Չգիտես, թե որտեղ է այն հաջողվելու
«Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է [«որտեղ է այն», ՆԱ] յաջողուելու» (ԺՈՂ. 11։6)։
1. Ինչո՞ւ է աճի պրոցեսը հիացնում մեզ և ակնածանք ներշնչում։
ՀՈՂԱԳՈՐԾԸ պետք է համբերատար լինի (Հակ. 5։7)։ Սերմը ցանելուց հետո նա պետք է սպասի, մինչև որ այն ծլի և մեծանա։ Աստիճանաբար, եթե պայմանները բարենպաստ են, ծիլերը, ճեղքելով հողը, սկսում են երևալ։ Հետո վերածվում են բույսի, որը հասկեր է տալիս։ Ի վերջո, հողագործի արտը պատրաստ է հնձին։ Ի՜նչ զմայլելի բան է աճը, այն պարզապես հրաշք է։ Ու երբ գիտակցում ենք, թե ով է Աճեցնողը, ուզում ենք խոնարհվել նրա առաջ։ Մենք սերմը կարող ենք խնամել։ Կարող ենք այն ջրել։ Բայց միայն Աստված կարող է աճեցնել (համեմատի՛ր 1 Կորնթացիներ 3։6)։
2. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը հոգևոր աճի մասին այն առակներում, որոնք քննարկեցինք նախորդ հոդվածում։
2 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Հիսուսը Թագավորության քարոզչության գործը նմանեցրեց հողագործի՝ սերմ ցանելուն։ Տարբեր տեսակի հողերի մասին առակում Հիսուսը շեշտեց, որ թեև հողագործը լավ սերմ է ցանում, սակայն անհատի սրտի վիճակն է որոշում՝ սերմը կհասունանա, թե՝ ոչ (Մարկ. 4։3–9)։ Իսկ մյուս առակում, որտեղ ասվում է, որ սերմնացանը քնում է, Հիսուսն ընդգծում է այն, որ հողագործը լիովին չի հասկանում, թե ինչպես է տեղի ունենում աճը։ Պատճառն այն է, որ Աստված է աճեցնողը, և ոչ թե մարդը (Մարկ. 4։26–29)։ Եկեք քննենք Հիսուսի առակներից ևս երեքը՝ մանանեխի հատիկի, թթխմորի և ուռկանի առակներըa։
Մանանեխի հատիկի առակը
3, 4. Մանանեխի հատիկի առակը Թագավորության պատգամի ո՞ր երեսակներն է ընդգծում։
3 Մանանեխի հատիկի առակը, որը նույնպես արձանագրված է Մարկոս 4–րդ գլխում, ընդգծում է երկու բան՝ առաջին՝ Թագավորության պատգամի ապշեցուցիչ աճը, երկրորդ՝ լուրն ընդունողների պաշտպանված լինելը։ Հիսուսն ասաց. «Աստծու թագավորությունը ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ առակով ներկայացնենք։ Այն նման է մանանեխի հատիկի, որը, երբ ցանում են հողի մեջ, երկրի վրա գտնվող բոլոր սերմերի մեջ ամենափոքրն է, բայց ցանելուց հետո բուսնում և մյուս բոլոր բանջարներից ավելի մեծ է դառնում և մեծ ճյուղեր է արձակում, այնպես որ երկնքի թռչունները կարողանում են բնակվելու տեղ գտնել նրա ստվերի տակ» (Մարկ. 4։30–32)։
4 Այստեղ տեսնում ենք «Աստծու թագավորության» աճի նկարագրությունը։ Այդ աճի ակնհայտ ապացույցներն են Թագավորության լուրի տարածումը և քրիստոնեական ժողովի աճը՝ սկսած մ.թ. 33–ի Պենտեկոստեից։ Մանանեխի հատիկը փոքրիկ սերմ է, որը կարող է խորհրդանշել շատ փոքր մի բան (համեմատի՛ր Ղուկաս 17։6)։ Սակայն մանանեխի բույսը, աճելով, ի վերջո կարող է ունենալ 3–5 մետր բարձրություն և ամուր ճյուղեր ու, փաստորեն, դառնալ ծառ (Մատթ. 13։31, 32)։
5. Ի՞նչ աճ ունեցավ առաջին դարի քրիստոնեական ժողովը։
5 Քրիստոնեական ժողովի աճը համեստ սկիզբ ունեցավ։ Այն սկսվեց 33 թ.–ին, երբ մոտ 120 աշակերտներ օծվեցին սուրբ ոգով։ Սակավաթիվ աշակերտներից կազմված այս ժողովը համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծացավ. հազարավոր մարդիկ դարձան հավատացյալներ (կարդա՛ Գործեր 2։41; 4։4; 5։28; 6։7; 12։24; 19։20)։ Հնձի մասնակիցների թիվը երեսուն տարվա ընթացքում այնքան մեծացավ, որ Պողոս առաքյալը բոլոր հիմքերն ուներ Կողոսայի ժողովին գրելու, որ բարի լուրը արդեն «քարոզվել է երկնքի տակ գտնվող ամբողջ ստեղծագործությանը» (Կող. 1։23)։ Ինչպիսի՜ աճ։
6, 7. ա) Ի՞նչ աճ է տեղի ունեցել՝ սկսած 1914 թ.–ից։ բ) Ինչպե՞ս աճը կշարունակվի ապագայում։
6 1914 թ.–ին երկնքում հաստատվեց Աստծու Թագավորությունը, և այդ ժամանակից ի վեր մանանեխի «ծառի» ճյուղերը սպասվածից ավելի են տարածվել։ Աստծու ժողովուրդը ականատես է եղել Եսայիայի հետևյալ մարգարեության բառացի կատարմանը. «Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ» (Ես. 60։22)։ Օծյալների փոքրաթիվ խումբը, որը 20–րդ դարի սկզբին զբաղված էր Թագավորության քարոզչության գործով, չէր կարող պատկերացնել, որ 2008 թ.–ին մոտ յոթ միլիոն Վկաներ կմասնակցեն այդ գործին ավելի քան 230 երկրներում։ Սա իսկապես տպավորիչ աճ է՝ նման Հիսուսի առակի մանանեխի հատիկի աճին։
7 Բայց արդյո՞ք սրանով աճը կանգնում է։ Ո՛չ։ Կգա ժամանակ, երբ երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ կլինի Աստծու Թագավորության հպատակ։ Բոլոր հակառակորդները ոչնչացված կլինեն։ Դա տեղի կունենա Գերիշխան Տեր Եհովայի շնորհիվ և ոչ թե մարդու։ Աստված կմիջամտի մարդկանց գործերին և կիրագործի իր նպատակը (կարդա՛ Դանիէլ 2։34, 35)։ Այդ ժամանակ մենք կտեսնենք Եսայիայի մեկ ուրիշ մարգարեության վերջնական կատարումը. «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Ես. 11։9)։
8. ա) Ո՞ւմ են ներկայացնում Հիսուսի առակի թռչունները։ բ) Ինչի՞ց ենք մենք պաշտպանված արդեն այսօր։
8 Հիսուսն ասաց, որ երկնքի թռչունները կարող են գալ ու բնակվելու տեղ գտնել այս Թագավորության հովանու ներքո։ Թռչունները չեն ներկայացնում Թագավորության թշնամիներին, ովքեր փորձում են ուտել լավ սերմերը, ինչը որ տեղի է ունենում այն առակում, որտեղ սերմնացանը սերմը գցում է տարբեր հողերի մեջ (Մարկ. 4։4)։ Ընդհակառակը՝ այս առակում թռչունները ներկայացնում են ուղիղ սիրտ ունեցող մարդկանց, ովքեր պաշտպանություն են փնտրում քրիստոնեական ժողովում։ Արդեն այսօր այս մարդիկ պաշտպանված են հոգևորապես պղծող սովորություններից և այս չար աշխարհի անմաքուր գործերից (համեմատի՛ր Եսայիա 32։1, 2)։ Նմանապես՝ Եհովան Մեսիական Թագավորությունը նմանեցրեց ծառի՝ մարգարեանալով. «Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. եւ նորա տակին կ’բնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կ’բնակուեն նորանք» (Եզեկ. 17։23)։
Թթխմորի առակը
9, 10. ա) Ի՞նչ շեշտեց Հիսուսը թթխմորի առակով։ բ) Աստվածաշնչում թթխմորը հաճախ ի՞նչ է խորհրդանշում, և Հիսուսի կողմից թթխմորի հիշատակումը ի՞նչ հարց է առաջացնում։
9 Աճը միշտ չէ, որ տեսանելի է մարդուն։ Իր մյուս առակում Հիսուսը այս միտքն է շեշտում։ Նա ասում է. «Երկնքի թագավորությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և խառնեց երեք մեծ չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց» (Մատթ. 13։33)։ Ի՞նչ է ներկայացնում թթխմորը, և ինչպե՞ս է այն կապված Թագավորության աճի հետ։
10 Աստվածաշնչում թթխմորը հաճախ մեղք է խորհրդանշում։ Պողոս առաքյալը հենց այս իմաստով օգտագործեց «թթխմոր» բառը, երբ խոսում էր հին Կորնթոսի ժողովում գտնվող մի մեղավորի ապականիչ ազդեցության մասին (1 Կորնթ. 5։6–8)։ Արդյո՞ք Հիսուսը «թթխմոր» բառն օգտագործում է ցույց տալու համար ինչ–որ բացասական բանի աճը։
11. Ինչպե՞ս էր թթխմորը օգտագործվում հին Իսրայելում։
11 Նախքան այդ հարցին կպատասխանենք, պետք է հաշվի առնենք երեք հիմնական փաստ։ Առաջին՝ չնայած Եհովան արգելել էր Պասեքի տոնակատարության ժամանակ թթխմոր օգտագործելը, սակայն այլ դեպքերում նա ընդունում էր թթխմոր պարունակող նվիրաբերություններ։ Թթխմորը գործածվում էր խաղաղության զոհի առնչությամբ։ Անհատը այդ զոհը մատուցում էր կամավոր կերպով, որովհետև նրա սիրտը լի էր Եհովայի հանդեպ երախտագիտության զգացումով նրա տված բազմաթիվ օրհնությունների համար։ Այս ընթրիքը ուրախություն էր պարգևում մասնակիցներին (Ղեւտ. 7։11–15)։
12. Ի՞նչ ենք հասկանում Աստվածաշնչում բառերի այլաբանական գործածությունից։
12 Երկրորդ՝ թեև Աստվածաշնչում ինչ–որ բան մի դեպքում կարող է բացասական իմաստ ունենալ, մեկ այլ դեպքում այդ նույն բանը կարող է գործածվել դրական իմաստով։ Օրինակ՝ 1 Պետրոս 5։8–ում Սատանան նմանեցվում է առյուծի, ինչով պատկերվում է նրա վտանգավոր և չարանենգ էությունը։ Սակայն Հայտնություն 5։5–ում առյուծի է նմանեցվում Հիսուսը՝ «Առյուծը, որ Հուդայի ցեղից է»։ Այս դեպքում առյուծը քաջություն և արդարություն է խորհրդանշում։
13. Թթխմորի առակը ի՞նչ է ցույց տալիս հոգևոր աճի մասին։
13 Երրորդ՝ Հիսուսն իր առակում չէր ասում, թե թթխմորը փչացնում է ալյուրի ամբողջ զանգվածը՝ այն դարձնելով ոչ պիտանի։ Նա պարզապես նկատի ուներ հաց թխելու սովորական ընթացքը։ Կինը մտածված կերպով թթխմոր է ավելացնում, և արդյունքը դրական է։ Թթխմորը խառնվում է ալյուրի զանգվածին։ Այսպիսով՝ կինը չի տեսնում խմորման պրոցեսը։ Սա մեզ հիշեցնում է այն մարդուն, որը ցանում է սերմը, իսկ գիշերը քնում է։ Հիսուսն ասաց, որ «սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, [այդ մարդը] չի իմանում» (Մարկ. 4։27)։ Որքա՜ն պարզ է Հիսուսը ցույց տալիս հոգևոր աճի անտեսանելի լինելը։ Սկզբում գուցե չնկատենք աճը, բայց վերջում արդյունքն ակնհայտ է լինում։
14. Քարոզչական գործի ո՞ր երեսակն է ընդգծվում այն փաստով, որ թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը։
14 Այդ աճը ոչ միայն անտեսանելի է մարդու աչքին, այլև ներթափանցում է ամենուր։ Սա մեկ այլ երեսակ է, որ ընդգծվում է թթխմորի առակում։ Թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը՝ ամբողջ «երեք մեծ չափ ալյուրը» (Ղուկ. 13։21)։ Թթխմորի պես՝ Թագավորության քարոզչությունը, որ խթանել է հոգևոր աճը, այնքան է ընդարձակվել, որ հասել է «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8; Մատթ. 24։14)։ Ի՜նչ հրաշալի առանձնաշնորհում է մասնակցել Թագավորության գործի այս ապշեցուցիչ ընդլայնմանը։
Ուռկանը
15, 16. ա) Հակիրճ պատմիր ուռկանի առակը։ բ) Ի՞նչ է խորհրդանշում ուռկանը, և Թագավորության աճի ո՞ր երեսակն է լուսաբանվում այս առակում։
15 Ինչ խոսք, Հիսուս Քրիստոսի աշակերտներ համարվողների թվից առավել կարևոր է այդ աշակերտների, այսպես ասած, որակը։ Հիսուսը անդրադառնում է Թագավորության աճի հենց այս երեսակին, երբ պատմում է ուռկանի առակը։ Նա ասում է. «Եվ դարձյալ, երկնքի թագավորությունը նման է ծովը նետված ուռկանի, որը ամեն տեսակ ձուկ է հավաքում» (Մատթ. 13։47)։
16 Ուռկանը, որը խորհրդանշում է Թագավորության քարոզչության գործը, հավաքում է ամեն տեսակ ձուկ։ Հիսուսը շարունակում է. «Երբ ուռկանը լցվում է, մարդիկ այն ափ են քաշում, նստում են, լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները մի կողմ են գցում։ Այդպես էլ կլինի իրերի համակարգի վախճանին. հրեշտակները դուրս կգնան, արդարների միջից կառանձնացնեն չարերին ու կնետեն նրանց կրակե հնոցը։ Այնտեղ է, որ կլինի նրանց լացն ու ատամների կրճտոցը» (Մատթ. 13։48–50)։
17. Ե՞րբ է տեղի ունենում ուռկանի առակում նշված առանձնացումը։
17 Արդյո՞ք այս առանձնացումը վերաբերում է ոչխարների և այծերի վերջնական դատաստանին, որը, ինչպես ասաց Հիսուսը, տեղի կունենա այն ժամանակ, երբ ինքը գա իր փառքով (Մատթ. 25։31–33)։ Ո՛չ։ Այդ դատաստանը լինելու է Հիսուսի գալստյան ժամանակ՝ մեծ նեղության ընթացքում։ Ի տարբերություն սրա՝ ուռկանի առակում նշված առանձնացումը տեղի է ունենում «իրերի համակարգի վախճանի» ընթացքումb։ Սա այն ժամանակն է, որում մենք ենք ապրում. օր օրի մոտենում ենք մեծ նեղությանը։ Ուստի ինչպե՞ս է առանձնացման գործը տեղի ունենում մեր օրերում։
18, 19. ա) Առանձնացման գործը ինչպե՞ս է տեղի ունենում մեր օրերում։ բ) Ի՞նչ պետք է անեն ազնվասիրտ մարդիկ (տե՛ս նաև ծանոթագրությունը, էջ 21)։
18 Մեր ժամանակներում Եհովայի ժողովը դեպի իրեն է ձգում մարդկության ծովում գտնվող միլիոնավոր այլաբանական ձկների։ Նրանցից ոմանք ներկա են լինում Հիշատակի երեկոյին, մյուսները գալիս են ժողովի հանդիպումներին, իսկ ուրիշներն էլ ուրախ են Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Բայց մի՞թե նրանք բոլորը փաստում են, որ իսկական քրիստոնյաներ են։ Նրանց գուցեև «ափ քաշեն», բայց Հիսուսն ասում է, որ միայն «լավերին» են հավաքում ամանների մեջ։ Ամանները խորհրդանշում են քրիստոնեական ժողովները։ Անպետք ձկներին մի կողմ են գցում. նրանց, ի վերջո, կնետեն այլաբանական կրակե հնոցը, որը խորհրդանշում է ապագա ոչնչացում։
19 Ովքե՞ր են անպետք ձկները։ Շատերը սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, բայց հետո դադարեցրել են այն։ Ոմանք, թեև ծնվել են քրիստոնեական ընտանիքում, իրականում երբեք չեն ցանկացել Հիսուսի հետևորդը դառնալ։ Նրանք չեն ցանկացել ու չեն ցանկանում Եհովային ծառայելու որոշում կայացնել կամ էլ որոշ ժամանակ ծառայելուց հետո դադարել են դա անելուցc (Եզեկ. 33։32, 33)։ Սակայն չափազանց կարևոր է, որ բոլոր ազնվասիրտ մարդիկ քայլեր ձեռնարկեն հավաքվելու «ամաններում»՝ ժողովներում, նախքան վերջնական դատաստանի օրը և մնան ապահով վայրում։
20, 21. ա) Ի՞նչ սովորեցինք աճի մասին Հիսուսի առակների քննարկումից։ բ) Ի՞նչ ես վճռել անել։
20 Եվ այսպես՝ ի՞նչ սովորեցինք աճի մասին Հիսուսի առակների այս համառոտ քննարկումից։ Առաջին՝ մանանեխի հատիկի աճի պես՝ երկրի վրա Թագավորության գործը վիթխարի աճ է ունեցել։ Ոչինչ չի կարող կասեցնել Եհովայի գործի ընդլայնումը (Ես. 54։17)։ Նաև, հոգևոր պաշտպանություն են ստանում նրանք, ովքեր ձգտում են «բնակվելու տեղ գտնել [ծառի] ստվերի տակ»։ Երկրորդ՝ Աստված է աճեցնողը։ Ալյուրի հետ խառնած թթխմորի պես, որը տարածվում է ամբողջ զանգվածով՝ այս աճը միշտ չէ, որ հեշտությամբ նկատելի կամ հասկանալի է, բայց մի բան պարզ է՝ աճը տեղի է ունենում։ Երրորդ՝ ոչ բոլոր արձագանքողներն են «լավ ձուկ»։ Ոմանք նման են Հիսուսի առակի անպետք ձկներին։
21 Որքա՜ն քաջալերական է, սակայն, տեսնել բազմաթիվ «լավ ձկների», որոնց Եհովան ձգում է դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Սրա արդյունքում ամբողջ աշխարհում տեսնում ենք ցնցող աճ։ Այս ամենի համար միայն Եհովա Աստված է արժանի փառքի։ Մեր սեփական աչքերով տեսնելով նման աճ՝ մեզնից յուրաքանչյուրը, անկասկած, ցանկանում է հնազանդվել դարեր առաջ գրված հորդորին. «Առաւօտանց ցանիր քո սերմը.... որովհետեւ չ’գիտես, թէ որն է [«որտեղ է այն», ՆԱ] յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու» (Ժող. 11։6)։
[ծանոթագրություններ]
a Այս հոդվածում տրվող բացատրությունները վերաճշտումներ են այն բացատրությունների, որոնք տրվել են «Դիտարանի» 1992 թ. հունիսի 15–ի (էջ 17–22, ռուս.) և 1975 թ. հոկտեմբերի 1–ի (էջ 589–608, անգլ.) համարներում։
b Չնայած Մատթեոս 13։39–43 համարներում խոսվում է Թագավորության քարոզչության գործի այլ երեսակի մասին, դրա կատարման ժամանակը համընկնում է ուռկանի առակի կատարման ժամանակին, այն է՝ «իրերի համակարգի վախճանի» ժամանակահատվածին։ Այլաբանական ձկների առանձնացումը շարունակական պրոցես է, ինչպես որ սերմելն ու հնձելն են շարունակական պրոցես այդ ժամանակահատվածում։ Տե՛ս «Դիտարան», 2000, հոկտեմբերի 15, էջ 25, 26; «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն», էջ 178–181, պարբերություն 8–11։
c Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ յուրաքանչյուր ոք, ով դադարեցրել է Եհովայի ծառաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելը և նրանց հետ շփվելը, համարվում է անպետք ձուկ, և հրեշտակները մի կողմ են գցել նրան։ Ո՛չ։ Եթե ինչ–որ մեկը անկեղծորեն ցանկանում է վերադառնալ Եհովայի մոտ, նրա առջև ճանապարհը բաց է (Մաղ. 3։7)։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Մանանեխի հատիկի առակից ի՞նչ ենք սովորում Թագավորության աճի և հոգևոր պաշտպանության մասին։
• Ի՞նչ է խորհրդանշում թթխմորը Հիսուսի առակում, և Թագավորության աճի մասին ի՞նչ ընդգծեց նա։
• Թագավորության աճի ո՞ր երեսակն է լուսաբանվում ուռկանի առակում։
• Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մենք գտնվում ենք նրանց թվում, ովքեր «հավաքվել են ամանների մեջ»։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Մանանեխի հատիկի առակը ի՞նչ է սովորեցնում Թագավորության աճի մասին
[նկար 19–րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում թթխմորի առակից
[նկար 21–րդ էջի վրա]
Ի՞նչ է պատկերում այն, որ լավ ձկները առանձնացվում են անպետք ձկներից