«Առանց առակի չէր խօսում նորանց հետ»
«Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ» (ՄԱՏԹԷՈՍ 13։34)։
1, 2. ա) Տպավորիչ օրինակը ինչո՞ւ հեշտությամբ չի մոռացվում։ բ) Օրինակներ բերելիս ի՞նչ ձևերից էր օգտվում Հիսուսը, և ի՞նչ հարցեր են բարձրանում՝ օրինակների օգտագործման հետ կապված (տե՛ս տողատակի ծանոթագրությունը)։
ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ս մտաբերել ակնառու մի օրինակ, որ լսել ես տարիներ առաջ, ասենք՝ հանրային ելույթի ժամանակ։ Տպավորիչ օրինակը հեշտությամբ չի մոռացվում։ Մի հեղինակի խոսքերով՝ օրինակները «ականջը դարձնում են աչք» և ունկնդրի մտքում ստեղծում են պատկերներ։ Իսկ պատկերները հեշտացնում են նյութի ընկալումը։ Ուստի օրինակներն օգնում են հեշտությամբ հասկանալ միտքը։ Նրանք խոսքը դարձնում են կենդանի և մեր հիշողության մեջ խորապես տպավորում են այն դասը, որ պիտի քաղենք։
2 Աշխարհում ապրած ոչ մի ուսուցիչ օրինակներ բերելու մեջ այդքան վարպետ չի եղել, որքան Հիսուս Քրիստոսը։ Հիսուսի պատմած առակներից շատերը հեշտությամբ են հիշվում նույնիսկ հիմա՝ մոտ երկու հազար տարի անց։a Ինչո՞ւ էր նա հիմնականում օգտագործում ուսուցանելու հենց այդ մեթոդը։ Ի՞նչն էր պատճառը, որ նրա օրինակներն այդքան տպավորիչ էին։
Ինչո՞ւ էր Հիսուսը ուսուցանում օրինակների միջոցով
3. ա) Համաձայն Մատթէոս 13։34, 35–ի՝ ինչո՞ւ էր Հիսուսը ուսուցանելիս օրինակներ բերում։ բ) Ինչի՞ց է երևում, որ Եհովան գնահատում է ուսուցանելու այդ մեթոդը։
3 Այս կապակցությամբ Աստվածաշունչը երկու պատճառ է նշում, որ արժանի են մեր ուշադրությանը։ Առաջին՝ ուսուցանելով օրինակների միջոցով՝ Հիսուսը նպաստում էր մարգարեության կատարմանը։ Մատթեոս առաքյալը գրում է. «Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կ’բանամ իմ բերանը» (Մատթէոս 13։34, 35)։ Մատթեոսի կողմից հիշատակված մարգարեն Սաղմոս 78։2 խոսքերը գրի առնողն էր։ Աստծո ներշնչմամբ գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Մի՞թե ուշագրավ չէ այն հանգամանքը, որ իր Որդու՝ երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա ուսուցանելու է օրինակների միջոցով։ Կարելի է ենթադրել, որ Եհովան գնահատում է ուսուցանելու այդ մեթոդը։
4. Ելնելով իր իսկ խոսքերից՝ ինչո՞ւ էր Հիսուսը օրինակներ բերում։
4 Երկրորդ՝ ինչպես Հիսուսն ինքը ասաց, օրինակները օգնում էին զատորոշել ճշմարտության հանդեպ ընկալունակ սիրտ ունեցողներին։ Երբ սերմնացանի առակը «շատ ժողովուրդներ[ի]» պատմելուց հետո նրա աշակերտները հարցրին, թե «ի՞նչու առակներով ես խօսում նորանց հետ», Հիսուսը պատասխանեց. «Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։.... Նորա համար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։ Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէությունն, որ ասում է. Լսելով կ’լսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, եւ չէք տեսնիլ։ Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը» (Մատթէոս 13։2, 10, 11, 13–15; Եսայիա 6։9, 10)։
5. Ինչպե՞ս էին Հիսուսի օրինակները զատում խոնարհ մարդկանց հպարտ սիրտ ունեցողներից։
5 Իսկ ինչպե՞ս էին Հիսուսի օրինակներն օգնում զատորոշել մարդկանց։ Նրա ասելիքը լիովին հասկանալու համար երբեմն հարկավոր էր ուշադրությամբ քննել դրանք։ Խոնարհ անհատները մղվում էին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու, ուստիև հարցեր էին տալիս (Մատթէոս 13։36; Մարկոս 4։34)։ Այդպիսով՝ օրինակների միջոցով ճշմարտությունը բացվում էր այն անհատներին, ովքեր ծարավ էին դրան, և միևնույն ժամանակ ծածկված մնաց այն անձանցից, ում սիրտը հպարտ էր։ Ի՜նչ հիանալի ուսուցիչ էր Հիսուսը։ Եկեք այժմ քննենք որոշ գործոններ, որոնց շնորհիվ նրա օրինակներն այդքան ազդեցիկ էին դառնում։
Հմուտ՝ մանրամասների ընտրության հարցում
6–8. ա) Ի՞նչ հնարավորություն դեռ չունեին Հիսուսի խոսքերը լսող անհատները, որ ապրում էին առաջին դարում։ բ) Ո՞ր օրինակներից է երևում, որ Հիսուսը հմուտ էր մանրամասների ընտրության հարցում։
6 Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էր նշանակում առաջին դարում ապրող աշակերտների համար ուսուցանվել անմիջապես Հիսուսի կողմից։ Բայց Հիսուսի ձայնը լսելու պատիվն ունենալով հանդերձ՝ նրանք այնուամենայնիվ չէին կարող դիմել գրավոր արձանագրության՝ Հիսուսի ասածները վերհիշելու համար, քանի որ այն դեռևս գոյություն չուներ։ Ուստի նրանք պիտի իրենց մտքում ու սրտում պահեին Հիսուսի խոսքերը։ Վարպետորեն օրինակներ բերելով՝ Հիսուսը հեշտացնում էր իր ուսուցումները հիշելու գործը։ Ինչպե՞ս էր նա անում այդ։
7 Հիսուսը հմուտ էր մանրամասների ընտրության հարցում։ Իր օրինակներում նա ներկայացնում էր այն մանրամասները, որոնք վերաբերում էին գործին. ուստի դրանք ընդգծելու կարիք կար։ Հենց դա էր պատճառը, որ նա ճշգրտորեն հայտնեց, թե քանի ոչխարի թողեց տերը՝ կորածին գտնելու համար, քանի ժամ վարձկալները աշխատեցին խաղողի այգում, և որքան քանքար վստահվեց ծառաներին (Մատթէոս 18։12–14; 20։1–16; 25։14–30)։
8 Միևնույն ժամանակ Հիսուսը բաց էր թողնում ոչ կարևոր մանրամասները, որ կարող էին խանգարել իր բերած օրինակների իմաստն ըմբռնելուն։ Այդպես օրինակ՝ անխիղճ ծառայի առակում ոչ մի բացատրություն չի տրվում այն մասին, թե ինչպես էր այդ ծառան 60 000 000 դահեկան պարտք հավաքել իր գլխին։ Հիսուսը ցանկանում էր ընդգծել ներողամիտ լինելու անհրաժեշտությունը։ Ուստի այստեղ կարևորը ոչ թե այն էր, թե ինչպես էր այդ ծառան ընկել պարտքի տակ, այլ՝ որ թեև նրա պարտքը ներվել էր, բայց նա չէր ներել իր ծառայակցի պարտքը, որ անհամեմատ ավելի քիչ էր (Մատթէոս 18։23–35)։ Իսկ անառակ որդու մասին պատմելիս Հիսուսը ոչինչ չի ասում այն բանի վերաբերյալ, թե ինչու հանկարծ կրտսեր որդին պահանջեց իր ժառանգությունը և հետո վատնեց այն։ Բայց Հիսուսը ամենայն մանրամասնություններով նկարագրում է հոր զգացմունքները և արձագանքը, երբ որդին փոխվեց ու վերադարձավ տուն։ Այդ մանրամասները շատ կարևոր էին, քանի որ օգնում էին Հիսուսին հասնել իր նպատակին՝ ցույց տալ, որ Եհովան «շատ ներող է» (Եսայիա 55։7; Ղուկաս 15։11–32)։
9, 10. ա) Իր օրինակներում գործող անձանց նկարագիրը տալով՝ ինչի՞ վրա էր շեշտ դնում Հիսուսը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը հեշտացրեց իր օրինակները հիշելու գործը թե՛ իր ունկնդիրների և թե՛ ուրիշ մարդկանց համար։
9 Հիսուսը իմաստություն էր ցուցաբերում նաև իր առակներում գործող անձանց նկարագիրը տալու հարցում։ Այդ անհատների արտաքին տեսքը մանրամասնորեն նկարագրելու փոխարեն՝ Հիսուսը սովորաբար շեշտը դնում էր այն բանի վրա, թե ինչ էին նրանք անում կամ ինչպես էին արձագանքում այս կամ այն իրադարձությանը։ Այդպես՝ փոխանակ բարի սամարացու արտաքինը նկարագրելու՝ Հիսուսը ուշադրություն հրավիրեց մի շատ ավելի ուշագրավ բանի վրա. նա պատմեց, թե ինչպես սամարացին գթասրտորեն օգնության հասավ ճանապարհին ընկած վիրավոր հրեային։ Հիսուսը մանրամասնորեն տվեց այն բանի նկարագիրը, ինչը կօգներ մարդկանց հասկանալու, որ սերը մերձավորի հանդեպ պետք է դուրս լինի ազգային և ռասայական շրջանակներից (Ղուկաս 10։29, 33–37)։
10 Քանի որ Հիսուսը հմուտ էր մանրամասների ընտրության հարցում, նրա առակները հակիրճ էին և ծանրաբեռնված չէին ավելորդ մտքերով։ Դա հեշտացնում էր այդ առակներն ու նրանց մեջ պարունակվող արժեքավոր դասերը հիշելու գործը թե՛ իր առաջին դարի ունկնդիրների համար և թե՛ այն անհատների, ովքեր հետագայում կարդալու էին Ավետարանները։
Առօրյա կյանքից վերցված
11. Բեր օրինակներ, թե ինչպես էին Հիսուսի առակները արտացոլում այն, ինչ նա տեսած պիտի լիներ Գալիլեայում անցկացրած իր մանկության տարիներին։
11 Հիսուսը վարպետ էր առօրյա կյանքից վերցված օրինակներ բերելու գործում։ Շատ առակներում նկարագրված են այնպիսի բաներ, որ նա անկասկած տեսած պիտի լիներ Գալիլեայում անցկացրած իր մանկության տարիներին։ Մի պահ խորհեցեք նրա կյանքի այդ շրջանի մասին։ Քանի՜ անգամ է նա տեսել, թե ինչպես է իր մայրը հաց պատրաստում՝ օգտագործելով նախորդ անգամ արված խմորի մի գունդ՝ որպես թթխմոր (Մատթէոս 13։33)։ Քանի՜ անգամ է դիտել ձկնորսներին, որոնք գցում էին իրենց ցանցը Գալիլեայի ծովի պարզ և կապույտ ջրերի մեջ (Մատթէոս 13։47)։ Քանի՜ անգամ է տեսել շուկայի տարածքում խաղացող երեխաների (Մատթէոս 11։16)։ Հիսուսը նաև իրենց կողմերում ընդունված շատ ուրիշ բաների վրա էլ է ուշադրություն դարձրել, և դրանք հետագայում տեղ են գտել իր առակներում. օրինակ՝ ցանքը, ուրախ հարսանիքները, արևի տակ հասունացող ցորենի դաշտերը (Մատթէոս 13։3–8; 25։1–12; Մարկոս 4։26–29)։
12, 13. Ինչպե՞ս է ցորենի ու որոմների մասին առակից երևում, որ Հիսուսը քաջածանոթ էր տեղի պայմաններին։
12 Զարմանալի չէ, որ Հիսուսի օրինակներում տեղ են գտել առօրյա կյանքից վերցված բազում նկարագրություններ։ Հետևաբար՝ որպեսզի ավելի լավ հասկանանք ուսուցանելու այս մեթոդի կիրառման մեջ նրա վարպետությունը, օգտակար կլինի պարզել, թե ինչպես էին իր օրերում ապրող հրեաները ընկալում նրա խոսքերը։ Քննենք երկու դեպք։
13 Առաջին՝ ցորենի և որոմների առակում Հիսուսը խոսեց մի մարդու մասին, որն իր արտում ցորեն էր ցանել։ Հետո այդ մարդու թշնամին մտել էր արտը և ցորենի վրա որոմներ ցանել։ Ինչո՞ւ Հիսուսը որոշեց խոսել հենց այդ թշնամական քայլի մասին։ Հիշենք, որ այդ օրինակը պատմելիս նա գտնվում էր Գալիլեայի ծովի ափին։ Փաստերը ցույց են տալիս, որ գալիլեացիները հիմնականում զբաղվում էին հողագործությամբ։ Ի՞նչը կարող էր ավելի մեծ վնաս հասցնել հողագործին, եթե ոչ այն, որ մի թշնամի գաղտնի մտներ նրա արտը ու որոմներ ցաներ։ Ի դեպ, նման բաներ իսկապես տեղի են ունեցել. դա երևում է այդ օրերում գործող պետական օրենքներից։ Ակնհայտ չէ՞ ուրեմն, որ Հիսուսը նկարագրում էր այնպիսի իրավիճակներ, որ հասկանալի կլինեին իր ունկնդիրներին (Մատթէոս 13։1, 2, 24–30)։
14. Ինչո՞ւ է ուշադրության արժանի այն հանգամանքը, որ բարի սամարացու առակում Հիսուսը հիշատակեց Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհը, որպեսզի հասնի իր նպատակին։
14 Երկրորդ՝ հիշենք բարի սամարացու առակը։ Հիսուսն այն սկսեց հետևյալ կերպ. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. եւ աւազակների ձեռքն ընկաւ, նորանք էլ մերկացրին նորան՝ եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին» (Ղուկաս 10։30)։ Ուշադրության է արժանի, որ իր նպատակին հասնելու համար Հիսուսը հիշատակեց ‘Երուսաղէմից Երիքով իջնող’ ճանապարհը։ Նա այս առակը պատմեց Հուդայում՝ Երուսաղեմից ոչ հեռու։ Ուստի Հիսուսին լսողները պետք է որ իմանային այդ ճանապարհի մասին։ Հայտնի էր, որ այն վտանգավոր էր, հատկապես նրանց համար, ովքեր մենակ էին ճանապարհ ընկնում։ Այդ ոլորապտույտ ճանապարհն անցնում էր ամայի տեղանքով և լավ թաքստոց էր հանդիսանում ավազակների համար։
15. Ինչո՞ւ ոչ ոք իրավամբ չէր կարող արդարացնել բարի սամարացու առակում հիշատակված քահանային ու ղևտացուն։
15 Երուսաղեմից Երիքով իջնող ճանապարհը հիշատակելու հետ կապված՝ կա ևս մեկ ուշագրավ գործոն։ Համաձայն առակի՝ այդ ճանապարհով անցավ մի քահանա, և ապա՝ մի ղևտացի, բայց նրանք կանգ չառան վնաս կրած մարդուն օգնություն ցույց տալու համար (Ղուկաս 10։31, 32)։ Քահանաները ծառայում էին Երուսաղեմի տաճարում, իսկ ղևտացիները օգնում էին նրանց։ Շատ քահանաներ ու ղևտացիներ ապրում էին Երիքովում, քանի որ այն Երուսաղեմից գտնվում էր ընդամենը 23 կիլոմետր հեռավորության վրա։ Ուստի նրանք, անկասկած, երբեմն անցնում էին այդ ճանապարհով։ Պետք է նշել նաև, որ քահանան ու ղևտացին «Երուսաղէմից իջնում» էին, այսինքն՝ նրանք տաճարից վերադառնում էին։b Ուստի ոչ ոք չի կարող իրավամբ արդարացնել այդ մարդկանց անտարբերությունը՝ ասելով, թե նրանք չմոտեցան վիրավոր անհատին, քանի որ վերջինս մահացածի տպավորություն էր թողնում. դիակին կպչելով՝ նրանք չէին կարողանա ծառայություն կատարել տաճարում, քանի որ ժամանակավորապես կդադարեին համապատասխանել այդ ծառայությունը կատարելու համար ներկայացված պահանջներին (Ղեւտացոց 21։1; Թուոց 19։11, 16)։ Պարզ չէ՞ ուրեմն, որ Հիսուսն իր օրինակներում այնպիսի իրավիճակներ էր նկարագրում, որոնք ծանոթ էին իրեն լսողներին։
Եհովայի ստեղծագործություններից վերցված
16. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։
16 Հիսուսի մի շարք օրինակներից և առակներից երևում է, որ նա ծանոթ էր բույսերին, կենդանիներին և տեղի կլիմայական պայմաններին (Մատթէոս 6։26, 28–30; 16։2, 3)։ Որտեղի՞ց էր նա ձեռք բերել այդ գիտելիքները։ Գալիլեայում անցկացրած իր մանկության տարիներին նա անկասկած մեծ հնարավորություն էր ունեցել դիտելու Եհովայի ստեղծագործությունները։ Բացի այդ, Հիսուսը ծնվել էր «ամեն ստեղծուածներից առաջ», և երբ Եհովան ստեղծում էր բոլոր բաները, Հիսուսը նրա մոտ «ճարտարապետ» էր (Կողոսացիս 1։15, 16; Առակաց 8։30, 31)։ Մի՞թե ուրեմն զարմանալի է, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։ Տեսնենք, թե ուսուցանելիս ինչպես էր նա վարպետորեն օգտագործում իր այդ գիտելիքները։
17, 18. ա) Ինչպե՞ս են Յովհաննէսի 10–րդ գլխում արձանագրված խոսքերը ցույց տալիս, որ Հիսուսը ծանոթ էր ոչխարներին բնորոշ վարքագծին։ բ) Ի՞նչ են նկատել Աստվածաշնչում նկարագրվող վայրերն այցելած անհատները հովվի ու նրա հոտի միջև եղած կապվածության վերաբերյալ։
17 Յովհաննէս 10–րդ գլխում արձանագրված է Հիսուսի բերած ամենաազդեցիկ օրինակներից մեկը։ Այնտեղ իր հետևորդների հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները նա նմանեցնում է հովվի ու ոչխարների միջև գոյություն ունեցող հարաբերություններին։ Հիսուսի խոսքերից երևում է, որ նա լավ էր ծանոթ ընտանի կենդանիներին բնորոշ վարքագծին։ Նա նշեց, որ ոչխարները պատրաստակամորեն հնազանդվում են առաջնորդությանը և հավատարմորեն հետևում են իրենց հովվին (Յովհաննէս 10։2–4)։ Պետք է նշել, որ Աստվածաշնչում նկարագրվող այդ վայրերն այցելած մարդիկ նկատել են այն յուրահատուկ կապվածությունը, որ գոյություն ունի հովվի ու հոտի միջև։ 19–րդ դարում բնագետ Հ. Թրիսթրամը գրել է. «Մի անգամ դիտում էի, թե ինչպես է հովիվը խաղում իր հոտի հետ։ Նա ձևացրեց, թե փախչում է. ոչխարները վազեցին նրա ետևից ու շրջապատեցին նրան։.... Ի վերջո բոլոր ոչխարները մի շրջան կազմեցին և սկսեցին ցատկոտել նրա շուրջը»։
18 Ինչո՞ւ են ոչխարները հետևում իրենց հովվին։ «Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են»,— ասել է Հիսուսը (Յովհաննէս 10։4)։ Իրո՞ք այդպես է։ Ահա թե ինչ է գրում ականատես Ջորջ Սմիթը. «Երբեմն մեր հետճաշյա հանգիստը անցկացնում էինք հրեական ջրհորներից մեկի կողքին. սովորաբար նման ջրհորների մոտ հավաքվում են երեքից չորս հովիվներ՝ իրենց հոտերով։ Հոտերը խառնվում էին իրար։ Հարց էր առաջանում, թե հետո ինչպես հովիվները պիտի կարողանան տարբերել իրենց ոչխարներին և հավաքել իրենց հոտը։ Երբ ոչխարները ջուր էին խմում և խաղում էին, հովիվները մեկը մյուսի հետևից տարբեր կողմեր էին գնում, և նրանցից յուրաքանչյուրը իրեն հատուկ ձևով ձայն էր տալիս։ Ոչխարները սկսում էին առանձնանալ ընդհանուր խմբից, և նրանցից յուրաքանչյուրը գնում էր դեպի իր հովիվը։ Հոտերը հեռանում էին նույնքան կազմակերպված, որքան որ եկել էին» («The Historical Geography of the Holy Land»)։ Դժվար է գտնել ավելի լավ ձև, որով Հիսուսը կարող էր հասնել իր նպատակին։ Եթե մենք ընդունում ենք նրա ուսուցումներն ու հնազանդվում դրանց, և եթե հետևում ենք Հիսուսի առաջնորդությանը, ապա «բարի հովիւ[ը]» քնքշորեն և սիրով հոգ կտանի մեր մասին (Յովհաննէս 10։11)։
Իր ունկնդիրներին հայտնի դեպքերից վերցված
19. Սխալ պատկերացումը հերքելու նպատակով Հիսուսն ինչպե՞ս անդրադարձավ այդ կողմերում տեղի ունեցած մի դժբախտ պատահարի։
19 Ուսանելի օրինակ բերելու համար կարելի է օգտվել նաև ինչ–որ դեպքերից։ Մի անգամ Հիսուսն օգտագործեց այդ օրերին տեղի ունեցած մի միջադեպ՝ հերքելու համար այն սխալ պատկերացումը, թե դժբախտություն պատահում է նրանց, ովքեր արժանի են դրան։ Նա ասաց. «Այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր [մեղավոր] էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը» (Ղուկաս 13։4)։ Հիսուսը ցույց տվեց, որ կտրականապես դեմ է ֆատալիստական մտածողությանը։ Այդ 18 անհատները չէին զոհվել այն պատճառով, որ ինչ–որ մեղք էին գործել և դրանով զայրացրել Աստծուն։ Նրանց ողբերգական մահը հետևանք էր դիպվածի և պատահականության (Ժողովող 9։11)։ Այսպես՝ իր ունկնդիրներին հայտնի մի միջադեպ հիշատակելով՝ Հիսուսը կարողացավ հերքել մի կեղծ ուսմունք։
20, 21. ա) Ինչո՞ւ փարիսեցիները նախատեցին Հիսուսի աշակերտներին։ բ) Աստվածաշնչում նկարագրված ո՞ր դեպքի միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ Աստված երբեք մտադիր չի եղել, որպեսզի շաբաթի մասին օրենքը կիրառվի նման քարացած ձևով։ գ) Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
20 Ուսուցանելիս Հիսուսը նաև օգտվում էր Աստվածաշնչում նկարագրված դեպքերից։ Հիշենք, երբ փարիսեցիները նախատեցին նրա աշակերտներին շաբաթ օրը ցորենի հատիկներ քաղելու և դրանք ուտելու համար։ Իրականում աշակերտները խախտել էին ոչ թե Աստծո օրենքը, այլ փարիսեցիների խիստ հորինվածքներն այն մասին, թե ինչ չի կարելի անել շաբաթ օրը։ Ցույց տալու համար, որ Աստված երբեք մտադիր չի եղել, որպեսզի շաբաթի մասին օրենքը կիրառվի նման քարացած ձևով, Հիսուսը հիշատակեց մի դեպք, որն արձանագրված է Ա Թագավորաց 21։3–6–ում։ Դա այն դեպքն էր, երբ քաղցած Դավիթն ու նրա զինակիցները խորանից վերցրին ու կերան առաջավորության հին հացերը։ Սովորաբար հին հացերը տրվում էին քահանաներին։ Դավիթի քայլը, սակայն, թելադրված էր հանգամանքներով։ Ուստիև վերջինս չնախատվեց այդ հացերը ուտելու համար։ Ուշադրության է արժանի նաև այն, որ դա Աստվածաշնչում հիշատակված միակ դեպքն է այն մասին, որ առաջավորության հացերը կերել են քահանա չհանդիսացող անհատներ։ Հիսուսը կարողացավ կիրառել հենց այն արձանագրությունը, որը տեղին էր։ Բացի այդ, նրա հրեա ունկնդիրները անկասկած ծանոթ էին այդ դեպքին (Մատթէոս 12։1–8)։
21 Ինչ խոսք, Հիսուսը մեծ ուսուցիչ էր։ Չի կարելի չհիանալ կարևոր ճշմարտությունները ունկնդիրների սրտին հասցնելու նրա անզուգական ունակությամբ։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Հիսուսը օրինակներ բերելիս օգտվում էր տարբեր ձևերից՝ պատկերավորումներ, համեմատություններ, փոխաբերություններ, այլաբանություններ։ Նա հայտնի էր նաև իր առակներով՝ կարճ, սովորաբար հորինված պատմություններով, որ լուսաբանում են բարոյական կամ հոգևոր որևէ ճշմարտություն։
b Երուսաղեմը գտնվում էր Երիքովից ավելի բարձր դիրքում։ Ուստի այնտեղից Երիքով գնալու համար (առակում խոսվում է այդ մասին) ճանապարհորդը պիտի «իջներ»։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ էր Հիսուսը ուսուցանելիս խոսում օրինակներով։
• Ո՞ր դեպքերից է երևում, որ Հիսուսի օրինակները հասկանալի էին իր առաջին դարի ունկնդիրներին։
• Ինչպե՞ս էր Հիսուսը օրինակ բերելիս վարպետորեն օգտվում Եհովայի ստեղծագործությունների մասին իր գիտելիքներից։
• Ինչպե՞ս էր Հիսուսն օգտագործում իր ունկնդիրներին ծանոթ դեպքերը։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Հիսուսը պատմեց մի ծառայի մասին, որը չէր ներել մի փոքր պարտք, և մի հոր մասին, որը ներել էր իր որդուն, թեև վերջինս վատնել էր իր բաժին ժառանգությունը
[նկար 16–րդ էջի վրա]
Ո՞րն էր բարի սամարացու մասին Հիսուսի առակի նպատակը
[նկար 17–րդ էջի վրա]
Իրո՞ք ոչխարները ճանաչում են իրենց հովվի ձայնը