Գիտեի՞ք արդյոք
Արդյո՞ք Հիսուսի և նրա 12 առաքյալների միջև ազգակցական կապ է եղել
▪ Աստվածաշունչը հստակ չի պատասխանում այս հարցին։ Սակայն հաշվի առնելով որոշ տեղեկություններ և մեզ հասած պատմություններ՝ կարող ենք ասել, որ 12 առաքյալներից ոմանք իրոք ազգակցական կապ են ունեցել Հիսուսի հետ։
Ավետարանագիրները նշում են մի քանի կանանց անուններ, որոնք կանգնած նայում էին, թե ինչպես է Հիսուսը տանջանքի ցցին գամված մահանում։ Հովհաննես 19։25-ում նշվում է, որ այնտեղ էին «նրա մայրը [Մարիամը] ու մորաքույրը, ինչպես նաև Կլոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին»։ Եթե քննենք նույն իրադարձության զուգահեռ համարները՝ արձանագրված Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում, ապա կտեսնենք, որ Հիսուսի մորաքույրը Սալոմեն էր։ Վերջինս Զեբեդեոսի որդիների մայրն էր (Մատթեոս 27։55, 56; Մարկոս 15։40)։ Մեկ ուրիշ համարում նշվում է, որ նրա որդիները Հովհաննեսն ու Հակոբոսն էին, ուստիև Հիսուսի զարմիկները։ Նրանք ձկնորսներ էին։ Հենց այս երկու եղբայրներին էր, որ Հիսուսը հրավիրեց դառնալու իր աշակերտները (Մատթեոս 4։21, 22)։
Իսկ մեզ հասած պատմություններից իմանում ենք, որ Կլոպասը, կամ՝ Ալփեոսը՝ վերը նշված կանանցից մեկի ամուսինը, որի մասին հիշատակվում է Հովհաննես 19։5-ում, Հիսուսի հոր՝ Հովսեփի եղբայրն է եղել։ Եթե այս տեղեկությունը հիմնավոր է, ապա կարող ենք ասել, որ Ալփեոսի որդի Հակոբոսը՝ 12 առաքյալներից մեկը, նույնպես Հիսուսի զարմիկն է եղել (Մատթեոս 10։3)։
Ի՞նչ ազգակցական կապ է եղել Հիսուսի և Հովհաննես Մկրտչի միջև
▪ Ըստ մի թարգմանության՝ Ղուկաս 1։36 համարում նշվում է, որ Եղիսաբեթը՝ Հովհաննեսի մայրը, Հիսուսի մոր՝ Մարիամի զարմուհին էր (King James Version)։ Այս տեղեկության վրա հիմնվելով՝ ոմանք ասում են, որ Հիսուսն ու Հովհաննես Մկրտիչը զարմիկներ են եղել։ Սակայն հարկ է նշել, որ այս տեղեկությունը հիմնված է ոչ ճշգրիտ թարգմանության վրա։
Իրականում բնագրում օգտագործված հունարեն բառը լայն իմաստ ունի։ Այն ընդամենը ցույց է տալիս, որ այս երկու կանանց միջև ազգակցական կապ է եղել, ինչը չի նշանակում, որ նրանք անպայման զարմուհիներ են եղել։ Աստվածաշնչյան մի բացատրական բառարանում նշվում է. «Այդ բառը շատ լայն իմաստ ունի, ինչի պատճառով հնարավոր չէ իմանալ, թե կոնկրետ ինչ ազգակցական կապ է եղել նրանց միջև» (The Interpreter’s Dictionary of the Bible)։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա են ասում, որ Հիսուսն ու Հովհաննեսը զարմիկներ են եղել։ «Կաթոլիկական հանրագիտարանը» (անգլ.) պատասխանում է այս հարցին. «Մարիամի ծնողների մասին.... բոլոր տեղեկությունները.... ստանում ենք ապոկրիֆյան գրվածքներից»։
Հետևաբար կարող ենք ասել, որ Հիսուսի ու Հովհաննես Մկրտչի միջև եղել է ազգակցական կապ, սակայն ճիշտ չի լինի պնդել, որ նրանք զարմիկներ են եղել։