Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ա Մնացորդաց» գրքից
ԱՆՑԵԼ է 77 տարի, ինչ հրեաները վերադարձել են հայրենիք բաբելոնյան գերությունից։ Զորաբաբելի կողմից վերստին կառուցված տաճարն արդեն 55 տարի է, որ կանգուն է։ Հրեաների վերադարձի գլխավոր պատճառը ճշմարիտ երկրպագության վերականգնումն է Երուսաղեմում։ Սակայն ժողովուրդը եռանդ չի ցուցաբերում Եհովայի երկրպագության հանդեպ։ Նա քաջալերանքի մեծ կարիք ունի, և «Ա Մնացորդաց» գիրքը հենց այդպիսի քաջալերանք է պարունակում։
Բացի տոհմաբանական արձանագրություններից, «Ա Մնացորդաց» գիրքն ընդգրկում է նաև մոտ 40 տարվա պատմություն՝ սկսած Սավուղ թագավորի մահից մինչև Դավիթ թագավորի մահը։ Համարվում է, որ այս գիրքը գրել է Եզրաս քահանան մ.թ.ա. 460–ին։ Այն հետաքրքրական է մեզ համար, քանի որ օգնում է ավելի լավ հասկանալ տաճարում մատուցվող երկրպագությունը, ինչպես նաև պարունակում է մանրամասնություններ Մեսիայի ծննդաբանության վերաբերյալ։ Լինելով Աստծու ներշնչյալ Խոսքի մի մասը՝ «Ա Մնացորդաց» գիրքը զորացնում է մեր հավատը և ավելացնում է Աստվածաշնչի մեր հասկացողությունը (Եբրայեցիս 4։12)։
ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եզրասի կազմած մանրակրկիտ տոհմաբանությունները անհրաժեշտ են առնվազն երեք պատճառով՝ հավաստիանալ, որ միայն լիազորություն ունեցող տղամարդիկ են ծառայում որպես քահանա, օգնել մարդկանց՝ որոշելու իրենց ժառանգությունը, պահպանել դեպի Մեսիան տանող շառավղի արձանագրությունը։ Դրանք արտացոլում են հրեաների ամբողջ պատմությունը ընդհուպ մինչև առաջին մարդը։ Ադամից մինչև Նոյ տասը սերունդ է ու ևս տասը սերունդ՝ Նոյից մինչև Աբրահամ։ Իսմայելի, Աբրահամի հարճ Քետուրայի ու Եսավի որդիներին թվարկելուց հետո արձանագրությունը կենտրոնանում է Իսրայելի 12 որդիների տոհմաբանության վրա (Ա Մնացորդաց 2։1)։
Հուդայի ժառանգներին մեծ տեղ է հատկացվում, քանի որ Դավիթ թագավորի արքայական գիծը կապված է նրանց հետ։ Աբրահամից մինչև Դավիթ 14 սերունդ է, և Դավթից մինչև բաբելոնյան գերության սկիզբը նույնպես 14 սերունդ է (Ա Մնացորդաց 1։27, 34; 2։1–15; 3։1–17; Մատթէոս 1։17)։ Այնուհետև Եզրասը թվարկում է Հորդանան գետի արևելյան կողմում ընկած ցեղերի տոհմաբանությունը, որին հետևում է Ղևիի որդիների ծննդաբանությունը (Ա Մնացորդաց 5։1–24; 6։1)։ Հետո համառոտակի նշվում են Հորդանանից արևմուտք ընկած մյուս ցեղերի տոհմաբանությունները, իսկ Բենիամինի տոհմաբանությունը տրվում է մանրամասնորեն (Ա Մնացորդաց 8։1)։ Տրվում են նաև Երուսաղեմի այն առաջին բնակիչների անունները, որոնք վերադարձել էին բաբելոնյան գերությունից (Ա Մնացորդաց 9։1–16)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։18 — Ո՞վ էր Սաղայի հայրը, Կայնա՞նը, թե՞ Արփաքսադը (Ղուկաս 3։35, 36)։ Արփաքսադն էր Սաղայի հայրը (Ծննդոց 10։24; 11։12)։ Շատ հավանական է, որ «Կայնան» անունը Ղուկաս 3։36–ում հանդիպում է «քաղդեացիներ» բառի աղավաղման պատճառով։ Եթե իրոք այդպես է, ապա բնագիրը կարելի է կարդալ հետևյալ կերպ. «քաղդեացի Արփաքսադի որդին»։ Կամ հնարավոր է, որ «Կայնան» և «Արփաքսադ» անունները վերաբերում են միևնույն անձնավորությանը։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ «Կայնանի որդի» արտահայտությունը չի հանդիպում որոշ ձեռագրերում (Ղուկաս 3։36, ՆԱ, ծնթ.)։
2։15 — Արդյոք Դավիթը Հեսսեի յոթներո՞րդ որդին էր։ Ոչ։ Հեսսեն ութ որդի ուներ, և Դավիթը ամենակրտսերն էր (Ա Թագաւորաց 16։10, 11; 17։12)։ Հեսսեի որդիներից մեկը ամենայն հավանականությամբ մահացել է՝ առանց սերունդ թողնելու։ Քանի որ նրա անունը որևէ էական դեր չէր խաղալու տոհմաբանական արձանագրություններում, Եզրասը այն չի գրանցել։
3։17 — Ինչո՞ւ է Ղուկաս 3։27–ում նշվում, որ Հեքոնիայի որդի Սաղաթիելը Ներեիի որդին է։ Հեքոնիան էր Սաղաթիելի հայրը։ Ըստ ամենայնի, Ներեին իր աղջկան Սաղաթիելին կնության է տվել։ Ղուկասը Ներեիի փեսային անվանեց Ներեիի որդի, ճիշտ ինչպես որ Հովսեփին անվանեց Մարիամի հայր Հեղիի որդի (Ղուկաս 3։23)։
3։17–19 — Ինչպիսի՞ ազգակցական կապ կար Զորաբաբելի, Փադայիայի և Սաղաթիելի միջև։ Զորաբաբելը Փադայիայի որդին էր։ Իսկ Փադայիան Սաղաթիելի եղբայրն էր։ Սակայն Աստվածաշունչը որոշ համարներում Զորաբաբելին անվանում է Սաղաթիելի որդի (Մատթէոս 1։12; Ղուկաս 3։27)։ Պատճառը կարող է լինել այն, որ Փադայիան մահացել է, և Սաղաթիելն է մեծացրել Զորաբաբելին։ Մեկ ուրիշ պատճառ կարող է լինել այն, որ Սաղաթիելը մահացել է անզավակ, և Փադայիան, կատարելով տագրության պարտավորությունը, ամուսնացել է Սաղաթիելի կնոջ հետ, ու այդ ամուսնության մեջ ծնված առաջին որդին եղել է Զորաբաբելը (Բ Օրինաց 25։5–10)։
5։1, 2 — Ի՞նչ էր Հովսեփի համար նշանակում անդրանիկության իրավունքը ստանալը։ Դա նշանակում էր ստանալ ժառանգության կրկնակի բաժին (Բ Օրինաց 21։17)։ Այդպիսով նա դարձավ երկու ցեղի հայր՝ Եփրեմի և Մանասեի։ Իսրայելի մյուս որդիներից յուրաքանչյուրը միայն մեկ ցեղի հայր դարձավ։
Դասեր մեզ համար
1։1–9։44. Իրական մարդկանց տոհմաբանությունները վկայում են, որ ճշմարիտ երկրպագության ողջ համակարգը հիմնված է ոչ թե առասպելի, այլ փաստերի վրա։
4։9, 10. Գաբեսը ջերմեռանդորեն աղոթեց, որ Եհովան խաղաղ ձևով ընդարձակի իր տարածքները, այնպես որ այնտեղ ավելի շատ աստվածավախ մարդիկ կարողանային ապրել։ Աստված պատասխանեց նրա աղոթքին։ Մենք, մինչ եռանդորեն զբաղված ենք աշակերտներ պատրաստելու գործով, նույնպես պետք է սրտանց աղոթենք, որ Աստծու երկրպագուների թիվն աճի։
5։10, 18–22. Սավուղ թագավորի օրոք Հորդանան գետից արևելք ընկած իսրայելական ցեղերը պարտության մատնեցին հագարացիներին, չնայած որ իրենք քանակով ավելի քան երկու անգամ զիջում էին նրանց։ Այս հաղթանակը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, որ այդ ցեղերի զորավոր մարդիկ ապավինեցին Եհովային և օգնությունը նրանից էին ակնկալում։ Եկեք ամբողջությամբ ապավինենք Եհովային թվային խիստ մեծ առավելություն ունեցող թշնամու դեմ մեր մղած հոգևոր պատերազմում (Եփեսացիս 6։10–17)։
9։26, 27. Ղևտացի դռնապանները շատ պատասխանատու պաշտոն ունեին։ Նրանց վստահված էին բանալիներ, որոնք բացում էին տաճարի սուրբ տարածքները մտնելու դարպասները։ Նրանք, լինելով հուսալի անձնավորություններ, ամեն օր ճիշտ ժամին բացում էին դարպասները։ Մեզ վստահված է պատասխանատվություն, որ գնանք մեր տարածքում ապրող մարդկանց մոտ և օգնենք նրանց գալու դեպի Եհովայի երկրպագությունը։ Չպե՞տք է արդյոք փաստենք, որ ղևտացի դռնապանների պես արժանի ենք վստահության։
ԴԱՎԻԹԸ՝ ԹԱԳԱՎՈՐ
Սավուղ թագավորը և նրա երեք որդիները Գեղբուե սարի մոտ փղշտացիների դեմ մղած ճակատամարտում սպանվում են։ Հեսսեի որդի Դավիթը Հուդայի ցեղի թագավոր է դառնում։ Բոլոր ցեղերից մարդիկ գալիս են Քեբրոն և Դավթին թագավոր դարձնում ամբողջ Իսրայելի վրա (Ա Մնացորդաց 11։1–3)։ Դրանից հետո Դավիթը գրավում է Երուսաղեմը։ Հետագայում իսրայելացիները ուխտի տապանակը բերում են Երուսաղեմ «ուրախութեան աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով եւ հնչեցնող ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով» (Ա Մնացորդաց 15։28)։
Դավիթը ցանկություն է հայտնում ճշմարիտ Աստծու համար մի տուն կառուցել։ Այդ առանձնաշնորհումը թողնելով Սողոմոնին՝ Եհովան Դավթի հետ Թագավորության ուխտ է անում։ Դավիթը Իսրայելի թշնամիների դեմ արշավանքներ է ձեռնարկում, և Եհովան նրան մեկը մյուսի ետևից հաղթանակներ է տալիս։ Ապօրինի մարդահամարի պատճառով 70 000 մարդ է մահանում։ Դավիթը հրեշտակից հրահանգ է ստանում Եհովայի համար զոհասեղան կանգնեցնել։ Այդ նպատակով նա հեբուսացի Ոռնայից մի հողատարածք է գնում։ Դավիթը սկսում է «շատ նիւթեր պատրաստե[լ]», որպեսզի Եհովայի համար մի «փառաւոր» տուն կառուցվի այդ վայրում (Ա Մնացորդաց 22։5)։ Դավիթը կարգավորում է ղևտական ծառայությունը, որի մասին Գրություններում ոչ մի տեղ այնպես մանրամասնորեն չի խոսվում, ինչպես «Ա Մնացորդաց» գրքում։ Թագավորն ու ժողովուրդը առատաձեռնորեն նվիրատվություններ են անում տաճարի համար։ 40 տարի կառավարելուց հետո Դավիթը մահանում է «կշտացած՝ օրերով, հարստութիւնով եւ փառքով. եւ նորա որդի Սողոմոնը [սկսում է թագավորել] նորա տեղ» (Ա Մնացորդաց 29։28)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
11։11, ԱԱ — Ինչո՞ւ է նշվում, որ սպանվածների թիվը 300 է և ոչ թե 800, ինչպես գրված է զուգահեռ հաղորդագրության մեջ՝ Բ Թագաւորաց 23։8–ում (ՆԱ)։ Դավթի երեք ամենազորավոր մարդկանց գլխավորը Հեսբաամը, կամ՝ Հոսեբ–բասեբեթն էր։ Մյուս երկու զորավորների անուններն էին՝ Եղիազար և Սամմա (Բ Թագաւորաց 23։8–11)։ Երկու հաղորդագրությունների միջև եղած տարբերության պատճառը գուցե այն է, որ դրանք պարզապես նշում են նույն մարդու կատարած տարբեր գործեր։
11։20, 21 — Ի՞նչ դիրք էր գրավում Աբեսսան Դավթի երեք գլխավոր զորավորների կողքին։ Աբեսսան Դավթին ծառայող երեք ամենազորավոր մարդկանցից չէր։ Սակայն, ինչպես նշվում է Բ Թագաւորաց 23։18, 19–ում (ՆԱ), նա 30 ռազմիկների գլխավորն էր և նրանցից ավելի շատ էր աչքի ընկնում։ Աբեսսան իր հեղինակությամբ համեմատվում է երեք գլխավոր զորավորների հետ, որովհետև նա Հեսբաամի պես զորավոր գործ էր կատարել։
12։8 — Ի՞նչ իմաստով էին Գադի ցեղի քաջազուն մարդկանց դեմքերը նման ‘առյուծի երեսի’։ Այդ քաջ մարդիկ անապատում էին՝ Դավթի կողքին։ Նրանց մազերը երկարել էին։ Երկար մազերի պատճառով նրանք ամեհի, առյուծանման տեսք ունեին։
13։5 — Ի՞նչ է ‘Եգիպտոսի Սիովրը’։ Քանի որ «Սիովր» բառը եբրայերենում հիմնականում նշանակում է «գետ», ոմանք կարծում են, թե այս արտահայտությունը վերաբերում է Նեղոսի գետաբազուկներից մեկին։ Սակայն, մեծամասնության կարծիքով, այս բառակապակցությունը վերաբերում է ‘Եգիպտոսի հեղեղատին’՝ մի երկար ձորի, որը ծառայում էր որպես Ավետյաց երկրի հարավարևմտյան սահման (Թուոց 34։2, 5; Ծննդոց 15։18)։
16։1, 37–40; 21։29, 30; 22։19 — Ինչպիսի՞ն էր երկրպագության դրվածքը Իսրայելում՝ սկսած ուխտի տապանակը Երուսաղեմ բերելու օրվանից մինչև տաճարի շինարարության ավարտը։ Այն ժամանակ, երբ Դավիթը ուխտի տապանակը բերեց Երուսաղեմ և տեղադրեց իր պատրաստած վրանում, արդեն երկար տարիներ էր, ինչ տապանակը չէր եղել խորանում։ Երուսաղեմ բերվելուց հետո տապանակը մնաց այդ վրանում։ Իսկ խորանը գտնվում էր Գաբավոնում, որտեղ Սադովկ քահանայապետը և նրա եղբայրները կատարում էին Օրենքով նախատեսված զոհաբերություններ։ Այս դրվածքը շարունակվեց մինչև Երուսաղեմի տաճարի շինարարության ավարտը։ Երբ տաճարը պատրաստ էր, խորանը Գաբավոնից բերվեց Երուսաղեմ, և ուխտի տապանակը դրվեց տաճարի Սրբությունների Սրբությունում (Գ Թագաւորաց 8։4, 6)։
Դասեր մեզ համար
13։11, ՆԱ. Բարկանալու և Եհովային մեղադրելու փոխարեն, երբ մեր ջանքերը հաջողությամբ չեն պսակվում՝ մենք պետք է վերլուծենք իրադրությունը և փորձենք տեսնել, թե ինչը անհաջողության պատճառ եղավ։ Անկասկած, Դավիթը հենց այդպես վարվեց։ Նա իր սխալից դաս քաղեց և ավելի ուշ տապանակը հարկ եղած ձևով բերեց Երուսաղեմ։a
14։10, 13–16; 22։17–19. Մենք միշտ պետք է աղոթենք Եհովային և փնտրենք նրա առաջնորդությունը, նախքան ինչ–որ ձեռնարկ կսկսենք, որը կառնչվի մեր հոգևորին։
16։23–29. Եհովայի երկրպագությունը պետք է մեր գլխավոր հետաքրքրությունը լինի կյանքում։
18։3. Եհովան իր խոստումները Կատարողն է։ Դավթի միջոցով նա կատարեց իր այն խոստումը, որ Աբրահամի սերնդին կտա Քանանի ողջ երկիրը, որը տարածվում է «Եգիպտոսի գետիցը մինչեւ մեծ գետը այսինքն Եփրատ գետը» (Ծննդոց 15։18; Ա Մնացորդաց 13։5)։
21։13–15. Եհովան հրեշտակին հրամայեց դադարեցնել հարվածը, քանի որ զգայուն է իր ժողովրդի տառապանքի հանդեպ։ Այո, «նորա ողորմութիւնը խիստ շատ է»։b
22։5, 9; 29։3–5, 14–16. Դավիթը առատաձեռնության ոգի ցուցաբերեց, չնայած որ լիազորություն չստացավ կառուցելու Եհովայի տաճարը։ Որտեղի՞ց նրան այդպիսի ոգի։ Նա գիտակցում էր, որ իր ողջ ունեցածը Եհովայի բարության շնորհիվ է։ Երախտագիտության զգացումը պետք է մեզ մղի առատաձեռն լինել։
24։7–18. Քսանչորս քահանայական ‘դասակարգությունները’, որոնք հաստատեց Դավիթը, շարունակում էին գործել, երբ Եհովայի հրեշտակը երևաց Զաքարիային՝ Հովհաննես Մկրտչի հորը, և հայտնեց Հովհաննեսի ապագա ծննդյան մասին։ Լինելով «Աբիայի դասակարգութիւնիցը»՝ Զաքարիան այդ ժամանակ ծառայում էր տաճարում, քանի որ իր հերթն էր (Ղուկաս 1։5, 8, 9)։ Գրություններում հիշատակված Աստծու ճշմարիտ երկրպագուները պատմական և ոչ թե առասպելական անձնավորություններ են։ Մենք օրհնություններ կստանանք, եթե այսօր հավատարմորեն համագործակցենք «հավատարիմ և իմաստուն ծառայի» հետ Եհովային կազմակերպված ձևով երկրպագելու հարցում (Մատթէոս 24։45)։
Ծառայիր Եհովային «յօժար սրտով»
Չի կարելի ասել, որ «Ա Մնացորդաց»–ն ամբողջությամբ տոհմաբանությունների մասին է։ Այս գրքում նաև պատմվում է այն մասին, թե Դավիթն ինչպես է ուխտի տապանակը բերում Երուսաղեմ, մեծ հաղթանակներ տանում, տաճարի կառուցման համար նախապատրաստություններ տեսնում, ինչպես նաև քահանայական ‘դասակարգություններ’ հաստատում ծառայություններ մատուցելու համար։ Այն ամենը, ինչ Եզրասը գրեց «Ա Մնացորդաց»–ում, անկասկած, օգտակար եղավ իսրայելացիների համար՝ նրանց լցնելով տաճարում Եհովային երկրպագություն մատուցելու նոր եռանդով։
Ի՜նչ գերազանց օրինակ է Դավիթը թողել Եհովայի երկրպագությունը կյանքում միշտ առաջին տեղում դնելու հարցում։ Դավիթը չձգտեց սեփական անձի համար հատուկ առանձնաշնորհումներ ստանալ, այլ նրա փափագն էր կատարել Աստծու կամքը։ Աստվածաշունչը մեզ քաջալերում է հետևել նրա խորհրդին, այն է՝ Եհովային ծառայել «կատարեալ սրտով եւ յօժար կամքով» (Ա Մնացորդաց 28։9)։
[ծանոթագրություններ]
a Թե ուրիշ ինչ կարելի է սովորել՝ կապված տապանակը Երուսաղեմ տեղափոխելու հետ, տե՛ս «Դիտարանի» 2005 թ. մայիսի 15–ի համարը (էջ 16–19)։
b Թե ուրիշ ինչ դասեր կարելի է առնել այն բանից, որ Դավիթն ապօրինի մարդահամար անցկացրեց, տե՛ս «Դիտարանի» 2005 թ. մայիսի 15–ի համարը (էջ 16–19)։
[Աղյուսակ/նկարներ 8–11–րդ էջերի վրա]
(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)
Ադամից մինչև Նոյ եղած սերունդները (1 056 տարի)
մ.թ.ա. 4026թ. Ադամ
130 տարի ⇩
Սեթ
105 ⇩
Ենովս
90 ⇩
Կայնան
70 ⇩
Մաղաղիել
65 ⇩
Հարեդ
162 ⇩
Ենովք
65 ⇩
Մաթուսաղա
187 ⇩
Ղամեք
182 ⇩
մ.թ.ա. 2970–ին ծնվեց ՆՈՅԸ
Նոյից մինչև Աբրահամ եղած սերունդները (952 տարի)
մ.թ.ա. 2970թ. Նոյ
502 տարի ⇩
Սեմ
100 ⇩
ՋՐՀԵՂԵՂԸ մ.թ.ա. 2370 թ.
Արփաքսադ
35 ⇩
Սաղա
30 ⇩
Եբեր
34 ⇩
Փաղեկ
30 ⇩
Ռագավ
32 ⇩
Սերուգ
30 ⇩
Նաքովր
29 ⇩
Թարա
130 ⇩
Թարա
Աբրահամից մինչև Դավիթ՝ 14 սերունդ (911 տարի)
մ.թ.ա. 2018 թ. Աբրահամ
100 տարի
Իսահակ
60 ⇩
Հակոբ
մոտ 80 ⇩
Հուդա
⇩
Փարես
⇩
Եսրոն
⇩
Արամ
⇩
Ամինադաբ
⇩
Նաասոն
⇩
Սաղմոն
⇩
Բոոս
⇩
Ովբեդ
⇩
Հեսսե
⇩
մ.թ.ա. 1107–ին ծնվեց ԴԱՎԻԹԸ