Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/15 էջ 24–26
  • Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տարին երկու անգամ բերք տվող ծառ
  • Անհավատ ազգի խորհրդանիշ
  • «Թզենուցը սովորեցէք»
  • Թզենու օրինակով կարևոր դաս է սովորեցնում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Վճռորոշ օրվա սկիզբը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ունե՞ս այնպիսի սիրտ, որ ճանաչես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Կրկին մաքրում է տաճարը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
2003 Դիտարան
w03 5/15 էջ 24–26

Ամեն մարդ կբնակվի իր թզենու տակ

ՇՈԳ ամռանը ստվերը հազվագյուտ և շատ ցանկալի մի բան է Միջին Արևելքի երկրներում։ Ցանկացած ծառ, որ իր ստվերով պաշտպանում է արևի ճառագայթներից, բարձր է գնահատվում. մանավանդ, երբ աճում է տան մոտ։ Իր մեծ, լայն տերևներով և մեծ ու երկար ճյուղերով թզենին ավելի լավ է ստվեր ապահովում, քան այդ երկրամասի գրեթե բոլոր մյուս ծառերը։

Մի գրքում գրված է. «Ասում են, որ [թզենու] ստվերի տակ ավելի թարմ և զով է, քան վրանի» («Plants of the Bible»)։ Հին Իսրայելում խաղողի այգիների ծայրերին աճող թզենիները դաշտում աշխատողների համար կարճատև հանգստի իդեալական վայրեր էին։

Երկար, շոգ օրվա վերջում ամբողջ ընտանիքը կարող էր նստել իր թզենու տակ և հաճելի ընկերակցություն վայելել։ Բացի դրանից, թզենին իր տիրոջը առատորեն պարգևում է սննդարար պտուղներ։ Ուստի Սողոմոն թագավորի ժամանակներից ի վեր սեփական թզենու տակ նստելը խորհրդանշում էր խաղաղություն, բարգավաճում և առատություն (Գ Թագաւորաց 4։24, 25)։

Դրանից դարեր առաջ Մովսես մարգարեն Ավետյաց երկիրը նկարագրել էր որպես ‘թզենիների երկիր’ (Բ Օրինաց 8։8)։ Տասներկու հետախույզները, իրենց հետ իսրայելացիների ճամբար թուզ և այլ մրգեր բերելով, ցույց տվեցին, որ այդ երկիրը արգավանդ էր (Թուոց 13։22–24)։ 19–րդ դարում աստվածաշնչյան երկրներով ճանապարհորդող մի անձնավորություն հայտնեց, որ թզենին այնտեղի ամենատարածված ծառերից էր։ Զարմանալի չէ, որ Գրություններում հաճախ է նշվում թզենու և նրա պտղի մասին։

Տարին երկու անգամ բերք տվող ծառ

Թզենին կարող է աճել գրեթե բոլոր տեսակի հողերում, իսկ նրա արմատների ընդարձակ համակարգը օգնում են ծառին դիմանալ Միջին Արևելքի երկար, չոր ամառներին։ Սա յուրահատուկ ծառ է այն առումով, որ հունիսին տալիս է վաղահաս բերք, իսկ հիմնական բերքը՝ գլխավորապես օգոստոսից սկսած (Եսայիա 28։4)։ Վաղահաս թուզը իսրայելացիները սովորաբար ուտում էին թարմ վիճակում։ Երկրորդ բերքը նրանք չորացնում էին, որպեսզի օգտագործեին ամբողջ տարվա ընթացքում։ Չորացված թզերը ճզմում էին և այդպիսով կլոր բլիթներ պատրաստում. դրանց մեջ երբեմն նուշ էին ավելացնում։ Թզից պատրաստված այս բլիթները հարմար էին, սննդարար և համեղ։

Աբիգեան, որ խելացի կին էր, Դավիթին տվեց թզից պատրաստված 200 բլիթ, անկասկած, մտածելով, որ դա իդեալական կերակուր կլիներ նրա հետ փախուստի մեջ եղող մարդկանց համար (Ա Թագաւորաց 25։18 ՆԱ, 27)։ Թուզը սեղմված վիճակում նաև որպես դեղամիջոց էր ծառայում։ Եզեկիա թագավորի կյանքին սպառնացող վերքի (չիբան՝ ֆուրունկուլ) վրա դրվեց չորացրած, ճզմված թզով թրջոց, թեև նա հետագայում ապաքինվեց գլխավորապես Աստծո միջամտության շնորհիվa (Դ Թագաւորաց 20։4–7)։

Հին ժամանակներում Միջերկրական ծովի շրջանում չորացված թզերը շատ բարձր էին գնահատվում։ Քաղաքական գործիչ Կատոնը թուզ ցուցադրեց, որպեսզի համոզեր Հռոմի սենատին Երրորդ Պունիկյան պատերազմը ձեռնարկել Կարթագենի դեմ։ Ամենալավ որակի չորացված թզերը Հռոմ էին բերվում Փոքր Ասիայից՝ Կարիայից։ Այդ պատճառով էլ չորացված թուզը լատիներեն անվանվեց կարիկա։ Ժամանակակից Թուրքիայում գտնվող այդ նույն շրջանում մինչև այժմ էլ արտադրվում են գերազանց որակի չորացված թզեր։

Իսրայելացի հողագործները իրենց խաղողի այգիներում հաճախ էին թզենիներ տնկում, բայց պտուղ չտվող ծառերը նրանք կտրում էին։ Լավ հողը այնքան էլ շատ չէր, որ հատկացվեր անպտուղ ծառերին։ Անպտուղ թզենու մասին Հիսուսի առակում այգու տերն այգեպանին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ պտուղ որոնելու այդ թզենու վերայ, եւ չեմ գտնում. կտրիր դորան, ի՞նչու դա երկիրն էլ խափանէ» (Ղուկաս 13։6, 7)։ Հիսուսի օրերում պտղատու ծառերի համար հարկ էր վերցվում, ուստի ամեն մի անպտուղ ծառ տնտեսական տեսանկյունից ոչ ցանկալի բեռ էր։

Թուզը իսրայելացիների հիմնական սննդամթերքներից էր։ Հետևաբար վատ այգեկութը, որ կարող էր Եհովայի պատիժը լինել, իսկական դժբախտություն էր (Ովսէէ 2։12; Ամովս 4։9)։ Ամբակում մարգարեն գրել է. «Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, ....սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ» (Ամբակում 3։17, 18)։

Անհավատ ազգի խորհրդանիշ

Գրություններում թուզը կամ թզենին երբեմն օգտագործվում են խորհրդանշական իմաստով։ Օրինակ՝ Երեմիան Հուդայի հավատարիմ աքսորյալներին համեմատեց մի կողով լավ՝ վաղահաս թզերի հետ, որոնք սովորաբար թարմ վիճակում էին ուտում։ Իսկ անհավատարիմ աքսորյալները նմանեցվեցին վատ թզերի, որ հնարավոր չէր ուտել և պետք էր թափել (Երեմիա 24։2, 5, 8, 10)։

Անպտուղ թզենու առակում Հիսուսը ցույց տվեց հրեա ժողովրդի հանդեպ Աստծո դրսևորած համբերությունը։ Ինչպես արդեն նշվեց, նա խոսում էր մի մարդու մասին, որն իր խաղողի այգում թզենի ուներ։ Թզենին երեք տարի էր, ինչ պտուղ չէր տվել, և տերն արդեն ուզում էր այն կտրել տալ։ Բայց այգեպանն ասաց. «Տէր, այս տարի էլ թող դորան, մինչեւ որ դորա չորս կողմովը փորեմ եւ աղբ [«պարարտանյութ», ԱՆԹ] ածեմ։ Թերեւս պտուղ բերէ, ապա եթէ ոչ, եկող տարի կտրիր դորան» (Ղուկաս 13։8, 9)։

Երբ Հիսուսը պատմեց այս առակը, նա արդեն երեք տարի էր, ինչ քարոզում էր՝ ջանալով հավատ «աճեցնել» հրեաների մեջ։ Հիսուսն ավելի ինտենսիվորեն սկսեց գործել՝ փոխաբերական ծառին՝ հրեա ժողովրդին, «պարարտանյութ»՝ պտուղ բերելու հնարավորություն տալով։ Սակայն Հիսուսի մահից մեկ շաբաթ առաջ ակնհայտ դարձավ, որ ազգը՝ ընդհանուր առմամբ, մերժել էր Մեսիային (Մատթէոս 23։37, 38)։

Հիսուսը ևս մեկ անգամ օգտագործեց թզենու օրինակը՝ ցույց տալու համար ազգի հոգևոր վատ վիճակը։ Բեթանիայից Երուսաղեմ ճանապարհորդելիս՝ իր մահից չորս օր առաջ, Հիսուսը մի թզենի տեսավ, որ առատ էր տերևներով, բայց ոչ մի պտուղ չուներ։ Քանի որ վաղահաս թզերը հայտնվում են տերևների հետ միաժամանակ, իսկ երբեմն էլ նույնիսկ մինչև տերևների աճելը, ուստի ծառի վրա պտղի բացակայությունը ցույց տվեց, որ այն պիտանի չէր (Մարկոս 11։13, 14)։b

Առողջ տեսք ունեցող անպտուղ թզենու նման՝ հրեա ազգը խաբուսիկ տպավորություն էր թողնում։ Այն Աստծուն հաճելի պտուղներ չէր տալիս և ի վերջո մերժեց Եհովայի սեփական Որդուն։ Հիսուսն անիծեց անպտուղ թզենին, և հաջորդ օրն առաքյալները նկատեցին, որ ծառն արդեն չորացել էր։ Չորացած ծառը հարմար խորհրդանիշ էր այն բանի, որ Աստված շուտով մերժելու է հրեաներին՝ որպես իր ընտրյալ ժողովրդի (Մարկոս 11։20, 21)։

«Թզենուցը սովորեցէք»

Հիսուսը թզենին օգտագործեց նաև իր ներկայության մասին մի կարևոր դաս սովորեցնելու համար։ Նա ասաց. «Թզենուցը սովորեցէք առակը. երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։ Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է» (Մատթէոս 24։32, 33)։ Թզենու վառ կանաչ տերևները ակնհայտ նշանն են այն բանի, որ ամառը մոտ է։ Նմանապես՝ Հիսուսի փառահեղ մարգարեությունը՝արձանագրված Մատթեոս 24–րդ, Մարկոս 13–րդ և Ղուկաս 21–րդ գլուխներում, ակնհայտ վկայությունն է այն բանի, որ նա այժմ ներկա է երկնային Թագավորության զորությամբ (Ղուկաս 21։29–31)։

Քանի որ մենք ապրում ենք պատմական այսպիսի վճռորոշ ժամանակներում, անշուշտ ուզում ենք սովորել թզենուց։ Եթե այդպես վարվենք և հոգևորապես արթուն մնանք, հույս կունենանք տեսնելու հետևյալ փառահեղ խոստման իրականացումը. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4)։

[ծանոթագրություններ]

a Բնագետ Հ. Թրիսթրամը, որը 19–րդ դարի կեսերին այցելել էր աստվածաշնչյան վայրեր, նկատել էր, որ տեղացիները նման թարախաբշտիկներ բուժելու համար դեռևս օգտագործում էին թզի թրջոցներ։

b Այս դեպքը տեղի է ունեցել Բեթփագե գյուղի մոտ։ Բեթփագե անունը նշանակում է «վաղահաս թզերի տուն»։ Սա կարող է նշանակել, որ այդ շրջանը հայտնի էր վաղահաս թզի լավ բերքատվությամբ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը