Նրանք «հետևում են Գառանը»
«Սրանք են, որ հետևում էին Գառանը, ուր էլ որ նա գնար» (ՀԱՅՏՆ. 14։4)։
1. Հիսուսի ճշմարիտ աշակերտները ի՞նչ կարծիք ունեին նրան հետևելու մասին։
ՀԻՍՈՒՍԸ իր ծառայությունը սկսելուց մոտ երկուսուկես տարի անց «Կափառնայումում սովորեցնում էր հանրային հավաքույթի ժամանակ»։ Սակայն նրա աշակերտներից շատերը ասացին՝ «այս խոսքերը ցնցող են, ո՞վ կարող է դրանք լսել», ու «ետ դարձան իրենց նախկին գործերին և այլևս չէին շրջում նրա հետ»։ Երբ Հիսուսը 12 առաքյալներին հարցրեց, թե չեն ուզում արդյոք իրենք էլ հեռանալ, Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը, և մենք հավատացինք ու իմացանք, որ դո՛ւ ես Աստծու Սուրբը» (Հովհ. 6։48, 59, 60, 66–69)։ Հիսուսի ճշմարիտ աշակերտները չցանկացան լքել նրան։ Սուրբ ոգով օծվելուց հետո էլ նրանք շարունակեցին հետևել նրա առաջնորդությանը (Գործ. 16։7–10)։
2. ա) Ո՞վ է «հավատարիմ և իմաստուն ծառան», կամ՝ «հավատարիմ տնտեսը»։ բ) Ինչպե՞ս է ծառան գերազանց անուն ստեղծել՝ «հետևելով Գառանը»։
2 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի օծյալ քրիստոնյաների մասին։ Երբ Հիսուսը նկարագրեց իր «ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը», նա խոսեց նաև ոգով օծված, երկրի վրա եղող իր հետևորդների մասին՝ ներկայացնելով նրանց որպես մեկ խմբի, ու այդ խումբը անվանեց «հավատարիմ և իմաստուն ծառա», կամ՝ «հավատարիմ տնտես» (Մատթ. 24։3, 45; Ղուկ. 12։42)։ Ծառա դասակարգը գերազանց անուն է ստեղծել՝ «հետևելով Գառանը, ուր էլ որ նա գնա» (կարդա՛ Հայտնություն 14։4, 5)։ Օծյալ քրիստոնյաները շարունակում են հոգևոր առումով կույս մնալ, որովհետև չեն պղծվում «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության հավատալիքներով և սովորույթներով (Հայտն. 17։5)։ «Նրանց բերանում չի գտնվում» և ոչ մի սուտ ուսմունք։ Չլինելով Սատանայի աշխարհի մի մասը՝ նրանք «առանց արատի» են (Հովհ. 15։19)։ Երկրի վրա մնացած օծյալները ապագայում Գառան հետևից կգնան երկինք (Հովհ. 13։36)։
3. Ինչո՞ւ է կարևոր վստահել ծառա դասակարգին։
3 Հիսուսը հավատարիմ և իմաստուն ծառային նշանակել է «իր տնեցիների վրա», այսինքն՝ ծառա դասակարգի առանձին անդամների վրա, որպեսզի նրանք ճիշտ ժամանակին կերակուր ստանան։ Նա ծառային նշանակել է նաև «իր ողջ ունեցվածքի վրա» (Մատթ. 24։45–47)։ Այս ունեցվածքի մեջ մտնում է «ուրիշ ոչխարների» օրեցօր աճող «մեծ բազմությունը» (Հայտն. 7։9; Հովհ. 10։16)։ Չպե՞տք է արդյոք օծյալները և «ուրիշ ոչխարները» անհատապես վստահեն ծառային, որ նշանակված է իրենց վրա։ Մենք ծառա դասակարգին վստահելու բազմաթիվ պատճառներ ունենք։ Դրանցից երկուսը առավել ուշագրավ են՝ 1) Եհովան վստահում է ծառա դասակարգին, 2) Հիսուսը նույնպես վստահում է ծառային։ Եկեք քննենք, թե ինչ փաստեր կան, որ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը լիովին վստահում են հավատարիմ և իմաստուն ծառային։
Եհովան վստահում է ծառային
4. Ինչո՞ւ կարող ենք վստահել հավատարիմ և իմաստուն ծառայի տված հոգևոր կերակրին։
4 Տեսնենք, թե ինչի շնորհիվ է հավատարիմ և իմաստուն ծառան սննդարար հոգևոր կերակուր տալիս ճիշտ ժամանակին։ Եհովան ասում է. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղ. 32։8)։ Այս խոսքերից պարզ երևում է, որ Եհովան ծառային առաջնորդում է։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահել ծառային, որը բացատրում է սուրբգրային ճշմարտությունները, օգնում է խոր հասկացողություն ձեռք բերելու Աստվածաշնչից և առաջնորդում է մեզ Աստծու Խոսքի հիման վրա։
5. Ինչի՞ց է երևում, որ Աստծու ոգին ծառա դասակարգի վրա է։
5 Բացի առաջնորդությունից, Եհովան ծառա դասակարգին տալիս է նաև իր սուրբ ոգին։ Ճիշտ է, Աստծու ոգին անտեսանելի է, սակայն անտեսանելի չէ այն, ինչ սուրբ ոգին առաջ է բերում նրանց մեջ, ում վրա գործում է։ Անչափ տպավորիչ է, թե հավատարիմ և իմաստուն ծառան ինչ հաջողությունների է հասել Եհովա Աստծու, նրա Որդու և Թագավորության մասին համաշխարհային վկայություն տալու գործում։ Եհովայի երկրպագուները ակտիվորեն հռչակում են Թագավորության լուրը ավելի քան 230 երկրներում և կղզեխմբերում։ Մի՞թե սա անհերքելիորեն չի ապացուցում, որ Աստծու ոգին ծառայի վրա է (կարդա՛ Գործեր 1։8)։ Ծառա դասակարգը բազմաթիվ կարևոր որոշումներ է կայացնում, որպեսզի հոգևոր կերակուր պատրաստի և ճիշտ ժամանակին հասցնի Եհովայի ծառաներին, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Այդպիսի որոշումներ կայացնելիս և դրանք կյանքի կոչելիս ծառան առաջնորդվում է սիրով, մեղմությամբ և սուրբ ոգու պտղի մեջ մտնող մյուս հատկություններով (Գաղ. 5։22, 23)։
6, 7. Որքա՞ն է Եհովան վստահում հավատարիմ ծառային։
6 Որպեսզի պատկերացնենք, թե ինչքան շատ է Եհովան վստահում հավատարիմ և իմաստուն ծառային, խորհենք, թե ինչ է նա խոստացել ծառա դասակարգի անդամներին։ Պողոս առաքյալը գրեց. «Փողը կհնչի, և մահացածները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք, քանի որ այս ապականացուն պետք է անապականությունը հագնի, և այս մահկանացուն պետք է անմահությունը հագնի» (1 Կորնթ. 15։52, 53)։ Քրիստոսի օծյալ հետևորդները, ովքեր Աստծուն ծառայում են հավատարմորեն և մահանում են ապականացու մարմնով, հարություն առնելով, ստանում են մի բան, որը չունեն մյուս ոգեղեն էակները (որոնք ունեն հավիտենական կյանք)։ Նրանց տրվում է անմահություն՝ անվերջ և անկործանելի կյանք։ Բացի այդ, նրանք ստանում են անապականություն. նրանց տրվում է այնպիսի մարմին, որը չի քայքայվում և ակներևաբար ինքնապահպանվելու հատկություն ունի։ Հայտնություն 4։4–ում ասվում է, որ հարություն առած այս էակները նստած են գահերի վրա և իրենց գլուխներին ունեն ոսկե պսակներ։ Օծյալ քրիստոնյաներին արքայական փառք է սպասում։ Բայց կան ուրիշ ապացույցներ ևս, որ Աստված վստահում է օծյալներին։
7 Հայտնություն 19։7, 8–ում գրված է. «Գառան հարսանիքը եկավ, և նրա հարսը պատրաստեց ինքն իրեն։ Նրան թույլ տրվեց հագնել պայծառ, մաքուր, բարձրորակ կտավ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի արդար գործերն է խորհրդանշում»։ Եհովան իր Որդու համար որպես ապագա հարս ընտրել է օծյալ քրիստոնյաներին։ Անապականություն, անմահություն, թագավորական իշխանություն, ամուսնություն Գառան հետ. ինչպիսի՜ նվերներ են սրանք օծյալների համար։ Այս ամենը վառ ապացույցն է այն բանի, որ Աստված վստահում է օծյալներին, որոնք «հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա»։
Հիսուսը վստահում է ծառային
8. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ վստահում է իր օծյալ հետևորդներին։
8 Ի՞նչն է փաստում, որ Հիսուսը լիովին վստահում է իր օծյալ հետևորդներին։ Երկրային կյանքի վերջին գիշերը նա իր 11 հավատարիմ առաքյալներին խոստացավ. «Դուք եք, որ իմ փորձությունների մեջ միշտ ինձ հետ մնացիք, և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար, որ դուք իմ թագավորության մեջ ուտեք ու խմեք իմ սեղանից և գահերի վրա նստեք Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար» (Ղուկ. 22։28–30)։ Այս ուխտը, որ Հիսուսը կապեց 11 առաքյալների հետ, ներառելու էր 144 000–ի մյուս բոլոր անդամներին (Ղուկ. 12։32; Հայտն. 5։9, 10; 14։1)։ Մի՞թե Հիսուսը նման ուխտ կկնքեր այն մարդկանց հետ, ում չէր վստահում։
9. Ի՞նչ է մտնում Քրիստոսի «ողջ ունեցվածքի» մեջ։
9 Բացի դրանից, Հիսուս Քրիստոսը հավատարիմ և իմաստուն ծառային նշանակել է «իր ողջ ունեցվածքի վրա»։ Այդ ունեցվածքի մեջ մտնում է ցանկացած երկրային բան, որը կապ ունի Թագավորության հետ (Մատթ. 24։47)։ Դրանցից են՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերը, ամբողջ աշխարհում կառուցված Համաժողովների և Թագավորության սրահները, ինչպես նաև Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու համաշխարհային գործը։ Եթե չվստահես ինչ–որ մեկին, մի՞թե քո թանկարժեք իրերը կտաս նրան, որ պահի և օգտագործի։
10. Ի՞նչն է փաստում, որ Հիսուս Քրիստոսն իր օծյալ հետևորդների հետ է։
10 Երկինք բարձրանալուց կարճ ժամանակ առաջ հարություն առած Հիսուսը երևաց իր հավատարիմ աշակերտներին և խոստացավ. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթ. 28։20)։ Կատարե՞ց նա իր խոստումը։ 15 տարի առաջ Եհովայի վկաների ժողովների թիվը ամբողջ աշխարհում մոտ 70 000 էր. այսօր այդ թիվն անցնում է 100 000–ից։ Սա ավելի քան 40 տոկոս աճ է։ Իսկ որքանո՞վ է ավելացել աշակերտների թիվը։ Նշված ժամանակահատվածում մկրտվել է մոտ 4,5 միլիոն մարդ՝ օրական միջին հաշվով՝ ավելի քան 800։ Այս տպավորիչ աճը հստակ ցույց է տալիս, որ Քրիստոսը առաջնորդում է իր օծյալ հետևորդներին ժողովի հանդիպումներ անցկացնելու և աշակերտներ պատրաստելու գործում։
Ծառան հավատարիմ է և իմաստուն
11, 12. Ինչպե՞ս է ծառան փաստել իր հավատարմությունն ու իմաստությունը։
11 Եթե Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը լիովին վստահում են հավատարիմ և իմաստուն ծառային, ապա մի՞թե նույնը չպետք է մենք անենք։ Ինքը՝ ծառան, կատարելով իրեն հանձնարարված գործը, փաստել է իր հավատարմությունը։ Օրինակ՝ «Դիտարան» պարբերագիրը հրատարակվում է արդեն 130 տարի։ Մեր հանդիպումները և համաժողովները շարունակում են հոգևորապես զորացնել մեզ։
12 Հավատարիմ ծառան նաև իմաստուն է, որովհետև, լինելով համեստ, Եհովայից առաջ չի ընկնում և ոչ էլ հետ է մնում, երբ որևէ հարցի շուրջ նրա առաջնորդությունը հստակ է։ Այն դեպքում, երբ կեղծ կրոնական առաջնորդները լռելյայն հավանություն են տալիս մարդկանց եսասիրական, անաստված վարքին կամ էլ բացահայտորեն աչք են փակում դրա վրա, ծառան զգուշացնում է Սատանայի ամբարիշտ աշխարհի ծուղակների մասին։ Ծառան կարողանում է իմաստուն և ժամանակահարմար խորհուրդներ տալ, քանի որ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը օրհնում են նրան։ Տեսնում ենք, որ ծառան արժանի է մեր լիակատար վստահությանը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք նրան։
«Գնանք» օծյալների հետ, որովհետև նրանք հետևում են Գառանը
13. Ըստ Զաքարիայի մարգարեության՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք հավատարիմ և իմաստուն ծառային։
13 Աստվածաշնչի «Զաքարիա» գիրքը խոսում է «տասը մարդու» մասին, որոնք մոտենում են «մի Հրէայ մարդու» և ասում. «Գնանք ձեզ հետ» (կարդա՛ Զաքարիա 8։23)։ Քանի որ այդ մարդիկ «հրեա մարդուն» դիմում են՝ ասելով «ձեզ հետ», ուրեմն՝ նա մարդկանց խումբ է ներկայացնում։ Մեր ժամանակներում «հրեա մարդը» խորհրդանշում է ոգով օծված քրիստոնյաների մնացորդին՝ «Աստծու Իսրայելի» մի մասին (Գաղ. 6։16)։ «Ազգերի ամեն լեզուներից եղող տասը մարդիկ» ներկայացնում են ուրիշ ոչխարների մեծ բազմությունը։ Ճիշտ ինչպես որ օծյալ քրիստոնյաներն են հետևում Հիսուսին, ուր էլ որ նա գնում է, այնպես էլ մեծ բազմությունը «գնում» է հավատարիմ և իմաստուն ծառայի հետ։ Մեծ բազմության անդամները երբեք չպետք է ամաչեն, որ իրենք «երկնային կոչման մասնակիցների» ընկերակիցներն են (Եբր. 3։1)։ Հիսուսը ամոթ չէր համարում օծյալներին կոչել «եղբայրներ» (Եբր. 2։11)։
14. Ինչպե՞ս կարելի է օգնել Քրիստոսի եղբայրներին։
14 Հիսուս Քրիստոսը իր եղբայրներին ցույց տրված օգնությունը համարում է իրե՛ն ցույց տրված օգնություն (կարդա՛ Մատթեոս 25։40)։ Իսկ ինչպե՞ս կարող են երկրային հույս ունեցողներն օգնել Քրիստոսի օծյալ եղբայրներին։ Գլխավորապես՝ մասնակցելով Թագավորության քարոզչության գործին (Մատթ. 24։14; Հովհ. 14։12)։ Երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաների թիվը տասնամյակների ընթացքում նվազել է, մինչդեռ ուրիշ ոչխարների թիվը աճել է։ Երբ երկրային հույս ունեցողները մասնակցում են վկայության գործին՝ հնարավորության դեպքում ծառայելով լիաժամ, նրանք օժանդակում են օծյալներին, որ կատարեն իրենց տրված հանձնարարությունը, այն է՝ պատրաստել աշակերտներ (Մատթ. 28։19, 20)։ Պակաս կարևոր չէ նաև այս գործին ֆինանսապես աջակցելը, որն արվում է տարբեր կերպերով։
15. Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի ծառայի՝ ճիշտ ժամանակին տված հոգևոր կերակրին և կազմակերպական որոշումներին։
15 Ինչպե՞ս ենք մենք անհատապես վերաբերվում ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակրին, որ հավատարիմ ծառան մատակարարում է Աստվածաշնչի վրա հիմնված գրականության և քրիստոնեական հավաքույթների միջոցով։ Երախտագիտությա՞մբ ենք օգտվում այդ սննդից։ Պատրաստակամորեն կիրառո՞ւմ ենք մեր իմացածը։ Իսկ ինչպե՞ս ենք արձագանքում ծառայի կազմակերպական որոշումներին։ Հոժարակամորեն հնազանդվելով նրա առաջնորդությանը՝ ցույց կտանք, որ վստահում ենք Եհովայի սահմանած կարգին (Հակ. 3։17)։
16. Ինչո՞ւ բոլոր քրիստոնյաները պետք է լսեն Քրիստոսի եղբայրներին։
16 «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են ինձ»,— ասաց Հիսուսը (Հովհ. 10։27)։ Սա ճիշտ է օծյալ քրիստոնյաների առնչությամբ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր «գնում են» օծյալների հետ։ Նրանք պետք է լսեն Հիսուսին, ինչպես նաև նրա եղբայրներին։ Չէ՞ որ Աստծու ժողովրդի հոգևոր բարօրության մասին հոգալու գործը գլխավորապես նրանց է վստահված։ Իսկ ի՞նչ է նշանակում լսել Քրիստոսի եղբայրների ձայնին։
17. Ի՞նչ է նշանակում լսել ծառա դասակարգին։
17 Այսօր հավատարիմ և իմաստուն ծառային ներկայացնում է Կառավարիչ մարմինը, որը առաջնորդում է համաշխարհային քարոզչական գործը և նպաստում դրա իրականացմանը։ Կառավարիչ մարմնի անդամները փորձառու, ոգով օծված երեցներ են։ Մասնավորապես նրանց են վերաբերում հետևյալ խոսքերը. «նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» (Եբր. 13։7)։ Օծյալ վերակացուները հոգ են տանում 7 000 000–ից ավելի քարոզիչների մասին, որոնք ծառայում են աշխարհով մեկ սփռված ավելի քան 100 000 ժողովներում, ուստի նրանք «շատ բան ունեն անելու Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58)։ Լսել ծառա դասակարգին նշանակում է ամեն հարցում համագործակցել նրա Կառավարիչ մարմնի հետ։
Ծառային լսողները օրհնվում են
18, 19. ա) Ի՞նչ օրհնություններ են ստանում հավատարիմ և իմաստուն ծառային լսողները։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։
18 Իր նշանակման օրից ի վեր՝ հավատարիմ և իմաստուն ծառան «շատերին է արդարության առաջնորդել» (Դան. 12։3)։ Այդ «շատերի» թվում են նաև նրանք, ովքեր ներկա չար համակարգի կործանումից վերապրելու հույս ունեն։ Ի՜նչ մեծ օրհնություն է Աստծու աչքին արդար համարվելը։
19 Ծառայի ձայնին լսող մարդիկ ուրիշ օրհնություններ էլ կստանան, երբ «սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը [որ բաղկացած է 144 000 հոգուց] իջնի երկնքից՝ Աստծու մոտից՝ պատրաստված որպես հարս՝ իր փեսայի համար զարդարված»։ Աստվածաշունչն ասում է. «[Աստված] կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրա ժողովուրդը։ Եվ ինքը Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտն. 21։2–4)։ Ուստի եկեք ամեն ջանք անենք, որ լսենք Քրիստոսին և ոգով օծված նրա վստահարժան եղբայրներին։
Ի՞նչ սովորեցիք
• Ի՞նչն է փաստում, որ Եհովան վստահում է հավատարիմ և իմաստուն ծառային։
• Ինչի՞ց է երևում, որ Հիսուս Քրիստոսը լիովին վստահում է ծառա դասակարգին։
• Ինչո՞ւ է հավատարիմ տնտեսն արժանի մեր վստահությանը։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք ծառային։
[նկար 25–րդ էջի վրա]
Գիտե՞ս թե ում է Եհովան իր Որդու համար ապագա հարս ընտրել
[նկարներ 26–րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսը իր «ունեցվածքը» վստահել է հավատարիմ և իմաստուն ծառային
[նկար 27–րդ էջի վրա]
Վկայության գործին մասնակցելով՝ մենք աջակցում ենք օծյալներին