Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 13–21
  • «Նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Այսօր արագ աճ է տեղի ունենում
  • Օտար երկրներում
  • «Ամեն.... ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»
  • «Բոլոր երկիրը»
  • Միսիոներները նպաստում են աճին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մարդիկ՝ «ամեն լեզուներից», լսում են բարի լուրը
    2005 Դիտարան
  • Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար
    2005 Դիտարան
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2004 Դիտարան
w04 1/1 էջ 13–21

«Նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը»

«Բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (ՄԱՏԹԷՈՍ 28։19)։

1, 2. ա) Ի՞նչ առաջադրանք տվեց Հիսուսն իր աշակերտներին։ բ) Առաջին դարի քրիստոնյաներն ինչո՞ւ կարողացան այդքան շատ գործ կատարել։

ԵՐԿԻՆՔ համբարձվելուց առաջ Հիսուսն իր աշակերտներին առաջադրանք տվեց։ Նա ասաց. «Բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթէոս 28։19)։ Ի՜նչ դժվար հանձնարարություն։

2 Միայն պատկերացրո՛ւ։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին մոտ 120 աշակերտներ ստացան սուրբ ոգին ու սկսեցին կատարել այդ հանձնարարությունը՝ պատմելով մարդկանց, որ Հիսուսն էր երկար սպասված Մեսիան, որի միջոցով կարելի էր փրկության հասնել (Գործք 2։1–36)։ Ինչպե՞ս էր նման փոքրաթիվ խումբը այդ լուրը հասցնելու ‘բոլոր ազգերին’։ Մարդկային տեսանկյունից դա անկարելի բան էր, բայց «Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է» (Մատթէոս 19։26)։ Վաղ քրիստոնյաներին աջակցում էր Եհովայի սուրբ ոգին, և նրանք հրատապության զգացում ունեին (Զաքարիա 4։6; Բ Տիմոթէոս 4։2)։ Ուստի ընդամենը մի քանի տասնամյակ անց Պողոս առաքյալը կարող էր ասել, որ բարի լուրը քարոզվում է «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։

3. Ի՞նչը ստվերի մեջ գցեց ճշմարիտ քրիստոնեական «ցորենը»։

3 Առաջին դարի մեծ մասի ընթացքում ճշմարիտ երկրպագությունը անընդհատ տարածվում էր։ Բայց Հիսուսը կանխագուշակել էր, որ ժամանակ կգա, երբ Սատանան կցանի «որոմներ», և ճշմարիտ քրիստոնեական «ցորենը» դարեր շարունակ կգտնվի ստվերում, մինչև որ գա հնձի ժամանակը։ Առաքյալների մահից հետո հենց այդպես էլ եղավ (Մատթէոս 13։24–39)։

Այսօր արագ աճ է տեղի ունենում

4, 5. 1919 թ.–ից ի՞նչ գործ սկսեցին անել օծյալ քրիստոնյաները, և ինչո՞ւ էր դա մեծ դժվարություն ներկայացնում նրանց համար։

4 1919 թ.–ին եկավ ժամանակը, որ ճշմարիտ քրիստոնեական «ցորենը» առանձնանա որոմներից։ Օծյալ քրիստոնյաները գիտեին, որ Հիսուսի մեծ հանձնարարությունը դեռևս ուժի մեջ է։ Նրանք լիովին համոզված էին, որ իրենք ապրում են «յետի օրերումը» և գիտեին Հիսուսի տված մարգարեության մասին. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Բ Տիմոթէոս 3։1; Մատթէոս 24։14)։ Այո՛, նրանք գիտեին, որ դեռ շատ գործ կա անելու։

5 Բայց ինչպես վաղ աշակերտների դեպքում էր մ.թ. 33–ին, օծյալ քրիստոնյաներին մեծ դժվարություն էր սպասում։ Նրանց թիվը ընդամենը մի քանի հազար էր, և նրանք ապրում էին քիչ թվով երկրներում։ Ինչպե՞ս էին նրանք քարոզելու բարի լուրը «ամբողջ աշխարհում» (ԷԹ)։ Հիշենք, որ երկրագնդի բնակչության թիվը, որ հռոմեական կայսրերի ժամանակներում հավանաբար 300 միլիոնի էր հասնում, Առաջին աշխարհամարտից հետո արդեն հասել էր մոտ 2 միլիարդի։ Իսկ ամբողջ 20–րդ դարի ընթացքում այդ թիվը շարունակելու էր սրընթաց կերպով աճել։

6. 1930–ականներին ի՞նչ առաջընթաց էր ապրել բարի լուրի քարոզչական գործը։

6 Այնուամենայնիվ, Եհովայի օծյալ ծառաները, առաջին դարի իրենց եղբայրների պես, ձեռնամուխ եղան իրենց առջև դրված գործի կատարմանը՝ լիովին հավատ ընծայելով Եհովային, և նրա սուրբ ոգին նրանց հետ էր։ 1930–ականների կեսերին մոտ 56 000 ավետարանիչներ 115 երկրներում տարածում էին Աստվածաշնչի ճշմարտությունը։ Արդեն բավական գործ էր կատարվել, սակայն դեռ շատ բան կար անելու։

7. ա) Ի՞նչ նոր դժվարության հանդիպեցին օծյալ քրիստոնյաները։ բ) «Ուրիշ ոչխարների» աջակցությամբ ինչպե՞ս է հավաքման գործը մինչև այժմ առաջընթաց ապրել։

7 Յայտնութիւն 7։9–ում (ԱԱ) նշված ‘մեծ բազմության’ ինքնության վերաբերյալ ավելի խոր հասկացողությունը այդ ժրաջան քրիստոնյաներին նոր խնդրի առջև կանգնեցրեց, բայց մյուս կողմից՝ օգնություն խոստացավ։ «Ուրիշ ոչխարների» անհամար բազմությունը, որի անդամները հույս էին փայփայում ապրել երկրի վրա, պետք է հավաքվեր «ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից» (Յովհաննէս 10։16)։ Նրանք Եհովային ‘պաշտելու էին ցերեկ ու գիշեր’ (Յայտնութիւն 7։15)։ Դա նշանակում է, որ նրանք օգնելու էին օծյալներին քարոզչության և ուսուցման գործում (Եսայիա 61։5)։ Ուստի, օծյալ քրիստոնյաները մեծ հուզմունքով էին դիտում, թե ինչպես է ավետարանիչների թիվը ավելանում տասնյակ հազարներով, իսկ հետագայում՝ միլիոններով։ 2003 թ.–ին քարոզիչների նոր բարձրագույն թիվ գրանցվեց՝ 6 429 351, ընդ որում նրանց ճնշող մեծամասնությունը մեծ բազմության անդամներ են։a Օծյալ քրիստոնյաները երախտապարտ են այդ օգնության համար, իսկ ուրիշ ոչխարներն իրենց հերթին երախտապարտ են, որ պատիվ ունեն աջակցելու իրենց օծյալ եղբայրներին (Մատթէոս 25։34–40)։

8. Ինչպե՞ս իրենց դրսևորեցին Եհովայի վկաները ծայրահեղ ճնշումների ներքո Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

8 Երբ «ցորեն» դասակարգը դարձյալ սկսեց տեսանելի լինել, Սատանան դաժան պատերազմ սկսեց նրա դեմ (Յայտնութիւն 12։17)։ Ինչպե՞ս նա արձագանքեց, երբ մեծ բազմությունը սկսեց ի հայտ գալ։ Ծայրահեղ դաժանությամբ։ Մի՞թե կարելի է կասկածել, որ նա էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամբողջ աշխարհով մեկ հարձակում ծավալել ճշմարիտ երկրպագության վրա։ Այդ հակամարտության երկու կողմերում էլ քրիստոնյաները մեծ ճնշումների ենթարկվեցին։ Մեր թանկագին եղբայրներից ու քույրերից շատերը սարսափելի փորձություններ կրեցին, ոմանք մահացան հանուն հավատի։ Այնուհանդերձ, նրանք էլ նույն տրամադրվածությունն ունեին, ինչ սաղմոսերգուն, որ ասաց. «Աստուծով կ’գովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կ’անէ ինձ մարմինը» (Սաղմոս 56։4; Մատթէոս 10։28)։ Օծյալ քրիստոնյաներն ու այլ ոչխարները, զորացած Եհովայի սուրբ ոգով, միասնական էին ու հաստատակամ (Բ Կորնթացիս 4։7)։ Արդյունքում՝ «Աստուծոյ խօսքը աճում էր» (Գործք 6։7)։ 1939 թ.–ին, երբ պատերազմը սկսվեց, իրենց քարոզչական գործի մասին զեկուցեցին 72 475 հավատարիմ քրիստոնյաներ։ Իսկ ահա 1945 թ.–ին, այն տարում, երբ պատերազմը վերջացավ, ըստ ոչ լրիվ հաշվետվության, բարի լուրը տարածել էին 156 299 ակտիվ Վկաներ։ Ի՜նչ խայտառակ պարտություն կրեց Սատանան։

9. Ի՞նչ նոր դպրոցներ բացվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

9 Հստակ է, որ Երկրորդ աշխարհամարտի քաոսը չկարողացավ Եհովայի ծառաների մեջ կասկած սերմանել, որ քարոզչական գործն իր ավարտին կհասնի։ Եվ իրոք, 1943 թ.–ին՝ պատերազմի ամենաթեժ պահին, երկու նոր դպրոցներ բացվեցին։ Դրանցից մեկը, որ այժմ կոչվում է Աստվածապետական ծառայության դպրոց, պետք է անցկացվեր բոլոր ժողովներում, և յուրաքանչյուր Եհովայի վկա այնտեղ սովորելու էր, թե ինչպես քարոզել ու աշակերտներ պատրաստել։ Մյուսը «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցն էր, որը նպատակ ուներ պատրաստել միսիոներներ, որոնք կնպաստեին քարոզչական գործի առաջխաղացմանը օտար երկրներում։ Այո, երբ պատերազմի կրակը վերջապես մարեց, ճշմարիտ քրիստոնյաները պատրաստ էին ավելի մեծ գործունեություն ծավալելու։

10. Ինչի՞ց է երևում Եհովայի ժողովրդի ցուցաբերած եռանդը 2003 թ.–ին։

10 Ի՜նչ հրաշալի գործ են նրանք արել։ Մարզված լինելով Աստվածապետական ծառայության դպրոցում՝ բոլորը՝ երիտասարդ թե տարեց, ծնող թե երեխա և նույնիսկ վատառողջ մարդիկ, մասնակցել են ու շարունակում են մասնակցել Հիսուսի տված մեծ առաջադրանքի իրագործմանը (Սաղմոս 148։12, 13; Յովէլ 2։28, 29)։ 2003 թ.–ին ամեն ամիս միջին թվով 825 185 անհատներ դրսևորեցին իրենց հրատապության զգացումը՝ ժամանակավորապես կամ շարունակաբար ծառայելով որպես ռահվիրաներ։ Այդ տարի Եհովայի վկաները 1 234 796 477 ժամ տրամադրեցին մարդկանց հետ Թագավորության բարի լուրի մասին խոսելուն։ Կասկած չկա, որ Եհովան գոհ է իր ժողովրդի ցուցաբերած եռանդից։

Օտար երկրներում

11, 12. Ո՞ր օրինակներն են փաստում միսիոներների փայլուն աշխատանքի մասին։

11 Տարիներ ի վեր «Գաղաադի» շրջանավարտները, իսկ վերջերս նաև Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտները, մեծ աշխատանք են արել։ Օրինակ՝ Բրազիլիայում 1945 թ.–ին, երբ այստեղ ժամանեցին առաջին միսիոներները, քարոզիչների թիվը 400–ի էլ չէր հասնում։ Այս, ինչպես նաև հետագայում եկած մյուս միսիոներները ջանք չխնայեցին բրազիլացի եռանդուն եղբայրների հետ առաջ տանելու քարոզչության գործը, և Եհովան մեծապես օրհնեց նրանց։ Որքա՜ն են հուզվում այն անհատները, ովքեր հիշում են այդ վաղ տարիները, երբ տեսնում են, որ 2003 թ.–ին Բրազիլիայում քարոզիչների նոր առավելագույն թիվ է գրանցվել՝ 607 362։

12 Ճապոնիայում Երկրորդ աշխարհամարտից առաջ մոտ հարյուր Թագավորության քարոզիչ կար։ Պատերազմի տարիներին նրանց նկատմամբ եղած վայրագ հալածանքի հետևանքն եղավ այն, որ քարոզիչների թիվը խիստ նվազեց. պատերազմի վերջում ընդամենը մի քանի Վկաներ էին հոգևորապես ու ֆիզիկապես կենդանի մնացել (Առակաց 14։32, ՆԱ)։ Այս եղբայրները, որ աչքի էին ընկել իրենց ուշագրավ անարատությամբ, անշուշտ ուրախ էին 1949 թ.–ին դիմավորելու առաջին 13 միսիոներներին, որոնք «Գաղաադի» շրջանավարտներ էին։ Շատ կարճ ժամանակում միսիոներները ջերմ կապվածություն զգացին ճապոնացի խանդավառ ու հյուրընկալ եղբայրների հանդեպ։ 50 տարի անց՝ 2003 թ.–ին, Ճապոնիայում քարոզիչների առավելագույն թիվը հասավ 217 508–ի։ Եհովան, իրոք, առատորեն օրհնել է իր ժողովրդին այս երկրում։ Նմանատիպ տեղեկություններ կան նաև շատ այլ երկրներից։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել քարոզելու օտար երկրներում, նշանակալից ներդրում են ունեցել բարի լուրի տարածման մեջ, այնպես որ 2003 թ.–ին բարի լուրը լսվել է աշխարհի 235 երկրներում, կղզիներում և տարածքներում։ Այո՛, մեծ բազմությունը հավաքվում է «ամեն ազգից»։

«Ամեն.... ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»

13, 14. Ինչպե՞ս է Եհովան շեշտել ‘ամեն լեզուներով’ մարդկանց բարի լուրը քարոզելու կարևորությունը։

13 Առաջին հրաշքը, որ տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պենտեկոստեին, երբ աշակերտները օծվեցին սուրբ ոգով, նրանց՝ լեզուներով խոսելն էր հավաքված բազմության հետ։ Բոլոր ունկնդիրները հավանաբար կարողանում էին խոսել այն ժամանակվա միջազգային լեզվով, թերևս հունարենով։ Լինելով «աստուծավախ մարդիկ»՝ նրանք ամենայն հավանականությամբ նաև հասկանում էին եբրայերեն լեզվով տաճարում մատուցվող ծառայությունները։ Բայց այդ մարդկանց ուշադրությունը խիստ գրավեց այն, որ իրենք իրենց մայրենի լեզվով էին լսում բարի լուրը (Գործք 2։5, 7–12)։

14 Այսօր նույնպես բարի լուրը քարոզվում է ամենատարբեր լեզուներով։ Ինչպես մարգարեացված էր, մեծ բազմությունը հավաքվելու էր ոչ միայն տարբեր ազգերից, այլև «ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»։ Եհովան Զաքարիայի միջոցով մարգարեացել էր. «Կ’բռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է» (Զաքարիա 8։23)։ Չնայած Եհովայի վկաները չունեն լեզուներով խոսելու պարգևը, նրանք լավ հասկանում են, որ կարևոր է բարի լուրը մարդկանց սովորեցնել իրենց մայրենի լեզվով։

15, 16. Ինչպե՞ս միսիոներները և ուրիշներ հանձն առան տեղի լեզուներով քարոզելու դժվարին գործը։

15 Ճիշտ է, այսօր բավական մեծ տարածում գտած լեզուները քիչ են, ինչպես ասենք անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը։ Սակայն այն անհատները, ովքեր թողել են իրենց հայրենի տունը, որպեսզի ծառայեն այլ երկրներում, ջանում են սովորել տեղի լեզուն, որպեսզի բարի լուրը ավելի մատչելի դարձնեն հավիտենական կյանքի հանդեպ տրամադրված անձանց համար (Գործք 13։48, ՆԱ)։ Դա կարող է դժվար լինել։ Երբ խաղաղօվկիանոսյան Թուվալու կղզում ապրող եղբայրները կարիք զգացին մայրենի լեզվով գրականության, միսիոներներից մեկը հանձն առավ այդ խնդիրը լուծելու։ Քանի որ թուվալուերեն ոչ մի բառարան չկար, նա սկսեց ինքը կազմել այդ բառարանը։ Ժամանակի ընթացքում «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում»b գիրքը հրատարակվեց թուվալուերեն լեզվով։ Երբ Կյուրասաո եկան միսիոներներ, այստեղ չկար տեղի պապիամենտո լեզվով ո՛չ աստվածաշնչային գրականություն, ո՛չ էլ բառարան։ Բացի այդ, լուրջ տարաձայնություններ կային, թե ինչպիսին պետք է լինի այդ լեզվի գիրը։ Չնայած այդ դժվարություններին՝ առաջին միսիոներների գալուց երկու տարի անց պապիամենտո լեզվով լույս տեսավ Աստվածաշնչի վրա հիմնված առաջին թերթիկը։ Այսօր պապիամենտոն մեկն է այն 133 լեզուներից, որոնցով «Դիտարան» պարբերագիրը լույս է տեսնում անգլերեն հրատարակության հետ միաժամանակ։

16 Նամիբիա ժամանած առաջին միսիոներները չէին կարողանում գտնել գոնե մեկ տեղացի Վկայի, որը կկարողանար թարգմանություն անել։ Ավելին, տեղի լեզուներից մեկում՝ նամա լեզվում, չկային այնպիսի բառեր, որոնցով կարելի կլիներ արտահայտել ընդհանուր գործածական հասկացություններ, ինչպիսին, ասենք, «կատարյալ»–ն է։ Մի միսիոներ տեղեկացնում է. «Թարգմանություն կատարելու համար ես հիմնականում դիմում էի այն դպրոցական ուսուցիչների օգնությանը, որոնք Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Քանի որ նրանք քիչ գիտելիքներ ունեին ճշմարտությունից, ստիպված էի լինում նրանց հետ նստել, որպեսզի ամեն մի նախադասություն ճիշտ գրվեր»։ Այնուամենայնիվ, «Կյանքը նոր աշխարհում» թերթիկը ի վերջո թարգմանվեց նամիբիական չորս լեզուներով։ Այսօր «Դիտարան» պարբերագիրը կանոնավորաբար հրատարակվում է կվանյամա և նդոնգա լեզուներով։

17, 18. Ի՞նչ դժվարություններ են հաղթահարում եղբայրները Մեքսիկայում և մյուս երկրներում։

17 Մեքսիկայում հիմնականում իսպաներեն են խոսում։ Սակայն իսպանացիների այստեղ գալուց առաջ տեղացիները բազմաթիվ լեզուներով էին խոսում, որոնցից մի քանիսը մինչև հիմա գործածության մեջ են։ Ուստի Եհովայի վկաների գրականությունն այժմ լույս է տեսնում մեքսիկական յոթ լեզուներով, ինչպես նաև մեքսիկական ժեստերի լեզվով։ Մայա լեզվով լույս տեսած «Թագավորական ծառայությունը» թերթիկը առաջին պարբերական հրատարակությունն էր ամերիկյան հնդկացիների լեզվով։ Այո՛, մի քանի հազար մայաներ, ացտեկներ և ուրիշներ նույնպես գտնվում են Մեքսիկայի 572 530 քարոզիչների թվում։

18 Վերջին ժամանակներս միլիոնավոր մարդիկ՝ որպես փախստական, հանգրվանել են օտար երկրներում կամ էլ այդ երկրներ են տեղափոխվել տնտեսական պատճառներով։ Արդյունքում՝ այժմ շատ երկրներում առաջին անգամ օտարախոս ընդարձակ տարածքներ են գոյացել։ Եհովայի վկաները հանձն են առել այդ մարդկանց քարոզելու դժվարությունը։ Օրինակ՝ Իտալիայում, բացի իտալերենից, կան 22 լեզվով գործող ժողովներ ու խմբեր։ Վերջերս կազմակերպվել էին դասընթացներ, որոնց նպատակն էր օգնել եղբայրներին սովորելու նոր լեզու՝ քարոզելու համար օտարախոս մարդկանց։ Այդ դասընթացներում ուսուցանվեց ընդհանուր հաշվով 16 լեզու, այդ թվում իտալերեն ժեստերի լեզուն։ Բազմաթիվ այլ երկրներում նույնպես Եհովայի վկաները ջանքեր են թափում բարի լուրը հասցնելու մեծաթիվ ներգաղթյալների։ Այո՛, Եհովայի օգնությամբ մեծ բազմությունն իսկապես հավաքվում է շատ ու շատ լեզվական խմբերից։

«Բոլոր երկիրը»

19, 20. Պողոսի ո՞ր խոսքերն են ուշագրավ ձևով իրականանում այսօր։ Բացատրեք։

19 Առաջին դարում Պողոս առաքյալը գրեց. «Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը» (Հռովմայեցիս 10։18)։ Եթե դա ճիշտ էր առաջին դարում, հապա որքա՛ն առավել այսօր։ Միլիոնավոր մարդիկ, թերևս ավելի շատ, քան պատմության որևէ այլ փուլում, այսօր ասում են. «Տիրոջը կ’օրհնեմ ամեն ժամանակ. նորա փառաբանութիւնը միշտ իմ բերանումը պիտի լինի» (Սաղմոս 34։1)։

20 Ավելին, քարոզչական գործի տեմպը չի թուլանում։ Թագավորության քարոզիչների թիվը շարունակում է աճել։ Ավելի ու ավելի շատ ժամանակ է տրամադրվում քարոզչությանը։ Միլիոնավոր վերայցելություններ են կատարվում ու Աստվածաշնչի հարյուր հազարավոր ուսումնասիրություններ են անցկացվում։ Մարդիկ շարունակում են հետաքրքրվել ճշմարտությամբ։ Անցած տարի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա էր 16 097 622 մարդ, և դա նոր բարձրագույն թիվ է։ Հստակ է՝ դեռ շատ գործ կա անելու։ Թող որ շարունակե՛նք ընդօրինակել մեր այն եղբայրների անսասան անարատությունը, որոնք տոկացել են դաժան հալածանքների։ Թող որ արտացոլե՛նք մեր բոլոր այն եղբայրների եռանդը, որոնք սկսած 1919 թ.–ից իրենց անձը չեն խնայել Եհովայի ծառայության մեջ։ Եկեք բոլորս ամեն ժամանակ երգե՛նք սաղմոսերգուի հետ. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը։ Ալէլուիա» (Սաղմոս 150։6)։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս այս պարբերագրի 18–21-րդ էջերում զետեղված տարեկան հաշվետվությունը։

b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Կարո՞ղ եք բացատրել

• Ո՞ր հանձնարարության կատարմանը ձեռնամուխ եղան եղբայրները 1919 թ.–ին, և ինչո՞ւ էր դա դժվար։

• Ովքե՞ր էին հավաքվում իրենց ներդրումն ունենալու համար քարոզչական գործում։

• Ի՞նչ արդյունքների հասան միսիոներները և ուրիշներ՝ ծառայելով օտար երկրներում։

• Ի՞նչ փաստեր կարող եք բերել, որ Եհովան այսօր օրհնում է իր ժողովրդի կատարած գործը։

[աղյուսակ 18–21-րդ էջերի վրա]

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2003–Ի ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(Տե՛ս միահյուսված հատորը)

[նկարներ 14–րդ և 15–րդ էջերի վրա]

Երկրորդ աշխարհամարտի քաոսը չկարողացավ քրիստոնյաներին ստիպել կասկածելու, որ բարի լուրը կքարոզվի

[թույլտվությամբ]

Explosion: U.S. Navy photo; others: U.S. Coast Guard photo

[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]

Մեծ բազմությունը պետք է հավաքվեր բոլոր ցեղերից ու լեզուներից

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը