Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 հուլիս էջ 14–19
  • «Գնացեք.... աշակերտներ պատրաստեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գնացեք.... աշակերտներ պատրաստեք»
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ ԻՆՉՈ՞Ւ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ
  • ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ
  • ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԻՐ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ
  • ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
  • Կարո՞ղ ես մասնակցել ուսուցանելու գործին
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն գտիր աշակերտ պատրաստելու գործում
    2009 Դիտարան
  • Մշակիր հատկություններ, որոնք կօգնեն աշակերտ պատրաստելու գործում
    2007 Դիտարան
  • «Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 հուլիս էջ 14–19

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 29

«Գնացեք.... աշակերտներ պատրաստեք»

«Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (ՄԱՏԹ. 28։19)։

ԵՐԳ 60 Նրանք կապրեն, եթե լսեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1–2. ա) Համաձայն Մատթեոս 28։18–20 համարներում արձանագրված պատվերի՝ ո՞րն է քրիստոնեական ժողովի առաջնային նպատակը։ բ) Այս հոդվածում ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ, ամենայն հավանականությամբ, շատ ոգևորված էին, երբ հավաքվեցին Գալիլեայի սարերից մեկի վրա։ Հիսուսը հարություն առնելուց հետո նրանց խնդրել էր այնտեղ գնալ՝ իր հետ հանդիպելու (Մատթ. 28։16)։ Հավանաբար այդ ժամանակ էր, որ նա «միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների» (1 Կորնթ. 15։6)։ Իսկ ինչո՞ւ էր Հիսուսը իր աշակերտներին կանչել այդ հանդիպմանը։ Որպեսզի նրանց շատ կարևոր հանձնարարություն տար. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (կարդա Մատթեոս 28։18–20)։

2 Այն աշակերտները, որոնք լսեցին Հիսուսի խոսքերը, առաջին դարի քրիստոնեական ժողովի մաս կազմեցին։ Այդ ժողովի առաջնային նպատակը Քրիստոսի համար ավելի շատ աշակերտներb պատրաստելն էր։ Այսօր ամբողջ աշխարհում ճշմարիտ քրիստոնյաներից բաղկացած տասնյակ հազարավոր ժողովներ կան, որոնց գլխավոր նպատակը չի փոխվել։ Ուստի այս հոդվածում կքննարկենք հետևյալ չորս հարցերը։ Աշակերտներ պատրաստելու գործը ինչո՞ւ է շատ կարևոր։ Դրա համար ի՞նչ է հարկավոր անել։ Ինչո՞ւ կարելի է ասել, որ բոլոր քրիստոնյաները իրենց բաժինն ունեն այդ գործում։ Եվ աշակերտ պատրաստելու համար ինչո՞ւ է համբերություն պահանջվում։

ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾԸ ԻՆՉՈ՞Ւ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ

3. Հովհաննես 14։6 և 17։3 համարների համաձայն՝ աշակերտներ պատրաստելու գործը ինչո՞ւ է շատ կարևոր։

3 Աշակերտ պատրաստելու գործը ինչո՞ւ է անչափ կարևոր։ Որովհետև միայն Քրիստոսի աշակերտները կարող են Աստծու ընկերները լինել։ Բացի այդ՝ նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, այսօր իսկ բարելավում են իրենց կյանքը և հնարավորություն են ստանում ապագայում հավիտյան ապրելու (կարդա Հովհաննես 14։6; 17։3)։ Իրոք որ, Հիսուսը մեզ շատ կարևոր հանձնարարություն է տվել, բայց մենք այս գործը միայն մեր ուժերով չենք անում։ Պողոս առաքյալը իր և իր ծառայակիցների մասին գրել է. «Մենք Աստծու համագործակիցներն ենք» (1 Կորնթ. 3։9)։ Եհովան և Հիսուսը ի՜նչ մեծ պատվի են արժանացրել անկատար մարդկանց։

4. Ի՞նչ ենք սովորում Իվանի և Մատիլդայի օրինակից։

4 Աշակերտներ պատրաստելը կարող է մեծ ուրախություն պատճառել մեզ։ Քննենք Կոլումբիայում բնակվող մի ամուսնական զույգի՝ Իվանի և Մատիլդայի օրինակը։ Նրանք վկայություն տվեցին Դավիեր անունով մի երիտասարդի, որը նրանց ասաց. «Ես ուզում եմ փոխել կյանքս, բայց չգիտեմ՝ ինչպես»։ Դավիերը բռնցքամարտիկ էր։ Նա թմրադեղեր էր օգտագործում, չարաշահում էր ալկոհոլը, ինչպես նաև առանց ամուսնանալու ապրում էր իր ընկերուհու՝ Էրիկայի հետ։ Իվանը պատմում է. «Մենք սկսեցինք այցելել Դավիերին։ Նա ապրում էր աշխարհից կտրված մի գյուղում։ Ուստի ժամեր էր տևում, մինչև որ հեծանիվներով հասնում էինք գյուղ, այն էլ՝ ցեխոտ ճանապարհներով։ Երբ Էրիկան Դավիերի վարքի և մտածելակերպի մեջ դրական փոփոխություններ տեսավ, նույնպես միացավ Աստվածաշնչի ուսումնասիրությանը»։ Ժամանակի ընթացքում Դավիերը դադարեց թմրադեղեր օգտագործել, հարբել և բռնցքամարտով զբաղվել։ Բացի այդ՝ նա և Էրիկան օրինականացրին իրենց հարաբերությունները։ Մատիլդան ասում է. «2016 թ.-ին այս զույգը մկրտվեց։ Այդ պահին ակամայից հիշեցինք Դավիերի այն խոսքերը, որ ուզում էր փոխել իր կյանքը, բայց չէր կարողանում, և մեր աչքերը արցունքներով լցվեցին»։ Այո՛, երբ ինչ-որ մեկին օգնում ենք դառնալ Քրիստոսի աշակերտ, մեր սիրտը ուրախությունից ցնծում է։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ

5. Աշակերտ պատրաստելու գործում ո՞րն է առաջին քայլը։

5 Աշակերտներ պատրաստելու համար նախ հարկավոր է փնտրել անկեղծ սիրտ ունեցողներին (Մատթ. 10։11)։ Քրիստոսի պատվերը կատարելով ու մեր տարածքում հանդիպած բոլոր մարդկանց վկայություն տալով՝ մենք փաստում ենք, որ Եհովայի իսկական վկաներ ենք և ճշմարիտ քրիստոնյաներ։

6. Ի՞նչ կարող ենք անել, որ ծառայության մեջ հաջողության հասնենք։

6 Թեև լինում են դեպքեր, երբ մարդիկ անմիջապես հետաքրքրվում են ճշմարտությամբ, սակայն շատերը սկզբում անտարբեր են թվում Աստծու Խոսքի նկատմամբ։ Ուստի հարկավոր է զարգացնել նրանց հետաքրքրությունը։ Ծառայության մեջ հաջողության հասնելու համար ինչպես հարկն է պատրաստվիր։ Նախ ընտրիր այնպիսի թեմա, որը, ամենայն հավանականությամբ, կհետաքրքրի մարդկանց։ Ապա մտածիր, թե ինչպես զրույց սկսես այդ թեմայով։

7. Ինչպե՞ս կարող ես զրույց սկսել, և քո կարծիքով՝ ինչո՞ւ է կարևոր լսել մարդուն ու հարգանք ցուցաբերել նրա նկատմամբ։

7 Օրինակ՝ տանտիրոջը կարող ես ասել. «Ուզում եմ ձեր կարծիքն իմանալ։ Երևի կհամաձայնվեք, որ աշխարհով մեկ բոլոր մարդիկ գրեթե նույն խնդիրներն ունեն։ Ի՞նչ եք կարծում. եթե ամբողջ աշխարհում մեկ կառավարություն լիներ, այդ խնդիրները կլուծվեի՞ն»։ Հետո կարող ես քննարկել Դանիել 2։44-ը։ Զրույցը կարող ես նաև այսպես սկսել. «Ձեր կարծիքով՝ ո՞րն է երեխաներին դաստիարակելու լավագույն ձևը»։ Ապա տանտիրոջ հետ քննարկիր 2 Օրենք 6։6, 7 համարները։ Զրույցի համար թեմա ընտրելիս նախ մտածիր, թե քո տարածքի մարդիկ ինչ կարիքներ ունեն։ Խորհիր նաև, թե աստվածաշնչյան ճշմարտությունը ինչպես կարող է օգնել նրանց։ Իսկ զրույց վարելիս մի՛ մոռացիր, որ անչափ կարևոր է ուշադիր լսել մարդկանց և հարգել նրանց տեսակետը։ Այդպես նրանց ավելի լավ կհասկանաս, նրանք էլ ավելի հակված կլինեն լսելու քեզ։

8. Ինչո՞ւ պետք է հետևողական լինենք վերայցելություններ կատարելու հարցում։

8 Նախքան մարդը կորոշի ուսումնասիրել Աստվածաշունչը, պետք է կրկին ու կրկին գնաս նրան այցելելու։ Ինչո՞ւ։ Որովհետև միշտ չէ, որ հնարավոր է նրան տանը գտնել։ Բացի այդ, որպեսզի մարդն ընդունի Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկդ, նա պետք է որոշ չափով ճանաչի քեզ, իսկ դրա համար գուցե կարիք լինի մի քանի անգամ այցելելու նրան։ Հիշիր. բույսը աճում է, երբ այն կանոնավորաբար ջրում են։ Նմանապես՝ ճշմարտությամբ հետաքրքրված մարդու սերը Եհովայի ու Հիսուսի հանդեպ կաճի, եթե նրա հետ կանոնավորաբար քննարկես Աստծու Խոսքը։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԻՐ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ

Հանգստի մեկնող տղամարդը գրականություն է վերցնում օդանավակայանում տեղակայված ցուցատախտակից։ Իր այցելած երկրում նա նկատում է եղբայրների, որոնք հրապարակային վկայություն են տալիս։ Երբ տղամարդը վերադառնում է իր երկիր, երկու քարոզիչ թակում են իր տան դուռը, և նա լսում է նրանց

Բոլոր Վկաները աշխարհով մեկ փնտրում են ազնվասիրտ մարդկանց (տես պարբերություն 9–10)c

9–10. Ինչո՞ւ կարելի է ասել, որ ազնվասիրտ մարդկանց փնտրելու գործում յուրաքանչյուր քարոզիչ իր բաժինն ունի։

9 Յուրաքանչյուր քրիստոնյա իր բաժինն ունի ազնվասիրտ մարդկանց փնտրելու գործում։ Սա կարելի է համեմատել որոնողական աշխատանքների հետ։ Քննենք իրական կյանքից վերցված մի դեպք, երբ կորել էր երեք տարեկան մի տղա երեխա։ Որոնողական աշխատանքներին մասնակցում էր շուրջ 500 մարդ։ Ի վերջո՝ երեխայի կորչելուց մոտ 20 ժամ անց, կամավորներից մեկը նրան գտավ եգիպտացորենի դաշտում։ Այդ մարդը չցանկացավ, որ դրա համար իրեն հատուկ պատվի արժանացնեն։ Նա ասաց. «Այս հարյուրավոր մարդկանց միասնական ջանքերի շնորհիվ է, որ երեխան գտնվեց»։

10 Շատերը այդ երեխայի նման իրենց մոլորված են զգում։ Նրանք լավ բանի հույս չունեն, ուստի կարիք կա, որ ինչ-որ մեկը օգնի նրանց (Եփես. 2։12)։ Մենք՝ ավելի քան ութ միլիոն քարոզիչներս, փորձում ենք գտնել այդպիսի մարդկանց։ Հնարավոր է՝ դու անձամբ չգտնես մեկին, ով կուզենա Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն նույն տարածքում ծառայող այլ քարոզիչների գուցե հաջողվի գտնել այդպիսի մարդու։ Երբ մեր հավատակիցը գտնում է մեկին, ով դառնում է Քրիստոսի աշակերտ, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են որոնողական աշխատանքներին, ուրախանալու պատճառ ունեն։

11. Նույնիսկ եթե Աստվածաշնչի ուսումնասիրություն չես անցկացնում, ինչպե՞ս կարող ես աջակցել աշակերտներ պատրաստելու գործին։

11 Նույնիսկ եթե ներկայումս Աստվածաշնչի ուսումնասիրություն չես անցկացնում, կարող ես ուրիշ ձևով աջակցել աշակերտներ պատրաստելու գործին։ Օրինակ՝ ջերմորեն ողջունիր և օգնիր Թագավորության սրահ եկած նոր մարդկանց։ Այդպես կօգնես նրանց համոզվելու, որ մեր մեջ իսկապես այնպիսի սեր է տիրում, որով բնորոշվում են ճշմարիտ քրիստոնյաները (Հովհ. 13։34, 35)։ Իսկ հանդիպումների ժամանակ տվածդ կարճ մեկնաբանություններով նորեկներին կսովորեցնես, թե ինչպես կարելի է անկեղծորեն և հարգալից ձևով խոսել մեր համոզմունքների մասին։ Բացի այդ՝ կարող ես նոր քարոզիչների հետ ծառայության գնալ և նրանց սովորեցնել Աստվածաշնչի միջոցով տրամաբանել մարդկանց հետ։ Այդպես կօգնես նրանց ընդօրինակել Քրիստոսին (Ղուկ. 10։25–28)։

12. Աշակերտներ պատրաստելու համար անհրաժե՞շտ է յուրահատուկ ունակություններ ունենալ։ Բացատրիր։

12 Մի՛ կարծիր, թե քեզ յուրահատուկ ունակություններ են անհրաժեշտ, որ կարողանաս ուսուցանել մարդկանց։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք մի օրինակ։ Ֆաուստինա անունով մի կին, որը Բոլիվիայում է բնակվում, տառաճանաչ չէր, երբ հանդիպեց Եհովայի վկաներին։ Ժամանակի ընթացքում նա որոշ չափով կարդալ սովորեց և այժմ մկրտված քույր է։ Ֆաուստինան շատ է սիրում ուսուցանել մարդկանց և ամեն շաբաթ հինգ հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում։ Թեև այս քույրը այնքան էլ սահուն չի կարդում, որքան նրանք, ում Աստվածաշունչ է ուսուցանում, սակայն արդեն վեց մարդու օգնել է նվիրվել Եհովային ու մկրտվել (Ղուկ. 10։21)։

13. Անգամ եթե շատ զբաղված ենք, ի՞նչ օրհնություններ կստանանք՝ մասնակցելով աշակերտներ պատրաստելու գործին։

13 Բազմաթիվ քրիստոնյաներ կարևոր պարտականություններ ունեն, ուստի շատ զբաղված են։ Սակայն նրանք նույնպես ժամանակ են գտնում Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար և մեծ ուրախություն են ստանում այդ գործից։ Օրինակ՝ Մելանի անունով մի քույր միայնակ մեծացնում էր իր ութամյա դստերը։ Նրանք Ալյասկայում էին ապրում։ Քույրը լրիվ դրույքով աշխատում էր, ինչպես նաև հոգ էր տանում քաղցկեղով հիվանդ իր հոր մասին։ Մելանին իր մեկուսի բնակավայրի միակ Վկան էր։ Նա միշտ Եհովայից ուժ էր խնդրում, որ չնայած ցրտին՝ գնար քարոզելու, որովհետև սրտանց ուզում էր գտնել մեկին, ում կկարողանար Աստվածաշունչ ուսուցանել։ Ի վերջո նա ծանոթացավ Սառա անունով մի կնոջ հետ, որն անչափ ոգևորվեց, երբ իմացավ, որ Աստված անուն ունի։ Որոշ ժամանակ անց Սառան համաձայնվեց ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Մելանին պատմում է. «Ուրբաթ երեկոյան սովորաբար հալից ընկած էի լինում, բայց աղջկաս հետ միշտ գնում էի ուսումնասիրություն անցկացնելու, ինչը երկուսիս էլ հոգևորապես ամրացնում էր։ Մենք հաճույքով փնտրտուքներ էինք անում, որ պատասխանեինք Սառայի տված հարցերին, և շատ էինք ուրախանում, երբ տեսնում էինք, թե նա ինչպես է օր օրի մտերմանում Եհովայի հետ»։ Սառան քաջաբար դիմադրեց հակառակությանը, հեռացավ իր եկեղեցուց և մկրտվեց։

ԱՇԱԿԵՐՏ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

14. ա) Աշակերտներ պատրաստելու գործը ինչո՞վ է նման ձկնորսության։ բ) Պողոս առաքյալի խոսքերը՝ արձանագրված 2 Տիմոթեոս 4։1, 2 համարներում, ի՞նչ անելու են մղում քեզ։

14 Նույնիսկ եթե դեռ չես գտել մեկին, ով կուզենա դառնալ Քրիստոսի աշակերտ, մի՛ դադարեցրու որոնումներդ։ Հիշիր, որ Հիսուսը աշակերտներ պատրաստելու գործը նմանեցրեց ձկնորսության։ Հնարավոր է՝ ձկնորսը շատ ժամեր ծախսի, մինչև որ գոնե մեկ ձուկ բռնի։ Հաճախ ձկնորսությունը ուշ գիշերով կամ վաղ առավոտյան են անում, երբեմն էլ ձկնորսները ստիպված են լինում ծովի խորքերը գնալ (Ղուկ. 5։5)։ Նույն ձևով էլ որոշ քարոզիչներ ժամեր շարունակ համբերությամբ «ձկնորսություն» են անում, ընդ որում՝ դա անում են օրվա տարբեր ժամերի և զանազան վայրերում։ Նրանք այդպիսի ջանքեր են թափում, որ կարողանան հնարավորինս շատ մարդկանց հետ զրուցել։ Այդ քարոզիչների որոնումները հաճախ հաջողությամբ են պսակվում. նրանք գտնում են ճշմարտությամբ հետաքրքրվողների։ Ինչո՞ւ չփորձես ծառայել օրվա այն ժամերին, երբ հնարավոր է շատ մարդկանց հանդիպել, և այն վայրերում, որոնք մարդաշատ են (կարդա 2 Տիմոթեոս 4։1, 2)։

Նույն տղամարդը համաձայնվում է ուսումնասիրել Աստվածաշունչը և հետագայում մկրտվում է

Ուսումնասիրողին համբերությամբ օգնիր ճանաչել, սիրել և հնազանդվել Եհովային (տես պարբերություն 15–16)d

15. Աստվածաշունչ ուսուցանողից ինչո՞ւ է համբերություն պահանջվում։

15 Ինչո՞ւ է համբերություն անհրաժեշտ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար։ Պատճառներից մեկն այն է, որ մենք պետք է ուսումնասիրողին օգնենք ոչ միայն սովորել ու սիրել Աստվածաշնչի ճշմարտությունները, այլև ճանաչել ու սիրել դրա Հեղինակին՝ Եհովային։ Ուսումնասիրողին պետք է ոչ միայն սովորեցնենք, թե ինչ պատվերներ է տվել Հիսուսը, այլև բացատրենք, թե ինչպես է հարկավոր կատարել դրանք։ Կարևոր է համբերությամբ օգնել նրան, երբ նա ձգտում է սուրբգրային սկզբունքներով ապրել։ Որոշ ուսումնասիրողների հաջողվում է ընդամենը մի քանի ամսում փոխել իրենց մտածելակերպն ու սովորությունները։ Ոմանցից էլ դրա համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։

16. Ռաուլի օրինակից ի՞նչ սովորեցիր։

16 Պերուում ծառայող մի միսիոներ պատմել է մի դեպք, որը ցույց է տալիս, թե համբերությունը ինչ լավ արդյունքներ կարող է բերել. «Ես Աստվածաշունչ էի ուսուցանում Ռաուլ անունով մի տղամարդու։ Մենք արդեն երկու ձեռնարկ ուսումնասիրել էինք, բայց նա դեռ չէր կարողանում լուծել իր կյանքում եղած որոշ մեծ խնդիրներ։ Նրա ընտանիքում վեճերը չէին դադարում, նա կեղտոտ խոսքեր էր օգտագործում, իսկ երեխաները հոր վատ պահվածքի պատճառով չէին հարգում նրան։ Սակայն Ռաուլը կանոնավորաբար հաճախում էր ժողովի հանդիպումներին, ուստի ես շարունակեցի այցելել և օգնել նրան ու իր ընտանիքին։ Եվ մեր առաջին հանդիպումից ավելի քան երեք տարի անց նա ի վերջո մկրտվեց»։

17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Հիսուսը մեզ պատվիրել է «գնալ և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել»։ Այս հանձնարարությունը կատարելիս մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, որոնց մտածելակերպը խիստ տարբերվում է մերից։ Նրանցից ոմանք որևէ կրոնական կազմակերպության չեն հարում կամ էլ ընդհանրապես չեն հավատում Աստծու գոյությանը։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե ինչպես կարելի է այսպիսի մարդկանց հաղորդել բարի լուրը։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Աշակերտ պատրաստելու գործը ինչո՞ւ է կարևոր։

  • Ովքե՞ր են իրենց ներդրումն ունենում աշակերտներ պատրաստելու գործում։

  • Աշակերտ պատրաստելու համար ինչո՞ւ է համբերություն պահանջվում։

ԵՐԳ 68 Ցանեք Թագավորության սերմերը

a Քրիստոնեական ժողովի առաջնային նպատակն է՝ օգնել մարդկանց դառնալու Քրիստոսի աշակերտներ։ Հոդվածում գործնական խորհուրդներ են տրվում, որոնց հետևելով՝ կկարողանանք գլուխ բերել այս գործը։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Քրիստոսի աշակերտը ոչ միայն սովորում է նրա քարոզած ճշմարտությունները, այլև կիրառում է դրանք։ Նա փորձում է հնարավորինս սերտորեն հետևել Հիսուսի հետքերին՝ օրինակին (1 Պետ. 2։21)։

c ՆԿԱՐ։ Հանգստի մեկնելիս մի տղամարդ օդանավակայանում գրականություն է վերցնում Եհովայի վկաներից։ Ավելի ուշ՝ իր այցելած երկրի տեսարժան վայրերը դիտելիս, նա հանդիպում է այլ Վկաների, որոնք հրապարակային վկայություն են տալիս։ Երբ նա վերադառնում է իր երկիր, երկու քարոզիչ թակում են նրա տան դուռը։

d ՆԿԱՐ։ Նույն մարդը, որ պատկերված է նախորդ նկարներում, համաձայնվում է Աստվածաշունչ ուսումնասիրել և ի վերջո մկրտվում է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը