Աստված և Քրիստոսը ինչպե՞ս են վերաբերվում կանանց
ԻՆՉՊԵ՞Ս կարող ենք հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ վերաբերմունք ունի Եհովա Աստված կանանց նկատմամբ։ Կերպերից մեկն այն է, որ քննենք Հիսուս Քրիստոսի վերաբերմունքն ու վարվելակերպը, քանի որ նա «անտեսանելի Աստծու պատկերն է» և իրերին նայում է ճիշտ այնպես, ինչպես Աստված (Կողոսացիներ 1։15)։ Այն, թե ինչպես էր Հիսուսը վարվում իր օրերի կանանց հետ, ցույց է տալիս, որ Եհովան և Քրիստոսը հարգում են նրանց և, անշուշտ, հավանություն չեն տալիս այն դաժան վերաբերմունքին, որն այսօր տարածված է բազմաթիվ երկրներում։
Քննենք, օրինակ, այն դեպքը, երբ Հիսուսը ջրհորի մոտ խոսեց մի կնոջ հետ։ Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք. «Մի կին, որ Սամարիայից էր, եկավ ջուր հանելու։ Հիսուսն ասաց նրան. «Ջո՛ւր տուր խմեմ»»։ Նա պատրաստ էր խոսել սամարուհու հետ հասարակության մեջ, այն դեպքում երբ հրեաների մեծամասնությունը խուսափում էր սամարացիների հետ որևէ առնչություն ունենալուց։ Ըստ մի աստվածաշնչային հանրագիտարանի՝ «հրեաների համար կանանց հետ հասարակական վայրում խոսելը ամոթալի բան էր» (The International Standard Bible Encyclopedia)։ Հիսուսը, սակայն, հարգանքով և հասկացողությամբ էր վերաբերվում նրանց։ Նրա համար նշանակություն չուներ մարդու ռասան կամ սեռը։ Հետաքրքիր է, որ հենց այդ սամարացի կնոջը նա առաջին անգամ բացահայտորեն ասաց, որ ինքը Մեսիան է (Հովհաննես 4։7–9, 25, 26)։
Մեկ ուրիշ անգամ Հիսուսին մոտեցավ մի կին, որը 12 տարի շարունակ տառապում էր արյունահոսությամբ (դրա պատճառով նա իրեն կաշկանդված էր զգում, բացի այդ, հիվանդությունը հյուծում էր նրա առողջությունը)։ Երբ կինը դիպավ նրան, իսկույն բուժվեց։ «Հիսուսն էլ շրջվեց և տեսնելով նրան՝ ասաց. «Քաջացի՛ր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ»» (Մատթեոս 9։22)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ նման վիճակում գտնվող կինը չպետք է հայտնվեր մարդկանց մեջ, ուր մնաց, թե դիպչեր նրանց։ Բայց Հիսուսը նրան չհանդիմանեց։ Փոխարենը՝ կարեկցաբար մխիթարեց և նրան դիմեց «դուստր» բառով։ Ըստ ամենայնի, այդ կինը իրեն անչափ լավ զգաց՝ լսելով այդ բառը։ Իսկ Քրիստոսը, անկասկած, մեծ ուրախություն ապրեց՝ բուժելով նրան։
Հարություն առնելուց հետո Հիսուսը առաջինը հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն և մեկ ուրիշ աշակերտի, որին Աստվածաշունչն անվանում է «մյուս Մարիամը»։ Հիսուսը կարող էր նախ Պետրոսին, Հովհաննեսին կամ արական սեռի մեկ ուրիշ աշակերտի երևալ։ Սակայն նա կանանց պատվի արժանացրեց՝ թույլ տալով, որ նրա՛նք լինեն իր հարության առաջին ականատեսները։ Հրեշտակը պատվիրեց նրանց տեղեկացնել առաքյալներին այս ապշեցուցիչ իրադարձության մասին։ Հիսուսն ասաց կանանց. «Գնացե՛ք և հայտնե՛ք իմ եղբայրներին» (Մատթեոս 28։1, 5–10)։ Միանգամայն պարզ է, որ Քրիստոսը չէր գտնվում այն նախապաշարումների ազդեցության տակ, որոնք տարածված էին իր օրերի հրեաների մեջ, ըստ որոնց՝ կանայք չեն կարող վկայություն տալ դատարանում։
Այսպիսով՝ Հիսուսը տրամադրված չէր կանանց դեմ և չուներ կնատյաց հայացքներ։ Նա հարգում և բարձր էր գնահատում նրանց։ Կանանց նկատմամբ բռնությունը լիովին հակառակ էր Հիսուսի սովորեցրածին, և նրա վերաբերմունքը, կարող ենք վստահ լինել, արտացոլում էր իր Հոր՝ Եհովայի տեսակետը։
Կանայք՝ Աստծու հոգածության ներքո
«Հին ժամանակներում Միջերկրական ծովի ավազանի երկրներում կամ Մերձավոր Արևելքում կանայք չունեին այն ազատությունը, որ այսօր կա Արևմուտքում։ Տարածված էր այն տեսակետը, որ կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց, ինչպես ծառաներն էին ենթարկվում ազատներին և փոքրերը՝ մեծերին..... Տղա երեխաները ավելի ցանկալի էին, քան աղջիկները։ Նորածին աղջիկներին երբեմն թողնում էին մեռնելու դրսի շոգին ու ցրտին»։ Ահա այսպես է նկարագրում մի աստվածաշնչյան բառարան հին ժամանակներում կանանց վերաբերյալ գերակշռող տեսակետը։ Հաճախ նրանց վերաբերվում էին ինչպես ստրուկների։
Աստվածաշունչը գրվել է այն ժամանակ, երբ այս տեսակետը տարածված է եղել հասարակության մեջ։ Այնուամենայնիվ, Աստծու օրենքները, որոնք գրված են Աստվածաշնչում, արտացոլում էին խոր հարգանք կանանց հանդեպ։ Նման վերաբերմունքը լիովին հակառակ էր բազմաթիվ հին մշակույթներում ընդունված հայացքներին։
Կանանց հանդեպ Եհովայի հոգատարությունը երևում է այն դեպքերից, երբ նա գործել է իր կին երկրպագուների օգտին։ Երկու անգամ Աստված Աբրահամի գեղեցիկ կնոջը՝ Սառային, պաշտպանեց բռնաբարությունից (Ծննդոց 12։14–20; 20։1–7)։ Աստված իր հաճությունը դրսևորեց Հակոբի քիչ սիրված կնոջ՝ Լիայի հանդեպ՝ «բացելով նրա արգանդը», և Լիան որդի ծնեց (Ծննդոց 29։31, 32)։ Երբ Եգիպտոսում երկու աստվածավախ իսրայելացի մանկաբարձուհիներ վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելով եբրայեցի արու երեխաներին մահից, Եհովան, արտահայտելով իր գնահատանքը, «նորանց համար տուներ շինեց», այսինքն՝ նրանք ունեցան իրենց ընտանիքները (Ելից 1։17, 20, 21)։ Աստված նաև պատասխանեց Աննայի սրտաբուխ աղոթքին (Ա Թագաւորաց 1։10, 20)։ Իսկ երբ պարտատերը ուզում էր մի մարգարեի այրու երեխաներին ծառա դարձնել վերցված պարտքի դիմաց, Եհովան նրան չթողեց անօգնական։ Սիրուց մղված՝ Աստված Եղիսե մարգարեի միջոցով բազմապատկեց այդ կնոջ յուղի պաշարը, որպեսզի այն վաճառելով՝ նա կարողանա վճարել պարտքը և դեռ բավարար քանակությամբ յուղ ունենա իր ընտանիքի համար։ Այդպիսով կինը փրկեց իր ընտանիքը և իր արժանապատվությունը (Ելից 22։22, 23; Դ Թագաւորաց 4։1–7)։
Մարգարեները բազմիցս դատապարտել են կանանց շահագործումը կամ նրանց նկատմամբ բռնությունը։ Երեմիա մարգարեն Եհովայի անունից ասաց իսրայելացիներին. «Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը» (Երեմիա 22։2, 3)։ Միքիա մարգարեի օրերում Իսրայելի հարուստ և իշխանություն ունեցող մարդիկ հանդիմանվեցին, քանի որ կանանց դուրս էին հանում իրենց տներից, ինչպես նաև նրանց երեխաներին վատ էին վերաբերվում (Միքիա 2։9)։ Արդարության Աստվածը տեսնում և դատապարտում է նման չար վերաբերմունքը։
«Առաքինի կինը»
Աստվածաշնչի «Առակաց» գիրքը գրողը նկարագրում է, թե ում կարելի է համարել առաքինի կին։ Քանի որ կնոջ դերի և կարգավիճակի մասին գրված է Եհովայի Խոսքում, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված հավանում է այդ գեղեցիկ նկարագրությունը։ Առաքինի կինը չի պատկերվում ինչպես մի ճնշված կամ ստորադաս անձնավորություն, փոխարենը՝ նա գնահատված է, հարգված և վստահարժան։
Առակաց 31–րդ գլխում ներկայացված «առաքինի կինը» ժիր ու աշխատասեր է։ Նա հաճույքով է գործ անում, զբաղվում է առևտրով և նույնիսկ անշարժ գույքի գործարքներով։ Զննում է արտը և ձեռք բերում այն։ Հագուստ է կարում և վաճառում։ Գոտի է տալիս առևտրականներին։ Իր գործում նա եռանդուն է։ Նրա իմաստուն խոսքերը և սիրառատ բարությունը մեծապես գնահատվում են։ Ուստի պատահական չէ, որ նա գովասանքի է արժանանում իր ամուսնու, զավակների և, որ ամենակարևորն է, Եհովայի կողմից։
Տղամարդիկ կանանց չպետք է ճնշեն, դաժանորեն վերաբերվեն կամ բռնության ենթարկեն։ Կինը իրավունք ունի ամուսնության մեջ երջանիկ լինելու. նա, ինչպես ասվում է Աստվածաշնչում, իր ամուսնու «լրացումն» է (Ծննդոց 2։18, ՆԱ)։
Պատիվ տվեք նրանց
Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Պետրոսը, Աստծուց ներշնչված, քրիստոնյա ամուսիններին գրեց, թե ինչպես պետք է վերաբերվեն իրենց կանանց։ Նա հորդորեց ընդօրինակել Եհովայի և Հիսուս Քրիստոսի տեսակետը։ «Դո՛ւք, ամուսիննե՛ր, շարունակե՛ք.... նրանց պատիվ տալ»,— գրեց նա (1 Պետրոս 3։7)։ Անհատին պատիվ տալ նշանակում է նրան շատ բարձր գնահատել և մեծապես հարգել։ Հետևաբար, այն ամուսինը, ով պատվում է իր կնոջը, չի նվաստացնում նրան, ստորացնում կամ բռնություն գործադրում նրա նկատմամբ։ Հակառակը՝ իր խոսքերով և գործերով՝ լինի մարդկանց ներկայությամբ, թե առանձին, ցույց է տալիս, որ հոգ է տանում իր կնոջ մասին և սիրում է նրան։
Անկասկած, կնոջը պատվելը նպաստում է կողակիցների ուրախությանը։ Հետաքրքիր է Կարլոսի և Սեսիլիայի պատմությունը։ Նրանց ամուսնական կյանքում եղավ մի շրջան, երբ նրանք անընդհատ վիճաբանում էին և չէին գալիս համաձայնության։ Երբեմն էլ իրար հետ ընդհանրապես չէին խոսում։ Նրանք չգիտեին, թե ինչպես լուծել խնդիրները։ Կարլոսը ագրեսիվ էր, Սեսիլիան՝ պահանջկոտ և հպարտ։ Երբ նրանք սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և կիրառել սովորածը, նրանց փոխհարաբերությունները սկսեցին լավանալ։ Սեսիլիան ասում է. «Ես հասկացա, որ Հիսուսի սովորեցրած բաները և նրա թողած օրինակը փոխել են ինձ և ամուսնուս։ Հիսուսի օրինակի շնորհիվ դարձա խոնարհ և հասկացող։ Սովորեցի աղոթել Եհովային և օգնություն խնդրել, ինչպես որ Հիսուսն էր անում։ Իսկ Կարլոսը սովորեց լինել համբերատար և դրսևորել ինքնատիրապետում։ Այժմ նա պատվում է ինձ Եհովայի ուզած ձևով»։
Նրանց ամուսնությունը կատարյալ չէ, բայց այն դիմացավ ժամանակի քննությանը։ Վերջին տարիներին նրանք լուրջ դժվարությունների առաջ կանգնեցին. Կարլոսը կորցրեց աշխատանքը, ինչպես նաև վիրահատվեց, որովհետև քաղցկեղ ուներ։ Սակայն նրանց ամուսնական կապը չթուլացավ այդ հարվածներից, որովհետև այն արդեն ամուր էր դարձել։
Այն օրվանից, երբ առաջին մարդիկ մեղք գործեցին ու դարձան անկատար, կանանց հանդեպ վերաբերմունքը ամենուրեք սկսեց վատանալ։ Մինչև օրս կանայք ենթարկվում են ֆիզիկական, մտավոր և սեռական բռնության։ Բայց Եհովան չէր նախատեսել, որ կինը նման վերաբերմունքի արժանանա։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ անկախ տվյալ մշակույթում տիրող հայացքներից՝ բոլոր կանանց պետք է պատվել ու հարգել։ Աստված նրանց իրավունք է տվել արժանանալու պատվի ու հարգանքի։
[Նկար 4–րդ էջի վրա]
Հիվանդ կինը
[Նկար 5–րդ էջի վրա]
Սամարացի կինը
[Նկար 5–րդ էջի վրա]
Մարիամ Մագդաղենացին
[Նկար 6–րդ էջի վրա]
Եհովան երկու անգամ պաշտպանեց Սառային
[Նկար 7–րդ էջի վրա]
Կարլոսի և Սեսիլիայի ամուսնությունը քայքայման եզրին էր
[Նկար 7–րդ էջի վրա]
Կարլոսն ու Սեսիլիան այսօր