Ընթերցողների հարցերը
Երբ Հիսուսն իր հետևորդներին ասաց «փոխ տուէք [«փոխ տվեք առանց տոկոսի», ՆԱ] ոչինչ ակնկալելով», արդյո՞ք նա նկատի ուներ, որ նրանք չպետք է ակնկալեին ետ ստանալ նույնիսկ իրենց տված գումարը։
Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Ղուկաս 6։35–ում, լավագույնս կարելի հասկանալ Մովսիսական օրենքի լույսի ներքո։ Օրենքում Աստված պատվիրել էր իսրայելացիներին անտոկոս գումար փոխ տալ իրենց այն ազգակիցներին, որոնք ֆինանսական ծանր դրության մեջ էին հայտնվել և այդ իսկ պատճառով օգնության կարիք ունեին (Ելից 22։25; Ղեւտացոց 25։35–37; Մատթէոս 5։42)։ Այդ փոխատվությունները չպետք է օգտագործվեին շահ ստանալու նպատակով։ Դրանք տրվում էին տնտեսական կամ այլ ծանր վիճակներից դուրս գալու նպատակով։ Անշուշտ, խիստ անսիրալիր քայլ կլիներ մերձավորի տնտեսական ծանր դրությունից շահ ստանալ։ Բայցևայնպես, փոխատուն իրավունք ուներ ետ ստանալ իր տված գումարը, և երբեմն էլ կարող էր գրավ (երաշխիք փոխատվության դիմաց) վերցնել (Բ Օրինաց 15։7, 8, ՆԱ)։
Չհակասելով Օրենքին՝ Հիսուսը ավելի լայն կիրառություն տվեց այդ պատվիրանին՝ ասելով, որ օգնության ձեռք մեկնողը չպետք է ակնկալի թեկուզ մի փոքր գումար ետ ստանալ։ Իսրայելացիների նման՝ քրիստոնյաները երբեմն տնտեսական կամ այլ ծանր հանգամանքների պատճառով գուցե հայտնվեն աղքատության, նույնիսկ ծայրաստիճան չքավորության մեջ։ Եթե նման իրավիճակում գտնվող քրիստոնյա եղբայրը ֆինանսական օգնություն է փնտրում, ապա մի՞թե բարության դրսևորում չի լինի նրան աջակցություն ցույց տալը։ Իրոք որ, իսկական սերը հավատակցի մեջ ցանկություն կառաջացնի օգնել եղբորը, որն իր կամքից անկախ ընկել է ծանր ֆինանսական դրության մեջ (Առակաց 3։27)։ Թերևս հնարավոր լինի որոշ գումար նվիրել կարիքավոր եղբորը, թեև այդ գումարը գուցե այնքան չլինի, ինչքան որ կցանկանար պարտքով վերցնել այդ եղբայրը (Սաղմոս 37։21, ՆԱ)։
Մեր թվարկության առաջին դարում սով եղավ, ուստի Պողոս և Բառնաբաս առաքյալները հանձնարարություն ստացան փոքրասիացի քրիստոնյաների նվիրատվությունները հասցնել Հրեաստանի եղբայրներին (Գործք 11։28–30)։ Նմանապես և այսօր։ Երբ աղետներ են լինում, քրիստոնյաները հաճախ նվերներ են ուղարկում իրենց կարիքավոր եղբայրներին։ Այդպես անելով՝ նրանք նաև լավ վկայություն են տալիս մարդկանց (Մատթէոս 5։16)։ Իհարկե, պետք է հաշվի առնել օգնություն փնտրողի տրամադրվածությունը և կացությունը։ Ի՞նչն է պատճառը, որ նա կարիքի մեջ է։ Այստեղ ուշադրության են արժանի Պողոսի հետևյալ խոսքերը. «Եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ» (Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։
Եթե փոխատվություն խնդրող եղբայրը խիստ կարիքի մեջ չէ և տվյալ գումարը խնդրում է միայն ժամանակավորապես, որպեսզի ետ բերի ինչ–ինչ պատճառներով եղած ֆինանսական կորուստը, ապա այդ դեպքում գուցե տեղին լինի առանց տոկոսի նրան գումար տրամադրել։ Նման հանգամանքներում փոխատվություն անելը, տրված գումարը ետ ստանալու ակնկալիքով, չի հակասի Հիսուսի այն խոսքերին, որ գրված են Ղուկաս 6։35–ում։ Անհրաժեշտ է կազմել գրավոր համաձայնություն, և փոխառուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի գումարը ետ վերադարձնի՝ համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Ինչ խոսք, ճիշտ ինչպես որ քրիստոնեական սերը մղեց փոխատուին իր եղբորը գումար փոխ տալ, այնպես էլ այդ նույն սերը կստիպի փոխառուին վերադարձնել այդ գումարը։
Այն անհատը, ով խորհում է պարտք տալու կամ չտալու (կամ գումար նվիրել–չնվիրելու) մասին, պետք է հաշվի առնի նաև իր ընտանիքի նյութական վիճակը։ Օրինակ՝ արդյոք այդպես անելով նա դժվարություններ չի՞ ստեղծի իր առջև՝ հոգալու իր ընտանիքի անդամների կարիքները, ինչը Գրությունների տեսանկյունից առաջնահերթություն է (Բ Կորնթացիս 8։12; Ա Տիմոթէոս 5։8)։ Ինչևէ, քրիստոնյաները հնարավորություններ են փնտրում սեր ցուցաբերելու միմյանց հանդեպ՝ այդ սերը դրսևորելով սուրբգրային սկզբունքներին համահունչ գործնական ձևերով (Յակոբոս 1։27; Ա Յովհաննէս 3։18; 4։7–11)։