Թող Հիսուսի խոսքերը ազդեն քո մտածելակերպի վրա
«Նա, որին Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում» (ՀՈՎՀ. 3։34)։
1, 2. Ինչի՞ հետ կարելի է համեմատել Լեռան քարոզում Հիսուսի ասած խոսքերը, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ այդ քարոզը հիմնված է «Աստծու խոսքերի» վրա։
ԱՇԽԱՐՀԻ ամենամեծ ադամանդներից մեկը, որ կոչվում է «Աֆրիկայի աստղ», կշռում է 530 կարատ։ Այն իսկապես թանկարժեք գանձ է։ Շատ ավելի թանկ են, սակայն, այն հոգևոր գանձերը, որ գտնում ենք Լեռան քարոզում։ Դա զարմանալի չէ, որովհետև Հիսուսի խոսքերը Եհովայից էին։ Աստվածաշունչը Հիսուսի մասին ասում է. «Նա, որին Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում» (Հովհ. 3։34–36)։
2 Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ տևում է երեսուն րոպեից էլ քիչ, այդուհանդերձ այն պարունակում է 21 մեջբերում Եբրայերեն Գրությունների ութ գրքերից։ Ուստի կարող ենք ասել, որ այդ քարոզը լիովին հիմնված է «Աստծու խոսքերի» վրա։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Եհովայի սիրելի Որդու քարոզում հնչած փայլուն մտքերից։
«Նախ հաշտվիր քո եղբոր հետ»
3. Զայրույթի հետևանքների մասին աշակերտներին զգուշացնելուց հետո Հիսուսն ի՞նչ խորհուրդ տվեց։
3 Մենք՝ քրիստոնյաներս, երջանիկ ենք և ձգտում ենք խաղաղության, որովհետև ունենք Աստծու սուրբ ոգին։ Ուրախությունն ու խաղաղությունը ոգու պտղի մաս են կազմում (Գաղ. 5։22, 23)։ Հիսուսը չէր ուզում, որ իր աշակերտները կորցնեն իրենց ուրախությունն ու խաղաղությունը, ուստի ասաց նրանց, որ երկար ժամանակ զայրացած մնալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ (կարդա՛ Մատթեոս 5։21, 22)։ Հետո ավելացրեց. «Հետևաբար, եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ–որ բան ունի, թո՛ղ ընծադ զոհասեղանի դիմաց և գնա՛, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո, երբ վերադառնաս, մատուցիր քո ընծան» (Մատթ. 5։23, 24)։
4, 5. ա) Մատթեոս 5։23, 24–ում նշված «ընծան» ինչի՞ն էր վերաբերում։ բ) Որքանո՞վ է կարևոր նեղացած եղբոր հետ հաշտվելը։
4 «Ընծա» ասելով Հիսուսը նկատի ուներ ցանկացած նվիրաբերություն, որ մատուցվում էր Երուսաղեմի տաճարում։ Օրինակ՝ կենդանական զոհաբերությունները։ Դրանք կարևոր էին, քանի որ Եհովային մատուցվող երկրպագության մաս էին կազմում։ Սակայն Հիսուսն ընդգծեց ավելի կարևոր մի բան. Աստծուն ընծա մատուցելուց առաջ հարկավոր է հաշտվել նեղացած եղբոր հետ։
5 Ի՞նչ ենք սովորում Հիսուսի այս խոսքերից։ Ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերությունները, անշուշտ, անմիջականորեն կապված են Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների հետ (1 Հովհ. 4։20)։ Ինչ խոսք, երբ հնում Աստծու ծառան ճիշտ չէր վարվում իր մերձավորի հետ, նրա մատուցած ընծան անիմաստ էր դառնում (կարդա՛ Միքիա 6։6–8)։
Խոնարհության դերը
6, 7. Ինչո՞ւ խոնարհությունը կօգնի հաշտվելու վիրավորված հավատակցի հետ։
6 Վիրավորված հավատակցի հետ հաշտվելու համար խոնարհություն է անհրաժեշտ։ Խոնարհ մարդը չի փորձում վիճաբանելով պաշտպանել իր «իրավունքները»։ Հակառակ դեպքում՝ ավելորդ լարվածություն կարող է առաջանալ։ Առաջին դարում նման իրավիճակ էր ստեղծվել կորնթացի քրիստոնյաների միջև։ Այդ առնչությամբ Պողոս առաքյալը մտածելու տեղիք տվող խոսքեր գրեց նրանց. «Ձեզ համար լիակատար պարտություն է, որ դատեր եք ունենում իրար հետ։ Փոխարենը՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ ինքներդ վնաս կրեք։ Կամ փոխարենը՝ ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ ինքներդ խաբվեք» (1 Կորնթ. 6։7)։
7 Հիսուսը չասաց, որ մենք պետք է գնանք մեր եղբոր մոտ, որպեսզի ապացուցենք, որ մենք ճիշտ ենք, իսկ նա՝ սխալ։ Մեր նպատակը պետք է լինի վերականգնել խաղաղությունը։ Դրա համար պետք է ազնվորեն արտահայտենք մեր զգացումները, նաև ընդունենք, որ դիմացինի զգացմունքները վիրավորված են։ Իսկ եթե սխալվել ենք, անշուշտ, կցանկանանք խոնարհաբար ներողություն խնդրել։
«Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ»
8. Հակիրճ պատմիր, թե ինչ ասաց Հիսուսը Մատթեոս 5։29, 30 համարներում։
8 Լեռան քարոզում Հիսուսը լուրջ խորհուրդ տվեց բարոյապես մաքուր մնալու վերաբերյալ։ Նա գիտեր, որ մեր անկատար մարմնի անդամները կարող են «վտանգավոր» լինել։ Այնուհետև ասաց. «Ուրեմն եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և մի կո՛ղմ գցիր։ Որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենը գցվի։ Եվ եթե քո աջ ձեռքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր այն և մի կո՛ղմ գցիր։ Որովհետև քեզ համար ավելի օգտակար է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան թե ամբողջ մարմինդ գեհենում հայտնվի» (Մատթ. 5։29, 30)։
9. Ինչպե՞ս կարող է մեր «աչքը» կամ «ձեռքը» գայթակղեցնել մեզ։
9 «Աչքը» խորհրդանշում է մեր ուշադրությունն ինչ–որ բանի վրա կենտրոնացնելու ունակությունը, իսկ «ձեռքը»՝ այն, ինչ անում ենք ձեռքերով։ Եթե զգոն չլինենք, մարմնի այս մասերը կարող են պատճառ դառնալ, որ «գայթակղվենք» ու դադարենք «Աստծու հետ քայլելուց» (ՆԱ) (Ծննդ. 5։22; 6։9)։ Երբ մեր մեջ Եհովային չհնազանդվելու գայթակղություն է առաջանում, պետք է վճռական քայլեր ձեռնարկենք՝ այսպես ասած, մեր «աչքը հանենք» կամ «ձեռքը կտրենք»։
10, 11. Ի՞նչը կարող է օգնել մեզ խուսափելու սեռական անբարոյությունից։
10 Ի՞նչ կարող ենք անել, որ մեր աչքերն անպարկեշտ բաների վրա չկենտրոնանան։ «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ»,— ասաց աստվածավախ Հոբը (Յոբ 31։1)։ Նա ամուսնացած էր և վճռել էր չոտնահարել բարոյականության վերաբերյալ Աստծու օրենքները։ Մենք նույնպես պետք է նման վճռականություն ունենանք, անկախ նրանից՝ ամուսնացած ենք, թե՝ ոչ։ Որպեսզի խուսափենք սեռական անբարոյությունից, պետք է առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով, որը աստվածասեր մարդկանց մեջ ինքնատիրապետում է զարգացնում (Գաղ. 5։22–25)։
11 Այսօր դժվար չէ անպարկեշտ բովանդակությամբ նյութեր գտնել գրքերում, հեռուստատեսությամբ և Ինտերնետով։ Որպեսզի խուսափենք սեռական անբարոյությունից, լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք թո՞ւյլ եմ տալիս, որ աչքերս իմ մեջ ցանկություն արթնացնեն նման բաների հանդեպ»։ Հիշենք նաև Հակոբոս աշակերտի խոսքերը. «Ամեն մեկը փորձվում է՝ տարվելով և հրապուրվելով իր սեփական ցանկություններով։ Այնուհետև երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, իսկ մեղքը, երբ կատարվում է, մահ է ծնում» (Հակ. 1։14, 15)։ Այո, եթե Աստծուն նվիրված անհատը անվայել մղումներով «շարունակում է նայել» հակառակ սեռի ներկայացուցչին, նա պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի, ինչը համեմատվում է աչքը հանելու և մի կողմ գցելու հետ (կարդա՛ Մատթեոս 5։27, 28)։
12. Պողոսի ո՞ր խորհուրդը կարող է օգնել մեզ անբարո ցանկությունների դեմ պայքարում։
12 Ձեռքերի անպատշաճ գործածությունը կարող է տանել Եհովայի բարոյական չափանիշների լուրջ ոտնահարման։ Հետևաբար, պետք է վճռական լինենք բարոյապես մաքուր մնալու հարցում։ Պողոսի հետևյալ խորհրդին ականջ դնելը կօգնի մեզ. «Սպանե՛ք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կող. 3։5)։ «Սպանեք» բառը շեշտում է լուրջ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը անբարո ցանկությունների դեմ պայքարում։
13, 14. Ինչո՞ւ է անհրաժեշտ խուսափել անբարո մտքերից ու գործերից։
13 Ենթադրենք՝ անհատի վերջույթը վնասվել է, ինչի պատճառով նրա կյանքին վտանգ է սպառնում։ Նա թերևս համաձայնվի, որ վիրաբույժը այն հեռացնի։ Անբարո մտքերից կամ գործերից խուսափելու համար շատ կարևոր է «մի կողմ գցել» այլաբանական աչքը կամ ձեռքը, այլապես այդ մտքերն ու գործերը կարող են թանկ նստել մեզ վրա. մենք գուցե մահանանք հոգևորապես։ Մտային, բարոյական և հոգևոր առումով մաքուր մնալով միայն կարող ենք խուսափել գեհենից՝ հավիտենական կործանումից։
14 Մենք ժառանգել ենք մեղք և անկատարություն, ուստի պետք է ջանք թափենք, որ բարոյապես մաքուր մնանք։ Պողոսն ասաց. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ նրան, որ չլինի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս ինչ–որ ձևով հավանության չարժանանամ» (1 Կորնթ. 9։27)։ Ուրեմն՝ եկեք վճռական լինենք կիրառելու բարոյականության վերաբերյալ Հիսուսի խորհուրդը՝ երբեք չանելով այնպիսի բաներ, որոնք կարտահայտեն արհամարհանք նրա քավիչ զոհի հանդեպ (Մատթ. 20։28; Եբր. 6։4–6)։
«Տվե՛ք»
15, 16. ա) Տալու հարցում Հիսուսն ի՞նչ օրինակ է թողել։ բ) Ի՞նչ են նշանակում Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Ղուկաս 6։38 համարում։
15 Հիսուսն իր խոսքերով և գործերով ցույց տվեց, որ հարկավոր է լինել առատաձեռն։ Նա ինքը, ցուցաբերելով մեծ առատաձեռնություն, եկավ երկիր, որպեսզի բարիք գործի անկատար մարդկանց համար (կարդա՛ 2 Կորնթացիներ 8։9)։ Հիսուսը հոժարակամորեն թողեց իր երկնային փառքը, դարձավ մարդ և իր կյանքը տվեց մեղավոր մարդկանց համար։ Այդ մարդկանցից ոմանք, Թագավորության մեջ դառնալով նրա ժառանգակիցներ, հարստություն էին ստանալու երկնքում (Հռոմ. 8։16, 17)։ Հիսուսը, անշուշտ, խրախուսեց առատաձեռն լինել, երբ ասաց.
16 «Տվե՛ք, և մարդիկ կտան ձեզ։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ–լեցուն։ Որովհետև ինչ չափով որ չափում եք, փոխարենը՝ նույն չափով էլ ձեզ կչափեն» (Ղուկ. 6։38)։ Հնում մարդիկ լայն վերնազգեստի վրայից գոտի էին կապում, և երբ վերնազգեստի փեշերը բարձրացնում էին, պարկ էր ստացվում։ «Գիրկը կլցնեն» արտահայտությունը ակնարկում է որոշ առևտրականների այն սովորությանը, ըստ որի՝ նրանք գնորդի այդ «պարկը» լիքը լցնում էին։ Եթե մենք ի սրտե առատաձեռն լինենք, ապա, երբ կարիքի մեջ հայտնվենք, հնարավոր է, ուրիշներն էլ մեր հանդեպ «լավ չափով» առատաձեռն լինեն (Ժող. 11։2)։
17. Ինչպե՞ս է Եհովան գերազանց օրինակ թողել տալու հարցում, և ինչպե՞ս կարող ենք տալ, որ ուրախություն ստանանք։
17 Եհովան սիրում է ուրախությամբ տվողներին և պարգևատրում է նրանց։ Տալու մեջ նա ինքը գերազանց օրինակ է թողել։ Աստված տվեց իր միածին Որդուն, «որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Պողոսը գրեց. «Նա, ով առատաձեռնությամբ է ցանում, առատությամբ էլ կհնձի։ Թող ամեն մեկը անի ճիշտ այնպես, ինչպես որ իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթ. 9։6, 7)։ Եթե մեր ժամանակը, ուժերը և նյութական միջոցները տանք ճշմարիտ երկրպագության առաջխաղացման համար, ապա, անկասկած, մեր սիրտը կլցվի մեծ ուրախությամբ, և մենք «լեփ–լեցուն» օրհնություններ կստանանք (կարդա՛ Առակաց 19։17; Ղուկաս 16։9)։
«Քո առջևից փող մի՛ հնչեցրու»
18. Ո՞ր դեպքում «վարձատրություն չենք ստանա» մեր երկնային Հորից։
18 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր արդարությունը մարդկանց առաջ ցույց չտաք նրանց կողմից նկատվելու համար, այլապես վարձատրություն չեք ստանա ձեր Հորից, որ երկնքում է» (Մատթ. 6։1)։ «Արդարություն» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ Աստծու կամքին համապատասխանող վարքը։ Նա չէր ուզում ասել, թե երբեք չպետք է մարդկանց ներկայությամբ Աստծուն հաճելի գործեր անել։ Հիսուսն ինքը իր աշակերտներին ասել էր. «Թող ձեր լույսը փայլի մարդկանց առջև» (Մատթ. 5։14–16)։ Մենք «վարձատրություն չենք ստանա» մեր երկնային Հորից, եթե, դերասանների պես, որոնք խաղում են թատրոնի բեմում, ինչ–որ բան անենք այն նպատակով, որ մարդիկ մեզ «նկատեն» և մեզնով հիանան։ Եթե մեր մղումները այդպիսին են, չենք կարող վայելել մտերիմ փոխհարաբերություններ Աստծու հետ և չենք ստանա Թագավորության հավիտենական օրհնությունները։
19, 20. ա) Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց՝ «փող մի՛ հնչեցրու»։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը։
19 Եթե ճիշտ մտայնություն ունենք, ապա կհետևենք Հիսուսի հետևյալ հորդորին. «Ուստի երբ ողորմության նվերներ ես տալիս, քո առջևից փող մի՛ հնչեցրու, ինչպես որ կեղծավորներն են անում ժողովարաններում և փողոցներում, որպեսզի մարդկանց կողմից փառավորվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ ստացել են արդեն» (Մատթ. 6։2)։ «Ողորմության նվերները» աղքատներին տրվող օգնությունն էր (կարդա՛ Եսայիա 58։6, 7)։ Հիսուսն ու իր առաքյալները ունեին արկղ, որտեղ գցված դրամից տալիս էին աղքատներին (Հովհ. 12։5–8; 13։29)։ Երբ մարդիկ այդպիսի օգնություն էին ցույց տալիս, դրանից առաջ փող չէին հնչեցնում։ Ուստի Հիսուսը ակներևաբար նկատի ուներ ոչ թե բառացի, այլ փոխաբերական իմաստով փող չհնչեցնելը։ Երբ ինչ–որ մեկին օգնում ենք, մենք չպետք է ազդարարենք այդ մասին, ինչպես որ անում էին փարիսեցիները։ Հիսուսը նրանց կեղծավորներ անվանեց, որովհետև նրանք իրենց բարեգործությունների մասին ազդարարում էին «ժողովարաններում և փողոցներում»։ Այդ կեղծավորները «իրենց վարձատրությունը ամբողջությամբ ստացել էին արդեն»։ Իրենց հասցեին ասված գովեստի խոսքերը և ժողովարանում անվանի ռաբբիների կողքին նստելը նրանց ստացած ամբողջ վարձատրությունն էր։ Դրա համար էլ Եհովան նրանց ոչինչ չէր տալու (Մատթ. 23։6)։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվեին Քրիստոսի աշակերտները։ Հիսուսը նրանց ասաց.
20 «Բայց դու, երբ ողորմության նվերներ ես տալիս, թույլ մի՛ տուր, որ քո ձախ ձեռքը իմանա, թե ինչ է անում աջը, որպեսզի քո տված նվերները ծածուկ մնան. և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ» (Մատթ. 6։3, 4)։ Այս խոսքերը վերաբերում են նաև մեզ։ Սովորաբար մենք ինչ–որ բան անելիս երկու ձեռքերն էլ օգտագործում ենք։ Ուստի թույլ չտալ, որ ձախ ձեռքն իմանա, թե ինչ է անում աջը, նշանակում է մեր բարի գործերի մասին չազդարարել նույնիսկ մեր մտերիմներին, որոնք մեզ հետ կապված են այնպես, ինչպես որ ձախ ձեռքն է կապված աջին։
21. Եհովան, որ դիտում է «ծածուկ տեղից», ինչպե՞ս կվարձատրի մեզ։
21 Եթե չպարծենանք մեր բարեգործությամբ, մեր «ողորմության նվերները» ծածուկ կմնան։ Այդ ժամանակ մեր Հայրը, «որ դիտում է ծածուկ տեղից», կվարձատրի մեզ։ Բնակվելով երկնքում և մարդկանց աչքին լինելով անտեսանելի՝ մեր երկնային Հայրը մնում է «ծածուկ տեղում» (Հովհ. 1։18)։ Եհովան, որ դիտում է «ծածուկ տեղից», կվարձատրի մեզ այն իմաստով, որ կդառնա մեր մտերիմը, կների մեր մեղքերը և հավիտենական կյանք կտա մեզ (Առակ. 3։32; Հովհ. 17։3; Եփես. 1։7)։ Անկասկած, այս օրհնությունները շատ ավելի ցանկալի են, քան մարդկանց կողմից գովասանքի արժանանալը։
Անգին խոսքերը՝ մեր սրտում
22, 23. Ինչո՞ւ պետք է Հիսուսի խոսքերը մեր սրտում պահենք։
22 Անշուշտ, Լեռան քարոզը լի է հոգևոր գանձերով։ Այն պարունակում է անգին խոսքեր, որոնք մեր սիրտը լցնում են ուրախությամբ նույնիսկ այս դժվար ժամանակներում։ Այո՛, մենք երջանիկ կլինենք, եթե մեր սրտում պահենք Հիսուսի խոսքերը և թույլ տանք, որ դրանք ազդեն մեր մտածելակերպի և ապրելակերպի վրա։
23 Յուրաքանչյուր ոք, ով «լսում» և «կատարում» է Հիսուսի ասածները, օրհնություններ կստանա (կարդա՛ Մատթեոս 7։24, 25)։ Ուստի եկեք վճռենք ապրել Հիսուսի խորհուրդների համաձայն։ Այս հոդվածաշարի վերջին հոդվածում կքննենք Լեռան քարոզում հնչած ուրիշ խոսքեր ևս։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ է վիրավորված հավատակցի հետ հաշտվելը կարևոր։
• Ի՞նչ կարող ենք անել, որ մեր «աջ աչքը» չգայթակղեցնի մեզ։
• Ինչպիսի՞ն պետք է լինի մեր տրամադրվածությունը, երբ տալիս ենք։
[նկար 11–րդ էջի վրա]
Որքա՜ն լավ է, երբ հաշտվում ենք մեզնից նեղացած հավատակցի հետ
[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Եհովան օրհնում է ուրախությամբ տվողներին