Հիսուսի ազդեցությունը ձեզ վրա
ՆԱԽՈՐԴ հոդվածում քննարկված նյութը փարատում է բոլոր կասկածներն այն բանի վերաբերյալ, որ Հիսուսի ուսուցումները մեծ ազդեցություն են գործել ողջ աշխարհի վրա։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հարցը. «Ի՞նչ ազդեցություն են թողնում նրա սովորեցրած սկզբունքները անձամբ ինձ վրա»։
Հիսուսի ուսուցումները բազմաբնույթ են։ Այն արժեքավոր դասերը, որ կարելի է քաղել դրանցից, վերաբերում են ձեր կյանքի յուրաքանչյուր ոլորտին։ Եկեք ուշադրություն դարձնենք այն բանին, թե Հիսուսը ինչ է սովորեցրել կյանքում առաջնահերթություններ դնելու, Աստծու հետ ընկերանալու, ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ հաստատելու, խնդիրները լուծելու և բռնի արարքներից հեռու մնալու մասին։
Կյանքում առաջնահերթություններ դրեք
Այսօրվա փոփոխական աշխարհն այնքան ժամանակ ու եռանդ է խլում մեզանից, որ հոգևոր գործերը հաճախ մնում են ետին պլանում։ Ահա քսանն անց մի երիտասարդի օրինակ. անվանենք նրան Ջերի։ Թեպետ Ջերին հաճույքով է զրուցում հոգևոր թեմաների շուրջ և գնահատում է այն դասերը, որ քաղում է դրանցից, նա իր դժգոհությունն է արտահայտում հետևյալ խնդրի հետ կապված. «Ես պարզապես ժամանակ չունեմ այդ բանով կանոնավորապես զբաղվելու։ Շաբաթվա վեց օրը աշխատում եմ։ Միակ հանգստյանս օրը կիրակին է։ Երբ այդ օրը անում եմ բոլոր անհրաժեշտ գործերը, այլևս ուժ չեմ ունենում»։ Եթե դուք նույն դժվարությանն եք բախվում, ապա կարող եք օգուտներ քաղել այն ուսուցումներից, որ Հիսուսը սովորեցրեց Լեռան քարոզում։
Իրեն լսելու եկած ամբոխին Հիսուսն ասաց. «Հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք։ Չէ՞ որ կեանքը աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։ Մտիկ արէք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, եւ ոչ էլ հնձում, եւ ոչ ամբարների մէջ ժողովում, եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց. չէ՞ որ դուք նորանցից աւելի լաւ էք։ .... Ուրեմն հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետեւ այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։25–33)։ Ի՞նչ ենք սովորում այս խոսքերից։
Հիսուսը նկատի չուներ, թե մենք պետք է թեթևամտորեն վերաբերվենք մեր կամ մեր ընտանիքի ֆիզիկական կարիքների մասին հոգ տանելուն։ «Եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիք[ի] համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է»,— ասում է Աստվածաշունչը (Ա Տիմոթէոս 5։8)։ Սակայն Հիսուսը խոստացավ, որ եթե մենք առաջին տեղը հատկացնենք առաջնահերթ բաներին և նախապատվությունը տանք հոգևորին, Աստված հոգ կտանի մեր մյուս կարիքների բավարարման մասին։ Այստեղից սովորում ենք, որ հարկավոր է առաջնահերթություններ դնել։ Հետևելով այդ խորհրդին՝ երջանկության կհասնենք, քանզի «իրենց հոգևոր կարիքները» գիտակցող մարդիկ երանելի են (Մատթէոս 5։3, ՆԱ)։
Ընկերացեք Աստծու հետ
Իրենց հոգևոր կարիքները գիտակցող մարդիկ հասկանում են, որ պետք է լավ փոխհարաբերություններ զարգացնեն Աստծու հետ։ Սովորաբար ինչպե՞ս ենք որևիցե մեկի հետ լավ հարաբերություններ հաստատում։ Փորձում ենք ավելի մոտիկից ճանաչել այդ անհատին, ժամանակ ենք հատկացնում՝ ծանոթանալու նրա հայացքներին, նախապատվություններին, կարողություններին, ձեռքբերումներին, նրան հաճելի և տհաճ բաներին։ Պարագան նույնն է Աստծու հետ ընկերանալու դեպքում։ Հարկավոր է ճշգրիտ գիտություն ստանալ նրա մասին։ Իր աշակերտների համար Աստծուն աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Այո՛, Աստծու հետ ընկերանալու համար անհրաժեշտ է ճանաչել նրան։ Միակ աղբյուրը, որն օգնում է գիտելիքներ ձեռք բերել նրա մասին, Աստծու ներշնչյալ Խոսքն է՝ Աստվածաշունչը (Բ Տիմոթէոս 3։16)։ Որպեսզի կարողանանք ուսումնասիրել Գրությունները, պետք է դրան ժամանակ հատկացնենք։
Սակայն լոկ գիտելիքները բավարար չեն։ Նույն աղոթքում Հիսուսն ասաց. «[Իմ աշակերտները] քո խօսքը պահեցին» (Յովհաննէս 17։6)։ Մենք ոչ միայն պետք է գիտելիքներ ձեռք բերենք Աստծու մասին, այլև գործենք դրանց համապատասխան։ Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր դառնալ Աստծու ընկերը։ Մի՞թե գիտակցաբար վարվելով որևէ մեկի գաղափարներին ու սկզբունքներին հակառակ՝ կամրացնենք մեր ընկերական կապը նրա հետ։ Նմանապես, կյանքում մեր կատարած յուրաքանչյուր քայլը պետք է համաձայնեցնենք Աստծու հայացքներին ու սկզբունքներին։ Տեսնենք, թե նրա սկզբունքներից երկուսը ինչպես են անդրադառնում ուրիշների հետ մեր փոխհարաբերությունների վրա։
Լավ փոխհարաբերություններ հաստատեք ուրիշների հետ
Մի առիթով Հիսուսը կարճ առակ պատմեց, որպեսզի մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ արժեքավոր դաս սովորեցնի։ Նա խոսեց մի թագավորի մասին, որը ցանկացավ ետ ստանալ իր ծառաներին տված պարտքերը։ Նրանցից մեկի պարտքը շատ մեծ էր, բայց այդ ծառան միջոցներ չուներ այն վերադարձնելու։ Տերը հրամայեց, որ նրան, ինչպես նաև նրա կնոջն ու երեխաներին վաճառեն ստրկության և վճարեն պարտքը։ Պարտապանն ընկավ նրա ոտքերը և աղաչեց. «Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կ’հատուցանեմ քեզ»։ Գթալով այդ ծառային՝ տերը ներեց նրա պարտքը։ Հեռանալով՝ այդ ծառան գտավ իր ծառայակցին, որն իրեն չնչին գումար էր պարտք և սկսեց պահանջել այն։ Թեպետ իր ծառայակիցը նրանից ողորմություն հայցեց, ծառան բանտ նետել տվեց նրան, մինչև որ վերջինս պարտքը վճարեր։ Լսելով այդ մասին՝ թագավորը շատ զայրացավ։ «Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի»,— խստորեն ասաց նա և բանտ գցեց անողորմ ծառային, մինչև որ վերջինս վճարեր իր պարտքը։ Ցույց տալով, թե ինչ դաս կարելի է քաղել այս պատմությունից՝ Հիսուսն ասաց. «Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կ’անէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չ’թողէք նորանց յանցանքը» (Մատթէոս 18։23–35)։
Լինելով անկատար՝ մենք հաճախ ենք սխալվում ու երբեք չենք կարողանա վերադարձնել Աստծուն այն մեծ «պարտքը», որ կուտակել ենք՝ նրա դեմ մեղք գործելով։ Միակ բանը, որ կարող ենք անել, նրանից ներում հայցելն է։ Ու Եհովա Աստված պատրաստ է ներել մեր բոլոր սխալները, եթե մենք ներենք եղբայրների այն մեղքերը, որ նրանք գործում են մեր դեմ։ Ինչպիսի՜ ազդեցիկ դաս։ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին» (Մատթէոս 6։12)։
Լուծեք խնդրի բուն պատճառը
Մարդու հոգեբանությունը հասկանալու հարցում Հիսուսը փայլուն մասնագետ էր։ Նրա խորհուրդներն օգնում էին վերացնել խնդրի բուն պատճառը։ Ահա երկու օրինակ։
«Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին,— ասաց Հիսուսը։— Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը [«շարունակի զայրացած մնալ իր եղբոր վրա», ՆԱ], պարտական կ’լինի դատաստանին» (Մատթէոս 5։21, 22)։ Այստեղ Հիսուսը ցույց տվեց, որ սպանության ետևում շատ ավելի լուրջ պատճառ է թաքնված։ Դա մարդասպանի սրտում արմատացող վերաբերմունքն է։ Եթե մարդիկ թույլ չտան, որ զայրույթի կամ ցասումի զգացումը զարգանա իրենց մեջ, կանխամտածված սպանությունները կվերանան։ Որքա՜ն արյունահեղություններից կխուսափի մարդկությունը, եթե կիրառի այս դասը։
Տեսնենք, թե ինչպես Հիսուսը ցույց տվեց ցավ պատճառող մեկ ուրիշ խնդրի բուն պատճառը։ Հավաքված ամբոխին նա ասաց. «Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութիւն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։ Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր» (Մատթէոս 5։27–29)։ Հիսուսը սովորեցրեց, որ անբարո վարքի ետևում շատ ավելի լուրջ պատճառ է թաքնված։ Նման վարքի հանգեցնող խնդիրը սխալ ցանկությունների մեջ է։ Եթե անհատը հրաժարվի սխալ ցանկություններ սնուցանելուց և իր մտքից ‘հանի դրանք’, նա կխուսափի անբարո արարք գործելու հավանական խնդրից։
«Սուրդ տեղը դիր»
Այն գիշեր, երբ Հիսուսին մատնեցին և ձերբակալեցին, աշակերտներից մեկը հանեց իր սուրը, որ պաշտպանի նրան։ Սակայն Հիսուսը հրամայեց. «Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն» (Մատթէոս 26։52)։ Հաջորդ առավոտյան Պոնտացի Պիղատոսին նա այսպիսի խոսքեր ասաց. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնը այս տեղից չէ» (Յովհաննէս 18։36)։ Գործնակա՞ն է արդյոք այս ուսուցումը։
Ինչպե՞ս էին առաջին քրիստոնյաները ընդունում բռնությանը չդիմելու վերաբերյալ Հիսուսի խոսքերը։ Պատերազմների հանդեպ վաղ քրիստոնյաների վերաբերմունքի մասին պատմող մի գրքում ասվում է. «Քանի որ [ըստ Հիսուսի ուսուցումների] բացառվում և անթույլատրելի էր նկատվում ուրիշների հանդեպ բոլոր տեսակի բռնության գործադրումը, ակնհայտ [էր] դառնում, որ պատերազմներին մասնակցելը նույնպես անընդունելի է.... Առաջին քրիստոնյաները ճշգրտորեն հետևում էին Հիսուսի խոսքերին ու բառացի էին հասկանում այն ուսուցումները, որ վերաբերում էին մեղմություն ցուցաբերելուն և բռնությանը նույն ձևով չպատասխանելուն։ Նրանք իրենց կրոնը սերտորեն կապում էին խաղաղության հետ և խստիվ դատապարտում էին պատերազմները, քանի որ դրանք հանգեցնում էին արյունահեղությունների» («The Early Christian Attitude to War»)։ Պատմությունը բոլորովին այլ ընթացք կստանար, եթե իրենց քրիստոնյա անվանող մարդիկ հետևեին այս ուսուցմանը։
Դուք կարող եք օգուտներ քաղել Հիսուսի բոլոր ուսուցումներից
Հիսուսի ուսուցումները, որ քննարկեցինք այստեղ, գրավիչ են, պարզ ու ազդեցիկ։ Մարդիկ օգուտներ կքաղեն, եթե ծանոթանան դրանց և կիրառեն իրենց կյանքում։a
Ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ տեսնելու, թե ինչպես կարող եք օգուտներ քաղել մարդու կողմից երբևէ սովորեցրած ամենաիմաստուն ուսուցումներից։ Սրտանց հրավիրում ենք ձեզ կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս պարբերագրի 2–րդ էջում ներկայացված հասցեներից որևէ մեկով։
[ծանոթագրություն]
a Ժամանակագրական կարգով՝ Հիսուսի բոլոր ուսուցումներին ծանոթանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։
[նկար 5–րդ էջի վրա]
«Ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նորանց»
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսի ուսուցումները բարերար ազդեցություն կթողնեն ձեր կյանքի վրա