Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 10 էջ 90–97
  • Աստծո Թագավորությունը իշխում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո Թագավորությունը իշխում է
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորություն՝ որոշակի նպատակով
  • Աստծո Թագավորությունը իրական է
  • Երբվանի՞ց պետք է իշխեր Թագավորությունը
  • Աստծու Թագավորությունը գերազանց է ամեն առումով
    2006 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Թագավորություն, որ «յաւիտեանս չի աւերուիլ»
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 10 էջ 90–97

Գլուխ 10

Աստծո Թագավորությունը իշխում է

1, 2. Ինչի՞ց է երևում մարդկային կառավարությունների անկարող լինելը։

ՊԱՏԱՀԵ՞Լ է այնպես, որ ինչ–​որ սարքավորում գնելուց հետո հայտնաբերել եք, որ այն չի աշխատում։ Պատկերացրեք, թե անսարքությունը վերացնելու համար վարպետ եք կանչում։ Սակայն նորոգելուց կարճ ժամանակ անց սարքը նորից փչանում է։ Տհաճ զգացողություն կունենայիք, այնպես չէ՞։

2 Այս օրինակը տեղին է մարդկային կառավարությունների առնչությամբ։ Մարդիկ միշտ էլ ցանկացել են այնպիսի կառավարություն ունենալ, որը խաղաղություն ու երջանկություն կհաստատի։ Բայց հասարակության «անսարքությունը» վերացնելու հսկայական ջանքերը երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Ու թեև մեծ թվով խաղաղության պայմանագրեր են կնքվել, սակայն դրանք խախտվել են։ Ո՞ր կառավարությունն է ի վիճակի եղել վերացնելու աղքատությունը, հանցագործությունը, նախապաշարմունքը, հիվանդություններն ու շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները։ Մարդկային իշխանությունը հնարավոր չէ «նորոգել»։ Իսրայելի իմաստուն թագավոր Սողոմոնն անգամ ասել է. «Մարդս ի՞նչ է հասկանում իր ճանապարհը» (Առակաց 20։24)։

3. ա) Ո՞րն էր Հիսուսի քարոզչության գլխավոր թեման։ բ) Ի՞նչ պատկերացումներ ունեն մարդիկ Աստծո Թագավորության վերաբերյալ։

3 Սակայն հուսահատվելու կարիք չկա։ Կայուն կառավարության ստեղծման գաղափարը զուտ պատրանք չէ։ Դա էր Հիսուսի քարոզչության թեման։ Նա այդ կառավարությունն անվանել է «Աստծո Թագավորություն» և իր հետևորդներին պատվիրել է աղոթել դրա մասին (Ղուկաս 11։2; 21։31)։ Աստծո Արքայությունը երբեմն հիշատակվում է նաև հոգևոր գործունեությամբ զբաղվողների շրջանում։ Իրականում միլիոնավոր մարդիկ ամեն օր աղոթում են այդ Թագավորության մասին, երբ կրկնում են Տերունական աղոթքը, որը կոչվում է նաև «Հայր մեր», կամ՝ տիպար աղոթք։ Սակայն «Ի՞նչ է Աստծո Թագավորությունը» հարցին մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս։ Ոմանք ասում են, թե դա մարդու սրտում եղող ինչ–​որ բան է։ Ոմանք էլ այդպես են անվանում երկինքը։ Ինչպես կտեսնենք, Աստվածաշունչը հստակ պատասխան է տալիս այս հարցին։

Թագավորություն՝ որոշակի նպատակով

4, 5. Ինչո՞ւ Եհովան որոշեց նոր ձևով արտահայտել իր գերիշխանությունը, և ի՞նչ կիրականանա դրա միջոցով։

4 Եհովա Աստված միշտ էլ եղել է տիեզերքի Թագավորը կամ Գերիշխանը։ Որպես ամեն բանի Արարիչ՝ նա արժանի է այդ բարձր դիրքին (Ա Մնացորդաց 29։11; Սաղմոս 103։19; Գործք 4։24)։ Բայց այն Թագավորությունը, որի մասին քարոզել է Հիսուսը, լրացուցիչ՝ երկրորդական տեղ է զբաղեցնում Աստծո տիեզերական գերիշխանության նկատմամբ։ Մեսիական այդ Թագավորությունը հատուկ նպատակ ունի։ Ո՞րն է այդ նպատակը։

5 Ինչպես արդեն բացատրվեց այս գրքի 6–րդ գլխում, առաջին մարդիկ ապստամբեցին Աստծո իշխանության դեմ։ Ծագած վիճաբանական հարցերի պատճառով Եհովան որոշեց այլ կերպ դրսևորել իր գերիշխանությունը։ Աստված հայտնեց, որ նպատակ ունի մի «սերունդ» առաջ բերելու, որը կկործանի Օձին՝ Սատանային, և մարդկության վրայից կվերացնի ժառանգաբար փոխանցված մեղքի հետևանքները։ «Սերնդի» գլխավոր ներկայացուցիչը Հիսուս Քրիստոսն է, իսկ Աստծո Արքայությունը այն միջոցն է, որը վերջնականապես կործանելու է Սատանային։ Այդ Թագավորության միջոցով Հիսուս Քրիստոսը Եհովայի անունից կվերականգնի Աստծո իշխանությունը երկրի վրա և մեկընդմիշտ կարդարացնի Նրա գերիշխանության օրինական լինելը (Ծննդոց 3։15; Սաղմոս 2։2–9)։

6, 7. ա) Որտեղի՞ց է իշխելու Թագավորությունը, ո՞վ է լինելու Թագավորը, և ովքե՞ր են լինելու նրա թագավորակիցները։ բ) Ովքե՞ր են Թագավորության հպատակները։

6 Ըստ Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության՝ Հիսուսը չարագործ փարիսեցիներին ասաց. «Աստուծոյ արքայութիւնը հենց ձեր ներսումն է» (Ղուկաս 17։21)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, թե Թագավորությունը գտնվում էր այդ մարդկանց չար սրտերում։ Իհարկե ո՛չ։ Նոր Կտակարանի «Աշխարհաբար նոր թարգմանությունը» ավելի ճշգրիտ ձևով է փոխանցում հունարեն տեքստը այս համարում. «Աստծու թագավորությունը ձեր մեջ [«ձեր միջև», ծան.] է գտնվում»։ Հիսուսը, որ նրանց միջև էր, այդ խոսքերն ասելով, մատնանշում էր իրեն՝ որպես ապագա Թագավորի։ Աստծո Թագավորությունը բոլորովին էլ մարդու սրտում եղող ինչ–​որ բան չէ, այլ մի իրական, գործող կառավարություն, որն ունի ղեկավար և հպատակներ։ Դա երկնային կառավարություն է և կոչվում է ‘երկնքի արքայություն’ կամ ‘Աստծո արքայություն’ (Մատթէոս 13։11; Ղուկաս 8։10)։ Դանիել մարգարեի տեսիլքում այդ կառավարության Ղեկավարը, որ «մարդի որդիի նման» էր, կանգնում է Ամենակարող Աստծո առջև, և նրան տրվում է «իշխանութիւն եւ պատիւ ու թագավորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն» (Դանիէլ 7։13, 14)։ Ո՞վ էր այդ Թագավորը։ Աստվածաշունչը ‘մարդի Որդի’ է անվանում Հիսուս Քրիստոսին (Մատթէոս 12։40; Ղուկաս 17։26)։ Այո՛, Եհովան իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին է Թագավոր նշանակել։

7 Հիսուսը մենակ չի կառավարելու։ Նրա հետ միասին ղեկավարելու են «երկրէն գնուած» 144 000 անհատներ՝ որպես թագավորակիցներ ու քահանաներ (Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 3; Ղուկաս 22։28–30)։ Ինչ վերաբերում է Աստծո Թագավորության հպատակներին, ապա նրանք կազմելու են մի համաշխարհային ընտանիք և ենթակա են լինելու Քրիստոսի ղեկավարությանը (Սաղմոս 72։7, 8)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Թագավորությունն իսկապես կարդարացնի Աստծո գերիշխանությունը ու երկրի վրա կվերականգնի դրախտային պայմանները։

Աստծո Թագավորությունը իրական է

8, 9. ա) Ո՞ր օրինակով կարելի է ցույց տալ, թե որքան հուսալի են Թագավորության հետ կապված խոստումները։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ այդ Թագավորությունը իրական է։

8 Պատկերացրեք, թե հրդեհի պատճառով ձեր տունը ավերվել է։ Ձեր ընկերներից մեկը, որը հնարավորություն ունի, խոստանում է օգնել տունը վերակառուցելու հարցում, ինչպես նաև սնունդով ապահովել ձեր ընտանիքը։ Եթե այդ ընկերը միշտ ճշմարտությունը ասած լիներ, մի՞թե չէիք հավատա նրան։ Ենթադրենք՝ հաջորդ օրը, աշխատանքից տուն գալով, նկատում եք, որ բանվորներն արդեն սկսել են հավաքել փլատակները, և որ ձեր ընտանիքին արդեն սննդամթերք են բերել։ Անշուշտ, դուք կասկած անգամ չէիք ունենա, որ ի վերջո ամեն ինչ ոչ միայն կվերականգնվի, այլև նախկինից ավելի լավ կլինի։

9 Նմանապես՝ Եհովան հավաստիացնում է, որ նրա Թագավորությունը իրական է։ Ինչպես ցույց է տրվում Աստվածաշնչի «Եբրայեցիս» գրքում, Մովսիսական օրենքով նախատեսված շատ բաներ Թագավորության նախանշանն են հանդիսացել (Եբրայեցիս 10։1)։ Աստծո գալիք Թագավորության մասին կարելի էր պատկերացում կազմել նաև Իսրայելի երկրային թագավորության օրինակից։ Դա սովորական պետություն չէր, քանի որ նրա ղեկավարները նստում էին «Տիրոջ աթոռի վերայ» (Ա Մնացորդաց 29։23)։ Ավելին՝ Աստվածաշնչում կանխագուշակվել էր հետևյալը. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից, եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջ տեղից. մինչեւ որ Սելովը գայ. եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդոց 49։10)։a Այո՛, Աստծո Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, պետք է ծնվեր Հուդայի թագավորական ցեղից (Ղուկաս 1։32, 33)։

10. ա) Ե՞րբ է դրվել Աստծո Մեսիական Թագավորության հիմքը։ բ) Երկրի վրա ի՞նչ կարևոր գործ պետք է գլխավորեին Հիսուսի ապագա թագավորակիցները։

10 Աստծո մեսիական Թագավորության հիմքը դրվեց այն ժամանակ, երբ ընտրվեցին Հիսուսի առաքյալները (Եփեսացիս 2։19, 20; Յայտնութիւն 21։14)։ Նրանք առաջինն էին այն 144 000 անհատներից, ովքեր երկնքում կառավարելու էին որպես Քրիստոսի թագավորակիցներ։ Երկրի վրա եղած ժամանակ այդ ապագա ղեկավարները գլխավորելու էին քարոզչական գործը՝ հետևելով Հիսուսի տված պատվերին. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթէոս 28։19)։

11. Ինչպե՞ս է այսօր իրականացվում Թագավորության քարոզչության գործը և ի՞նչ արդյունքներով։

11 Աշակերտ պատրաստելու պատգամը այսօր իրականացվում է աննախադեպ չափերով։ Եհովայի վկաները հռչակում են Թագավորության բարի լուրը համայն աշխարհում, և դա համապատասխանում է Հիսուսի հետևյալ մարգարեական խոսքերին. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Թագավորության քարոզչության գործն իր մեջ ներառում է նաև լայնածավալ կրթական ծրագիր, որն այսօր իրականացվում է։ Այն անհատները, ովքեր հնազանդվում են Աստծո Թագավորության օրենքներին ու սկզբունքներին, արդեն իսկ խաղաղություն և համերաշխություն են վայելում. մի բան, որին չեն կարողանում հասնել մարդկային կառավարությունները։ Այս ամենը հստակորեն ցույց է տալիս, որ Աստծո Թագավորությունը իրական է։

12. ա) Ինչո՞ւ է տեղին Թագավորության քարոզիչներին անվանել «Եհովայի վկաներ»։ բ) Ինչո՞վ է Աստծո Թագավորությունը տարբերվում մարդկային կառավարություններից։

12 Եհովան իսրայելացիներին ասել էր. «Դուք եք իմ վկաները.... եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ» (Եսայիա 43։10–12)։ Հիսուսը՝ ‘հավատարիմ վկան’, մեծ եռանդով քարոզում էր Թագավորության բարի լուրը (Յայտնութիւն 1։5; Մատթէոս 4։17)։ Ուստի տեղին է, որ Թագավորության ժամանակակից քարոզիչները կրեն Աստծո կողմից տրված «Եհովայի վկաներ» անունը։ Բայց ինչո՞ւ են Վկաներն այդքան ժամանակ և ջանք ներդնում, որպեսզի պատմեն Աստծո Թագավորության մասին։ Պատճառն այն է, որ Թագավորությունն է մարդկության միակ հույսը։ Մարդկային կառավարությունները վաղ թե ուշ կործանվում են, սակայն նման բան երբեք տեղի չի ունենա Աստծո Թագավորության հետ։ Եսայիա 9։6, 7–ում նրա Ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսը, կոչվում է «Խաղաղութեան իշխան»։ Նույն խոսքերում ասվում է նաև հետևյալը. «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ»։ Աստծո Թագավորությունը նման չէ մարդկային կառավարություններին, որ այսօր կան, իսկ վաղը՝ ոչ։ Ինչպես ասվում է Դանիէլ 2։44–ում. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ.... նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։

13. ա) Նշեք այն խնդիրներից մի քանիսը, որոնք Աստծո Թագավորությունը հաջողությամբ կլուծի։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծո խոստումները կիրականանան։

13 Ո՞ր թագավորն է ի վիճակի եղել վերացնելու պատերազմները, հանցագործությունը, հիվանդությունները, սովը կամ լուծել անօթևան մարդկանց կացարաններով ապահովելու խնդիրը։ Ո՞ր ղեկավարն է կարողացել հարություն տալ մահացածներին։ Աստծո Թագավորությունն ու նրա Թագավորը կլուծեն այս խնդիրները։ Այդ Թագավորությունը նման չի լինի փչացած մի սարքավորման, որն անընդհատ վերանորոգման կարիք ունի։ Ընդհակառակը՝ այն հաջողության կհասնի, քանի որ Եհովան խոստանում է. «Իմ բերանից դուրս եկած խօսքը.... պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»։ Աստծո նպատակը անհաջողության չի մատնվի։ Սակայն ե՞րբ է Թագավորությունը սկսելու իր կառավարումը։

Երբվանի՞ց պետք է իշխեր Թագավորությունը

14. Ի՞նչ սխալ պատկերացում ունեին Հիսուսի աշակերտները Թագավորության վերաբերյալ, և ի՞նչ գիտեր Հիսուսն իր կառավարման մասին։

14 «Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը»։ Հիսուսի աշակերտների այս հարցը ցույց տվեց, որ նրանք դեռ չէին հասկանում Աստծո Թագավորության նպատակը և չգիտեին, թե երբ էր այն սկսելու իշխել։ Նրանց նախազգուշացնելով, որ այդ կապակցությամբ ենթադրություններ չանեն՝ Հիսուսն ասաց. «Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրն իր իշխանութիւնումը դրաւ»։ Հիսուսը գիտեր, որ երկրի նկատմամբ իշխանություն պետք է ստանար ապագայում՝ հարություն առնելուց և երկինք համբարձվելուց երկար ժամանակ հետո (Գործք 1։6–11; Ղուկաս 19։11, 12, 15)։ Դա կանխագուշակված է եղել Գրություններում։ Տեսնենք, թե ինչպես։

15. Ինչպե՞ս է Սաղմոս 110։1–ը լույս սփռում այն հարցի վրա, թե երբ պետք է Հիսուսն իշխանության անցներ։

15 Մարգարեաբար Հիսուսին «Տեր» անվանելով՝ Դավիթ թագավորն ասել էր. «Տէրը իմ Տէրոջս ըսավ. «Նստէ՛ իմ աջ կողմս, մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ» (Սաղմոս 110։1 ԱԱ; համեմատի՛ր Գործք 2։34–36)։ Այս մարգարեությունից երևում է, որ Հիսուսի կառավարումը չէր սկսելու նրա՝ երկինք համբարձվելուց անմիջապես հետո։ Նա պետք է սպասեր՝ Աստծո աջ կողմում նստած (Եբրայեցիս 10։12, 13)։ Որքա՞ն էր սպասելու նա ու ե՞րբ էր իշխանության անցնելու։ Աստվածաշունչը օգնում է գտնել այս հարցերի պատասխանները։

16. Ի՞նչ տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին, և ի՞նչ կապ ուներ դա Աստծո Թագավորության հետ։

16 Ամբողջ աշխարհում միակ քաղաքը, որի վրա Եհովան դրել էր իր անունը, Երուսաղեմն էր (Գ Թագաւորաց 11։36)։ Այն նաև մայրաքաղաքն էր Եհովայի հավանությանն արժանացած երկրային թագավորության, որն Աստծո երկնային Թագավորության նախապատկերն էր։ Ուստի՝ մ.թ.ա. 607 թ.–ին բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանումը նշանակալից իրադարձություն էր։ Դրանով սկսվեց մի երկար ժամանակաշրջան, որի ընթացքում Աստված անմիջականորեն չի ղեկավարել իր ժողովրդին. նրա ղեկավարումը երկրի վրա ընդհատվեց։ Մոտ 600 տարի հետո Հիսուսը ցույց տվեց, որ Աստծո իշխանության ընդհատման այդ ժամանակաշրջանը դեռ չի ավարտվել։ Նա ասաց. «Երուսաղէմը հեթանոսներից ոտնակոխ կ’լինի, մինչեւ որ հեթանոսների ժամանակները կատարուին [լրանան]» (Ղուկաս 21։24)։

17. ա) Ի՞նչ են իրենցից ներկայացնում «հեթանոսների ժամանակները», և որքա՞ն պետք է տևեին դրանք։ բ) Ե՞րբ սկսվեցին ու ավարտվեցին «հեթանոսների ժամանակները»։

17 ‘Հեթանոսների ժամանակների’ ընթացքում աշխարհի կառավարություններին պիտի թույլատրվեր ընդհատել Աստծո հավանությանն արժանացած ղեկավարումը։ Այդ ժամանակաշրջանը սկսվեց Երուսաղեմի կործանումով՝ մ.թ.ա. 607 թ.–ից։ Դանիել մարգարեի խոսքերի համաձայն՝ այն պետք է շարունակվեր «եօթը ժամանակ» (Դանիէլ 4։23–25)։ Որքա՞ն էր դա տևելու։ Ըստ Աստվածաշնչի՝ երեք ու կես ‘ժամանակը’ հավասար է 1 260 օրվա (Յայտնութիւն 12։6, 14)։ Ուստի՝ երկու անգամ երեք ու կեսը, այսինքն՝ յոթ ժամանակը պետք է հավասար լինի 2 520 օրվա։ Բայց այդ կարճ ժամանակաշրջանի վերջում ոչ մի նշանակալից իրադարձություն տեղի չունեցավ։ Սակայն եթե Դանիելի մարգարեության համար կիրառենք «մէկ օրուայ տեղ մէկ տարի» սկզբունքը և մ.թ.ա. 607 թ.–ից հաշվենք 2 520 տարի, ապա դա կբերի 1914 թ.–ը (Թուոց 14։34; Եզեկիէլ 4։6)։

18. Ի՞նչ արեց Հիսուսը իշխանություն ստանալուց կարճ ժամանակ անց, և ի՞նչ հետևանքներ ունեցավ դա երկրի համար։

18 Սկսե՞ց արդյոք Հիսուսը իշխել այդ ժամանակվանից։ Այո, և հաջորդ գլխում կքննարկվի, թե աստվածաշնչյան ինչ հիմքեր ունենք այդպես ասելու։ Սակայն Հիսուսի իշխանության սկիզբը, իհարկե, չէր նշանավորվելու այն բանով, որ երկրի վրա անմիջապես խաղաղություն էր հաստատվելու։ Յայտնութիւն 12։7–12-ում ցույց է տրվում, որ Թագավորություն ստանալուց անմիջապես հետո Հիսուսը Սատանային ու նրա դև–​հրեշտակներին դուրս էր նետելու երկնքից։ Երկրին դա մեծ «վայեր» էր բերելու։ Սակայն քաջալերական է իմանալ, որ Սատանային «քիչ ժամանակ» է մնացել։ Շուտով մենք ուրախանալու առիթ կունենանք ոչ միայն այն պատճառով, որ Աստծո Թագավորությունը իշխում է, այլև որ այն օրհնություններ կբերի երկրին ու հնազանդ մարդկանց (Սաղմոս 72։7, 8)։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ դա տեղի կունենա շուտով։

[Ծանոթագրություններ]

a  «Սելով» անունը նշանակում է «Նա, ումն է» կամ «Նա, որին պատկանում է»։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ «Սելովը» Հիսուս Քրիստոսն էր՝ «առիւծը որ Յուդայի ցեղիցն է» (Յայտնութիւն 5։5)։ Եբրայերեն Գրությունների արամեերեն որոշ թարգմանություններում «Սելով» բառը պարզապես փոխարինված է «Մեսիա» կամ «Մեսիա թագավոր» ձևերով։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ի՞նչ է Աստծո Թագավորությունը, և որտեղի՞ց է այն իշխելու։

• Ովքե՞ր են լինելու Թագավորության ղեկավարները, և ովքե՞ր՝ հպատակները։

• Ինչպե՞ս է Եհովան համոզիչ կերպով ցույց տալիս, որ նրա Թագավորությունը իրական է։

• Ե՞րբ են սկսվել ու վերջացել «հեթանոսների ժամանակները»։

[94–րդ էջի վրայի շրջանակը]

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Եհովան հայտնում է, որ նպատակ ունի առաջ բերել մի «սերունդ», որը ջախջախելու է Օձի՝ Բանսարկու Սատանայի գլուխը (Ծննդոց 3։15)։

• Մ.թ.ա. 1943 թ.–ին Եհովան ցույց է տալիս, որ այդ «սերունդը» առաջ է գալու Աբրահամի տոհմից (Ծննդոց 12։1–3, 7; 22։18)։

• Մ.թ.ա. 1513 թ.–ին Իսրայելին տրվում է Օրենքի ուխտը, որը դառնում է «գալիք բարիքների ստուեր[ը]» (Ելից 24։6–8; Եբրայեցիս 10։1 ԷԹ)։

• Մ.թ.ա. 1117 թ.–ին հիմնադրվեց Իսրայելի երկրային թագավորությունը։ Հետագայում այն շարունակվեց Դավիթի շառավղով (Ա Թագաւորաց 11։15; Բ Թագաւորաց 7։8, 16)։

• Մ.թ.ա. 607 թ.–ին կործանվում է Երուսաղեմը, և սկսվում են «հեթանոսների ժամանակները» (Դ Թագաւորաց 25։8–10, 25, 26; Ղուկաս 21։24)։

• Մ.թ. 29 թ.–ին Հիսուսը օծվում է որպես Թագավոր և սկսում է իր երկրային ծառայությունը (Մատթէոս 3։16, 17; 4։17; 21։9–11)։

• Մ.թ. 33 թ.–ին Հիսուսը համբարձվում է երկինք և նստում Աստծո աջ կողմում՝ սպասելով այն ժամանակվան, երբ կսկսվի իր իշխանությունը (Գործք 5։30, 31; Եբրայեցիս 10։12, 13)։

• 1914 թ.–ին, երբ ավարտվում են «հեթանոսների ժամանակները», Հիսուսը գահակալվում է երկնային Թագավորության մեջ (Յայտնութիւն 11։15)։

• Սատանան ու նրա դևերը գցվում են երկրի մերձակայքը, ինչի հետևանքով սկսվում են մարդկության ավելի մեծ «վայերը» (Յայտնութիւն 12։9–12)։

• Հիսուսը գլխավորում է համայն աշխարհում Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելու գործը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը