Հիսուս Քրիստոս՝ մեծագույն միսիոներ
«Ես նրա կողմից ներկայացուցիչ եմ, և Նա՛ է ուղարկել ինձ» (ՀՈՎՀ. 7։29)։
1, 2. Ի՞նչ է միսիոները, և ո՞վ կարող է կոչվել մեծագույն Միսիոներ։
ՄԻՏՔԴ ի՞նչ է գալիս, երբ լսում ես «միսիոներ» բառը։ Ոմանք պատկերացնում են քրիստոնեական աշխարհի միսիոներներին, որոնցից շատերը մասնակցում են տարբեր երկրների քաղաքական և տնտեսական գործերին։ Սակայն դու Եհովայի վկա ես, ուստի, հավանաբար, հիշում ես այն միսիոներներին, որոնք Կառավարիչ մարմնի կողմից ուղարկվում են աշխարհի զանազան վայրեր՝ կատարելու բարի լուրը քարոզելու վեհ գործը (Մատթ. 24։14)։ Այդ անշահախնդիր մարդիկ ժամանակ ու ջանք չեն խնայում, որ օգնեն ուրիշներին մոտենալու Եհովա Աստծուն և առանձնահատուկ փոխհարաբերություններ հաստատելու նրա հետ (Հակ. 4։8)։
2 «Միսիոներ» և «միսիոներներ» բառերը չեն հանդիպում «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» (անգլ.) հիմնական տեքստում։ Եփեսացիներ 4։11–ի համար տրված ծանոթագրությունում նշվում է, որ «ավետարանիչներ» թարգմանված հունարեն բառը կարող է թարգմանվել նաև «միսիոներներ»։ Եհովայի համար կարելի է ասել, որ նա մեծագույն Ավետարանիչն է, սակայն չի կարելի ասել, որ նա մեծագույն Միսիոներն է, քանի որ Աստված երբեք ոչ մեկի կողմից չի ուղարկվել։ Իր երկնային Հոր մասին Հիսուս Քրիստոսն ասաց. «Ես նրա կողմից ներկայացուցիչ եմ, և Նա՛ է ուղարկել ինձ» (Հովհ. 7։29)։ Մարդկության հանդեպ մեծ սեր ունենալով՝ Եհովան իր միածին Որդուն ուղարկեց երկիր (Հովհ. 3։16)։ Հիսուսը կարող է կոչվել մեծագույն Միսիոներ մասնավորապես այն պատճառով, որ նա ուղարկվեց երկիր՝ «ճշմարտության մասին վկայելու» (Հովհ. 18։37)։ Նա բացարձակ հաջողությունների հասավ Թագավորության բարի լուրը քարոզելու գործում, և նրա ծառայությունը մինչև օրս օգուտներ է բերում։ Օրինակ՝ մենք, անկախ նրանից միսիոներ ենք, թե՝ ոչ, կարող ենք կիրառել նրա ուսուցողական մեթոդները ծառայության մեջ։
3. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
3 Հիսուսը Թագավորության քարոզիչ էր, ուստի հարցեր են առաջանում. «Ի՞նչ փոփոխություններ եղան Հիսուսի կյանքում, երբ նա եկավ երկիր։ Ինչո՞ւ էր նա հմուտ ուսուցիչ։ Ի՞նչը հաջող դարձրեց նրա ծառայությունը»։
Պատրաստակամ ոգի՝ նոր պայմաններում
4–6. Ի՞նչ փոփոխություններ եղան Հիսուսի կյանքում, երբ նա եկավ երկիր։
4 Հաճախ անհրաժեշտ է լինում, որ մերօրյա միսիոներները, ինչպես նաև որոշ քրիստոնյաներ, ովքեր տեղափոխվում են այնպիսի տարածքներ, ուր Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա, հարմարվեն ավելի ցածր կենսամակարդակի։ Բայց այն փոփոխությունները, որ եղան Հիսուսի կյանքում, երբ նա եկավ երկիր, դժվար է պատկերացնել։ Երկնքում նա ապրում էր իր Հոր հետ, և շրջապատված էր հրեշտակներով, որոնք ծառայում էին Եհովային մաքուր մղումներով (Յոբ 38։7)։ Իսկ երկրի վրա բոլորովին այլ կերպ էր։ Հիսուսի շուրջը միայն մեղավոր մարդիկ էին (Մարկ. 7։20–23)։ Նրա համար հեշտ չէր նույնիսկ իր մտերիմ աշակերտների հետ, որոնք վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Ղուկ. 20։46; 22։24)։ Այնուամենայնիվ, Հիսուսը, երկրի վրա ինչ իրավիճակում էլ որ հայտնվեց, միանգամայն ճիշտ ձևով վարվեց։
5 Նա մարդկային լեզվով խոսելու ընդունակությունը ձեռք չբերեց հրաշքով. այդ լեզուն նա սովորեց մանուկ հասակից։ Ինչպիսի՜ փոփոխություն Հիսուսի կյանքում. նա մինչև երկիր գալը երկնքում հրահանգնե՛ր էր տալիս հրեշտակներին։ Երկրի վրա Հիսուսը խոսեց «մարդկանց լեզուներից» առնվազն մեկով։ Այդ լեզուն «հրեշտակների լեզուներից» լիովին տարբերվում էր (1 Կորնթ. 13։1)։ Սակայն ոչ մի մարդ երբևէ չասաց այնպիսի շնորհալի խոսքեր, ինչպիսին որ Հիսուսն ասաց (Ղուկ. 4։22)։
6 Տեսնենք, թե ուրիշ ինչ փոփոխություններ եղան Աստծու Որդու կյանքում։ Երկնքից նա եկավ երկիր ու դարձավ մարդ, բայց նա կատարյալ էր և Ադամից մեղք չէր ժառանգել։ Նա նման էր նրանց, ովքեր հետագայում դառնալու էին իր եղբայրները, կամ՝ օծյալ հետևորդները (կարդա՛ Եբրայեցիներ 2։17, 18)։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը Հիսուսը Եհովայից չխնդրեց «տասներկու լեգեոն հրեշտակ», թեև ինքը՝ որպես Միքայել հրեշտակապետ, իր տրամադրության տակ բազմաթիվ հրեշտակներ ուներ (Մատթ. 26։53; Հուդա 9)։ Ճիշտ է, Հիսուսը շատ հրաշքներ գործեց, բայցևայնպես երկրի վրա նրա հնարավորությունները սահմանափակ էին՝ համեմատած երկնքում ունեցած հնարավորությունների հետ։
7. Ինչպե՞ս էին հրեաները վերաբերվում Օրենքին։
7 Իր մինչմարդկային գոյության ժամանակ Հիսուսը, լինելով Աստծու «Խոսքը», կամ՝ Խոսնակը, թերևս առաջնորդել է իսրայելացիներին անապատում (Հովհ. 1։1; Ելից 23։20–23)։ Նրանք «ստացան Օրենքը, որը փոխանցվեց հրեշտակների միջոցով, բայց չպահեցին այն» (Գործ. 7։53; Եբր. 2։2, 3)։ Իրողությունն այն է, որ առաջին դարի հրեա կրոնական առաջնորդները չկարողացան հասկանալ Օրենքի բուն իմաստը։ Օրինակ՝ նկատի առնենք Շաբաթի օրենքը (կարդա՛ Մարկոս 3։4-6)։ Դպիրներն ու փարիսեցիները «արհամարհում էին Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթ. 23։23)։ Բայցևայնպես, Հիսուսը չհիասթափվեց և շարունակեց հռչակել ճշմարտությունը։
8. Հիսուսն ինչո՞ւ կարող է օգնել մեզ։
8 Հիսուսը պատրաստակամ ոգի ուներ։ Մարդկանց հանդեպ սերն էր մղում նրան, որ օգնի նրանց։ Նա երբեք չկորցրեց ավետարանչի ոգին։ Քանի որ երկրի վրա Հիսուսը պահեց իր հավատարմությունը Եհովայի հանդեպ, նա «պատասխանատու եղավ բոլոր իրեն հնազանդվողների հավիտենական փրկության համար»։ «Ելնելով այն բանից, որ ինքը փորձության ենթարկվելիս չարչարվեց՝ նա կարող է օգնության հասնել [մեզ պես] փորձության ենթարկվողներին» (Եբր. 2։18; 5։8, 9)։
Լավ պատրաստված ուսուցիչ
9, 10. Ի՞նչ կրթություն էր ստացել Հիսուսը նախքան երկիր գալը։
9 Կառավարիչ մարմինը կրթում է մերօրյա քրիստոնյաներին նախքան որպես միսիոներ ուղարկելը։ Իսկ Հիսուս Քրիստոսը կրթվե՞ց։ Այո՛, բայց նա չսովորեց ռաբունական դպրոցներում կամ որևէ ականավոր կրոնական առաջնորդի ոտքերի մոտ (Հովհ. 7։15; համեմատի՛ր Գործեր 22։3)։ Այդ դեպքում ո՞վ է նրան կրթել։
10 Ճիշտ է, Հիսուսը կարող էր կրթվել իր մորից՝ Մարիամից, և հորից՝ Հովսեփից, բայցևայնպես ծառայելու համար նա հիմնականում ուսուցանվել էր կրթության բարձրագույն Աղբյուրից՝ Եհովա Աստծուց։ Այս առնչությամբ Հիսուսն ասաց. «Ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը՝ նա ինքը պատվեր տվեց ինձ, թե ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խոսեմ» (Հովհ. 12։49)։ Նկատիր, որ Որդին հատուկ հրահանգներ էր ստացել, թե ինչ սովորեցնի։ Նախքան երկիր գալը Հիսուսը, անկասկած, բավական երկար ժամանակ ուսուցանվել էր իր Հոր կողմից։ Մի՞թե հնարավոր էր ավելի լավ կրթություն ստանալ։
11. Ի՞նչ չափով էր Հիսուսն արտացոլում մարդկանց հանդեպ իր Հոր ունեցած վերաբերմունքը։
11 Իր ստեղծվելու պահից՝ Որդին մտերիմ հարաբերություններ ուներ Հոր հետ։ Նա ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Եհովան վարվում մարդկանց հետ։ Նրանց հանդեպ Աստծու սերն արտացոլված էր Որդու մեջ այն աստիճան, որ վերջինս՝ որպես անձնավորված իմաստություն, կարող էր ասել. «Իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակ. 8։22, 31)։
12, 13. ա) Ի՞նչ սովորեց Հիսուսը՝ դիտելով, թե ինչպես է իր Հայրը վարվում իսրայելացիների հետ։ բ) Ինչպե՞ս Հիսուսը վարվեց իր սովորածի համաձայն։
12 Որդին նաև սովորում էր՝ դիտելով, թե ինչպես է իր Հայրը վարվում դժվարին իրավիճակներում։ Ինչպե՞ս էր Եհովան վարվում անհնազանդ իսրայելացիների հետ։ Նէեմիա 9։28–ում կարդում ենք. «Երբոր նորանք հանգստութիւն ունեցան, դարձեալ չարութիւն արին քո [Եհովայի] առաջին, եւ դու նորանց թողեցիր իրանց թշնամիների ձեռքին, եւ նորանք տիրեցին նորանց վերայ. եւ դարձեալ դէպի քեզ աղաղակեցին, եւ դու երկնքից լսեցիր եւ նորանց ազատեցիր շատ անգամ քո ողորմութեան համեմատ»։ Հիսուսը Եհովայից կարեկցանք սովորեց և հետագայում այդ հատկությունը ցուցաբերեց իր քարոզչական տարածքում՝ Իսրայելում ապրող մարդկանց հանդեպ (Հովհ. 5։19)։
13 Կարեկցաբար վերաբերվելով աշակերտներին՝ Հիսուսը վարվում էր իր սովորածի համաձայն։ Բոլոր առաքյալները, որոնց նա այդքան սիրում էր, իր մահվանը նախորդող գիշերը «լքեցին նրան ու փախան» (Մատթ. 26։56; Հովհ. 13։1)։ Պետրոս առաքյալը նույնիսկ երեք անգամ ուրացավ Հիսուսին։ Այնուհանդերձ, Հիսուսը առաքյալների առջև բաց պահեց վերադարձի ճանապարհը։ Նա ասաց Պետրոսին. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չսպառվի, և երբ դու վերադառնաս, զորացրո՛ւ քո եղբայրներին» (Ղուկ. 22։32)։ Հոգևոր Իսրայելը հաջողությամբ կառուցվեց «առաքյալների ու մարգարեների հիմքի վրա»։ Նոր Երուսաղեմի պարսպի տասներկու հիմնաքարերի վրա գրված են Գառան՝ Հիսուս Քրիստոսի տասներկու հավատարիմ առաքյալների անունները։ Մեր օրերում օծյալ քրիստոնյաները իրենց նվիրված ընկերակիցների՝ «ուրիշ ոչխարների» հետ շարունակում են մեծ հաջողությամբ քարոզել Թագավորության բարի լուրը Աստծու հզոր ձեռքի ներքո և նրա սիրելի Որդու առաջնորդությամբ (Եփես. 2։20; Հովհ. 10։16; Հայտն. 21։14)։
Ինչպես էր սովորեցնում Հիսուսը
14, 15. Սովորեցնելու առումով ի՞նչ տարբերություններ կային Հիսուսի և փարիսեցիների միջև։
14 Իսկ ինչպե՞ս էր Հիսուսը սովորեցնում իր հետևորդներին։ Հիսուսի ուսուցանելու կերպը համեմատելով հրեա կրոնական առաջնորդների ուսուցանելու ձևի հետ՝ մենք պարզորոշ տեսնում ենք, որ նա շատ ավելի լավ ուսուցիչ էր։ Դպիրներն ու փարիսեցիները «Աստծու Խոսքն անվավեր էին դարձրել իրենց ավանդույթի պատճառով»։ Մինչդեռ ամենը, ինչ Հիսուսը սովորեցնում էր, իրենից չէր. նա միշտ կառչած էր մնում Աստծու խոսքից (Մատթ. 15։6; Հովհ. 14։10)։ Մենք ևս պետք է այդպես վարվենք։
15 Մի ուրիշ բան էլ կար, որով Հիսուսը լիովին տարբերվում էր կրոնական առաջնորդներից։ Դպիրների և փարիսեցիների մասին նա ասաց. «Այն ամենը, ինչ որ նրանք ասում են ձեզ, արե՛ք և պահե՛ք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում» (Մատթ. 23։3)։ Հիսուսն ապրում էր իր սովորեցրածի համաձայն։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։
16. Ինչո՞ւ կարող ես ասել, որ Հիսուսն ապրում էր Մատթեոս 6։19–21-ում գրված խոսքերի համաձայն։
16 Հիսուսն իր առաքյալներին հորդորեց «գանձեր դիզել երկնքում» (կարդա՛ Մատթեոս 6։19–21)։ Արդյո՞ք Հիսուսն ապրում էր իր այս հորդորի համաձայն։ Այո՛, որովհետև նա իր մասին իսկապես կարող էր ասել. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Ղուկ. 9։58)։ Հիսուսը պարզ կյանքով էր ապրում։ Նրան գլխավորապես հետաքրքրում էր Թագավորության բարի լուրի քարոզչությունը։ Նա իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում զերծ լինել այն անհանգստություններից, որ բերում է երկրի վրա գանձեր դիզելը։ Նա շեշտեց, թե որքան ավելի լավ է գանձեր դիզել երկնքում, «որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում, և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում»։ Հետևո՞ւմ ես երկնքում գանձեր դիզելու մասին Հիսուսի տված հորդորին։
Ո՞ր հատկությունների համար էին մարդիկ սիրում Հիսուսին
17. Ո՞ր հատկություններն էին Հիսուսին դարձնում հմուտ ավետարանիչ։
17 Ո՞ր հատկություններն էին Հիսուսին դարձնում հմուտ ավետարանիչ։ Հիսուսն արտացոլում էր Եհովայի չքնաղ հատկությունները, որոնցից են խոնարհությունը, սերը և կարեկցանքը։ Նրա մեջ տեսնելով այս հատկությունները՝ շատերը գալիս էին դեպի Հիսուսը։
18. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը խոնարհ էր։
18 Ընդունելով երկիր գալու նշանակումը՝ Հիսուսը «զրկեց իրեն ամեն բանից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպ. 2։7)։ Դա խոնարհության դրսևորում էր։ Հիսուսը մարդկանց վերևից չէր նայում։ Նա չուներ այսպիսի տրամադրվածություն. «Ես երկնքից եկել հասել եմ երկիր, ուստի դուք ինձ պետք է լսեք»։ Ի տարբերություն ինքնակոչ մեսիաների՝ Հիսուսը չէր փողահարում որպես ճշմարիտ Մեսիայի իր դերը։ Երբեմն նա պատվիրում էր չասել, թե ինքը ով է կամ ինչ է արել (Մատթ. 12։15–21)։ Հիսուսը ցանկանում էր, որ մարդիկ անձամբ իրեն հետևելու որոշում կայացնեն՝ հիմնվելով սեփական աչքերով տեսածի վրա։ Որքա՜ն ուրախ էին նրա աշակերտները, որ իրենց Տերն իրենցից չէր ակնկալում լինել կատարյալ հրեշտակների պես, որոնց հետ նա շփվել էր երկնքում։
19, 20. Սիրուց և կարեկցանքից մղված՝ Հիսուսն ինչպե՞ս օգնեց մարդկանց։
19 Հիսուս Քրիստոսը նաև սեր դրսևորեց՝ իր երկնային Հոր գլխավոր հատկությունը (1 Հովհ. 4։8)։ Սերն էր մղում Հիսուսին սովորեցնելու մարդկանց։ Օրինակ՝ նա մի պատանի կառավարչի հանդեպ «սիրով լցվեց» և ցանկացավ օգնել նրան (կարդա՛ Մարկոս 10։17–22)։ Բայց պատանին չհրաժարվեց իր շատ ունեցվածքից, ինչն անհրաժեշտ էր Հիսուսի հետևորդը դառնալու համար։
20 Մարդիկ Հիսուսին սիրում էին նաև այն բանի համար, որ նա կարեկից էր։ Հիսուսը տեսնում էր, որ նրանք բեռնավորված են խնդիրներով։ Ուստի նա կարեկցանքով և խղճահարությամբ էր լցվում նրանց հանդեպ։ Մի անգամ Հիսուսը և իր առաքյալները այնքան զբաղված էին, որ ժամանակ չունեին անգամ հաց ուտելու։ Բայց ինչպե՞ս նա վարվեց՝ տեսնելով հավաքված բազմությանը։ «Նա.... խղճաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների։ Եվ սկսեց նրանց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։34)։ Հիսուսը տեսավ իր քարոզչական տարածքում՝ Իսրայելում ապրող մարդկանց խղճալի վիճակը և ջանք չխնայեց, որ սովորեցնի նրանց և հրաշքներ կատարի նրանց բարօրության համար։ Ոմանք, մեծապես տպավորված լինելով Հիսուսի հրաշալի հատկություններից և խոսքերից, դարձան նրա աշակերտները։
21. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
21 Հաջորդ հոդվածը կարդալով՝ մենք Հիսուսի երկրային ծառայության մասին այլ բաներ էլ կիմանանք, նաև այն, թե ուրիշ ինչ կերպերով կարող ենք ընդօրինակել մեծագույն Միսիոներին։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ կրթություն էր ստացել Հիսուսը նախքան երկիր գալը։
• Ինչո՞ւ Հիսուսը դպիրներից և փարիսեցիներից շատ ավելի լավ ուսուցիչ էր։
• Մարդիկ ո՞ր հատկությունների համար էին սիրում Հիսուսին։
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչպե՞ս Հիսուսը սովորեցրեց բազմությանը