Եհովայից վախեցիր և նրա պատվիրանները պահիր
«Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։
1, 2. ա) Ինչպե՞ս կարող է վախը մեզ ֆիզիկապես պաշտպանել։ բ) Ինչո՞ւ են իմաստուն ծնողները աշխատում իրենց երեխաների մեջ առողջ վախ ներարկել։
«ԵԹԵ խիզախությունը վտանգում է կյանքը, ապա վախը պահպանում է այն»,— ասել է Լեոնարդո դա Վինչին։ Բրավադան, կամ անխոհեմ խիզախությունը կուրացնում է մարդուն վտանգի հանդեպ, այնինչ վախը հիշեցնում է նրան, որ հարկավոր է զգույշ լինել։ Օրինակ՝ եթե մոտենայինք բարձր քարաժայռի ծայրին ու ներքև նայելով տեսնեինք, թե ինչ բարձրության վրա ենք գտնվում, ապա գրեթե բոլորս էլ բնազդաբար ետ կքաշվեինք։ Նմանապես առողջ վախը, ինչպես արդեն իմացանք նախորդ հոդվածից, ոչ միայն նպաստում է Աստծո հետ լավ փոխհարաբերություններ ունենալուն, այլև պաշտպանում է մեզ վնասներից։
2 Մեր օրերում բազմաթիվ վտանգներ կան, ուստի հարկավոր է սովորել, դրանցից զգուշանալ։ Քանի որ երեխաները չեն պատկերացնում, թե ինչ վտանգներ են պարունակում իրենց մեջ էլեկտրականությունն ու փողոցային երթևեկությունը, նրանք կարող են հեշտությամբ դժբախտ պատահարների զոհ դառնալ։a Իմաստուն ծնողները աշխատում են իրենց երեխաների մեջ առողջ վախ ներարկել՝ կրկին ու կրկին զգուշացնելով նրանց շրջապատող վտանգների մասին։ Նրանք գիտեն, որ նման վախը կարող է փրկել իրենց երեխաների կյանքը։
3. Ինչո՞ւ և ինչպե՞ս է Եհովան նախազգուշացնում մեզ հոգևոր վտանգների մասին։
3 Եհովան նման ձևով հոգ է տանում մեր բարօրության մասին։ Որպես հոգատար Հայր՝ նա իր Խոսքի ու իր կազմակերպության միջոցով սովորեցնում է մեզ, թե ինչն է մեզ համար օգտակար (Եսայիա 48։17)։ Այդ ուսուցման մեջ մտնում է նաև մեզ «առաւօտանց կանուխ», կամ, այլ խոսքով, կրկին ու կրկին հոգևոր ծուղակների մասին նախազգուշացնելը, որպեսզի կարողանանք մեր մեջ առողջ վախ մշակել նման վտանգների հանդեպ (Բ Մնացորդաց 36։15; Բ Պետրոս 3։1)։ Պատմության ընթացքում, հոգևոր իմաստով, բազմաթիվ արհավիրքներ չէին լինի, եթե ‘մարդկանց սիրտն այնպես լիներ, որ, Աստծուց վախենալով, նրա պատվիրանները պահեին’ (Բ Օրինաց 5։29)։ Ինչպե՞ս կարող ենք այս ‘վերջին օրերի չար ժամանակներում’ աստվածավախ սիրտ մշակել մեր մեջ ու խուսափել հոգևոր վտանգներից (Բ Տիմոթէոս 3։1)։
Հեռացեք չարից
4. ա) Ի՞նչ ատելություն պետք է քրիստոնյաները զարգացնեն իրենց մեջ։ բ) Ի՞նչ է զգում Եհովան մեղավոր վարքի հանդեպ։ (Տեսեք ծանոթագրությունը։)
4 Աստվածաշունչը բացատրում է, որ «Տիրոջ երկիւղը չարն ատել է» նշանակում (Առակաց 8։13)։ Մի աստվածաշնչյան բառարան նկարագրում է այս ատելությունը որպես «հակակրանք այն անձանց և այնպիսի բաների հանդեպ, որոնք ըմբոստ են, նողկալի, արհամարհելի, և որոնց հետ անհատը չի ցանկանում ոչ մի շփում կամ հարաբերություն ունենալ»։ Այսպիսով՝ աստվածավախությունը հակակրանք կամ խորշանք զգալն է այն ամենի նկատմամբ, ինչը չար է Եհովայի աչքումb (Սաղմոս 97։10)։ Այն դրդում է մեզ հեռանալ չարից, ճիշտ ինչպես վախից բնազդաբար ետ կքաշվեինք քարաժայռի ծայրից։ «Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը»,— ասվում է Աստվածաշնչում (Առակաց 16։6)։
5. ա) Ինչպե՞ս կարող ենք ուժեղացնել Աստծո հանդեպ վախի և չար բաների հանդեպ ատելության զգացումը։ բ) Այս առումով ի՞նչ ենք սովորում իսրայել ազգի պատմությունից։
5 Մենք կարող ենք ուժեղացնել այս առողջ վախի և չար բաների հանդեպ ատելության զգացումը՝ դիտարկելով, թե ինչ վնասակար ու անխուսափելի հետևանքներ է ունենում մեղք գործելը։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ ինչ որ ցանենք, այն էլ կհնձենք՝ կախված այն բանից՝ «մարմնի համար» ենք ցանում, թե՝ «ոգու» (Գաղատացիս 6։7, 8)։ Այդ իսկ պատճառով Եհովան հստակորեն ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ անխուսափելիորեն կլինեն իր պատվիրաններն արհամարհելու ու ճշմարիտ երկրպագությունից հեռանալու դեպքում։ Առանց Աստծո պաշտպանության՝ փոքրաթիվ, անօգնական իսրայել ազգը իր դաժան ու հզոր հարևանների տիրապետության տակ կընկներ (Բ Օրինաց 28։15, 45–48)։ Անհնազանդության հետևանքով Իսրայելի ողբերգական վախճանը մանրամասնորեն նկարագրված է Աստվածաշնչում՝ մեզ ‘խրատելու’ համար, որպեսզի կարողանանք դաս քաղել դրանից և աստվածավախություն մշակել մեր մեջ (Ա Կորնթացիս 10։11)։
6. Ի՞նչ սուրբգրային օրինակներ կան, որոնք քննարկելով կարող ենք աստվածավախություն սովորել։ (Տեսեք ծանոթագրությունը։)
6 Բացի իսրայել ազգին պատահածից, Աստվածաշունչը այնպիսի մարդկանց կյանքի իրական օրինակներ է պարունակում, որոնք նախանձել են, անբարոյականություն են գործել, ագահություն և հպարտություն են դրսևորել։c Այս մարդկանցից ոմանք ծառայել են Եհովային երկար տարիներ, բայց իրենց կյանքի վճռական պահերից մեկում բավականաչափ աստվածավախ չեն եղել, և իրենց արարքի ցավալի պտուղներն են քաղել։ Նման սուրբգրային օրինակների շուրջ խորհրդածելը կարող է մեզ ավելի վճռական դարձնել, որպեսզի նմանատիպ սխալներ չգործենք։ Որքա՜ն ցավալի կլիներ, եթե սեփական դառը փորձն ունենալուց հետո միայն Աստծո խորհուրդը մեր սրտին հասներ։ Ի տարբերություն համընդհանուր տեսակետի՝ կյանքի փորձը, հատկապես եթե այն սեփական ցանկություններին անձնատուր լինելով է ձեռք բերվում, ամենալավ ուսուցիչը չէ (Սաղմոս 19։7)։
7. Ո՞ւմ է Եհովան հրավիրում իր փոխաբերական խորանը։
7 Աստծո հանդեպ վախ զարգացնելու մեկ այլ ծանրակշիռ պատճառն էլ այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել մեր հարաբերությունները նրա հետ։ Մենք զգուշանում ենք տհաճություն պատճառել Եհովային, քանի որ թանկ ենք գնահատում նրա հետ մեր բարեկամությունը։ Ո՞ւմ Աստված, իր բարեկամը համարելով, կհրավիրեր իր փոխաբերական խորանը։ Միայն և միայն ‘ուղիղ գնացողին և արդարություն գործողին’ (Սաղմոս 15։1, 2)։ Եթե մեր աչքում արժեք ունեն մեր Արարչի հետ ունեցած այս պատվաբեր փոխհարաբերությունները, ապա զգույշ կլինենք՝ ‘ուղիղ’ քայլերով գնալու նրա առաջ։
8. Ինչպե՞ս էին Մաղաքիայի օրերում որոշ իսրայելացիներ արհամարհում Աստծո հետ իրենց բարեկամությունը։
8 Ցավոք, Մաղաքիայի օրերում որոշ իսրայելացիներ կարևորություն չէին տալիս Աստծո հետ իրենց բարեկամությանը։ Փոխանակ վախենային Եհովայից ու պատվեին նրան՝ նրանք զոհաբերում էին հիվանդ ու կաղ անասուններ։ Այն, որ նրանք չէին վախենում Աստծուց, արտահայտվում էր նաև ամուսնության հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքում։ Երիտասարդ կանանց հետ ամուսնանալու համար նրանք անհեթեթ պատճառներով ամուսնալուծվում էին իրենց կանանցից։ Մաղաքիան ասաց նրանց, որ Եհովան ատում է «ապահարզանը», և որ անհավատարմության պատճառով իրենք օտարացել են Աստծուց։ Ինչպե՞ս կարող էր Աստված հավանել նրանց զոհաբերությունները, երբ նրա զոհասեղանը, փոխաբերական իմաստով ասած, ծածկվել էր արտասուքով՝ լքված կանանց աղի արտասուքով։ Իր չափանիշների նման աղաղակող ոտնահարումը ստիպեց Եհովային հարցնել. «Ո՞ւր է իմ [հանդեպ] երկիւղը» (Մաղաքիա 1։6–8; 2։13–16)։
9, 10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի հետ մեր բարեկամությունը։
9 Այսօր էլ Եհովան տեսնում է եսասեր ու անբարոյական ամուսինների ու հայրերի կամ նույնիսկ կանանց ու մայրերի կողմից բազմաթիվ անմեղ կողակիցներին ու երեխաներին պատճառված վիշտը։ Անտարակույս, դա վշտացնում է նրան։ Աստծո բարեկամը նայում է իրերին նրա տեսանկյունից ու ամեն ինչ անում է իր ամուսնությունը ամրապնդելու համար, մերժում է աշխարհիկ մտածելակերպը, որը նսեմացնում է ամուսնական կապի կարևորությունը, և ‘փախչում է պոռնկությունից’ (Ա Կորնթացիս 6։18)։
10 Եթե ամուսնական կյանքում և կյանքի այլ ոլորտներում մարդիկ ատում են այն ամենը, ինչ չարիք է Եհովայի աչքում, և եթե նրանք խորապես գնահատում են Աստծո հետ իրենց բարեկամությունը, ապա նրա հաճությանն ու հավանությանը կարժանանան։ Պետրոս առաքյալը համոզված ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։ Մենք սուրբգրային բազմաթիվ օրինակներ ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչպես ոմանք, վախենալով Աստծուց, զանազան դժվարին հանգամանքներում արել են այն, ինչ որ ճիշտ է։
Երեքը, որ վախեցան Աստծուց
11. Ինչպիսի՞ հանգամանքներում Աբրահամին ասվեց, որ նա ‘Աստծուց վախենում է’։
11 Աստվածաշնչում խոսվում է մի մարդու մասին, որին Եհովան անձամբ կոչեց իր բարեկամը։ Դա Աբրահամ նահապետն էր (Եսայիա 41։8)։ Աբրահամի աստվածավախությունը փորձվեց այն ժամանակ, երբ Աստված պատվիրեց նրան զոհաբերել իր միակ որդի Իսահակին, որի միջոցով, Եհովան իրականացնելու էր Աբրահամի սերունդը մեծ ազգ դարձնելու իր խոստումը (Ծննդոց 12։2, 3; 17։19)։ Կկարողանա՞ր ‘Աստծո բարեկամը’ տանել այս տանջալից փորձությունը (Յակոբոս 2։23)։ Հենց այն պահին, երբ Աբրահամը դանակը բարձրացրեց՝ Իսահակին սպանելու, Եհովայի հրեշտակն ասաց. «Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ‘խնայեցիր» (Ծննդոց 22։10–12)։
12. Ինչո՞վ էր հիմնավորված Աբրահամի աստվածավախությունը, և ինչպե՞ս կարող ենք նման մտայնություն ունենալ։
12 Թեպետ Աբրահամն արդեն նախկինում ապացուցել էր, որ վախենում է Աստծուց, բայց այս անգամ նրա այդ հատկությունն առանձնակի ուշագրավությամբ ի հայտ եկավ։ Իսահակին զոհաբերելու նրա պատրաստակամությունը ավելին էր նշանակում, քան պարզապես հարգալից հնազանդություն։ Աբրահամը պատրաստ էր գնալու դրան, քանի որ բացարձակորեն վստահ էր, որ իր երկնային Հայրը կկատարի տված խոստումը՝ անհրաժեշտության դեպքում Իսահակին հարություն տալով։ Ինչպես Պողոսն է գրում, Աբրահամը ‘հաստատապես համոզված էր, թե Աստված ինչ որ խոստացավ, կարող է կատարել’ (Հռովմայեցիս 4։16–21)։ Պատրա՞ստ ենք արդյոք կատարելու Աստծո կամքը նույնիսկ այն դեպքում, երբ մեզանից մեծ զոհողություններ են պահանջվում։ Ունե՞նք լիակատար վստահություն, որ նման հնազանդությունը տևական օգուտներ կունենա՝ գիտենալով, որ Եհովան «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։ Սա է ճշմարիտ աստվածավախությունը (Սաղմոս 115։11)։
13. Ինչո՞ւ Հովսեփը իրավացիորեն կարող էր իրեն համարել «Աստուածանից վախող» մարդ։
13 Եկեք գործերով ապացուցված աստվածավախության մեկ այլ օրինակ քննարկենք։ Դա Հովսեփի օրինակն է։ Հովսեփը Պետափրեսի տանը ծառա էր։ Նա ամեն օր պոռնկություն գործելու ճնշման էր ենթարկվում։ Նա, հավանաբար, խույս տալու ոչ մի հնարավորություն չուներ իր տիրոջ կնոջից, որը համառորեն անբարոյական առաջարկություններ էր անում իրեն։ Վերջիվերջո, երբ այդ կինը «բռնեց նորա հանդերձից», Հովսեփը «փախաւ դուրս գնաց»։ Ի՞նչը ստիպեց նրան չարից անհապաղ հեռանալ։ Անկասկած, գլխավոր պատճառը նրա աստվածավախ լինելն էր, ցանկությունը՝ խուսափելու անել ‘այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչել’ (Ծննդոց 39։7–12)։ Հովսեփը իրավացիորեն կարող էր իրեն համարել «Աստուածանից վախող» մարդ (Ծննդոց 42։18)։
14. Ինչպե՞ս է Հովսեփի ողորմածությունը ճշմարիտ աստվածավախություն արտացոլում։
14 Տարիներ անց Հովսեփը դեմ առ դեմ հանդիպեց իր եղբայրներին, որոնք իրեն անխղճորեն ստրկության էին վաճառել։ Այժմ նրանք սննդի խիստ կարիք ունեին, և նա կարող էր հեշտությամբ օգտվել այդ առիթից՝ վրեժ լուծելու այն ամենի համար, ինչ որ իրեն արել էին։ Բայց մարդկանց հետ դաժանորեն վարվելու մեջ չի արտացոլվում աստվածավախությունը (Ղեւտացոց 25։43)։ Այդ իսկ պատճառով, երբ Հովսեփը համոզվեց, որ իր եղբայրները իրոք փոխվել են, նա ողորմածաբար ներեց նրանց։ Հովսեփի պես մենք էլ, լինելով աստվածավախ, կցանկանանք բարիով հաղթել չարին, ինչպես նաև գայթակղության չտրվել (Ծննդոց 45։1–11; Սաղմոս 130։3, 4; Հռովմայեցիս 12։17–21)։
15. Ինչո՞ւ էր Հոբի վարքը ուրախացնում Եհովայի սիրտը։
15 Հոբը աստվածավախության մեկ այլ ուշագրավ օրինակ է։ Եհովան Բանսարկուին ասաց. «Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող» (Յոբ 1։8)։ Երկար տարիներ Հոբի անբասիր վարքը ուրախացրել էր իր երկնային Հոր սիրտը։ Հոբը վախենում էր Աստծուց, քանի որ գիտեր, որ դա է ճշմարիտը և ապրելու լավագույն ձևը։ «Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը,— բացականչեց նա,— եւ չարութիւնից հեռանալը հանճար է» (Յոբ 28։28)։ Հոբը, ամուսնացած լինելով, իր սրտում արտամուսնական հարաբերություններ ունենալու պլաններ չէր մշակում և ոչ էլ ավելորդ հետաքրքրություն էր ցուցաբերում երիտասարդ կանանց հանդեպ։ Եվ թեև հարուստ էր, նա չապավինեց իր ունեցվածքին, ինչպես նաև խուսափեց ամեն տեսակ կռապաշտությունից (Յոբ 31։1, 9–11, 24–28)։
16. ա) Ինչպե՞ս է Հոբը ողորմածություն դրսևորել։ բ) Ինչպե՞ս է Հոբը ցույց տվել, որ ներողամիտ մարդ է։
16 Նաև, Աստծուց վախենալ՝ նշանակում է բարին գործել ու հեռանալ չարից։ Այսպես՝ Հոբը մեծահոգաբար հետաքրքրվում էր կույր, կաղ և աղքատ մարդկանցով (Ղեւտացոց 19։14; Յոբ 29։15, 16)։ Նա հասկացել էր, որ «ան որ բարեկամի մը օգնութիւնը [ողորմութիւնը», ԱԹ] կը հեռացնէ, Ամենակարողին վախը կը մերժէ» (Յոբ 6։14, Արևմտ. Աստ.)։ Ողորմած չլինելը կարող է նշանակել չներել կամ սրտում չարակամություն ունենալ։ Աստծո պատվերով Հոբը աղոթեց իր երեք ընկերների համար, որոնք իրեն բավական ցավ էին պատճառել (Յոբ 42։7–10)։ Կարո՞ղ ենք նման ձևով ներել մեր հավատակցին, որը գուցեև վիրավորել է մեզ։ Անկեղծորեն աղոթելով մեզ վիրավորողի բարօրության համար՝ մենք շատ բան կարող ենք անել, որպեսզի մեր սրտնեղությունն անցնի։ Իր աստվածավախության համար Հոբը վայելեց օրհնություններ։ Նման օրհնություններ էլ Աստված ‘պահել է իրենից վախեցողների համար’ (Սաղմոս 31։19; Յակոբոս 5։11)։
Աստվածավախությունն ընդդեմ մարդավախության
17. Ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ մարդավախությունը, և ինչո՞ւ է անհեռատեսություն մարդկանցից վախենալը։
17 Մինչ աստվածավախությունը մղում է մեզ ճիշտն անելուն, մարդավախությունը քայքայում է մեր հավատը։ Այդ պատճառով էլ Հիսուսը, երբ քաջալերում էր առաքյալներին բարի լուրի նախանձախնդիր քարոզիչներ լինել, ասաց նրանց. «Մի՛ վախեցէ՛ք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը» (Մատթէոս 10։28)։ Հիսուսի խոսքերից կարելի է հասկանալ, որ անհեռատեսություն կլիներ մարդկանցից վախենալը. չէ՞ որ մարդիկ չեն կարող խափանել մեր ապագան։ Նաև մենք վախենում ենք Աստծուց, քանի որ գիտակցում ենք, թե նա ինչ ահռելի ուժի տեր է, որի հետ համեմատած՝ բոլոր ազգերի զորությունը ոչնչություն է իրենից ներկայացնում (Եսայիա 40։15)։ Աբրահամի պես մենք բացարձակապես վստահ ենք, որ Եհովան կարող է հարություն տալ իր հավատարիմ ծառաներին (Յայտնութիւն 2։10)։ Եվ այսպես, մենք վստահաբար ասում ենք. «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ» (Հռովմայեցիս 8։31)։
18. Ինչպե՞ս է Եհովան պարգևատրում իրենից վախեցողներին։
18 Անկախ նրանից, թե մեզ հակառակվողը մեր ընտանիքից է, թե դպրոցի խուլիգան՝ մենք կհամոզվենք, որ «Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ» (Առակաց 14։26)։ Մենք կարող ենք Աստծուց աղոթքով զորություն խնդրել՝ գիտենալով, որ նա կլսի մեզ (Սաղմոս 145։19)։ Եհովան երբեք չի մոռանում նրանց, ովքեր վախենում են իրենից։ Իր մարգարե Մաղաքիայի միջոցով նա հավաստիացնում է մեզ. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3։16)։
19. Ո՞ր վախն է վերջ գտնելու, բայց ո՞րն է հավիտյան մնալու։
19 Մոտենում է ժամանակը, երբ երկրի ամեն մի բնակիչ կերկրպագի Եհովային, և այլևս մարդկանցից վախենալու հարկ չի լինի (Եսայիա 11։9)։ Նաև մարդիկ այլևս չեն վախենա սովի մատնվելուց, հիվանդանալուց, հանցագործության ու պատերազմի զոհ դառնալուց։ Բայց Աստծո հանդեպ վախը կմնա ամբողջ հավիտենության ընթացքում, քանի որ նրա երկնային ու երկրային հավատարիմ ծառաները շարունակելու են նրան մատուցել արժանի հարգանքը, հնազանդությունը և պատիվը (Յայտնութիւն 15։4)։ Իսկ մինչ այդ թող որ բոլորս էլ մեր սրտում դնենք Սողոմոնի ներշնչյալ խորհուրդը. «Թող սիրտդ չ’նախանձէ մեղաւորներին. այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։ Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չ’կտրուի» (Առակաց 23։17, 18)։
[ծանոթագրություններ]
a Որոշ չափահաս անձինք կորցնում են վտանգի հանդեպ վախի զգացողությունը, երբ աշխատանքի բերումով պարբերաբար հայտնվում են վտանգավոր իրավիճակներում։ Երբ մի փորձառու արհեստավորի հարցրին, թե ինչու են շատ ատաղձագործներ իրենց մատները կորցնում, նա պարզապես ասաց. «Նրանք կորցնում են վախի զգացողությունը այդ մեծ արագությամբ պտտվող էլեկտրական սղոցների նկատմամբ»։
b Եհովան ինքը զգում է այդ խորշանքը։ Օրինակ՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում Եփեսացիս 4։29–ում անվայել լեզուն նկարագրվում է որպես «տգեղ», «գէշ» կամ «ապականեալ» «խօսք»։ Այս բառերով թարգմանված հունարեն բառը բառացիորեն հիշեցնում է նեխած միրգ, փչացած ձուկ կամ միս։ Այդ բառը վառ կերպով պատկերում է, թե ինչպիսի զզվանք պետք է զգանք կեղտոտ ու անպարկեշտ խոսքերի հանդեպ։ Նաև Գրություններում կուռքերը հաճախ նկարագրվում են «աղբային» բառով (Բ Օրինաց 29։17, ՆԱ; Եզեկիէլ 6։9, ՆԱ)։ Քանի որ մենք բնականորեն զզվում ենք աղբից կամ՝ արտաթորանքներից, ապա կարող ենք հասկանալ, թե ինչպես է Աստված գարշում կռապաշտության ցանկացած ձևից։
c Օրինակ՝ կարելի է քննել սուրբգրային հաղորդագրությունը Կայենի (Ծննդոց 4։3–12), Դավիթի (Բ Թագաւորաց 11։2–12։14), Գեեզիի (Դ Թագաւորաց 5։20–27) և Ոզիայի (Բ Մնացորդաց 26։16–21) մասին։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս ենք սովորում ատել չարը։
• Մաղաքիայի օրերում ինչպե՞ս էին որոշ իսրայելացիներ արհամարհում Եհովայի հետ բարեկամություն անելը։
• Ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամից, Հովսեփից ու Հոբից աստվածավախության վերաբերյալ։
• Ո՞ր վախն է միշտ գոյություն ունենալու և ինչո՞ւ։
[նկար 19–րդ էջի վրա]
Իմաստուն ծնողներն իրենց երեխաների մեջ առողջ վախ են ներարկում
[նկար 20–րդ էջի վրա]
Ինչպես վախի զգացումն է մեզ հեռու պահում վտանգից, այնպես էլ աստվածավախությունն է մեզ հեռու պահում չարից
[նկար 23–րդ էջի վրա]
Հոբը շարունակեց վախենալ Աստծուց նույնիսկ այն ժամանակ, երբ իր երեք կեղծ ընկերները հակառակում էին իրեն
[թույլտվությամբ]
Աստվածաշնչի «Vulgata Latina» թարգմանությունից, 1795 թ.