Գլուխ 33
Եհովայի վկաները շարունակում են արթուն մնալ
«ՔԱՆԻ ՈՐ Հիսուսը հստակ ասաց, որ ոչ մի մարդ չգիտի այն «օրվա կամ ժամի մասին», երբ Հայրը կհրամայի իր որդուն «գալ» Սատանայի ամբարիշտ համակարգի դեմ, ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ է այդքան կարևոր ապրել՝ հիշելով, որ վերջը մոտ է»։ Կարևոր է, քանի որ օրվա և ժամի մասին նշելիս Հիսուսը անմիջապես ավելացրեց. «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք.... Ուստի արթո՛ւն եղեք» (Մարկ. 13։32–35)» («Դիտարան», 1984, դեկտեմբերի 1)։
Եհովայի վկաները մեկ տասնամյակ չէ, որ արթուն են մնում։ Ինչի՞ն են նրանք սպասում։ Նրանք սպասում են, որ Հիսուսը գա Թագավորության զորությամբ և դատաստան իրագործի Սատանայի ամբարիշտ համակարգի դեմ։ Նաև սպասում են այն օրհնություններին, որոնք նրա Թագավորությունը կբերի ողջ երկրի վրա (Մատթ. 6։9, 10; 24։30; Ղուկ. 21։28; 2 Թեսաղ. 1։7–10)։ Նրանք, ովքեր արթուն են, գիտեն, որ 1914թ.-ից սկսած՝ Հիսուսի ներկայության «նշանը» ակնհայտ է, և որ այդ տարի սկսվեցին ներկայիս համակարգի վերջին օրերը (Մատթ. 24։3–25։46)։
Սակայն Հիսուսը դեռ չի եկել որպես Ազատագրող ու Եհովայի դատաստաններն Իրագործող։ Այդ դեպքում Եհովայի վկաներն ինչպե՞ս են գնահատում իրենց ներկայիս իրավիճակը։
«Հասկացողության մեջ լիակատար համոզվածություն»
Որպես համաշխարհային ժողով՝ Եհովայի վկաները «հասկացողության մեջ լիակատար համոզվածություն» են ձեռք բերել (Կող. 2։2)։ Դա չի նշանակում, որ նրանք համարում են, որ ամենայն մանրամասնությամբ հասկանում են Եհովայի նպատակները։ Նրանք շարունակում են անկանխակալ կերպով ուսումնասիրել Աստվածաշունչը ու խորացնել իրենց գիտելիքները։ Սակայն այն, ինչ սովորում են, չի փոխում Աստծու Խոսքի հիմնարար ճշմարտությունների վերաբերյալ իրենց տեսակետը։ Վկաները «լիակատար համոզվածություն» ունեն այդ ճշմարտությունների հանդեպ, ճշմարտություններ, որոնք հասկացել և ընդունել են տասնամյակներ առաջ։ Այդուհանդերձ, նրանց սովորածը ավելի ու ավելի է խորացնում իրենց հասկացողությունը այն բանի վերաբերյալ, թե սուրբգրային այս կամ այն համարը ինչ տեղ ունի աստվածաշնչյան ողջ ճշմարտության մեջ, և թե ինչպես իրենք կարող են լիարժեք կերպով կիրառել Աստծու Խոսքի խորհուրդներն իրենց կյանքում։
Եհովայի վկաները «լիակատար համոզվածություն» ունեն նաև Աստծու խոստումների հանդեպ։ Նրանք միանգամայն համոզված են, որ այդ բոլոր խոստումները ամենայն մանրամասնությամբ անպայման կիրականանան, և դա տեղի կունենա Աստծու սահմանած ժամանակին։ Աստվածաշնչյան մարգարեությունների կատարումը, որը նրանք և՛ տեսնում են, և՛ զգում են իրենց կյանքում, լիովին վստահեցնում է նրանց, որ ներկայիս աշխարհի «վերջի ժամանակը» եկել է, և որ արդար նոր աշխարհի մասին Աստծու խոստումը շուտով իրականություն է դառնալու (Դան. 12։4, 9; Հայտն. 21։1–5)։
Ուստի ի՞նչ պետք է անեն նրանք։ «Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք,— պատվիրեց Հիսուսը,— որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը։ Ուստի արթո՛ւն եղեք.... որպեսզի երբ հանկարծակի [Տերը] գա, ձեզ քնած չգտնի։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք» (Մարկ. 13։33, 35–37)։ Եհովայի վկաները շատ լավ գիտեն, թե որքան կարևոր է արթուն մնալ։
Այն, որ նրանք երբեմն չափից շատ նախանձախնդրություն են դրսևորել որոշ մարգարեությունների կատարման առնչությամբ, հիմք չի տալիս հերքելու, որ, ինչպես փաստում են տեղի ունեցող իրադարձությունները, Առաջին համաշխարհային պատերազմից սկսած՝ ապրում ենք այս համակարգի վերջում։ Ինչ խոսք, ավելի լավ է նախանձախնդիր լինել և նույնիսկ չափից շատ նախանձախնդիր, բայց տեսնել Աստծու կամքի իրագործումը, քան հոգևորապես քնած լինել, երբ նրա նպատակները կատարվեն (համեմատի՛ր Ղուկաս 19։11; Գործեր 1։6; 1 Թեսաղոնիկեցիներ 5։1, 2, 6)։
Իսկ ի՞նչ է նշանակում արթուն լինել։
Արթուն լինել. ինչպե՞ս
Արթնություն պահպանող քրիստոնյաները ձեռքերը ծալած չեն նստում ու սպասում ապագա իրադարձություններին։ Այո՛, նրանք պետք է հոգևոր լավ վիճակում լինեն, որ երբ Հիսուսը գա որպես Աստծու դատաստաններն Իրագործող, նրանց համար լինի Ազատագրող (Ղուկ. 21։28)։ «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին,— նախազգուշացրեց Հիսուսը,— որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ.... Ուրեմն արթուն եղեք» (Ղուկ. 21։34–36)։ Այսպիսով՝ արթնություն պահպանող քրիստոնյաները պետք է նախ «ուշադրություն դարձնեն իրենց անձերին»՝ ձգտելով ամեն օր ապրել քրիստոնեավայել կերպով։ Նրանք պետք է արթուն լինեն իրենց քրիստոնեական պարտականությունները կատարելու հարցում և խուսափեն ոչ քրիստոնեավայել վարքագծից, որը բնորոշ է «Չարի իշխանության տակ» գտնվող այս աշխարհին (1 Հովհ. 5։19; Հռոմ. 13։11–14)։ Երբ Քրիստոսը գա, նրանք պետք է պատրաստ լինեն։
Ովքե՞ր են իսկապես արթուն և հոգևորապես լավ վիճակում։ Այս գրքի նախորդ գլուխներում բերված պատմական տվյալները մատնացույց են անում Եհովայի վկաներին։ Պարզ է, որ նրանք լուրջ են վերաբերվում իրենց քրիստոնեական պարտականություններին։ Օրինակ՝ պատերազմի տարիներին նրանք արթուն էին մնում և գիտակցում էին, որ պետք է իրար հանդեպ անձնազոհ սեր դրսևորեն ու չպետք է աշխարհի մի մասը լինեն, ինչի պատճառով բանտում հայտնվելու և մահանալու վտանգի առաջ էին կանգնում (Հովհ. 13։34, 35; 17։14, 16)։ Մարդիկ տպավորվում են՝ տեսնելով նրանց «լավ վարքը» Թագավորության սրահներում, համաժողովների ժամանակ և աշխատավայրում (1 Պետ. 2։12)։ «Ամոթի զգացումը կորցրած» այս աշխարհում նրանք հայտնի են նրանով, որ ազնիվ, բարոյապես մաքուր կյանք են վարում (Եփես. 4։19–24; 5։3–5)։
Սակայն արթուն մնալ ավելին է նշանակում, քան անձերին «ուշադրություն դարձնելը»։ Դետը պետք է ուրիշներին հռչակի այն, ինչ տեսնում է։ Այս վերջին օրերում արթուն քրիստոնյաները, որոնք հստակ տեսնում են Քրիստոսի ներկայության նշանը, պետք է հռչակեն «թագավորության այս բարի լուրը» և նախազգուշացնեն, որ շուտով Քրիստոսը գալու է և դատաստան է իրագործելու այս ամբարիշտ համակարգի դեմ (Մատթ. 24։14, 30, 44)։ Այդպես նրանք օգնում են ուրիշներին քայլեր ձեռնարկելու, որպեսզի նրանց համար էլ «ազատագրում» լինի (Ղուկ. 21։28)։
Ովքե՞ր են այսօր արթուն մնում և նախազգուշացնում ուրիշներին։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ նախանձախնդրորեն հռչակում են Աստծու անունն ու Թագավորությունը։ Նրանք չեն մտածում, որ ինչ-որ ընտրյալ հոգևոր դաս պետք է զբաղվի քարոզչությամբ, այլ գիտակցում են, որ դա բոլոր քրիստոնյաների պարտականությունն է։ Նրանք քարոզչությունը համարում են իրենց երկրպագության կարևոր մասերից մեկը (Հռոմ. 10։9, 10; 1 Կորնթ. 9։16)։ Իսկ ի՞նչ արդյունքներ է բերել դա։
Այժմ Եհովայի վկաների աճող ժողովն ունի միլիոնավոր ակտիվ անդամներ ավելի քան 220 երկրներում (Ես. 60։22; համեմատի՛ր Գործեր 2։47; 6։7; 16։5)։ Պատմության մեջ գոյություն ունեցած ամենազորեղ կառավարություններից մի քանիսը արգելքի տակ են դրել նրանց գործունեությունը, հալածել են նրանց և բանտարկել։ Բայց Եհովայի վկաները մինչ օրս շարունակում են հռչակել Աստծու Թագավորությունը։ Նրանք վճռական են առաքյալների նման, որոնք, երբ քարոզչությունը դադարեցնելու հրաման ստացան, ասացին. «Ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել»։ «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 4։18–20; 5։27–29)։
«Սպասի՛ր նրան»
Եհովայի վկաների իրավիճակն այսօր նման է առաջին դարի քրիստոնյաների իրավիճակին, որոնք ապրում էին Հրեաստանում։ Հիսուսը նրանց նշան էր տվել, որով կիմանային, թե երբ պետք է փախչեն Երուսաղեմից, որ կործանումից փրկվեն։ «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված.... փախչեք» (Ղուկ. 21։20–23)։ 30-ից մի փոքր ավելի տարի անց՝ մ.թ. 66թ.-ին, հռոմեական զորքերը շրջապատեցին Երուսաղեմը։ Երբ հռոմեացիները առանց ակնհայտ պատճառի անսպասելիորեն նահանջեցին, ոչ միայն Երուսաղեմի, այլև ողջ Հրեաստանի քրիստոնյաները, հետևելով Հիսուսի հրահանգներին, փախան Պելլա քաղաք, որը Պիրեայում էր։
Այնտեղ ապահովության մեջ նրանք սկսեցին սպասել։ Եկավ մ.թ. 67 թվականը։ Հետո 68-ը, ապա 69-ը։ Բայց Երուսաղեմը դեռ պաշարված չէր։ Արդյոք նրանք պե՞տք է վերադառնային։ Չէ՞ որ Հիսուսը չէր ասել, թե որքան պետք է սպասեին։ Սակայն եթե նույնիսկ նրանցից ոմանք վերադարձան, շատ ափսոսացին, քանի որ 70թ.-ին հռոմեական զորքերը հետ եկան այնպիսի մեծ զորքով, որ նրանց արշավը նման էր հեղեղի, որի դեմ հնարավոր չէ որևէ բան անել, և այս անգամ նրանք չնահանջեցին։ Հռոմեացիները կործանեցին քաղաքը և ավելի քան մեկ միլիոն մարդ սպանեցին։ Որքա՜ն երջանիկ էին Պելլայում գտնվող Հրեաստանի քրիստոնյաները, որ սպասել էին դատաստան իրագործելու համար Եհովայի նշանակած ժամանակին։
Նրանք, ովքեր այսօր արթուն են մնում, նույն իրավիճակում են։ Այդ մարդիկ լիովին գիտակցում են, որ որքան մոտենում է վերջը, այնքան ավելի դժվար է լինում շարունակել սպասել Հիսուսի գալստին։ Սակայն նրանք հավատում են նրա խոսքերին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն» (Մատթ. 24։34)։ «Այս բոլոր բաները» արտահայտությունը վերաբերում է «նշանի» տարբեր երեսակներին։ Այս նշանը ակնհայտ է 1914թ.-ից ի վեր, և այն իր գագաթնակետին կհասնի «մեծ նեղության» ժամանակ (Մատթ. 24։21)։ Չի կարող շատ ժամանակ մնացած լինել վերջը գալուն։
Եհովայի վկաները վճռել են արթուն մնալ՝ լիովին հավատալով, որ Աստված կիրագործի իր բոլոր խոստումները իր սահմանած ժամանակին։ Նրանք լուրջ են վերաբերվում Ամբակումին ասված Եհովայի խոսքերին։ Թեև թվում էր, թե մ.թ.ա. յոթերորդ դարի վերջում Եհովան հանդուրժում է ամբարշտությունը Հուդայի թագավորությունում, սակայն նա մարգարեին ասաց. «Գրի՛ առ այս տեսիլքը [այն մասին, որ իրավիճակը դեպի լավն է փոխվելու] և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր, որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա սահուն կարդալ, որովհետև տեսիլքը պետք է կատարվի նշանակված ժամանակին. այն շտապում է իր ավարտին և չի ստի։ Եթե հապաղի էլ [թվա, թե հապաղում է], սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի կատարվի, այն չի ուշանա» (Ամբ. 1։2, 3; 2։2, 3)։ Նմանապես, Վկաները վստահ են, որ Եհովայի չափանիշները արդար են, և դա օգնում է նրանց պահպանելու հավասարակշռությունը ու սպասելու Եհովայի «նշանակած ժամանակին»։
Ֆ. Ու. Ֆրանցը, որը մկրտվել էր 1913թ.-ին, ճիշտ կերպով արտահայտեց Եհովայի վկաների զգացումները։ 1991թ.-ին, երբ նա «Դիտարան ընկերության» նախագահն էր, ասաց.
«Մեր հույսը հաստատ է։ Փոքր հոտի 144000 անդամներից յուրաքանչյուրի հույսը անպայման կիրագործվի և այնպես, որ մենք չենք էլ կարող պատկերացնել։ Մենք՝ մնացորդի անդամներս, որ հիշում ենք 1914 թվականը, երբ բոլորս ակնկալում էինք երկինք գնալ, չենք մոռացել այն մասին, թե որքան արժեքավոր է մեր հույսը։ Սակայն որքան շատ ենք սպասում նրա իրականացմանը, այնքան ավելի ենք գնահատում այն։ Դա մի բանի է, որին արժե սպասել, նույնիսկ եթե դրա համար միլիոն տարի պահանջվի։ Հիմա ես մեր հույսը շատ ավելի թանկ եմ համարում, քան նախկինում, ու երբեք չեմ ցանկանա կորցնել գնահատանքս դրա հանդեպ։ Փոքր հոտի հույսը նաև երաշխիք է, որ մեծ բազմության ակնկալիքները անպայման կիրականանան և այնպես, որ չենք էլ կարող պատկերացնել։ Այդ պատճառով մենք մինչև այս ժամը ամուր կառչած ենք այդ հույսից և կշարունակենք կառչած մնալ նրանից, մինչև որ Աստված վերջնականապես փաստի, որ հավատարիմ է իր «թանկագին ու մեծամեծ խոստումներին» (2 Պետ. 1։4; Թվեր 23։19; Հռոմ. 5։5)։
Արագ մոտենում է այն ժամանակը, երբ Քրիստոսի ներկայությունը իր Թագավորության զորությամբ ակնհայտ կլինի ողջ մարդկությանը։ Այդ ժամանակ իրենց արթնությունը պահած անհատները «կստանան նրա խոստացածը» (Եբր. 10։36)։ Իսկապես, նրանց ակնկալիքները կկատարվեն «այնպես, որ նրանք չէին էլ կարող պատկերացնել»։ Որքա՜ն երջանիկ ու որքա՜ն երախտագետ կլինեն նրանք, որ այս ամբարիշտ համակարգի վերջին օրերում արթուն են մնացել ու նախանձախնդրորեն հռչակել են Աստծու Թագավորությունը։
[մեջբերում 713-րդ էջի վրա]
Լիովին վստահ են, որ ներկայիս աշխարհի «վերջի ժամանակը» եկել է
[մեջբերում 714-րդ էջի վրա]
Պետք է ձգտեն ամեն օր ապրել քրիստոնեավայել կերպով
[մեջբերում 715-րդ էջի վրա]
Ովքե՞ր են այսօր արթուն մնում և նախազգուշացնում ուրիշներին
[մեջբերում 716-րդ էջի վրա]
«Հիմա ես մեր հույսը շատ ավելի թանկ եմ համարում, քան նախկինում, ու երբեք չեմ ցանկանա կորցնել գնահատանքս դրա հանդեպ» (Ֆ. Ու. Ֆրանց)
[շրջանակ/նկար 717-րդ էջի վրա]
Համաշխարհային քարոզչության հաշվետվություն
Տարի Երկիր
1920 ....... 46
1925 ....... 83
1930 ...... 87
1935 ..... 115
1940 ..... 112
1945 ..... 107
1950 ..... 147
1955 ...... 164
1960 ..... 187
1965 ...... 201
1970 ..... 208
1975 ...... 212
1980 ..... 217
1985 ...... 222
1992 ...... 229
Երկրների ընդհանուր թիվը
Երկրների թիվը հաշվարկվել է համաձայն 1990-ականների սկզբին եղած աշխարհի քաղաքական քարտեզի բաժանման և ոչ թե այն բաժանումների հիման վրա, որ եղել են մինչ այդ, երբ մեծ պետությունների կազմի մեջ մտել են ներկայիս մի շարք անկախ պետություններ։
Տարի Ժողով
1940 ...... 5130
1945 ....... 7218
1950 ..... 13238
1955 ...... 16044
1960 .... 21008
1965 ...... 24158
1970 ...... 26524
1975 ...... 38256
1980 .... 43181
1985 ..... 49716
1992 ..... 69558
Ժողովների ընդհանուր թիվը
Նախքան 1938-ը ամբողջ աշխարհում գործող ժողովների ընդհանուր թվի վերաբերյալ հետևողականորեն հաշվետվություն չի գրանցվել։
Տարի Քարոզիչ
1935 ....... 56153
1940 ...... 96418
1945 ..... 156299
1950 ..... 373430
1955 ..... 642929
1960 ..... 916332
1965 .. 1109806
1970 ... 1483430
1975 .... 2179256
1980 .... 2272278
1985 .... 3024131
1992 .... 4472787
Թագավորության քարոզիչների ընդհանուր թիվը
1920-ականներին և 1930-ականների սկզբին փոփոխություններ են տեղի ունեցան քարոզիչների թիվը հաշվարկելու կարգի մեջ։ Ժողովի հաշվետվությունները Ընկերություն էին ուղարկվում ամեն շաբաթ և ոչ թե ամեն ամիս։ (1932-ի հոկտեմբերից սկսած՝ հաշվետվությունները սկսեցին ուղարկվել ամեն ամիս։) Ինչպես գրված էր «Տեղեկագիր» թերթիկի 1929-ի հունվարի 1-ի համարում, խմբակի անդամ (ժողովի քարոզիչ) համարվելու համար, հարկավոր էր շաբաթական առնվազն 3 ժամ (ամսական 12 ժամ) տրամադրել քարոզչական ծառայությանը։ Հեռավոր վայրերում ապրող քարոզիչներից ակնկալվում էր շաբաթական առնվազն 2 ժամ տրամադրել վկայության գործին։
Տարի Ռահվ.
1920 ......... 480
1925 ........ 1435
1930 ....... 2897
1935 ........ 4655
1940 ..... 5251
1945 ..... 6721
1950 ..... 14093
1955 ..... 17011
1960 ...... 30584
1965 ....... 47853
1970 ..... 88871
1975 ..... 130225
1980 .... 137861
1985 ..... 322821
1992 ..... 605610
Ռահվիրաներ
Նշված թվերն ընդգրկում են ընդհանուր ռահվիրաներին, ենթառահվիրաներին, հատուկ ռահվիրաներին, միսիոներներին, շրջանային վերակացուներին և մարզային վերակացուներին։ Ռահվիրաները նախկինում կոչվում էին գրքեր տարածողներ, իսկ ենթառահվիրաները կոչվում էին գրքեր ենթատարածողներ։ Տարիների մեծ մասի համար ներկայացված են ամսական թվեր՝ միջին հաշվարկով։
Տարի Աստ. ուս.
1945 ..... 104814
1950 ...... 234952
1955 .... 337456
1960 ..... 646108
1965 ...... 770595
1970 .... 1146378
1975 ..... 1411256
1980 .... 1371584
1985 ..... 2379146
1992 ..... 4278127
Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ
1930-ականներին որոշ ուսումնասիրություններ անցկացվում էին առանձին անհատների հետ, սակայն հիմնական շեշտը դրվում էր այն բանի վրա, որ սովորեցնեին մարդկանց ինքնուրույն ուսումնասիրել։ Նաև ջանքեր էին գործադրվում, որ կազմակերպվեին ուսումնասիրություններ, որոնց կարող էին ներկա լինել տվյալ տարածքում ապրող մյուս հետաքրքրվող անհատները։ Հետագայում, երբ որևէ մեկը անկեղծ հետաքրքրություն էր ցույց տալիս, նրա հետ ուսումնասիրություն էր անցկացվում մինչև նրա մկրտվելը։ Ավելի ուշ, սակայն, խորհուրդ տրվեց շարունակել ուսումնասիրությունը, որպեսզի անհատը բավականաչափ օգնություն ստանար հասուն քրիստոնյա դառնալու համար։
Տարի Ժամ
1930–1935 ....... 42205307
1936–1940 ...... 63026188
1941–1945 .... 149043097
1946–1950 ..... 240385017
1951–1955 ...... 370550156
1956–1960 ...... 555859540
1961–1965 ..... 760049417
1966–1970 ... 1070677035
1971–1975 .... 1637744774
1976–1980 .... 1646356541
1981–1985 .... 2276287442
1986–1992 ... 5912814412
Ժամերի ընդհանուր քանակը
Մինչև 1920-ականների վերջերը ժամերի համար հաշվետվություն չէր տրվում։ Ժամերը հաշվելու կարգը մի քանի անգամ փոխվել է։ 1930-ականների սկզբներին հաշվի էր առնվում միայն տնետուն ծառայությանը տրամադրված ժամերը, հաշվի չէր առնվում վերայցելություններին հատկացված ժամանակը։ Թեև նշված թվերը տպավորիչ են, սակայն դրանք միայն մոտավոր տվյալներ են և չեն ընդգրկում այն հսկայական քանակով ժամերը, որ Եհովայի վկաները հատկացնում են Աստծու Թագավորությունը հռչակելու գործին։
Տարի Տար. գր.
1920–1925 ......... 38757639
1926–1930 ........ 64878399
1931–1935 ....... 144073004
1936–1940 ...... 164788909
1941–1945 ....... 178265670
1946–1950 ....... 160027404
1951–1955 ....... 237151701
1956–1960 ........ 493202895
1961–1965 ....... 681903850
1966–1970 ........ 935106627
1971–1975 ..... 1407578681
1976–1980 .... 1380850717
1981–1985 .... 1504980839
1986–1992 ..... 2715998934
Տարածված գրականությունը
Մինչև 1940-ը ներկայացված թվերը, բացառությամբ մի քանի տարվա, չեն ներառում տարածված պարբերագրերը, թեև միլիոնավոր պարբերագրեր են տարածվել։ 1940-ից հետո ներկայացված թվերը ընդգրկում են գրքերը, գրքույկները և պարբերագրերը, սակայն այդ թվերի մեջ ընդգրկված չեն հարյուր միլիոնավոր թերթիկներ, որոնք նույնպես օգտագործվել են մարդկանց մեջ Թագավորության բարի լուրի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ 1920–1992-ին ընդհանուր հաշվով 10107565269 օրինակ գրականություն է տարածվել ավելի քան 290 լեզուներով, ինչը նույնպես վկայում է մեծ մասշտաբների հասնող համաշխարհային վկայության մասին։
Տարի Ներկ. Օգտվ.
1935 ........ 63146 ... 52465
1940 ...... 96989 ... 27711
1945 ...... 186247 ... 22328
1950 ..... 511203 ... 22723
1955 ..... 878303 .... 16815
1960 ... 1519821 ... 13911
1965 .... 1933089 ... 11550
1970 ..... 3226168 ... 10526
1975 ..... 4925643 .... 10550
1980 ..... 5726656 ..... 9564
1985 .... 7792109 .... 9051
1992 .. 11431171 .... 8683
Հիշատակի երեկոյի ներկաները և խորհրդանիշներից օգտվողները
Մինչև 1932թ. տվյալները լրիվ չեն։ Երբեմն հրապարակված տվյալներում նշվում էին միայն 15, 20, 30 և ավելի շատ մարդկանցից բաղկացած խմբերը։ Հետաքրքիր է, որ տարիներից մեծ մասի պարագայում եղած տվյալները ցույց են տվել, որ ներկաներից ընդամենը մի քանի հոգի են եղել, որ չեն օգտվել խորհրդանիշներից։ 1993-ին Երեկոյի ներկաների և խորհրդանիշներից օգտվողների թվերի միջև տարբերությունը մոտ 3000 է եղել։