Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 2/15 էջ 15–19
  • Հիսուսի խոսքերը ազդո՞ւմ են աղոթքներիդ վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի խոսքերը ազդո՞ւմ են աղոթքներիդ վրա
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբեք չաղոթենք կեղծավորների պես
  • Հիսուսը սովորեցնում է աղոթել
  • Շարունակենք խնդրել, փնտրել, թակել
  • Շարունակենք օգուտներ քաղել Հիսուսի խոսքերից
  • Ինչպե՞ս աղոթել. արդյո՞ք «Տերունական աղոթքը» կրկնելը լավագույն ձևն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աղոթքներ, որոնք Աստված լսում է
    2009 Դիտարան
  • «Հայր մեր» աղոթքը ինչ նշանակություն ունի ձեզ համար
    2004 Դիտարան
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2009 Դիտարան
w09 2/15 էջ 15–19

Հիսուսի խոսքերը ազդո՞ւմ են աղոթքներիդ վրա

«Երբ Հիսուսը վերջացրեց այս խոսքերը, ժողովուրդը ապշած էր մնացել նրա սովորեցնելու կերպի վրա» (ՄԱՏԹ. 7։28)։

1, 2. Ինչո՞ւ էր ժողովուրդը ապշել Հիսուսի սովորեցնելու կերպի վրա։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ անզուգական ուսուցիչ էր։ Ոչ մի մարդ այնպես չէր խոսում, ինչպես նա։ Ովքեր լսեցին Լեռան քարոզը, ապշած էին մնացել, թե ինչպես է Հիսուսը սովորեցնում (կարդա՛ Մատթեոս 7։28, 29)։ Անկասկած, մենք պետք է ընդունենք Աստծու միածին Որդու խոսքերը և ապրենք դրանց համաձայն։

2 Եհովայի Որդին չէր սովորեցնում դպիրների նման, որոնց երկար–բարակ քարոզները հիմնված էին անկատար մարդկանց ուսմունքների վրա։ Քրիստոսը «իշխանություն ունեցողի» պես էր սովորեցնում, քանի որ այն, ինչ նա ասում էր, Աստծուց էր (Հովհ. 12։50)։ Այժմ քննենք, թե աղոթելու վերաբերյալ ինչ ասաց Հիսուսը Լեռան քարոզում, և տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։

Երբեք չաղոթենք կեղծավորների պես

3. Հակիրճ պատմիր, թե ինչ ասաց Հիսուսը Մատթեոս 6։5 համարում։

3 Աղոթքը ճշմարիտ երկրպագության մաս է կազմում, և մենք պետք է կանոնավորաբար աղոթենք Եհովային։ Ուստի ցանկանում ենք լրջորեն մոտենալ Հիսուսի այն խոսքերին, որ նա ասաց աղոթելու վերաբերյալ. «Երբ աղոթում եք, մի՛ եղեք կեղծավորների նման, որովհետև նրանք սիրում են ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց կողմից նկատվեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք իրենց վարձատրությունը ամբողջությամբ ստացել են արդեն» (Մատթ. 6։5)։

4–6. ա) Ինչո՞ւ էին փարիսեցիները սիրում «ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած» աղոթել։ բ) Ինչպե՞ս էին այդպիսի կեղծավոր մարդիկ «իրենց վարձատրությունը ամբողջությամբ ստացել արդեն»։

4 Հիսուսի աշակերտները չպետք է աղոթեին «կեղծավորների», օրինակ՝ ինքնահավան փարիսեցիների նման, որոնք մարդկանց առաջ աստվածապաշտ էին ձևանում (Մատթ. 23։13–32)։ Այդ կեղծավորները սիրում էին «ժողովարաններում և գլխավոր փողոցների անկյուններում կանգնած աղոթել»։ Ինչո՞ւ։ «Որպեսզի մարդկանց կողմից նկատվեն»։ Առաջին դարի հրեաները սովորություն ունեին խմբովին աղոթելու այն ժամանակ, երբ տաճարում ողջակեզներ էին մատուցվում (առավոտյան մոտավորապես ժամը իննին և ցերեկվա ժամը երեքին)։ Երուսաղեմի բնակիչներից շատերը աղոթում էին տաճարի տարածքում հավաքված երկրպագուների հետ։ Այն աստվածավախ հրեաները, ովքեր ապրում էին քաղաքից դուրս, սովորաբար օրը երկու անգամ աղոթում էին «ժողովարաններում կանգնած» (համեմատի՛ր Ղուկաս 18։11, 13)։

5 Քանի որ մարդկանց մեծամասնությունը ապրում էր տաճարից և իրենց ժողովարանից հեռու, նրանք չէին կարող ներկա լինել այդ աղոթքներին, բայց կարող էին աղոթել հենց այն վայրում, որտեղ այդ ժամանակ գտնվում էին։ Ոմանք սիրում էին աղոթքի ժամանակ գտնվել «գլխավոր փողոցների անկյուններում», որովհետև ուզում էին նկատվել խաչմերուկներով անցնող մարդկանց կողմից։ Կեղծ բարեպաշտները «ցուցադրաբար երկար աղոթքներ» էին անում, որպեսզի մարդիկ հիանան իրենցով (Ղուկ. 20։47)։ Մենք չպետք է նման մտայնություն ունենանք։

6 Հիսուսն ասաց, որ այդպիսի կեղծավորները «իրենց վարձատրությունը ամբողջությամբ ստացել են արդեն»։ Նրանց փափագը ճանաչված լինելն ու գովասանքի արժանանալն էր, և դա էր այն ամբողջ վարձատրությունը, որ նրանք ստացել էին, ուստի Եհովան չէր պատասխանելու նրանց ձևական աղոթքներին։ Սակայն Աստված պատասխանելու էր Քրիստոսի ճշմարիտ հետևորդների աղոթքներին։ Հիսուսի հաջորդ խոսքերը դա են ցույց տալիս։

7. Ինչպե՞ս պետք է հասկանանք սենյակում աղոթելու մասին խորհուրդը։

7 «Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը և դուռը փակելուց հետո աղոթիր քո Հորը, որ ծածուկ տեղում է, և այդ ժամանակ քո Հայրը, որ դիտում է ծածուկ տեղից, կհատուցի քեզ» (Մատթ. 6։6)։ Այն, որ Հիսուսը հորդորեց մտնել սենյակ և դուռը փակելուց հետո աղոթել, չի նշանակում, որ անհատը չի կարող ժողովի անունից հրապարակորեն աղոթել։ Հիսուսն ուզում էր ցույց տալ, որ տեղին չէ ժողովրդի առաջ աղոթել ուշադրություն գրավելու և գովասանքի արժանանալու համար։ Այս խորհուրդը պետք է հիշենք, երբ Աստծու ժողովրդի անունից աղոթելու պատիվ ենք ստանում։

8. Ըստ Մատթեոս 6։7–ի՝ ինչպե՞ս չպետք է աղոթենք։

8 Հիսուսը աղոթքի մասին մեկ ուրիշ բան էլ ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր, ինչպես որ ուրիշ ազգերի մարդիկ են անում, քանի որ նրանց թվում է, թե իրենց շատ խոսքերի պատճառով պիտի լսվեն» (Մատթ. 6։7)։ Հիսուսը ցույց տվեց ևս մեկ սխալ, որ մարդիկ անում էին աղոթելիս։ Դա բառերը անիմաստ կրկնելն էր։ Քրիստոսը չէր ուզում ասել, որ աղոթելիս երբեք չպետք է կրկնենք մեր սրտաբուխ խնդրանքները կամ շնորհակալական խոսքերը։ Իր մահվան նախորդ գիշերը Գեթսեմանի պարտեզում Հիսուսը մի քանի անգամ ասաց «նույն խոսքերը» (Մարկ. 14։32–39)։

9, 10. Ի՞նչ իմաստով չպետք է նույն խոսքերը կրկնենք աղոթելիս։

9 Մենք սխալված կլինենք, եթե ընդօրինակենք «ուրիշ ազգերի մարդկանց», որոնք անընդհատ կրկնում են իրենց աղոթքները։ Նրանք «նորից ու նորից» ասում են անգիր արած խոսքեր՝ բազմաթիվ անիմաստ բառեր կրկնելով։ Հիշենք այն դեպքը, երբ Բահաղի երկրպագուներն «առաւօտից մինչեւ կէսօր» ապարդյուն կանչում էին այդ կեղծ աստծու անունը՝ ասելով. «Ով Բահաղ, պատասխան տուր մեզ» (Գ Թագ. 18։26)։ Այսօր միլիոնավոր մարդիկ երկար–բարակ, կրկնվող աղոթքներ են ասում՝ կարծելով, թե «պիտի լսվեն»։ Բայց Հիսուսն օգնում է մեզ հասկանալու, որ երկար, «շատ խոսքեր» պարունակող աղոթքները ոչ մի արժեք չունեն Եհովայի համար։

10 Այնուհետև Հիսուսն ասաց. «Ուրեմն, մի՛ նմանվեք նրանց, որովհետև Աստված՝ ձեր Հայրը, նախքան ձեր խնդրելը արդեն գիտի, թե ձեզ ինչ է հարկավոր» (Մատթ. 6։8)։ Հրեա կրոնական առաջնորդներից շատերը, այլազգիների նման, իրենց աղոթքներում չափազանց շատ բառեր էին գործածում։ Այն սրտաբուխ աղոթքները, որոնց ժամանակ գովաբանում ենք Եհովային, շնորհակալություն հայտնում նրան կամ ինչ–որ բան խնդրում, ճշմարիտ երկրպագության մաս են կազմում (Փիլիպ. 4։6)։ Բայց սխալ կլինի, եթե նույն բանը նորից ու նորից ասենք՝ կարծելով, թե այդպես «օգնում ենք» Աստծուն, որ չմոռանա մեր կարիքների մասին։ Պետք է հիշենք, որ մեր աղոթքն ուղղված է Նրան, ով «նախքան մեր խնդրելը արդեն գիտի, թե մեզ ինչ է հարկավոր»։

11. Հրապարակավ աղոթելիս ի՞նչ պետք է հիշենք։

11 Այն, ինչ Հիսուսն ասաց անընդունելի աղոթքների մասին, պետք է հիշեցնի մեզ, որ ամպագոռգոռ, անիմաստ և ավելորդ բառերը Աստծուն չեն տպավորում։ Բացի այդ, եկեք միշտ հիշենք, որ ճիշտ չէ աղոթքների միջոցով փորձել տպավորել ուրիշներին։ Նաև, չպետք է այնքան երկար աղոթենք, որ մեզ լսողները սկսեն մտածել, թե երբ է աղոթքը վերջանալու։ Աղոթքի ընթացքում հայտարարություններ անելը կամ ներկաներին խորհուրդ տալը նույնպես ներդաշնակ չէ Լեռան քարոզում հնչած խոսքերին։

Հիսուսը սովորեցնում է աղոթել

12. Ինչպե՞ս կբացատրես «թող սրբացվի քո անունը» արտահայտությունը։

12 Հիսուսը իր աշակերտներին ոչ միայն հորդորեց լուրջ վերաբերվել աղոթելու առանձնաշնորհմանը, այլև սովորեցրեց աղոթել (կարդա՛ Մատթեոս 6։9–13)։ Սակայն հարկ չկար տիպար աղոթքը անգիր անելու՝ այն անընդհատ կրկնելու նպատակով։ Նա այդ աղոթքը որպես օրինակ տվեց, որպեսզի մենք իմանանք, թե ինչի մասին աղոթել։ Հիսուսը աղոթքի մեջ առաջին հերթին նշեց Աստծու մասին. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը» (Մատթ. 6։9)։ Տեղին է, որ մենք Եհովային անվանենք «մեր Հայր», որովհետև նա մեր Արարիչն է, որը ապրում է «երկնքում» և մեզնից շատ բարձր է (Բ Օրին. 32։6; Բ Մնաց. 6։21; Գործ. 17։24, 28)։ Այստեղ գործածված «մեր» դերանունը մեզ հիշեցնում է, որ մեր հավատակիցները նույնպես մտերիմ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ։ «Թող սրբացվի քո անունը» արտահայտությունը խնդրանք է, որ նա քայլեր ձեռնարկի իր անունը մաքրելու համար այն ամեն նախատինքից, որ գալիս է իր անվան վրա՝ սկսած Եդեմում բարձրացված ըմբոստության ժամանակներից մինչև օրս։ Ի պատասխան այդ աղոթքի՝ Եհովան երկրի վրայից կվերացնի չարությունը, ինչով և կսրբացնի իր անունը (Եզեկ. 36։23)։

13. ա) Ինչպե՞ս է իրականանալու «թող գա քո թագավորությունը» խնդրանքը։ բ) Ի՞նչ է անելու Աստված երկրի առնչությամբ։

13 «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։10)։ Պետք է հիշենք, որ այդ «թագավորությունը» Մեսիական երկնային կառավարությունն է։ Այն գլխավորում են Քրիստոսը և նրա իշխանակիցները՝ հարություն առած «սուրբերը» (Դան. 7։13, 14, 18; Ես. 9։6, 7)։ Աղոթելով «թող գա քո Թագավորությունը»՝ մենք խնդրում ենք, որ այն դուրս գա երկրի վրա գտնվող, Աստծու իշխանությունը չընդունող բոլոր հակառակորդների դեմ։ Դա տեղի կունենա շուտով։ Այնուհետև ամբողջ երկիրը դրախտի կվերածվի, որտեղ կտիրի արդարություն, խաղաղություն և լիություն (Սաղ. 72։1–15; Դան. 2։44; 2 Պետ. 3։13)։ Եհովայի կամքը երկնքում արդեն կատարվում է, և նրան խնդրելով՝ «քո կամքը կատարվի երկրի վրա»՝ մենք խնդրում ենք, որ Աստված իրականացնի Երկիր մոլորակի հետ կապված իր նպատակները, մասնավորապես այն, որ ոչնչացնի իր հակառակորդներին, ինչպես որ արել է անցյալում (կարդա՛ Սաղմոս 83։1, 2, 13–18)։

14. Ինչո՞ւ է տեղին Աստծուց խնդրել մեր «օրվա հացը»։

14 «Տո՛ւր մեզ այսօր մեր այս օրվա հացը» (Մատթ. 6։11; Ղուկ. 11։3)։ Այս խոսքերով մենք Աստծուն խնդրում ենք ապահովել մեզ «օրվա» համար անհրաժեշտ սննդով։ Դրանով ցույց ենք տալիս մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան ի զորու է հոգալու մեր ամենօրյա կարիքները։ Այս աղոթքով չենք խնդրում նրան, որ մեզ տա անհրաժեշտ բաներից ավելին։ Այս խնդրանքը մեզ գուցե հիշեցնի Աստծու՝ իսրայելացիներին տված պատվերը, ըստ որի՝ մանանան պետք է հավաքեին «օրուայ պէտք եղած» չափով (Ելից 16։4)։

15. Բացատրիր, թե ինչ է նշանակում «ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին» խնդրանքը։

15 Տիպար աղոթքում նշված հաջորդ խնդրանքի իրականացումը, կարելի է ասել, կախված է մեզնից։ Հիսուսն ասաց. «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներել մեզ պարտք եղողներին» (Մատթ. 6։12)։ Ղուկասի Ավետարանից տեսնում ենք, որ այդ «պարտքերը» «մեղքերն» են (Ղուկ. 11։4)։ Եհովան մեզ կների միայն այն դեպքում, եթե մենք արդեն «ներել ենք» նրանց, ովքեր մեր դեմ մեղք են գործել (կարդա՛ Մատթեոս 6։14, 15)։ Մենք պետք է մեծահոգաբար ներենք մյուսներին (Եփես. 4։32; Կող. 3։13)։

16. Ինչպե՞ս կարող ենք հասկանալ Մատթեոս 6։13 համարում գրված խնդրանքները։

16 «Մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ Չարից» (Մատթ. 6։13)։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ տիպար աղոթքի՝ իրար հետ կապված այս երկու խնդրանքները։ Մենք մի բան հաստատ գիտենք. Եհովան չի փորձում մեզ, չի դրդում մեղք գործելու (կարդա՛ Հակոբոս 1։13)։ Իրականում «Չարը»՝ Սատանան է «Փորձիչը» (Մատթ. 4։3)։ Աստված պարզապես թույլ է տալիս, որ այս կամ այն բանը տեղի ունենա, այդ պատճառով էլ Աստվածաշնչում ասվում է, որ նա է անում դա (Հռութ 1։20, 21; Ժող. 11։5, ՆԱ)։ Ուստի, ասելով «մի տար մեզ փորձության»՝ մենք խնդրում ենք Եհովային օգնել մեզ հնազանդ լինելու իրեն, երբ բախվում ենք փորձությունների։ Իսկ երբ խնդրում ենք «ազատել մեզ Չարից», ուզում ենք, որ նա թույլ չտա Սատանային դրդել մեզ սխալ քայլի։ Կարող ենք վստահ լինել, որ «Աստված թույլ չի տա, որ մենք մեր կարողությունից վեր փորձվենք» (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։13)։

Շարունակենք խնդրել, փնտրել, թակել

17, 18. Ի՞նչ է նշանակում «շարունակ խնդրել, փնտրել և թակել»։

17 Պողոս առաքյալը հավատակիցներին գրեց. «Աղոթքում հարատևե՛ք» (Հռոմ. 12։12)։ Նրանից առաջ Հիսուսը Լեռան քարոզում նման հորդոր էր տվել՝ ասելով. «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակե՛ք փնտրել և կգտնեք, շարունակե՛ք թակել, և կբացվի ձեր առջև։ Որովհետև ով որ խնդրում է, կստանա, ով որ փնտրում է, կգտնի, և ով որ թակում է, նրա առջև կբացվի» (Մատթ. 7։7, 8)։ Իհարկե, կարող ենք «շարունակ խնդրել» այն, ինչ ներդաշնակ է Աստծու կամքին։ Հիսուսի խոսքերին համահունչ՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է այն վստահությունը, որ ունենք [Աստծու] հանդեպ, որ ինչ էլ որ խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։

18 Շարունակ խնդրելու և փնտրելու մասին Հիսուսի տված խորհրդից հասկանում ենք, որ պետք է աղոթենք ջերմեռանդորեն և չվհատվենք, եթե պատասխանը անմիջապես չենք ստանում։ Նաև անհրաժեշտ է «շարունակ թակել»՝ Աստծու Թագավորություն մտնելու և նրա օրհնությունները ստանալու համար։ Սակայն կարո՞ղ ենք վստահ լինել, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին։ Այո՛, կարո՛ղ ենք, եթե հավատարիմ մնանք նրան։ Չէ՞ որ Հիսուսն ասաց. «Ով որ խնդրում է, կստանա, ով որ փնտրում է, կգտնի, և ով որ թակում է, նրա առջև կբացվի»։ Եհովայի ծառաների հետ պատահած բազմաթիվ դեպքեր փաստում են, որ Աստված իսկապես «լսում է աղոթքը» (Սաղ. 65։2)։

19, 20. Մատթեոս 7։9–11 համարներում Եհովան ինչպե՞ս է նմանեցվում սիրող հոր հետ։

19 Հիսուսը Աստծուն նմանեցրեց սիրող հոր, ով իր երեխաներին լավ բաներ է տալիս։ Պատկերացրու՝ դու ներկա ես Լեռան քարոզին։ Եվ ահա Հիսուսն ասում է. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որի որդին եթե նրանից հաց խնդրի, քար կտա նրան։ Կամ եթե ձուկ խնդրի, մի՞թե օձ կտա նրան։ Ուստի եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք լավ նվերներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից» (Մատթ. 7։9–11)։

20 Հիսուսը որդի ունեցող մարդուն «չար» անվանեց այն իմաստով, որ նա Ադամից մեղք է ժառանգել։ Այդուհանդերձ, նման հայրը բնական կապվածություն ունի իր զավակների հետ։ Նա չի խաբում իր երեխային, այլ անկեղծորեն ուզում է «լավ նվերներ» տալ նրան։ Մեզ հայրաբար վերաբերվելով՝ մեր սիրառատ երկնային Հայրը «լավ նվերներ» է տալիս, օրինակ՝ իր սուրբ ոգին (Ղուկ. 11։13)։ Այն կարող է զորացնել մեզ, որ ընդունելի ծառայություն մատուցենք Եհովային՝ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» Տվողին (Հակ. 1։17)։

Շարունակենք օգուտներ քաղել Հիսուսի խոսքերից

21, 22. Ինչո՞վ է ուշագրավ Լեռան քարոզը, և ի՞նչ կարծիք ունես Հիսուսի խոսքերի մասին։

21 Լեռան քարոզը, անշուշտ, երբևէ հնչած լավագույն քարոզն է։ Այն շատ պարզ ու հասկանալի ձևով շոշափում է հոգևոր թեմաներ։ Այս հոդվածաշարում մենք քննարկեցինք կարևոր մտքեր Լեռան քարոզից։ Ինչպես տեսանք, մեծ օգուտներ կքաղենք, եթե կիրառենք քարոզում հնչած խորհուրդները։ Հիսուսի խոսքերը ի զորու են բարելավելու մեր կյանքը այսօր և տալու չքնաղ ապագայի հույս։

22 Այս երեք հոդվածներում մենք անդրադարձանք ընդամենը մի քանի անգին մտքերի, որ հնչել են Լեռան քարոզում։ Այդ մտքերը իրոք գանձեր են։ Զարմանալի չէ, որ Հիսուսի ունկնդիրները «ապշած էին մնացել նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթ. 7։28)։ Անկասկած, մենք էլ այդ մարդկանց զգացումները կունենանք, եթե մեր միտքն ու սիրտը լցնենք այն խոսքերով, որ ասել է Մեծ Ուսուցիչը՝ Հիսուս Քրիստոսը։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Հիսուսն ի՞նչ ասաց ձևական աղոթքների մասին։

• Աղոթելիս ինչո՞ւ պետք է խուսափենք բառերն անիմաստ կրկնելուց։

• Ի՞նչ խնդրանքներ են մտնում տիպար աղոթքի մեջ։

• Ինչպե՞ս կարող ենք «շարունակ խնդրել, փնտրել և թակել»։

[նկար 15–րդ էջի վրա]

Հիսուսը քննադատեց ցուցադրաբար աղոթող կեղծավորներին

[նկար 17–րդ էջի վրա]

Գիտե՞ս, թե ինչու է տեղին աղոթել օրվա հացի համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը