Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 2/1 էջ 8–12
  • «Տէր, սովորեցրու մեզ աղօթք անել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Տէր, սովորեցրու մեզ աղօթք անել»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սիրառատ Հայր
  • Սեր Եհովայի անվան հանդեպ
  • Թագավորություն, որի համար աղոթում ենք
  • Ինչո՞ւ դեռևս հարկ կա աղոթել Թագավորության գալստյան համար
  • «Լինի քո կամքը»
  • Եհովայի կամքը երկնքում
  • Եհովայի կամքը երկրի առնչությամբ
  • Ապրիր տիպար աղոթքին ներդաշնակ. մաս I
    2015 Դիտարան
  • Աղոթքներ, որոնք Աստված լսում է
    2009 Դիտարան
  • «Հայր մեր» աղոթքը ինչ նշանակություն ունի ձեզ համար
    2004 Դիտարան
  • Ինչպե՞ս աղոթել. արդյո՞ք «Տերունական աղոթքը» կրկնելը լավագույն ձևն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
2004 Դիտարան
w04 2/1 էջ 8–12

«Տէր, սովորեցրու մեզ աղօթք անել»

«Իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէր, սովորեցրու մեզ աղօթք անելը» (ՂՈՒԿԱՍ 11։1)։

1. Ինչո՞ւ Հիսուսի աշակերտներից մեկը խնդրեց նրան, որ իրենց աղոթել սովորեցնի։

ՄԻ ԱՆԳԱՄ մ.թ.ա. 32 թ.–ին Հիսուսի աշակերտներից մեկը տեսավ նրան աղոթելիս։ Նա չէր կարող լսել, թե ինչ էր ասում Հիսուսն իր Հորը, քանի որ Հիսուսը հավանաբար լուռ էր աղոթում։ Բայց երբ նա ավարտեց, այդ աշակերտը նրան ասաց. «Տէր, սովորեցրու մեզ աղօթք անելը» (Ղուկաս 11։1)։ Ի՞նչը մղեց նրան նման խնդրանքով դիմելու։ Աղոթքը հրեայի առօրյա ու կրոնական կյանքում հատուկ տեղ էր զբաղեցնում։ Եբրայերեն Գրությունները պարունակում են բազմաթիվ աղոթքներ, օրինակ՝ «Սաղմոսներում»։ Հետևաբար աշակերտը չէր հարցնում մի բանի մասին, ինչը նա չգիտեր կամ երբևէ չէր արել։ Անկասկած, նրան ծանոթ էին հուդայականության կրոնական առաջնորդների ձևական աղոթքները։ Բայց հիմա նա տեսավ Հիսուսին աղոթելիս և, հավանաբար, զգաց, որ մեծ տարբերություն գոյություն ունի ռաբբիների կեղծ բարեպաշտական աղոթքների ու Հիսուսի աղոթքի միջև (Մատթէոս 6։5–8)։

2. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը նկատի չուներ, որ տիպար աղոթքը հարկավոր է բառ առ բառ կրկնել։ բ) Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում, թե ինչպես է հարկավոր աղոթել։

2 Այս դեպքից մոտ 18 ամիս առաջ Հիսուսը Լեռան քարոզում իր աշակերտներին տվել էր աղոթքի մի օրինակ, որի հիման վրա նրանք կարող էին կառուցել իրենց աղոթքները (Մատթէոս 6։9–13)։ Հնարավոր է, այդ աշակերտը ներկա չէր այդ ժամանակ, ուստի Հիսուսը սիրով նրա համար կրկնեց տիպար աղոթքի կարևոր կետերը։ Ուշագրավ է, որ նա բառ առ բառ չկրկնեց աղոթքը, ինչը խոսում է այն մասին, որ Հիսուսը նկատի չուներ, թե իր սովորեցրած աղոթքը պետք է ծիսական լինի, որը հարկավոր է անգիր ասել (Ղուկաս 11։1–4)։ Այդ աշակերտի պես, մենք ցանկանում ենք սովորել աղոթել, որպեսզի է՛լ ավելի մոտենանք Եհովային։ Եկեք քննենք տիպար աղոթքը՝ գրված Մատթեոսի Ավետարանում։ Այն բաղկացած է յոթ խնդրանքներից, որից երեքը վերաբերում են Աստծո նպատակներին, իսկ չորսը՝ մեր նյութական ու հոգևոր կարիքներին։ Այս հոդվածում կքննարկենք առաջին երեք խնդրանքները։

Սիրառատ Հայր

3, 4. Եհովային որպես ‘մեր Հոր’ դիմելը ի՞նչ է նշանակում։

3 Հենց սկզբից Հիսուսը ցույց տվեց, որ մեր աղոթքները պետք է արտացոլեն մտերիմ, բայցև հարգալից հարաբերություններ Եհովայի հետ։ Լեռան լանջին Հիսուսը, որի մոտ հավաքվել էին նրա աշակերտները, գլխավորապես արտահայտում էր մտքեր, որոնք օգտավետ էին լինելու նրանց համար։ Նա նրանց ասաց, որ Եհովային դիմեն այսպես՝ «մեր Հայր, որ երկնքումն ես» (Մատթէոս 6։9)։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ անկախ նրանից, թե Հիսուսը խոսում էր եբրայերենի տարածված բարբառներից մեկով թե արամերենով՝ «Հայր» բառի համար նա օգտագործեց մի բառ, որը իմաստով մոտ է այն մտերմիկ արտահայտությանը՝ «երեխայի խոսքին», որ կասեր մանուկը հորը դիմելիս։ Եհովային որպես ‘մեր Հոր’ դիմելը նշանակում է, որ մենք նրա հետ ջերմ, վստահելի հարաբերություններ ունենք։

4 Ասելով «մեր Հայր»՝ մենք դրանով նաև ընդունում ենք, որ մաս ենք կազմում մի մեծ ընտանիքի, որտեղ Եհովային ճանաչում են որպես Կենսատուի (Եսայիա 64։8; Գործք 17։24, 28)։ Ոգուց ծնված քրիստոնյաները «Աստուծոյ որդիք» են՝ որդեգրվում են Աստծո կողմից, և նրանք, դիմելով Աստծուն, կարող են աղաղակել՝ «Աբբա, Հայր» (Հռովմայեցիս 8։14, 15)։ Միլիոնավոր մարդիկ դարձել են նրանց հավատարիմ ուղեկիցները։ Նրանք նվիրել են իրենց կյանքը Եհովային ու այդ նվիրումը խորհրդանշել են ջրի մկրտությամբ։ Այս բոլոր «ուրիշ ոչխարները» կարող են Եհովային մոտենալ նաև Հիսուսի անունով ու կանչել նրան՝ «մեր Հայր» (Յովհաննէս 10։16; 14։6)։ Մենք ամեն ժամանակ կարող ենք աղոթքով մեր երկնային Հորը փառաբանել, շնորհակալություն հայտնել իր՝ մեր հանդեպ արած բոլոր բարի գործերի համար ու մեր հոգսերը գցել նրա վրա՝ վստահ լինելով, որ նա հոգ կտանի մեր մասին (Փիլիպպեցիս 4։6, 7; Ա Պետրոս 5։6, 7)։

Սեր Եհովայի անվան հանդեպ

5. Ո՞ր խնդրանքով է սկսվում տիպար աղոթքը, և ինչո՞ւ է դա տեղին։

5 Առաջին իսկ խնդրանքը ցույց է տալիս, թե ինչը պետք է ամենակարևոր բանը համարենք։ Այնտեղ ասվում է. «Սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Այո, Եհովայի անվան սրբացումը պետք է մեզ համար առաջնահերթ կարևորություն ունենա, քանի որ մենք սիրում ենք Աստծուն ու տանել չենք կարող այն բոլոր նախատինքը, որ թափվում է նրա անվան վրա։ Սատանան իր ապստամբությամբ, ինչպես նաև նրանով, որ առաջին մարդկանց դրդեց չհնազանդվել Եհովա Աստծուն, պախարակեց նրա անունը և հարցականի տակ դրեց այն, թե ինչպես է Աստված ի գործ դնում իր տիեզերական գերիշխանությունը (Ծննդոց 3։1–6)։ Բացի այդ, Եհովայի անունը դարեր շարունակ խայտառակվել է այն ամոթալի գործերի և ուսմունքների պատճառով, որոնք արել ու սովորեցրել են մարդիկ, ովքեր իբրև թե ներկայացնում էին Աստծուն։

6. Ի՞նչ չենք անի, եթե աղոթում ենք Եհովայի անվան սրբացման համար։

6 Եհովայի անվան սրբացման համար ասված մեր աղոթքները վկայում են, թե տիեզերական գերիշխանության հարցի հետ կապված որն է մեր դիրքորոշումը. մենք լիովին համաձայն ենք, որ Եհովան իրավունք ունի կառավարելու տիեզերքը։ Եհովան ուզում է, որ տիեզերքում բնակվեն այն բանական էակները, ովքեր, սիրելով իրեն, ինչպես նաև սիրելով այն ամենը, ինչ որ նրա անունը ներկայացնում է, պատրաստակամորեն և ուրախությամբ ենթարկվում են իր արդար գերիշխանությանը (Ա Մնացորդաց 29։10–13; Սաղմոս 8։1; 148։13)։ Սերը Եհովայի անվան հանդեպ կօգնի մեզ հեռու մնալ այնպիսի բաներից, որոնք կարող են նախատինք բերել այդ սուրբ անվանը (Եզեկիէլ 36։20, 21; Հռովմայեցիս 2։21–24)։ Քանի որ տիեզերքի ու նրա բնակիչների խաղաղությունը կախված է Եհովայի անվան սրբացումից ու նրա գերիշխանությանը սիրով հնազանդվելուց, ապա աղոթելով «սուրբ լինի քո անունը»՝ մենք դրանով արտահայտում ենք վստահություն այն բանում, որ Եհովայի նպատակը կիրագործվի ի փառս նրա (Եզեկիէլ 38։23)։

Թագավորություն, որի համար աղոթում ենք

7, 8. ա) Ի՞նչ է այն Թագավորությունը, որի մասին Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել։ բ) Ի՞նչ ենք իմանում այդ Թագավորության մասին «Դանիէլ» և «Յայտնութիւն» գրքերից։

7 Տիպար աղոթքում երկրորդ խնդրանքը հետևյալն է՝ «գայ քո արքայութիւնը» (Մատթէոս 6։10)։ Այս խնդրանքը սերտորեն կապված է նախորդի հետ։ Եհովան իր անունը սրբացնելու է Մեսիական Թագավորության միջոցով, որը երկնային կառավարություն է, և որի Թագավոր է պաշտոնապես նշանակվել նրա Որդի Հիսուս Քրիստոսը (Սաղմոս 2։1–9)։ Դանիելի մարգարեությունը նկարագրում է այս Մեսիական Թագավորությունը որպես մի «քար», որը պոկվել է «սարիցը» (Դանիէլ 2։34, 35, 44, 45)։ Սարը ներկայացնում է Եհովայի տիեզերական գերիշխանությունը, ուստի Թագավորությունը, որ ներկայացված է քարով, Եհովայի տիեզերական իշխանության նոր դրսևորում է։ Մարգարեության մեջ քարը դառնում է ‘մեծ սար և լցնում է բոլոր երկիրը’, ինչը խոսում է այն մասին, որ Մեսիական Թագավորությունը կներկայացնի Աստծո գերիշխանությունը երկրի վրա։

8 Քրիստոսի հետ թագավորություն ու քահանայություն կանեն նաև 144 000 անձինք, որոնք «մարդոց մէջէն գնուեցան» (ԱԱ) (Յայտնութիւն 5։9, 10; 14։1–4; 20։6)։ Դանիելը նրանց անվանում է «Բարձրեալի սուրբեր», որոնք իրենց Գլխի՝ Քրիստոսի հետ ստանում են «թագաւորութիւնն ու իշխանութիւնը եւ բոլոր երկնքի տակին եղող թագաւորութիւնների մեծութիւնը.... Նորա [«նրանց», ՆԱ] թագաւորութիւնը յաւիտենական թագաւորութիւն է եւ բոլոր իշխանութիւնները պիտի նորան [«նրանց», ՆԱ] ծառայեն եւ հնազանդեն» (Դանիէլ 7։13, 14, 18, 27)։ Ահա այսպիսի երկնային կառավարության մասին էր, որ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել։

Ինչո՞ւ դեռևս հարկ կա աղոթել Թագավորության գալստյան համար

9. Ինչո՞ւ է տեղին, որ աղոթենք Աստծո Թագավորության գալստյան համար։

9 Տալով տիպար աղոթքը՝ Քրիստոսը սովորեցնում է մեզ աղոթել Աստծո Թագավորության գալստյան համար։ Աստվածաշնչային մարգարեությունների կատարումը փաստում է, որ Մեսիական Թագավորությունը հիմնվեց երկնքում 1914 թ.–ին։a Արժե՞ արդյոք, ուրեմն, շարունակել աղոթել, որ Թագավորությունը «գայ»։ Իհա՛րկե։ Չէ՞ որ, համաձայն Դանիելի մարգարեության, Մեսիական Թագավորությունը՝ խորհրդանշված քարով, հակամարտության մեջ է մարդկային կառավարությունների հետ, որոնք խորհրդանշվում են մեծ արձանով։ Այդ քարը դեռ պիտի գա ու հարվածի արձանին այնպես ուժգնորեն, որ այն կփոշիանա։ Դանիելի մարգարեության մեջ ասվում է. «Նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեան» (Դանիէլ 2։44)։

10. Ինչո՞ւ ենք փափագում, որ Աստծո Թագավորությունը գա։

10 Մենք փափագում ենք, որ Աստծո Թագավորությունը գա ու վերջ դնի Սատանայի այս ամբարիշտ համակարգին, քանի որ դա կնշանակի Եհովայի սուրբ անվան սրբացում ու նրա գերիշխանության բոլոր թշնամիների վերացում։ Մենք ջերմեռանդորեն աղոթում ենք՝ «գայ քո արքայութիւնը», և Հովհաննես առաքյալի հետ ասում ենք. «Ամեն։ Եկ, Տէր Յիսուս» (Յայտնութիւն 22։20)։ Այո՛, թող Հիսուսը գա ու սրբացնի Եհովայի անունը և արդարացնի նրա գերիշխանությունը։ Այդպիսով կիրականանան սաղմոսերգուի խոսքերը. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։

«Լինի քո կամքը»

11, 12. ա) Երբ աղոթում ենք, որ Աստծո կամքը լինի «ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ», ի՞նչ ենք դրանով խնդրում։ բ) Ուրիշ էլ ի՞նչ է նշանակում աղոթելը, որ Եհովայի կամքը կատարվի։

11 Հիսուսը շարունակեց իր աշակերտներին սովորեցնել աղոթել. «Լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Տիեզերքը գոյացավ Եհովայի կամքի շնորհիվ։ Հզոր երկնային էակները գոչում են. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան» (Յայտնութիւն 4։11)։ Եհովան որոշակի նպատակ ունի այն բաների առնչությամբ, «ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը» (Եփեսացիս 1։8–10)։ Աղոթելով, որ Աստծո կամքը կատարվի՝ մենք, փաստորեն, խնդրում ենք Եհովային, որ իրականացնի իր նպատակը։ Մենք դրանով ցույց ենք տալիս, որ շատ ենք ուզում տեսնել այն ժամանակները, երբ Աստծո կամքը իրականացված կլինի համայն տիեզերքում։

12 Այս աղոթքով մենք նաև ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք մեր կյանքը համապատասխանեցնել Եհովայի կամքին։ Հիսուսն ասաց. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ» (Յովհաննէս 4։34)։ Հիսուսի պես, մենք՝ որպես նվիրված քրիստոնյաներ, հաճույք ենք ստանում Աստծո կամքը կատարելուց։ Սերը Եհովայի ու նրա Որդու հանդեպ մղում է մեզ այսուհետ ապրել ոչ թե մարդկային ցանկությունները, այլ Աստծո կամքը կատարելու համար (Ա Պետրոս 4։1, 2; Բ Կորնթացիս 5։14, 15)։ Մենք աշխատում ենք խուսափել այն բաներն անելուց, որոնք, ինչպես գիտենք, հակասում են Եհովայի կամքին (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5)։ Ժամանակ գնելով Աստվածաշունչ ընթերցելու և ուսումնասիրելու համար՝ մենք կշարունակենք ‘իմանալ, թե ինչ է Տիրոջ կամքը’. օրինակ՝ Աստծո կամքն է, որ մենք ակտիվորեն մասնակցենք ‘արքայության ավետարանի’ քարոզչությանը (Եփեսացիս 5։15–17; Մատթէոս 24։14)։

Եհովայի կամքը երկնքում

13. Ինչպե՞ս էր Աստծո կամքը կատարվում դեռ շատ վաղուց այն բանից առաջ, երբ Սատանան ապստամբեց։

13 Եհովայի կամքը երկնքում կատարվում էր դեռ շատ վաղուց այն բանից առաջ, երբ նրա ոգեղեն որդիներից մեկը ապստամբեց ու դարձավ Սատանա։ «Առակաց» գրքում Աստծո անդրանիկ Որդին նկարագրվում է որպես իմաստության մարմնացում։ «Առակացում» գրված խոսքերից երևում է, որ անհիշելի ժամանակներից Աստծո միածին Որդին «նորա ուրախութիւնն [էր] ամեն օր», երջանիկ՝ իրագործելու իր Հոր կամքը։ Նա դարձավ Եհովայի ‘ճարտարապետը’, և «նորանով ամեն բան ստեղծուեցաւ ինչ որ երկնքումն՝ եւ ինչ որ երկրիս վերայ է՝ երեւողները եւ չ’երեւողները» (Առակաց 8։22–31; Կողոսացիս 1։15–17)։ Հիսուսը Եհովայի Խոսքն էր (Բանը)՝ Պատգամախոսը (Յովհաննէս 1։1–3)։

14. Ի՞նչ կարող ենք սովորել 103–րդ սաղմոսից այն մասին, թե ինչպես են հրեշտակները երկնքում կատարում Եհովայի կամքը։

14 Սաղմոսերգուն ցույց է տալիս, որ Եհովայի գերիշխանությունը ամենից վեր է, և որ բյուրավոր հրեշտակները ենթարկվում են Աստծո կարգադրություններին ու պատվերներին։ Կարդում ենք. «Տէրը երկնքումը հաստատեց իր աթոռը, եւ նորա թագաւորութիւնը տիրում է բոլորին։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա հրեշտակներ՝ հզոր զօրութեամբ, որ կատարում էք նորա խօսքը. նորա խօսքի ձայնը լսելով։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր զօրքեր՝ նորա պաշտօնեաներ, որ կատարում էք նորա կամքը։ Օրհնեցէք Տիրոջը, ով նորա բոլոր արարածներ, նորա տէրութեան ամեն տեղերումը» (Սաղմոս 103։19–22)։

15. Հիսուսի օժտվելը Թագավորական իշխանությամբ ինչպե՞ս ազդեց երկնքում Աստծո կամքի կատարման վրա։

15 Իր ապստամբությունից հետո Սատանան դեռևս մուտք ուներ երկնային գավիթները, ինչպես նշվում է «Յոբ» գրքում (Յոբ 1։6–12; 2։1–7)։ Սակայն «Յայտնութիւն» գրքում տրվեց մի մարգարեություն, համաձայն որի՝ գալու էր ժամանակը, երբ Սատանան ու նրա դևերը դուրս էին շպրտվելու երկնքից։ Դա ակներևաբար տեղի ունեցավ կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հիսուս Քրիստոսը 1914 թ.–ին Թագավորական իշխանությամբ օժտվեց։ Այդ պահից սկսած՝ երկնքում այլևս տեղ չկա այդ ապստամբների համար։ Նրանք կարող են գործել միայն երկրի սահմաններում (Յայտնութիւն 12։7–12)։ Երկնքում այլևս չի լսվում հակաճառության և ոչ մի ձայն. լսվում են միայն ձայներ, որոնք բուռն ողջույններ են հղում ‘Գառին’՝ Հիսուս Քրիստոսին, և խոնարհությամբ գովաբանում են Եհովային (Յայտնութիւն 4։9–11)։ Եհովայի կամքն իսկապես կատարվում է երկնքում։

Եհովայի կամքը երկրի առնչությամբ

16. Ինչպե՞ս է տիպար աղոթքը հերքում քրիստոնեական աշխարհի ուսմունքներից մեկն այն մասին, թե ինչ հույս կարող են ունենալ մարդիկ։

16 Քրիստոնեական աշխարհի եկեղեցիները Աստծո նպատակների մասին խոսելիս երկրի մասին չեն էլ հիշում՝ պնդելով, թե բոլոր լավ մարդիկ գնում են երկինք։ Բայց Հիսուսը մեզ սովորեցրել է աղոթել. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Կարո՞ղ է մարդ, եթե անգամ շատ մեծ երևակայություն ունենա, ասել, որ Եհովայի ողջ կամքը այսօր կատարվում է երկրի վրա. երկիր, որտեղ մարդիկ տանջվում են բռնությունից, անարդարությունից, հիվանդություններից, և որտեղ գոյություն ունի մահ։ Ո՛չ, չի՛ կարող։ Ուստի մենք պետք է ջերմեռանդորեն աղոթենք, որ Աստծո կամքը կատարվի երկրի վրա՝ համաձայն այն խոստման, որ գրել է Պետրոս առաքյալը. «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի [Մեսիական Թագավորությունը Քրիստոսի գլխավորությամբ] եւ նոր երկրի [մարդկային արդար հասարակության] ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։

17. Ո՞րն է Եհովայի նպատակը երկրի առնչությամբ։

17 Եհովան որոշակի նպատակ է ունեցել, երբ ստեղծել է երկիրը։ Նա Եսայիա մարգարեին ներշնչեց գրելու. «Այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ» (Եսայիա 45։18)։ Աստված մարդկային առաջին զույգին տեղավորեց դրախտային պարտեզում ու նրանց պատվիրեց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք» (Ծննդոց 1։27, 28; 2։15)։ Բավական հստակ է, որ Արարչի նպատակն է, որ երկիրը բնակեցվի կատարյալ մարդկանցով, որոնք արդարություն կգործեն և ուրախությամբ կհնազանդվեն իր գերիշխանությանը ու հավիտյան կապրեն այն Դրախտում, որ խոստացել էր Քրիստոսը (Սաղմոս 37։11, 29; Ղուկաս 23։43, ՆԱ)։

18, 19. ա) Ի՞նչ պետք է արվի նախքան Աստծո կամքի լիովին կատարվելը երկրի վրա։ բ) Տիպար աղոթքի ի՞նչ ուրիշ երեսակներ կքննարկվեն հաջորդ հոդվածում։

18 Եհովայի կամքը երկրի վրա երբևէ չի կարող լիովին կատարվել, քանի դեռ մոլորակի վրա ապրում են մարդիկ, ովքեր արհամարհում են նրա գերիշխանությունը։ Ոգեղեն հզոր ուժերի միջոցով, որոնց գլուխ կանգնած կլինի Քրիստոսը, Աստված ‘կապականի երկիրն ապականողներին’։ Սատանայի ամբարիշտ համակարգն ամբողջությամբ՝ իր կեղծ կրոնով, անբարո քաղաքականությամբ, ընչաքաղց ու անազնիվ առևտրով, աղետաբեր զենքերով, հավիտյան կվերանա (Յայտնութիւն 11։18; 18։21; 19։1, 2, 11–18)։ Եհովայի գերիշխանությունը կարդարացվի ու նրա անունը կսրբացվի։ Հենց սրա համար ենք աղոթում, երբ ասում ենք. «Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։

19 Սակայն տիպար աղոթքում Հիսուսը սովորեցրեց, որ մենք կարող ենք աղոթել նաև մեր անձնական հարցերի վերաբերյալ։ Հաջորդ հոդվածում կխոսենք այդ մասին։

[ծանոթագրություններ]

a Տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 6–րդ գլուխը (արևմտ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Կրկնության հարցեր

• Ինչո՞ւ է պատշաճ, որ Եհովային դիմենք որպես ‘մեր Հոր’։

• Ինչո՞ւ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունի աղոթել, որ Եհովայի անունը սրբացվի։

• Ինչո՞ւ ենք աղոթում, որ Աստծո Թագավորությունը գա։

• Ի՞նչ է նշանակում աղոթել, որ Աստծո կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում է կատարվում։

[նկար 9–րդ էջի վրա]

Հիսուսի աղոթքները մեծապես տարբերվում էին փարիսեցիների կեղծ բարեպաշտական աղոթքներից

[նկար 10–րդ էջի վրա]

Քրիստոնյաները աղոթում են, որ Աստծո Թագավորությունը գա, նրա անունը սրբացվի և նրա կամքը կատարվի

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը