Ընթերցողների հարցերը
Հիսուսն ասաց իր ունկնդիրներին. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ»։ Ինչպե՞ս կարող են այսօր մարդիկ «կատարյալ» լինել (Մատթ. 5։48)։
Այս հարցի պատասխանը հասկանալու համար նախ պետք է իմանանք, թե ինչպես են «կատարյալ» և «կատարելություն» բառերն օգտագործվում Աստվածաշնչում։ Երբ Սուրբ Գիրքը որևէ բան նկարագրում է որպես կատարյալ, միշտ չէ, որ այն օգտագործում է բացարձակ իմաստով։ Ինչ խոսք, Եհովան բացարձակապես կատարյալ է։ Իսկ մարդիկ ու առարկաները կարող են կատարյալ լինել միայն հարաբերական իմաստով։ Աստվածաշնչում գործածված եբրայերեն և հունարեն բառերը, որոնք թարգմանվել են «կատարյալ», հաճախ նշանակում են «ամբողջական», «հասուն» կամ «անթերի»՝ համաձայն այն չափանիշների, որոնք հաստատված են իշխանություն ունեցողի կողմից։ Խոսակցական լեզվում այդ բառը սովորաբար օգտագործվում է հարաբերական իմաստով, օրինակ՝ կատարյալ պայմաններ։
Ադամն ու Եվան բարոյապես, հոգևորապես և ֆիզիկապես կատարյալ էին ստեղծվել։ Նրանք կատարյալ էին՝ համաձայն իրենց Արարչի սահմանած չափանիշի։ Սակայն անհնազանդության պատճառով նրանք չհասան այդ չափանիշին, հետևաբար կորցրին իրենց կատարելությունը և անկատարություն փոխանցեցին իրենց սերունդներին։ Ուստի Ադամի միջոցով մեղքը, անկատարությունը և մահը տարածվեցին ամբողջ մարդկության վրա (Հռոմ. 5։12)։
Ինչպես Հիսուսը բացատրեց Լեռան քարոզում, նույնիսկ անկատար մարդիկ կարող են կատարյալ լինել հարաբերական իմաստով։ Այս քարոզի մեջ նա չափանիշներ սահմանեց կատարյալ, կամ՝ ամբողջական սիրո համար։ Սա այն սերն է, որն Աստված է ցուցաբերում մարդկանց հանդեպ։ Հիսուսն ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա» (Մատթ. 5։44, 45)։ Այդպիսի մեծ սեր ցուցաբերելով՝ Քրիստոսի աշակերտները կկարողանային ընդօրինակել Աստծու կատարյալ օրինակը։
Այսօր Եհովայի վկաները ամբողջ աշխարհում ձգտում են այսպիսի մեծ սեր դրսևորել ուրիշների հանդեպ։ Նրանք ցանկանում են օգնել տարբեր ծագում ունեցող, տարբեր ռասաների և կրոնների պատկանող բոլոր մարդկանց ճշգրիտ գիտելիքներ ստանալու Աստվածաշնչից։ 236 երկրներում Վկաները հետաքրքրություն ցույց տվող անհատների հետ ներկայումս ավելի քան 7000000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացնում։
Հիսուսը հարցրեց. «Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք։ Մի՞թե մաքսահավաքներն էլ նույնը չեն անում։ Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ մի արտասովոր բան արած կլինեք։ Մի՞թե ուրիշ ազգերի մարդիկ էլ նույնը չեն անում» (Մատթ. 5։46, 47)։ Ճշմարիտ քրիստոնյաները խտրականություն չեն դնում որոշակի կրթություն կամ էթնիկական ծագում ունեցող մարդկանց միջև, ոչ էլ սեր են դրսևորում միայն նրանց նկատմամբ, ովքեր կարող են սիրով փոխադարձել։ Հակառակը՝ նրանք օգնում են աղքատ և հիվանդ մարդկանց, երիտասարդներին ու տարեցներին։ Նման միջոցներով քրիստոնյաները կարող են ընդօրինակել Եհովայի սերը և այդպիսով կատարյալ լինել հարաբերական իմաստով։
Կվայելե՞նք երբևէ այն կատարելությունը, որ Ադամը կորցրեց։ Այո՛, Հիսուսի քավիչ զոհի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ հնազանդ մարդկությունը լիովին կհասնի կատարելության Քրիստոսի Հազարամյա Իշխանություն օրոք, երբ «Աստծու Որդին.... Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհ. 3։8)։