Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 3/1 էջ 5–10
  • Ճանաչենք «Քրիստոսի միտքը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճանաչենք «Քրիստոսի միտքը»
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրա մինչմարդկային գոյությունը
  • Հիսուսի երկրային կյանքը և պայմանները
  • Ինչպիսի անձնավորություն էր Հիսուսը
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
  • Սովորենք Հիսուսի երկրային ընտանիքի անդամներից
    2003 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուսը սովորեց հնազանդ լինել
    2010 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 3/1 էջ 5–10

Ճանաչենք «Քրիստոսի միտքը»

«Ո՞վ գիտաց Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] միտքը, որ բան սովորեցնէ նորան, բայց մենք Քրիստոսի միտքն ունինք» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 2։16, ԱԹ)։

1, 2. Հիսուսի մասին Եհովան ի՞նչն է հարմար գտել երևան հանելու իր Խոսքում։

ԻՆՉՊԻՍԻ՞Ն էր Հիսուսն արտաքնապես։ Ի՞նչ գույնի էին նրա մազերը, մաշկը, աչքերը։ Բարձրահասա՞կ էր նա, ծանրամարմի՞ն։ Դարեր շարունակ արվեստի գործերում Հիսուսը պատկերվել է ամենատարբեր ձևերով՝ թե՛ իրականությանը րոշ չափով մոտ, և թե՛ անչափ հեռու։ Ոմանք նրան պատկերել են առնական ու կյանքով լի, ուրիշները՝ որպես թուլամորթ ու դալկահար տղամարդ։

2 Սակայն, Աստվածաշունչը չի կենտրոնանում Հիսուսի արտաքինի նկարագրության վրա։ Եհովան հարմար է գտել երևան հանել ավելի կարևոր մի բան՝ Հիսուսի էությունը, նրա ինչպիսին լինելը։ Ավետարանները ոչ միայն պատմում են, թե Հիսուսն ինչ ասաց կամ արեց, այլև նկարագրում են նրա խորը զգացմունքներն ու մտածելակերպը, օգնում են տեսնել, թե ինչ էր կանգնած նրա խոսքերի և գործերի ետևում։ Աստծո ներշնչմամբ գրի առնված այս չորս հաղորդագրություններն օգնում են ըմբռնել այն, ինչը Պողոս առաքյալը կոչեց «Քրիստոսի միտք» (Ա Կորնթացիս 2։16, ԱԹ)։ Հիսուսի մտքերին, զգացումներին և նրա էությանը ծանոթանալը խիստ կարևոր է։ Ինչո՞ւ. նախ առնվազն երկու պատճառով։

3. Ի՞նչն ենք ավելի խորն ըմբռնում՝ ծանոթանալով Քրիստոսի «մտածումի» հետ։

3 Դրանցից առաջինն այն է, որ Հիսուսի «միտքը» կամ «մտածումը» (ԷԹ) օգնում է որոշ պատկերացում կազմել Եհովա Աստծո «մտքի» մասին։ Հիսուսն այնքան մոտիկից էր ճանաչում իր Հորը, որ կարող էր ասել. «Ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա ում կը կամենայ Որդին յայտնել» (Ղուկաս 10։22)։ Դա նույնն էր, եթե Հիսուսն ասեր՝ «եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսին է Եհովան, նայեցեք ինձ» (Յովհաննէս 14։9)։ Փաստորեն, ուսումնասիրելով Հիսուսի մտածումների և նրա զգացումների մասին պատմող Ավետարանները, իմանում ենք, թե ինչ է մտածում և ինչ է զգում Եհովան։ Այդ գիտելիքներն օգնում են մեզ մոտենալ մեր Աստծուն (Յակոբոս 4։8)։

4. Եթե իսկապես ուզում ենք նմանվել Քրիստոսին, նախևառաջ ի՞նչ պետք է սովորենք անել և ինչո՞ւ։

4 Երկրորդ՝ Քրիստոսի միտքը ճանաչելու շնորհիվ կարող ենք նրա ‘հետքերին հետևել’ (Ա Պետրոս 2։21, ԱԹ)։ Հիսուսին հետևելը չի նշանակում ընդամենը կրկնել նրա խոսքերն ու նրան ընդօրինակել։ Քանի որ խոսքերի ու գործերի ետևում կանգնած են մտքերն ու զգացումները, ուստի Քրիստոսին հետևելն, ինքնին, պահանջում է ձեռք բերել այնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ նա ուներ (Փիլիպպեցիս 2։5)։ Այլ կերպ ասած, եթե իսկապես ուզում ենք նմանվել Քրիստոսին, նախևառաջ պետք է սովորենք նրա նման խորհել ու զգալ, իսկ դա նշանակում է, որ, չնայած մեր անկատարությանը, պետք է մեր կարողությունների սահմաններում լավագույնն անենք։ Եկեք ավետարանագիրների օգնությամբ փորձենք քննել Քրիստոսի միտքը։ Նախ տեսնենք, թե ինչն է ազդեցություն ունեցել Հիսուսի մտքերի ու զգացմունքների վրա։

Նրա մինչմարդկային գոյությունը

5, 6. ա) Ի՞նչ ազդեցություն կարող են մեզ վրա թողնել նրանք, ում հետ սովորաբար ընկերակցում ենք։ բ) Մինչ երկիր գալը Աստծո անդրանիկ Որդին ո՞ւմ հետ էր ընկերակցել երկնքում, և այդ ընկերակցությունն ինչպիսի՞ ազդեցություն էր թողել իր վրա։

5 Սերտ ընկերակցությունները, սովորաբար, որոշակի ազդեցություն են թողնում մարդկանց գործելակերպի, զգացմունքների և մտածողության վրա՝ լինի դա դրական, թե՝ բացասականa (Առակաց 13։20)։ Ուշադրություն դարձնենք, թե մինչ երկիր գալը Հիսուսն ինչ ընկերակցություններ է ունեցել երկնքում։ Հովհաննեսի ավետարանը ուշադրություն է հրավիրում Հիսուսի մինչմարդկային գոյության ժամանակաշրջանի վրա, երբ նա Աստծո Խոսքն էր, նրա Խոսնակը։ Հովհաննեսը գրում է. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ Նա սկզբից Աստծու մօտ էր» (Յովհաննէս 1։1, 2)։ Քանի որ Եհովան սկիզբ չի ունեցել, ապա «սկզբից» բառը պետք է որ վերաբերի Աստծո ստեղծագործական աշխատանքի սկզբին (Սաղմոս 90։2)։ Հիսուսը «անդրանիկ[ն է] բոլոր արարածների»։ Ուստի նա գոյություն է ունեցել նախքան մնացած ոգեղեն արարածների և ֆիզիկական աշխարհի արարումը (Կողոսացիս 1։15; Յայտնութիւն 3։14)։

6 Որոշ գիտական հաշվարկների համաձայն՝ տիեզերքը գոյություն ունի առնվազն տասներկու միլիարդ տարի։ Եթե այդ հաշվարկները որոշ չափով մոտ են ճշմարտությանը, ապա Աստծո անդրանիկ Որդին, մինչև Ադամի ստեղծվելը, միլիարդավոր տարիներ Հոր հետ սերտ ընկերակցություն է վայելել (համեմատեք Միքիա 5։2)։ Այդ ամբողջ ժամանակի ընթացքում ջերմ ու խորը կապ է հաստատվել նրանց միջև։ Այս անդրանիկ Որդին՝ անձնավորված իմաստությունը, մինչև իր մարդ ծնվելը, այսպես է իրեն ներկայացնում հետևյալ խոսքերում. «Նորա [Եհովայի] ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ» (Առակաց 8։30)։ Ինչ խոսք, սիրո Աղբյուրի հետ անթիվ–անհամար դարերի սերտ ընկերակցությունը անհետևանք չէր անցել, այլ խորը ազդեցություն էր թողել Աստծո Որդու վրա (Ա Յովհաննէս 4։8)։ Ոչ ոք չէր կարող այնպես լավ ծանոթ լինել Հոր մտքերին, զգացումներին ու ճանապարհներին և արտացոլել այդ ամենը, ինչպես որ այս Որդին (Մատթէոս 11։27)։

Հիսուսի երկրային կյանքը և պայմանները

7. Ո՞րն է Աստծո անդրանիկ Որդու երկիր գալու պատճառներից մեկը։

7 Աստծո Որդին դեռ շատ բաներ ուներ սովորելու, քանի որ Եհովայի նպատակն էր, որ նա կարեկից քահանայապետ դառնար, կարող՝ ‘չարչարակից լինելու մեր տկարությանը’ (Եբրայեցիս 4։15)։ Որդու երկիր գալու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որպեսզի նա համապատասխաներ այդ պարտականությունը կրելու պահանջներին։ Ծնվելով որպես մարդ՝ մսից ու արյունից բաղկացած, Հիսուսը երկրի վրա այնպիսի հանգամանքների և պայմանների ներքո ապրեց, որոնց ընդամենը ականատեսն էր եղել երկնքից։ Այժմ նա ի վիճակի էր մարդկային զգացումներ, հույզեր դրսևորելու։ Պատահում էր, որ երբեմն նա հոգնածություն էր զգում, սով ու ծարավ (Մատթէոս 4։2; Յովհաննէս 4։6—8)։ Դեռ ավելին, նա անցավ ամեն տեսակի փորձությունների ու տառապանքների միջով՝ այդպիսով ‘հնազանդություն սովորելով’ և լիովին համապատասխանելով Քահանայապետի դերին (Եբրայեցիս 5։8—10)։

8. Ի՞նչ գիտենք երկրի վրա Հիսուսի անցկացրած մանկության տարիների մասին։

8 Իսկ ի՞նչ կարելի է ասել երկրի վրա Հիսուսի անցկացրած մանկության տարիների մասին։ Այդ մասին Աստվածաշունչը շատ քիչ տեղեկություն է մեզ տալիս։ Միայն Մատթեոսն ու Ղուկասն են գրանցել նրա ծննդյանը վերաբերող դեպքերը։ Ավետարանագիրները գիտեին, որ երկիր գալուց առաջ Հիսուսն ապրել էր երկնքում, և որպես մարդ նրա ինչպիսի անձնավորություն դառնալը գլխավորապես բացատրվում էր նրա մինչմարդկային գոյությամբ։ Սակայն Հիսուսը մարդ էր ու թեև՝ կատարյալ, բայց բոլորի նման ինքն էլ պետք է մեծանար, մանկությունից անցներ պատանեկության և այնուհետև՝ չափահասության՝ այդ ողջ ընթացքում չդադարելով սովորել (Ղուկաս 2։51, 52)։ Աստվածաշնչում Հիսուսի մանկությունից որոշակի դեպքեր են պատմվում, որոնք, անկասկած, ինչ–որ չափով ազդեցություն են թողել նրա վրա։

9. ա) Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ Հիսուսը ծնվել է չքավոր ընտանիքում։ բ) Ամենայն հավանականությամբ, Հիսուսն ի՞նչ պայմաններում է հասակ առել։

9 Ակներևաբար, Հիսուսը ծնվել էր չքավոր ընտանիքում։ Դա է վկայում նրա ծննդից քառասուն օր անց Հովսեփի ու Մարիամի տաճար բերած զոհաբերությունը։ Ողջակեզի համար մատղաշ գառ և մեղքի պատարագի համար մի աղավնի կամ տատրակ բերելու փոխարեն՝ նրանք կամ «մի զոյգ տատրակ» կամ էլ «աղաւնու երկու ձագ» բերեցին (Ղուկաս 2։24)։ Մովսիսական օրենքով այդ կարգի զոհաբերությունները աղքատների համար էին սահմանված (Ղեւտացոց 12։6—8)։ Ժամանակի ընթացքում այս համեստ ընտանիքը բազմացավ։ Հիսուսի հրաշքով ծնվելուց հետո Հովսեփն ու Մարիամը ամենաքիչը վեց երեխա ունեցան (Մատթէոս 13։55, 56)։ Ուստի, Հիսուսը մեծացավ բազմանդամ ընտանիքում և, ամենայն հավանականությամբ, համեստ պայմաններում։

10. Ինչի՞ց է երևում, որ Մարիամն ու Հովսեփը աստվածավախ մարդիկ էին։

10 Հիսուսին մեծացրին նրա մասին հոգ տանող և աստվածավախ ծնողներ։ Մայրը՝ Մարիամը, բացառիկ կին էր։ Հիշենք, որ Գաբրիել հրեշտակը նրան ողջունելիս ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է» (Ղուկաս 1։28)։ Հովսեփը նույնպես բարեպաշտ մարդ էր։ Ամեն տարի նա 150 կմ ճանապարհ էր անցնում մինչև Երուսաղեմ՝ որպեսզի ներկա գտնվի Պասեքի տոնին։ Նրա հետ էր նաև Մարիամը, թեպետ տոնին ներկա գտնվելը պարտադիր էր միայն տղամարդկանց համար (Ելից 23։17; Ղուկաս 2։41)։ Այդպիսի մի ճանապարհորդության ժամանակ Հովսեփն ու Մարիամը Հիսուսին երկար փնտրելուց հետո գտնում են նրան տաճարում՝ ուսուցիչների հետ նստած։ Անհանգստացած ծնողներին Հիսուսն ասում է. «Չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ» (Ղուկաս 2։49)։ «Հայր» բառը պետք է որ շատ ջերմ ու դրական հնչեր Հիսուսի համար։ Առաջին հերթին այն պատճառով, որ, հավանաբար, նրան ասած կլինեին, որ իր իսկական Հայրը Եհովան է։ Երկրորդ՝ Հովսեփը պետք է որ բարի հայր լիներ. վստահաբար, Եհովան իր սիրելի Որդուն մեծացնելու համար չէր ընտրի դաժան ու բիրտ ինչ–որ մեկի։

11. Ի՞նչ արհեստի էր տիրապետում Հիսուսը, և աստվածաշնչյան ժամանակներում ինչի՞ հետ էր կապված այդ աշխատանքը։

11 Նազարեթում ապրած տարիների ընթացքում Հիսուսը ատաղձագործություն է սովորում հավանաբար իր խորթ հորից՝ Հովսեփից։ Հիսուսն այնպես էր տիրապետում իր արհեստին, որ նրա մասին խոսելիս նրան հյուսն էին անվանում (Մարկոս 6։3, ԱԹ)։ Աստվածաշնչյան ժամանակներում ատաղձագործները տներ էին կառուցում, կահույք (սեղան, աթոռակ, նստարան) և հողագործական գործիքներ պատրաստում։ Մ.թ. երկրորդ դարում իր՝ «Երկխոսություն Տրիփոյի հետ» («Dialogue With Trypho») աշխատությունում Հուստինոս Վկան Հիսուսի մասին հետևյալն է արձանագրել. «Նա սովորություն ուներ մարդկանց մեջ ատաղձագործություն անելու, գութան ու լուծ պատրաստելու»։ Նման աշխատանքը հեշտերից չէր, որովհետև հնում հյուսն վարպետները հազիվ թե կարողանային փայտ գնել։ Ավելի շուտ, նրանք իրենք էին ծառերը կտրում ու փայտը տուն բերում։ Ուստի, Հիսուսը հավանաբար գիտեր, թե ինչ է նշանակում ընդհանուր լեզու գտնել հաճախորդների հետ, ապրուստ հայթայթել և ծայրը ծայրին հասցնել։

12. Ինչի՞ց է երևում, որ Հովսեփը մահացել է, երբ Հիսուսը դեռ պատանի էր, և ի՞նչ է դա նշանակել Հիսուսի համար։

12 Որպես ավագ որդի՝ Հիսուսը հավանաբար օգնել է հոգալու ընտանիքի կարիքները, առավել ևս, երբ, ինչպես երևում է, Հովսեփը վաղաժամ մահ էր ունեցել։b «Սիոնի Դիտարանի» 1900 թ. հունվարի 1–ի համարում ասվում էր. «Ըստ ավանդության՝ Հովսեփը մահացել է, երբ Հիսուսը դեռ պատանի էր, և վերջինս դրանից հետո ինքն է սկսել զբաղվել ատաղձագործությամբ ու այդպիսով նեցուկ կանգնել ընտանիքին։ Այս տեղեկությանը լրացնում են Գրությունները, որտեղ Հիսուսը հիշատակվում է որպես հյուսն, և որտեղ հիշատակվում են նաև նրա մայրն ու եղբայրները, բայց ոչ՝ Հովսեփը (Մարկոս 6։3)։ ....Ուստի, լիովին հավանական է, որ այդ [Ղուկաս 2։41—49–ում արձանագրված] դեպքից հետո մինչև իր մկրտվելը, մեր Տերը տասնութ տարի անց է կացրել կյանքի առօրյա հոգսերը հոգալով»։ Մարիամն ու իր զավակները, այդ թվում նաև Հիսուսը, ըստ երևույթին, իրենց վրա զգացել են սիրելի ամուսնու ու հոր կորստի բերած ցավը։

13. Իր ծառայությունը սկսելիս Հիսուսին որտեղի՞ց այդքան գիտություն, հասկացողություն և զգացումների խորություն՝ հատկություններ, որոնք մարդկանցից ոչ ոք այդչափ չէր կարող ունենալ։

13 Հիսուսին հեշտ կյանք չէր սպասվում։ Նա ապրեց հասարակ ժողովրդի կյանքով, իսկ մ.թ. 29–ին վրա հասավ իր հանձնարարությունը կատարելու ժամանակը։ Նույն թվականի աշնանը Հիսուսը մկրտվեց ջրում և ծնվեց որպես Աստծո հոգևոր Որդի։ ‘Երկնքի բացվելը’ ակներևաբար, նշանակում էր, որ այսուհետև նա կարող էր վերհիշել երկնքում ապրած իր մինչմարդկային կյանքը և դրա հետ կապված իր մտքերն ու զգացումները (Ղուկաս 3։21, 22)։ Ուստի, իր ծառայությունը սկսելիս, Հիսուսն այնքան գիտություն, հասկացողություն և այն աստիճանի խորը զգացումներ ուներ, ինչպիսին մարդկանցից ոչ ոք չէր կարող ունենալ։ Իզուր չէ, որ ավետարանագիրները իրենց գրությունների մեծ մասը նվիրել են Հիսուսի ծառայությանը։ Իհարկե, նրանք չէին կարող գրի առնել նրա բոլոր ասածներն ու արածները (Յովհաննէս 21։25)։ Այնուամենայնիվ, ինչ էլ որ Աստծո ներշնչմամբ գրվել է, հնարավորություն է տալիս մեզ ըմբռնել երբևիցե ապրած մեծագույն մարդու միտքը։

Ինչպիսի անձնավորություն էր Հիսուսը

14. Ինչպե՞ս են Ավետարանները Հիսուսին նկարագրում որպես նուրբ, ջերմ և խորը զգացմունքներով օժտված մարդու։

14 Ավետարանների շնորհիվ մենք իմանում ենք, որ Հիսուսը նուրբ, ջերմ ու խորը զգացումների տեր մարդ է եղել։ Տարբեր առիթներով նրա տված արձագանքները ի հայտ բերեցին տարբեր հույզեր, օրինակ՝ գութ՝ բորոտությամբ տառապող հիվանդի հանդեպ (Մարկոս 1։40, 41), վիշտ՝ դեպի անտարբեր ժողովուրդը (Ղուկաս 19։41, 42), արդար վրդովմունք՝ ագահ դրամափոխների հանդեպ (Յովհաննէս 2։13—17)։ Հիսուսը կարեկից մարդ էր. նա կարող էր հուզվել ու արտասվել՝ չթաքցնելով զգացմունքները։ Երբ մահացել էր իր սիրելի բարեկամ Ղազարոսը, վերջինիս քրոջ՝ Մարիամի արցունքները տեսնելով՝ Հիսուսն այնքան էր ազդվել, որ ինքն էլ արտասվեց բոլոր ներկաների աչքի առաջ (Յովհաննէս 11։32—36)։

15. Ինչպե՞ս էին Հիսուսի նուրբ զգացումներն ի հայտ գալիս ուրիշների հանդեպ նրա դրսևորած վերաբերմունքից։

15 Հիսուսի նուրբ զգացումները հատկապես ի հայտ էին գալիս ուրիշների հանդեպ նրա դրսևորած վերաբերմունքից։ Նա օգնության ձեռք էր մեկնում աղքատներին ու հարստահարվողներին, որպեսզի ‘հանգիստ գտնեն իրենց համար’ (Մատթէոս 11։4, 5, 28—30)։ Նա այնքան զբաղված չէր, որ անտեսեր հիվանդություններից տանջվողներին՝ լիներ դա արյունահոսությամբ տառապող կինը, որը կամացուկ դիպավ նրա հագուստին, կամ էլ կույր մուրացկանը, որին չէին կարողանում լռեցնել (Մատթէոս 9։20—22; Մարկոս 10։46—52)։ Հիսուսը միշտ լավն էր փնտրում մարդկանց մեջ և գովում էր նրանց, բայց, միաժամանակ, անհրաժեշտության դեպքում նա պատրաստ էր հանդիմանելու (Մատթէոս 16։23; Յովհաննէս 1։47; 8։44)։ Այն ժամանակներում, երբ կանայք սահմանափակ իրավունքներ ունեին հասարակության մեջ, Հիսուսը արժանապատվության և հարգանքի հավասարակշռված զգացումով էր վերաբերվում նրանց (Յովհաննէս 4։9, 27)։ Հետևաբար հասկանալի է, թե ինչու էին մի խումբ կանայք պատրաստակամորեն ‘ծառայություն անում նրան իրենց ստացվածքից’ (Ղուկաս 8։3, ԱԹ)։

16. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը հավասարակշռված տեսակետ ուներ կյանքի ու նյութականի հանդեպ։

16 Հիսուսը հավասարակշռված տեսակետ ուներ կյանքի նկատմամբ։ Նյութականը գլխավոր տեղ չէր զբաղեցնում նրա կյանքում։ Ինչպես երևում է, նրա ունեցվածքը շատ չէր։ Մի առիթով նա ասաց, թե «տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթէոս 8։20)։ Բայց, միևնույն ժամանակ, Հիսուսը կարողանում էր ուրախացնել մարդկանց։ Մեկ անգամ նա ներկա գտնվեց մի հարսանեկան խնջույքի, որն, ինչպես ընդունված էր, ուղեկցվում էր երաժշտությամբ, երգերով ու զվարճությամբ, և պարզ է, որ նա չէր եկել բոլորի ուրախությունը փչացնելու համար։ Իրականում, հենց այնտեղ՝ հարսանքատանը Հիսուսը կատարեց իր առաջին հրաշքը։ Երբ գինին վերջացավ, նա հրաշքով ջուրն ընտիր գինի դարձրեց՝ ըմպելիք, որն «ուրախացնում է մարդի սիրտը» (Սաղմոս 104։15; Յովհաննէս 2։1—11)։ Այդ հրաշքի շնորհիվ տոնախմբությունը շարունակվեց, իսկ հարսն ու փեսան «ամոթով չմնացին» հյուրերի առաջ։ Նրա հավասարակշռված վերաբերմունքը հետագայում՝ իր երկար և ջանադիր ծառայության ընթացքում, ուրիշ շատ դեպքերում էլ ի հայտ եկավ (Յովհաննէս 4։34)։

17. Ինչո՞ւ զարմանալի չէ այն, որ Հիսուսը հմուտ Ուսուցիչ էր, և ի՞նչ էին բացահայտում նրա ուսմունքները։

17 Հիսուսը նաև հմուտ Ուսուցիչ էր։ Նրա ուսուցման մեծ մասը հիմնված էր առօրյա կյանքից վերցրած նրան քաջածանոթ օրինակների վրա (Մատթէոս 13։33; Ղուկաս 15։8)։ Ուսուցանելու մեջ նա իրեն նմանը չուներ, քանի որ իր ուսուցանելու կերպը պարզ էր, հասկանալի և ըստ էության։ Եվ շատ ավելի կարևոր էր, թե ինչ էր նա սովորեցնում։ Նրա ուսմունքները բացահայտում էին Եհովայի մտքերի, զգացումների ու ճանապարհների հետ ծանոթացնելու նրա անկեղծ ցանկությունը (Յովհաննէս 17։6—8)։

18, 19. ա) Ինչպիսի՞ կենդանի և խոսուն պատկերներով է Հիսուսը նկարագրել իր Հորը։ բ) Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։

18 Հաճախակի, օրինակների միջոցով Հիսուսն իր Հորը ներկայացնում էր կենդանի, խոսուն պատկերներով, որոնք մոռանալը դժվար կլիներ։ Մի բան է ընդհանուր բառերով խոսել Աստծո ողորմածության մասին, բայց միանգամայն այլ բան է Եհովային նմանեցնել այն ներողամիտ հորը, որը, տեսնելով իր վերադարձող որդուն, այն աստիճան է ազդվում, որ ‘նրան ընդառաջ է վազում, ընկնում նրա պարանոցով և համբուրում է նրան’ (Ղուկաս 15։11—24)։ Մերժելով այն կարծրացած սովորույթը, համաձայն որի կրոնական առաջնորդները վերևից էին նայում հասարակ ժողովրդին՝ Հիսուսը բացատրեց, որ իր Հայրը մատչելի Աստված է, որին ավելի հաճելի են խոնարհ մաքսավորի աղերսանքները, քան պարծենկոտ փարիսեցու ձևական աղոթքը (Ղուկաս 18։9—14)։ Հիսուսի խոսքերով Եհովան այն հոգատար Աստվածն է, որ տեղյակ է նույնիսկ փոքրիկ ճնճղուկի գետնին վայր ընկնելուց։ «Մի՛ վախեցէք,— իր աշակերտներին վստահեցրեց նա,— քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք» (Մատթէոս 10։29, 31)։ Ուստի հասկանալի է, թե ինչո՛ւ էր ժողովուրդը զարմանում նրա «վարդապետութեան վրայ» և մոտենում նրան (Մատթէոս 7։28, 29)։ Մի առիթով, բավականին ‘շատ ժողովուրդ’ երեք օր նրա կողքին անցկացրեց՝ այն դեպքում, երբ այդ մարդիկ անգամ ուտելու բան չունեին (Մարկոս 8։1, 2)։

19 Մենք երախտապարտ ենք, որ Եհովան իր Խոսքում ի հայտ է բերել «Քրիստոսի միտքը»։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է զարգացնել «Քրիստոսի միտքը» և այն դրսևորել մարդկանց հետ ունեցած մեր հարաբերություններում։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություններ]

a Այն, որ ընկերակցությունը կարող է ազդել նաև ոգեղեն արարածների վրա, երևում է Յայտնութիւն 12։3, 4 համարներից, որտեղ Սատանան պատկերված է որպես «վիշապ», որին հաջողվել է իր ազդեցության տակ վերցնել մյուս «աստղերին» կամ Աստծո ոգեղեն որդիներին և իրեն միացնել ապստամբության մեջ (համեմատեք Յոբ 38։7)։

b Հովսեփի անունը վերջին անգամ հիշատակվում է, երբ տասներկուամյա Հիսուսին գտնում են տաճարում։ Իսկ Կանայում տեղի ունեցած հարսանիքի առիթով, երբ Հիսուսը նոր էր սկսել իր ծառայությունը, Հովսեփի անունն արդեն չի հիշատակվում (Յովհաննէս 2։1—3)։ Մ.թ. 33–ին արդեն ցից բարձրացված Հիսուսը Մարիամին հանձնում է իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամքին։ Հավանաբար, Հիսուսն այդպես չէր վարվի, եթե Հովսեփը ողջ լիներ (Յովհաննէս 19։26, 27)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ է կարևոր ծանոթանալ «Քրիստոսի մտքի» հետ։

• Ո՞ւմ ընկերակցությունն էր Հիսուսը վայելել նախքան երկիր գալը։

• Երկրի վրա անցկացրած իր կյանքի ընթացքում ի՞նչ հանգամանքներ և պայմաններ էին ուղեկցել Հիսուսին։

• Ի՞նչ են Ավետարաններն ի հայտ բերում Հիսուսի անձի առանձնահատկությունների վերաբերյալ։

[նկար 5–րդ էջի վրա]

Հիսուսը հասակ է առել բազմանդամ ընտանիքում և, ամենայն հավանականությամբ, համեստ պայմաններում։

[նկարներ 6–րդ էջի վրա]

Վարդապետները զարմացած էին մնացել տասներկուամյա Հիսուսի տված պատասխաններից և նրա դրսևորած հասկացողությունից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը