Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 8/1 էջ 26–30
  • Դու «հարո՞ւստ ես Աստծու աչքին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դու «հարո՞ւստ ես Աստծու աչքին»
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդը խնդրի առջև էր կանգնած
  • Ինչո՞ւ «անխոհեմ» կոչվեց
  • Հարուստ լինենք Աստծու աչքին
  • Ինչպես հարուստ լինենք Աստծու աչքին
  • Ի՞նչն է իսկապես արժեքավոր
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ովքե՞ր էին հարուստ մարդն ու Ղազարոսը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Արդյոք ձեր ծրագրերը ներդաշնա՞կ են Աստծու նպատակներին
    2008 Դիտարան
  • Հարուստն ու Ղազարոսը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
2007 Դիտարան
w07 8/1 էջ 26–30

Դու «հարո՞ւստ ես Աստծու աչքին»

«Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (ՂՈՒԿԱՍ 12։21)։

1, 2. ա) Հանուն ինչի՞ են մարդիկ պատրաստ գնալու մեծ զոհողությունների։ բ) Ի՞նչ դժվարության և վտանգի են բախվում մարդիկ այսօր։

«ԳԱՆՁԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ» խաղը միայն երեխաները չեն խաղում։ Այն «խաղում» են նաև մեծերը։ Դարեր շարունակ աշխարհի ամենատարբեր մասերում մարդիկ գանձեր են որոնել։ Օրինակ՝ 19–րդ դարում ոսկու տենդը աշխարհի հեռավոր վայրերից մարդկանց բերում էր Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Կանադա և Միացյալ Նահանգներ։ Նրանք պատրաստ էին թողնելու իրենց տներն ու հարազատներին և գնալ օտար ու երբեմն անհյուրընկալ վայրեր։ Մեր օրերում թեև մարդկանց մեծամասնությունը բառացիորեն գանձեր չի որոնում, սակայն շատերը նույնպես պատրաստ են վտանգելու իրենց կյանքը և գնալու մեծ զոհողությունների, որպեսզի ձեռք բերեն երազած հարստությունը։

2 Անգամ եթե մարդը հարստության չի ձգտում, այսօր նա պետք է եռանդորեն աշխատի, որպեսզի ապրուստ վաստակի։ Իրերի ներկա համակարգում կենսամիջոցներ հայթայթելը, ինչ խոսք, հեշտ չէ։ Անհատը պետք է սնվի, հագնվի, կացարան ունենա, և այս ամենն ապահովելու հոգսերով տարված՝ գուցե անտեսի և նույնիսկ մոռանա ավելի կարևոր բաները (Հռոմեացիներ 14։17)։ Հիսուսը պատմեց մի առակ, որում ընդգծվում է մարդու այս հակումը։ Այն գրված է Ղուկաս 12։16–21-ում։

3. Համառոտ պատմիր Հիսուսի՝ Ղուկաս 12։16–21-ում գրված առակը։

3 Հիսուսն իր առակը պատմեց այն նույն ժամանակ, երբ խոսում էր ագահությունից զգուշանալու մասին (այս հարցը մանրամասն քննարկեցինք նախորդ հոդվածում)։ Ագահությունից զգուշացնելուց հետո նա պատմեց մի հարուստ մարդու մասին, որը գոհ չէ բարիքներով լի իր ամբարների մեծությունից։ Այդ մարդն ուզում է քանդել դրանք, որպեսզի կառուցի ավելի մեծերը ու ավելի շատ բարիք տեղավորի։ Հենց որ նա սկսում է մտածել, որ արդեն կարող է հանգստանալ ու վայելել կյանքը, Աստված նրան ասում է, որ նրա կյանքը մոտեցել է ավարտին, և նրա դիզած բոլոր բարիքներին կտիրանա մեկ ուրիշը։ Այնուհետև Հիսուսը եզրափակեց. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկաս 12։21)։ Ի՞նչ կարող ենք սովորել այս առակից, և ինչպե՞ս կարող ենք մեր սովորածը կիրառել կյանքում։

Մարդը խնդրի առջև էր կանգնած

4. Ինչպիսի՞ անձնավորություն կարելի է համարել Հիսուսի պատմած առակի մարդուն։

4 Հիսուսի պատմած առակը շատերին է հայտնի։ Նա այս պատմությունը սկսում է՝ պարզապես ասելով. «Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց»։ Հիսուսը չասաց, թե այդ մարդը իր ունեցվածքը ստացել էր խաբեությամբ կամ անօրինական ճանապարհով։ Այլ խոսքով՝ նա չի ներկայացվում որպես վատ անձնավորություն։ Հիսուսի խոսքերից տրամաբանական է եզրակացնել, որ հարուստը բավական ջանք էր թափել արդյունք ստանալու համար։ Համենայն դեպս, կարելի է ասել, որ նա որոշակի պլաններ էր կազմում ապագայի համար և բարիք էր կուտակում՝ հավանաբար, իր ընտանիքի բարօրությունն ի մտի ունենալով։ Այսպիսով՝ ինչ–որ մեկը կարող է մտածել, որ այդ մարդը աշխատասեր էր և լրջորեն էր մոտենում իր պարտականություններին։

5. Ի՞նչ խնդրի առջև էր կանգնած հարուստ մարդը։

5 Այդուհանդերձ, Հիսուսն այդ անհատին կոչեց հարուստ մարդ՝ նկատի ունենալով, որ նա արդեն շատ նյութական բարիքներ ուներ։ Բայց Հիսուսը նշեց, որ հարուստը մի խնդիր ուներ. նրա հողը ակնկալածից ավելի շատ բերք էր տվել։ Դա ավելին էր, քան նրան պետք էր, և բացի այդ, նա ի վիճակի չէր այն տեղավորելու իր ամբարներում։ Ի՞նչ պիտի աներ հարուստը։

6. Աստծու ծառաներից շատերն այսօր ի՞նչ որոշում պետք է կայացնեն։

6 Եհովայի բազմաթիվ ծառաներ այսօր ընկնում են այնպիսի իրավիճակների մեջ, որոնք շատ նման են հարուստ մարդու իրավիճակին։ Ճշմարիտ քրիստոնյաները ջանում են լինել ազնիվ, ջանասեր և բարեխիղճ (Կողոսացիներ 3։22, 23)։ Անկախ այն բանից՝ իրենք աշխատում են մեկի մոտ, թե հենց իրենք են գործատեր՝ նրանք հաճախ հաջողությունների են հասնում, իսկ երբեմն էլ ստացված արդյունքները գերազանցում են նրանց բոլոր սպասելիքները։ Երբ առաջարկում են պաշտոնի բարձրացում, կամ գործարարության նոր հնարավորություններ են բացվում, այդ քրիստոնյաները որոշում կայացնելու առջև են կանգնում։ Ընդունե՞լ առաջարկը։ Ընդլայնե՞լ բիզնեսը։ Շատ երիտասարդ Վկաներ էլ մեծ հաջողությունների են հասնում դպրոցում։ Նրանց գուցե առաջարկեն ուսումը անվճար շարունակել հեղինակավոր կրթօջախներում։ Ի՞նչ կանեն նրանք։ Կվարվե՞ն այնպես, ինչպես ուրիշները։ Կընդունե՞ն առաջարկը։

7. Հարուստ մարդը որոշեց ինչպե՞ս լուծել իր խնդիրը։

7 Վերադառնանք Հիսուսի առակին։ Ի՞նչ արեց հարուստ մարդը, երբ նրա հողն առատ բերք տվեց, այնքան շատ, որ ամբարելու տեղ չկար։ Նա որոշեց քանդել ամբարները և ավելի մեծերը կառուցել, որպեսզի տեղ լինի ամբողջ ցորենի ու բոլոր բարիքների համար։ Ըստ երևույթին, այսպես մտածելով՝ նա իրեն ապահով ու բավարարված զգաց։ Նա խորհեց. «Իմ հոգուն կասեմ. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»» (Ղուկաս 12։19)։

Ինչո՞ւ «անխոհեմ» կոչվեց

8. Հարուստը ո՞ր կարևոր հանգամանքը հաշվի չէր առել։

8 Ինչպես Հիսուսը ցույց տվեց, այդ հարուստ մարդու ծրագրերը ընդամենը ապահովության կեղծ զգացում էին ներշնչում նրան։ Նրան իր մտադրությունը գուցեև իրատեսական էր թվում, սակայն նա հաշվի չէր առել մի կարևոր հանգամանք՝ Աստծու կամքը։ Այդ մարդը միայն իր մասին էր մտածում, թե ինչպես հանգստանա, ուտի, խմի և վայելի։ Նա կարծում էր, որ եթե «շատ բարիքներ ունենա», ապա «շատ տարիների» կյանք էլ կունենա։ Սակայն, ի դժբախտություն նրա, այդ մտադրությունը չիրականացավ։ Հենց սա նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Այդ մարդու թափած բոլոր ջանքերը զուր էին, քանի որ այն նույն գիշերը Աստված նրան ասաց. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից։ Ուստի ո՞ւմը կլինեն քո դիզած բաները» (Ղուկաս 12։20)։

9. Առակի մարդն ինչո՞ւ է կոչվում անխոհեմ։

9 Այժմ քննարկենք Հիսուսի պատմած առակի գլխավոր միտքը։ Աստված այդ մարդուն անվանեց անխոհեմ։ Հունարեն Գրությունների մի բացատրական բառարանում ասվում է, որ «անխոհեմ» թարգմանված հունարեն բառի զանազան ձևերը «միշտ նշանակում են հասկացողության պակաս»։ Նշվում է, որ առակում Աստված այդ բառով բացահայտում է «հարուստ մարդու պլանների անմտությունը»։ Այդ բառը վերաբերում է ոչ թե այն մարդուն, ով չունի խելք, այլ «նրան, ով չի ընդունում, որ ինքն Աստծուց կախում ունի» («Exegetical Dictionary of the New Testament»)։ Հարուստ մարդու մասին առակը մեզ հիշեցնում է այն խոսքերը, որոնք հետագայում Հիսուսն ասաց Լավոդիկիայի (Փոքր Ասիա) քրիստոնյաներին. «Դու ասում ես. «Ես հարուստ եմ և հարստություն ձեռք բերեցի ու ոչ մի բանի կարիք չունեմ»։ Սակայն չգիտես, որ թշվառ ես ու խղճալի, աղքատ ես, կույր ու մերկ» (Հայտնություն 3։17)։

10. Ինչո՞ւ «շատ բարիքներ» ունենալը երաշխիք չէ, որ անհատը «շատ տարիների» կյանք կունենա։

10 Մենք պետք է դասեր քաղենք այս պատմությունից։ Հնարավոր է՝ առակում նկարագրված մարդու նման ջանադրաբար աշխատենք, որ «շատ բարիքներ» ունենանք, սակայն չանենք այն, ինչ անհրաժեշտ է «շատ տարիների» կյանք ունենալու համար (Հովհաննես 3։16; 17։3)։ Աստվածաշունչն ասում է. «Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը։ Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի» (Առակաց 11։4, 28)։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսն առակի վերջում ասաց. «Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ» (Ղուկաս 12։21)։

11. Ինչո՞ւ է անիմաստ հույս դնել նյութականի վրա։

11 Ասելով «այդպես էլ կլինի»՝ Հիսուսն ուզում էր շեշտել, որ այն, ինչ պատահեց հարուստ մարդուն, կպատահի նաև նրան, ով իր ամբողջ հույսը դնում է նյութականի վրա։ Սխալը ոչ այնքան «գանձ կուտակելն» է, որքան «Աստծու աչքին հարուստ չլինելը»։ Հակոբոս աշակերտը նման միտք է արտահայտել. «Իսկ հիմա ձե՛ր մասին, որ ասում եք՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք, գործ կանենք ու շահույթ կստանանք», դուք, որ չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը»։ Ի՞նչ պետք է անեին այսպես մտածողները։ «Փոխարենը՝ պետք է ասեք. «Եթե Եհովան կամենա, կապրենք և այս կամ այն բանը կանենք»» (Հակոբոս 4։13–15)։ Անկախ այն բանից, թե որքան հարուստ է անհատը՝ միևնույն է, նրա ունեցվածքը ոչ մի արժեք չի ունենա, եթե նա հարուստ չէ Աստծու աչքին։ Իսկ ի՞նչ է նշանակում հարուստ լինել Աստծու աչքին։

Հարուստ լինենք Աստծու աչքին

12. Ի՞նչն է մեզ հարուստ դարձնում Աստծու աչքին։

12 Հիսուսը Աստծու աչքին հարուստ լինելը հակադրեց սեփական անձի համար գանձեր դիզելուն։ Դրանով նա ուզում էր ասել, որ կյանքում մեր գլխավոր մտահոգությունը չպետք է լինի հարստություն կուտակելը կամ ունեցվածքը վայելելը։ Փոխարենը՝ պետք է մեր միջոցներն օգտագործենք այնպես, որ հարստացնենք, այսինքն՝ բարելավենք ու ամրապնդենք մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Վարվելով այդպես՝ մենք, անշուշտ, հարուստ կլինենք Աստծու աչքին։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստված առատորեն կօրհնի մեզ։ Սուրբ Գրություններն ասում են. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ [«ու անոր հետ տրտմութիւն չի խառներ», ԱԱ]» (Առակաց 10։22)։

13. Ինչպե՞ս է Եհովայի օրհնությունը «հարստացնում»։

13 Օրհնելով իր ժողովրդին՝ Եհովան միշտ լավագույնն է տալիս նրան (Հակոբոս 1։17)։ Օրինակ՝ Աստված իսրայելացիներին տվեց մի երկիր, որը «կաթ ու մեղր էր բղխում»։ Թեև Եգիպտոսը նույնպես այդպիսի երկիր էր համարվում, սակայն կար մեկ կարևոր տարբերություն նրա ու Եհովայի տված երկրի միջև։ Դա մի երկիր էր, որը, ինչպես Մովսեսն ասաց իսրայելացիներին, «Եհովա Աստվածն էր դարմանում»։ Այլ խոսքով՝ իսրայելացիները բարգավաճելու էին, քանի որ Եհովան հոգ էր տանելու իրենց։ Քանի դեռ հավատարիմ էին Եհովային, նրանք մեծապես օրհնվում էին և վայելում այնպիսի կյանք, որն ակնհայտորեն ավելի լավն էր, քան հարևան ազգերի ապրելակերպը։ Այո՛, Եհովայի օրհնությո՛ւնն է «հարստացնում» (Թուոց 16։13; Բ Օրինաց 4։5–8; 11։8–15)։

14. Ի՞նչ օրհնություններ են վայելում նրանք, ովքեր հարուստ են Աստծու աչքին։

14 Ովքեր նյութապես հարուստ են, սովորաբար անհանգստանում են, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին։ Սա հաճախ արտացոլվում է նրանց ապրելակերպի մեջ։ Այդ մարդիկ ուզում են տպավորել ուրիշներին՝ իրենց «ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելով» (1 Հովհաննես 2։16)։ Մինչդեռ նրանք, ովքեր հարուստ են Աստծու աչքին, առատորեն վայելում են Աստծու հավանությունը, բարեհաճությունը, անարժան բարությունը և ունեն ջերմ փոխհարաբերություններ նրա հետ։ Այս ամենը նրանց տալիս է այնպիսի ապահովություն և երջանկություն, որոնք հնարավոր չէ ձեռք բերել նյութական միջոցներով (Եսայիա 40։11)։ Սակայն հարց է մնում. «Ի՞նչ պետք է անենք, որ հարուստ լինենք Աստծու աչքին»։

Ինչպես հարուստ լինենք Աստծու աչքին

15. Ի՞նչ պետք է անենք, որ հարուստ լինենք Աստծու աչքին։

15 Հիսուսի պատմած առակի մարդը պլաններ էր կազմում և ջանասիրաբար աշխատում էր, քանի որ ուզում էր իր համար հարստություն կուտակել։ Սակայն նա կոչվեց անխոհեմ։ Մենք էլ ենք պլաններ կազմում և ջանասիրաբար աշխատում, բայց այն տարբերությամբ, որ ուզում ենք հարուստ լինել Աստծու աչքին։ Այո՛, մենք պետք է ակտիվորեն զբաղվենք այնպիսի գործերով, որոնք Աստված համարում է իսկապես արժեքավոր։ Օրինակ՝ Հիսուսը պատվիրեց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթեոս 28։19)։ Եթե մեր ժամանակը, ուժերը և ունակություններն օգտագործենք ոչ թե մեր անձնական ձգտումների, այլ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի համար, ապա դա նման կլինի բանկում խոշոր գումար դնելուն։ Վարվելով այդպես՝ հոգևոր մեծ շահույթ կստանանք։ Ստորև բերվող օրինակները դա են փաստում (Առակաց 19։17)։

16, 17. Ի՞նչ դեպքեր կարող ես պատմել ցույց տալու համար, թե ո՛ր ապրելակերպն է անհատին հարուստ դարձնում Աստծու աչքին։

16 Մի քրիստոնյա տղամարդ, որն ապրում է Արևելքի երկրներից մեկում, լավ վարձատրվող աշխատանք ուներ. նա համակարգչի մասնագետ էր։ Սակայն ստիպված էր գրեթե իր ողջ ժամանակը տրամադրել աշխատանքին։ Դրանից նա հոգևորապես աղքատացած էր զգում իրեն։ Վերջիվերջո, այդ մարդը որոշեց հրաժարվել աշխատանքից, թեև հնարավորություն ուներ առաջ գնալու իր գործում։ Նա սկսեց պաղպաղակ պատրաստել և փողոցում վաճառել։ Այդպիսով ավելի շատ ժամանակ ունեցավ իր հոգևոր կարիքները բավարարելու և պատասխանատվությունները կատարելու համար։ Նախկին աշխատակիցները ծաղրում էին նրան, բայց ի՞նչ եղավ իրականում։ «Իմ ֆինանսական վիճակը նույնիսկ ավելի լավացավ,— ասում է նա։— Ուրախությունս ավելի շատացավ, քանի որ այլևս չկային նախկին աշխատանքիս հետ կապված սթրեսն ու անհանգստությունը։ Իսկ որ ամենակարևորն է, ես սկսեցի ինձ ավելի մոտ զգալ Եհովային»։ Աշխատանքի այս փոփոխության շնորհիվ այդ քրիստոնյան կարողացավ լիաժամ ծառայություն սկսել, իսկ այժմ ծառայում է իր երկրի՝ Եհովայի վկաների մասնաճյուղում։ Այո՛, Եհովայի օրհնությո՛ւնն է «հարստացնում»։

17 Մի կին մեծացել էր այնպիսի ընտանիքում, որտեղ բարձրագույն կրթությունը շատ հարգի էր։ Նա սովորեց Ֆրանսիայի, Մեքսիկայի և Շվեյցարիայի համալսարաններում. նրան խոստումնալից ապագա էր սպասում։ Կինը պատմում է. «Հաջողությունը ժպտաց ինձ։ Ես ունեի հեղինակություն, իմ առաջ մեծ հնարավորություններ էին բացված։ Սակայն ներքուստ դատարկություն և խոր անբավարարվածություն էի զգում»։ Հետո նա իմացավ Եհովայի մասին։ Այդ կինն ասում է. «Հոգևորապես առաջադիմելուն զուգընթաց ես ցանկանում էի հաճեցնել Եհովային, ուզում էի թեկուզ փոքր չափով վերադարձնել նրան այն, ինչ նա տվել էր ինձ։ Ինձ համար պարզ էր, թե ինչ պետք է անեի՝ պետք է ծառայեի լիաժամ»։ Նա թողեց իր պաշտոնը և շուտով մկրտվեց։ Արդեն 20 տարի է, ինչ այդ քրիստոնյան լիաժամ ծառայության մեջ է։ «Ոմանք ասում են, թե իմ տաղանդը կորչում է,— պատմում է այդ կինը,— սակայն նրանք լավ հասկանում են, որ ես երջանիկ եմ, և հիանում են այն սկզբունքներով, որոնցով ապրում եմ։ Ամեն օր աղոթում եմ Եհովային, որ օգնի ինձ լինել խոնարհ, և այդպիսով ունենալ իր հավանությունը»։

18. Պողոսի պես՝ ինչպե՞ս կարող ենք հարուստ լինել Աստծու աչքին։

18 Սողոսը, որը հետո դարձավ Պողոս առաքյալ, իր առջև խոստումնալից ապագա ուներ։ Հետագայում, սակայն, նա գրեց. «Ես իսկապես ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի գիտության գերազանց արժեքի» (Փիլիպպեցիներ 3։7, 8)։ Պողոսի համար այն ամբողջ հարստությունը, որ նա ձեռք էր բերել Քրիստոսի միջոցով, գերազանցում էր ցանկացած բանի, որ աշխարհը կարող էր առաջարկել։ Նմանապես, եթե հրաժարվենք եսասիրական ու փառասիրական ձգտումներից և ապրենք աստվածահաճո կյանքով, ապա հարուստ կլինենք Եհովայի աչքին։ Աստծու Խոսքը մեզ հավաստիացնում է. «Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք» (Առակաց 22։4)։

Կարո՞ղ եք բացատրել

• Ի՞նչ խնդրի առջև էր կանգնած Հիսուսի պատմած առակի մարդը։

• Ինչո՞ւ այդ մարդը կոչվեց անխոհեմ։

• Ի՞նչ է նշանակում հարուստ լինել Աստծու աչքին։

• Ինչպե՞ս կարող ենք հարուստ լինել Աստծու աչքին։

[նկար 26–րդ էջի վրա]

Ինչո՞ւ հարուստ մարդը կոչվեց անխոհեմ

[նկար 27–րդ էջի վրա]

Խոստումնալից հեռանկարը ինչպե՞ս կարող է փորձություն դառնալ

[նկար 28–րդ էջի վրա]

«Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը