«Որդին կամենում է հայտնել» Հոր մասին
«Ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (ՂՈՒԿ. 10։22)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Հիսուսն ինչո՞ւ կարող էր առանձնահատուկ տեղեկություններ հայտնել իր Հոր մասին։
Ինչպե՞ս Հիսուսը հայտնեց մարդկանց Հոր մասին։
Հոր մասին հայտնելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին։
1, 2. Ո՞ր հարցն է շատերի համար մնացել անպատասխան և ինչո՞ւ։
«Ո՞Վ Է Աստված»։ Այս հարցը շատերի համար անպատասխան է մնացել։ Թեպետ քրիստոնյա աշխարհը հիմնականում հավատում է, որ Աստված Երրորդություն է, սակայն մեծ մասն ընդունում է, որ այդ ուսմունքը հնարավոր չէ ըմբռնել։ Մի հեղինակ, որը նաև եկեղեցական է, ասում է. «Մարդու սահմանափակ միտքը չի կարող ընկալել այս ուսմունքը։ Այն դուրս է մարդկային ամեն դատողությունից և տրամաբանությունից»։ Իսկ էվոլյուցիայի կողմնակիցներից շատերը ժխտում են Աստծու գոյությունը։ Նրանք արարչագործության հրաշքները վերագրում են կույր պատահականությանը։ Մինչդեռ Չարլզ Դարվինը Աստծու գոյությունը մերժելու փոխարեն՝ ասել է. «Ամենաճիշտ եզրակացությունը, որ կարող եմ անել, այն է, որ այս հարցը մարդու հասկացողությունից վեր է»։
2 Անկախ նրանից, թե ինչին են հավատում մարդիկ, նրանցից շատերը հետաքրքրվել են Աստծու գոյությանը վերաբերող հարցերով։ Սակայն երբ չեն կարողացել գտնել բավարար պատասխաններ, դադարել են Աստծուն փնտրելուց։ Ինչ խոսք, Սատանան կուրացրել է անհավատների մտքերը (2 Կորնթ. 4։4)։ Ուստի զարմանալի չէ, որ մարդկանց մեծամասնությունը շփոթության մեջ է և չգիտի ճշմարտությունը Հոր՝ տիեզերքը Ստեղծողի մասին (Ես. 45։18)։
3. ա) Ո՞վ է հայտնել մեզ Արարչի մասին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։
3 Այնուամենայնիվ, անչափ կարևոր է իմանալ Աստծու մասին ճշմարտությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ կփրկվեն միայն նրանք, ովքեր «կանչում են Եհովայի անունը» (Հռոմ. 10։13)։ Եհովայի անունը կանչել նշանակում է ճանաչել այն անձնավորությանը, ով կրում է այդ անունը։ Հիսուս Քրիստոսը իր աշակերտներին բացահայտեց Աստծու մասին կենսական ճշմարտությունը՝ հայտնելով նրանց իր Հոր մասին (կարդա՛ Ղուկաս 10։22)։ Հիսուսն ինչո՞ւ կարող էր Հոր մասին այնպիսի տեղեկություններ հայտնել, որ ուրիշ ոչ ոք չէր կարող անել։ Նա ինչպե՞ս դա արեց։ Եվ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին Հոր մասին ճշմարտությունը ուրիշներին հայտնելիս։ Քննենք այս հարցերը։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՏՆԵՑ ՀՈՐ ՄԱՍԻՆ
4, 5. Հիսուսն ինչո՞ւ կարող էր առանձնահատուկ տեղեկություններ հայտնել Հոր մասին։
4 Հիսուսը կարող էր առանձնահատուկ տեղեկություններ հայտնել Հոր մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև այն ոգեղեն անձնավորությունը, որը հետագայում երկրի վրա ապրեց որպես մարդ և կրեց Հիսուս անունը, նախքան մյուս բոլոր կենդանի էակների արարումը գոյություն ուներ երկնքում և «Աստծու միածին Որդին» էր (Հովհ. 1։14; 3։18)։ Ինչպիսի՜ առանձնահատուկ դիրք։ Որդին ամբողջությամբ Հոր ուշադրության կենտրոնում էր և ավելի ու ավելի լավ էր ճանաչում Հորը ու տեսնում նրա հատկությունները։ Հայրն ու Որդին անթիվ-անհամար տարիներ հաղորդակցվում էին և խոր սեր զարգացնում իրար հանդեպ (Հովհ. 5։20; 14։31)։ Պատկերացրու, թե Որդին որքան լավ էր ճանաչում Հորը և որքան լավ գիտեր, թե ինչպիսի անձնավորություն է նա (կարդա՛ Կողոսացիներ 1։15–17)։
5 Հայրը Որդուն նշանակեց որպես իր խոսնակ՝ «Աստծու Խոսք» (Հայտն. 19։13)։ Ուստի Հիսուսը կարող էր ուրիշներին առանձնահատուկ տեղեկություններ հայտնել Հոր մասին։ Ավետարանագիր Հովհաննեսը Հիսուսի՝ «Խոսքի» մասին խոսում է որպես «Հոր գրկում» եղողի (Հովհ. 1։1, 18)։ Հովհաննեսի խոսքերը հիշեցնում են այն սովորությունը, որ նրա օրերում ընդունված էր ճաշի ժամանակ։ Միևնույն թախտին մի հյուրը մյուսին այնքան մոտ էր թիկնում, որ կարող էր նրա հետ առանձին զրուցել։ Հետևաբար, լինելով «Հոր գրկում»՝ Որդին մտերիմ զրույցներ էր ունենում նրա հետ։
6, 7. Հոր և Որդու փոխհարաբերություններն ինչպե՞ս էին ամրանում։
6 Հոր և Որդու փոխհարաբերությունները ավելի ու ավելի էին ամրանում։ Հայրը «ամեն օր.... ուրախանում էր» նրանով (կարդա՛ Առակներ 8։22, 23, 30, 31)։ Տրամաբանական է, որ նրանց միջև կապը կամրանար, քանի որ նրանք աշխատում էին միասին և Որդին սովորում էր դրսևորել Հոր հատկությունները։ Իսկ երբ ստեղծվեցին մյուս բանական էակները, Որդին տեսավ, թե ինչպես է Եհովան վերաբերվում նրանցից յուրաքանչյուրին, և, անկասկած, ավելի շատ գնահատեց Հորը։
7 Երբ Սատանան հարցականի տակ դրեց Եհովայի գերիշխանության իրավունքը, Որդին հնարավորություն ունեցավ տեսնելու, թե դժվար իրավիճակում Եհովան ինչպես կդրսևորեր սեր, արդարություն, իմաստություն ու զորություն։ Դա, անշուշտ, Հիսուսին նախապատրաստեց հաղթահարելու այն դժվարությունները, որոնց հետագայում ինքը բախվեց երկրի վրա իր ծառայության ժամանակ (Հովհ. 5։19)։
8. Ավետարաններն ինչպե՞ս են օգնում մեզ ավելի լավ հասկանալու, թե ինչպիսին է Հայրը։
8 Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու շնորհիվ Հիսուսը նրա մասին այնպիսի մանրամասնություններ հայտնեց իր աշակերտներին, որ ուրիշ ոչ մեկը չէր կարող անել։ Նկատի առնելով այն, թե ինչ էր սովորեցնում և անում միածին Որդին՝ կարող ենք լավագույնս ճանաչել Հորը։ Օրինակ՝ դժվար թե լիովին հասկանանք՝ ինչ է սերը, եթե պարզապես բառարանում կարդանք այդ բառի բացատրությունը։ Իսկ եթե կարդանք Ավետարանների վառ արձանագրությունները ու խորհենք Հիսուսի ծառայության և այն մասին, թե ինչպես էր նա հոգ տանում մարդկանց, շատ ավելի խորությամբ կըմբռնենք «Աստված սեր է» խոսքերի նշանակությունը (1 Հովհ. 4։8, 16)։ Նույնը կարելի է ասել Աստծու մյուս հատկությունների մասին։
ՀԻՍՈՒՍՆ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԵՑ ՀՈՐ ՄԱՍԻՆ
9. ա) Ո՞ր երկու հիմնական կերպերով էր Հիսուսը հայտնում Հոր մասին։ բ) Բե՛ր օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես էր Հիսուսը ուսուցանելով հայտնում Հոր մասին։
9 Հիսուսն իր Հոր մասին ինչպե՞ս հայտնեց աշակերտներին և նրանց, ովքեր հետագայում դարձան իր հետևորդները։ Երկու հիմնական կերպերով. իր ուսուցմամբ ու վարվելակերպով։ Նախ տեսնենք, թե ինչ էր սովորեցնում Հիսուսը։ Այն ամենը, ինչ նա սովորեցնում էր իր հետևորդներին, խորությամբ արտացոլում էր իր Հոր մտքերը, զգացմունքներն ու գործելակերպը։ Օրինակ՝ նա Հորը նմանեցրեց մի հոգատար մարդու, որը հարյուր ոչխար ունի, որոնցից մեկը կորել է։ Հիսուսն ասաց, որ այդ մարդը գնում է կորած ոչխարին փնտրելու և, երբ գտնում է, «ավելի շատ է ուրախանում, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել»։ Հիսուսն ինչո՞ւ արեց այս համեմատությունը։ Նա բացատրեց. «Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի» (Մատթ. 18։12–14)։ Եհովայի մասին ի՞նչ կարող ես սովորել այս օրինակից։ Երբ քեզ անարժեք ես զգում և թվում է, թե ոչ ոքի պետք չես, հիշիր, որ քո երկնային Հայրը հետաքրքրված է քեզանով և հոգ է տանում քո մասին։ Նրա աչքում դու այն «փոքրերից մեկն» ես։
10. Հիսուսն ինչպե՞ս էր իր վարվելակերպով հայտնում Հոր մասին։
10 Հիսուսը Հոր մասին հայտնում էր նաև իր վարվելակերպով։ Երբ Փիլիպոս առաքյալը խնդրեց նրան՝ «ցույց տուր մեզ Հորը», նա կարող էր իրավամբ ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։8, 9)։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես էր Որդին դրսևորում Հոր հատկությունները։ Երբ մի բորոտ աղաչեց Հիսուսին, որ բուժի իրեն, նա դիպավ «բորոտությամբ լեցուն» այդ մարդուն ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Բուժվելով՝ այդ մարդը Հիսուսի արածի մեջ, անկասկած, տեսավ Եհովայի զորությունը (Ղուկ. 5։12, 13)։ Իսկ երբ Ղազարոսը մահացել էր, Հիսուսը «հառաչեց, հուզվեց», և նրա «աչքերից արցունքներ հոսեցին»։ Թեև Ղազարոսին հարություն էր տալու, նա զգաց նույն ցավը, որ ապրում էին նրա ընտանիքի անդամներն ու ընկերները։ Նրա վարվելակերպի մեջ աշակերտները տեսան Հոր կարեկցանքը (Հովհ. 11։32–35, 40–43)։ Ինչ խոսք, դու էլ քո սիրած աստվածաշնչյան պատմություններն ունես, որտեղ տեսնում ես Հոր ողորմածությունը՝ արտահայտված Հիսուսի գործերում։
11. ա) Տաճարը մաքրելով՝ Հիսուսն ի՞նչ հայտնեց իր Հոր մասին։ բ) Աստվածաշնչյան այս դրվագը ինչո՞ւ է քաջալերական մեզ համար։
11 Իսկ ի՞նչ ես սովորում այն դրվագից, որտեղ Հիսուսը առևտրականներից ու դրամափոխներից մաքրեց տաճարը։ Փորձիր պատկերացնել. Հիսուսը պարաններից մտրակ է պատրաստում և դրանով դուրս է վռնդում եզներ ու ոչխարներ վաճառողներին, ցիրուցան է անում դրամափոխների մետաղադրամները և շուռ տալիս նրանց սեղանները (Հովհ. 2։ 13–17)։ Նրա այս վարմունքը աշակերտներին հիշեցրեց Դավիթ թագավորի մարգարեական խոսքերը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ» (Սաղ. 69։9)։ Կտրուկ քայլերի դիմելով՝ Հիսուսը ցույց տվեց ճշմարիտ երկըպագությունը պաշտպանելու իր մեծ փափագը։ Այս դրվագում ինչպիսի՞ն ես տեսնում Հորը։ Սա հիշեցնում է մեզ, որ Աստված ոչ միայն անսահման զորություն ունի մաքրելու անօրենությունը երկրի երեսից, այլև այդպես վարվելու մեծ ցանկություն։ Անօրենության հանդեպ Հիսուսի խիստ արձագանքը ցույց է տալիս, թե ինչ է զգում Հայրը՝ տեսնելով այսօր երկրի վրա մեծ տարածում գտած անօրենությունը։ Որքա՜ն է քաջալերում մեզ այս իրողությունը, երբ ինքներս ենք անարդարության բախվում։
12, 13. Աշակերտների հանդեպ Հիսուսի վարվելակերպից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
12 Այժմ տեսնենք, թե ինչպես էր Հիսուսը վարվում իր աշակերտների հետ։ Վերջիններս շարունակ վիճում էին, թե ով է իրենցից ավելի մեծ (Մարկ. 9։33–35; 10։43; Ղուկ. 9։46)։ Հոր հետ երկար ժամանակ անցկացնելով՝ Հիսուսը գիտեր, թե նա ինչպես է նայում հպարտությանը (2 Սամ. 22։28; Սաղ. 138։6)։ Հիսուսը տեսել էր նաև, թե ինչպես է այդ հատկությունը դրսևորել Բանսարկու Սատանան և ինչպես է այդ եսասեր անձնավորությունը փառքի և բարձր դիրքի տենչացել։ Որքա՜ն կարող էր վշտացնել Հիսուսին այն, որ իր աշակերտները, որոնց նա ուսուցանել էր, շարունակում էին փառասիրություն դրսևորել։ Այդ հատկությունից զերծ չէին նույնիսկ այն անհատները, որոնց նա ընտրել էր որպես առաքյալ։ Նրանք փառասիրություն դրսևորեցին ընդհուպ Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը (Ղուկ. 22։24–27)։ Սակայն Հիսուսը բարությամբ ուղղում էր նրանց ու երբեք հույսը չէր կորցնում, որ ի վերջո կսովորեն ընդօրինակել իր խոնարհ մտածելակերպը (Փիլիպ. 2։5–8)։
13 Տեսնո՞ւմ ես Հոր հատկությունները Հիսուսի վարվելակերպի մեջ, երբ նա համբերությամբ ուղղում էր իր աշակերտների սխալ մտածելակերպը։ Հիսուսի գործերում և խոսքերում տեսնո՞ւմ ես Հորը, որը չի լքում իր ժողովրդին, թեև նրանք կրկնում են իրենց սխալները։ Հիշելով Աստծու այս հատկությունները՝ մի՞թե չենք մղվում զղջալու մեր սխալների համար և նրանից ներում խնդրելու։
ՈՐԴԻՆ ԿԱՄԵՆՈՒՄ ԷՐ ՀԱՅՏՆԵԼ ՀՈՐ ՄԱՍԻՆ
14. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ կամենում է հայտնել Հոր մասին։
14 Շատ բռնապետներ փորձում են ժողովրդին պահել հսկողության տակ և անիրազեկության մեջ՝ նրանցից տեղեկություններ թաքցնելով։ Ի հակադրություն նրանց՝ Հիսուսը կամենում էր ոչ միայն տեղեկություններ հայտնել Հոր մասին, այլև լիովին ճանաչեցնել նրան (կարդա՛ Մատթեոս 11։27)։ Հիսուսն իր աշակերտներին նաև «հասկացողություն տվեց, որ ճանաչեն Ճշմարտին»՝ Եհովա Աստծուն (1 Հովհ. 5։20)։ Ի՞նչ է դա նշանակում։ Հիսուսն օգնեց իր հետևորդներին ըմբռնելու Հոր մասին իր սովորեցրածները։ Նա իր Հորը չներկայացրեց որպես առեղծված և չսովորեցրեց, թե նա մարդու հասկացողությանը անհասանելի Երրորդության մաս է կազմում։
15. Հիսուսն ինչո՞ւ Հոր մասին իր ողջ իմացածը չհայտնեց։
15 Արդյո՞ք Հիսուսը հայտնեց Հոր մասին իր ողջ իմացածը։ Ո՛չ, նա, իմաստություն դրսևորելով, այդպես չվարվեց (կարդա՛ Հովհաննես 16։12)։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ ժամանակ աշակերտները «ի վիճակի չէին դրանք հասկանալու»։ Սակայն նա ասաց, որ երբ գա «օգնականը»՝ սուրբ ոգին, ավելի շատ տեղեկություններ կբացահայտի և կառաջնորդի նրանց «ողջ ճշմարտության մեջ» (Հովհ. 16։7, 13)։ Ինչպես որ իմաստուն ծնողներն են որոշ տեղեկություններ պահում իրենց երեխաներից, մինչև որ նրանք մեծանան և ի վիճակի լինեն հասկանալու, այնպես էլ Հիսուսը սպասեց, մինչև որ աշակերտները հասունանան և կարողանան Հոր մասին ավելի շատ բաներ ըմբռնել։ Հիսուսը հաշվի առավ նրանց սահմանափակ կարողությունները։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ՀԻՍՈՒՍԻՆ՝ ՕԳՆԵԼՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՀՈՎԱՅԻՆ
16, 17. Ինչո՞ւ կարող ես ուրիշներին հայտնել Հոր մասին։
16 Երբ լավ մարդու հետ ես ծանոթանում և տեսնում ես, թե ինչ հրաշալի անձնավորություն է նա, չե՞ս մղվում ուրիշներին պատմելու նրա մասին։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը պատմեց մարդկանց իր Հոր մասին (Հովհ. 17։25, 26)։ Կարո՞ղ ենք ընդօրինակել նրան այդ հարցում։
17 Փաստորեն, Հիսուսը շատ ավելի խորությամբ էր ճանաչում իր Հորը, քան ուրիշ որևէ մեկը։ Նա կամեցավ իր իմացածի մի մասը հայտնել մարդկանց, նույնիսկ հասկացողություն տվեց իր հետևորդներին՝ խորությամբ ըմբռնելու Աստծու հատկությունները։ Ի տարբերություն մարդկանց մեծամասնության՝ Հիսուսի օգնությամբ մենք ևս խորությամբ ճանաչում ենք Աստծուն։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Հիսուսն իր ուսուցմամբ ու վարվելակերպով կամեցավ հայտնել մեզ Հոր մասին։ Իրականում, մեզ համար նույնիսկ պարծանք է այն, որ ճանաչում ենք Հորը (Երեմ. 9։24; 1 Կորնթ. 1։31)։ Քանի որ մենք ջանք ենք թափել մոտենալու Եհովային, նա էլ մեզ է մոտեցել (Հակ. 4։8)։ Ուստի այժմ կարող ենք ուրիշներին էլ սովորեցնել Եհովայի մասին։ Ինչպե՞ս։
18, 19. Ո՞ր կերպերով կարող ես հայտնել մարդկանց Հոր մասին։ Բացատրի՛ր։
18 Մենք պետք է ընդօրինակենք Հիսուսին՝ հայտնելով Հոր մասին մեր խոսքերով և գործերով։ Չմոռանանք, որ մարդկանց մեծ մասը, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ, չգիտի, թե ով է Աստված։ Աստծու մասին նրանց տեսակետը, հնարավոր է, աղավաղված է կեղծ ուսմունքներով։ Մենք պետք է հայտնենք նրանց այն ամենը, ինչ Աստվածաշնչից սովորել ենք Աստծու անվան, անձնավորության և մարդկանց առնչությամբ նրա նպատակների մասին։ Բացի այդ, կարելի է հավատակիցների հետ քննարկել Աստվածաշնչից որոշ դրվագներ, որոնք մեկ այլ կերպ են բացահայտում Աստծու անձնավորությունը, ինչը գուցե նախկինում չենք նկատել։ Այդպիսով՝ նրանք ևս օգուտներ կքաղեն։
19 Հոր մասին պետք է հայտնենք նաև մեր վարվելակերպով։ Երբ մարդիկ մեր գործերում տեսնում են Քրիստոսի սերը, մղվում են մոտենալու թե՛ Հորը, թե՛ Որդուն (Եփես. 5։1, 2)։ Պողոս առաքյալը հորդորում է մեզ «ընդօրինակել իրեն, ինչպես որ ինքն էլ Քրիստոսին» (1 Կորնթ. 11։1)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք մեր վարվելակերպով օգնելու մարդկանց տեսնել Եհովային։ Թող որ բոլորս շարունակենք ընդօրինակել Հիսուսին՝ մարդկանց հայտնելով Հոր մասին։