Ճանաչո՞ւմ եք Հիսուսի ներկայության նշանը
ՈՉ ՈՔ չի ցանկանում ծանր հիվանդությամբ տառապել կամ աղետի ենթարկվել, այն էլ անսպասելիորեն։ Նման բաներից խուսափելու համար իմաստուն մարդը հաշվի է առնում վտանգի նշանները և գործում է համապատասխան կերպով։ Հիսուս Քրիստոսը նկարագրեց մի յուրօրինակ նշան, որը հարկավոր է ճանաչել։ Այն, ինչի մասին նա խոսեց, տեղի էր ունենալու համաշխարհային մասշտաբով և առնչվելու էր յուրաքանչյուր անհատի, այդ թվում ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։
Հիսուսը խոսեց Աստծու Թագավորության մասին, որը վերացնելու է չարիքը և երկիրը դրախտի է վերածելու։ Նրա աշակերտներին դա շատ էր հետաքրքրում, և նրանք ցանկանում էին իմանալ, թե երբ է այդ Թագավորությունը գալու։ Աշակերտները հարցրեցին. «Ի՞նչ կ’լինի քո գալստեան [«ներկայության», ՆԱ] եւ աշխարհքիս վերջի նշանը» (Մատթէոս 24։3)։
Հիսուսը գիտեր, որ իր մահից ու հարությունից հետո դարեր պիտի անցնեին, նախքան ինքը երկնքում կգահակալվեր որպես Մեսիական Թագավոր և կիշխեր մարդկության վրա։ Քանի որ իր թագադրությունն անտեսանելի էր լինելու մարդկանց, Հիսուսը տվեց մի նշան, որի միջոցով իր հետևորդները կճանաչեին իր «ներկայությունը», ինչպես նաև կիմանային, որ ‘աշխարհի վերջը’, այսինքն՝ իրերի համակարգի վախճանը, մոտեցել է։ Այդ նշանը մի քանի երեսակներ ունի, որոնք միասին կազմում են բաղադրյալ բնորոշիչ ազդանշան՝ Հիսուսի ներկայության նշանը։
Ավետարանագիրներ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը մանրազնին գրառել են Հիսուսի տված պատասխանը (Մատթէոս, գլուխ 24, 25; Մարկոս, գլուխ 13; Ղուկաս, գլուխ 21)։ Աստվածաշնչի այլ գրողներ հաղորդել են նշանի լրացուցիչ մանրամասնություններ (Բ Տիմոթէոս 3։1–5; Բ Պետրոս 3։3, 4; Յայտնութիւն 6։1–8; 11։18)։ Այս հոդվածի սահմաններում հնարավոր չէ քննել բոլոր մանրամասնությունները, սակայն մենք կքննենք հինգ գլխավոր առանձնահատկություններ, որոնք միասին կազմում են Հիսուսի հիշատակած նշանը։ Դուք կտեսնեք, որ այս քննարկումն առնչվում է անձամբ ձեզ և որ դա կարևոր է ձեզ համար (տե՛ս 6–րդ էջի շրջանակը)։
Նոր դարաշրջան սկսվեց
«Ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ» (Մատթէոս 24։7)։ Գերմանական «Շպիգել» հանդեսը նշում է, որ մինչև 1914 թվականը մարդիկ «հավատում էին ոսկե ապագային, երբ ավելի շատ ազատություն կլիներ, հասարակությունը կզարգանար ու կբարգավաճեր»։ Հետո ամեն ինչ փոխվեց։ «1914 թ. օգոստոսին սկսված և 1918 թ. նոյեմբերին ավարտված պատերազմը ցնցող իրադարձություն էր։ Այն պատմության մեջ խզում առաջացրեց՝ առանձնացնելով հինը նորից»,— գրում է «ԳԵՕ» հանդեսը։ Հինգ մայրցամաքներից ավելի քան 60 միլիոն զինվոր ներգրավվեց դաժան հակամարտության մեջ։ Միջին հաշվով ամեն օր մոտ 6 000 զինվոր էր սպանվում։ Այդ ժամանակվանից սկսած՝ բոլոր սերունդների պատմաբանները, այդ թվում նրանք, ովքեր ամենատարբեր քաղաքական համոզմունքներ ունեն, համարում են, որ «1914–1918 թվականներից հետո նոր դարաշրջան սկսվեց»։
Առաջին համաշխարհային պատերազմը անդառնալի փոփոխություններ առաջ բերեց հասարակության մեջ, և մարդկությունը մտավ այս համակարգի վերջին օրերի մեջ։ 20–րդ դարի մնացած տարիները բնորոշվեցին է՛լ ավելի շատ պատերազմներով, զինված ընդհարումներով և ահաբեկչությամբ։ Իրերի դրությունը չի փոխվել դեպի լավը ներկա դարի այս առաջին տարիներին։ Բացի պատերազմից, նշանի ուրիշ մասեր նույնպես տեսանելի են։
Սովեր, համաճարակներ, երկրաշարժեր
«Սովեր կ’լինին» (Մատթէոս 24։7)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում սով ընկավ, և այն մինչև օրս տանջում է մարդկությանը։ Պատմաբան Ալան Բուլոքը գրել է, որ 1933 թ.–ին Ռուսաստանում և Ուկրաինայում «սովյալների բազմությունները թափառում էին երկրով մեկ.... Ճամփեզրերը կիտված էին դիակներով»։ 1943 թ.–ին լրագրող Թ. Ուայթը Չինաստանի Հենան նահանգում սովի ականատես եղավ։ Նա գրել է. «Երբ սով է լինում, գրեթե ամեն ինչ ուտելի է դառնում. մարդու օրգանիզմը կարող է մանրացնել, կուլ տալ և էներգիայի վերածել այդ «ուտելի» բանը։ Միայն մահվան սպառնալիքի տակ մարդ կարող է սկսել մտածել, որ ուտելի է այն, ինչ մինչ այդ նա ոչ ուտելի էր համարում»։ Դժբախտաբար, վերջին տասնամյակներում սովը Աֆրիկայում գրեթե համընդհանուր տարածում է գտել։ Թեև աշխարհում յուրաքանչյուրի համար բավականաչափ սնունդ է արտադրվում, ըստ ՄԱԿ–ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության՝ ամբողջ աշխարհում 840 միլիոն մարդ ուտելու շատ քիչ բան ունի։
«Պիտի տեղի ունենան.... տարբեր տեղերում.... համաճարակ[ներ]» (Ղուկաս 21։11, ԱՆԹ)։ «Ըստ հաշվարկների՝ 1918 թ.–ին իսպանական գրիպը խլեց 20–ից մինչև 50 միլիոն մարդու կյանք՝ ավելի շատ, քան ժանտախտը կամ Առաջին համաշխարհային պատերազմը»,— տեղեկացնում է «Զյուդդոյչե ցայտունգ» թերթը։ Այդ ժամանակվանից անհամար մարդիկ են հիվանդացել մալարիայով, ծաղիկով, տուբերկուլյոզով, պոլիոմիելիտով և խոլերայով։ Իսկ ինչ վերաբերում է ՁԻԱՀ–ին, ապա աշխարհը զարհուրանքով է դիտում, թե ինչպես է այն տարածվում չթուլացող տեմպերով։ Մտահոգության տեղիք է տալիս այն, որ այդ հիվանդության տարածումը տեղի է ունենում բժշկության ասպարեզում ապշեցուցիչ նվաճումների ֆոնի վրա։ Այս պարադոքսը, որի նմանը մինչև հիմա մարդկությունը չի տեսել, հստակորեն վկայում է, որ մենք ապրում ենք արտասովոր ժամանակներում։
‘Երկրաշարժեր’ (Մատթէոս 24։7)։ Անցած հարյուրամյակում երկրաշարժերը հարյուր հազարավոր կյանքեր խլեցին։ Համաձայն մի աղբյուրի՝ սկսած 1914 թ.–ից՝ միջին հաշվով տարեկան տեղի է ունենում 18 ուժգին երկրաշարժեր, որոնք շենքեր են քանդում և գետինը ճեղքում։ Իսկ համարյա տարին մեկ տեղի է ունենում այնպիսի երկրաշարժ, որը հիմնահատակ ավերում է շինությունները։ Չնայած տեխնիկական առաջընթացին՝ երկրաշարժերի ժամանակ մահացության տոկոսը շարունակում է բարձր մնալ, քանի որ արագորեն աճող շատ քաղաքներ ընկած են սեյսմիկ գոտում։
Ուրախ լուր
Վերջին օրերի նշանի երեսակների մեծ մասը ճնշող տպավորություն է թողնում։ Բայց Հիսուսը նշեց նաև մի ուրախ լուրի մասին։
«Արքայութեան այս աւետարանը [բարի լուրը] բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար» (Մատթէոս 24։14)։ Այն գործը, որ հենց ինքը՝ Հիսուսն էր սկսել՝ Թագավորության բարի լուրի քարոզչությունը, իր գագաթնակետին էր հասնելու վերջին օրերում։ Այսօր մենք դրա ականատեսներն ենք։ Եհովայի վկաները քարոզում են Աստվածաշնչի պատգամը և պատրաստակամ մարդկանց ուսուցանում են, թե ինչպես կիրառել ամենօրյա կյանքում այն, ինչ նրանք սովորել են Աստվածաշնչից։ Ներկայումս ավելի քան վեց միլիոն Եհովայի վկա աշխարհի 235 երկրներում բարի լուրը քարոզում է 400–ից ավելի լեզուներով։
Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չասաց, թե կյանքը կանգ էր առնելու աշխարհում տիրող վատ պայմանների պատճառով։ Նաև նա չասաց, թե նշանի միայն մեկ երեսակն էր ամբողջ աշխարհում երևալու։ Սակայն Հիսուսը իրոք կանխագուշակեց բազմաթիվ դեպքեր, որոնք միասին կազմելու էին մի նշան, որը ճանաչվելու էր երկրագնդի ցանկացած վայրում։
Դեպքերն ու իրադարձություններն առանձին դիտելու փոխարեն՝ տեսնո՞ւմ եք արդյոք ընդհանուր պատկերը՝ համաշխարհային նշանակություն ունեցող բաղադրյալ նշանը։ Ինչ որ տեղի է ունենում, առնչվում է ձեզ և ձեր ընտանիքին։ Բայց գուցե հարց առաջանա. «Ինչո՞ւ են այդքան քիչ մարդիկ ուշադրություն դարձնում»։
Սեփական շահերն ավելի կարևոր են
«Լողալ չի՛ կարելի»։ «Բարձր լարվածությո՛ւն»։ «Նվազեցրո՛ւ արագությունը»։ Այսպիսի նախազգուշական նշաններ մեզ հանդիպում են, բայց մենք հաճախ անտեսում ենք դրանք։ Ինչո՞ւ։ Որովհետև հակված ենք անելու այն, ինչ կարծում ենք, թե մեր շահերից է բխում։ Օրինակ՝ գուցե մտածենք, թե մեքենան հարկավոր է ավելի արագ վարել, քան թույլատրվում է կանոններով, կամ գուցե ուժեղ ցանկություն ունենանք լողալու այնտեղ, որտեղ արգելված է։ Սակայն նշանները հաշվի չառնելը իմաստուն չէ։
Օրինակ՝ ավստրիական, ֆրանսիական, իտալական և շվեյցարական Ալպերում եղել են դեպքեր, երբ ձյունահյուսը կլանել է զբոսաշրջիկներին, որովհետև նրանք ուշադրություն չեն դարձրել այն նախազգուշացումներին, որոնք հորդորում են դահուկ քշել միայն ապահով երթուղիներում։ «Զյուդդոյչե ցայտունգ»–ի համաձայն՝ նախազգուշացումներն անտեսող շատ զբոսաշրջիկներ առաջնորդվում են «չկա ռիսկ, չկա և հաճույք» սկզբունքով։ Ցավոք, նախազգուշացումներին ուշադրություն չդարձնելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։
Ինչո՞ւ են մարդիկ մատների արանքով նայում Հիսուսի նկարագրած նշանին։ Հնարավոր է նրանք կուրացել են ագահությունից, թմրել են անտարբերությունից, ընկել են առօրյա կյանքի հորձանուտի մեջ, համակված են իրենց հեղինակությունը կորցնելու վախով կամ գուցե անվճռականությունը կապել է նրանց ձեռքերը։ Իսկ այս նշված բաներից որևէ մեկը ստիպո՞ւմ է ձեզ ուշադրություն չդարձնել Հիսուսի ներկայության նշանին։ Իմաստուն չի՞ լինի ճանաչել նշանը և գործել համապատասխանաբար։
Կյանքը դրախտային երկրում
Գնալով աճում է այն մարդկանց թիվը, ովքեր նկատում են Հիսուսի ներկայության նշանը։ Կրիստիան անունով մի ամուսնացած մարդ (Գերմանիա) գրում է. «Մեր ժամանակները մռայլ ժամանակներ են։ Անկասկած, մենք ապրում ենք «վերջին օրերում»»։ Նա և նրա կինը բավական ժամանակ են տրամադրում, որ մարդկանց հետ խոսեն Մեսիական Թագավորության մասին։ Ֆրանկը նույնպես Գերմանիայում է ապրում։ Նա իր կնոջ հետ մարդկանց քաջալերում է Աստվածաշնչի բարի լուրով։ Ֆրանկն ասում է. «Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով շատերն այսօր հետաքրքրվում են ապագայով։ Մենք ջանում ենք նրանց ոգևորել դրախտային երկրի մասին աստվածաշնչյան մարգարեություններով»։ Իրենց գործունեությամբ Կրիստիանն ու Ֆրանկը բաժին են բերում Հիսուսի նկարագրած նշանի մեկ երեսակի կատարման մեջ. դա Թագավորության բարի լուրի քարոզչությունն է (Մատթէոս 24։14)։
Երբ վերջին օրերը հասնեն իրենց ավարտին, Հիսուսը կվերացնի այս հին համակարգը և այն մարդկանց, ովքեր թիկունք են կանգնում դրան։ Երկրի վրա կիշխի Մեսիական Թագավորությունը, և նրա օրոք երկիրը աստիճանաբար կվերածվի Դրախտի, ինչի մասին վաղուց կանխագուշակվել էր։ Կվերանան հիվանդությունները, չի լինի մահ, իսկ մահացածները հարություն կառնեն երկրի վրա։ Ահա այսպիսի չքնաղ հեռանկար է սպասում նրանց, ովքեր ճանաչում են ժամանակների նշանը։ Մի՞թե իմաստուն չի լինի ավելի շատ բաներ սովորել այդ նշանի մասին, ինչպես նաև այն մասին, թե անհատն ինչ պետք է անի, որպեսզի վերապրի այս համակարգի կործանումից։ Անշուշտ, յուրաքանչյուրս պետք է առանց հապաղելու այսպես վարվի (Յովհաննէս 17։3)։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
Հիսուսը կանխագուշակեց բազմաթիվ դեպքեր, որոնք միասին կազմելու էին մի նշան, որը ճանաչվելու էր երկրագնդի ցանկացած վայրում։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Տեսնո՞ւմ եք արդյոք ընդհանուր պատկերը՝ համաշխարհային նշանակություն ունեցող բաղադրյալ նշանը
[շրջանակ/նկարներ 6–րդ էջի վրա]
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չտեսնված պատերազմներ (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։4)։
Սով (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։5, 6, 8)։
Համաճարակ (Ղուկաս 21։11, ԱՆԹ; Յայտնութիւն 6։8, ԱՆԹ)։
Անօրենության շատացում (Մատթէոս 24։12)։
Երկրաշարժեր (Մատթէոս 24։7)։
Չար ժամանակներ (Բ Տիմոթէոս 3։1)։
Անհագ սեր փողի հանդեպ (Բ Տիմոթէոս 3։2)։
Անհնազանդություն ծնողներին (Բ Տիմոթէոս 3։2)։
Բնական կապվածության պակաս (Բ Տիմոթէոս 3։3, ՆԱ)։
Սեր ավելի շատ հաճույքների հանդեպ, քան Աստծու (Բ Տիմոթէոս 3։4)։
Ինքնատիրապետման պակաս (Բ Տիմոթէոս 3։3)։
Անբարեսիրություն (Բ Տիմոթէոս 3։3)։
Վերահաս վտանգի անտեսում (Մատթէոս 24։39)։
Ծաղրողներ, որոնք մերժում են վերջին օրերի մասին վկայող փաստերը (Բ Պետրոս 3։3, 4)։
Աստծու Թագավորության համաշխարհային քարոզչություն (Մատթէոս 24։14)։
[նկար 5–րդ էջի վրա. թույլտվությամբ]
WWI soldiers: From the book The World War—A Pictorial History, 1919; poor family: AP Photo/Aijaz Rahi; polio victim: © WHO/P. Virot