Ինչպես հաջողություն ունենալ երիտասարդության տարիներին
Եվրոպայի երկրներից մեկում քաղաքացիներին հարցում էր ներկայացվել ընտրություն կատարել երեք բաների միջև՝ գեղեցկության, հարստության և երիտասարդության։ Առաջին տեղում երիտասարդությունն էր։ Այո՛, բոլոր տարիքի մարդիկ պատանեկության, ինչպես նաև 20–ից մի փոքր անց տարիները համարում են կյանքի յուրահատուկ մի շրջան։ Բոլորն էլ ցանկանում են, որ երիտասարդները մանկությունից հաջողությամբ անցնեն չափահասության տարիքին։ Իսկ ինչպե՞ս։
Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել այդ հարցում։ Պատասխանը հստակ է՝ այո՛։ Եկեք քննության առնենք կյանքի երկու ոլորտ, որոնցում Աստծո Խոսքը կարող է յուրահատուկ օգնություն լինել երիտասարդների համար, գուցեև ավելի մեծ օգնություն հենց նրանց համար, քան տարիքային մյուս խմբերի։
Համերաշխությամբ ապրել ուրիշների հետ
«Jugend 2000» կոչվող մի հարցման մեջ բերվում են Գերմանիայում բնակվող ավելի քան 5 000 երիտասարդների տեսակետները, ունեցած արժեքները և վարքը։ Այդ հետազոտությունը ցույց է տալիս, որ ազատ ժամանակ՝ երաժշտություն լսելիս, սպորտով զբաղվելիս կամ պարզապես հանգստանալիս, երիտասարդները գրեթե միշտ շփման մեջ են լինում ուրիշների հետ։ Թերևս տարիքային բոլոր խմբերից ավելի շատ երիտասարդներն են ձգտում իրենց հասակակիցների հետ ժամանակ անցկացնել։ Ինչ խոսք, այստեղից հետևում է, որ երիտասարդների համար հաջողություն ձեռք բերելու գաղտնիքներից մեկը ուրիշների հետ համերաշխությամբ ապրելու կարողությունն է։
Բայց ուրիշների հետ համերաշխությամբ ապրելը միշտ հեշտ չէ։ Մարդկային հարաբերությունները կյանքի մի ոլորտ է, որտեղ, ինչպես ընդունում են երիտասարդները, նրանք հաճախ խնդիրներ են ունենում։ Հենց այս ոլորտում Աստվածաշունչը կարող է իսկական օգնություն առաջարկել։ Աստծո Խոսքը երիտասարդներին հավասարակշռված հարաբերություններ ունենալու հիմնական առաջնորդություն է մատուցում։ Իսկ այդ ի՞նչ առաջնորդություն է։
Մարդկային հարաբերություններում ամենակարևոր սկզբունքներից մեկը ոսկե կանոն է կոչվում. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց»։ Մարդկանց հետ հարգանքով, արժանապատվությամբ և բարությամբ վարվելը նրանց մղում է նույն ձևով ձեզ հետ վարվել։ Բարեհամբույր լինելը կարող է ցրել լարված և տարաձայնությունների տանող մթնոլորտը։ Եթե ձեզ ճանաչում են որպես նրբանկատ անձնավորության, հավանաբար կարժանանաք նրանց հավանությանը։ Արդյոք ձեզ չի՞ ուրախացնում ուրիշների կողմից հարգված լինելը (Մատթէոս 7։12)։
Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ‘սիրել ձեր ընկերոջը, ինչպես ձեր անձը’։ Մենք պետք է սիրենք ինքներս մեզ այն իմաստով, որ պետք է հոգ տանենք մեր մասին և ինքնահարգանք ունենանք, որն իհարկե չպետք է լինի չափից դուրս՝ շատ կամ քիչ։ Ինչո՞ւ է դա օգտակար։ Բանն այն է, որ եթե մենք ինքնահարգանքի զգացում չունենանք, կարող ենք խիստ քննադատական լինել ուրիշների հանդեպ, որը խանգարող հանգամանք է լավ փոխհարաբերություններ ունենալու հարցում։ Սակայն հավասարակշռված արժանապատվության զգացումը ամուր ընկերություններ հաստատելու հիմք է հանդիսանում (Մատթէոս 22։39)։
Երկու անձնավորությունների միջև ընկերություն հաստատվելիս ակնկալվում է, որ երկու կողմն էլ ջանքեր կներդնի՝ ընկերությունն ամրացնելու։ Ընկերությանը ժամանակ տրամադրելով՝ դուք ուրախություն եք ապրում, քանի որ «երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը»։ «Տալու» կերպերից մեկը ներելն է, որն իր մեջ ընդգրկում է ոչ էական սխալները անտեսելը և ուրիշներից կատարելություն չպահանջելը։ Աստվածաշունչն ասում է մեզ. «Թող ձեր հեզութիւնը [«ողջամտությունը», ՆԱ] յայտնի լինի բոլոր մարդկանց»։ Իսկապես որ, «ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք»։ Ինչպե՞ս կվարվեք, եթե ձեր ընկերը ուշադրություն հրավիրի ձեր ինչ–որ մի թերության վրա։ Խորհեք աստվածաշնչյան հետևյալ օգտակար խորհրդի շուրջ. «Մի շտապիր հոգովդ բարկանալու», քանի որ «անկեղծ են բարեկամի տուած վէրքերը»։ Արդյոք ճիշտ չէ՞, որ ընկերները կարող են ազդել ձեր մտածելակերպի, խոսելու ձևի և վարքի վրա։ Այդ պատճառով է, որ Աստվածաշունչը զգուշացնում է. «Չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը»։ Եվ հակառակը՝ «իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ» (Գործք 20։35; Փիլիպպեցիս 4։5; Հռովմայեցիս 12։17, 18; Ժողովող 7։9; Առակաց 13։20; 27։6; Ա Կորնթացիս 15։33)։
Շատ երիտասարդներ կհամաձայնեն Մարկոյի հետ, որն ասում է. «Աստվածաշնչային սկզբունքները մեծ օգնություն են ուրիշների հետ համերաշխությամբ ապրելու հարցում։ Ես գիտեմ մի քանիսի, որոնք պարզապես իրենց անձի համար են ապրում և նրանց նպատակն է կյանքից ստանալ ամեն բան, ինչ հնարավոր է։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ոչ թե չափից դուրս մտահոգվել մեր անձերի մասին, այլ ուրիշների։ Իմ կարծիքով, դա լավագույն միջոցն է լավ մարդկային փոխհարաբերություններ հաստատելու»։
Այն, ինչ որ Աստվածաշնչից սովորել են Մարկոն և նրա նման ուրիշ երիտասարդներ, օգտակար կարող է լինել նրանց համար ոչ միայն երիատասարդ տարիներին, այլ նաև հետագայում։ Իսկ ապագայի համար երիտասարդ սերունդը մեկ այլ կարգի, հատուկ օգնություն էլ կարող է ստանալ Աստվածաշնչից։
Անհանգստություն ապագայի նկատմամբ
Շատ երիտասարդներ հետաքրքրասեր են։ Թերևս տարիքային այլ խմբերից ավելի երիտասարդներն են ցանկանում իմանալ՝ ինչ է տեղի ունենում շուրջը և ինչու։ Իսկ Աստվածաշունչը ավելի լավ, քան որևէ այլ գիրք, բացատրում է աշխարհի ներկա իրավիճակի պատճառները, նաև հայտնում է, թե ինչ կարող ենք ակնկալել ապագայից։ Հենց դա էլ ցանկանում է իմանալ երիտասարդ սերունդը։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ դա այդպես է։
Թեև ընդունված է համարել, որ երիտասարդ սերունդն ապրում է զուտ ներկայով, սակայն որոշ հարցումների արդյունքներ փոքր–ինչ այլ պատկեր են երևան հանում։ Դրանք ցույց են տալիս, որ երիտասարդները հաճախ հետևում են շուրջը կատարվող իրադարձություններին, որից հետո իրենց անձնական եզրակացություններն անում այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքն ապագայում։ Դա փաստում է այն, որ չորս երիտասարդ անհատներից երեքը՝ լինեն կին թե տղամարդ, «հաճախ» կամ «շատ հաճախ» մտահոգվում են ապագայի հարցերով։ Ու չնայած որ երիտասարդներն ընդհանրապես լավատեսորեն են նայում կյանքին, նրանց մեծ մասը անհանգստանում է ապագայի համար։
Ինչո՞ւ են նրանք անհանգստանում։ Վաղվա չափահասներից շատերն արդեն իսկ խնդիրներ ունեն՝ կապված ոճրագործության, բռնության և թմրամոլության հետ։ Այսօր երիտասարդ անհատներին անհանգստացնում է այն հարցը, թե այս հասարակության մեջ, որտեղ մրցակցության ոգի է տիրում, արդյոք հիմնական աշխատանք կգտնեն։ Նրանց անհանգստացնում է իրենց ուսման հարցը. նրանք ձգտում են բարձր գնահատականներ ստանալ, իսկ դպրոցն ավարելուց հետո հաջողությունների հասնել աշխատանքի մեջ։ Մի 17–ամյա երիտասարդուհի ցավով նշեց. «Մենք ապրում ենք անգութ և եսասիրական հասարակության մեջ։ Ամեն ոք ձգտում է ցանկացած գնով հասնել իր ուզածին։ Միշտ ստիպված ես ապացուցել այն, ինչ որ կարող ես անել, իսկ դա ինձ տանջում է»։ Մեկ ուրիշը՝ 22 տարեկան մի երիտասարդ, ասում է. «Նրանք, ովքեր ցույց են տալիս, որ վարպետ են իրենց գործում, հաջողություն են ունենում կյանքում, և կարող են հանգիստ կյանք վարել։ Իսկ ձախողակները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող հաջողության հասնել, անտեսված են մնում»։ Ինչո՞ւ է կյանքում այսպիսի մրցակցության ոգի տիրում։ Միշտ այսպե՞ս է լինելու։
Իրական պատճառները
Երբ երիտասարդները աշխարհին վախով և անհանգստությամբ են նայում, նրանք գիտակցաբար, թե անգիտակցաբար համաձայնում են Աստվածաշնչում արձանագրված խոսքերի հետ։ Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ այսօրվա «անգութ և եսասիրական հասարակությունը» մեր օրերը բնորոշող նշան է հանդիսանում։ Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին ուղղված նամակում հետևյալն է գրել. «Չար [«դժվար», ՆԿ–ի ՆԱԹ] ժամանակներ պիտի գան»։ Իսկ ինչո՞ւ դժվար։ Քանի որ, ինչպես շարունակում է գրել Պողոսը, մարդիկ կլինեն «անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, ....անշնորհակալ, անմաքուր, ....դաժանաբարոյ»։ Արդյոք այս խոսքերը ճշգրտորեն չե՞ն նկարագրում այսօր ապրող շատերի վարքը (Բ Տիմոթէոս 3։1–3)։
Աստվածաշունչը նշում է, որ այս չար ժամանակները կլինեն «վերջին օրերին», մինչև որ հսկայական փոփոխություններ տեղի կունենան ողջ մարդկային հասարակության մեջ։ Այդ փոփոխությունները կվերաբերեն անխտիր բոլորին՝ և՛ երիտասարդներին, և՛ տարեցներին։ Իսկ այդ ի՞նչ փոփոխություններ են։ Շուտով երկնային մի կառավարություն կվերացնի բոլոր մարդկային կառավարությունները, իսկ այդ կառավարության հպատակներն ամենուր «խաղաղութեան առատութիւն» կվայելեն։ «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Անհանգստության և վախի զգացումները անցյալի գիրկը կանցնեն (Սաղմոս 37։11, 29)։
Միայն Աստվածաշունչն է ապագայի վերաբերյալ վստահելի տեղեկություններ տալիս։ Երբ երիտասարդ անհատը տեղեկանում է, թե ինչ կարող է պատահել գալիք մի քանի տարիներին, նա կարող է նախապատրաստվել կատարվելիք իրադարձություններին և ապահով զգալ իրեն, ինչպես նաև ավելի լավ տնօրինել իր կյանքը։ Դա կնվազեցնի ճնշման ու անհանգստության զգացումը։ Այսպիսով, երիտասարդ սերնդի յուրահատուկ կարիքը, որն է՝ իմանալ, թե ինչ է սպասում այս աշխարհին և ընդհանրապես ապագայում, բավարարում է Աստվածաշունչը։
Հաջողություն երիտասարդ տարիներին
Որ՞ն է երիտասարդների համար հաջողություն ունենալու բանալին։ Բարձրագույն կրթությո՞ւնը, նյութական կարողություննե՞րը, ընկերական շրջապա՞տը։ Շատերը կարող են այդ կարծիքին լինել։ Պատանեկան, ինչպես նաև 20–ից փոքր–ինչ անց տարիների ընթացքում արժե լավ հիմք դնել ապագայի համար։ Այլ կերպ ասած՝ երիտասարդ տարիքում հաջողություն ունենալը կարող է ցույց տալ, թե ինչ է սպասում ձեզ հետագայում։
Ինչպես տեսանք, Աստվածաշունչը կարող է օգնել երիտասարդ անձնավորությանը հաջողություն ունենալ երիտասարդության տարիներին։ Շատերն արդեն համոզվել են դրանում իրենց անձնական օրինակով։ Նրանք ամեն օր կարդում են Աստծո Խոսքը և կիրառում իրենց սովորածը (տեսեք «Եհովայի մի երիտասարդ ծառայի խորհուրդը» վերնագրով շրջանակը, էջ 6)։ Ինչ խոսք, այսօր Աստվածաշունչն իսկապես երիտասարդների համար է, քանի որ այն կարող է օգնել նրանց «կատարեալ լին[ել] ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17, ԱԹ)։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Երիտասարդության տարիներին հաջողություն ունենալու կերպերից մեկը ուրիշների հետ համերաշխությամբ ապրելն է
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Թերևս տարիքային այլ խմբերից ավելի երիտասարդներն են ցանկանում իմանալ՝ ինչ է տեղի ունենում շուրջը և ինչու
[շրջանակ 6–րդ և 7–րդ էջերի վրա]
Եհովայի երիտասարդ ծառայի խորհուրդը
Ալեքսանդրը 19 տարեկան է։ Նա մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում և շատ ուրախ է, որ սրտանց գործի է դնում իր հավատը։ Սակայն միշտ այսպես չի եղել։ Ալեքսանդրը պատմում է.
— Թերևս չհավատաք, որ ավելի քան յոթ տարի ես հաղորդակցվել եմ Եհովայի վկաների հետ՝ ինքս Վկա չլինելով։ Այդ ժամանակ ես կեսսրտով, զուտ մեքենայորեն էի երկրպագում Աստծուն։ Իմ կարծիքով, ես պարզապես քաջություն չունեի ինքս ինձ անկեղծորեն քննելու։
Հետագայում Ալեքսանդրի վերաբերմունքը փոխվեց։ Նա շարունակում է պատմել.
— Ծնողներս ու ժողովից ընկերներս հորդորում էին ինձ ամեն օր ընթերցել Աստվածաշունչը, անձամբ ճանաչել Եհովային։ Ի վերջո, ես որոշեցի նրանց խորհրդին հետևել։ Կրճատեցի հեռուստացույց դիտելու ժամանակը։ Աստվածաշնչի ընթերցանությունը դարձրի վաղ առավոտյան գրաֆիկիս անբաժան մասը։ Վերջապես սկսեցի հասկանալ Աստվածաշնչի ողջ էությունը։ Հասկացա, թե ինչպես կարող է այն օգնել ինձ։ Եվ որն ամենակարևորն է, հասկացա, որ Եհովան ցանկանում է, որ ես ճանաչեմ իրեն։ Երբ սկսեցի ուշադիր լինել այդ հարցում, Եհովայի հետ փոխհարաբերություններս սկսեցին խորանալ, իսկ ժողովում ընկերակցություններս բարելավվեցին։ Ինչպիսի՜ փոփոխություն մտցրեց Աստվածաշունչն իմ կյանքում։ Ես խորհուրդ եմ տալիս Եհովայի երիտասարդ ծառաներից յուրաքանչյուրին Աստվածաշունչն ընթերցել ամեն օր։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր երիտասարդներ հաղորդակցվում են Եհովայի վկաների հետ։ Իսկ դուք պատկանո՞ւմ եք նրանց թվին։ Ցանկանո՞ւմ եք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունից օգուտներ ստանալ։ Ինչո՞ւ չհետևել Ալեքսանդրի օրինակին։ Կրճատեք ոչ կարևոր գործերին տրամադրելու ժամանակը և Աստվածաշնչի ընթերցանությունը ձեր ամենօրյա գրաֆիկի մի մասը դարձրեք։ Այդպես վարվելով՝ դուք անպատճառ օգուտներ կստանաք։