Աստծո ծառաները պետք է քաղցրություն դրսևորեն
«Սէրը.... քաղցր է» (Ա Կորնթացիս 13։4)։
1, 2. ա) Ինչո՞ւ չպետք է զարմանանք, որ Եհովան ակնկալում է իր ծառաներից քաղցրություն դրսևորել։ բ) Քաղցրության առնչությամբ ի՞նչ հարցեր պետք է քննարկենք։
ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ Եհովա Աստծուն բնորոշ հատկություններից է (Հռովմայեցիս 2։4; 11։22)։ Ըստ ամենայնի, որքա՜ն բարձր էին գնահատում այդ փաստը առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան։ Եդեմի պարտեզում նրանք վայելում էին Աստծո բազմաթիվ արարչագործությունները, որոնք վկայում էին մարդկանց հանդեպ նրա քաղցրության մասին։ Աստված շարունակում է քաղցր լինել բոլորի հանդեպ, անգամ երախտամոռ ու չար մարդկանց։
2 Ստեղծված լինելով Աստծո պատկերով՝ մարդիկ ընդունակ են արտացոլելու նրա հատկությունները (Ծննդոց 1։26)։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան ակնկալում է մեզնից քաղցրություն ցուցաբերել։ Իսկ ի՞նչ է քաղցրությունը։ Ինչպե՞ս է այն կապված Աստծո մյուս հատկությունների հետ։ Եթե մարդիկ ի վիճակի են քաղցրություն ցուցաբերել, ապա ինչո՞ւ աշխարհում այդքան դաժանություն ու անգթություն կա։ Ինչո՞ւ մենք՝ քրիստոնյաներս, պետք է ձգտենք քաղցրություն ցուցաբերել մարդկանց հետ ունեցած մեր հարաբերություններում։
Ի՞նչ է քաղցրությունը
3. Ինչպե՞ս կսահմանեիք քաղցրությունը։
3 «Քաղցրություն» թարգմանված բառը բնորոշում է մի հատկություն, որն անհատը դրսևորում է՝ ակտիվորեն հետաքրքրվելով ուրիշների բարօրությամբ, օգտակար գործեր անելով և նրբանկատ խոսքեր ասելով։ Քաղցր լինել՝ նշանակում է բարի գործ անել և ոչ թե վնասել։a Այդ հատկությունը դրսևորող անձնավորությունը ընկերական է, հանդարտ, կարեկից, գթասիրտ։ Նա առատաձեռն է և ուշադիր մարդկանց հանդեպ։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց. «Հագէք.... ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն» (Կողոսացիս 3։12)։ Ուրեմն՝ ‘քաղցրությունը’ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի այլաբանական հագուստի մասն է կազմում։
4. Ինչպե՞ս է Եհովան առաջինը քաղցրություն ցուցաբերել մարդկանց հանդեպ։
4 Եհովա Աստված առաջինն է քաղցրություն ցուցաբերել։ Դա դրսևորվեց, ինչպես Պողոսն ասաց, երբ «մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ», և նա «փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը» (Տիտոս 3։4, 5)։ Աստված օծյալ քրիստոնյաներին ‘ավազանում’ մաքրում է Հիսուսի արյունով՝ կիրառելով Քրիստոսի քավիչ զոհաբերության արժեքը հօգուտ նրանց։ Նրանք նաև ‘նորոգվում’ են սուրբ ոգու միջոցով՝ դառնալով «նոր ստեղծուած»՝ որպես Աստծո սուրբ ոգուց ծնված որդիներ (Բ Կորնթացիս 5։17)։ Ավելին, Աստծո քաղցրությունն ու սերը տարածվում են նաև ‘մեծ բազմության’ անդամների վրա, որոնք «իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնովը» (Յայտնութիւն 7։9, 14; Ա Յովհաննէս 2։1, 2)։
5. Ինչո՞ւ նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծո ոգով, պետք է քաղցրություն ցուցաբերեն։
5 Քաղցրությունը նաև Աստծո սուրբ ոգու՝ գործուն ուժի, պտղի մաս է կազմում։ Պողոսն ասաց. «Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չ’կայ» (Գաղատացիս 5։22, 23)։ Դե եթե այդպես է, ապա չպե՞տք է նրանք, ովքեր առաջնորդվում են Աստծո ոգով, քաղցրություն ցուցաբերեն մարդկանց հանդեպ։
Իսկապես քաղցր լինելը թերություն չէ
6. Ե՞րբ է քաղցր լինելը թերություն և ինչո՞ւ։
6 Որոշ մարդիկ քաղցրություն ցուցաբերելը թերություն են համարում։ Նրանք կարծում են, որ անհատը պետք է լինի կոշտ, չոր, իսկ երբեմն էլ նույնիսկ կոպիտ, որպեսզի մյուսները տեսնեն իր ուժեղ բնավորությունը։ Սակայն իրականում կամքի ուժ է պահանջվում՝ դրսևորելու իսկական՝ ճիշտ քաղցրություն և խուսափելու սխալ քաղցրությունից։ Քանի որ իսկական քաղցրությունը Աստծո սուրբ ոգու պտղի մաս է կազմում, ապա հնարավոր չէ, որ այդ հատկությունը ենթադրի անվճռական, ներողամիտ վերաբերմունք մարդկանց սխալ վարքի հանդեպ։ Իսկ սխալ քաղցրությունը թերություն է, որը թույլ է տալիս մարդուն սխալ բաներին մատների արանքով նայել։
7. ա) Ինչպե՞ս դրսևորվեց Հեղիի թուլակամությունը։ բ) Ինչո՞ւ երեցները պետք է զգուշանան, որ սխալ քաղցրություն չցուցաբերեն։
7 Քննարկենք Իսրայելի քահանայապետ Հեղիի բացասական օրինակը։ Նա հարկ եղած ձևով չդաստիարակեց իր որդիներ Ոփնիին ու Փենեհեսին, որոնք խորանի քահանաներից էին, ու չափազանց հանդուրժողական էր նրանց հանդեպ։ Չբավարարվելով զոհաբերության այն մասնաբաժնից, որ ըստ Աստծո Օրենքի՝ նախատեսված էր իրենց համար՝ նրանք սպասավորին ուղարկում էին, որ նախքան ճարպը զոհասեղանի վրա այրելը հում միս վերցնեին զոհ մատուցողից։ Հեղիի որդիները նաև անբարո հարաբերությունների մեջ էին մտնում այն կանանց հետ, որոնք ծառայում էին խորանի մուտքի մոտ։ Սակայն Հեղին, փոխանակ Ոփնիին ու Փենեհեսին ծառայությունից դուրս անելու, ընդամենը մեղմորեն նրանց կշտամբեց (Ա Թագաւորաց 2։12–29)։ Ուստի զարմանալի չէ, որ «այն օրերը Տիրոջ խօսքը հազուագիւտ էր» (Ա Թագաւորաց 3։1)։ Քրիստոնյա երեցները պետք է ուշադիր լինեն, որ սխալ քաղցրություն չցուցաբերեն մեղավորների հանդեպ, որոնք գուցե վտանգեն ժողովի հոգևոր վիճակը։ Ճիշտ քաղցրությունը կույր չէ չար խոսքերի ու գործերի հանդեպ, որոնք ոտնահարում են Աստծո չափանիշները։
8. Ինչպե՞ս Հիսուսը դրսևորեց իսկական քաղցրություն։
8 Մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, երբեք սխալ քաղցրություն չի ցուցաբերել։ Նա իսկական քաղցրության մարմնացումն է։ Օրինակ՝ նա «գթաց [մարդկանց] վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին»։ Ազնվասիրտ մարդիկ անկաշկանդ մոտենում էին Հիսուսին՝ նրա մոտ բերելով նույնիսկ իրենց երեխաներին։ Պատկերացրու, թե ինչպես նա քաղցրություն ու կարեկցանք դրսևորեց, երբ «նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց» (Մատթէոս 9։36; Մարկոս 10։13–16)։ Թեպետ Հիսուսը քաղցր էր մարդկանց հանդեպ, այնուամենայնիվ նա անզիջում էր այն հարցերում, որոնք իր երկնային Հոր տեսակետից ճիշտ էին։ Հիսուսը երբեք չհանդուրժեց չարը. նա, ունենալով աստվածատուր զորություն, մեղադրում էր կեղծավոր կրոնական առաջնորդներին։ Ինչպես գրված է Մատթէոս 23։13–26-ում, նա մի քանի անգամ կրկնեց. «Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ»։
Քաղցրությունը և Աստծո մյուս հատկությունները
9. Ինչպե՞ս է քաղցրությունը կապված երկայնամտության ու բարության հետ։
9 Քաղցրությունը կապված է Աստծո ոգու առաջ բերած մյուս հատկությունների հետ։ Այն թվարկվում է ‘երկայնամտության’ ու ‘բարության’ կողքին։ Եվ իրոք, այն անհատը, որն իր մեջ քաղցրություն է մշակում, երկայնամտություն է դրսևորում։ Նա համբերատար է նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր բարի չեն։ Քաղցրությունը կապված է բարության հետ այն առումով, որ հաճախ ուղեկցվում է օգտակար գործերով՝ կատարված հանուն ուրիշների։ Երբեմն հունարեն բառը, որ հայերեն Աստվածաշնչում թարգմանված է «քաղցրություն», կարելի է թարգմանել «բարություն» բառով։ Վաղ քրիստոնյաները դրսևորում էին այդ հատկությունը, և դա հեթանոսներին այնպես էր ապշեցնում, որ նրանք, համաձայն Տերտուլիանոսի, Հիսուսի այդ հետևորդներին անվանում էին «ամբողջությամբ քաղցր մարդիկ»։
10. Ինչպե՞ս են քաղցրությունն ու սերը իրար հետ կապված։
10 Գոյություն ունի կապ նաև քաղցրության ու սիրո միջև։ Իր հետևորդների վերաբերյալ Հիսուսն ասաց. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13։35)։ Իսկ այդ սիրո վերաբերյալ Պողոսն ասաց. «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է» (Ա Կորնթացիս 13։4)։ «Քաղցրություն» թարգմանված հունարեն բառը իմաստով նաև առնչվում է «ողորմություն» թարգմանված եբրայերեն բառին, որը կարելի է թարգմանել նաև «սիրառատ բարություն»։ Այդ բարությունը բխում է նվիրված սիրուց։ «Ողորմություն» թարգմանված եբրայերեն գոյականը շատ ավելի իմաստներ է պարունակում, քան պարզապես «ջերմ կապվածություն» իմաստը։ Այդ գոյականը ունի նաև հետևյալ նշանակությունը՝ սիրուց բխող ջերմ կապվածություն ինչ–որ մեկի կամ մի բանի հանդեպ, որը չի դադարում դրսևորվել, մինչև որ չի իրագործվում տվյալ բանի կամ անձնավորության հետ կապված նպատակը։ Եհովայի ողորմությունը տարբեր կերպերով է դրսևորվում, օրինակ՝ երբ նա ազատում է իր ծառաներին ու պաշտպանում է նրանց (Սաղմոս 6։4; 40։11; 143։12)։
11. Աստծո ողորմությունն ինչո՞ւմ է մեզ վստահեցնում։
11 Եհովայի ողորմությունը ‘քաշում’ է մարդկանց դեպի իրեն (Երեմիա 31։3)։ Երբ Աստծո հավատարիմ ծառաները նեղության մեջ են լինում ու օգնության կամ ազատագրման կարիք են զգում, նրանք սեփական փորձով համոզվում են, որ Աստծո ողորմությունը նվիրված սիրո արտահայտություն է։ Նրանք գիտեն, որ նա անպայման կդրսևորի այդ հատկությունը։ Ուստի նրանք կարող են սաղմոսերգուի պես հավատով լցված աղոթել. «Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը» (Սաղմոս 13։5)։ Քանի որ Աստված նվիրված է իր սիրո մեջ, նրա ծառաները կարող են լիովին վստահել նրան։ Նրանք վստահ են, որ «Տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը» (Սաղմոս 94։14)։
Ինչո՞ւ է աշխարհն այսքան դաժան
12. Ե՞րբ և ինչպե՞ս սկիզբ դրվեց դաժանությամբ լի իշխանությանը։
12 Այս հարցի պատասխանը առնչվում է այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում։ Մարդկության պատմության արշալույսին մի ոգեղեն արարած, որը դարձել էր եսասեր ու ամբարտավան, սկսեց իրագործել մի պլան, ըստ որի՝ ինքը պետք է դառնար աշխարհի իշխան։ Արդյունքում նա իսկապես դարձավ «այս աշխարհքի իշխանը»՝ իրոք որ անչափ դաժան մի իշխան (Յովհաննէս 12։31)։ Նա հայտնի դարձավ Բանսարկու Սատանա անունով՝ Աստծո և մարդու գլխավոր թշնամին (Յովհաննէս 8։44; Յայտնութիւն 12։9)։ Նրա նենգ, եսասիրական մտադրությունն էր հաստատել մի իշխանություն, որը հակառակ էր Աստծո բարի իշխանությանը։ Այդ նպատակը բացահայտվեց Եվայի ստեղծվելուց կարճ ժամանակ անց։ Այսպիսով՝ չար իշխանությունն իր սկիզբն ունեցավ այն ժամանակ, երբ Ադամը նախընտրեց աստվածանկախ ճանապարհը՝ լիովին մերժելով Եհովայի քաղցրությունը (Ծննդոց 3։1–6)։ Սակայն Ադամն ու Եվան իրականում չանկախացան, այլ ընկան եսասեր ու հպարտ Սատանայի ազդեցության տակ՝ դառնալով նրա հպատակները։
13–15. ա) Որո՞նք էին Եհովայի արդար իշխանությունը մերժելու հետևանքներից մի քանիսը։ բ) Ինչո՞ւ է կոպտությունը տարածված աշխարհում։
13 Քննենք Ադամի ու Եվայի կատարած քայլի մի քանի հետևանքներ։ Նրանք արտաքսվեցին երկրագնդի այն հատվածից, որը դրախտ էր։ Ադամն ու Եվան կորցրին փարթամ պարտեզը, որտեղ կային սննդարար բանջարեղեն ու մրգեղեն, ու հայտնվեցին ծանր իրավիճակում՝ Եդեմի պարտեզից դուրս։ Աստված ասաց Ադամին. «Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չ’ուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար»։ Անեծքը, որ տրվեց ‘երկրին’, այսինքն՝ հողին, նշանակում էր, որ այն մշակելը շատ դժվար էր լինելու։ Այդ անեծքի հետևանքները, այդ թվում այն, որ հողը ‘փուշ ու տատասկ էր բուսցնում’, այնքան խորն էին զգում Ադամի հետնորդները, որ Նոյի հայր Ղամեքը խոսեց իրենց ‘ձեռքերի ցավերի’ մասին «այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց» (Ծննդոց 3։17–19; 5։29)։
14 Նաև Ադամն ու Եվան իրենց հոգեկան անդորրը փոխեցին սրտի ցավով։ Աստված Եվային ասաց. «Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. եւ նա իշխէ քեզ վերայ»։ Ավելի ուշ Կայենը՝ Ադամի ու Եվայի առաջնեկը, դաժանորեն սպանեց իր եղբայր Աբելին (Ծննդոց 3։16; 4։8)։
15 «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [«Չարի իշխանության տակ է», ՆԱ]»,— հստակորեն ասաց Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 5։19)։ Աշխարհը, իր իշխանի պես, դրսևորում է չար հատկություններ, այդ թվում նաև եսասիրություն և հպարտություն։ Ուստի զարմանալի չէ, որ այն լի է կոպտությամբ ու դաժանությամբ։ Բայց միշտ այդպես չի լինի։ Եհովան երաշխավորում է, որ իր Թագավորության ներքո քաղցրությունն ու կարեկցանքը կիշխեն, և ոչ թե կոպտությունն ու դաժանությունը։
Աստծո Թագավորության մեջ կիշխի քաղցրությունը
16. Ինչո՞ւ է Աստծո իշխանությունը, որը նա իրականացնում է Հիսուս Քրիստոսի միջոցով, բնորոշվում քաղցրությամբ, և դա պարտավորեցնում է մեզ ի՞նչ անել։
16 Եհովան ու նրա կողմից իր Թագավորության Թագավոր նշանակված Հիսուս Քրիստոսը պահանջում են, որ իրենց հպատակները հայտնի լինեն քաղցրությամբ։ Հիսուս Քրիստոսը մեզ որոշակի պատկերացում է տվել այն մասին, թե ինչպես նա քաղցրությամբ գործի կդնի այն իշխանությունը, որ իրեն տրվել է իր Հոր կողմից (Եբրայեցիս 1։3)։ Դա կարելի է տեսնել Հիսուսի այն խոսքերում, որոնցով նա մերկացրեց կեղծ կրոնական առաջնորդներին, ովքեր չարաչար ծանրաբեռնում էին ժողովրդին։ Նա ասաց. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Բազմաթիվ կրոնական կամ այլ տեսակի իշխանություն ունեցողներ ուժասպառ են անում մարդկանց՝ նրանց ուսերին դնելով անհամար օրենքներ ու անշնորհակալ գործեր կատարելու բեռը։ Մինչդեռ այն, ինչ Հիսուսը պահանջում է իր հետևորդներից, բավարարում է նրանց կարիքները ու համապատասխանում է նրանց կարողություններին։ Իսկապես, Հիսուսի լուծը քաղցր է, թարմություն ու հանգստություն է պատճառում։ Մի՞թե մենք չենք մղվում նմանվելու նրան քաղցրություն ցուցաբերելու մեջ (Յովհաննէս 13։15)։
17, 18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Քրիստոսի հետ երկնքում իշխողները և նրա երկրային ներկայացուցիչները քաղցրություն կդրսևորեն։
17 Այն, թե ինչ դիտողություններ արեց Հիսուսը իր առաքյալներին, ցույց է տալիս, թե ինչ ցայտուն տարբերություններ կան Աստծո Թագավորության ու մարդկային իշխանության միջև։ Աստվածաշունչն ասում է. «Նորանց [աշակերտների] միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։ Եւ նա ասեց նորանց. Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։ Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։ Որովհետեւ ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը թե ծառայողը. չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ» (Ղուկաս 22։24–27)։
18 Մարդկային ղեկավարները ուզում են «մեծ» դառնալ՝ ‘տիրապետելով’ մարդկանց վրա ու ձգտելով բարձր կոչումների, կարծես թե այդ կոչումները իրենց ավելի լավը կդարձնեն նրանց նկատմամբ, ում վրա իշխում են։ Սակայն Հիսուսն ասաց, որ իսկական մեծությունը բխում է ջանասիրաբար ու հետևողականորեն ուրիշներին ծառայելուց։ Բոլոր նրանք, ովքեր կառավարելու են երկնքում Քրիստոսի հետ միասին կամ կծառայեն որպես նրա երկրային ներկայացուցիչներ, պետք է ջանան հետևել նրա խոնարհության ու քաղցրության օրինակին։
19, 20. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց Եհովայի քաղցրության չափը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային քաղցրություն ցուցաբերելու մեջ։
19 Այժմ ուշադրություն դարձնենք Հիսուսի մեկ այլ սիրալիր խորհրդի։ Ցույց տալով Եհովայի քաղցրության չափը՝ Հիսուսն ասաց. «Եթէ դուք ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ շնորհ է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են իրանց սիրողներին սիրում։ Եւ եթէ ձեր բարերարներին բարի անէք, ի՞նչ շնորհք է ձեզ, որովհետեւ մեղաւորներն էլ են այնպէս անում. եւ եթէ փոխ էք տալիս նորանց՝ որ նորանցից ետ առնելու յոյս ունիք, ի՞նչ շնորհք է ձեզ. որովհետեւ մեղաւորներն էլ են մեղաւորներին փոխ տալիս, որ հաւասար չափը ետ առնեն։ Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարի արէք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիք կ’լինիք. որովհետեւ նա քաղցր է երախտամոռների եւ չարերի վերայ։ Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է» (Ղուկաս 6։32–36)։
20 Աստծո քաղցրությունը եսասեր չէ։ Այն չի պահանջում որևէ բան և չի ակնկալում որևէ բան ստանալ ի պատասխան։ Եհովան, քաղցրություն դրսևորելով, «իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ» (Մատթէոս 5։43–45; Գործք 14։15, 16)։ Ընդօրինակելով մեր երկնային Հորը՝ մենք ոչ միայն խուսափում ենք երախտամոռ մարդկանց որևէ վնաս պատճառելուց, այլև բարին ենք անում նրանց, նույնիսկ այն մարդկանց, ովքեր թշնամություն են արել մեզ։ Քաղցրություն ցուցաբերելով՝ մենք Եհովային ու Հիսուսին ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք ապրել Աստծո Թագավորության ներքո, որտեղ մարդիկ իրենց բոլոր հարաբերություններում կդրսևորեն քաղցրություն, ինչպես նաև Աստծո մյուս հատկությունները։
Ինչո՞ւ պետք է քաղցրություն ցուցաբերենք
21, 22. Ինչո՞ւ պետք է քաղցրություն դրսևորենք։
21 Մեզ՝ ճշմարիտ քրիստոնյաներիս համար քաղցրություն ցուցաբերելն առանձնապես կարևոր է։ Դա կվկայի, որ Աստծո սուրբ ոգին գործում է մեր մեջ։ Ավելին, դրսևորելով իսկական քաղցրություն՝ մենք ընդօրինակում ենք Եհովա Աստծուն ու Հիսուս Քրիստոսին։ Բացի այդ, քաղցրություն ցուցաբերելը պահանջ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լինել Աստծո Թագավորության հպատակներ։ Հետևաբար մենք պետք է սիրենք այդ հատկությունը ու սովորենք դրսևորել այն։
22 Մեր առօրյա կյանքում ո՞ր գործնական կերպերով կարող ենք քաղցրություն դրսևորել։ Հաջորդ հոդվածում կքննարկվի այս թեման։
[ծանոթագրություններ]
a Ըստ հայերեն բառարանների՝ «քաղցր» բառը կարող է ունենալ հետևյալ նշանակությունը՝ «բարի, բարյացակամ, բարեբարո» (Արդի հայերենի բացատրական բառարան), «լաւ վերաբերվել, բարեացակամ լինել» (Հայերէն բացատրական բառարան)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է քաղցրությունը։
• Ինչո՞ւ է աշխարհը դաժան ու կոպիտ։
• Որտեղի՞ց գիտենք, որ Աստծո Թագավորության ներքո կիշխի քաղցրությունը։
• Ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր ցանկանում են ապրել Աստծո Թագավորության ներքո, քաղցրություն ցուցաբերեն։
[նկար 13–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները ձգտում են քաղցր լինել ժողովի անդամների հետ
[նկար 15–րդ էջի վրա]
Դժվար պահերին Եհովան միշտ քաղցրություն ցույց կտա իր ծառաների հանդեպ
[նկարներ 16–րդ էջի վրա]
Եհովան, քաղցրություն դրսևորելով, բոլոր մարդկանց վրա ծագեցնում է արևը ու անձրև է բերում