Եհովայի երջանիկ ծառաները
«Երանի հոգով աղքատներին [նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ]» (ՄԱՏԹԷՈՍ 5։3)։
1. Ի՞նչ է իսկական երջանկությունը, և ինչի՞ արտացոլումն է այն։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ։ Եհովայի ժողովուրդը շատ բարձր է գնահատում իր երջանկությունը։ Սաղմոսերգու Դավիթը բացականչեց. «Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է» (Սաղմոս 144։15)։ Երջանկությունը բարօրության, բավարարվածության վիճակ է։ Մեծագույն երջանկությունը, որ մենք զգում ենք մեր ամբողջ էությամբ, բխում է այն բանի գիտակցումից, որ Եհովան օրհնում է մեզ (Առակաց 10։22)։ Այդ երջանկությունը արտացոլումն է մեր երկնային Հոր հետ մտերիմ հարաբերությունների և այն բանի գիտակցումի, որ կատարում ենք նրա կամքը (Սաղմոս 112։1; 119։1, 2)։ Ուշագրավ է, որ Հիսուսը երջանիկ լինելու ինը հիմքեր բերեց։ Այս և հաջորդ հոդվածում քննելով այսպես կոչված երանիները՝ մենք կհասկանանք, թե որքա՛ն երջանիկ կարող ենք լինել, եթե հավատարմորեն ծառայենք երջանիկ Աստծուն՝ Եհովային (Ա Տիմոթէոս 1։11, ՆԱ)։
Գիտակցենք մեր հոգևոր կարիքները
2. Ե՞րբ և որտե՞ղ Հիսուսը խոսեց երջանկության մասին, և ո՞րն էր նրա առաջին խոսքը։
2 Մ.թ. 31–ին Հիսուսն ասաց բոլոր ժամանակների ամենահռչակավոր քարոզը։ Այն կոչվեց Լեռան քարոզ, քանի որ Հիսուսը դա արեց Գալիլեայի ծովին նայող սարալանջերից մեկի վրա։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «[Հիսուսը,] ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։ Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում. Երանի հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ], որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը»։ Հիսուսի առաջին խոսքերը բառացիորեն թարգմանած հենց այդպես էլ հնչում են, ինչպես որ գրված է Արարատ թարգմանության մեջ. «Երանի հոգով աղքատներին», ինչպես նաև հետևյալ կերպ. «Երջանիկ են նրանք, ովքեր հոգևորի մուրացող են» (ՆԱ, ծան.) (Մատթէոս 5։1–3)։ Իսկ անգլերեն մի թարգմանության մեջ գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հոգևորապես աղքատ են» («Today’s English Version»)։
3. Խոնարհությունն ինչպե՞ս կարող է մեզ երջանիկ դարձնել։
3 Լեռան քարոզում Հիսուսն իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ անհատը շատ ավելի երջանիկ կլինի, եթե գիտակցի, որ ինքը հոգևոր կարիքներ ունի։ Խոնարհ քրիստոնյաները, լիովին գիտակցելով իրենց մեղավոր վիճակը, աղաչում են Եհովային, որ ների իրենց մեղքերը Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա (Ա Յովհաննէս 1։9)։ Դա անելով՝ նրանք ձեռք են բերում հոգեկան անդորր ու իրենց սիրտը լցնում են իսկական երջանկությամբ։ «Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեացաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ» (Սաղմոս 32։1; 119։165)։
4. ա) Ի՞նչ ձևերով կարող ենք ցույց տալ, որ գիտակցում ենք ինչպես մեր, այնպես էլ ուրիշների հոգևոր կարիքները։ բ) Գիտակցելով սեփական հոգևոր կարիքները՝ ինչպե՞ս կարող ենք ավելի երջանիկ դառնալ։
4 Գիտակցելով մեր հոգևոր կարիքները՝ մենք ցանկանում ենք ամեն օր Աստվածաշունչ կարդալ, ճաշակել ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ կողմից ճիշտ ժամանակին մատուցվող հոգևոր կերակուրը և կանոնավորաբար հաճախել քրիստոնեական հանդիպումներին (Մատթէոս 24։45; Սաղմոս 1։1, 2; 119։111; Եբրայեցիս 10։25)։ Սերը մերձավորի հանդեպ օգնում է մեզ գիտակցել, որ ուրիշները նույնպես հոգևոր կարիքներ ունեն, և այն մղում է մեզ եռանդ ցուցաբերել Թագավորության բարի լուրը քարոզելու և ուսուցանելու գործում (Մարկոս 13։10; Հռովմայեցիս 1։14–16)։ Այո, աստվածաշնչյան ճշմարտությունները տարածելը մեզ երջանկացնում է (Գործք 20։20, 35)։ Մենք ավելի երջանիկ ենք դառնում, երբ խորհրդածում ենք Թագավորության չքնաղ հույսի և այն օրհնությունների մասին, որ կբերի այդ Թագավորությունը։ Քրիստոսի թագավորակիցների՝ օծյալ քրիստոնյաների ‘փոքր հոտի’ համար այդ հույսը նշանակում է երկնային անմահ կյանք (Ղուկաս 12։32; Ա Կորնթացիս 15։50, 54)։ ‘Ուրիշ ոչխարների’ համար դա նշանակում է հավիտենական կյանք դրախտային երկրում Աստծո Թագավորության իշխանության ներքո (Յովհաննէս 10։16; Սաղմոս 37։11; Մատթէոս 25։34, 46)։
Ինչպես կարող են սգավորները երջանիկ լինել
5. ա) Ովքե՞ր են ‘սգավորները’։ բ) Ինչպե՞ս են սգավորները մխիթարություն ստանում։
5 Երկրորդ «երանիում» զետեղված խոսքերը գուցե հակասական թվան։ Հիսուսն ասաց. «Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին» (Մատթէոս 5։4)։ Ինչպե՞ս կարող է անհատը սգալ և միևնույն ժամանակ երջանիկ լինել։ Հիսուսի այս խոսքերը հասկանալու համար հարկ է քննել, թե ի՛նչ սուգ նա նկատի ուներ։ Հակոբոս աշակերտը բացատրում է, որ սգալու պատճառներից մեկը մեր մեղավոր վիճակն է։ Նա գրեց. «Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։ Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։ Խոնարհեցէք Տիրոջ առաջին, եւ նա կ’բարձրացնէ ձեզ» (Յակոբոս 4։8–10)։ Ովքեր իսկապես տրտմում են իրենց մեղավոր վիճակի համար, մխիթարություն են ստանում՝ իմանալով, որ իրենց մեղքերը կարող են ներվել, եթե հավատ ընծայեն Քրիստոսի քավիչ զոհաբերությանը ու Եհովայի կամքը կատարելով ցույց տան իրենց սրտանց զղջումը (Յովհաննէս 3։16; Բ Կորնթացիս 7։9, 10)։ Այդպիսով նրանք կարող են ջերմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ ու հավիտենական կյանքի հույս փայփայել՝ նրան անվերջ ծառայելու և փառաբանելու հեռանկարով։ Այս ամենը նրանց սիրտը լցնում է երջանկության խորին զգացումով (Հռովմայեցիս 4։7, 8)։
6. Ի՞նչ իմաստով են ոմանք «սգավորներ», և ինչպե՞ս են նրանք մխիթարություն ստանում։
6 Հիսուսի ասած «սգավորների» թվում նաև նրանք են, ովքեր սգում են երկրագնդի վրա տիրող գարշելի պայմանների համար։ Հիսուսն իրեն վերագրեց Եսայիա 61։1, 2–ում գրված մարգարեությունը, որտեղ ասվում է. «Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու.... բոլոր սգաւորներին մխիթարելու համար»։ Այս հանձնարարության կատարումը վերագրվում է նաև երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաներին, որոնք դա անում են իրենց ուղեկիցների՝ «ուրիշ ոչխարների» օգնությամբ։ Նրանք միասին մասնակցում են այլաբանական նշան դնելու գործին։ Այդ նշանը դրվում է «այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա [քրիստոնեական աշխարհը խորհրդանշող հավատուրաց Երուսաղեմի] միջումն արած բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։ Այդ սգավոր մարդկանց մխիթարում է Թագավորության մասին բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Նրանք երջանիկ են իմանալու, որ շուտով Սատանայի ամբարիշտ համակարգը կփոխարինվի Եհովայի արդար նոր աշխարհով։
Մեղմ անհատները երջանիկ են
7. Ի՞նչ չի նշանակում «մեղմ» թարգմանված հունարեն բառը։
7 Շարունակելով իր քարոզը՝ Հիսուսն ասաց. «Երանի հեզերին [«նրանց, ովքեր մեղմ են», ՆԱ], որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5)։ Ոմանք կարծում են, թե մեղմությունը թուլակամության նշան է։ Սակայն դա այդպես չէ։ «Մեղմ» թարգմանված հունարեն բառի իմաստը բացատրելով՝ մի աստվածաշնչագետ գրում է. «[Մեղմ] անձնավորությանը բնորոշող ամենահատկանշական առանձնահատկությունն այն է, որ նա լիովին տիրապետում է իր անձին։ Դա կամազուրկ փափկություն, զգացմունքային քնքշություն և պասսիվ հանդարտություն չէ։ Դա զորություն է, բայց վերահսկված»։ Հիսուսն իր մասին ասաց. «Ես հեզ [«մեղմ», ՆԱ] եմ եւ սրտով խոնարհ» (Մատթէոս 11։29)։ Բայց այսպիսի անձնավորություն լինելը չխանգարեց նրան անվախորեն պաշտպանելու արդար սկզբունքները (Մատթէոս 21։12, 13; 23։13–33)։
8. Ո՞ր հատկության հետ է մեղմությունը սերտորեն կապված, և ինչո՞ւ է անհրաժեշտ մեղմություն դրսևորել մարդկանց նկատմամբ։
8 Հետևաբար, մեղմությունը սերտորեն կապված է ինքնատիրապետման հետ։ Պատահական չէ, որ Պողոս առաքյալը սուրբ ոգու պտղի երեսակները թվարկելիս մեղմությունն ու ինքնատիրապետումը հիշատակում է իրար կողքի (Գաղատացիս 5։22, 23 ՆԱ)։ Մեղմ բնավորություն հարկավոր է մշակել սուրբ ոգու օգնությամբ։ Սա մի քրիստոնեական հատկություն է, որը նպաստում է խաղաղությանը ինչպես ժողովի անդամների, այնպես էլ ժողովի անդամ չհանդիսացողների հետ։ Պողոսը գրեց. «Հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն. իրար համբերելով եւ իրար ներելով» (Կողոսացիս 3։12, 13)։
9. ա) Ինչո՞ւ միայն մարդկանց հանդեպ չէ, որ պետք է մեղմ լինենք։ բ) Ինչպե՞ս են մեղմ անձնավորությունները ‘ժառանգում երկիրը’։
9 Սակայն մենք միայն մարդկանց հանդեպ չէ, որ պետք է մեղմ լինենք։ Եհովայի գերիշխանությանը պատրաստակամորեն հնազանդվելով մենք ցույց ենք տալիս մեր հեզությունը։ Այս առումով մեզ համար լավագույն օրինակը Հիսուս Քրիստոսն է, որը երկրի վրա եղած ժամանակ մեղմություն դրսևորեց ու լիովին հնազանդվեց իր Հոր կամքին (Յովհաննէս 5։19, 30)։ «Երկիրը» նախևառաջ ‘կժառանգի’ Հիսուսը, քանի որ նա է նշանակված որպես երկրի Կառավարիչ (Սաղմոս 2։6–8; Դանիէլ 7։13, 14)։ Այդ ժառանգությունը նա բաժանում է 144 000 ‘ժառանգակիցների’ հետ, որոնք ընտրվել են «մարդոց մէջէն» (ԱԱ) ‘երկրի վրա թագավորություն անելու’ համար (Հռովմայեցիս 8։17; Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 3, 4; Դանիէլ 7։27)։ Քրիստոսն ու նրա իշխանակիցները կղեկավարեն միլիոնավոր հեզ ու խոնարհ մարդկանց, որոնց վրա փառահեղ ձևով կիրականանա հետևյալ մարգարեական սաղմոսը. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը ու խաղաղութեան առատութիւնովը պիտի ուրախանան» (Սաղմոս 37։11; Մատթէոս 25։33, 34, 46)։
Երջանիկ են նրանք, ովքեր «սոված» են արդարության
10. Ինչպե՞ս կարող են այն անձինք, ովքեր «սոված եւ ծարաւ են արդարութեան», ‘կշտանալ’։
10 Լեռան լանջին Հիսուսի ասած մյուս «երանին» հետևյալն է. «Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կ’կշտանան» (Մատթէոս 5։6)։ Եհովա Աստված ինքն է քրիստոնյաների համար սահմանում, թե որն է արդարության չափանիշը։ Հետևաբար, նրանք, ովքեր «սոված եւ ծարաւ են արդարութեան», փաստորեն, «սոված եւ ծարաւ» են Աստծո առաջնորդության։ Այդ անհատները խորապես գիտակցում են, որ իրենք մեղավոր ու անկատար անձնավորություններ են, ուստի փափագում են ընդունելի լինել Աստծո կողմից։ Ի՜նչ մեծ երջանկություն են ապրում նրանք, երբ Աստծո Խոսքից տեղեկանում են, որ եթե զղջան ու Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա ներում հայցեն, ապա հնարավորություն կունենան արդար համարվելու Աստծո կողմից (Գործք 2։38; 10։43; 13։38, 39; Հռովմայեցիս 5։19)։
11, 12. ա) Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները հասնում արդարության։ բ) Օծյալների ուղեկիցների՝ արդարության ծարավն ինչպե՞ս է հագեցվում։
11 Հիսուսն ասաց, որ այդ անհատները երջանիկ կլինեն, քանի որ «կ’կշտանան» (Մատթէոս 5։6)։ Օծյալ քրիստոնյաների վրա, որոնք կանչված են ‘թագավորելու’ Քրիստոսի հետ երկնքում, «կեանքի արդարութիւն է գալիս», այսինքն՝ նրանք հայտարարվում են արդարներ կյանքի համար (Հռովմայեցիս 5։1, 9, 16, 17, 18 ՆԱ)։ Եհովան հայր է դառնում նրանց համար՝ նրանց ընդունելով որպես հոգևոր որդիների։ Այդ անհատները դառնում են Քրիստոսի ժառանգակիցներ. նրանք կանչվում են, որպեսզի լինեն թագավորներ և քահանաներ նրա երկնային Թագավորության մեջ (Յովհաննէս 3։3; Ա Պետրոս 2։9)։
12 Օծյալների ուղեկիցները դեռևս չեն հայտարարվել որպես արդարներ կյանքի համար։ Սակայն, քանի որ նրանք հավատ են ընծայում Քրիստոսի թափած արյանը, Եհովան որոշ չափով նրանց համարում է արդարներ (Յակոբոս 2։22–25; Յայտնութիւն 7։9, 10)։ Աստված այդ անհատներին իր արդար ընկերներն է համարում, և նրանք հնարավորություն ունեն ազատվելու «մեծ նեղութիւնիցը» (Յայտնութիւն 7։14)։ Այդ ուղեկիցների՝ արդարության ծարավն է՛լ ավելի կհագենա, երբ նրանք մաս կկազմեն նոր երկրի, որտեղ «արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13; Սաղմոս 37։29)։
Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են
13, 14. Ի՞նչ գործնական կերպերով պետք է արտահայտենք մեր ողորմածությունը և ի՞նչ օգուտներ կստանանք։
13 Շարունակելով Լեռան քարոզը՝ Հիսուսն ասաց. «Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն» (Մատթէոս 5։7)։ Իրավաբանական լեզվով՝ ողորմություն ասելով հասկացվում է պատժի մեղմացում դատավորի կողմից, որը մեղադրյալի նկատմամբ լիովին չի կիրառում օրենքով նախատեսված պատժաչափը։ Սակայն Աստվածաշնչում «ողորմություն» թարգմանված բնագրային բառերը մեծամասամբ նշանակում են բարի վերաբերմունք կամ խղճահարություն, որ թեթևացում է բերում աննպաստ հանգամանքներում գտնվող մարդկանց։ Այսպիսով՝ ողորմած անհատը գործով է ցույց տալիս իր կարեկցանքը։ Բարի սամարացու առակում Հիսուսը վառ կերպով պատկերում է, թե ինչպես մի անձնավորություն «ողորմութիւն արաւ» կարիքավոր մարդուն (Ղուկաս 10։29–37)։
14 Որպեսզի համոզվենք, որ ողորմածությունը երջանկություն է բերում, պետք է բարի գործեր անենք կարիքավոր մարդկանց համար (Գաղատացիս 6։10)։ Ամբոխներին տեսնելով՝ Հիսուսը կարեկցանք զգաց նրանց հանդեպ։ Նա «նորանց վերայ գթաց. որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել» (Մարկոս 6։34)։ Հիսուսը գիտակցում էր, որ մարդիկ ամենաշատը հոգևորի կարիք ունեն։ Մենք նույնպես կարող ենք կարեկցանք և ողորմածություն դրսևորել՝ նրանց տալով այն, ինչի կարիքը նրանք ամենաշատը ունեն՝ Թագավորության մասին բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Մենք կարող ենք բարի գործեր կատարել նաև տարեց քրիստոնյաների, այրիների ու որբերի համար, ինչպեսև ‘վհատվածների’ համար՝ մխիթարելով նրանց (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ; Առակաց 12։25; Յակոբոս 1։27)։ Վարվելով այսպես՝ մենք ոչ միայն երջանիկ կլինենք, այլև կարժանանանք Եհովայի ողորմածությանը (Գործք 20։35; Յակոբոս 2։13)։
Սրտով մաքուր և խաղաղարար
15. Ինչպե՞ս կարող ենք լինել խաղաղարար և սրտով մաքուր։
15 Հիսուսի ասած վեցերորդ և յոթերորդ «երանիները» հետևյալն են. «Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ’տեսնեն։ Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին» (Մատթէոս 5։8, 9)։ Մաքուր սիրտն այնպիսի սիրտ է, որը բարոյական և հոգևոր տեսանկյունից անաղարտ է և ամբողջությամբ Աստծուն է նվիրված (Ա Մնացորդաց 28։9; Սաղմոս 86։11)։ ‘Խաղաղություն անող’ մարդը խաղաղության մեջ է իր քրիստոնյա եղբայրների հետ և, որքան իրենից է կախված, «ամեն մարդկանց հետ» (Հռովմայեցիս 12։17–21)։ Այդպիսի անհատը ‘խաղաղություն է որոնում և նրան հետևում’ (Ա Պետրոս 3։11)։
16, 17. ա) Ինչո՞ւ են օծյալները կոչվում «Աստուծոյ որդիք», և ինչպե՞ս են նրանք ‘Աստծուն տեսնում’։ բ) «Ուրիշ ոչխարներն» ինչպե՞ս են ‘տեսնում Աստծուն’։ գ) Ինչպե՞ս և ե՞րբ են «ուրիշ ոչխարները» լիակատար իմաստով դառնալու «Աստուծոյ որդիք»։
16 Սրտով մաքուր և խաղաղարար անհատներին Հիսուսը խոստացավ, որ նրանք «Աստուծոյ որդիք կ’կոչուին» և «Աստուծուն կ’տեսնեն»։ Ոգուց ծնված օծյալ քրիստոնյաները, որ երկրի վրա են, Եհովայի կողմից ընդունվում են որպես «որդիք» (Հռովմայեցիս 8։14–17)։ Հարություն առնելով երկինք և լինելով Քրիստոսի կողքին՝ նրանք ծառայում են Եհովայի ներկայությամբ և իսկապես տեսնում են Աստծուն (Ա Յովհաննէս 3։1, 2; Յայտնութիւն 4։9–11)։
17 ‘Խաղաղություն անող’ «ուրիշ ոչխարները» Եհովային մատուցվող իրենց ծառայությունը կատարում են Բարի Հովվի՝ Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ, որը նրանց Հավիտենական Հայրն է (Յովհաննէս 10։14, 16; Եսայիա 9։6, ՆԱ)։ Ովքեր հաջողությամբ անցնեն Քրիստոսի Հազարամյա Իշխանությունից հետո սպասվող վերջնական փորձությունը, Եհովայի կողմից կընդունվեն որպես իր երկրային որդիներ և «Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ [կմտնեն]» (Հռովմայեցիս 8։21; Յայտնութիւն 20։7ա, 8, 9ա)։ Իրենց աչքի առաջ ունենալով այս հեռանկարը՝ նրանք Եհովային դիմում են որպես իրենց Հոր, քանի որ իրենց կյանքը նվիրում են նրան և Աստծուն համարում են իրենց Կենսատուն (Եսայիա 64։8)։ Հին ժամանակներում ապրած Հոբի ու Մովսեսի պես՝ նրանք կարող են ‘Աստծուն տեսնել’ հավատի աչքերով (Յոբ 42։5; Եբրայեցիս 11։27)։ ‘Իրենց սրտերի աչքերով’ և Աստծո մասին ձեռք բերած ճշգրիտ գիտելիքների շնորհիվ նրանք ճանաչում են Եհովայի չքնաղ հատկությունները և, կատարելով նրա կամքը, ջանում են ընդօրինակել նրան (Եփեսացիս 1։18; Հռովմայեցիս 1։19, 20; Գ Յովհաննէս 11)։
18. Համաձայն Հիսուսի ասած առաջին յոթ «երանիների»՝ ովքե՞ր են այսօր իսկական երջանկություն գտնում։
18 Մենք տեսանք, որ նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, ովքեր սգում են, մեղմ բնավորություն ունեն, սոված ու ծարավ են արդարության, ողորմած, խաղաղարար և սրտով մաքուր են, այդպիսի մարդիկ իսկական երջանկություն են գտնում Եհովային ծառայելու մեջ։ Այնուամենայնիվ, այդ անհատները ամեն ժամանակ բախվում են հակառակության և նույնիսկ հալածանքի։ Արդյո՞ք սա խաթարում է նրանց երջանկությունը։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս հարցի շուրջ։
[Կրկնություն]
• Ի՞նչ երջանկություն են զգում այն անհատները, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները։
• Ինչպե՞ս են սգավորները մխիթարվում։
• Ինչպե՞ս ենք մեղմություն դրսևորում։
• Ինչո՞ւ պետք է լինենք ողորմած, խաղաղարար և սրտով մաքուր։
[նկար 10–րդ էջի վրա]
Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները
[նկարներ 10–րդ էջի վրա]
Երջանիկ են ողորմածները
[նկար 10–րդ էջի վրա]
Երջանիկ են նրանք, ովքեր սոված ու ծարավ են արդարության