենց նախկին եղբայրներին ու ընկերակցել «արբեցողների»՝ քրիստոնեական աշխարհի տարբեր կրոնական խմբերի հետ (Եսայիա 28։1–3; 32։6)։
4. Ինչպե՞ս Հիսուսը վարվեց ‘չար ծառայի’, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր նրա պես են վարվել։
4 Այս նախկին քրիստոնյաները ի վերջո դարձան ‘չար ծառա’, և Հիսուսը ‘միջիցը կտրեց’ նրանց, այսինքն՝ պատժեց ամենայն խստությամբ։ Ինչպե՞ս։ Նա մերժեց այդ մարդկանց, և նրանք զրկվեցին իրենց երկնային հույսից։ Սակայն նրանք անմիջապես չկործանվեցին։ Նախ ‘դրսի խավարում’՝ քրիստոնեական ժողովից դուրս, լացի ու ատամները կրճտացնելու մի շրջան պետք է անցնեին (Մատթէոս 8։12)։ Այդ վաղ օրերից հետո որոշ օծյալներ նույնպես նման չար ոգի են դրսևորել ու դրանով մաս կազմել ‘չար ծառային’։ ‘Ուրիշ ոչխարներից’ էլ եղան անհատներ, որ նրանց պես անհավատարիմ են գտնվել (Յովհաննէս 10։16)։ Քրիստոսի այս բոլոր թշնամիների վերջը նույն «դրսի» հոգևոր խավարն է։
5. Ինչպե՞ս հավատարիմ և իմաստուն ծառան վարվեց՝ ի տարբերություն ‘չար ծառայի’։
5 «Հավատարիմ և իմաստուն ծառան» էլ նույն փորձությունները կրեց, ինչ «չար ծառան»։ Սակայն նա չչարացավ, այլ շտկումներ կատարեց (Բ Կորնթացիս 13։11, ՆԱ)։ Նրա սերը Եհովայի ու իր եղբայրների հանդեպ է՛լ ավելի մեծացավ։ Որպես արդյունք, նա դարձավ «սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան» այս վերջին փոթորկուն օրերում (Ա Տիմոթէոս 3։15; Բ Տիմոթէոս 3։1)։
Իմաստուն և հիմար կույսերը
6. ա) Ինչպե՞ս Հիսուսը լուսաբանեց իր հավատարիմ ծառայի իմաստությունը։ բ) Մինչև 1914 թվականը ի՞նչ լուր էին հռչակում օծյալ քրիստոնյաները։
6 ‘Այն չար ծառայի’ մասին խոսելուց հետո Հիսուսը պատմեց երկու առակ՝ ցույց տալու համար, թե ինչու որոշ օծյալ քրիստոնյաներ հավատարիմ և իմաստուն էին լինելու, մինչդեռ մյուսները՝ ոչ։b Նրանց իմաստությունը լուսաբանելու նպատակով նա հետևյալը պատմեց. «Կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ դուրս եկան փեսային դիմաւորելու։ Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։ Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ» (Մատթէոս 25։1–4)։ Տասը կույսերը հիշեցնում են մեզ օծյալ քրիստոնյաներին՝ նախքան 1914 թվականը։ Նրանք հաշվարկել էին, որ փեսան՝ Հիսուս Քրիստոսը, ուր որ է գալու է։ Ուստի նրանք «դուրս եկան» նրան դիմավորելու՝ սկսեցին համարձակորեն քարոզել, որ «ազգերուն ժամանակները» կավարտվեն 1914 թ.–ին (Ղուկաս 21։24, ԱԱ)։
7. Ե՞րբ և ինչո՞ւ օծյալ քրիստոնյաները, փոխաբերական իմաստով, «քնեցին»։
7 Նրանք ճիշտ էին։ «Ազգերուն ժամանակները» ավարտվեցին 1914 թ.–ին, և Աստծո Թագավորությունը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ սկսեց գործել։ Բայց դա տեղի ունեցավ անտեսանելի երկինքներում։ Իսկ երկրի վրա մարդիկ սկսեցին զգալ կանխագուշակված «վայի» ազդեցությունը (Յայտնութիւն 12։10, 12)։ Դրան հետևեց փորձության մի շրջան։ Իրերի դրությունը հստակորեն չըմբռնելով՝ օծյալ քրիստոնյաները խորհեցին, թե ‘փեսան ուշանում է’։ Շփոթահար ու աշխարհի կողմից թշնամության հանդիպելով՝ նրանք ընդհանուր առմամբ թուլացրին իրենց տեմպը կազմակերպված քարոզչության գործում, և գործը գրեթե կանգ առավ։ Առակի կույսերի նման, նրանք հոգևոր իմաստով «թմրեցան եւ քնեցին», ճիշտ այնպես, ինչպես արեցին իրենց քրիստոնյա համարող անհավատարիմ անձինք Հիսուսի առաքյալների մահից հետո (Մատթէոս 25։5; Յայտնութիւն 11։7, 8; 12։17)։
8. Ինչո՞ւ հնչեց «ահա փեսան» աղաղակը, և ժամանակն էր, որ օծյալ քրիստոնյաները ի՞նչ անեին։
8 Հետո՝ 1919 թ.–ին, մի անսպասելի բան կատարվեց։ Կարդում ենք. «Կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու։ Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին» (Մատթէոս 25։6, 7)։ Ճիշտ հենց այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ անհույս վիճակում է, ակտիվանալու կոչ հնչեց։ 1918 թ.–ին Հիսուսը՝ «ուխտի հրեշտակը», եկավ Եհովայի հոգևոր տաճար՝ ստուգելու ու մաքրելու Աստծո ժողովը (Մաղաքիա 3։1)։ Եվ հիմա օծյալ քրիստոնյաները պետք է դուրս գնային՝ դիմավորելու նրան այդ տաճարի երկրային գավիթներում։ Եկել էր ժամանակը, որ նրանք լույս արձակեին (Եսայիա 60։1; Փիլիպպեցիս 2։14, 15)։
9, 10. 1919 թ.–ին ինչպե՞ս արտահայտվեց որոշ քրիստոնյաների ‘իմաստությունը’, իսկ որոշների էլ՝ ‘հիմարությունը’։
9 Բայց սպասե՛ք։ Առակի երիտասարդ կանանցից ոմանք ինչ–որ խնդիր ունեին։ Հիսուսը շարունակեց. «Յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են» (Մատթէոս 25։8)։ Առանց յուղի՝ լապտերները լույս չէին տա։ Լապտերի յուղը հիշեցնում է մեզ Աստծո ճշմարիտ Խոսքը և նրա սուրբ ոգին, որը զորություն է տալիս ճշմարիտ երկրպագուներին՝ լինելու լուսակիրներ (Սաղմոս 119։130; Դանիէլ 5։14)։ Չնայած իրենց ժամանակավոր թույլ վիճակին՝ մինչև 1919 թվականը իմաստուն օծյալ քրիստոնյաները ջանասիրաբար փորձել էին հասկանալ, թե որն է Աստծո կամքը իրենց համար։ Այդ իսկ պատճառով, երբ կոչ եղավ լույս արձակելու, նրանք պատրաստ էին (Բ Տիմոթէոս 4։2; Եբրայեցիս 10։24, 25)։
10 Բայց որոշ օծյալներ նախապատրաստված չէին զոհողություններ անելու ու ջանքեր թափելու, թեպետ նրանք անկեղծորեն ցանկանում էին լինել Փեսայի հետ։ Հետևաբար, երբ ժամանակը եկավ բարի լուրը ակտիվորեն քարոզելու, նրանք պատրաստ չէին (Մատթէոս 24։14)։ Նրանք նույնիսկ փորձեցին խանգարել իրենց եռանդուն ընկերներին՝ դրանով, փաստորեն, նրանցից յուղ խնդրելով։ Իսկ ըստ առակի՝ ինչպե՞ս պատասխանեցին իմաստուն կույսերը։ Նրանք ասացին. «Մի գուցէ մեզ եւ ձեզ բաւական չ’լինի. բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար» (Մատթէոս 25։9)։ Նման ձևով, օծյալ հավատարիմ քրիստոնյաները 1919 թ.–ին չցանկացան անել որևէ բան, որը կնվազեցներ իրենց հնարավորությունը լույս արձակելու։ Այդպիսով, նրանք դիմացան քննությանը։
11. Ի՞նչ պատահեց հիմար կույսերի հետ։
11 Հիսուսը վերջացնում է առակը հետևյալ խոսքերով. «Երբոր նորանք [հիմար կույսերը] գնացին գնելու, փեսան եկաւ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։ Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ» (Մատթէոս 25։10–12)։ Այո, ոմանք պատրաստ չէին Փեսայի գալստյանը։ Այդ պատճառով էլ նրանք չդիմացան քննությանը և զրկվեցին երկնքում հարսանիքին մասնակցելու հնարավորությունից։ Որքա՜ն ցավալի էր։
Քանքարների առակը
12. ա) Ինչի՞ միջոցով Հիսուսը լուսաբանեց հավատարմությունը։ բ) Ո՞վ էր այն մարդը, որ ‘գնաց օտար երկիր’։
12 Իմաստությունը լուսաբանելուց հետո Հիսուսը սկսեց բացատրել հավատարմությունը։ Նա ասաց. «Ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։ Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց» (Մատթէոս 25։14, 15)։ Այդ մարդը ինքը Հիսուսն է, որ ‘օտար երկիր գնաց’, երբ համբարձվեց երկինք մ.թ. 33–ին։ Սակայն նախքան երկինք գնալը նա «իր ունեցածը» հանձնեց իր հավատարիմ աշակերտներին։ Ինչպե՞ս։
13. Ինչպե՞ս Հիսուսը ծավալուն գործունեության նախապատրաստություն տեսավ և լիազորեց իր «ծառաներին» գործ անելու։
13 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը, Թագավորության բարի լուրը քարոզելով ամբողջ Իսրայելում, մի ծավալուն գործունեության նախապատրաստություն տեսավ (Մատթէոս 9։35–38)։ Նախքան ‘օտար երկիր գնալը’ նա այդ գործունեությունը վստահեց իր հավատարիմ աշակերտներին՝ ասելով. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։18–20)։ Այս խոսքերով Հիսուսը լիազորեց իր «ծառաներին»՝ «իւրաքանչիւրին իր կարողութեան չափ», գործ անել մինչև իր վերադարձը։
14. Ինչո՞ւ յուրաքանչյուրից չի ակնկալվում անել նույն քանակի գործ։
14 «Իւրաքանչիւրին իր կարողութեան չափ» արտահայտությունը մատնանշում է այն, որ առաջին դարի ոչ բոլոր քրիստոնյաներն ունեին նույն հանգամանքներն ու կարողությունները։ Ոմանք Պողոսի ու Տիմոթեոսի պես ի վիճակի էին առավելագույն հնարավոր ձևով բաժին ունենալ քարոզչության և ուսուցման գործում։ Մյուսների հանգամանքները գուցե խստորեն սահմանափակում էին իրենց գործելու ազատությունը։ Օրինակ՝ որոշ քրիստոնյաներ ստրուկներ էին, ուրիշները հիվանդ էին, տարեց կամ ունեին ընտանեկան պարտականություններ։ Իհարկե, բոլոր աշակերտները չէ, որ կարող էին ժողովում որոշ պատասխանատվություններ ստանձնել։ Օծյալ քույրերը ու որոշ օծյալ եղբայրներ լիազորված չէին ուսուցանելու ժողովում (Ա Կորնթացիս 14։34; Ա Տիմոթէոս 3։1; Յակոբոս 3։1)։ Սակայն, ինչպիսին էլ որ լինեին նրանց անձնական հանգամանքները, Քրիստոսի բոլոր օծյալ աշակերտները՝ թե՛ տղամարդ, թե՛ կին, պետք է գործով զբաղված լինեին՝ քրիստոնեական ծառայության մեջ անելով հնարավոր ամեն ինչ։ Քրիստոսի ժամանակակից աշակերտները նույն ձևով են վարվում։
Ստուգումը սկսվո՛ւմ է
15, 16. ա) Ե՞րբ եկավ ‘հաշիվ առնելու’ ժամանակը։ բ) ‘Գործ անելու’ ի՞նչ նոր հնարավորություններ տրվեցին հավատարիմներին։
15 Առակում շարունակվում է ասվել. «Շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում» (Մատթէոս 25։19) 1914 թ.–ին, անշուշտ, բավական երկար ժամանակ անց մ.թ. 33–ից, սկսվեց Քրիստոսի ներկայությունը արքայական իշխանությամբ։ Երեք ու կես տարի անց՝ 1918 թ.–ին, նա եկավ Աստծո հոգևոր տաճարը և իրականացրեց Պետրոսի հետևյալ խոսքերը. «Ժամանակն է որ դատաստանն սկսէ Աստուծոյ տանիցը» (Ա Պետրոս 4։17; Մաղաքիա 3։1)։ ‘Հաշիվ առնելու’ ժամանակը եկել էր։
16 Ի՞նչ էին արել ծառաները՝ Հիսուսի օծյալ եղբայրները, Թագավորի ‘քանքարների’ հետ։ Մ.թ. 33–ից սկսած, այդ թվում 1914 թվականին նախորդող տարիներին, շատերը ջանասիրաբար «բան», կամ՝ «գործ» (ԷԹ) էին անում՝ ավելացնելով Հիսուսի ունեցվածքը (Մատթէոս 25։16)։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք դրսևորել էին մեծ ցանկություն ծառայելու Տիրոջը։ Ուստի տեղին էր, որ հավատարիմներին նոր հնարավորություններ տրվեին գործ անելու։ Իրերի այս համակարգի վախճանի ժամանակը եկել էր։ Բարի լուրը պետք է քարոզվեր ամբողջ աշխարհում։ «Երկրի հունձքը» պետք է հավաքվեր (Յայտնութիւն 14։6, 7, 14–16)։ Հարկավոր էր ցորենի հետ համեմատվող խմբի մնացած անդամներին գտնել, ինչպես նաև այլ ոչխարների մեծ բազմությունը հավաքել (Յայտնութիւն 7։9; Մատթէոս 13։24–30)։
17. Հավատարիմ օծյալ քրիստոնյաները ինչպե՞ս մտան ‘իրենց տիրոջ ուրախությունը’։
17 Բերքահավաքի օրերը ուրախ ժամանակներ են (Սաղմոս 126։6)։ Ուստի միանգամայն տեղին է, որ Հիսուսը, 1919 թ.–ին իր հավատարիմ օծյալ եղբայրներին ավելի շատ պատասխանատվություններ վստահելով, ասաց. «Քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթէոս 25։21, 23)։ Բացի այդ, մեր երևակայությունից վեր է այն ուրախությունը, որ Տերը զգում Աստծո Թագավորության Թագավոր նշանակվելու առիթով (Սաղմոս 45։1, 2, 6, 7)։ Հավատարիմ ծառա դասակարգն այդ ուրախությունն ապրում է՝ երկրի վրա ներկայացնելով Թագավորի շահերը ու ավելացնելով նրա ունեցվածքը (Բ Կորնթացիս 5։20)։ Նրանց ուրախությունն արտահայտված է Եսայիա 61։10–ի մարգարեական խոսքերով. «Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց»։
18. Ինչո՞ւ ոմանք չդիմացան ստուգմանը, և ի՞նչ եղավ հետևանքը։
18 Ցավոք, ստուգմանը ոչ բոլորը դիմացան։ Կարդում ենք. «Այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. հնձում ես ուր որ չ’սերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չ’փռեցիր։ Եւ վախենալով գնացի՝ թագցրի քո քանքարը գետնի մէջ. ահա քոնը առ» (Մատթէոս 25։24, 25)։ Նման ձևով, որոշ օծյալ քրիստոնյաներ գործ չարեցին։ 1914 թ.–ից առաջ նրանք մղում չէին զգում խանդավառությամբ իրենց երկնային հույսի մասին խոսելու ուրիշների հետ, և ոչ էլ ցանկացան դա անել 1919 թ.–ից հետո։ Ինչպե՞ս Հիսուսը վերաբերվեց նրանց հանդգնությանը։ Նա զրկեց նրանց իրենց բոլոր առանձնաշնորհումներից։ Նրանց ‘հանեցին դրսի խավարը, որտեղ լինելու էր լացը և ատամների կրճտելը’ (Մատթէոս 25։28, 30)։
Ստուգումը շարունակվում է
19. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ստուգումը շարունակվում է, և ի՞նչ են բոլոր օծյալ քրիստոնյաները վճռել անել։
19 Ինչ խոսք, մեծամասնությունը նրանց, ովքեր Քրիստոսի օծյալ ծառաներ էին դառնալու վախճանի ժամանակներում, դեռևս չէր ծառայում Եհովային, երբ Հիսուսը սկսեց իր ստուգումը՝ 1918 թ.–ին։ Դուրս է գալիս, որ նրանք չէի՞ն ստուգվելու։ Ամենևին։ 1918–1919 թվականներին ստուգման գործընթացը ընդամենը սկսվեց, երբ հավատարիմ և իմաստուն ծառան որպես խումբ դիմացավ քննությանը։ Անհատ օծյալ քրիստոնյաները կստուգվեն այնքան ժամանակ, մինչև որ նրանց վրա վերջնականորեն կնիք կդրվի (Յայտնութիւն 7։1–3)։ Հասկանալով սա՝ Քրիստոսի օծյալ եղբայրները վճռել են հավատարմորեն շարունակել գործով զբաղված լինել։ Նրանք վճռել են լինել իմաստուն՝ շարունակելով հոգևոր յուղի առատ պաշարներ ունենալ, որպեսզի իրենց լույսը է՛լ ավելի պայծառ շողա։ Նրանք գիտեն, որ եթե իրենցից յուրաքանչյուրը մինչև կյանքի վերջը հավատարիմ մնա, ապա կընդունվի Հիսուսի կողմից ապրելու երկնքում (Մատթէոս 24։13; Յովհաննէս 14։2–4; Ա Կորնթացիս 15։50, 51)։
20. ա) Այլ ոչխարները վճռել են ի՞նչ անել մեր օրերում։ բ) Ի՞նչ են գիտակցում օծյալ քրիստոնյաները։
20 Այլ ոչխարների մեծ բազմության անդամները ընդօրինակում են իրենց օծյալ եղբայրներին։ Նրանք հասկանում են, որ Աստծո նպատակների վերաբերյալ գիտելիքներ ունենալը իր հետ բերում է մեծ պատասխանատվություն (Եզեկիէլ 3։17–21)։ Ուստի Եհովայի Խոսքի ու սուրբ ոգու օգնությամբ նրանք նույնպես շարունակում են ունենալ հոգևոր յուղի առատ պաշարներ՝ կատարելով ուսումնասիրություն և քրիստոնեական հանդիպումներին հաճախելով։ Բացի այդ, նրանք իրենց լույսը շողացնում են՝ մասնակցելով քարոզչության և ուսուցման գործին. այդպիսով նրանք գործ են անում իրենց օծյալ եղբայրների հետ միասին։ Այդուհանդերձ, օծյալ քրիստոնյաները խորապես գիտակցում են, որ քանքարները իրե՛նց ձեռքն է տրվել։ Նրանք հաշիվ պետք է տան, թե ինչպես են բանեցնում Տիրոջ երկրային ունեցվածքը։ Թեպետ նրանք թվով քիչ են, այնուամենայնիվ չեն կարող իրենց պատասխանատվությունը տալ մեծ բազմությանը։ Այս մասին միշտ հիշելով՝ հավատարիմ և իմաստուն ծառան շարունակում է առաջնորդություն ցույց տալ Թագավորի ունեցվածքն ավելացնելու մեջ և երախտապարտ է մեծ բազմության նվիրված անդամների ցուցաբերած աջակցության համար։ Վերջիններս հասկանում են, թե իրենց օծյալ եղբայրները ինչ պատասխանատվություն ունեն ու մեծ պատիվ են համարում նրանց վերակացության ներքո ծառայելը։
21. Սկսած 1919 թ.–ից առաջ մինչև մեր օրերը՝ ո՞ր հորդորն է վերաբերում բոլոր քրիստոնյաներին։
21 Այսպիսով, չնայած որ այս երկու առակները լույս են սփռում 1919 թ.–ին կամ դրանից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձությունների վրա, դրանք, ըստ էության, կիրառելի են բոլոր ճշմարիտ քրիստոնյաների նկատմամբ, որ ապրել կամ ապրում են վերջին օրերի ընթացքում։ Ուստի, թեև տասը կույսերի առակի վերջում Հիսուսի տված հորդորը վերաբերում է նախևառաջ օծյալ քրիստոնյաներին 1919 թ.–ից առաջ, ըստ էության այն վերաբերում է նաև յուրաքանչյուր քրիստոնյայի։ Եկեք բոլորս ականջ դնենք Հիսուսի խոսքերին. «Արդ՝ արթուն կացէք. որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը» (Մատթէոս 25։13)։
[ծանոթագրություններ]
a Նման ձևով, առաքյալների մահից հետո «յափշտակող գայլեր» դուրս եկան օծյալ քրիստոնյա երեցների շարքերից (Գործք 20։29, 30)։
b Հիսուսի այս առակի մեկ այլ քննարկման մասին տե՛ս «Համաշխարհային ապահովություն՝ «խաղաղության իշխանի» կառավարության ներքո» գիրքը (անգլ., գլուխ 5, 6)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Ե՞րբ Հիսուսը ստուգեց իր հետևորդներին, և ի՞նչ նա հայտնաբերեց։
• Ինչո՞ւ որոշ օծյալներ դրսևորեցին ‘այն չար ծառայի’ ոգին։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ինքներս հոգևոր առումով իմաստուն ենք։
• Ընդօրինակելով Հիսուսի հավատարիմ օծյալ եղբայրներին՝ ինչպե՞ս կարող ենք շարունակել գործով զբաղված լինել։
[16–րդ էջի վրայի շրջանակը]
Ե՞րբ է Հիսուսը գալիս
Մատթէոս 24 և 25–րդ գլուխներում Հիսուսի ‘գալու’ մասին խոսվում է տարբեր իմաստներով։ Հիսուսը կարիք չունի, որ ֆիզիկապես մի տեղից մյուսը տեղափոխվի ‘գալու’ համար։ Նա ‘գալիս’ է այն իմաստով, որ իր ուշադրությունը ուղղում է մարդկանց կամ իր հետևորդների վրա, և դա հաճախ անում է դատաստան իրագործելու նպատակով։ Այսպես, 1914 թ.–ին նա ‘եկավ’, որպեսզի սկսի իր ներկայությունը որպես Թագավոր (Մատթէոս 16։28; 17։1; Գործք 1։11)։ 1918 թ.–ին նա ‘եկավ’ որպես ուխտի հրեշտակ ու սկսեց դատել նրանց, ովքեր պնդում էին, թե ծառայում են Եհովային (Մաղաքիա 3։1–3; Ա Պետրոս 4։17)։ Իսկ Արմագեդոնին նա ‘կգա’ դատաստան իրականացնելու Եհովայի թշնամիների նկատմամբ (Յայտնութիւն 19։11–16)։
Այն գալուստը, որի մասին մի քանի անգամ խոսվում է Մատթէոս 24։29–44 և 25։31–46 համարներում, կլինի ‘մեծ նեղության’ ժամանակ (Յայտնութիւն 7։14)։ Իսկ այն գալուստը, որի մասին մի քանի անգամ հիշատակվում է Մատթէոս 24։45–25։30 համարներում, առնչվում է այն բանին, որ Հիսուսը, սկսած 1918 թ.–ից, դատում է նրանց, ովքեր իրենց համարում են նրա աշակերտները։ Տրամաբանական չէր լինի ասել, թե, օրինակ, հավատարիմ ծառայի պարգև ստանալը, հիմար կույսերի դատաստանը, ինչպես նաև այն ծույլ ծառայի դատաստանը, որը թաքցրեց Տիրոջ քանքարը, տեղի կունենա, երբ Հիսուսը ‘գա’ մեծ նեղության ժամանակ։ Դա կնշանակեր, որ այդ պահին օծյալներից շատերը անհավատարիմ կգտնվեին ու նրանց տեղը պետք է ուրիշները զբաղեցնեին։ Սակայն, ինչպես Յայտնութիւն 7։3–ն է նշում, Քրիստոսի բոլոր օծյալ ծառաների վրա այդ ժամանակ արդեն վերջնականապես «կնիք» դրված կլինի։
[նկար 14–րդ էջի վրա]
«Չար ծառան» 1919 թ.–ին ոչ մի օրհնություն չստացավ
[նկար 15–րդ էջի վրա]
Իմաստուն կույսերը պատրաստ էին, երբ փեսան եկավ
[նկար 17–րդ էջի վրա]
Հավատարիմ ծառաները գործ էին արել
Ծույլ ծառան՝ ոչ
[նկարներ 18–րդ էջի վրա]
Օծյալներն ու ‘մեծ բազմությունը’ շարունակում են իրենց լույսը շողացնել