Եհովան «արդարութիւն կ’անի»
«Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք [«արդարութիւն», ԷԹ] չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա» (ՂՈՒԿԱՍ 18։7)։
1. Ովքե՞ր են քաջալերության աղբյուր քեզ համար և ինչո՞ւ։
ԱՄԲՈՂՋ աշխարհում Եհովայի վկաները հաճույքով ընկերակցում են իրենց քրիստոնյա եղբայրների և քույրերի հետ, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայել են Եհովային։ Անձամբ ճանաչո՞ւմ ես այդ թանկագին անհատներից ոմանց։ Գուցե այս պահին միտքդ է գալիս մի տարեց քույր, որը մկրտվել է տարիներ առաջ և ժողովի գրեթե ոչ մի հանդիպում բաց չի թողնում։ Կամ թերևս հիշեցիր մի մեծահասակ եղբոր, որն արդեն տասնամյակներ է, ինչ ամեն շաբաթ հավատարմորեն մասնակցում է քարոզչական ծառայությանը։ Անշուշտ, այս հավատարիմ անհատներից շատերի կարծիքով՝ Արմագեդոնը պետք է որ արդեն եկած լիներ։ Սակայն այն փաստը, որ այս անարդար աշխարհը դեռ գոյություն ունի, չի թուլացրել Եհովայի խոստումների հանդեպ նրանց վստահությունը և ‘մինչև վերջ համբերելու’ վճռականությունը (Մատթէոս 24։13)։ Եհովայի այդ հավատարիմ ծառաների ցուցաբերած մեծ հավատը իսկապես քաջալերանքի աղբյուր է ամբողջ ժողովի համար (Սաղմոս 147։11)։
2. Ի՞նչն է մեզ տխրեցնում։
2 Սակայն երբեմն կարող ենք հակառակը նկատել։ Որոշ Վկաներ երկար տարիներ մասնակցել են ծառայությանը, բայց ժամանակի ընթացքում նրանց հավատը Եհովայի հանդեպ թուլացել է, և նրանք դադարել են ընկերակցել քրիստոնեական ժողովի հետ։ Իհարկե, մեզ տխրեցնում է այն, որ նրանք, ովքեր մի ժամանակ մեզ հետ էին, այժմ թողել են Եհովային։ Ինչևէ, մեր սրտի ցանկությունն է օգնել յուրաքանչյուր ‘կորած ոչխարի’ վերադառնալ դեպի իր «հոտը» (Սաղմոս 119։176; Հռովմայեցիս 15։1)։ Այո, ոմանք պահպանում են իրենց հավատը և հոգևորապես ակտիվ մնում, մինչդեռ մյուսները կորցնում են հավատը և դադարում ժողովի հետ շփվելուց։ Ուստի հարցեր են առաջանում. «Ի՞նչն է օգնում բազմաթիվ Վկաների պահպանել Եհովայի խոստումների հանդեպ իրենց հավատը, այն դեպքում երբ ոմանք կորցնում են այն։ Ի՞նչ կարող ենք անել անձամբ մենք, որպեսզի մեր համոզվածությունը, որ «Եհովայի մեծ օրը» մոտենում է, ամուր մնա» (Սոփոնիա 1։14, ՆԱ)։ Եկեք քննարկենք մի օրինակ Ղուկասի Ավետարանից։
Նախազգուշացում ‘մարդու Որդու գալու’ ժամանակներում ապրողներին
3. Հատկապես ովքե՞ր կարող են օգուտ քաղել այրու և դատավորի մասին օրինակից և ինչո՞ւ։
3 «Ղուկաս» գրքի 18–րդ գլխում կա մի պատմություն այրու և դատավորի մասին։ Այն նման է հաստատակամ հյուրընկալի մասին օրինակին, որը քննարկեցինք նախորդ հոդվածում (Ղուկաս 11։5–13)։ Բայց ինչպես երևում է համատեքստից, այրու և դատավորի օրինակը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր ապրում են մարդու Որդու՝ Թագավորական իշխանությամբ գալու ժամանակ։ Այդ ժամանակը սկսվել է 1914 թ.–ից (Ղուկաս 18։8)։a
4. Ինչի՞ մասին խոսեց Հիսուսը նախքան Ղուկաս 18–րդ գլխում արձանագրված օրինակը պատմելը։
4 Նախքան այրու և դատավորի մասին օրինակը պատմելը Հիսուսը նշեց, որ Թագավորական իշխանությամբ իր ներկայությունն ակնհայտ էր լինելու, «ինչպէս կայծակն որ փայլում երկնքի տակիցը՝ լոյս է տալիս մինչեւ երկնքի միւս տակը» (Ղուկաս 17։24; 21։10, 29–33)։ Բայցևայնպես, ‘վերջին ժամանակում’ ապրող մարդիկ ուշադրություն չէին դարձնելու նրա ներկայությանը (Դանիէլ 12։4)։ Ինչո՞ւ։ Այն նույն պատճառով, ինչ պատճառով որ Նոյի և Ղովտի օրերում ապրող մարդիկ անտեսեցին Եհովայի նախազգուշացումները։ Այն ժամանակներում մարդիկ «ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին» մինչև իրենց կործանվելու օրը (Ղուկաս 17։26–29)։ Նրանք կորցրեցին իրենց կյանքը, քանի որ ամբողջությամբ տարված էին առօրյա գործերով և ոչ մի ուշադրություն չէին դարձնում Աստծու կամքին (Մատթէոս 24։39)։ Այսօր նույնպես մարդիկ լիովին տարված են իրենց առօրյա գործերով և չեն տեսնում այն ակնհայտ նշանները, որ այս անաստված աշխարհի կործանումը մոտ է (Ղուկաս 17։30)։
5. ա) Ո՞ւմ էր ուղղված Հիսուսի նախազգուշացումը և ինչո՞ւ։ բ) Ինչո՞ւ են ոմանք կորցրել իրենց հավատը։
5 Անշուշտ, Հիսուսը մտահոգված էր այն բանով, որ իր հետևորդները նույնպես կարող են տարվել սատանայական աշխարհով, նույնիսկ այն աստիճան, որ գուցե ‘ետ դառնան’ նախկին ապրելակերպին (Ղուկաս 17։22, 31)։ Իրողությունն այն է, որ որոշ քրիստոնյաներ հեռացել են ճշմարտությունից։ Երկար տարիներ այդ անհատները սպասել են այն օրվան, երբ Եհովան վերջ կդնի այս չար աշխարհին։ Սակայն, քանի որ Արմագեդոնը չի եկել այն ժամանակ, երբ իրենք են սպասել, հիասթափվել են։ Նրանց վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովայի դատաստանի օրը մոտ է, խարխլվել է։ Նրանք թուլացել են ծառայության մեջ և ի վերջո այնքան տարվել առօրյա հոգսերով, որ քիչ ժամանակ են ունեցել հոգևոր բաների համար (Ղուկաս 8։11, 13, 14)։ Ժամանակի ընթացքում նրանք վերադարձել են այն բաներին, ինչ թողել էին ետևում։ Որքա՜ն ցավալի է։
Անհրաժեշտ է «ամեն ժամանակ աղօթք անել»
6–8. ա) Պատմի՛ր այրու և դատավորի մասին օրինակը։ բ) Հիսուսն ինչպե՞ս բացատրեց այդ օրինակի իմաստը։
6 Ի՞նչ կարող ենք անել՝ լիովին հավաստիանալու համար, որ մեր վստահությունը Եհովայի խոստումների կատարման հանդեպ չի թուլանա (Եբրայեցիս 3։14, ԷԹ)։ Հիսուսն այդ հարցին անդրադարձավ անմիջապես այն բանից հետո, երբ զգուշացրեց իր աշակերտներին չվերադառնալ Սատանայի չար աշխարհ։
7 Ըստ Ղուկասի արձանագրության՝ Հիսուսը «մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։ Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։ Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։ Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ»։
8 Այնուհետև Հիսուսը բացատրեց այս օրինակի իմաստը. «Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։ Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք [«արդարութիւն», ԷԹ] չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։ Ասում եմ ձեզ թէ շուտով իրաւունք [«իսկոյն արդարութիւն», ԷԹ] կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ» (Ղուկաս 18։1–8)։
«Իրաւունք արա ինձ»
9. Ո՞րն է այրու և դատավորի մասին օրինակի գլխավոր թեման։
9 Այս օրինակի գլխավոր թեման հստակ ընդգծվում է։ Դա երևում է օրինակի երկու անձանց և Հիսուսի խոսքերից։ Այրին աղերսեց՝ «իրաւունք արա ինձ», դատավորը մտածեց՝ «իրաւունք անեմ նորան», իսկ Հիսուսը հարց տվեց՝ ‘Աստված մի՞թե արդարություն չի անի’ և հետո պատասխանեց. «Շուտով իրաւունք [«իսկոյն արդարութիւն», ԷԹ] կ’անէ նորանց համար» (Ղուկաս 18։3, 5, 7, 8)։ Ե՞րբ է Աստված արդարություն անելու։
10. ա) Առաջին դարում ե՞րբ արդարություն ի գործ դրվեց։ բ) Մեր օրերում ե՞րբ և ինչպե՞ս Աստված արդարություն կանի իր ծառաների համար։
10 Առաջին դարում՝ 70 թ.–ին, Եհովա Աստված արդարություն, կամ՝ ‘վրեժխնդրություն’ արեց։ Այդ ժամանակ Երուսաղեմն ու տաճարը ավերվեցին (Ղուկաս 21։22)։ Մեր ժամանակներում Աստված իր ծառաների համար արդարություն կանի, երբ գա «Եհովայի մեծ օրը» (Սոփոնիա 1։14, ՆԱ; Մատթէոս 24։21)։ Նա իր ժողովրդին ‘նեղացնողներին նեղություն կհատուցի.... երբ Հիսուս Քրիստոսը կրակի բոցով վրեժ առնի նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի ավետարանին’ (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–8; Հռովմայեցիս 12։19)։
11. Ինչպե՞ս Եհովան «իսկոյն» արդարություն կանի։
11 Սակայն ինչպե՞ս հասկանալ Հիսուսի խոսքերն այն մասին, որ Եհովան «իսկոյն» արդարություն կանի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ‘թեև Եհովան երկայնամիտ է’, նա ճիշտ ժամանակին արագորեն արդարություն կանի (Ղուկաս 18։7, 8; Բ Պետրոս 3։9, 10)։ Նոյի օրերում, երբ ջրհեղեղ եղավ, ամբարիշտ մարդիկ իսկույն կործանվեցին։ Նմանապես և Ղովտի օրերում, երբ երկնքից կրակ տեղաց, չարերը ոչնչացան։ Հիսուսն ասաց. «Նոյն կերպովն էլ կ’լինի այն օրումը, որ մարդի Որդին կ’յայտնուի» (Ղուկաս 17։27–30)։ Այո՛, չարերը ‘հանկարծակի կկործանվեն’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 3 ԱՆԹ)։ Մենք կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովայի արդարությունը թույլ չի տա Սատանայի աշխարհին գոյատևել նույնիսկ մեկ օր ավելի։
‘Արդարություն կանի նրանց համար’
12, 13. ա) Այրու և դատավորի մասին Հիսուսի պատմած օրինակից ի՞նչ ենք սովորում։ բ) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան լսում է մեր աղոթքները և արդարություն կանի։
12 Այրու և դատավորի մասին օրինակը ընդգծում է նաև այլ կարևոր ճշմարտություններ։ Բացատրելով օրինակը՝ Հիսուսն ասաց. «Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։ Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք [«արդարութիւն», ԷԹ] չի անիլ»։ Իհարկե, Հիսուսը Եհովային չէր համեմատում դատավորի հետ և չէր ուզում ասել, թե Աստված նրա պես կվարվի իրեն հավատացողների հետ։ Դատավորի և Աստծու միջև եղած տարբերություններն ընդգծելով՝ նա ցանկանում էր իր հետևորդներին ինչ–որ բան սովորեցնել Եհովայի մասին։ Որո՞նք են այդ տարբերություններից մի քանիսը։
13 Հիսուսի օրինակի դատավորը «անիրաւ»՝ անարդար էր, մինչդեռ «Աստուած արդար դատաւոր է» (Սաղմոս 7։11; 33։5)։ Դատավորին ընդհանրապես չէր հետաքրքրում այրին, սակայն Եհովան հետաքրքրված է յուրաքանչյուր անհատով (Բ Մնացորդաց 6։29, 30)։ Դատավորը չէր ցանկանում օգնել այրուն, բայց Եհովան ցանկանում է, այո՛, շա՛տ է ցանկանում օգնության հասնել իր ծառաներին (Եսայիա 30։18, 19)։ Ի՞նչ ենք սովորում այստեղից։ Եթե անարդար դատավորը լսեց այրու խնդրանքները և արդարություն արեց նրա համար, ուրեմն Եհովան առավել ևս կլսի իր ծառաների աղոթքները և անպատճառ արդարություն կանի նրանց համար (Առակաց 15։29)։
14. Ինչո՞ւ չպետք է դադարենք հավատալ այն բանին, որ Եհովայի դատաստանի օրը մոտենում է։
14 Նրանք, ովքեր դադարում են հավատալ, որ Եհովայի դատաստանի օրը մոտ է, մեծ սխալ են թույլ տալիս։ Ինչո՞ւ։ Այլևս չհավատալով, որ «Եհովայի մեծ օրը» մոտ է՝ նրանք ցույց են տալիս, որ վստահ չեն, թե արդյոք Եհովան կիրագործի իր խոստումները։ Սակայն ոչ ոք իրավամբ չի կարող հարցականի տակ դնել Աստծու հավատարմությունը, այն, որ նա կկատարի իր տված խոստումները (Յոբ 9։12)։ Ուստի հարցն այն է, թե արդյոք անձամբ մենք հավատարիմ կմնանք։ Հենց այս մասին է, որ Հիսուսը հարցրեց այրու և դատավորի օրինակի վերջում։
«Արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ»
15. ա) Ի՞նչ հարց տվեց Հիսուսը և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
15 Հիսուսը հետաքրքիր հարց տվեց. «Մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք [«այսպիսի հավատ», ՆԱ, ծնթ.] կ’գտնէ՞ երկրի վերայ» (Ղուկաս 18։8)։ «Այսպիսի հավատ» արտահայտությունից երևում է, որ Հիսուսը նկատի չուներ հավատն առհասարակ. խոսքը այնպիսի հավատի մասին էր, ինչպիսին որ ուներ այրին։ Իր հարցին Հիսուսը չպատասխանեց։ Նա այդ հարցը տվեց, որպեսզի աշակերտները մտածեին իրենց հավատի որակի մասին։ Արդյո՞ք նրանց հավատը աստիճանաբար թուլանում էր։ Եթե այո, ապա վտանգ կար, որ նրանք վերադառնային ետևում թողած բաներին։ Թե՞ նրանք այրու հավատի պես հավատ ունեին։ Այսօր մենք նույնպես պետք է հարց տանք ինքներս մեզ. «Ինչպիսի՞ հավատ կգտնի «մարդու Որդին» իմ սրտում»։
16. Ինչպիսի՞ հավատ ուներ այրին։
16 Եթե ուզում ենք լինել նրանց թվում, ովքեր կտեսնեն Եհովայի արդարությունը, պետք է հետևենք այրու օրինակին։ Ինչպիսի՞ հավատ ուներ վերջինս։ Նա հաստատակամորեն գնում էր «[դատավորի մոտ] եւ ասում, Իրաւունք արա ինձ»։ Այրին հաստատակամություն դրսևորեց, որպեսզի արդարություն ստանար անարդար մարդուց։ Անշուշտ, այսօր Աստծու ծառաները կարող են վստահ լինել, որ անպայման արդարություն կստանան Եհովայից, նույնիսկ եթե ակնկալվածից ավելի երկար սպասեն։ Բացի այդ, նրանք Աստծու խոստումների հանդեպ իրենց վստահությունը ցույց են տալիս նրանով, որ անդադար աղոթում են, այո՛, «ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա» (Ղուկաս 18։7)։ Եթե քրիստոնյան դադարի աղոթել, որ Աստված արդարություն գործադրի, ապա նա ցույց կտա, որ կորցրել է իր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եհովան մտադիր է գործել հանուն իր ծառաների։
17. Ի՞նչ պատճառներ ունենք հարատևելու աղոթքում և շարունակելու պահպանել մեր հավատը այն բանի հանդեպ, որ Եհովայի դատաստանի օրը մոտենում է։
17 Եթե հաշվի առնենք, թե ինչ հանգամանքներում էր գտնվում այրի կինը, ապա կտեսնենք, որ մենք հաստատակամորեն աղոթելու ուրիշ պատճառներ էլ ունենք։ Քննենք նրա և մեր հանգամանքների միջև եղած տարբերությունը։ Այրին անընդհատ գնում էր դատավորի մոտ, չնայած որ իրեն ոչ ոք չէր քաջալերում այդպես վարվել։ Այնինչ մենք ունենք քաջալերող. Աստծու Խոսքը բազմիցս մեզ հորդորում է ‘հարատևել աղոթքում’ (Հռովմայեցիս 12։12)։ Այրին ոչ մի հավաստիացում չուներ, որ արդարության մասին իր խնդրանքները կպատասխանվեն, այնինչ Եհովան վստահեցնում է մեզ, որ արդարություն կանի։ Իր մարգարեի միջոցով Աստված հայտնեց. «Եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3; Սաղմոս 97։10)։ Այրին ոչ մի օգնող չուներ, որը նրա համար կբարեխոսեր։ Իսկ մենք զորեղ օգնական ունենք՝ Հիսուսը, որը «Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս.... է» (Հռովմայեցիս 8։34; Եբրայեցիս 7։25)։ Ուրեմն՝ եթե այրին, չնայած իր դժվար իրավիճակին, շարունակում էր աղերսել դատավորին՝ հուսալով, որ վերջինս արդարություն կանի, ապա առավել ևս մենք պետք է պահպանենք մեր հավատը այն բանի հանդեպ, որ Եհովայի դատաստանի օրը մոտենում է։
18. Ինչպե՞ս աղոթքը կզորացնի մեր հավատը և կօգնի արդարություն տեսնել։
18 Այրու օրինակից սովորում ենք, որ աղոթքը սերտորեն կապված է հավատի հետ, իսկ մեր անդադար աղոթքները կօգնեն մեզ դիմադրել այն ամենին, ինչը կարող է թուլացնել մեր հավատը։ Իհարկե սա չի նշանակում, որ ցուցադրական աղոթքներ մատուցելով՝ մեր հավատը չենք կորցնի (Մատթէոս 6։7, 8)։ Երբ աղոթում ենք այն պատճառով, որ գիտակցում ենք մեր լիակատար կախվածությունը Աստծուց, այդ ժամանակ ավելի ենք մոտենում նրան և ամրացնում մեր հավատը։ Նաև, քանի որ փրկության համար հավատ է պահանջվում, զարմանալի չէ, որ Հիսուսն անհրաժեշտ համարեց իր աշակերտներին քաջալերել «ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ» (Ղուկաս 18։1; Բ Թեսաղոնիկեցիս 3։13)։ Անշուշտ, Եհովայի մեծ օրվա գալուստը կախված չէ մեր աղոթքներից. այն կգա՝ անկախ նրանից՝ աղոթում ենք դրա համար, թե՝ ոչ։ Այն, թե անձամբ մենք կտեսնենք արդարություն և կվերապրենք Աստծու պատերազմից, միանշանակ կախված է մեր հավատից և աղոթելու սովորությունից։
19. Ինչպե՞ս կարող ենք փաստել մեր լիակատար համոզվածությունն այն բանում, որ Աստված «արդարութիւն կ’անի»։
19 Ինչպես վերևում նշեցինք, Հիսուսը հարցրեց. «Մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ»։ Ի՞նչ պատասխան կարելի է տալ այս հարցին։ Անչափ ուրախալի է տեսնել, որ ամբողջ աշխարհում Եհովայի միլիոնավոր հավատարիմ ծառաներ իրենց աղոթքներով, համբերությամբ և հաստատակամությամբ փաստում են իրենց ամուր հավատը։ Ուստի Հիսուսի հարցին կարելի է դրական պատասխան տալ։ Այո՛, չնայած Սատանայի աշխարհի անարդարություններին, որոնց բախվում ենք ներկայումս՝ մենք լիովին համոզված ենք, որ Աստված ‘իսկույն արդարություն կանի իր ընտրյալների համար’։
[ծանոթագրություն]
a Այս օրինակի նշանակությունն ավելի լավ հասկանալու համար ընթերցիր Ղուկաս 17։22–33-ը։ Ուշադրություն դարձրու, թե Ղուկաս 17։22, 24, 30–ում «մարդի Որդու» մասին հիշատակումներն ինչպես են կապվում Ղուկաս 18։8–ում տրված հարցի հետ։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ կորցրել իրենց հավատը։
• Ինչո՞ւ կարող ենք լիովին համոզված լինել, որ Եհովայի դատաստանի օրը մոտ է։
• Ի՞նչ հիմքեր ունենք հարատևելու աղոթքում։
• Ինչպե՞ս կարող են անդադար աղոթքներն օգնել մեզ չկորցնել մեր հավատը։
[նկար 26-րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում այրու և դատավորի մասին օրինակից
[նկարներ 29-րդ էջի վրա]
Միլիոնավոր մարդիկ լիովին համոզված են, որ Աստված «արդարութիւն կ’անի»