Թույլ տալի՞ս ես, որ Եհովան քո բաժինը լինի
«Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (ՄԱՏԹ. 6։33)։
1, 2. ա) Ո՞ւմ է ներկայացնում «Աստծու Իսրայելը», որի մասին խոսվում է Գաղատացիներ 6։16-ում։ բ) Ո՞ւմ են ներկայացնում «Իսրայելի տասներկու ցեղերը», որոնց մասին խոսվում է Մատթեոս 19։28-ում։
ԵՐԲ Աստվածաշնչում կարդում ես Իսրայել անունը, ի՞նչ է գալիս միտքդ։ Մտածում ես Իսահակի որդի Հակոբի՞ մասին, որը կոչվեց Իսրայել։ Թե՞ միտքդ են գալիս նրա սերունդները՝ հին Իսրայել ազգը։ Կամ գուցե մտածում ես հոգևո՞ր Իսրայելի մասին։ Երբ Իսրայելի մասին խոսվում է խորհրդանշական իմաստով, սովորաբար խոսքը «Աստծու Իսրայելի»՝ 144000-ի մասին է, որոնք օծված են սուրբ ոգով, որ թագավորներ ու քահանաներ լինեն երկնքում (Գաղ. 6։16; Հայտն. 7։4; 21։12)։ Սակայն ուշադրություն դարձրու, թե ինչ իմաստով է օգտագործվում «Իսրայելի տասներկու ցեղեր» արտահայտությունը Մատթեոս 19։28-ում։
2 Հիսուսն ասաց. «Վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին»։ Այստեղ նշված «Իսրայելի տասներկու ցեղերը» նրանք են, որոնց կդատեն Հիսուսի օծյալ աշակերտները և որոնք հույս ունեն հավիտյան ապրելու երկրային դրախտում։ Նրանք օգուտներ կքաղեն 144000-ի քահանայական ծառայությունից։
3, 4. Ի՞նչ լավ օրինակ են թողնում հավատարիմ օծյալները։
3 Հնում ապրող քահանաների ու ղևտացիների նման՝ այսօր օծյալներն իրենց ծառայությունը առանձնաշնորհում են համարում (Թվեր 18։20)։ Օծյալները չեն ակնկալում, որ երկրի վրա իրենց կալվածք կտրվի որպես ժառանգություն։ Փոխարենը, ինչպես ցույց է տրվում Հայտնություն 4։10, 11 համարներում՝ նրանք կշարունակեն ծառայել Եհովային երկնքում, որտեղ Հիսուս Քրիստոսի հետ կթագավորեն ու քահանաներ կլինեն (Եզեկ. 44։28)։
4 Երկրի վրա օծյալների ապրելակերպը փաստում է, որ Եհովան է իրենց բաժինը։ Նրանց համար ամենակարևոր բանը Աստծուն ծառայելու առանձնաշնորհումն է։ Այդ անհատները հավատ են դրսևորում Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ և անդադար հետևում են նրան՝ այդպիսով «որպես կանչվածներ ու ընտրվածներ հավատարիմ մնալով» (2 Պետ. 1։10)։ Թեև օծյալ քրիստոնյաների հանգամանքներն ու կարողությունները տարբեր են, սակայն նրանք իրենց սահմանափակ հնարավորությունները որպես պատրվակ չեն օգտագործում, որ քիչ բան անեն ծառայության մեջ։ Ընդհակառակը՝ առաջնահերթությունը տալիս են Աստծուն ծառայելուն՝ անելով իրենց լավագույնը։ Նրանք լավ օրինակ են այն անհատների համար, ովքեր հույս ունեն ապրելու դրախտային երկրի վրա։
5. Ինչպե՞ս կարող են բոլոր քրիստոնյաները Եհովային իրենց բաժինը դարձնել, և ինչո՞ւ դա գուցե դժվար լինի։
5 Անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային, պետք է մեր «անձը ուրանանք, վերցնենք մեր տանջանքի ցիցը ու շարունակ» Քրիստոսին հետևենք (Մատթ. 16։24)։ Միլիոնավոր անհատներ, ովքեր հույս ունեն ապրելու երկիր-դրախտում, այսպես են երկրպագում Աստծուն ու հետևում Քրիստոսին։ Նրանք չեն բավարարվում քիչ բան անելով, երբ զգում են, որ կարող են ավելին անել։ Շատերը մղվել են պարզեցնելու իրենց կյանքը և ռահվիրա ծառայելու։ Ուրիշները տարվա մեջ մի քանի ամիս կարողանում են ենթառահվիրա ծառայել։ Իսկ նրանք, ովքեր չեն կարող ռահվիրա ծառայել, ջանում են իրենց լավագույնն անել ծառայության մեջ։ Այդ մարդիկ նման են Մարիամին, որը անուշահոտ յուղ լցրեց Հիսուսի վրա։ Վերջինս ասաց. «Նա բարի գործ արեց ինձ համար.... Նա արեց այն, ինչ կարող էր» (Մարկ. 14։6–8)։ Ճիշտ է, հեշտ չէ անել մեր լավագույնը, քանի որ ապրում ենք մի աշխարհում, որի ղեկավարը Սատանան է։ Սակայն մենք շատ ջանք ենք թափում և ապավինում ենք Եհովային։ Քննենք, թե չորս տարբեր բնագավառներում ինչպես կարող ենք այդպես վարվել։
Նախ փնտրենք Աստծու Թագավորությունը
6. ա) Ընդհանուր առմամբ մարդիկ ինչպե՞ս են ցույց տալիս, որ իրենց բաժինը միայն այս կյանքում է։ բ) Ինչո՞ւ լավ կլինի ունենալ Դավթի տեսակետը։
6 Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց նախ Թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել։ Աշխարհում մարդիկ հակված են նախ իրենց շահերը փնտրելու։ Նրանց մասին Աստվածաշունչը խոսում է որպես «այս աշխարհի մարդկանց, որոնց բաժինը այս կյանքում է» (կարդա՛ Սաղմոս 17։1, 13–15)։ Շատերը հաշվի չեն առնում իրենց Ստեղծչին ու հետաքրքրված են միայն հարմարավետ ապրելակերպ ունենալով, ընտանիք կազմելով և ժառանգություն թողնելով։ Նրանց բաժինը միայն այս կյանքում է։ Հակառակ նրանց՝ Դավիթը ձգտում էր «լավ անուն» ստեղծել Եհովայի մոտ, ինչպես որ իր որդին հետագայում քաջալերեց բոլորին անել (Ժող. 7։1)։ Ասափի նման՝ Դավիթը հասկանում էր, որ ավելի լավ է Եհովայի հետ ընկերություն անել, քան սեփական շահերին նախապատվություն տալ։ Աստծու հետ քայլելը ուրախություն էր պատճառում նրան։ Ժամանակակից շատ քրիստոնյաներ առաջին տեղում դնում են հոգևոր գործերը և ոչ թե աշխատանքը։
7. Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար մի եղբայր ինչպե՞ս օրհնվեց։
7 Քննենք Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ապրող մեր եղբոր՝ Ժան-Կլոդի օրինակը։ Նա ամուսնացած է, ունի երեք երեխա և ժողովում ծառայում է որպես երեց։ Այդ երկրում դժվար է աշխատանք գտնել, ու շատերը պատրաստ են դիմելու ամեն քայլի, միայն թե չկորցնեն իրենց աշխատանքը։ Մի օր մենեջերը Ժան-Կլոդին ասաց, որ նա պետք է սկսի իր գործը երեկոյան ժամը 6։30, աշխատի ողջ գիշեր և այդպես շաբաթը յոթ օր։ Բայց եղբայրն ասաց, որ իր պարտականությունն է ոչ միայն նյութապես հոգ տանել իր ընտանիքի մասին, այլև հոգևորապես։ Նա նաև նշեց, որ պատասխանատվություն ունի օգնելու ժողովին։ Ինչպե՞ս արձագանքեց մենեջերը։ «Եթե քեզ հաջողվել է աշխատանք գտնել, ուրեմն պետք է մոռանաս մնացած բոլոր բաները, այդ թվում կնոջդ, երեխաներիդ ու խնդիրներդ։ Քո կյանքը պետք է նվիրես միայն աշխատանքիդ և ուրիշ ոչ մի բանի։ Ընտրիր՝ կա՛մ կրոնդ, կա՛մ աշխատանքդ»։ Ինչպե՞ս դու կվարվեիր։ Ժան-Կլոդը հասկանում էր, որ եթե կորցնի աշխատանքը, Աստված հոգ կտանի իր մասին։ Նա կշարունակի զբաղված լինել ծառայության մեջ, ու Եհովան կօգնի իրեն, որ հոգա ընտանիքի նյութական կարիքները։ Ուստի նա գնաց ժողովի հաջորդ հանդիպմանը։ Դրանից հետո Ժան-Կլոդը պատրաստվեց աշխատանքի գնալու, սակայն վստահ չէր՝ հեռացրել են իրեն աշխատանքից, թե ոչ։ Այդ պահին հեռախոսազանգ եկավ. պարզվեց, որ մենեջերին հանել են աշխատանքից, և մեր եղբայրը չկորցրեց իր աշխատանքը։
8, 9. Ի՞նչ իմաստով կարող ենք ընդօրինակել քահանաներին ու ղևտացիներին, եթե Եհովային մեր բաժինն ենք ուզում դարձնել։
8 Որոշ անհատներ, ովքեր կանգնած են եղել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, գուցե մտածել են. «Ինչպե՞ս եմ հոգալու ընտանիքիս կարիքները» (1 Տիմոթ. 5։8)։ Անկախ նրանից՝ ունեցել ես այդպիսի խնդիր, թե ոչ, հավանաբար քո փորձից համոզվել ես, որ եթե Աստված քո բաժինն է և դու թանկ ես գնահատում նրան ծառայելու առանձնաշնորհումդ, երբեք հիասթափություն չես ունենա։ Երբ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ շարունակեն նախ Թագավորությունը փնտրել, նաև վստահեցրեց, որ «այդ բոլոր բաները»՝ ինչ ուտել, ինչ խմել և ինչ հագնել, «կտրվեն իրենց» (Մատթ. 6։33)։
9 Հիշիր ղևտացիներին, ովքեր կալվածք չժառանգեցին։ Քանի որ նրանց համար գլխավոր տեղում մաքուր երկրպագությունն էր, նրանք պետք է վստահ լինեին, որ Եհովան, որն ասել էր՝ «ես եմ քո բաժինը», կապահովեր իրենց ապրուստի միջոցներով (Թվեր 18։20)։ Թեև, ի տարբերություն քահանաների ու ղևտացիների, մենք չենք ծառայում բառացի տաճարում, կարող ենք ընդօրինակել նրանց՝ վստահ լինելով, որ Եհովան կհոգա մեր կարիքները։ Մինչ վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, ավելի ու ավելի կարևոր է դառնում Աստծուն ապավինելը և վստահելը, որ նա ի զորու է հոգալու մեր կարիքները (Հայտն. 13։17)։
Նախ փնտրենք Աստծու արդարությունը
10, 11. Ինչպե՞ս են ոմանք ապավինել Եհովային աշխատանքի հետ կապված հարցերում։ Բե՛ր օրինակ։
10 Հիսուսն իր հետևորդներին նաև հորդորեց «նախ.... Աստծու արդարությունը փնտրել» (Մատթ. 6։33)։ Դա նշանակում է, որ ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշները մարդկային չափանիշներից վեր պետք է դասենք (կարդա՛ Եսայիա 55։8, 9)։ Որոշ մարդիկ, ովքեր նախկինում ծխախոտ են աճեցրել կամ վաճառել, ուրիշներին սովորեցրել են պատերազմել կամ զենք են արտադրել ու վաճառել, ճշմարտությունն իմանալուց հետո փոխել են իրենց աշխատանքը և համապատասխանել մկրտության պահանջներին (Ես. 2։4; 2 Կորնթ. 7։1; Գաղ. 5։14)։
11 Այդպիսի մարդկանցից է Էնդրյուն։ Երբ նա և իր կինը իմացան Եհովայի մասին, վճռեցին ծառայել նրան։ Թեև Էնդրյուն շատ էր հպարտանում իր աշխատանքով, սակայն թողեց այն։ Ինչո՞ւ։ Քանի որ աշխատում էր մի կազմակերպությունում, որի պատճառով չէր կարող պահել իր չեզոքությունը, իսկ նա վճռել էր առաջին տեղում դնել Աստծու արդարությունը։ Էնդրյուն ուներ երկու երեխա։ Երբ հեռացավ աշխատանքից, չուներ կողմնակի եկամուտ, եղած գումարն էլ կբավականացներ ընդամենը մի քանի ամիս։ Մարդկային տեսանկյունից թվում էր, թե նա չունի «ժառանգություն»։ Էնդրյուն, ապավինելով Աստծուն, սկսեց աշխատանք փնտրել։ Հետ նայելով՝ նա և իր ընտանիքը կարող են հաստատել, որ Եհովայի ձեռքը կարճ չէ (Ես. 59։1)։ Պարզ կյանք վարելով՝ Էնդրյուն և իր կինը նույնիսկ առանձնաշնորհում են ունեցել լիաժամ ծառայելու։ «Եղել են պահեր, երբ բնակարանային, ֆինանսական, առողջական ու տարիքի հետ կապված խնդիրները անհանգստություն են պատճառել մեզ,— ասում է նա։— Սակայն Եհովան միշտ մեր կողքին է եղել.... Մենք, առանց մի փոքր կասկածի, կարող ենք ասել, որ Եհովային ծառայելը ամենապատվարժան ու ամենավարձահատույց բանն է, որ մարդ կարող է անել»a (Ժող. 12։13)։
12. Ի՞նչ է հարկավոր ունենալ Աստծու չափանիշներին նախապատվություն տալու համար։ Բե՛ր օրինակներ ձեր տարածքից։
12 Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «այստեղից այնտեղ տեղափոխվիր», և կտեղափոխվի, և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար» (Մատթ. 17։20)։ Կկարողանա՞ս Աստծու չափանիշներին նախապատվություն տալ, եթե այդ պատճառով դժվարությունների բախվես։ Եթե վստահ չես դրանում, խոսիր ժողովի անդամների հետ։ Անկասկած, հոգևորապես կթարմանաս, երբ ուրիշները պատմեն քեզ իրենց փորձից։
Գնահատենք Եհովայի տված հոգևոր լույսը
13. Եթե ծառայության մեջ մեր լավագույնն անենք, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
13 Եթե թանկ ես գնահատում Եհովային ծառայելու առանձնաշնորհումդ, կարող ես վստահ լինել, որ նա կհոգա քո ֆիզիկական ու հոգևոր կարիքները, ինչպես որ հոգ էր տանում ղևտացիներին։ Հիշիր Դավթին։ Թեև նա քարայրում էր, սակայն վստահ էր, որ Աստված կհոգա իր մասին։ Մենք էլ կարող ենք ապավինել Եհովային, նույնիսկ երբ ելք չենք տեսնում։ Հիշիր նաև, որ երբ Ասափը եկավ «Աստծու վեհապանծ սրբարանը», կարողացավ գտնել իրեն անհանգստացնող հարցերի պատասխանը (Սաղ. 73։17)։ Նմանապես, մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան կտա մեզ այն, ինչի կարիքն ունենք, որ հոգևորապես ամուր լինենք։ Այդպիսով ցույց կտանք մեր երախտագիտությունը այն բանի հանդեպ, որ առանձնաշնորհում ունենք ծառայելու Աստծուն՝ անկախ մեր հանգամանքներից։ Վարվելով այդպես՝ թույլ կտանք, որ Եհովան մեր բաժինը լինի։
14, 15. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ աստվածաշնչյան որոշ համարների վերաբերյալ լույսն ավելի պայծառ է դառնում, և ինչո՞ւ։
14 Ինչպե՞ս ես արձագանքում, երբ Եհովան՝ հոգևոր լույսի Աղբյուրը, լույս է սփռում իր Խոսքում գտնվող «խորունկ գաղտնիքների» վրա (1 Կորնթ. 2։10–13)։ Այս հարցում հրաշալի օրինակ է թողել Պետրոս առաքյալը։ Մի անգամ Հիսուսն իր ունկնդիրներին ասաց. «Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ունենա ձեզանում»։ Բառացի հասկանալով այս խոսքերը՝ աշակերտներից շատերն ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»։ Այնուհետև «հետ դարձան իրենց նախկին գործերին»։ Սակայն Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես» (Հովհ. 6։53, 60, 66, 68)։
15 Թեև Պետրոսը լիովին չէր հասկանում, թե ինչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով, որ պետք է ուտեն իր մարմինը և խմեն արյունը, սակայն վստահում էր Աստծուն, որ հոգևոր լույս կսփռի։ Երբ որևէ հարցի վերաբերյալ հոգևոր լույսն ավելի պայծառ է դառնում, փորձո՞ւմ ես հասկանալ այդ բարեփոխման համար աստվածաշնչյան հիմքը (Առակ. 4։18)։ Առաջին դարում ապրող բերիացիները «մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Սուրբ Գրքերը» (Գործ. 17։11)։ Եթե ընդօրինակես նրանց, կխորացնես երախտագիտությունդ այն բանի հանդեպ, որ Եհովային ծառայելու առանձնաշնորհումն ունես, այսինքն՝ որ նա քո բաժինն է։
Ամուսնանալ միայն Տիրոջ հետևորդի հետ
16. 1 Կորնթացիներ 7։39-ում արձանագրված պատվերին հնազանդվելով՝ ինչպե՞ս կարող ենք Աստծուն մեր բաժինը դարձնել։
16 Մեկ այլ բնագավառ, որում քրիստոնյաները պետք է ապավինեն Աստծուն, «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերին հնազանդվելն է (1 Կորնթ. 7։39)։ Շատերը նախընտրել են ամուրի մնալ, քան չհնազանդվել այս պատվերին։ Աստված մեծապես հոգ է տանում այդպիսի անհատների մասին։ Ի՞նչ արեց Դավիթը, երբ միայնակ զգաց իրեն ու թվում էր՝ չկա մեկը, որ օգնի։ «[Աստծու] առջև իմ մտահոգությունը թափեցի,— ասաց նա,— պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին, երբ ոգիս մաշվում էր իմ ներսում» (Սաղ. 142։1–3)։ Նման զգացումներ հավանաբար ունեցել է նաև Երեմիա մարգարեն, որը ամուրի էր և տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայեց Աստծուն։ Կարող ես ուսումնասիրել նրա օրինակը «Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով» գրքի 8-րդ գլխում։
17. Ինչպե՞ս է մի ամուրի քույր հաղթահարում միայնության զգացումը, որ երբեմն ունենում է։
17 «Երբեք նպատակ չեմ ունեցել ամուրի մնալ,— պատմում է Միացյալ Նահանգներում ապրող մի քույր։— Կամուսնանամ, երբ հանդիպեմ համապատասխան անհատի։ Մայրս, որը Վկա չէ, փորձում էր համոզել ինձ ամուսնանալ ցանկացած մարդու հետ։ Ես հարցրի նրան, թե արդյոք պատասխանատվությունը իր վրա կվերցնի, եթե ամուսնությունս երջանիկ չլինի։ Ժամանակի ընթացքում, տեսնելով, որ լավ աշխատանք ունեմ, կարողանում եմ հոգալ իմ մասին ու երջանիկ եմ, դադարեց ինձ վրա ճնշում գործադրելուց»։ Երբեմն այս քույրն իրեն միայնակ է զգում։ «Այդ ժամանակ,— ասում է նա,— ձգտում եմ Եհովային իմ ապավենը դարձնել։ Նա երբեք չի լքում ինձ»։ Ի՞նչն է օգնել նրան ապավինելու Եհովային։ «Աղոթքն օգնում է ինձ զգալու, որ Աստված իրական է և որ ես երբեք մենակ չեմ։ Եթե Տիեզերքի Գերիշխանը լսում է ինձ, ինչպե՞ս կարող եմ գնահատված ու երջանիկ չզգալ»։ Վստահ լինելով, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»՝ նա ասում է. «Ես ձեռքիցս եկածն անում եմ, որ օգնեմ ուրիշներին, ու փոխարենը ոչինչ չեմ ակնկալում։ Երբ մտածում եմ, թե ինչ կարող եմ անել մարդկանց օգնելու համար, ներքին ուրախություն եմ զգում» (Գործ. 20։35)։ Այո՛, Եհովան այս քրոջ բաժինն է, և նրան մեծ ուրախություն է պատճառում Աստծուն ծառայելու առանձնաշնորհումը։
18. Ի՞նչ իմաստով Եհովան կարող է քեզ իր բաժինը դարձնել։
18 Ինչ հանգամանքներում էլ որ լինես, կարող ես թույլ տալ, որ Աստված քո բաժինը լինի։ Եթե այդպես վարվես, նրա երջանիկ ժողովրդի մասը կկազմես (2 Կորնթ. 6։16, 17)։ Արդյունքում՝ դու էլ Եհովայի բաժինը կլինես, ինչպես որ եղան անցյալում ապրած նրա ծառաները (կարդա՛ 2 Օրենք 32։9, 10)։ Ինչպես որ ազգերի միջից Իսրայելը դարձավ Աստծու բաժինը, այնպես էլ դու կարող ես դառնալ նրա բաժինը, և նա սիրով հոգ կտանի քո մասին (Սաղ. 17։8)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Արթնացե՛ք», 2009, նոյեմբեր, էջ 12–14 (ռուս.)։
Ինչպե՞ս կպատասխանես
Ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ Եհովան քո բաժինը լինի՝
• նախ Աստծու Թագավորությունն ու նրա արդարությունը փնտրելով,
• գնահատանք դրսևորելով հոգևոր կերակուրի հանդեպ,
• հնազանդվելով միայն Տիրոջ հետևորդի հետ ամուսնանալու վերաբերյալ պատվերին։
[մեջբերում 13-րդ էջի վրա]
Եհովան մեր բաժինը կլինի, եթե նրան ծառայելը մեզ համար ամենակարևոր բանը դարձնենք
[նկար 15-րդ էջի վրա]
Երեմիայի օրինակը քաջալերական է