Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ավետարանիչներ են
«Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը» (ՍԱՂՄՈՍ 96։2)։
1. Մարդիկ ի՞նչ բարի լուր լսելու կարիք ունեն, և ինչպե՞ս են Եհովայի վկաները օրինակ թողել նման լուր տարածելու մեջ։
ՄԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, որտեղ ամեն օր աղետալի դեպքեր են պատահում, իսկապես հուսադրող է իմանալ, որ, ինչպես Աստվածաշունչն է հայտարարում, պատերազմը, հանցագործությունը, սովն ու կեղեքումը շուտով վերջ կգտնեն (Սաղմոս 46։9; 72։3, 7, 8, 12, 16)։ Մի՞թե սա հենց այն բարի լուրը չէ, որ ամեն ոք կցանկանար լսել։ Եհովայի վկաներն այդպես են կարծում։ Ամենուրեք նրանք հայտնի են նրանով, որ «բարիք [են] աւետում» (Եսայիա 52։7)։ Բայց շատ Վկաներ հալածվել են բարի լուրը քարոզելու իրենց վճռականության համար, թեև մարդկանց հանդեպ լավագույն մղումներն են ունեցել։ Եվ դեռ ինչե՜ր կարելի է ասել Վկաների եռանդի ու հաստատակամության մասին։
2. Եհովայի վկաների ցուցաբերած եռանդի պատճառներից մեկը ո՞րն է։
2 Եհովայի վկաների այսօրվա եռանդը նման է առաջին դարի քրիստոնյաների ցուցաբերած եռանդին։ Վերջիններիս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու «Օսսերվատորե ռոմանո» լրագրում իրավացիորեն ասվում է. «Առաջին քրիստոնյաները, մկրտվելով, իրենց պատասխանատու էին զգում Ավետարանը տարածելու համար։ Ծառաները բերանից բերան փոխանցում էին Ավետարանը»։ Ինչո՞ւ են Եհովայի վկաները առաջին դարի քրիստոնյաների պես այդքան եռանդուն։ Առաջին պատճառն այն է, որ նրանց հռչակած բարի լուրը բխում է հենց Եհովա Աստծուց։ Առավել հիմնավոր ի՞նչ պատճառ կարող է լինել եռանդուն լինելու համար։ Նրանք իրենց քարոզչությամբ արձագանքում են սաղմոսերգուին, որն ասաց. «Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը» (Սաղմոս 96։2)։
3. ա) Ո՞րն է երկրորդ պատճառը, որ Եհովայի վկաները եռանդ են ցուցաբերում։ բ) Ի՞նչ է մտնում ‘[Աստծո] փրկության’ մեջ։
3 Սաղմոսերգուի խոսքերը հուշում են մեզ, թե որն է Եհովայի վկաների եռանդի երկրորդ պատճառը. նրանց հաղորդած լուրը փրկության լուր է։ Ոմանք աշխատում են բժշկական, սոցիալական, տնտեսական ու այլ հաստատություններում, որպեսզի բարելավեն մարդկանց կենսամակարդակը. նման ջանքերը գովելի են։ Բայց ինչ էլ որ մարդ մարդու համար անի, միևնույն է՝ նրա հնարավորությունները շատ սահմանափակ են՝ համեմատած ‘[Աստծո] փրկության’ հետ։ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովան խոնարհներին փրկելու է մեղքից, հիվանդությունից և մահից։ Նրանք, ովքեր փրկվեն, հավիտյա՛ն են ապրելու (Յովհաննէս 3։16, 36; Յայտնութիւն 21։3, 4)։ Փրկությունն այն ‘հրաշքներից’՝ հրաշալի գործերից է, որի մասին այսօր քրիստոնյաները պատմում են։ Դրանով նրանք արձագանքում են հետևյալ խոսքերին. «Պատմեցէք հեթանոսների մէջ [Աստծո] փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։ Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած [«գովելի», Արևմտ. Աստ.]. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ» (Սաղմոս 96։3, 4)։
Հիսուսի օրինակը
4–6. ա) Ո՞րն է Եհովայի վկաների եռանդուն լինելու երրորդ պատճառը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը եռանդ ցուցաբերեց բարի լուրը քարոզելու գործում։
4 Եհովայի վկաների եռանդուն լինելու երրորդ պատճառն այն է, որ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին (Ա Պետրոս 2։21)։ Այդ կատարյալ մարդը պատրաստակամորեն հանձն առավ «աղքատներին աւետիք տալու» գործը (Եսայիա 61։1; Ղուկաս 4։17–21)։ Այսպիսով՝ նա դարձավ ավետարանիչ՝ բարի լուր ազդարարող։ Նա շրջեց ողջ Գալիլեան ու Հուդան՝ ‘քարոզելով արքայության Ավետարանը’ (Մատթէոս 4։23)։ Եվ գիտենալով, որ շատերն են արձագանքելու բարի լուրին՝ ասաց իր աշակերտներին. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթէոս 9։37, 38)։
5 Հիսուսը, իր խոսքերի համաձայն, ուսուցանում էր մարդկանց, որպեսզի նրանք էլ դառնային ավետարանիչներ։ Ժամանակի ընթացքում նա ուղարկեց իր առաքյալներին ու պատվիրեց. «Երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»»։ Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ նրանք ծրագրեր կազմեին, թե ինչպես թեթևացնել սոցիալական խնդիրների բեռը։ Կամ գուցե հարկավոր էր, որ նրանք խորամուխ լինեին քաղաքականությա՞ն մեջ՝ պայքարելու ահագնացող կաշառակերության դեմ։ Ո՛չ։ Իր հետևորդներին պատվիրելով ՝«երբ գնաք, քարոզեցէ՛ք», Հիսուսը չափանիշ սահմանեց բոլոր քրիստոնյա ավետարանիչների համար (Մատթէոս 10։5–7)։
6 Ավելի ուշ Հիսուսը աշակերտների մեկ ուրիշ խումբ ուղարկեց հայտարարելու. «Մօտեցել է.... Աստծու արքայութիւնը»։ Երբ նրանք վերադարձան ու պատմեցին իրենց ավետարանչական շրջագայության մասին, Հիսուսն անչափ ուրախացավ։ Նա աղոթեց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին» (Ղուկաս 10։1, 8, 9, 21)։ Հիսուսի աշակերտները՝ նախկին ձկնորսներ, գյուղացիներ և ուրիշներ, մանուկների պես էին՝ համեմատած ազգի՝ բարձրագույն կրթություն ստացած կրոնական առաջնորդների հետ։ Չնայած դրան՝ աշակերտները այնպիսի ուսուցում էին ստացել, որ հռչակեին բոլոր բարի լուրերից լավագույնը։
7. Հիսուսի՝ երկինք համբարձվելուց հետո նրա հետևորդներն առաջին հերթին ո՞ւմ քարոզեցին։
7 Այն բանից հետո, երբ Հիսուսը համբարձվեց երկինք, նրա հետևորդները շարունակեցին տարածել փրկության բարի լուրը (Գործք 2։21, 38–40)։ Առաջին հերթին ո՞ւմ քարոզեցին նրանք։ Այն ազգերին, որոնք չէ՞ին ճանաչում Աստծուն։ Ո՛չ, նրանք նախ քարոզեցին իսրայելացիներին՝ մի ազգի, որը Եհովային ճանաչում էր ավելի քան 1 500 տարի։ Իսկ այդ հետևորդներն իրավունք ունեի՞ն քարոզելու մի երկրում, որտեղ Եհովային արդեն երկրպագում էին։ Այո՛։ Հիսուսը պատվիրել էր նրանց. «Ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Ինչպես մյուս ազգերը, իսրայել ազգը նույնպես կարիք ուներ լսելու բարի լուրը։
8. Ինչպե՞ս են այսօր Եհովայի վկաներն ընդօրինակում Հիսուսի՝ առաջին դարի հետևորդներին։
8 Վաղ քրիստոնյաների նման՝ այսօր Եհովայի վկաները քարոզում են ողջ երկրագնդով մեկ։ Նրանք համագործակցում են Հովհաննեսի տեսած հրեշտակի հետ, որը «յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին» (Յայտնութիւն 14։6)։ 2001 թ.–ին նրանք ավետարանել են 235 երկրներում ու տարածքներում, այդ թվում՝ քրիստոնեական համարվող պետություններում։ Իրավունք ունե՞ն Եհովայի վկաները քարոզելու այն վայրերում, որտեղ քրիստոնեական աշխարհն արդեն հաստատել է իր եկեղեցիները։ Ոմանք կարծում են, թե նրանք չպիտի քարոզեն և նույնիսկ նման ավետարանումը համարում են «ոչխարագողություն»։ Բայց Եհովայի վկաները հիշում են, թե ինչ զգացումներ ուներ Հիսուսն իր օրերի խոնարհ հրեաների նկատմամբ։ Չնայած վերջիններս արդեն քահանայություն ունեին, այնուամենայնիվ Հիսուսը չվարանեց նրանց հաղորդել բարի լուրը։ Նա «գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մատթէոս 9։36)։ Եհովայի վկաները հանդիպում են խոնարհ անհատների, որոնք չգիտեն Եհովայի ու նրա Թագավորության մասին։ Մի՞թե նրանք բարի լուրը չեն հայտնի նրանց այն պատճառով, որ ինչ–որ մի կրոն հավակնում է այդ մարդկանց վրա իշխանություն ունենալ։ Հետևելով Հիսուսի առաքյալների օրինակին՝ նրանք պատասխանում են՝ ոչ, կհայտնենք։ Բարի լուրը պետք է քարոզվի «բոլոր ազգերին»՝ առանց բացառության (Մարկոս 13։10, ԱԹ)։
Վաղ շրջանի բոլոր քրիստոնյաներն ավետարանում էին
9. Առաջին դարում քրիստոնեական ժողովի անդամներից ովքե՞ր էին մասնակցում քարոզչությանը։
9 Առաջին դարում ովքե՞ր էին մասնակցում քարոզչությանը։ Փաստերը ցույց են տալիս, որ բոլոր քրիստոնյաներն էլ ավետարանիչներ էին։ Գրող Վ. Ուիլյամսը նշում է. «Ամեն ինչ փաստում է, որ վաղ շրջանի եկեղեցու բոլոր քրիստոնյաները.... քարոզում էին ավետարանը»։ 33 թ. Պենտեկոստեին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը [տղամարդիկ ու կանայք] լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս»։ Ավետարանիչների մեջ կային տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ ու ծերեր, ծառաներ ու ազատներ (Գործք 1։14; 2։1, 4, 17, 18; Յովէլ 2։28, 29; Գաղատացիս 3։28)։ Երբ հալածանքի պատճառով շատ քրիստոնյաներ ստիպված եղան Երուսաղեմից փախչել, «նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը» (Գործք 8։4)։ Ուշադրություն դարձրեք, որ ավետարանում էին ոչ թե միայն մի քանի սակավաթիվ նշանակված անձինք, այլ «նրանք, որ ցրուած էին»։
10. Երկու մասից բաղկացած ի՞նչ հանձնարարություն կատարվեց նախքան հրեական համակարգի կործանվելը։
10 Վաղ շրջանի բոլոր այդ տարիներին իրոք այդպես էր։ Հիսուսը մարգարեացավ. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Ի կատարումն այս խոսքերի՝ առաջին դարում, նախքան հռոմեական զորքերի կողմից հրեա կրոնական ու քաղաքական համակարգի կործանվելը, բարի լուրը լայնորեն քարոցվեց (Կողոսացիս 1։23)։ Հիսուսի բոլոր հետևորդները կատարեցին նաև նրա մյուս հրահանգը. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Ի տարբերություն որոշ ժամանակակից քարոզիչների՝ վաղ քրիստոնյաները չէին հորդորում այդ խոնարհ մարդկանց հավատալ Հիսուսին, իսկ հետո նրանց թողնում առանց առաջնորդության։ Նրանք սովորեցնում էին նրանց դառնալ Հիսուսի աշակերտներ, նրանցից ժողովներ էին կազմավորում, և այս նոր աշակերտներն էին արդեն քարոզում ու աշակերտներ պատրաստում (Գործք 14։21–23)։ Այսօր Եհովայի վկաները հետևում են նրանց օրինակին։
11. Ո՞վ է այսօր մարդկությանը հայտնում ամենալավ լուրը։
11 Շատ Եհովայի վկաներ, հետևելով առաջին դարում ապրած Պողոսի, Բառնաբասի և մյուսների օրինակին, գնում ու որպես միսիոներներ են ծառայում արտասահմանյան երկրներում։ Նրանց կատարած գործը մեծ օգուտներ է բերում, քանի որ իրենք չեն խառնվում քաղաքական գործերին կամ էլ որևէ այլ կերպով շեղվում բարի լուրը քարոզելու իրենց հանձնարարությունից։ Նրանք պարզապես հնազանդվում են Հիսուսի պատվերին. «Երբ գնաք, քարոզեցէ՛ք»։ Այդուհանդերձ, Եհովայի վկաների մեծ մասը չի ծառայում որպես միսիոներ. մի մասն աշխատում է, մի մասը դպրոց է հաճախում, մյուսներն էլ երեխա են մեծացնում։ Բայց բոլոր Վկաներն էլ քարոզում են իրենց իմացած բարի լուրը։ Երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին՝ բոլորն էլ ուրախությամբ են արձագանքում Աստվածաշնչի հորդորին. «Քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ [«հրատապությամբ», ՆԱ] յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ» (Բ Տիմոթէոս 4։2)։ Առաջին դարի իրենց նախորդների նման, նրանք ‘չեն դադարում ուսուցանել ու ավետարանել Հիսուս Քրիստոսին’ (Գործք 5։42)։ Նրանք մարդկությանը ավետում են ամենալավ լուրը։
Հավատափոխությո՞ւն, թե՞ ավետարանչություն
12. Ի՞նչ են ասում հավատափոխության մասին։
12 Մեր օրերում ոմանք ասում են, թե հավատափոխությունը վնաս է բերում։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթում նույնիսկ խոսվում է «հավատափոխության մեղքի մասին»։ Ինչո՞ւ։ Մի հանդեսում ասվում է. «Ուղղափառ եկեղեցու անդադար դժգոհությունների պատճառով «հավատափոխությունը» հարկադրական դավանափոխության իմաստ է ստացել» («Catholic World Report»)։
13. Բերեք վնասակար հավատափոխության մի քանի օրինակներ։
13 Արդյոք վնա՞ս է բերում հավատափոխությունը։ Հնարավոր է։ Հիսուսն ասաց, որ դպիրների ու փարիսեցիների կատարած հավատափոխությունը մարդուն վնաս էր բերում (Մատթէոս 23։15)։ Անտարակույս, «հարկադրական դավանափոխությունը» սխալ է։ Համաձայն պատմաբան Հովսեպոսի՝ երբ Մակաբայեցի Հովհաննես Հիրկանոսը եդովմացիներին իրեն հպատակեցրեց, նա թույլատրեց նրանց մնալ իրենց հայրենիքում այն պայմանով, որ նրանք թլփատվեին ու պատրաստակամորեն պահեին հրեաների օրենքները»։ Եթե եդովմացիները, լինելով հրեական տիրապետության տակ, ցանկանում էին ողջ մնալ, ապա պետք է դավանեին հրեաների կրոնը։ Պատմաբանները նշում են, որ ութերորդ դարում Կարլոս Մեծը կոտրեց հյուսիսային Եվրոպայում ապրող հեթանոս սաքսոնների դիմադրությունը և դաժանորեն ստիպեց նրանց փոխել իրենց հավատը։a Մի՞թե սաքսոնները կամ եդովմացիները սրտի մղումով դավանափոխ եղան։ Կամ՝ եդովմացի թագավոր Հերովդեսը, որը փորձ արեց սպանել մանուկ Հիսուսին, որքանո՞վ էր սրտանց ընդունում Աստծո կողմից ներշնչված Մովսիսական օրենքը (Մատթէոս 2։1–18)։
14. Ինչպե՞ս են քրիստոնեական աշխարհի միսիոներներից ոմանք ճնշում գործադրում մարդկանց վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց հավատը։
14 Պատահո՞ւմ են մեր օրերում հարկադրական դավանափոխություններ։ Ինչ–որ իմաստով՝ այո։ Տեղեկություններ են հաղորդվում, որ քրիստոնեական աշխարհի որոշ միսիոներներ արտասահմանում սովորելու հնարավորություններ են առաջարկում նրանց, ովքեր, հավանական է, հավատափոխ լինեն։ Կամ՝ նրանք ստիպում են սովահար փախստականներին նստել ու լսել իրենց քարոզները մի կտոր հացի համար։ Համաձայն մի հայտարարության, որն արվել է 1992 թ.–ին ուղղափառ եպիսկոպոսների համաժողովում՝ «երբեմն մարդուն հավատափոխ են անում՝ նրան հրապուրելով նյութականով, և երբեմն էլ բռնության տարբեր ձևեր գործադրելով»։
15. Արդյոք Եհովայի վկաները հավատափո՞խ են անում մարդուն։ Բացատրեք։
15 Սխալ է մարդկանց ստիպել, որ փոխեն իրենց կրոնը։ Անվիճելի է, որ Եհովայի վկաներն այդպես չեն վարվում։b Ուստի՝ նրանք մարդուն հավատափոխ չեն անում, այլ առաջին դարի քրիստոնյաների նման քարոզում են բարի լուրը ամեն մարդու։ Ովքեր դրականորեն են արձագանքում, նրանց առաջարկվում է Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով ավելի շատ գիտելիքներ ստանալ։ Նման մարդիկ սովորում են հավատ ընծայել Աստծուն ու նրա նպատակներին այնպես, որ դա ամուր կերպով հիմնված լինի աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքների վրա։ Արդյունքը լինում է այն, որ նրանք, ի փրկություն իրենց, կանչում են Աստծո՝ Եհովա անունը (Հռովմայեցիս 10։13, 14, 17)։ Այնպես որ, կընդունեն նրանք բարի լուրը, թե ոչ, դա անձնական ընտրության հարց է։ Այստեղ պարտադրելու բան չկա։ Պարտադրանքի դեպքում նոր հավատ ընդունելը անիմաստ կլիներ, քանի որ Աստծուն հաճելի լինելու համար հարկավոր է ի սրտե երկրպագել նրան (Բ Օրինաց 6։4, 5; 10։12)։
Ավետարանչությունը մեր ժամանակներում
16. Ինչպե՞ս է Եհովայի վկաների ավետարանչական գործունեությունն ընդլայնվել մեր ժամանակներում։
16 Մեր ժամանակներում Եհովայի վկաները քարոզում են Թագավորության բարի լուրը՝ դրանով իսկ նշանավորելով Մատթէոս 24։14–ի ավելի մեծ կատարումը։ Նրանց ավետարանչական գործում ուշագրավ գործիք է «Դիտարան» պարբերագիրը։c 1879 թ.–ին, երբ «Դիտարանի» առաջին համարները լույս տեսան, պարբերագիրը մեկ լեզվով էր հրատարակվում, իսկ տպաքանակը մոտ 6 000 էր։ 2001 թ.–ին՝ ավելի քան 122 տարի անց, այս պարբերականի տպաքանակը հասավ 23 042 000–ի՝ 141 լեզուներով։ Այս աճը ուղեկցվել է Եհովայի վկաների ավետարանչական գործունեության ընդլայնմամբ։ Համեմատեցեք այն մի քանի հազար ժամերը, որ նրանք 19–րդ դարում ամեն տարի տրամադրում էին ավետարանչական գործին այն 1 169 082 225 ժամերի հետ, որ նրանք նվիրել են քարոզչությանը 2001 թ.–ին։ Նկատի առեք նաև այն, որ յուրաքանչյուր ամիս միջին հաշվով անց է կացվել Աստվածաշնչի 4 921 702 անվճար ուսումնասիրություն։ Ի՜նչ ահռելի աշխատանք է կատարվել։ Եվ այդ ամենն արվել է Թագավորության 6 117 666 ակտիվ քարոզիչների միջոցով։
17. ա) Ի՞նչ չաստվածների են մարդիկ այսօր պաշտում։ բ) Ի՞նչ իմանալու կարիք ունի ամեն ոք՝ անկախ իր լեզվից, ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից։
17 Սաղմոսերգուն ասում է. «Ազգերուն բոլոր աստուածները կուռքեր են, բայց Եհովան երկինքը ստեղծեց» (Սաղմոս 96։5, Արևմտ. Աստ.)։ Հոգևորին օտար այս աշխարհում ազգայնամոլությունը, ազգային խորհրդանիշները, հայտնի անձնավորությունները, իրերը և հենց հարստությունն առհասարակ երկրպագության առարկա են դարձել (Մատթէոս 6։24; Եփեսացիս 5։5; Կողոսացիս 3։5)։ Մի անգամ Մոհանդաս Գանդին ասաց. «Ես հաստատապես համոզված եմ, որ.... այսօր Եվրոպան միայն անվանապես է կոչվում քրիստոնեական։ Նա իրականում պաշտում է Մամոնային [հարստությանը]»։ Իրողությունն այն է, որ բարի լուրը պետք է ամենուր լսվի։ Ամեն մարդ, անկախ իր լեզվից, ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից, կարիք ունի լսելու Եհովայի ու նրա նպատակների մասին։ Մենք ցանկանում ենք, որ բոլորն էլ արձագանքեն սաղմոսերգուի խոսքերին. «Տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։ Տուէք Տիրոջը նորա անունի փառքը» (Սաղմոս 96։7, 8)։ Եհովայի վկաներն օգնում են մարդկանց, որ նրանք էլ, իմանալով Եհովայի մասին, փառաբանեն Աստծուն։ Եվ մեծ օգուտներ են քաղում նրանք, ովքեր արձագանքում են։ Իսկ ի՞նչ օգուտներ են դրանք։ Այս մասին՝ հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Համաձայն «Կաթոլիկական հանրագիտարանի»՝ Ռեֆորմացիայի տարիներին որևէ կրոն ընդունելու պարտադրանքը արտահայտվում էր հետևյալ նշանաբանով. «Կույուս ռեգիո, իլյուս էթ ռելիգիո» (այսինքն՝ «ով տիրում է երկրին, նա էլ որոշում է նրա կրոնը»)։
b 2000 թ. նոյեմբերի 16–ին Կրոնի ազատության հարցերով ԱՄՆ–ի միջազգային հանձնաժողովի հանդիպման ժամանակ ներկաներից մեկը տարբերություն դրեց Եհովայի վկաների ու նրանց միջև, ովքեր մարդուն ստիպում են փոխել հավատը։ Նշվեց, որ Եհովայի վկաներն այնպես են քարոզում, որ անհատը կարող է պարզապես ասել «դա ինձ չի հետաքրքրում» ու փակել դուռը։
c Պարբերագրի լրիվ անվանումն է՝ «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ են Եհովայի վկաները եռանդուն ավետարանիչներ։
• Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում նույնիսկ այնտեղ, որտեղ քրիստոնեական աշխարհը եկեղեցիներ է հաստատել։
• Ինչո՞ւ Եհովայի վկաներին չի կարելի համարել հավատափոխ անողներ։
• Ինչպե՞ս է Եհովայի վկաների ավետարանչական գործունեությունը ընդլայնվել մեր ժամանակներում։
[նկար 9–րդ էջի վրա]
Հիսուսը եռանդուն ավետարանիչ էր և ուրիշներին էլ սովորեցնում էր այդ նույն գործն անել
[նկար 10–րդ էջի վրա]
Առաջին դարում ժողովի բոլոր անդամներն էլ ավետարանում էին
[նկար 11–րդ էջի վրա]
Սխալ է մարդկանց ստիպել, որ փոխեն իրենց կրոնը