Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 11/1 էջ 9–13
  • Սրտանց ներիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սրտանց ներիր
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մեր հանդեպ ցուցաբերված ներողամտությունը անհրաժեշտ էր
  • Ներելու պատրաստ լինենք
  • Հաշտվեցե՛ք՝ ներելով
  • Մեծահոգաբար ներեք միմյանց
    2012 Դիտարան
  • Ի՞նչ է ներողամտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Եհովան ներողամտության մեծագույն օրինակն է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեծահոգաբար ներեք
    2015 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 11/1 էջ 9–13

Սրտանց ներիր

«Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները» (Մատթէոս 18։35)։

1, 2. ա) Հիսուսի նկատմամբ ինչպե՞ս իր գնահատանքն արտահայտեց մի մեղավոր կին։ բ) Իր պատասխանի մեջ Հիսուսն ի՞նչ շեշտեց։

ՆԱ ԱՅՆ անձնավորությունը չէր, որին կակնկալեիք տեսնել ոմն կրոնասերի տանը, այլ, ամենայն հավանականությամբ, անբարոյական մի կին էր։ Եթե միայն նրա ներկայությունն այնտեղ արդեն զարմանալու առիթ էր տվել, ապա որքան ավելի տարօրինակ էր նրա արարքը։ Կինը մոտեցավ բարոյականության ամենաբարձր չափանիշներն ունեցող մարդուն և, թրջելով նրա ոտքերն իր արցունքներով և ապա մազերով սրբելով դրանք, իր գնահատանքն արտահայտեց նրա կատարած գործերի համար։

2 Այդ մարդը՝ Հիսուսը, երես չդարձրեց կնոջից, որը քաղաքում հայտնի էր որպես «մի մեղաւոր կին»։ Բայց այդպիսի կնոջ ներկայությունը վրդովեցրեց տանտիրոջը՝ փարիսեցի Սիմոնին։ Նկատելով վերջինիս վրդովմունքը՝ Հիսուսը պատմեց երկու մարդու մասին, որոնք ինչ–որ մեկից պարտք էին վերցրել. մեկը՝ մեծ գումար՝ աշխատավորի մոտավորապես երկու տարվա աշխատավարձի չափով, իսկ մյուսը՝ դրա տասներորդ մասը՝ երեք ամսվա աշխատավարձից էլ պակաս։ Պատահեց այնպես, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չեղավ այն վճարելու, և պարտատերը «երկուսին էլ պարտքը շնորհեց»։ Ինչ խոսք, նա, որին շնորհվեց մեծ գումարի պարտքը, սիրելու ավելի մեծ պատճառ ուներ։ Անդրադառնալով կնոջ գործած բարի արարքին՝ Հիսուսը հետևյալ սկզբունքն ավելացրեց. «Ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»։ Ապա նա այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը քեզ ներուած են» (Ղուկաս 7։36—48)։

3. Ի՞նչ հարցեր պետք է տաս ինքդ քեզ։

3 Հարցրու ինքդ քեզ. «Եթե ես լինեի այդ կնոջ փոխարեն կամ հայտնվեի նման իրավիճակում, ու իմ հանդեպ ողորմածություն ցույց տրվեր, արդյոք խիստ անողորմ կլինեի՞ ուրիշների հանդեպ»։ Գուցե պատասխանես՝ բոլորովի՛ն։ Այնուհանդերձ, վստա՞հ ես իրոք, որ հակված ես ներելու։ Արդյոք ներելը բնորո՞շ է քո խառնվածքին։ Դա սովորաբար ուրախությա՞մբ ես անում, և ուրիշները քեզ համարո՞ւմ են ներողամիտ անձնավորություն։ Եկեք տեսնենք, թե մեզանից յուրաքանչյուրն ինչու պետք է անկեղծորեն ու ինքնաքննադատաբար մոտենա այս հարցին։

Մեր հանդեպ ցուցաբերված ներողամտությունը անհրաժեշտ էր

4. Ինքդ քո մասին ի՞նչ փաստ պիտի ընդունես։

4 Դու անկատար ես, ու դա քեզ քաջ հայտնի է։ Եվ եթե հարցնեին քեզ, դու դրական պատասխան կտայիր՝ հավանաբար մտաբերելով Ա Յովհաննէս 1։8–ի խոսքերը. «Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ» (տես նաև Հռովմայեցիս 3։23; 5։12)։ Ոմանց մոտ անկատարությունը կարող է դրսևորվել ծանր, զազրելի մեղքեր գործելով։ Սակայն, եթե նույնիսկ դու այդպես չես վարվում, միևնույն է, շատ անգամներ ու տարբեր կերպերով Աստծո չափանիշները պահելուց շեղվում ես, այսինքն՝ մեղանչում ես։ Մի՞թե այդպես չէ։

5. Ինչո՞ւ պետք է երախտագետ լինենք Աստծուն։

5 Ուստի, քո իրավիճակը կարելի է նմանեցնել Պողոս առաքյալի նկարագրածին. «Ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի եւ ձեր մարմնի անթլփատութեան մէջ, [Աստուած] կենդանացրեց իր [Հիսուսի] հետ։ Նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները» (Կողոսացիս 2։13, 14; Եփեսացիս 2։1—3)։ Ուշադրություն դարձրու այս արտահայտության վրա՝ «նա ներեց մեզ մեր բոլոր յանցանքները»։ Իսկ դրանք քիչ չեն։ Մեզանից յուրաքանչյուրը Դավիթի նման ծանրակշիռ պատճառներ ունի խնդրելու. «Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է» (Սաղմոս 25։11)։

6. Եհովայի ներողամտության հետ կապված՝ ինչո՞ւմ պիտի վստահ լինենք։

6 Ինչպե՞ս կարող ենք մեղքերի թողություն ստանալ։ Բանն այն է, որ Եհովան հակված է ներելու, և ներողամտությունը նրան բնորոշող հատկություններից մեկն է (Ելից 34։6, 7; Սաղմոս 86։5)։ Հետևաբար, Աստված ակնկալում է մեզանից, որ իրեն դիմենք աղոթքով և խնդրենք իր ողորմածությունն ու թողություն մեր մեղքերին (Բ Մնացորդաց 6։21; Սաղմոս 103։3, 10, 14)։ Իսկ մեղքերի թողության համար նրա տված օրինական հիմքը Հիսուսի քավիչ զոհաբերությունն է (Հռովմայեցիս 3։24; Ա Պետրոս 1։18, 19; Ա Յովհաննէս 4։9, 14)։

7. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի Եհովային ընդօրինակենք։

7 Աստծո թողած պատրաստակամորեն ներելու օրինակը քեզ պիտի թելադրի, թե որն է ուրիշների հետ վարվելու պատշաճ ձևը։ Պողոսը շեշտում է այդ միտքը հետևյալ խոսքերով. «Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով» (Եփեսացիս 4։32)։ Խոսքն այստեղ Աստծո թողած օրինակից սովորելու մասին է, քանի որ հաջորդ համարը պարզաբանում է. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 5։1)։ Նկատո՞ւմ ես կապը։ Եհովա Աստված ներեց քեզ, ինչպես որ համոզվածությամբ պատճառաբանում է Պողոսը. ուրեմն դու էլ պետք է ընդօրինակես Նրան՝ ուրիշների հանդեպ լինելով «գթած՝ ներելով» նրանց։ Բայց հարցրու ինքդ քեզ. «Իսկ ես այդպե՞ս եմ վարվում։ Եթե բնավորությամբ ներողամիտ չեմ, արդյոք աշխատո՞ւմ եմ այդ ուղղությամբ և ջանքեր թափո՞ւմ եմ ներողամտության հարցում ընդօրինակելու Աստծուն»։

Ներելու պատրաստ լինենք

8. Ժողովի անդամների վերաբերյալ ո՞ր իրողությունը մենք չպետք է աչքաթող անենք։

8 Հոյակապ կլիներ, եթե քրիստոնեական ժողովում աստվածային ներողամտություն ցուցաբերելու առիթներ հազվադեպ պատահեին։ Բայց իրականում այդպես չէ։ Ինչ խոսք, քրիստոնյա մեր քույր–եղբայրները ջանում են Հիսուսի թողած սիրո օրինակին հետևել (Յովհաննէս 13։35; 15։12, 13; Գաղատացիս 6։2)։ Նրանք երկար ժամանակ է, ինչ պայքարում են այս ամբարիշտ աշխարհին բնորոշ մտածելակերպից, խոսելակերպից ու վարքագծից ազատվելու համար, և այդ պայքարը դեռ շարունակվում է։ Նրանք իսկապե՛ս ցանկանում են նոր անձնավորություն դրսևորել (Կողոսացիս 3։9, 10)։ Այնուհանդերձ, մենք չենք կարող աչքաթող անել այն իրողությունը, որ համաշխարհային ժողովքը, ինչպես նաև յուրաքանչյուր ժողով առանձին վերցրած, բաղկացած է անկատար մարդկանցից։ Անշուշտ, ընդհանուր առմամբ նրանց մոտ զգալի տեղաշարժեր են նկատվում, սակայն նրանք դեռևս մնում են անկատար։

9, 10. Ինչո՞ւ պետք չէ զարմանալ, երբ եղբայրների միջև խնդիրներ են առաջանում։

9 Եհովան իր Խոսքում նախապես զգուշացնում է, որ ժողովներում քրիստոնյաների մոտ անկատարության դրսևորումներն անխուսափելի կլինեն։ Օրինակ՝ նկատի առ Կողոսացիս 3։13–ում Պողոսի արձանագրած խոսքերը. «Հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք»։

10 Իզուր չէ, որ Աստվածաշունչն այստեղ կրկին մեզ հիշեցնում է այն կարևոր շղթայի մասին, որ գոյություն ունի Աստծո՝ մեր հանդեպ ներողամիտ լինելու և ուրիշներին ներելու մեր պարտավորվածության ու անհրաժեշտության միջև։ Ինչո՞ւ է երբեմն սա դժվար թվում. քանի որ Պողոսը հնարավոր էր համարում, որ ‘մէկը միւսի դէմ գանգատ ունենա’։ Նա հասկանում էր, որ դա անխուսափելի է։ Ըստ երևույթին, առաջին դարում նման խնդիրներ են առաջացել մինչև անգամ քրիստոնյա ‘սրբերի’ մեջ, ովքեր ունեին այն հույսը, ‘որ պահված էր նրանց երկնքում’ (Կողոսացիս 1։2, 5)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մեկ այլ բան ակնկալել մեր օրերում, երբ ճշմարիտ քրիստոնյաների մեծամասնությունը չունեն սուրբ հոգու այն վկայությունը, թե «Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ» են (Կողոսացիս 3։12)։ Հետևաբար, պետք չէ եզրակացնել, թե բացարձակապես ինչ–որ բան սխալ է, եթե ժողովում գանգատի կամ դժգոհության պատճառներ են լինում, կամ եթե վիրավորվում ենք հավատակցի կարծեցյալ կամ իսկապես կատարված սխալից։

11. Հակոբոսն իր նամակում ի՞նչ է զգուշացնում մեզ։

11 Հիսուսի արյունակից եղբայր Հակոբոսի խոսքերը նույնպես վկայում են այն մասին, որ ժամանակ առ ժամանակ կստեղծվեն այնպիսի իրավիճակներ, որտեղ հարկ կլինի ներողամտություն ցուցաբերել։ «Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։ Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը» (Յակոբոս 3։13, 14)։ «Դառն նախանձ եւ հակառակութիւն» ճշմարիտ քրիստոնյաների սրտերո՞ւմ... Այո՛, Հակոբոսի խոսքերը բացահայտորեն ցույց են տալիս, որ այդպիսի բաներ տեղի են ունեցել առաջին դարի ժողովում և տեղի կունենան նաև մեր օրերում։

12. Ի՞նչ խնդիր էր ծագել հին Փիլիպպեի ժողովում։

12 Նման իրավիճակ էր ստեղծվել երկու օծյալ քրիստոնյաների միջև, որոնք Պողոսի ջանասեր համագործակիցներն էին եղել և, արդյունքում, բարի անուն էին վաստակել։ Հավանաբար կարդացած կլինեք Փիլիպպեի ժողովի անդամներ Եվոդիայի և Սյունտիքի մասին։ Փիլիպպեցիս 4։2, 3 համարներից իմանում ենք, թեև ոչ մանրամասնորեն, որ նրանց միջև ընդհարում էր տեղի ունեցել։ Գուցե դա սկիզբ էր առել անմտածված, խիստ արված նկատողությունից, թերևս նրանցից մեկի սրտին էր դիպել հարազատի հասցեին ուղղված ինչ–որ վիրավորանք, կամ էլ կարող էր լինել նախանձի, մրցակցության դրսևորում։ Անկախ այն բանից, թե որն էր այդ ընդհարման պատճառը, հարցն այնքան լրջացավ, որ հասավ անգամ հեռվում՝ Հռոմում գտնվող Պողոսին։ Երկու հոգևոր քույրերը, ըստ երևույթին, դադարել էին իրար հետ շփվելուց՝ հավանաբար ժողովում մեկը մյուսից խուսափելով կամ հավատակիցների մոտ իրարից չարախոսելով։

13. Ամենայն հավանականությամբ, ի՞նչ հաջողության հասան Եվոդիան և Սյունտիքը, և ի՞նչ դաս կարելի է քաղել այդ դեպքից։

13 Քեզ ծանո՞թ է այս իրավիճակը։ Նման բան կատարվե՞լ է քո ժողովում կամ անձամբ քեզ հետ։ Գուցե ներկայումս որոշ չափով դրան հիշեցնող որևէ խնդի՞ր ունես։ Իսկ ինչպե՞ս վարվել նման պարագայում։ Վերոհիշյալ դեպքում Պողոսը հորդորեց երկու քույրերին, «որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր»։ Ուստի նրանք, թերևս, համաձայնվեցին հարցը քննարկել, թյուրիմացությունը պարզել, ներելու պատրաստակամություն դրսևորել և դրանով իսկ Եհովային ընդօրինակել։ Անկասկած, Եվոդիային ու Սյունտիքին դա հաջողվեց, հետևաբար մենք էլ կարող ենք հաջողության հասնել այս հարցում։ Միշտ ներելու պատրաստ լինելը այսօր ևս կարող է մեծ օգուտներ բերել։

Հաշտվեցե՛ք՝ ներելով

14. Ինչո՞ւ հաճախ հնարավոր և լավագույն տարբերակը պարզապես անտեսելն է որևէ մեկի հետ ունեցած տարաձայնությունը։

14 Իսկ իրականում ի՞նչ ասել է ներել, երբ քրիստոնյաների միջև խնդիրներ են առաջ գալիս։ Անկեղծ ասած, գոյություն չունի հարցի լուծման համապարփակ մի եղանակ, բայց, ամեն դեպքում, Աստվածաշունչը օգտակար օրինակներ և գործնական խորհուրդներ է մեզ տալիս։ Գլխավոր խորհուրդը (չնայած որ այն ընդունելն ու կիրառելն այնքան էլ հեշտ չէ) պատահածի մասին ուղղակի մոռանալը կամ անտեսելն է։ Հաճախ, երբ հարց է ծագում, թե ով է մեղավորը, ինչպես Եվոդիայի և Սյունտիքի պարագայում, յուրաքանչյուրին թվում է, թե դիմացինն է սխալվողը կամ գլխավոր մեղավորը։ Ուստի համանման իրավիճակում միգուցե դո՞ւ էլ ես մտածում, թե մյուս քրիստոնյան է հիմնականում մեղավոր կամ նրանն է վիրավորանքի ամենամեծ բաժինը։ Անկախ այն բանից, թե ով է մեղավորը, կարո՞ղ ես պարզապես ներելով հարցը փակել։ Հասկացիր, որ եթե նույնիսկ դիմացիդ քրիստոնյան է հիմնականում մեղավոր, ինչն այնքան էլ հավանական չէ, առաջին հերթին դու ինքդ փորձիր առաջին քայլը կատարել, ներել ու այլևս դրան չանդրադառնալ։

15, 16. ա) Միքիան ինչպե՞ս նկարագրեց Եհովային։ բ) Ի՞նչ ենք հասկանում՝ ասելով, որ Աստված ‘հանցանքն անտես է անում’։

15 Ներելու հարցում եկեք չմոռանանք, որ Աստված է մեր օրինակը (Եփեսացիս 4։32—5։1)։ Սխալներն անտեսելու նրա կերպի մասին Միքիա մարգարեն գրեց. «Քեզի պէս Աստուած ո՞վ կայ, որ անօրէնութեան կը ներէ ու իր ժառանգութեան մնացորդին յանցանքը անտես կ’ընէ. իր բարկութիւնը յաւիտեան չի պահեր, քանզի ողորմութիւնը կը սիրէ (Միքիա 7։18, Արևմտ. Աստ.)։

16 ‘Հանցանքն անտես է անում’ արտահայտությունը չի նշանակում, թե Եհովան ընդունակ չէ մտաբերելու մարդկանց անարդար արարքները կամ էլ հիշողությունը դավաճանում է իրեն։ Նկատի առնենք Սամսոնին և Դավիթին. նրանք երկուսն էլ լուրջ մեղքեր գործեցին։ Դեպքերից երկար ժամանակ հետո Աստված կարո՛ղ էր հիշել այդ սխալները. չէ՞ որ դրանցից մի քանիսը հայտնի են նաև մեզ, քանի որ Եհովան դրանք արձանագրել է տվել Աստվածաշնչում։ Սակայն մեր ներողամիտ Աստվածը ողորմածություն ցուցաբերեց այդ երկուսի հանդեպ՝ ներկայացնելով նրանց որպես հավատի վառ օրինակներ (Եբրայեցիս 11։32; 12։1)։

17. ա) Ի՞նչ բանի գիտակցումը կօգնի մեզ անտեսելու ուրիշների սխալներն ու վիրավորանքները։ բ) Եթե այդպես վարվենք, ինչպե՞ս նմանված կլինենք Եհովային (տե՛ս տողատակի ծանոթագրությունը)։

17 Այո՛, Եհովան կարողացավ ‘անտես անել’՝ ներել հանցանքները,a ինչը որ Դավիթը բազմիցս խնդրում էր նրան (Բ Թագաւորաց 12։13; 24։10)։ Կարո՞ղ ենք արդյոք այս հարցում ընդօրինակել Աստծուն՝ անտեսելով հավատակիցների մեզ պատճառած արհամարհանքն ու վիրավորանքը, որոնք արդյունքն են նրանց անկատարության։ Մի պահ պատկերացրու, թե թռիչքի պատրաստվող, մեծ արագություն ձեռք բերող ռեակտիվ ինքնաթիռի մեջ ես գտնվում։ Պատուհանից դուրս նայելով՝ տեսնում ես ճանապարհի մոտ կանգնած քո ծանոթին, որը տգեղ ծամածռություններ է անում՝ երեխայի պես լեզուն դուրս հանելով։ Գիտես, որ նա ինչ–որ բանից դժգոհ է մնացել, գուցե նեղացած է քեզանից, կամ նրա այդ ծամածռությունները բոլորովին էլ քեզ չեն ուղղված։ Ինչ էլ որ լինի պատճառը, ինքնաթիռը գետնից բարձրանում է վեր ու պտույտ տալիս, իսկ այդ կինը դառնում է մի փոքրիկ կետի չափ։ Մեկ ժամ հետո դու արդեն հեռու ես նրանից, և նրա վիրավորական ծամածռություններն էլ մնացին հեռվում՝ ետևում։ Նմանապես մեզ համար էլ շատ դեպքերում ներելը հեշտ կլինի, եթե փորձենք նմանվել Եհովային ու իմաստուն լինենք՝ մեզ հասցրած վիրավորանքը «շրջանցելով» (Առակաց 19։11)։ Մի՞թե տասը կամ երկու հարյուր տարի հետո՝ Հազարամյա Կառավարության ընթացքում, այն չնչին բան չի թվալու։ Ինչո՞ւ ուրեմն պարզապես չանտեսել այն։

18. Երբ թվում է, թե չենք կարող վիրավորանքն անտեսել, ո՞ր խորհուրդը կարող ենք կիրառել։

18 Սակայն, քեզ հետ գոնե մեկ անգամ գուցե պատահած լինի, որ աղոթել ես ինչ–որ հարցի համար և ճիգ ես գործադրել ներելու, բայց զգացել ես, որ անկարող ես դա անել։ Ո՞րն է Հիսուսի գործնական խորհուրդը նման պարագայում։ Նա հորդորում էր մոտենալ նրան, ում հետ առաջացել է տարաձայնությունը և փորձել նրա հետ երես առ երես լուծել այն խաղաղության հասնելու նպատակով։ «Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթէոս 5։23, 24)։

19. Ո՞րը պիտի լինի մեր եղբոր հետ խաղաղություն փնտրելու նպատակը, և ո՞ր մոտեցումից պիտի խուսափենք։

19 Ուշագրավն այն է, որ Հիսուսը չասաց, թե պիտի գնաս եղբորդ մոտ՝ ապացուցելու նրան, թե դու ճիշտ էիր, իսկ ինքը՝ սխալ։ Գուցեև մեղավորը դիմացինը լինի, բայց չի բացառվում նաև, որ երկու կողմն էլ մեղավորություն ունենան։ Ամեն դեպքում, մեր նպատակը չպիտի լինի դիմացինին ստիպելը, որ տեղի տա կամ ինչ–որ չափով նվաստանա, քանի որ նման մոտեցումը համարյա երբեք լավ արդյունքների չի բերում։ Ոչ էլ նպատակը պիտի լինի հասցված կամ թվացյալ վիրավորանքը մանրամասնորեն քննելը։ Երբ հանգիստ, քրիստոնեական սիրո ոգով ընթացող խոսակցությամբ բացահայտվում է, որ տարաձայնության պատճառը տհաճ թյուրիմացությունն է, ապա խնդիրը կարող է երկկողմանի լուծում գտնել։ Իսկ եթե անգամ բացատրվելուց հետո չհաջողվի բոլոր հարցերում ընդհանուր հայտարարի գալ, մի՞թե դա միշտ է պարտադիր։ Նախընտրելի չէ՞ր լինի, որ երկուսդ էլ գոնե այն համաձայնությանը գայիք, որ ձեզ համար գլխավորը մեր ներողամիտ Աստծուն անկեղծորեն ծառայելն է։ Այդ պարագայում յուրաքանչյուր կողմի համար ավելի հեշտ կլինի սրտանց ասել. «Ներիր, խնդրում եմ, մեր այս տարաձայնությունը անկատարության արդյունք է։ Արի փորձենք մոռանալ այն»։

20. Ի՞նչ կարող ենք սովորել առաքյալների օրինակից։

20 Հիշիր, որ տարաձայնություններ առաջ եկան նաև առաքյալների միջև, երբ նրանցից մի քանիսը ձգտում էին ավելի մեծ պատվի արժանանալ (Մարկոս 10։35—39; Ղուկաս 9։46; 22։24—26)։ Սա լարվածության, գուցեև դառը զգացմունքների կամ սուր վիրավորվածության առիթ դարձավ։ Սակայն նրանց հաջողվեց անտեսել այդ տարաձայնությունները, և նրանք շարունակեցին միասին համագործակցել։ Ավելի ուշ, առաքյալներից մեկը գրեց. «Ով ուզում է կեանքը սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները՝ նենգութիւն խօսելուց. թող ետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտռի եւ գնայ նրա ետեւից» (Ա Պետրոս 3։10, 11)։

21. Հիսուսն ի՞նչ խորիմաստ խորհուրդ տվեց ներելու վերաբերյալ։

21 Վերևում քննարկեցինք ներելու պրոցեսի միայն մեկ փուլ. Աստված ներեց անցյալում կատարած մեր բազում մեղքերը, հետևաբար, ընդօրինակելով նրան, մենք էլ պիտի ողորմած լինենք մեր եղբայրների հանդեպ (Սաղմոս 103։12; Եսայիա 43։25)։ Բայց գոյություն ունի այդ պրոցեսի մեկ այլ փուլ ևս։ Տիպար աղոթքն ավարտելուց հետո Հիսուսն ասաց. «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների»։ Ավելի քան մի տարի անց նա անդրադարձավ այս հարցի էությանը՝ սովորեցնելով իր աշակերտներին հետևյալ կերպ աղոթել. «Մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ յանցանք է գործում մեր դէմ» (Մատթէոս 6։12, 14; Ղուկաս 11։4)։ Իսկ իր մահից մի քանի օր առաջ Հիսուսը, դարձյալ անդրադառնալով այդ հարցին, ավելացրեց. «Երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները» (Մարկոս 11։25)։

22, 23. Ներելու մեր պատրաստակամությունն ինչպե՞ս կարող է ազդել մեր ապագայի վրա։

22 Այսպիսով՝ Աստծո ներողամտությունից շարունակ օգտվելու մեր հեռանկարը մեծապես կախված է եղբայրներին ներելու մեր պատրաստակամությունից։ Եթե հավատակցիդ և քո միջև անձնական խնդիրներ են ծագում, հարցրու ինքդ քեզ. «Մի՞թե շատ ավելի կարևոր չէ Աստծո ներողամտությանն արժանանալը, քան իմ ջանքեր թափելը՝ ապացուցելու համար, որ այս եղբայրը կամ այն քույրը սխալ էին, երբ թեթևակի անտեսեցին ինձ, աննշան վիրավորանք հասցրին կամ էլ ինչ–որ ձևով դրսևորեցին իրենց անկատարությունը»։

23 Իսկ ինչպե՞ս վարվել, երբ հարցն անցնում է աննշան վիրավորանքի կամ խնդրի սահմաններից և ավելի լուրջ բնույթ է կրում։ Ե՞րբ է կիրառվում Հիսուսի խորհուրդը՝ արձանագրված Մատթէոս 18։15—18–ում։ Այս հարցերը կքննարկվեն մեր հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Մի գիտնական այն միտքն է հայտնում, որ Միքիա 7։18–ում օգտագործված փոխաբերությունը կարելի է համեմատել «մի ճանապարհորդի հետ, որն անցնում է ինչ–որ բանի մոտով՝ առանց նկատելու այն, քանի որ չի ցանկանում ուշադրություն դարձնել դրա վրա։ Փոխաբերության իմաստն այն չէ, թե մեղքը վրիպում է Աստծո ուշադրությունից կամ էլ նրա կողմից համարվում ոչ այնքան էական ու թերևս ոչ մի կարևորություն չունեցող արարք, այլ այն, որ որոշակի հանգամանքներում նա հաշվի չի առնում մեղքերը և թողնում է անպատիժ. պատժելու փոխարեն՝ նա ներում է» (Դատաւորաց 3։26; Ա Թագաւորաց 16։8)։

Հիշո՞ւմ եք

◻ Եհովան ներողամտության ի՞նչ օրինակ է ցույց տալիս, և ինչպե՞ս կարող ենք հետևել դրան։

◻ Ի՞նչ է հարկավոր մտապահել՝ ժողովի անդամների հետ կապված։

◻ Ի՞նչ է հնարավոր անել համարյա բոլոր դեպքերում, երբ մեզ վիրավորել են կամ կոպիտ են վերաբերվել։

◻ Անհրաժեշտության դեպքում ի՞նչ կարող ենք անել հավատակցի հետ խաղաղության հասնելու համար։

[նկար 10–րդ էջի վրա]

Երբ տարաձայնություն է առաջանում քո և հավատակցիդ միջև, փորձիր անտեսել այն. ժամանակի ընթացքում խնդիրը աստիճանաբար աննշան կթվա քեզ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը