Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 82 էջ 192–էջ 193 պարբ. 4
  • Հիսուսի ծառայությունը Պիրեայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի ծառայությունը Պիրեայում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը կրկին գնում է Երուսաղեմ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Աստվածաշնչի գիրք համար 42. Ղուկաս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Նրա ժամանակը դեռ չէր հասել»
    2000 Դիտարան
  • «Հերովդես թագավորի օրոք»
    2009 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 82 էջ 192–էջ 193 պարբ. 4
Մայր հավը ճտերին հավաքում է իր թևերի տակ

ԳԼՈՒԽ 82

Հիսուսի ծառայությունը Պիրեայում

ՂՈՒԿԱՍ 13։22–14։6

  • ՀԻՍՈՒՍԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՆԵՂ ԴՌՆՈՎ ՆԵՐՍ ՄՏՆԵԼ

  • ՀԻՍՈՒՍԸ ՊԵՏՔ Է ՄԱՀԱՆԱ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հիսուսը Հրեաստանում և Երուսաղեմում ուսուցանել ու բուժել է մարդկանց։ Հետո անցել է Հորդանան գետը և մտել Պիրեայի շրջան։ Այժմ նա, քաղաքից քաղաք գնալով, ուսուցանում է մարդկանց։ Սակայն շուտով նա վերադառնալու է Երուսաղեմ։

Մի մարդ ջանք է թափում, որ անցնի նեղ դռնով

Պիրեայում մի մարդ հարցնում է Հիսուսին. «Տե՛ր, քի՞չ են փրկվողները»։ Թերևս այդ մարդը տեղյակ է, որ կրոնական առաջնորդների մեջ վիճաբանություններ են լինում այն հարցի շուրջ, թե արդյոք շատերն են փրկվելու, թե միայն քչերը։ Հիսուսը, փոխանակ պատասխանելու այդ հարցին, բացատրում է, թե ինչ է հարկավոր անել փրկվելու համար։ Նա ասում է. «Ամեն ջանք գործադրեք, որ նեղ դռնով ներս մտնեք»։ Այո՛, փրկվելու համար անհրաժեշտ է ջանք թափել և պայքար մղել։ Հիսուսը բացատրում է, թե ինչու է դա կարևոր. «Ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա» (Ղուկաս 13։23, 24)։

Ջանք թափելու կարևորությունը ընդգծելու համար Հիսուսը մի օրինակ է բերում։ Նա ասում է. «Երբ տանտերը վեր կենա և դուռը փակի, և դուք դրսում կանգնեք ու սկսեք դուռը թակել ու ասել՝ «Տե՛ր, բաց արա».... նա կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք։ Հեռացե՛ք ինձանից, բոլոր անարդարություն գործողնե՛րդ»» (Ղուկաս 13։25–27)։

Ապա Հիսուսն ասում է, թե ինչ է լինում, երբ մարդը ուշ է գալիս, թերևս այն ժամանակ, երբ իրեն է հարմար. այդ մարդը տեսնում է, որ դուռն արդեն փակված և կողպված է։ Նա պետք է ավելի շուտ գար, անգամ եթե իրեն հարմար չէր։ Նմանապես, շատերը կարող են օգուտներ քաղել այն բանից, որ Հիսուսը երկրի վրա է և ուսուցանում է մարդկանց, բայց նրանք չեն օգտվում այդ հնարավորությունից և ճշմարիտ երկրպագությունը իրենց կյանքում առաջին տեղում չեն դնում։ Մարդկանց մեծ մասը, ում մոտ ուղարկվել է Հիսուսը, չի ընդունում Աստծու տված փրկության միջոցը։ Հիսուսն ասում է, որ երբ նրանք «դուրս նետվեն», այն ժամանակ «լաց կլինեն և կկրճտացնեն իրենց ատամները»։ Իսկ «արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից» եկած մարդիկ, այսինքն՝ տարբեր ազգերի մարդիկ «սեղանի շուրջ կթիկնեն Աստծու թագավորության մեջ» (Ղուկաս 13։28, 29)։

Ապա Հիսուսն ավելացնում է. «Ոմանք, ովքեր վերջիններ են [օրինակ՝ այլազգիները և արհամարհված հրեաները], առաջիններ կլինեն, իսկ ոմանք, ովքեր առաջիններ են [կրոնական առաջնորդները, ովքեր հպարտանում են, թե Աբրահամի սերունդն են], վերջիններ կլինեն» (Ղուկաս 13։30)։ Այդ անշնորհակալ մարդիկ «վերջիններ կլինեն» այն իմաստով, որ չեն մտնի Աստծու Թագավորություն։

Փարիսեցիներից ոմանք այժմ գալիս են Հիսուսի մոտ և ասում նրան. «Դո՛ւրս եկ ու գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն [Անտիպասը] ուզում է սպանել քեզ»։ Հավանաբար, Հերովդես թագավորն ինքն է նախաձեռնել, որ նման լուրեր տարածվեն, որպեսզի Հիսուսը հեռանա այդ տարածքից։ Նա թերևս վախենում է, որ գուցե ինչ-որ կերպով մասնակից դառնա մեկ ուրիշ մարգարեի սպանությանը, ինչպես որ մասնակից էր եղել Հովհաննես Մկրտչի սպանությանը։ Բայց Հիսուսն ասում է փարիսեցիներին. «Գնացե՛ք ու ասացե՛ք այդ աղվեսին. «Այսօր և վաղը ես դևեր կհանեմ և բուժումներ կանեմ, իսկ երրորդ օրը կվերջացնեմ»» (Ղուկաս 13։31, 32)։ Հերովդեսին կոչելով «աղվես»՝ Հիսուսն ակնարկում է, որ նա խորամանկ է։ Սակայն Հիսուսը թույլ չի տա, որ Հերովդեսը կամ ուրիշ որևէ մեկը ազդեցություն բանեցնի իր վրա կամ շտապեցնի իրեն։ Նա ցանկանում է ամբողջությամբ կատարել իր Հոր տված հանձնարարությունը և անել դա Աստծու նշանակած ժամանակ և Աստծու կամքի համաձայն, ոչ թե մարդկանց։

Հիսուսը շարունակում է իր ճանապարհը դեպի Երուսաղեմ։ Նա ասում է. «Անհնար է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս մահվան մատնվի» (Ղուկաս 13։33)։ Աստվածաշնչյան ոչ մի մարգարեության մեջ գրված չէ, որ Մեսիան պետք է մահանա այդ քաղաքում, այդ դեպքում ինչո՞ւ է Հիսուսն ասում, որ ինքն այնտեղ է սպանվելու։ Երուսաղեմը երկրի մայրաքաղաքն է, որտեղ գտնվում է Սինեդրիոնը՝ 71 հոգուց բաղկացած հրեական գերագույն ատյանը, և որտեղ հարցաքննվում են նրանք, ովքեր մեղադրվում են կեղծ մարգարե լինելու մեջ։ Նաև Երուսաղեմում են մատուցվում կենդանական զոհերը։ Ուստի Հիսուսը հասկանում է, որ անհնար է, որ իրեն մեկ այլ վայրում մահվան մատնեն։

Մայր հավը ճտերին հավաքում է իր թևերի տակ

Նա ասում է. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին այնպես, ինչպես հավն է հավաքում իր ճտերին թևերի տակ, բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Ղուկաս 13։34, 35)։ Հրեա ազգը մերժում է Աստծու Որդուն, ուստի պետք է կրի դրա հետևանքները։

Հիսուսը դեռ Երուսաղեմի ճանապարհին է։ Փարիսեցիների իշխաններից մեկը շաբաթ օրը նրան հրավիրում է իր տուն՝ ճաշի։ Այնտեղ ներկա է մի մարդ, որը տառապում է ջրգողությամբ (մի հիվանդություն, որի ժամանակ մարդու մարմնում, հատկապես սրունքների և ոտնաթաթերի հատվածում շատ հեղուկ է կուտակվում)։ Հրավիրված մյուս մարդիկ ուշադրությամբ հետևում են Հիսուսին, որ տեսնեն, թե արդյոք նա ինչ-որ բան կանի այդ մարդուն օգնելու համար։ Հիսուսը հարցնում է փարիսեցիներին և Օրենքից լավատեղյակ մարդկանց. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել, թե ոչ» (Ղուկաս 14։3)։

Ոչ ոք չի պատասխանում։ Հիսուսը բուժում է հիվանդ մարդուն և հետո հարցնում նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի որդին կամ ցուլը շաբաթ օրը ընկնի ջրհորը, մի՞թե իսկույն դուրս չի հանի նրան» (Ղուկաս 14։5)։ Կրկին նրանք ոչինչ չեն կարողանում պատասխանել այդ տրամաբանական փաստարկին։

  • Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչ է հարկավոր անել փրկվելու համար, և ինչո՞ւ են շատերը «դուրս նետվելու»։

  • Ովքե՞ր են «վերջինները», որ կդառնան «առաջիններ», և ովքե՞ր են «առաջինները», որ կդառնան «վերջիններ»։

  • Ինչի՞ մասին է թերևս մտահոգվում Հերովդես թագավորը։

  • Ինչո՞ւ է Հիսուսն ասում, որ ինքը սպանվելու է Երուսաղեմում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը