Դիմադրիր հասարակության կարծիքի ճնշմանը
ԿԱՐԾԻՔՆԵՐՆ այն մասին, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ, ինչն է գովելի և ինչն է պախարակելի, տեղից տեղ տարբերվում են։ Դրանից բացի, այդ կարծիքները ժամանակի ընթացքում փոխվում են։ Ուստի երբ Աստվածաշնչում կարդում ենք հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պետք է հաշվի առնենք այդ ժամանակներում ընդունված կարծիքներն ու արժեքները և չառաջնորդվենք՝ ելնելով սեփական սկզբունքներից։
Քրիստոնեական Հունարեն Գրություններում հաճախ է խոսվում պատվի ու ամոթի մասին։ Եկեք քննենք այդ երկու հասկացությունները։ Որպեսզի ավելի լավ հասկանանք այն հատվածները, որտեղ խոսվում է դրանց մասին, պետք է խորհրդածենք այն բանի շուրջ, թե աստվածաշնչյան ժամանակներում ապրող մարդկանց համար ինչն էր ամոթալի և ինչն էր պատվաբեր։
Արժեքներն առաջին դարում
Մի գիտնական ասում է. «Հույների, հռոմեացիների ու հրեաստանցիների մշակույթում անչափ մեծ նշանակություն էր տրվում պատվին ու ամոթին։ Մարդիկ ապրում ու մահանում էին հանուն պատվի, համբավի, հռչակ ձեռք բերելու, մարդկանց հավանությանը արժանանալու և հարգանք վայելելու»։ Առաջնորդվելով այսպիսի արժեքներով՝ նրանք մեծ տեղ էին տալիս ուրիշների կարծիքին։
Կարգավիճակը, դիրքն ու պատիվը անչափ կարևոր էին հասարակության համար։ Մարդիկ մեծ նշանակություն էին տալիս անհատի կարգավիճակին՝ ազնվական տոհմից է, ստրուկ է և այլն։ Պատիվը ավելին էր, քան միայն անհատի անձնական կարծիքը իր մասին։ Այն նաև ուրիշների կարծիքն էր իր մասին։ Պատվել անհատին նշանակում էր հանրորեն հայտնել, որ նա վարվել է այնպես, ինչպես իրենից ակնկալվում էր։ Մարդը կարող էր պատվել որևէ մեկին՝ համապատասխան ուշադրություն ցույց տալով և ասելով, որ տպավորված է նրա ունեցվածքով, պաշտոնով և ազնվական ծագումով։ Անհատը պատվի կարող էր արժանանալ, եթե մեծամեծ գործեր աներ կամ որևէ բանով գերազանցեր ուրիշներին։ Հակառակ դրան, եթե մարդը հասարակության կողմից նվաստացվում և ծաղրվում էր, դա ամոթ ու անպատվություն էր նրա համար։ Մարդն իրեն ստորացած էր զգում ոչ միայն այն պատճառով, որ խիղճն էր դատապարտում իրեն, այլև որ արժանացել էր հասարակության քննադատությանը։
Հիսուսը խոսեց այն մասին, որ անհատին խնջույքի ժամանակ կարող են առաջարկել նստել «ամենապատվավոր տեղը» կամ «ամենացածր տեղը». դա իր օրերում ընդունված հարգանքի կամ անարգանքի նշան էր (Ղուկ. 14։8–10)։ Հիսուսի աշակերտները բացառություն չէին. առնվազն երկու անգամ նրանք վիճեցին, թե «իրենցից ով է մեծը» (Ղուկ. 9։46; 22։24)։ Նրանց այս մտածելակերպն արտացոլում էր իրենց հասարակության մեջ ընդունված տեսակետը։ Հպարտ ու մրցակցող հրեա կրոնական առաջնորդները Հիսուսի քարոզների մեջ վտանգ էին տեսնում, քանի որ դրանք պատվազրկում և հեղինակազրկում էին իրենց։ Այդ պատճառով նրանք փորձում էին բանավիճել նրա հետ և բազմության առաջ ցույց տալ, որ գերազանցում են Հիսուսին։ Սակայն նրանց այդ ջանքերը միշտ ձախողվում էին (Ղուկ. 13։11–17)։
Առաջին դարի հրեաների, հույների ու հռոմեացիների համար ամոթ էր նաև այն, որ իրենց «բռնում ու հանցանքի համար հանրորեն դատապարտում էին»։ Մարդու համար ստորացուցիչ էր ձերբակալվելը կամ ազատազրկման դատապարտվելը։ Այսպիսի վերաբերմունքը վարկաբեկում էր անհատին ընկերների, ընտանիքի անդամների և համայնքի առաջ, անկախ այն բանից՝ նրան կդատապարտեն հանցագործության մեջ, թե ոչ։ Իր անվան վրա եկած անարգանքի պատճառով նա կարող էր կորցնել ինքնահարգանքը և վնասել ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Կապանքներից ավելի մեծ խայտառակություն էր խարազանվելը կամ մտրակվելը։ Այսպիսի վերաբերմունքն իր հետ բերում էր արհամարհանք, ծաղրանք և անպատվություն։
Տանջանքի ցցի վրա մարդուն գամելը ամենամեծ ստորացումն էր։ Գիտնական Մարտին Հենգելն ասում է, որ դատապարտման այս ձևը նախատեսված էր «ստրուկներին պատժելու համար, քանի որ այն խորհրդանշում էր ծայրահեղ խայտառակություն, ամոթ և կտտանքներ»։ Հասարակությունը ճնշում էր գործադրում այս կերպով պատվազրկված անհատի ընտանիքի ու ընկերների վրա, որպեսզի հրաժարվեն նրանից։ Քանի որ Քրիստոսը այս ձևով մահացավ, բոլոր նրանք, ովքեր առաջին դարում ցանկանում էին քրիստոնյա դառնալ, պետք է պատրաստ լինեին հասարակության կողմից ծաղրանքի ենթարկվելու։ Հավանաբար, շատերը հիմարություն էին համարում այն, որ ինչ-որ մեկը ներկայանում է որպես ցցին գամված մարդու հետևորդ։ «Մենք քարոզում ենք ցցին գամված Քրիստոսին՝ գայթակղության պատճառ հրեաների համար և հիմարություն ազգերի համար»,— գրեց Պողոս առաքյալը (1 Կորնթ. 1։23)։ Ինչպե՞ս էին վաղ քրիստոնյաները դիմագրավում այդ դժվարությանը։
Այլ արժեքներ
Առաջին դարի քրիստոնյաները օրինապահ մարդիկ էին և ջանում էին լավ վարք դրսևորել, որ հասարակության կողմից չանարգվեն։ Պետրոս առաքյալը գրեց. «Ձեզանից ոչ մեկը թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող կամ չարագործ կամ էլ ուրիշների գործերին խառնվող» (1 Պետ. 4։15)։ Սակայն Հիսուսը կանխագուշակեց, որ իր հետևորդները հանուն իր անվան պետք է հալածվեն (Հովհ. 15։20)։ «Եթե [մարդը] որպես քրիստոնյա է չարչարվում,— գրեց Պետրոսը,— թող չամաչի, այլ թող փառավորի Աստծուն» (1 Պետ. 4։16)։ Երբ անհատը չարչարվում էր որպես Քրիստոսի հետևորդ և չէր ամաչում, այդպիսով մերժում էր այդ օրերի հասարակության չափանիշները։
Քրիստոնյաները չէին կարող թույլ տալ, որ ուրիշների չափանիշները ազդեն իրենց վարքի վրա։ Առաջին դարի հասարակության համար հիմարություն էր ցցին գամված մարդուն Մեսիա համարելը։ Այդ տեսակետը կարող էր ազդել քրիստոնյաների վրա։ Սակայն ցույց տալու համար, որ իրենք հավատում են Հիսուսին որպես Մեսիայի, նրանք պետք է հետևեին վերջինիս, նույնիսկ եթե իրենց ծաղրեին։ Հիսուսն ասաց. «Ով որ ամաչի ինձ և իմ խոսքերի համար այս շնացող և մեղավոր սերնդի մեջ, մարդու Որդին էլ նրա համար կամաչի, երբ գա իր Հոր փառքով սուրբ հրեշտակների հետ» (Մարկ. 8։38)։
Այսօր էլ մեզ վրա կարող են ճնշումներ բանեցնել, որ հրաժարվենք մեր հավատից։ Դասընկերները, հարևանները կամ աշխատակիցները գուցե փորձեն ներգրավել մեզ անբարո, անազնիվ կամ ուրիշ կասկածելի գործերի մեջ։ Այդ մարդիկ հնարավոր է փորձեն այնպես անել, որ մենք ամաչենք ճիշտ սկզբունքներից կառչած լինելու համար։ Իսկ ինչպե՞ս պետք է արձագանքենք նման դեպքերում։
Ընդօրինակիր նրանց, ովքեր արհամարհեցին ամոթը
Եհովայի առաջ իր անարատությունը պահելու համար Հիսուսը կրեց ամենախայտառակ պատիժը։ «Նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (Եբր. 12։2)։ Թշնամիները ապտակեցին Հիսուսին, թքեցին նրա վրա, խարազանեցին, մտրակեցին, ցցին գամեցին և հայհոյեցին (Մարկ. 14։65; 15։29–32)։ Այնուամենայնիվ, նա արհամարհեց պատվազուրկ լինելու ամոթը։ Ինչպե՞ս։ Աստծու Որդին թույլ չտվեց, որ այդ վերաբերմունքը ազդի իր վրա։ Նա, անշուշտ, մարդկանց կողմից փառք չէր փնտրում և գիտեր, որ Եհովայի աչքերում չի կորցրել իր արժանապատվությունը։ Թեև նա մահացավ ստրուկի մահով, Եհովան պատվեց նրան՝ հարություն տալով և Իրենից հետո ամենապատվավոր դիրքին արժանացնելով։ Փիլիպպեցիներ 2։8–11 համարներում կարդում ենք. «[Քրիստոս Հիսուսը] խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա։ Եվ հենց այդ պատճառով էլ Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ թե՛ երկնքում լինողների, թե՛ երկրի վրա լինողների և թե՛ գետնի տակ լինողների, և ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար»։
Իհարկե, Հիսուսը անտարբեր չէր այն բանի հանդեպ, որ իր պատիժը անպատվություն է նշանակում։ Աստծու Որդուն մտահոգում էր այն, որ հայհոյության համար դատապարտվելը կարող էր անարգանք բերել իր Հոր անվան վրա։ Նա խնդրեց Եհովային թույլ չտալ, որ իրեն այդպես ստորացնեն։ «Հեռացրո՛ւ այս բաժակը ինձանից»,— աղոթեց նա։ Սակայն Հիսուսը հնազանդվեց Աստծու կամքին (Մարկ. 14։36)։ Նա դիմագրավեց ճնշումներին և արհամարհեց ամոթը։ Չէ՞ որ Հիսուսն արժանանալու էր միայն նրանց արհամարհանքին, ովքեր առաջնորդվում էին իր օրերում ընդունված արժեքներով։ Հստակ է, որ Քրիստոսը չէր առաջնորդվում դրանցով։
Հիսուսի աշակերտներին նույնպես ձերբակալել և խարազանել են, ինչի պատճառով նրանք պատվազրկվել են ուրիշների աչքերում։ Նրանց նվաստացրել, արհամարհել են, սակայն նրանք չեն հուսալքվել։ Ճշմարիտ աշակերտները դիմադրել են հասարակական կարծիքին և արհամարհել ամոթը (Մատթ. 10։17; Գործ. 5։40; 2 Կորնթ. 11։23–25)։ Նրանք գիտեին, որ պետք է «վերցնեն իրենց տանջանքի ցիցը ու շարունակ [Հիսուսին] հետևեն» (Ղուկ. 9։23, 26)։
Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Այն, ինչ աշխարհը հիմարություն, թուլություն և նվաստացուցիչ է համարում, Աստծու համար իմաստուն, զորեղ և պատվավոր է (1 Կորնթ. 1։25–28)։ Արդյոք անհեթեթություն և անհեռատեսություն չէ՞ր լինի թույլ տալ, որ հասարակության կարծիքը ամբողջովին ազդի մեզ վրա։
Այն մարդը, ով ցանկանում է պատվի արժանանալ, պետք է հաշվի առնի, թե աշխարհն ինչ կարծիք ունի իր մասին։ Մյուս կողմից՝ Հիսուսի և առաջին դարի իր հետևորդների նման՝ մենք ցանկանում ենք, որ Եհովան լինի մեր Ընկերը։ Իսկ դրա համար պատվի և ամոթի վերաբերյալ պետք է ունենանք Աստծու տեսակետը։
[Նկար 4–րդ էջի վրա]
Հիսուսն արհամարհեց ամոթը