Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 10/15 էջ 4–7
  • Ապրեք՝ մտածելով վաղվա օրվա մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրեք՝ մտածելով վաղվա օրվա մասին
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Այլևս մի՛ մտահոգվեք»
  • Ձեր Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք
  • «Շարունակեք նախ Աստծու թագավորությունը փնտրել»
  • «Թող գա՛ քո թագավորությունը»
  • «Գանձեր դիզեք երկնքում»
  • Ինչպե՞ս կվարվեք դուք
  • Մատթեոս 6:34. «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • Մի՛ մտահոգվեք
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Մտահոգություն
    2016 Արթնացե՛ք
Ավելին
2007 Դիտարան
w07 10/15 էջ 4–7

Ապրեք՝ մտածելով վաղվա օրվա մասին

«ԷԳՈՒՑՎԱՅ համար հոգս մի՛ անէք»,— ասաց Հիսուսը Գալիլեայի լեռան վրա իր հռչակավոր քարոզում։ Ապա շարունակեց. «Էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ» (Մատթեոս 6։34, ԱԹ)։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ են նշանակում «էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ» խոսքերը։ Արդյո՞ք նշանակում են, որ դուք պետք է ապրեք միայն այսօրվա օրով և անտեսեք վաղվա օրը։ Իրականում այս խոսքերը համապատասխանո՞ւմ են այն ամենին, ինչ սովորեցնում էին Հիսուսն ու նրա հետևորդները։

«Այլևս մի՛ մտահոգվեք»

Կարդացեք Հիսուսի խոսքերը, որոնք գտնվում են Մատթեոս 6։25–32-ում։ Այնտեղ մասամբ ասվում է. «Այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ի՛նչ պիտի ուտեք և ի՛նչ պիտի խմեք, կամ ձեր մարմինների համար, թե ի՛նչ պիտի հագնեք.... Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, մինչդեռ ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց.... Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքի տևողությանը մեկ կանգուն ավելացնել։ Կամ ինչո՞ւ եք մտահոգվում հագուստի համար։ Սովորեք դաշտի շուշաններից, թե ինչպես են նրանք աճում, ո՛չ աշխատում են և ո՛չ էլ մանում։ .... Ուրեմն երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով՝ «ի՞նչ պիտի ուտենք», կամ՝ «ի՞նչ պիտի խմենք», կամ՝ «ի՞նչ պիտի հագնենք»։ Որովհետև ազգերն են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ»։

Հիսուսն ավարտեց իր քարոզի այս մասը՝ երկու խորհուրդ տալով։ Առաջին խորհուրդն է. «Շարունակեք նախ [Աստծու] թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»։ Երկրորդ խորհուրդն է. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։33, 34)։

Ձեր Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեք

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հիսուսը հորդորում էր իր աշակերտներին (որոնց մեջ նաև հողագործներ կային) չցանել, չհնձել կամ չհավաքել իրենց ցորենը ամբարների մեջ։ Կամ «չաշխատել և չմանել» հագուստ ունենալու համար (Առակաց 21։5; 24։30–34; Ժողովող 11։4)։ Իհարկե ոչ։ Եթե նրանք չաշխատեին, «հունձքին կ’մուրային», առանց հագուստի կմնային և ուտելու ոչինչ չէին ունենա (Առակաց 20։4)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել անհանգստանալու մասին։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ իր ունկնդիրները լիովին կարող էին խուսափել անհանգստությունից։ Անշուշտ ոչ։ Հիսուսն ինքը խոր էմոցիոնալ ցավ ապրեց և շատ անհանգստացավ այն գիշեր, երբ իրեն ձերբակալեցին (Ղուկաս 22։44)։

Հիսուսը պարզապես ճշմարտությունն ասաց։ Չափից դուրս մտահոգվելը երբեք չի օգնում լուծել խնդիրները։ Օրինակ՝ այն չի օգնի ձեզ երկար ապրել։ Հիսուսն ասաց, որ այն չի «կարող [ձեր] կյանքի տևողությանը մեկ կանգուն ավելացնել» (Մատթեոս 6։27)։ Հակառակը՝ երկարատև մտահոգությունը իրականում կարող է կարճացնել կյանքը։

Նրա խուրհուրդը բավականին գործնական է։ Այն բաներից շատերը, որոնց մասին մենք հաճախ մտահոգվում ենք, երբեք տեղի չեն ունենում։ Բրիտանացի պետական գործիչ Ուինստոն Չերչիլը հասկացավ սա Երկրորդ համաշխարհային պատերազմի մռայլ օրերին։ Այդ ժամանակներում ունեցած մտահոգությունների մասին նա գրեց. «Երբ հայացք եմ նետում անցյալում ունեցած անհանգստություններիս, հիշում եմ պատմությունն այն ծեր մարդու մասին, ով իր մահից առաջ ասաց, որ իր կյանքում շատ է մտահոգվել այնպիսի բաների մասին, որոնցից շատերը երբեք տեղի չեն ունեցել»։ Իսկապես, իմաստուն կլինի մտածել միայն տվյալ օրվա խնդիրների մասին, հատկապես այն պատճառով, որ խնդիրներն ու դժվարությունները կարող են մեծ ճնշում բանեցնել մեզ վրա։

«Շարունակեք նախ Աստծու թագավորությունը փնտրել»

Հիսուսն ավելին նկատի ուներ, քան պարզապես իր ունկնդիրների ֆիզիկական և էմոցիոնալ բարօրությունը։ Նա գիտեր, որ կյանքում անհրաժեշտ բաների մասին մտահոգվելը, ինչպես նաև ունեցվածք կուտակելու և հաճույքներ վայելելու ուժգին ցանկությունը կարող են հետին պլան մղել ավելի կարևոր բաները (Փիլիպպեցիներ 1։10)։ Գուցե մտածեք. «Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան կյանքում անհրաժեշտ բաներ ձեռք բերելը»։ Անշուշտ, հոգևոր բաները, որոնք կապ ունեն Աստծու երկրպագության հետ։ Հիսուսը շեշտեց, որ մեր կյանքում կարևոր՝ առաջնահերթ պետք է լինի «նախ Աստծու թագավորությունը և Նրա արդարությունը փնտրելը» (Մատթեոս 6։33)։

Հիսուսի օրերում շատ մարդիկ ամբողջությամբ տարված էին նյութական բաներ ձեռք բերելով։ Հարստություն կուտակելը նրանց գլխավոր հետաքրքությունն էր։ Սակայն Հիսուսն իր ունկնդիրներին հորդորեց այլ կերպ մտածել։ Քանի որ հրեաները Աստծուն նվիրված ազգ էին, նրանց պարտականությունը Աստծուց վախենալը և նրա պատվիրանները պահելն էր (Ժողովող 12։13)։

Նյութական բաներով մտահոգվելը՝ «այս համակարգի հոգսերը և հարստության խաբելու զորությունը», կարող էին հոգևորապես կործանել (Մատթեոս 13։22)։ Պողոսը գրեց. «Նրանք, որ մտադրվել են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։ Որպեսզի իր հետևորդներին օգներ հեռու մնալ այս «որոգայթից», Հիսուսը հիշեցրեց նրանց, որ իր երկնային Հայրը գիտի, թե ինչի կարիք նրանք ունեն։ Աստված հոգ էր տանելու նրանց մասին, ճիշտ ինչպես որ հոգ էր տանում «երկնքի թռչունների» մասին (Մատթեոս 6։26, 32)։ Նրանք չպետք է թույլ տային, որ մտահոգությունը կլաներ իրենց, այլ պետք է ամեն բան անեին իրենց կարիքները հոգալու համար և այնուհետև ապավինեին Եհովային (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

Երբ Հիսուսն ասաց, որ «էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ», նա պարզապես նկատի ուներ, որ մենք չպետք է թույլ տանք, որ վաղվա օրվա մասին ավելորդ անհանգստությունն ավելանա մեր այսօրվա խնդիրներին։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանությունում ասվում է. «Մի անհանգստացիր վաղվա օրվա մասին. այն կունենա իր բավականաչափ անհանգստությունները։ Կարիք չկա ավելացնել այն դժվարությունները, որ բերում է ամեն մի օրը» (Մատթեոս 6։34, Today’s English Version)։

«Թող գա՛ քո թագավորությունը»

Մեծ տարբերություն կա վաղվա օրվա մասին անտեղի անհանգստանալու և այն ամբողջովին անտեսելու միջև։ Հիսուսը երբեք չի հորդորել իր աշակերտներին անտեսել վաղվա օրը։ Ընդհակառակը՝ նա հորդորեց նրանց ակտիվ հետաքրքրություն դրսևորել ապագայի հանդեպ։ Իհարկե, նրանք պետք է աղոթեին իրենց կարիքների՝ օրվա հացի համար։ Սակայն նախևառաջ պետք է աղոթեին ապագայում տեղի ունենալիք բաների՝ Աստծու Թագավորության հաստատման և երկրի վրա Աստծու կամքի կատարման մասին (Մատթեոս 6։9–11)։

Մենք չպետք է լինենք Նոյի օրերում ապրած մարդկանց նման։ Նրանք այնքան տարված էին «ուտելով, խմելով, կին առնելով և մարդու գնալով», որ «ուշադրություն չդարձրեցին», թե ինչ էր պատահելու։ Ի՞նչ եղավ հետևանքը։ «Ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթեոս 24։36–42)։ Պողոս առաքյալը հիշատակեց այդ իրադարձությունը՝ հիշեցնելու համար, որ մենք պետք է ապրենք՝ նկատի ունենալով վաղվա օրը։ «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն,— գրեց նա,— ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով և մտքում ամուր պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետրոս 3։5–7, 11, 12)։

«Գանձեր դիզեք երկնքում»

Այո՛, եկեք մեր «մտքում ամուր պահենք» Եհովայի օրը։ Դա մեծապես կանդրադառնա այն բանի վրա, թե ինչպես կօգտագործենք մեր ժամանակը, եռանդը, ընդունակությունները, միջոցները և կարողությունները։ Մենք չպետք է այնքան տարված լինենք նյութական բաներ ձեռք բերելով՝ լինի դա անհրաժեշտության թե հաճույքի համար, որ քիչ ժամանակ ունենանք «աստվածանվեր գործեր» կատարելու համար։ Միայն այսօրվա օրով ապրելու օգուտները ժամանակավոր են։ Ուստի շատ ավելի իմաստուն կլինի վարվել այնպես, ինչպես ասաց Հիսուսը՝ «ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» և ոչ թե երկրի վրա (Մատթեոս 6։19, 20)։

Հիսուսը այս միտքը շեշտեց՝ օրինակ բերելով մի մարդու, որը մեծ ծրագրեր ուներ ապագայի համար։ Սակայն այդ ծրագրերը կազմելիս նա հաշվի չէր առել Աստծուն։ Այդ մարդու հողը առատ բերք էր տվել։ Նա որոշեց քանդել իր ամբարները և կառուցել ավելի մեծերը, որպեսզի հեշտ կյանք կարողանար վարել՝ ուտեր, խմեր և վայելեր։ Սակայն բանն այն է, որ նա մահացավ և այդպես էլ չվայելեց իր աշխատանքի պտուղները։ Իսկ որ ավելի վատ է, նա փոխհարաբերություններ չզարգացրեց Աստծու հետ։ Հիսուսը իր օրինակը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկաս 12։15–21; Առակաց 19։21)։

Ինչպե՞ս կվարվեք դուք

Թույլ մի տվեք այն նույն սխալը, որը գործեց Հիսուսի նկարագրած մարդը։ Պարզեք, թե Աստված ինչ է նպատակադրել վաղվա համար, և ձեր կյանքը կառուցեք դրա շուրջ։ Աստված մարդկանցից չի թաքցրել, թե ինչ է պատրաստվում անել։ Ամովս մարգարեն գրեց. «Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին» (Ամովս 3։7)։ Այն, ինչ Եհովան հայտնել է իր մարգարեներին, գրված է նրա ներշնչված Խոսքում՝ Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։16, 17)։

Աստվածաշունչը պարզ ասում է, թե ինչ է բերելու ապագան։ Դա ազդեցություն է թողնելու ողջ երկրի վրա։ Հիսուսն ասաց. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա» (Մատթեոս 24։21)։ Ոչ մի մարդ չի կարող խոչընդոտել այդ իրադարձության կատարմանը, և ոչ մի պատճառ չկա, որ ճշմարիտ երկրպագուները չցանկանան, որ այդ օրը գա։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ իրադարձության շնորհիվ երկիրը կմաքրվի ողջ չարությունից։ Կհաստատվի «նոր երկինք և նոր երկիր», այսինքն՝ երկնային կառավարություն և մարդկային նոր հասարակություն։ Այդ նոր աշխարհում Աստված «կսրբի ամեն արտասուք [մարդկանց] աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։1–4)։

Մի՞թե չարժե ժամանակ տրամադրել քննելու համար, թե ինչ է Աստվածաշունչն ասում հետագա իրադարձությունների մասին։ Եթե օգնության կարիք ունեք, Եհովայի վկաները սիրով կաջակցեն ձեզ այդ հարցում։ Կամ կարող եք գրել այս պարբերագրի հրատարակչությանը։ Ամեն ջանք գործադրեք, որպեսզի ապրեք ոչ միայն այսօրվա օրով, այլև՝ մտածելով վաղվա հրաշալի օրվա մասին։

[նկար 7–րդ էջի վրա]

«Այլևս մի՛ մտահոգվեք.... վաղվա օրը կունենա իր մտահոգությունները»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը