Այնպես վազիր, որ ստանաս մրցանակը
«Այնպես վազեք, որ ստանաք այն» (1 ԿՈՐՆԹ. 9։24)։
1, 2. ա) Եբրայեցի քրիստոնյաներին քաջալերելու համար ի՞նչ օրինակ օգտագործեց Պողոսը։ բ) Ի՞նչ անելու հորդոր է տրվում Աստծու ծառաներին։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ գրած իր նամակում Պողոս առաքյալը մրցավազքի ազդեցիկ օրինակի միջոցով քաջալերեց իր հավատակիցներին։ Նա հիշեցրեց, որ կյանքի մրցավազքում նրանք մենակ չեն։ Նրանց շուրջն էր վկաների «մեծ բազմությունը», որը հաջողությամբ ավարտել էր մրցավազքը։ Նախնիների թափած ջանքերն ու հավատարիմ գործերը մտքում վառ պահելը կմղեր եբրայեցի քրիստոնյաներին շարունակելու վազել ու չհանձնվել։
2 Նախորդ հոդվածում քննեցինք այդ վկաներից մի քանիսի կյանքի ընթացքը ու տեսանք, որ նրանց անսասան հավատը օգնեց նվիրված մնալու Աստծուն՝ շարունակելու մրցավազքը մինչև վերջնագիծը։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ, նրանց պես, հաջողությամբ ավարտել մրցավազքը։ Պողոսն իր հավատակիցներին, այդ թվում նաև մեզ հետևյալ հորդորը տվեց. «Եկեք մենք էլ մեր վրայից հանենք ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ, և եկեք տոկունությամբ վազենք այն մրցավազքը, որ դրված է մեր առաջ» (Եբր. 12։1)։
3. Ի՞նչ էր ուզում Պողոսը շեշտել՝ ակնարկելով հույն վազորդներին։
3 Այդ օրերում տարածում գտած սպորտաձևերից մեկի՝ վազքի մասին «Վաղ քրիստոնեության հիմքերը» գրքում ասվում է, որ «հույները մերկ էին մարզվում և մրցում»a (Backgrounds of Early Christianity)։ Վազորդները իրենց վրայից հանում էին ցանկացած ավելորդ «ծանրություն», կամ՝ բեռ, որը կարող էր դանդաղեցնել նրանց ընթացքը։ Թեև գուցե մտածենք, որ այդպես վարվելը պատշաճ ու վայելուչ չէր, սակայն այդպես վազելով՝ նրանք մեկ նպատակ էին հետապնդում՝ ստանալ մրցանակը։ Պողոսը ուզում էր շեշտել, որ կյանքի մրցավազքում մրցանակը ստանալու համար շատ կարևոր է, որ վազորդները ձերբազատվեն ցանկացած խանգարող բանից։ Այդ օրերի քրիստոնյաների և այսօր մեզ համար դա ողջամիտ խորհուրդ է։ Ի՞նչը կարող է «ծանրություն» լինել և խոչընդոտ հանդիսանալ, որ չկարողանանք ստանալ մրցանակը։
«Հանենք ամեն ծանրություն»
4. Ինչո՞վ էին տարված Նոյի օրերի մարդիկ։
4 Պողոսը խորհուրդ էր տալիս «հանել ամեն ծանրություն»։ Դա ներառում է այն ամենը, ինչը կարող է խանգարել ողջ ուշադրությունը մրցավազքին կենտրոնացնելուն և լավագույն ջանքերը ներդնելուն։ Ի՞նչը կարող է ծանրություն լինել։ Անդրադառնալով Նոյի ժամանակներին՝ Հիսուսն ասաց. «Ինչպես որ եղավ Նոյի օրերում, այնպես էլ կլինի մարդու Որդու օրերում» (Ղուկ. 17։26)։ Հիսուսը գլխավորապես չէր խոսում իր նախադեպը չունեցող գալիք կործանման մասին. նա խոսում էր մարդկանց ապրելակերպի մասին (կարդա՛ Մատթեոս 24։37–39)։ Նոյի օրերում մարդկանց մեծամասնությունը չէր հետաքրքրվում Աստծով, էլ ուր մնաց ջանար նրան հաճեցնել։ Ի՞նչն էր շեղում նրանց։ Առանձնապես ոչինչ. ուտելը, խմելը և ամուսնանալը, բաներ, որոնք կյանքի բնականոն ընթացքի մասն են կազմում։ Սակայն իրական խնդիրն այն էր, որ, ինչպես ասաց Հիսուսը, նրանք «ուշադրություն չդարձրին»։
5. Ի՞նչը կարող է օգնել մեզ հաջողությամբ ավարտելու մրցավազքը։
5 Նոյի և իր ընտանիքի նման՝ մենք ամեն օր շատ գործեր ունենք անելու։ Պետք է ապրուստ վաստակենք ու հոգ տանենք մեզ ու մեր ընտանիքին։ Դա կարող է խլել շատ ժամանակ, ուժ և միջոցներ։ Հատկապես մեր օրերում՝ տնտեսապես անկայուն այս ժամանակներում, հեշտ է մտահոգությունների մեջ ընկնել՝ հոգս անելով, թե ինչպես ձեռք բերել առօրյա անհրաժեշտ բաները։ Որպես նվիրված քրիստոնյաներ՝ նաև կարևոր աստվածապետական պատասխանատվություններ ունենք։ Մենք մասնակցում ենք քարոզչությանը, պատրաստվում ու հաճախում ենք քրիստոնեական հանդիպումներին և անձնական ու ընտանեկան ուսումնասիրություն ենք անում, որպեսզի հոգևորապես ամուր մնանք։ Թեև Նոյը շատ բան ուներ անելու Աստծուն մատուցվելիք ծառայության մեջ, ամեն բան «նա հենց այդպես արեց»՝ ինչպես որ Եհովան իրեն պատվիրել էր (Ծննդ. 6։22)։ Եթե ուզում ենք հասնել վերջնագծին, կարևոր է չավելացնել ոչ անհրաժեշտ բեռ այն ծանրության վրա, որը պարտավոր ենք կրել։
6, 7. Հիսուսի ո՞ր խորհուրդը պետք է հիշենք։
6 Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ «հանենք ամեն ծանրություն»։ Իհարկե, չենք կարող լիովին ձերբազատվել մեր բոլոր պարտականություններից։ Հիշիր Հիսուսի խոսքերը. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե՝ «ի՞նչ պիտի ուտենք», «ի՞նչ պիտի խմենք» կամ «ի՞նչ պիտի հագնենք», որովհետև ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթ. 6։31, 32)։ Հիսուսի խոսքերը ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի անհրաժեշտ բաները, ինչպիսիք են՝ կերակուրն ու հագուստը, կարող են բեռ դառնալ կամ սայթաքելու պատճառ, եթե ճիշտ տեղում չլինեն մեր կյանքում։
7 Ուշադրություն դարձրու Հիսուսի խոսքերին. «Ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ»։ Սա ցույց է տալիս, որ մեր երկնային Հայրը՝ Եհովան, կհոգա մեր կարիքները։ Անշուշտ, «այդ բոլոր բաները» կարող են տարբերվել այն ամենից, ինչ մենք կնախընտրեինք կամ կուզեինք ունենալ։ Այդուհանդերձ, մեզ ասվում է, որ չմտահոգվենք այն ամենով, ինչ «ազգերն են ջանում ձեռք բերել»։ Ինչո՞ւ։ Հիսուսը հետագայում հետևյալ խորհուրդը տվեց իր ունկնդիրներին. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ» (Ղուկ. 21։34, 35)։
8. Ինչո՞ւ է հատկապես հիմա «ամեն ծանրություն» հանելու ժամանակը։
8 Վերջնագիծը մեր առջևում է։ Որքա՜ն ափսոս կլինի, եթե ծանրաբեռնենք ինքներս մեզ ոչ անհրաժեշտ բաներով, որոնք կարող են խանգարել մեզ, երբ այդքան մոտ ենք վերջին։ Ուստի իսկապես տեղին է Պողոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով» (1 Տիմոթ. 6։6)։ Եթե լրջորեն վերաբերվենք Պողոսի խոսքերին, կմեծանա մրցանակը ստանալու մեր հնարավորությունը։
«Մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ»
9, 10. ա) «Մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ» արտահայտությունը ինչի՞ն է վերաբերում։ բ) Ինչպե՞ս կարող է քրիստոնյան խճճվել։
9 Բացի «ամեն ծանրությունից», Պողոսը նշում է, որ պետք է հանենք «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ»։ Ի՞նչ է այդ մեղքը։ Անհավատությունը։ «Հեշտությամբ խճճել» թարգմանված հունարեն բառը Աստծու Խոսքում միայն այս համարում է հանդիպում։ Աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզը նշում է. «Ինչպես որ վազորդը չէր սահմանափակի իր շարժումները՝ կրելով այնպիսի հագուստ, որը վազելիս կփաթաթվեր ոտքերին ու կխանգարեր իրեն, այնպես էլ քրիստոնյան պետք է հրաժարվի իրեն խանգարող բոլոր բաներից»։ Ինչպե՞ս քրիստոնյան կարող է խճճվել՝ թուլացնել իր հավատը։
10 Քրիստոնյան մեկ օրում չի կորցնում իր հավատը։ Այն տեղի է ունենում աստիճանաբար, նույնիսկ աննկատ։ Ավելի վաղ իր նամակում Պողոսը զգուշացրել էր «ճանապարհից շեղվելու» և «չար ու անհավատ սիրտ զարգացնելու» վտանգի մասին (Եբր. 2։1; 3։12)։ Եթե վազորդի ոտքերը խճճվեն հագուստի մեջ, ամենայն հավանականությամբ նա կընկնի։ Խճճվելու վտանգը հատկապես մեծ է, եթե նա սխալ հագուստ է կրում՝ արհամարհելով այդ վտանգը։ Ինչո՞ւ գուցե նա արհամարհի վտանգը։ Պատճառները կարող են լինել անհոգությունը, չափից շատ ինքնավստահությունը կամ որոշ շեղող հանգամանքներ։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի խորհրդից։
11. Ինչի՞ պատճառով գուցե կորցնենք հավատը։
11 Պետք է հիշենք, որ հավատի կորուստը որոշակի ժամանակահատվածում արված բաների վերջնական արդյունքն է։ Մեկ ուրիշ աստվածաշնչագետ «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ» արտահայտության վերաբերյալ նշում է, որ դա այն «մեղքն է, որը մեծ առավելության է հասնում մեր նկատմամբ մեր հանգամանքների, սխալ ցանկությունների, ընկերակցության պատճառով»։ Միտքն այն է, որ մեր իրավիճակը, թուլությունները և ընկերակցությունները մեծ ազդեցություն կարող են թողնել մեզ վրա, ինչի պատճառով մեր հավատը թերևս թուլանա կամ նույնիսկ կորցնենք այն (Մատթ. 13։3–9)։
12. Ո՞ր հիշեցումներին պետք է լուրջ վերաբերվենք, որպեսզի չկորցնենք մեր հավատը։
12 Տարիներ շարունակ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը հիշեցումներ է տալիս մեզ այն բանի վերաբերյալ, որ զգույշ լինենք, թե ինչ ենք նայում կամ լսում, այսինքն՝ թե ինչի վրա ենք կենտրոնացնում մեր սիրտն ու միտքը։ Նաև նախազգուշացնում է փողի ու նյութական իրերի հետևից ընկնելու վտանգների մասին։ Մեզ ճանապարհից կարող են շեղել զվարճությունների աշխարհի փայլն ու հրապուրանքը կամ տեխնիկայի անվերջ նորույթները։ Լուրջ սխալ թույլ կտանք, եթե մտածենք, որ այս խորհուրդները չափազանց խիստ են կամ միայն ուրիշներին են վերաբերում, քանի որ պաշտպանված ենք այդ վտանգներից։ Այն բաները, որոնք Սատանայի աշխարհը դնում է մեր ճանապարհին, որ խճճի մեզ, աննկատ են ու խաբուսիկ։ Ոմանք կորցրել են իրենց հավատը անհոգության, չափից շատ ինքնավստահության և շեղող հանգամանքների պատճառով։ Դրանց պատճառով մենք էլ կարող ենք կորցնել կյանքի մրցանակը ստանալու հույսը (1 Հովհ. 2։15–17)։
13. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել վնասակար ազդեցություններից։
13 Ամեն օր մենք առնչվում ենք այնպիսի մարդկանց, որոնք խրախուսում են որդեգրել այս աշխարհի մտածելակերպը, արժեքներն ու նպատակները (կարդա՛ Եփեսացիներ 2։1, 2)։ Սակայն մեզանից է կախված, թե որքանով թույլ կտանք, որ նրանք ազդեն մեզ վրա։ Այն «օդը», որի մասին խոսեց Պողոսը, մահացու է։ Մենք պետք է միշտ զգոն լինենք, որպեսզի շնչասպառ կամ շնչահեղձ չլինենք, ինչի պատճառով չենք հասնի վերջնագծին։ Ի՞նչը կօգնի մեզ շարունակելու մեր ընթացքը։ Հիսուսի՝ մեր առջևից գնացողի կատարյալ օրինակը (Եբր. 12։2)։ Ունենք նաև Պողոսի օրինակը, որն իրեն նույնպես վազորդ էր համարում քրիստոնեական մրցավազքում և հորդորում էր իր հավատակիցներին ընդօրինակել իրեն (1 Կորնթ. 11։1; Փիլիպ. 3։14)։
«Որ ստանաք այն». ինչպե՞ս
14. Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում մրցավազքում իր մասնակցությանը։
14 Ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում մրցավազքում իր ունեցած մասնակցությանը։ Եփեսոսի երեցների հետ վերջին անգամ խոսելիս նա ասաց. «Ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից» (Գործ. 20։24)։ Նա պատրաստ էր զոհելու ամեն ինչ, այդ թվում նաև իր կյանքը, որպեսզի ավարտեր մրցավազքը։ Պողոսը բարի լուրի համար իր թափած բոլոր ջանքերն ու կատարած ծանր աշխատանքը զուր էր համարում, եթե չէր ավարտելու իր ընթացքը։ Սակայն նա ինքնավստահ չէր, չէր կարծում, թե անպատճառ հաղթելու է մրցավազքում (կարդա՛ Փիլիպպեցիներ 3։12, 13)։ Միայն իր կյանքի վերջում էր, որ նա որոշակի վստահությամբ ասաց. «Ես մղեցի բարի պատերազմը, ավարտեցի մրցավազքը, պահեցի հավատը» (2 Տիմոթ. 4։7)։
15. Ի՞նչ քաջալերեց Պողոսը մրցավազքին մասնակցող իր հավատակիցներին։
15 Պողոսը շատ էր ուզում, որ իր հավատակիցներն էլ դուրս չմնան մրցավազքից, այլ ավարտեն այն։ Նա հորդորեց Փիլիպպեի քրիստոնյաներին ամեն ջանք թափել, որ հասնեն փրկության։ Նրանք պետք է «ամուր բռնեին կյանքի խոսքը»։ Առաքյալը շարունակեց. «Որպեսզի Քրիստոսի օրը ես ցնծալու պատճառ ունենամ, որ զուր տեղը չեմ վազել կամ զուր տեղը չեմ տքնաջան աշխատել» (Փիլիպ. 2։16)։ Ուստի Կորնթոսի քրիստոնյաներին նույնպես քաջալերեց. «Այնպես վազեք, որ ստանաք [մրցանակը]» (1 Կորնթ. 9։24)։
16. Ինչո՞ւ նպատակը, կամ՝ մրցանակը, միշտ պետք է մեր աչքի առաջ ունենանք։
16 Եթե մրցավազքը երկար է, օրինակ՝ մարաթոնը, վերջնագիծը սկզբում չի երևում։ Սակայն վազքի ողջ ընթացքում վազորդները կենտրոնանում են վերջի վրա և որքան մոտենում են իրենց նպատակին, այնքան նրանց վճռականությունը մեծանում է։ Այդպես պետք է լինի նաև մեր դեպքում։ Նպատակը, կամ՝ մրցանակը, պետք է իրական լինի մեզ համար։ Դա կօգնի, որ հասնենք դրան։
17. Ինչպե՞ս է հավատը օգնում կենտրոնանալու մրցանակի վրա։
17 «Հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան, և ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»,— գրեց Պողոսը (Եբր. 11։1)։ Աբրահամն ու Սառան հոժարակամորեն թողեցին իրենց հարմարավետ կյանքը և ապրեցին որպես «օտարներ և ժամանակավոր բնակիչներ»։ Ի՞նչը օգնեց նրանց։ Նրանք «հեռվից տեսան [Աստծու խոստումների իրականացումը]»։ Մովսեսը հրաժարվեց «մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելուց» և «Եգիպտոսի գանձերից»։ Ի՞նչն էր զորացնում նրա հավատը և ուժ տալիս այդպես վարվելու։ Մովսեսը «աչքերը հառել էր վարձատրությանը» (Եբր. 11։8–13, 24–26)։ Ուստի հասկանալի է, թե ինչու Պողոսը այս մարդկանցից յուրաքանչյուրին նկարագրելիս իր խոսքերը սկսում էր «հավատով» բառով։ Հավատը օգնեց նրանց չկենտրոնանալու իրենց նեղությունների ու դժվարությունների վրա, այլ տեսնելու, թե Աստված ինչ էր անում և ինչ էր անելու հանուն իրենց։
18. Որպեսզի մեր վրայից հանենք «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ», ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք։
18 Եբրայեցիներ 11-րդ գլխում նկարագրված տղամարդկանց ու կանանց հավատի շուրջ խորհելով և ընդօրինակելով նրանց՝ կկարողանանք հավատ զարգացնել ու մեր վրայից հանել «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ» (Եբր. 12։1)։ Նաև կարող ենք «ուշադիր լինել միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար»՝ հավաքվելով այն մարդկանց հետ, ովքեր մեզ պես հավատ են զարգացնում (Եբր. 10։24)։
19. Ի՞նչ ես վճռել անել, որպեսզի աչքերդ հառած պահես մրցանակին։
19 Մրցավազքը մոտենում է իր ավարտին։ Վերջնագիծն արդեն նշմարվում է։ Հավատի ու Եհովայի օգնության շնորհիվ մենք նույնպես կարող ենք «մեր վրայից հանել ամեն ծանրություն, ինչպես նաև մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ»։ Այո՛, մենք կարո՛ղ ենք այնպես վազել, որ ստանանք մրցանակը՝ մեր Աստծու և Հոր՝ Եհովայի խոստացած օրհնությունները։
[ծանոթագրություն]
a Հին ժամանակներում ապրող հրեաների համար սա վիրավորական էր։ Ըստ «Բ Մակաբայեցիներ» պարականոն գրքի՝ երբ հավատուրաց քահանայապետ Յասոնը ժողովրդին հելլենականացնելու նկատառումներով առաջարկեց Երուսաղեմում մարզարան կառուցել, բավականին մեծ վիճաբանություն ծագեց (Բ Մակ. 4։7–17)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ է նշանակում հանել «ամեն ծանրություն»։
• Ինչի՞ պատճառով քրիստոնյան թերևս կորցնի իր հավատը։
• Ինչո՞ւ պետք է մեր աչքերը հառած պահենք մրցանակին։
[նկար 23-րդ էջի վրա]
Ի՞նչ է «մեղքը, որը հեշտությամբ խճճում է մեզ», և ինչպե՞ս այն կարող է խճճել