Շարունակենք ուս–ուսի տված ծառայել
«Ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար [«մեկ սրտով [ուսով, ծան.]», Արևմտ. Աստ.] ծառայելու համար» (ՍՈՓՈՆԻԱ 3։9)։
1. Ինչպե՞ս են իրականանում Սոփոնիա 3։9–ում ասված խոսքերը։
ՆԵՐԿԱՅՈՒՄՍ մոտ 6 000 լեզու գոյություն ունի երկիր մոլորակի վրա։ Սրան գումարած՝ կան նաև տարբեր բարբառներ։ Ու թեև մարդիկ խոսում են բազմազան լեզուներով՝ արաբերենից սկսած ու ֆիջիով վերջացրած, Աստված մի շատ ուշագրավ գործ է արել. նա հնարավոր է դարձրել, որ մարդիկ, որտեղ էլ որ ապրելիս լինեն, կարողանան մեկ և միակ մաքուր լեզվով խոսել։ Դրանով իրականանում են այն խոսքերը, որ ասել է Եհովա Աստված Սոփոնիա մարգարեի բերանով. «Ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը նորան համամտաբար [«մեկ սրտով [ուսով, ծան.]», Արևմտ. Աստ.] ծառայելու համար» (Սոփոնիա 3։9)։
2. Ի՞նչ են խորհրդանշում ‘մաքուր շրթունքները’ և ի՞նչ հնարավորություն են ընձեռում։
2 Սոփոնիա 3։9–ում գրված ‘մաքուր շրթունքները’ ներկայացնում են Աստծո ճշմարտությունը, որ գտնվում է Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում։ Առանձնապես դա վերաբերում է Աստծո Թագավորության մասին ճշմարտությանը. այդ Թագավորությունը կսրբացնի Եհովայի անունը, կարդարացնի նրա գերիշխանությունը և օրհնություններ կբերի մարդկությանը (Մատթէոս 6։9, 10)։ Քանի որ այս լեզուն ամբողջ երկրագնդում միակ մաքուր հոգևոր լեզուն է, ‘մաքուր շրթունքներով’ խոսողների մեջ կան բոլոր ազգերի ու ռասաների մարդիկ։ Այն հնարավորություն է ընձեռում նրանց ծառայել Եհովային ուս–ուսի՝ «մեկ ուսով», այսինքն՝ նրանք միասնական ձևով՝ «մեկ սրտով» են ծառայում։
Չպետք է աչառություն լինի
3. Ի՞նչն է հնարավորություն տալիս մեզ միասնաբար ծառայելու Եհովային։
3 Որպես քրիստոնյաներ՝ մենք շատ ուրախ ենք, որ ամենատարբեր լեզուներով խոսելով հանդերձ՝ համագործակցում ենք միմյանց հետ։ Թեև Թագավորության բարի լուրը քարոզում ենք ամենատարբեր լեզուներով, դա չի խանգարում, որ մենք միասնաբար ծառայենք Աստծուն (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ.)։ Այո,՛ դա հնարավոր է դառնում այն պատճառով, որ մենք, ուր էլ որ ապրելու լինենք, խոսում ենք մեկ մաքուր լեզվով, ինչը Եհովային փառաբանություն է բերում։
4. Ինչո՞ւ չպետք է աչառություն լինի Աստծո ժողովրդի մեջ։
4 Աստծո ժողովրդի մեջ չպետք է աչառություն լինի։ Պետրոս առաքյալը սա հստակորեն ընդգծեց, երբ մ.թ. 36–ին քարոզում էր ոչ հրեա, բանակի սպա Կոռնելիոսի տանը։ Նա ասաց. «Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ. Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք 10։34, 35)։ Ուստի քրիստոնեական ժողովում տեղ չունեն աչառությունը, խմբավորումների բաժանվելն ու կողմնապահությունը։
5. Ժողովի ներսում խմբավորումներ առաջացնելը ինչո՞ւ է սխալ։
5 Համալսարանում սովորող մի ուսանողուհի Թագավորության սրահ այցելելուց հետո ասաց. «Սովորաբար եկեղեցիները իրենց կողմն են գրավում որոշակի ռասայի կամ էթնիկական խմբի ներկայացուցիչների.... Եհովայի վկաները բոլորը միասին են հավաքվում և ոչ թե՝ առանձին ազգային խմբերով»։ Առաջին դարում Կորնթոսի ժողովի որոշ անդամներ երկպառակություններ էին մտցնում ժողովի մեջ։ Տարաձայնություններ առաջացնելով՝ նրանք ընդդիմանում էին Աստծո սուրբ ոգու ազդեցությանը, իսկ սուրբ ոգին բերում է միասնություն և խաղաղություն (Գաղատացիս 5։22)։ Եթե մեր պատճառով ժողովում առանձին խմբավորումներ առաջանան, ապա դրանով դեմ կկենանք սուրբ ոգու առաջնորդությանը։ Ուստի եկեք միշտ հիշենք Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված խոսքերը. «Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չ’լինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք» (Ա Կորնթացիս 1։10)։ Պողոսը միասնական լինելու գաղափարը շեշտեց նաև եփեսացիներին ուղղված նամակում (Եփեսացիս 4։1–6, 16)։
6, 7. Ի՞նչ խորհուրդ տվեց Հակոբոսը առանձին մարդկանց հատուկ ուշադրություն նվիրելու վերաբերյալ, և ի՞նչ էին նշանակում նրա խոսքերը։
6 Քրիստոնյաներից միշտ պահանջվել է անաչառ լինել (Հռովմայեցիս 2։11)։ Քանի որ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք առանձնահատուկ ուշադրություն էին ցույց տալիս հարուստ անձանց հանդեպ, Հակոբոս աշակերտը գրեց. «Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է։ Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով, եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի, եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ. Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում [«աչառութիւն արած չէ՞ք լինի», ԷԹ], եւ չ’եղաք չար խորհուրդների դատաւորներ» (Յակոբոս 2։1–4)։
7 Փաստորեն, եթե քրիստոնեական հանդիպման էին գալիս, օրինակ, երկու ոչ հավատացյալ անձնավորություններ, որոնցից մեկը «ոսկի մատանի եւ պայծառ հագուստ» ունեցող հարուստ էր, իսկ մյուսը՝ «կեղտոտ հագուստով» աղքատ, ապա հարուստն առանձնահատուկ վերաբերմունքի էր արժանանում։ Հարուստին պատվավոր տեղ էին նստեցնում, իսկ աղքատին ասում էին, որ մնա կանգնած կամ էլ նստի հատակին որևէ մեկի ոտքերի մոտ։ Բայց Աստված Հիսուսի քավիչ զոհաբերությունը անաչառորեն արել էր ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների համար (Յոբ 34։19; Բ Կորնթացիս 5։14)։ Ուրեմն՝ եթե ցանկանում ենք հաճեցնել Եհովային և եղբայրների հետ ուս–ուսի ծառայել նրան, չպետք է աչառություն անենք՝ ‘երեսպաշտություն անենք շահի համար’ (Յուդա 4, 16)։
Հեռու մնանք տրտնջալուց
8. Ի՞նչ պատահեց իսրայելացիներին իրենց տրտնջալու պատճառով։
8 Որպեսզի պահպանենք մեր միասնությունը և Աստծո բարեհաճությունը միշտ ունենանք, պետք է ականջ դնենք Պողոսի խորհրդին։ Նա ասաց. «Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի» (Փիլիպպեցիս 2։14, 15)։ Եգիպտոսի ստրկությունից ազատված իսրայելացիները անհավատարմություն դրսևորեցին՝ տրտնջալով Մովսեսի ու Ահարոնի և նույնիսկ անձամբ Եհովա Աստծո դեմ։ Հենց այս պատճառով էլ քսան տարեկանից բարձր տարիքի բոլոր տղամարդիկ (բացառությամբ հավատարիմ Հեսուի, Քաղեբի և ղևտացիների) չմտան Ավետյաց երկիր. նրանք մահացան այն քառասուն տարիների ընթացքում, երբ իսրայելացիները գտնվում էին անապատում (Թուոց 14։2, 3, 26–30; Ա Կորնթացիս 10։10)։ Որքա՜ն թանկ վճարեցին նրանք տրտնջալու համար։
9. Տրտնջալու պատճառով ի՞նչ պատահեց Մարիամին։
9 Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել մի ամբողջ ազգի, որը տրտնջում է։ Իսկ ի՞նչ կարելի է ասել տրտնջալու հակում ունեցող առանձին անհատների մասին։ Մովսեսի քույրը՝ Մարիամը, իր եղբայր Ահարոնի հետ միասին բողոքեց. «Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց»։ Աստվածաշնչում նրա այս խոսքերից հետո ասվում է. «Եւ Եհովան լսեց» (Թուոց 12։1, 2)։ Արդյո՞ւնքը։ Մարիամը, որն ամենայն հավանականությամբ առաջնորդություն էր վերցրել այս դժգոհությունն արտահայտելու մեջ, նվաստացվեց Աստծո կողմից։ Ինչպե՞ս։ Աստված նրան հարվածեց բորոտությամբ ու Մովսեսին պատվիրեց, որ նրան բանակից յոթ օրով դուրս անեն, մինչև որ մաքրվի (Թուոց 12։9–15)։
10, 11. Եթե անհատը վերջ չդնի տրտնջալուն, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Բացատրեք։
10 Տրտնջալը պարզապես բողոք չէ՝ ինչ–որ մի սխալ բանի պատճառով։ Տրտնջկոտ անձնավորությունը չափից դուրս կենտրոնանում է իր զգացմունքների վրա կամ անհանգստանում է մարդկանց մեջ իր ունեցած դիրքի մասին՝ դրանով իսկ շրջապատի ուշադրությունը հրավիրելով ավելի շատ իր, քան Աստծո կողմը։ Եթե անհատը վերջ չդնի նման վարքագծին, ապա հոգևոր եղբայրների մեջ տարաձայնություններ կսերմանվեն, ինչը կխանգարի նրանց ուս–ուսի տված ծառայելու Եհովային։ Տրտնջացող անձինք ամեն ժամանակ գանգատվում են՝ վստահ լինելով, որ մարդկանց կարեկցանքին կարժանանան։
11 Օրինակ՝ ինչ–որ մեկը գուցե քննադատի այն, թե ինչպես է տվյալ երեցը ելույթներ ունենում կամ կատարում իր պարտականությունները։ Եթե մենք ականջ դնենք այդ անհատի խոսքերին, ապա գուցե սկսենք նրա պես մտածել։ Մինչև մեր մտքում դժգոհության սերմի ցանվելը, այդ երեցի գործելակերպը երևի չէր էլ անհանգստացնում մեզ, բայց լսելուց հետո սկսում է անհանգստացնել։ Ի վերջո, բանը կարող է հասնել նրան, որ ինչ էլ անի այդ երեցը, այն մեր աչքին սխալ երևա, և սկսենք քննադատել նրան։ Վայել չէ Եհովայի ծառաների ժողովում այսպիսի վարքագիծ դրսևորելը։
12. Տրտնջալը ի՞նչ հետևանք կարող է ունենալ մեր և Աստծո միջև եղած փոխհարաբերությունների վրա։
12 Աստծո հոտը հովվող անձանց դեմ տրտնջալը կարող է տանել չարախոսության։ Տրտնջալով այդ անձանց դեմ կամ չարախոսելով նրանց՝ անհատը վտանգում է իր հարաբերությունները Եհովայի հետ (Ելից 22։28)։ Այն անձինք, ովքեր նման վարք են հանդես բերում ու չեն զղջում արածի համար, չեն ժառանգի Աստծո Թագավորությունը (Ա Կորնթացիս 5։11; 6։10)։ Հուդա աշակերտը գրեց, որ կան տրտնջացողներ, ովքեր «տէրութիւնը անարգում են եւ փառքը [«փառավոր էակներին», ԱՆԹ] հայհոյում են»։ Այստեղ «փառավոր էակներ» արտահայտությունը վերաբերում է ժողովի պատասխանատու եղբայրներին (Յուդա 8)։ Տրտնջացող անձնավորությունները չունեն Աստծո հավանությունը, և մենք խելացի կվարվենք, եթե խուսափենք նրանց ամբարիշտ ընթացքին հետևելուց։
13. Ինչո՞ւ ոչ բոլոր գանգատներն են սխալ։
13 Սակայն բոլոր գանգատները չէ, որ տհաճ են Աստծուն։ Աստված չանտեսեց Սոդոմի և Գոմորի վերաբերյալ եղած «աղաղակը» և ոչնչացրեց այս ամբարիշտ քաղաքները (Ծննդոց 18։20, 21; 19։24, 25)։ Երուսաղեմում մ.թ. 33–ի Պենտեկոստեից կարճ ժամանակ անց «Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում»։ «Տասներկուսը»՝ առաքյալները շտկեցին իրավիճակը՝ ‘յոթը վկայված մարդու’ նշանակելով «այս [սննդի բաշխման] գործին վրայ» (Արևմտ. Աստ.) (Գործք 6։1–6)։ Երեցները չպետք է ‘փակեն իրենց ականջը’ հիմնավոր գանգատների առջև (Առակաց 21։13, ԷԹ)։ Հավատակիցներին քննադատելու փոխարեն՝ նրանք պետք է քաջալերեն նրանց ու բարերար ազդեցություն թողնեն (Ա Կորնթացիս 8։1)։
14. Տրտնջալու հակումից խուսափելու համար ո՞ր հատկության կարիքն առանձնապես ունենք։
14 Յուրաքանչյուրս պետք է հեռու մնա տրտնջալուց, քանի որ հոգևոր տեսակետից՝ տրտնջալը վնաս է բերում։ Նման վարքը կարող է խաթարել մեր միասնությունը։ Փոխարենը՝ եկեք ամեն ժամանակ հնարավորություն տանք, որ սուրբ ոգին մեր մեջ սեր զարգացնի (Գաղատացիս 5։22)։ Ենթարկվելով ‘թագավորական օրենքին’՝ մենք կկարողանանք շարունակել ուս–ուսի տված ծառայել Եհովային (Յակոբոս 2։8; Ա Կորնթացիս 13։4–8; Ա Պետրոս 4։8)։
Զգուշանանք զրպարտություն անելուց
15. Ինչպիսի՞ տարբերություն կա բամբասանքի ու զրպարտանքի միջև։
15 Տրտնջալու հետևանքը կարող է լինել այն, որ անհատը սկսի վատաբանել մեկ ուրիշին։ Ուստի պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք խոսում։ Բամբասանքը կարող է ծնվել այն ժամանակ, երբ մարդիկ պարապ խոսակցություններ են վարում ուրիշների մասին։ Բայց զրպարտանքը այն կեղծ լուրերն են, որ անհատը մտածված կերպով տարածում է ուրիշի հեղինակությանը վնաս հասցնելու նպատակով։ Աստված դատապարտում է նման չարամիտ խոսակցությունները։ Ուստի իզուր չէ, որ նա իսրայելացիներին պատվիրել էր. «Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս» (Ղեւտացոց 19։16)։
16. Ի՞նչ ասաց Պողոսը որոշ բամբասողների մասին, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրա խորհրդին։
16 Դատարկ խոսակցությունները կարող են վերաճել զրպարտության։ Պողոս առաքյալը համարձակորեն հանդիմանեց նման խոսակցություններ վարող մարդկանց։ Նշելով, թե այրիներից ովքեր են արժանի ժողովից օգնություն ստանալու՝ նա խոսեց նաև այն այրիների մասին, որոնք «ծուլության վարժվելով, սկսում են տնից տուն շրջել և ոչ միայն ծույլ, այլ նաև բամբասող ու հետաքրքրասեր են և խոսում են իրենց չվերաբերող բաների մասին» (ԱՆԹ) (Ա Տիմոթէոս 5։11–15)։ Եթե քրիստոնյա կինը զգում է, որ ինքը հակում ունի այնպիսի խոսակցություններ վարելու, որոնք կարող են վերաճել զրպարտանքի, ապա լավ կանի, եթե հետևի Պողոսի խորհրդին։ Վերջինս ասաց. «Կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ թէ չարախօս» (Ա Տիմոթէոս 3։11)։ Իհարկե, քրիստոնյա տղամարդիկ նույնպես պետք է զգուշանան ուրիշներին վատաբանելուց (Առակաց 10։19)։
Մի՛ դատեք
17, 18. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը եղբորը դատելու վերաբերյալ։ բ) Ինչպե՞ս կարող ենք հետևել դատելու վերաբերյալ Հիսուսի տված խորհրդին։
17 Նույնիսկ եթե ոչ մեկին չենք էլ զրպարտում, գուցե մեծ ջանքեր պահանջվեն մեզնից, որպեսզի չդատենք ուրիշներին։ Հիսուսը դատապարտեց նման հակումը, երբ ասաց. «Մի դատէք, որ չ’դատուիք։ Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ։ Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում, կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։ Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու» (Մատթէոս 7։1–5)։
18 Եթե առողջ դատելու մեր կարողությունը թերի է նրանում եղած «գերանի» պատճառով, ապա չենք շտապի մեր եղբոր աչքի միջի «շյուղը» հանելու։ Եթե իսկապես ըմբռնում ենք, թե որքան գթառատ է Աստված, ապա չենք դատի մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին։ Ջանո՞ւմ ենք ամեն կերպ հասկանալ նրանց, ինչպես որ մեր երկնային Հայրն է դա անում։ Զարմանալի չէ, որ Հիսուսը մեզ զգուշացնում է. «Մի դատէք, որ չ’դատուիք»։ Եթե ազնվորեն ինքնաքննություն կատարենք, ապա կտեսնենք, թե ինքներս որքան անկատար ենք, և չենք անի այնպիսի դատողություններ, որոնք Աստված անարդար է համարում։
Դյուրաբեկ, բայց պատվավոր
19. Ինչպե՞ս պետք է դիտենք մեր հավատակիցներին։
19 Եթե վճռել ենք մեր եղբայրների հետ ուս–ուսի ծառայել Աստծուն, ապա ոչ միայն կխուսափենք ուրիշներին դատելուց, այլև ինքներս առաջինը քայլ կանենք՝ նրանց պատիվ տալու (Հռովմայեցիս 12։10)։ Մենք կփնտրենք նրա՛նց և ոչ թե մեր օգուտը, ու խոնարհաբար և սրտի ուրախությամբ նրանց համար բարի գործեր կկատարենք (Յովհաննէս 13։12–17; Ա Կորնթացիս 10։24)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք միշտ այսպիսի մտայնություն ունենալ. ամեն ժամանակ հիշելով, որ մեր հավատակիցներից յուրաքանչյուրը թանկագին է Եհովայի աչքին, և որ մենք բոլորս միմյանց կարիքն ունենք, ճիշտ ինչպես մարդու մարմնի ամեն մի անդամ կախում ունի մյուս անդամներից (Ա Կորնթացիս 12։14–27)։
20, 21. Ի՞նչ նշանակություն ունեն Բ Տիմոթէոս 2։20, 21 խոսքերը մեզ համար։
20 Քրիստոնյաները կավից պատրաստված դյուրաբեկ անոթների հետ են համեմատվում, որոնց վստահված է մի թանկարժեք գանձ՝ քրիստոնեական ծառայությունը (Բ Կորնթացիս 4։7)։ Եթե ուզում ենք այս սուրբ ծառայությամբ պատիվ բերել Եհովային, ապա պետք է բարձր համարում ունենանք նրա ու նրա Որդու առջև։ Միայն բարոյապես ու հոգևորապես մաքուր մնալով է, որ կարող ենք լինել պատվավոր անոթ՝ Աստծո գործում պիտանի լինելու համար։ Այս առումով Պողոսը գրեց. «Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեղէն եւ արծաթեղէն անօթներ կան. այլ փայտէ եւ հողէ էլ. կան որ պատիւի համար են, եւ կան որ անարգութեան համար են։ Եթէ մէկը իր անձը մաքրէ այդպիսիներից, նա պատուական անօթ կ’լինի՝ սրբուած եւ իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 2։20, 21)։
21 Այն անհատները, ովքեր չեն վարվում Աստծո պահանջներին համապատասխան, «անարգութեան համար» նախատեսված անոթներ են։ Սակայն եթե ընթանանք աստվածահաճո ճանապարհով, ապա «պատուական անօթ կ’լին[ենք]՝ սրբուած եւ [մեր] Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստուած»։ Ուստի լավ կլիներ, եթե ինքներս մեզ հարցնեինք. «Ձգտո՞ւմ եմ պատվական անոթ լինել։ Դրական ազդեցություն թողնո՞ւմ եմ հավատակիցներիս վրա։ Որպես ժողովի անդամ՝ ծառայո՞ւմ եմ եղբայրներիս ու քույրերիս հետ ուս–ուսի տված»։
Շարունակենք ծառայել ուս–ուսի տված
22. Ինչի՞ հետ կարելի է համեմատել քրիստոնեական ժողովը։
22 Քրիստոնեական ժողովը ընտանիքի պես կառույց է։ Երբ ընտանիքի բոլոր անդամները երկրպագում են Եհովային, ապա ընտանիքում հաճելի մթնոլորտ է տիրում. բոլորը սիրում և օգնում են միմյանց։ Նրանցից ամեն մեկը մի անհատականություն է, բայց յուրաքանչյուրն էլ պատվավոր տեղ ունի ընտանիքում։ Նույնը կարելի է ասել ժողովի մասին։ Չնայած որ բոլորս էլ տարբեր անձնավորություններ ենք, ընդ որում՝ անկատար, Աստված Քրիստոսի միջոցով մեզ դեպի իրեն է ձգել (Յովհաննէս 6։44; 14։6)։ Եհովան ու Հիսուսը սիրում են մեզ, ուստի մենք էլ, ինչպես համերաշխ ընտանիքում է լինում, պետք է իրար հանդեպ սեր ցուցաբերենք (Ա Յովհաննէս 4։7–11)։
23. Ի՞նչ պետք է հիշենք, և ի՞նչ պետք է վճռենք անել։
23 Քրիստոնեական ժողովը նմանվում է ընտանիքի, որտեղ բոլորը միանգամայն հիմնավոր կերպով պետք է նվիրվածություն հանդես բերեն։ Պողոս առաքյալը գրեց. «Կամենում եմ, որ [տղա]մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ [«նվիրված», ՆԱ] ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան» (Ա Տիմոթէոս 2։8)։ Այս խոսքերով Պողոսը նվիրվածությունը կապում է հրապարակավ աղոթք անելու հետ՝ «ամեն տեղ», որտեղ քրիստոնյաները հանդիպումներ են անցկացնում։ Միայն նվիրված մարդը կարող է ժողովին հրապարակավ ներկայացնել աղոթքով։ Անտարակույս, Աստված բոլորիցս ակնկալում է, որ նվիրված լինենք իրեն ու մեկմեկու (Ժողովող 12։13, 14)։ Ուստի եկեք վճռականորեն տրամադրվենք գործել միասնական ու միակամ, ինչպես մարդու մարմնի անդամները։ Թող որ մենք մեր ծառայությունը համերաշխորեն կատարենք որպես Եհովայի երկրպագուների ընտանիքի անդամներ։ Իսկ ամենակարևորը՝ միշտ հիշենք, որ մենք միմյանց կարիքն ունենք, և եթե շարունակենք ուս–ուսի տված ծառայել Եհովային, կվայելենք նրա բարեհաճությունը։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչն է հնարավորություն տալիս Եհովայի ժողովրդին ծառայելու ուս–ուսի։
• Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է աչառություն անեն։
• Ըստ քեզ՝ ի՞նչ սխալ բան կա տրտնջալու մեջ։
• Ինչո՞ւ պետք է մեր հավատակիցներին պատիվ տանք։
[նկար 15–րդ էջի վրա]
Պետրոսը հասկանում էր, որ «Աստուած աչառ չէ»
[նկար 16–րդ էջի վրա]
Գիտե՞ք, թե Աստված ինչու նվաստացրեց Մարիամին
[նկար 18–րդ էջի վրա]
Նվիրված քրիստոնյաները Եհովային ծառայում են ուրախությամբ և ուս–ուսի տված