Զորացրեք ձեր ապավինությունը հանդեպ Եհովան
Մահացու դավադրություն էր նյութվում։ Երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին խորհուրդ անելու և որոշեցին, որ հարկավոր է նոր օրենք սահմանել։ Նրանք ցանկանում էին, որ այդ օրենքով մահապատժի ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր պետության կողմից անընդունելի կրոն են դավանում։
Կարծես թե ծանոթ պատմություն է, այնպես չէ՞։ Մարդկության պատմությունը լի է օրինակներով, երբ մարդիկ իրենց սահմանած օրենքով չարիք են նախապատրաստել։ Վերոհիշյալ դեպքը կատարվել է Պարսից կայսրության մեջ Դանիել մարգարեի օրերում։ Դարեհ թագավորը ստորագրեց մի օրենք, որտեղ ասվում էր. «Ամեն ով որ մի խնդրուածք խնդրի որ եւ է աստուածանից եւ մարդից մինչեւ երեսուն օր բացի քեզանից, ով թագաւոր, նա գցուի առիւծների գուբը» (Դանիէլ 6։7–9)։
Դանիելին մահ էր սպառնում. ի՞նչ էր անելու նա։ Շարունակելո՞ւ էր ապավինել իր Աստծուն՝ Եհովային, թե՞ փոխզիջման էր գնալու՝ կատարելով թագավորի հրամանը։ Հաղորդագրության մեջ կարդում ենք. «Երբոր Դանիէլն իմացաւ թէ հրովարտակը ստորագրուեցաւ՝ գնաց իր տունը, եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դէպի Երուսաղէմ, եւ օրը երեք անգամ նա ծունկի վերայ էր գալիս եւ աղօթք էր անում եւ գովաբանում էր իր Աստուծուն, ըստ որում նա սորանից առաջ այսպէս էր անում» (Դանիէլ 6։10)։ Բոլորիս հայտնի է, թե այս պատմությունը ինչով վերջացավ։ Դանիելին իր հավատի համար նետեցին առյուծների գուբը, բայց Եհովան «փակեց առիւծների բերանները» և փրկեց իր հավատարիմ ծառային (Եբրայեցիս 11։33; Դանիէլ 6։16–22)։
Ինքնաքննության ժամանակը
Այսօր Եհովայի ծառաները ապրում են թշնամաբար տրամադրված մի աշխարհում, որն ամենուրեք սպառնում է նրանց ֆիզիկական և հոգևոր բարօրությանը։ Օրինակ՝ որոշ երկրներում բազմաթիվ Վկաներ են զոհվել ռասայական հողի վրա ծագած դաժան ատելության պատճառով։ Այլ վայրերում Եհովայի ծառաները տեսել են սննդամթերքի քչություն, տնտեսական դժվարություններ, բնական աղետներ, լուրջ հիվանդություններ և կյանքին սպառնացող այլ իրավիճակներ։ Ի լրումն այդ ամենի, նրանք հալածվել են, ճնշվել աշխատավայրում, ենթարկվել են տարբեր փորձությունների, և այդ ամենը կարող էր վտանգի տակ դնել նրանց հոգևոր առողջությունը։ Արդարև, մեծ Ոսոխը՝ Սատանան, մտքում դրել է ընկճել Եհովայի ծառաներին և ոչ մի միջոց չի խնայում իր նպատակն իրագործելու համար (Ա Պետրոս 5։8)։
Ի՞նչ կարող ենք անել նման հանգամանքներում հայտնվելիս։ Երբ մարդու կյանքը վտանգի տակ է լինում, բնական է վախի զգացում ունենալը։ Սակայն կարող ենք հիշել Պողոս առաքյալի հուսադրող խոսքերը. «[Եհովան] իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»։ Այնպէս որ, համարձակ լինենք և ասենք. «Տէ՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել»» (Եբրայեցիս 13։5, 6)։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան նույն դիրքորոշումն ունի իր այսօրվա ծառաների նկատմամբ։ Սակայն մի բան է՝ իմանալ Եհովայի տված խոստումի մասին, և միանգամայն այլ բան՝ համոզված լինել, որ նա թիկունք կկանգնի մեզ։ Ուստի հույժ կարևոր է, որ քննենք այն պատճառները, թե Եհովային ապավինելու ինչ հիմքեր ունենք և ձեռքից եկածն անենք՝ նրա հանդեպ մեր ապավինությունը զորացնելու և պահպանելու համար։ Եթե այդպես անենք, ապա «Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի [մեր] սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։7)։ Ու երբ փորձությունների մեջ ընկնենք, կկարողանանք սառը ուղեղով դատել և իմաստուն որոշումներ կայացնել։
Եհովային ապավինելու հիմքեր
Անշուշտ, շատ պատճառներ ունենք ապավինելու մեր Արարչին՝ Եհովային։ Առաջին պատճառն այն է, որ Եհովան սիրող Աստված է։ Նա սիրով հոգ է տանում իր ծառաներին։ Աստվածաշնչում անհամար օրինակներ կան այդ մասին։ Նկարագրելով Եհովայի վարվելակերպը իր ընտրյալ իսրայել ժողովրդի նկատմամբ՝ Մովսեսը գրեց. «Նորան ամայի երկրի մէջ գտաւ, վայրի ոռնացող անապատումը. նորան շրջապատեց, նորան խրատեց, նորան պահպանեց իր աչքի բիբին պէս» (Բ Օրինաց 32։10)։ Արդի ժամանակներում Եհովան շարունակում է սիրով հոգ տանել իր ծառաներին՝ թե՛ որպես խմբի և թե՛ անհատների։ Օրինակ՝ երբ Բոսնիայում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, որի հետևանքով Վկաները սննդամթերքի խիստ պակասություն ունեցան, Եհովան հոգաց, որ խորվաթ և ավստրիացի եղբայրները, համարձակորեն վտանգի տակ դնելով իրենց կյանքը և երթևեկելով խիստ վտանգավոր տարածքով, նրանց հասցնեն այդ հույժ կարևոր օգնությունը։a
Քանի որ Եհովան Ամենակարող Աստված է, ապա նա, անտարակույս, ցանկացած իրավիճակում կարող է պաշտպանել իր ծառաներին (Եսայիա 33։22; Յայտնութիւն 4։8)։ Բայց երբ Եհովան թույլ է տալիս, որ իր ծառաների հավատարմությունը փորձվի նույնիսկ մինչև մահ, նա, այդուհանդերձ, սատարում է նրանց և օգնում պահպանել իրենց ուղղամտությունը՝ ուժ տալով մինչև վերջ մնալու աննկուն, ուրախ և հանգիստ։ Ուստի, մենք կարող ենք սաղմոսերգուի նման վստահությամբ ասել. «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ։ Սորա համար չենք վախենալ՝ թէեւ երկիրն անցնի, եւ սարերը ծովին մէջ տեղը գցուին» (Սաղմոս 46։1, 2)։
Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ Եհովան ճշմարտության Աստված է։ Սա նշանակում է, որ նա միշտ կատարում է իր խոստումները։ Այնտեղ ասվում է, որ նա «անսուտ Աստուած» է (Տիտոս 1։2)։ Քանի որ Եհովան կրկին ու կրկին պատրաստակամություն է հայտնում իր ծառաներին պաշտպանելու և փրկելու, ապա մենք կարող ենք բացարձակապես վստահ լինել, որ նա ոչ միայն կարող է, այլև կամենում է իրականացնել իր խոստումները (Յոբ 42։2)։
Ինչպես զորացնել մեր ապավինությունը
Թեև բոլոր հիմքերն ունենք ապավինելու Եհովային, այդուհանդերձ, չպետք է ակնկալենք, որ դա ինքնըստինքյան կլինի։ Պատճառն այն է, որ աշխարհն, ընդհանուր առմամբ, գրեթե հավատ չի ընծայում Աստծուն, և այդ հանգամանքը կարող է հեշտությամբ թուլացնել մեր ապավինությունը Եհովայի հանդեպ։ Հետևաբար, պետք է մեծ ջանքեր թափենք՝ զորացնելու և պահպանելու այդ ապավինությունը։ Դա քաջ հայտնի է Եհովային, և նա միջոցներ է տրամադրել դրա համար։
Ամենից առաջ նա տվել է իր գրավոր Խոսքը՝ Աստվածաշունչը, որտեղ պատմվում է իր ծառաների օգտին կատարված բազում զորեղ գործերի մասին։ Հապա մտածեք. որքանո՞վ վստահություն կներշնչեր այն անձնավորությունը, որի անունը միայն գիտեք։ Հավանաբար՝ շատ քիչ, եթե ոչ՝ բոլորովին։ Ձեզ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ մարդ է նա և ինչ գործեր է անում, որպեսզի կարողանայիք վստահել նրան, այդպես չէ՞։ Կարդալով Աստվածաշունչը և խորհելով կարդացածի շուրջ՝ մենք խորացնում ենք մեր գիտելիքները Եհովայի ու նրա հրաշալի ճանապարհների մասին և սկսում ենք ավելի ու ավելի հասկանալ, թե որքան վստահելի է նա։ Այսպես մենք ավելի ենք նրան վստահում։ Սաղմոսերգուի ջերմեռանդ աղոթքը գերազանց օրինակ է մեզ համար. «Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։ Ես քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները» (Սաղմոս 77։11, 12)։
Աստվածաշնչի հետ միասին մենք նաև առատ հոգևոր կերակուր ենք ստանում Եհովայի կազմակերպության տրամադրած սուրբգրային հրատարակությունների միջոցով։ Բացի մնացած բոլոր բաներից՝ այս հրատարակություններում տպագրվում են հուզիչ պատմություններ Աստծո ժամանակակից ծառաների կյանքից։ Այդ պատմությունները կարդալով՝ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան ուժ տալիս իր ծառաներին, երբ նրանք դժվարին կացության մեջ են հայտնվում։ Նրանցից է, օրինակ, Մարտին Փետցինգերը, որն ավելի ուշ Կառավարիչ մարմնի անդամ դարձավ։ Նա ծանր հիվանդացավ, երբ տնից հեռու՝ Եվրոպայում, ծառայում էր որպես ռահվիրա։ Քանի որ փող չուներ, ոչ մի բժիշկ չէր ցանկանում ստուգել նրան։ Բայց Եհովան չէր թողել նրան։ Վերջիվերջո, տեղի հիվանդանոցի ավագ խորհրդատուն համաձայնվեց օգնել։ Աստվածաշնչի խոսքերի հանդեպ մեծ հավատ ունենալով՝ այս բարի մարդը հոգ տարավ եղբայր Փետցինգերի մասին, ինչպես հայրը կաներ իր որդուն՝ ոչինչ չվերցնելով իր արածի դիմաց։ Այդպիսի կենսագրություններ կարդալը, անշուշտ, կարող է զորացնել մեր ապավինությունը մեր երկնային Հոր հանդեպ։
Եհովային ավելի շատ ապավինելու համար մեկ այլ անգնահատելի միջոց է աղոթելու առանձնաշնորհումը։ Պողոս առաքյալը քնքշորեն պատվիրում է մեզ. «Հոգ մի արէ՛ք, այլ [«ամեն բանում», ԱԹ] աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4։6)։ «Ամեն բանի» մեջ կարող են մտնել մեր զգացումները, կարիքները, երկյուղներն ու մտահոգությունները։ Ինչքան ավելի հաճախակի և ջերմեռանդորեն աղոթենք, այնքան ավելի կապավինենք Եհովային։
Հիսուս Քրիստոսը, երկրի վրա եղած ժամանակ, երբեմն մի առանձին տեղ էր գնում աղոթելու, որտեղ ոչ ոք չէր խանգարի իրեն (Մատթէոս 14։23; Մարկոս 1։35)։ Նա նույնիսկ մի ամբողջ գիշեր անցկացրեց իր Հորն աղոթելով՝ նախքան կարևոր որոշում կայացնելը (Ղուկաս 6։12, 13)։ Հիսուսի ապավինությունն Աստծո հանդեպ շատ ուժեղ էր։ Եվ զարմանալի չէ, որ նա կարողացավ տոկալ փորձությանը, որ երբևէ մեկը կրել է։ Ցցի վրա ասած նրա վերջին խոսքերն էին. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»։ Վստահությամբ լի այս խոսքերը ցույց են տալիս, որ նա մինչև վերջ, առանց տատանվելու, ապավինեց իր Հորը նույնիսկ այն դեպքում, երբ Եհովան չմիջամտեց նրան փրկելու համար (Ղուկաս 23։46)։
Եհովայի հանդեպ ապավինություն զարգացնելու մեկ այլ միջոց է այն, որ միշտ շփվենք նրանց հետ, ովքեր ամբողջ սրտով ապավինում են նրան։ Եհովան պատվիրեց իր ժողովրդին կանոնավորաբար հավաքվել, որպեսզի ավելի շատ սովորեին իր մասին և քաջալերեին մեկմեկու (Բ Օրինաց 31։12; Եբրայեցիս 10։24, 25)։ Այդպիսի ընկերակցությունը զորացնում էր նրանց ապավինությունը Եհովայի հանդեպ՝ ուժ տալով տոկալու հավատի վճռորոշ փորձություններին։ Աֆրիկյան մի երկրում, որտեղ արգելված էր քարոզչության գործը, Եհովայի վկաները զրկված էին ոստիկանության պաշտպանությունից, ճանապարհային փաստաթղթերից, նրանց ամուսնության վկայականներ չէին տալիս, հիվանդանոց և աշխատանքի չէին ընդունում։ Երբ այդ երկրի մի տարածաշրջանում քաղաքացիական պատերազմ բռնկվեց, այդտեղ գտնվող ժողովի 39 անդամներ իրենց երեխաների հետ մոտ չորս ամիս ապրեցին ցածր կամրջի տակ՝ անապատում, որպեսզի փրկվեին իրենց քաղաքի հրետակոծությունից։ Նման վատթարագույն պայմաններում նրանք քննարկում էին օրվա աստվածաշնչյան խոսքը և հանդիպումներ անցկացնում. դա զորացրեց նրանց, օգնեց, որ կարողանան դիմանալ ծանր փորձությանը և հոգևորապես անխաթար մնան։ Այս դեպքը պարզ կերպով ցույց է տալիս, թե որքան կարևոր է Եհովայի ժողովրդի հետ կանոնավորաբար հավաքվելը։
Վերջապես, Եհովային ավելի շատ ապավինելու համար պետք է շարունակ ակտիվորեն քարոզենք Աստծո Թագավորության մասին՝ միշտ պատրաստ լինելով բարի լուրը հաղորդել ուրիշներին։ Կանադացի մի նախանձախնդիր երիտասարդ քրոջ սրտաշարժ օրինակը դա է փաստում։ Նա տառապում էր սպիտակարյունությամբ և, չնայած իր անբուժելի հիվանդությանը, ցանկանում էր դառնալ ընդհանուր ռահվիրա, այսինքն՝ լիաժամ քարոզիչ։ Երբ հիվանդությունը կարճ ժամանակով տեղի տվեց, աղջիկն այնքան լավ էր զգում իրեն, որ կարողացավ մեկ ամիս ծառայել որպես օժանդակ ռահվիրա։ Բայց հետագայում նրա վիճակը վատացավ, և մի քանի ամիս անց նա մահացավ։ Այդ քույրը մինչև վերջ հոգևորապես ամուր մնաց, Եհովային ապավինելու մեջ գեթ մի պահ չտատանվեց։ Նրա մայրը հիշում է. «Մինչև մահանալը նա ավելի շատ ուրիշների մասին էր մտածում, քան իր։ Քաջալերում էր նրանց Աստվածաշունչ ուսումնասիրել՝ ասելով. «Մենք դրախտում միասին կլինենք»»։
Ցույց տանք, որ ապավինում ենք Աստծուն
«Ինչպէս որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպէս էլ մեռած է հաւատը առանց գործերի» (Յակոբոս 2։26)։ Այն, ինչ Հակոբոսն ասաց հավատի մասին, կարելի է ասել նաև Աստծո հանդեպ ունեցած մեր ապավինության մասին։ Նշանակություն չունի, թե քանի անգամ ենք ասել, որ ապավինում ենք Աստծուն. ասելն անիմաստ է, եթե գործերով ցույց չենք տալիս մեր ապավինելը։ Աբրահամն ամբողջությամբ ապավինեց Եհովային նրանով, որ կատարելապես հնազանդվեց նրա պատվիրաններին, նույնիսկ մինչև այն աստիճան, որ պատրաստ էր իր որդի Իսահակին զոհաբերել։ Շնորհիվ իր ուշագրավ ապավինության և հնազանդության՝ Աբրահամը հայտնի դարձավ որպես Եհովայի բարեկամ (Եբրայեցիս 11։8–10, 17–19; Յակոբոս 2։23)։
Հարկ չկա ծանր փորձության մեջ ընկնել, որպեսզի ցույց տանք, որ ապավինում ենք Եհովային։ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է» (Ղուկաս 16։10)։ Մենք պետք է սովորենք ապավինել Եհովային մեր բոլոր գործերում՝ հնազանդվելով նրան նույնիսկ աննշան թվացող բաներում։ Երբ շոշափելի են դառնում այդպիսի հնազանդության օգուտները, երկնային Հոր հանդեպ մեր ապավինությունն ուժեղանում է, ինչն էլ իր հերթին ուժ է տալիս մեզ դիմագրավելու ավելի ծանր փորձությունները։
Մինչ աշխարհը մոտենում է իր աղետալի վախճանին, միանգամայն հնարավոր է, որ Եհովայի ժողովուրդը ավելի շատ փորձության ենթարկվի ու դժվարություններ տեսնի (Գործք 14։21; Բ Տիմոթէոս 3։12)։ Եհովայի հանդեպ ամուր և լիակատար ապավինություն զարգացնելով հիմա՝ մենք կարող ենք ակնկալել, որ նոր աշխարհ կմտնենք կա՛մ մեծ նեղության միջով անցնելով, կա՛մ հարություն առնելով (Բ Պետրոս 3։13)։ Թող որ երբեք չթուլացնենք մեր ապավինությունը Եհովայի հանդեպ՝ դրանով իսկ վնաս հասցնելով նրա հետ ունեցած մեր փոխհարաբերություններին։ Այդժամ, ինչ որ ասվեց Դանիելի մասին առյուծների գուբից ազատվելուց հետո, կարելի է ասել նաև մեր մասին. «Նորա վերայ ոչ մի վնաս չ’գտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն» (Դանիէլ 6։23)։
[ծանոթագրություն]
a Ավելի մանրամասն՝ տեսեք «Դիտարան», նոյեմբերի 1, 1994 թ., էջ 23–27, ռուս.։
[նկար 9–րդ էջի վրա]
Երբ կարդում ենք Եհովայի հավատարիմ ծառաների մասին, որոնցից է Մարտին Փետցինգերը, մեր հավատը զորանում է