Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 1/1 էջ 5–9
  • Հիսուսի Ծնունդի իրական պատմությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի Ծնունդի իրական պատմությունը
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաղորդագրություններն արձանագրելու նպատակը
  • Հիսուսի ծնունդը Բեթլեհեմում
  • Եհովան իր շնորհն է տալիս խոնարհությամբ ճշմարտությունը փնտրողներին
  • Երեխային վտանգ է սպառնում
  • Քրիստոսի ծնունդն ի՞նչ նշանակություն ունի քեզ համար
  • Դասեր՝ Հիսուսի ծննդյան պատմությունից
    2002 Դիտարան
  • Արդյոք մանուկ Հիսուսին այցելե՞լ են երեք մոգեր
    2009 Դիտարան
  • Որտե՞ղ և ե՞րբ է ծնվում Հիսուսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուս. որտեղից է եկել
    2011 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 1/1 էջ 5–9

Հիսուսի Ծնունդի իրական պատմությունը

ՁԵՐ երկրի պատմությունից հայտնի մի իրադարձություն մտաբերեք, որը փաստացի իրողություն է և արձանագրված է մի քանի պատմագիրների կողմից։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կպատահի, եթե որևէ մեկն ասի ձեզ, որ այդ իրադարձությունը երբեք տեղի չի ունեցել և որ այն զուտ առասպել է։ Կամ վերցնենք մի բան, որն անձամբ ձեզ հետ է կապված. ինչ–որ մեկը պնդում է, թե շատ բաներ, ինչ պատմել են ձեր հարազատները ձեր պապի ծննդյան և երիտասարդ տարիների մասին, սխալ են։ Հավանաբար երկու դեպքում էլ նման պնդումը կարող է վրդովել ձեզ, և այդ պնդումները հազիվ թե ընդունեք։

Սակայն այսօր քննադատները, որպես կանոն, հերքում են Հիսուսի ծնունդի մասին Ավետարանի հաղորդագրությունները, որոնք արձանագրվել են Մատթեոսի և Ղուկասի կողմից։ Նրանք պատճառաբանում են, թե դրանք ծայրաստիճան անհետևողական են ու իրար հակասող, թե երկուսն էլ բացահայտ կեղծիք և պատմական կոպիտ սխալներ են պարունակում։ Սակայն կարո՞ղ է դա այդպես լինել։ Նման մեղադրանքներին հավանություն տալու փոխարեն՝ եկեք քննարկենք Ավետարանի հաղորդագրությունները զուտ մեզ համար։ Եվ քննարկման ընթացքում նկատի առնենք, թե ի՞նչ են դրանք սովորեցնում մեզ այսօր։

Հաղորդագրություններն արձանագրելու նպատակը

Նախ և առաջ՝ հարկավոր է տեղեկանալ աստվածաշնչային այս հաղորդագրություններն արձանագրելու նպատակի մասին։ Դրանք կենսագրությունների հավաքածուներ չեն. այդ հաղորդագրություններն Ավետարաններ են։ Դրանք իրարից տարբերելը կարևոր է։ Կենսագրության դեպքում հեղինակը կարող է հարյուրավոր էջեր լրացնել, որպեսզի ցույց տա, թե նկարագրվող անձն ինչպես է հասել բոլորին հայտնի դարձած իր համբավին։ Շատ կենսագիրներ, անհաշիվ էջեր սևացնելով, փորձում են մանրամասնորեն բացահայտել տվյալ անձի ազգաբանությունը, ծնունդը և մանկությունը։ Սակայն Ավետարանների պարագան այլ է։ Չորս ավետարանագիրներից միայն երկուսը՝ Մատթեոսն ու Ղուկասն են նկարագրում Հիսուսի ծնունդն ու մանկությունը։ Սակայն նրանք մտադիր չէին ցույց տալու, թե ինչպես էր Հիսուսը այդպիսի անձնավորություն դարձել։ Հիշենք, որ Հիսուսի հետևորդներն ընդունում էին, որ նա մինչև երկիր գալը գոյություն էր ունեցել որպես հոգևոր արարած (Յովհաննէս 8։23, 58)։ Ուստի Մատթեոսի և Ղուկասի մոտեցումն այլ էր։ Նրանք պատմում են միայն այն դեպքերը, որոնք համապատասխանում են իրենց Ավետարանների նպատակին։

Ուրեմն ի՞նչ նպատակով նրանք արձանագրեցին Ավետարանները։ «Ավետարան» բառը նշանակում է «բարի լուր»։ Երկու արձանագրողներն էլ նույն պատգամն էին հաղորդում, որն է՝ Հիսուսը խոստացյալ Մեսիան է կամ՝ Քրիստոսը. նա մահացել է մարդկության մեղքերի համար. նա հարություն է առել և երկինք համբարձվել։ Սակայն երկու արձանագիրներն էլ իրենց ծագումով տարբեր միջավայրից էին և գրել են տարբեր ընթերցողների համար։ Մատթեոսը, որը նախկինում հարկահավաք էր, իր հաղորդագրությունն արձանագրել է հիմնականում հրեա ընթերցողների համար։ Իսկ Ղուկասը բժիշկ էր և գրեց նախ՝ ‘գերազանց Թեոփիլեի’, որը, հավանաբար, ինչ–որ հեղինակավոր դիրք ուներ, ապա՝ հրեա և ոչ հրեա ընթերցողների ավելի լայն շրջանի համար (Ղուկաս 1։1—3)։ Արձանագիրներից յուրաքանչյուրն ընտրել է այն դեպքերը, որոնք նշանակալից և համոզիչ էին իր ընթերցողների համար։ Այսպես՝ Մատթեոսի հաղորդագրությունը ընդգծում է Եբրայերեն գրությունների մարգարեությունները, որոնք կատարվել էին Հիսուսի վրա։ Իսկ Ղուկասը գրում է պատմագրական, ավելի դասական ոճով, որին ծանոթ էին իր հաղորդագրության ոչ հրեա ընթերցողները։

Զարմանալի չէ, որ նրանց արձանագրությունները տարբերվում են իրարից։ Սակայն դրանցից ոչ մեկը չի հակասում մյուսին, ինչպես պնդում են քննադատները։ Դրանք լրացնում են միմյանց, միաձուլվում՝ դեպքերի ընդհանուր պատկերը կազմելով։

Հիսուսի ծնունդը Բեթլեհեմում

Ե՛վ Մատթեոսը, և՛ Ղուկասը արձանագրել են մի մեծ հրաշքի մասին, որը կապված է Հիսուսի ծննդյան հետ, այն է՝ Հիսուսը կույսից է ծնվել։ Մատթեոսը ցույց է տալիս, որ այս հրաշքը դարեր առաջ Եսայիայի կողմից նախագուշակվածի կատարումն է (Եսայիա 7։14; Մատթէոս 1։22, 23)։ Իսկ Ղուկասը տեղեկացնում է, որ Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում։ Հովսեփն ու Մարիամը ստիպված եղան ճամփորդել Բեթլեհեմ, քանի որ կայսրը հրամայել էր բոլորին մարդահամար անցնել (տեսեք 7–րդ էջի շրջանակը)։ Այն իրողությունը, որ Հիսուսը Բեթլեհեմում է ծնվել, շատ կարևոր է։ Դրանից դարեր առաջ Միքիա մարգարեն նախագուշակել էր, որ Մեսիան պետք է դուրս գար Երուսաղեմի մոտ գտնվող այդ սակավամարդ քաղաքից (Միքիա 5։2)։

Հիսուսի ծննդյան գիշերը Սուրբ Ծնունդին վերաբերող պատկերաքանդակների հիմնական նյութն է դարձել։ Սակայն այն, ինչը հաճախ ներկայացվում է որպես Հիսուսի ծնունդ, ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Պատմագիր Ղուկասը, որը խոսում է մարդահամարի մասին, ինչի պատճառով Հովսեփն ու Մարիամը հայտնվեցին Բեթլեհեմում, նաև տեղեկացնում է, որ հովիվներն իրենց հոտերի հետ միասին այդ նշանավոր գիշերը բաց երկնքի տակ են անցկացրել։ Այս երկու հանգամանքներն Աստվածաշնչի բազում հետազոտողների հանգեցրել են այն եզրակացության, որ Հիսուսը չէր կարող դեկտեմբերին ծնված լինել։ Նրանք անհավանական են համարում այն, որ կայսրը կարող էր ստիպել դյուրաբորբոք հրեաներին տարվա այդ ցուրտ ու անձրևոտ եղանակին գնալ իրենց հայրենի քաղաքները, ինչը ավելի կբորբոքեր առանց այդ էլ անհնազանդ ժողովրդին։ Գիտնականները նույնպես նշում են, որ հավանականությունը քիչ է այն բանի, թե հովիվներն իրենց հոտերի հետ այդ ցուրտ եղանակին բացօթյա վայրում կմնային (Ղուկաս 2։8—14)։

Ուշադրություն դարձրեք, որ Եհովան նախընտրեց իր Որդու ծննդյան լուրը հաղորդել ոչ թե այն օրերի կիրթ և ազդեցիկ կրոնական առաջնորդներին, այլ հասարակ, ծանր աշխատանք կատարող մարդկանց։ Դպիրներն ու փարիսեցիները հավանաբար անտեսում էին հովիվներին, որոնց աշխատաժամերը թույլ չէին տալիս նրանց պահել բանավոր օրենքի որոշ կանոններ։ Սակայն Աստված այս հեզ, հավատարիմ անհատներին մեծ պատվի արժանացրեց, երբ հրեշտակներ ուղարկեց նրանց մոտ՝ տեղեկացնելու, որ Բեթլեհեմում ծնվել էր Մեսիան, որին արդեն հազարավոր տարիներ սպասում էր Աստծո ժողովուրդը։ Հենց այս մարդիկ էին, որ այցելեցին Մարիամին ու Հովսեփին և տեսան մսուրի մեջ պառկած մանկանը, և ոչ թե «երեք թագավորները», որոնք հաճախակի պատկերվում են Հիսուսի ծնունդը նկարագրող պատկերաքանդակների վրա (Ղուկաս 2։15—20)։

Եհովան իր շնորհն է տալիս խոնարհությամբ ճշմարտությունը փնտրողներին

Աստված իր շնորհը տալիս է հեզ անհատներին, ովքեր սիրում են իրեն և մեծապես հետաքրքրվում իր նպատակների իրականացումով։ Դա երևում է Հիսուսի ծննդյան հետ կապված իրադարձություններից։ Երեխայի ծննդից մեկ ամիս անց Հովսեփն ու Մարիամը, համաձայն Մովսիսական օրենքի, նրան տաճար տարան Աստծուն ներկայացնելու՝ «մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ» զոհաբերելով (Ղուկաս 2։22—24)։ Մովսիսական օրենքով իսրայելացիներից գառ էր պահանջվում, սակայն չքավոր լինելու դեպքում այն թույլատրում էր ավելի էժան զոհեր մատուցել (Ղեւտացոց 12։1—8)։ Խորհեք այս մասին. Տիեզերքի Գերիշխան Եհովա Աստված ընտրեց ոչ թե հարուստ, այլ մի աղքատ ընտանիքի, որտեղ պետք է մեծանար իր սիրելի, միածին Որդին։ Ծնողների համար լավ հիշեցում կարող է լինել հետևյալ միտքը՝ ամենաթանկ նվերը, որ կարող են տալ ծնողներն իրենց երեխաներին, ընտանեկան այն մթնոլորտն է, որտեղ առաջին տեղում հոգևոր բաներն են, ինչը շատ ավելի թանկ է, քան նյութական ապահովությունը և պատվավոր կրթությունը։

Տաճարում Եհովան պատվի արժանացրեց ուրիշ երկու հավատարիմ և խոնարհ երկրպագուների։ Նրանցից մեկը ութսունչորսամյա այրի Աննան էր, որը «չէր հեռանում տաճարից» (Ղուկաս 2։36, 37)։ Իսկ մյուսը Սիմեոն անունով մի հավատարիմ, ծեր մարդ էր։ Նրանց երկուսին էլ հուզել էր Աստծո տված առանձնաշնորհումը՝ մահից առաջ իրենց աչքերով տեսնել այն մեկին, ով պետք է լիներ խոստացյալ Մեսիան։ Սիմեոնն արտասանեց երեխայի վրա կատարվելիք մի մարգարեություն, որը լի էր հույսով, միևնույն ժամանակ՝ փոքր–ինչ տխրությամբ։ Նա կանխագուշակեց, որ երիտասարդ մայրը՝ Մարիամը, օրերից մի օր իր սիրելի որդու համար մեծ վիշտ է կրելու (Ղուկաս 2։25—35)։

Երեխային վտանգ է սպառնում

Սիմեոնի կանխագուշակությունը մի տխուր հիշեցում էր այն մասին, որ այս անմեղ մանուկը պետք է ատելության առարկա դառնար։ Այդ ատելությունն արդեն առկա էր, երբ նա դեռ մանուկ էր։ Մատթեոսի արձանագրությունը մանրամասնորեն ցույց է տալիս այդ ատելության դրսևորումը։ Մի քանի ամիս էր անցել, ինչ Հովսեփը, Մարիամն ու Հիսուսը բնակվում էին Բեթլեհեմում։ Անսպասելիորեն նրանց այցելում են մի քանի օտարերկրացիներ։ Մատթեոսը հատուկ չի նշում այցելուների թիվը և նրանց չի կոչում «իմաստուն մարդիկ», ոչ էլ «երեք թագավորներ», հակառակ այն բանին, որ բազում պատկերաքանդակներ Քրիստոսի ծնունդն այդպես են ներկայացնում։ Նա գործածում է հունարեն «մագոյ» բառը, որը նշանակում է «աստղագուշակներ»։ Միայն այս մանրամասնությունն ինքնին ընթերցողին միտք է ներշնչում, որ ինչ–որ չար բան է կատարվում այստեղ, քանի որ Աստծո Խոսքը դատապարտում է աստղագուշակությունը, և հավատարիմ հրեաները բարեխղճորեն խուսափում էին դրանից (Բ Օրինաց 18։10—12; Եսայիա 47։13, 14)։

Այս աստղագուշակները հետևում են արևելքում տեսած աստղին և նվերներ բերում ‘հրեաների արքայի համար, որ ծնվեց’ (Մատթէոս 2։2)։ Սակայն աստղը նրանց չի առաջնորդում դեպի Բեթլեհեմ, այլ տանում է Երուսաղեմ՝ Հերովդես Առաջինի մոտ։ Ոչ ոք չուներ այնպիսի հնարավորություն և շարժառիթ՝ վնասելու փոքրիկ Հիսուսին, ինչպես Հերովդես Առաջինը։ Այս փառասեր, դաժան մարդը սպանել էր իր ընտանիքի որոշ անդամների, ում վտանգավոր էր համարել իր աթոռի համար։a «Հրեաների արքայի» ծննդյան լուրը լսելով՝ թագավորն անհանգստանում է և աստղագուշակներին ուղարկում Բեթլեհեմ՝ նրան գտնելու նպատակով։ Մինչ նրանք ճամփորդում են, մի տարօրինակ բան է պատահում։ Թվում է, թե իրենց առաջնորդող «աստղը» շարժվում է (Մատթէոս 2։1—9)։

Այժմ մենք չենք կարող իմանալ երկնքում երևացածն իրականում լույս էր, թե՝ պարզապես տեսիլք։ Բայց մենք ստույգ գիտենք, որ այդ «աստղն» Աստծուց չէր։ Չարագործ դիպուկությամբ «աստղը» հեթանոս աստղագուշակներին առաջնորդում է ճիշտ դեպի Հիսուսը, դեպի անզոր և խոցելի մի երեխայի մոտ, ում պաշտպաններն ընդամենը աղքատ ատաղձագործն ու նրա կինն են։ Աստղագուշակներն անտեղյակ են, որ խաբված են Հերովդեսի կողմից. նրանք, հավանաբար, պատրաստվում են ետ վերադառնալ վրիժառու միապետի մոտ և պատմել նրան նորածնի գտնվելու վայրի մասին, ինչն անպատճառ կառաջնորդեր երեխայի կործանմանը։ Սակայն Աստված միջամտում է երազի միջոցով և ուրիշ ճանապարհով նրանց ուղարկում իրենց երկիրը։ Ի՜նչ ծիծաղելի է, որ Քրիստոսի ծննդյան վերաբերյալ պատկերաքանդակներում «աստղն» ու աստղագուշակները ներկայացվում են որպես Աստծո կողմից ուղարկվածներ (Մատթէոս 2։9—12)։

Այդքանից հետո Սատանան չի հանձնվում։ Որպես գործիք Սատանայի ձեռքում՝ Հերովդեսը հրամայում է սպանել մինչև երկու տարեկան բոլոր երեխաներին։ Սակայն Սատանան չի կարող հաղթել Եհովային։ Մատթեոսը տեղեկացնում է, որ Աստված նույնիսկ անմեղ մանուկների այս կոտորածը վաղուց էր կանխագուշակել։ Եհովան կրկին հակազդում է Սատանայի փորձերին՝ հրեշտակի միջոցով Հովսեփին պատվիրելով ապահովության համար Եգիպտոս փախչել։ Մատթեոսը գրում է, որ որոշ ժամանակ անց Հովսեփը դարձյալ իր սակավանդամ ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Նազարեթ և վերջնականապես բնակություն հաստատում այնտեղ, որտեղ էլ մեծանում է Հիսուսը իր կրտսեր եղբայրների և քույրերի հետ (Մատթէոս 2։13—23; 13։55, 56)։

Քրիստոսի ծնունդն ի՞նչ նշանակություն ունի քեզ համար

Հիսուսի ծննդյան և մանկության մասին եղած այս իրողությունները զարմացնո՞ւմ են ձեզ։ Բանն այն է, որ շատերին զարմացնում են։ Նրանց ապշեցնում է այս հաղորդագրությունների ներդաշնակությունը և ճշգրտությունը, թեպետ ոմանք հակառակն են պնդում։ Նրանց նաև զարմացնում է այն, որ այդ իրադարձություններից մի քանիսը նախագուշակվել են կատարվելուց դեռևս հարյուրավոր տարիներ առաջ։ Նաև, որ Քրիստոսի ծննդի մասին ավանդական պատմությունները և պատկերաքանդակներում ներկայացված շատ մանրամասներ մի շարք կարևոր հանգամանքներով զգալիորեն տարբերվում են Ավետարանների արձանագրություններից։

Մի գուցե անսպասելին այն է, որ Սուրբ Ծնունդի ավանդական ծիսակատարությունների մեծամասնությունն անտեսում է Ավետարանների պատմության կարևոր կետերը։ Օրինակ՝ շատ քիչ ուշադրություն է դարձվում Հիսուսի Հորը՝ ոչ թե Հովսեփին, այլ՝ Եհովա Աստծուն։ Մի պահ պատկերացրեք վերջինիս ապրումները, երբ նա Հովսեփին ու Մարիամին վստահեց իր սիրելի Որդու դաստիարակությունն ու խնամքը։ Պատկերացրեք երկնային Հոր հոգեվիճակը, երբ նա թույլ տվեց, որ իր Որդին մեծանա մի աշխարհում, որտեղ ատելությամբ լի մի թագավոր ծրագրելու էր նրա սպանությունը՝ նույնիսկ իր մանուկ եղած ժամանակ։ Մարդկության հանդեպ Եհովայի տածած անսահման սերն էր, որ դրդեց նրան նման զոհաբերություն կատարելու (Յովհաննէս 3։16)։

Իրական Հիսուսը Սուրբ Ծնունդի սովորությունների հետ ոչ մի կապ չունի։ Որևէ արձանագրություն չկա այն մասին, թե նա հայտնել է աշակերտներին իր ծննդյան ամսաթիվը և ոչ էլ որևէ նշում կա, թե իր հետևորդները տոնել են իր ծննդյան օրը։

Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց հիշել ոչ թե իր ծնունդը, այլ մահը՝ որպես մի իրադարձություն, որն ազդեցություն էր թողնելու ողջ մարդկության պատմության վրա (Ղուկաս 22։19, 20)։ Հիսուսը չէր կամենում, որ իրեն հիշեին որպես մսուրի մեջ պառկած անզոր երեխայի, քանի որ նա այլևս այդպիսին չէ։ Մահապատժից ավելի քան 60 տարի անց Հիսուսը տեսիլքում երևաց Հովհաննես առաքյալին հզոր Թագավորի տեսքով, որը ձիավարում էր դեպի պատերազմ (Յայտնութիւն 19։11—16)։ Այսօր Հիսուսին մենք պետք է ճանաչենք Աստծո երկնային Թագավորության կառավարչի դերում, քանի որ նա մի Թագավոր է, որը փոխելու է աշխարհը։

[ծանոթագրություն]

a Օգոստոս կայսրը մինչև անգամ նշել է, որ Հերովդեսի խոզերն իրենց ավելի ապահով կարող էին զգալ, քան որդիները։

[շրջանակ/նկարներ 7–րդ էջի վրա]

Արդյոք Ղուկասը սխալվո՞ւմ էր

ԻՆՉՊԵ՞Ս կարող էր պատահել, որ Հիսուսը ծնված լիներ Բեթլեհեմում, երբ նա մեծացել էր Նազարեթում, որը մոտ 150 կմ հեռավորության վրա էր գտնվում Բեթլեհեմից, նաև երբ նա հայտնի էր Նազովրեցի անունով։ Ղուկասը բացատրում է. «Այն օրերին [Հիսուսի ծնունդից առաջ] Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եվ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում» (Ղուկաս 1։1; 2։1—3)։

Քննադատները բացահայտորեն մերժում են Գրությունների այս հատվածը՝ կոպիտ սխալ կամ, դեռ ավելին, հորինվածք համարելով։ Նրանք պնդում են, որ Կյուրենիոսի կուսակալությունն ու այս մարդահամարը տեղի են ունեցել մ.թ. 6 թ.–ին կամ 7 թ.–ին։ Եթե նրանք ճիշտ են, ապա լուրջ կասկածանքի է ենթարկվում Ղուկասի հաղորդագրությունը, որով փաստվում է, թե Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 2 թ.–ին։ Բայց քննադատներն անտեսում են երկու որոշիչ փաստ։ Առաջինը՝ նկատեք, որ Ղուկասն ասում է «այս առաջին մարդահամարը», ուրեմն ընդունում է, որ տեղի են ունեցել մեկից ավելի մարդահամարներ։ Նա քաջատեղյակ էր ուրիշ, հետագայում տեղի ունեցած մարդահամարին (Գործք 5։37)։ Պատմագիր Հովսեպոսը հիշատակում է հենց այս մարդահամարի մասին, որը տեղի է ունեցել մ.թ. 6 թ.–ին։ Երկրորդ՝ այն, որ Հիսուսը ծնվել է Կյուրենիոսի կուսակալության օրոք, չի նշանակում, որ դա տեղի է ունեցել այդ ավելի ուշ թվականին։ Ինչո՞ւ։ Որովհետև, տեղեկությունների համաձայն, Կյուրենիոսը երկու անգամ էր կուսակալի պաշտոն ստանձնել։ Շատ գիտնականներ ընդունում են, որ նրա առաջին կուսակալության տարիների մեջ էր ընկնում մ.թ. 2 թ.–ը։

Որոշ քննադատներ այն կարծիքին են, որ Ղուկասը հորինել է մարդահամարի գաղափարը՝ Հիսուսի՝ Բեթլեհեմում ծնվելու հիմքեր ստեղծելու նպատակով, քանի որ Հիսուսի այնտեղ ծնվելով կատարվում էր Միքիա 5։2–ում արձանագրված մարգարեությունը։ Նման ենթադրությունը Ղուկասին ստախոս է ներկայացնում, սակայն ոչ մի քննադատ չի կարող այդ պնդումը համապատասխանեցնել պատմագրի մանրակրկիտության հետ, որը գրել է Ավետարանը և «Գործք» գիրքը։

Նրանք չեն կարող նաև մեկնաբանել հետևյալը՝ մարդահամարով կատարվում է ևս մի մարգարեություն։ Մ.թ.ա. 6–րդ դարում Դանիելը մարգարեացել էր ոմն կառավարչի մասին, ով «կ’ուղարկէ հարկապահանջին թագաւորութեան փառքով»։ Արդյոք այս խոսքերը վերաբերո՞ւմ են Օգոստոս կայսրին և Իսրայելում մարդահամար անցկացնելու նրա հրամանին։ Մարգարեությունը շարունակում է բացահայտել, որ այդ կառավարչին հաջորդող կայսեր օրոք «կ’կոտրուի» «ուխտի իշխանը»՝ Մեսիան։ Իսկ Հիսուսը «կոտրվեց», այսինքն՝ սպանվեց հենց Օգոստոսին հաջորդող Տիբերիոսի կառավարության օրոք (Դանիէլ 11։20—22)։

[նկարներ]

Օգոստոս կայսր (մ.թ.ա. 27 — մ.թ. 14)

Տիբերիոս կայսր (մ.թ. 14—37)

[թույլտվությամբ]

Musée de Normandie, Caen, France

Photograph taken by courtesy of the British Museum

[նկար 8–րդ էջի վրա]

Եհովայի հրեշտակը մեծ պատվի արժանացրեց խոնարհ հովիվներին՝ հայտնելով Քրիստոսի ծննդյան ցնծալի լուրը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը