Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 1/15 էջ 21–25
  • Ահա՛ Եհովայի հավանած Ծառան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ահա՛ Եհովայի հավանած Ծառան
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է ծառան
  • Եհովան կրթում է իր Ծառային
  • Ծառան՝ երկրի վրա
  • «Լույս» և «Ուխտ»
  • Եհովան «բարձրացնում» է «Ծառային»
  • Եհովայի Ծառան «մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ»
    2009 Դիտարան
  • Մարգարեություններ Մեսիայի մասին
    2008 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 23. Եսայիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
2009 Դիտարան
w09 1/15 էջ 21–25

Ահա՛ Եհովայի հավանած Ծառան

«Ահա իմ ծառան.... որին հաւանել է իմ հոգին» (ԵՍ. 42։1)։

1. Ի՞նչ ենք ցանկանում անել, մինչ մոտենում է Հիշատակի երեկոն, և ինչո՞ւ։

ՔՐԻՍՏՈՍԻ մահվան Հիշատակի երեկոն մոտենում է, և մենք ցանկանում ենք հետևել Պողոս առաքյալի խորհրդին. նա ասաց, որ «մեր աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին՝ Հիսուսին», ապա ավելացրեց. «Ուստի խորությամբ մտածեք նրա մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին, որ մեղավոր էին՝ ի վնաս իրենց, որպեսզի չհոգնեք և ուժասպառ չլինեք ձեր հոգով» (Եբր. 12։2, 3)։ Խորությամբ մտածելով Քրիստոսի հավատարիմ ընթացքի շուրջ (որի ամենաակնառու դրսևորումը նրա տված փրկանքն էր)՝ թե՛ օծյալ քրիստոնյաները, թե՛ ուրիշ ոչխարները կկարողանան շարունակել հավատարմորեն ծառայել Եհովային և «ուժասպառ չեն լինի իրենց հոգով» (համեմատի՛ր Գաղատացիներ 6։9)։

2. Ինչո՞վ են օգտակար Աստծու Որդու մասին Եսայիայի գրած մարգարեությունները։

2 Եսայիան Եհովայի ներշնչանքով գրեց մի շարք մարգարեություններ, որոնք ուղղակիորեն կապ ունեն Աստծու Որդու հետ։ Այս մարգարեություններն օգնում են, որ «մեր աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին»՝ Հիսուս Քրիստոսինa։ Դրանք է՛լ ավելի են խորացնում մեր հասկացողությունը նրա անձնավորության, կրած տառապանքների, Թագավոր ու Փրկիչ դառնալու վերաբերյալ։ Այդ մարգարեությունների շնորհիվ ավելի լավ կհասկանանք Հիշատակի երեկոյի նշանակությունը, որն այս տարի նշվելու է ապրիլի 9–ին՝ հինգշաբթի օրը՝ մայրամուտից հետո։

Ո՞վ է ծառան

3, 4. ա) «Եսայիա» գրքում նշված «ծառա» բառը ո՞ւմ է վերաբերում։ բ) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, թե ով է Եսայիա 42–րդ, 49–րդ, 50–րդ, 52–րդ և 53–րդ գլուխներում հիշատակված ծառան։

3 «Ծառա» բառը «Եսայիա» գրքում բազմիցս է հանդիպում։ Այն երբեմն վերաբերում է հենց մարգարեին (Ես. 20։3; 44։26), իսկ որոշ դեպքերում՝ ամբողջ Իսրայել ազգին, կամ՝ Հակոբին (Ես. 41։8, 9; 44։1, 2, 21)։ Իսկ ո՞վ է այն ծառան, որի մասին խոսվում է Եսայիայի մարգարեության 42–րդ, 49–րդ, 50–րդ, 52–րդ և 53–րդ գլուխներում։ Քրիստոնեական Հունարեն Գրություններից ակնհայտորեն երևում է, թե ով է Եհովայի այդ ծառան։ Հետաքրքրական է, որ «Գործեր» գրքում հիշատակված եթովպացի պաշտոնյան կարդում էր հենց այդ մարգարեություններից մեկը, երբ Փիլիպպոս ավետարանիչը ոգու առաջնորդությամբ մոտեցավ նրան։ Պաշտոնյան Գրություններից կարդում էր այն խոսքերը, որոնք այսօր Եսայիա 53։7, 8 համարներն են։ Նա Փիլիպպոսին ասաց. «Աղաչում եմ քեզ, մարգարեն ո՞ւմ մասին է ասում սա. ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի»։ Փիլիպպոսը, առանց ժամանակ կորցնելու, բացատրեց, որ Եսայիան խոսում է Մեսիայի՝ Հիսուսի մասին (Գործ. 8։26–35)։

4 Երբ Հիսուսը դեռ նորածին էր, Սիմեոն անունով մի արդար մարդ սուրբ ոգու ազդեցության ներքո հայտարարեց, որ «Հիսուս երեխան» դառնալու է «լույս՝ ազգերից քողը հեռացնելու համար»։ Այս մասին կանխագուշակվել էր Եսայիա 42։6 և 49։6 համարներում (Ղուկ. 2։20–32)։ Իսկ Եսայիա 50։6–9-ում մարգարեացվել էր, որ Քրիստոսը իր դատավարության գիշերը արժանանալու է ստորացուցիչ վերաբերմունքի (Մատթ. 26։67; Ղուկ. 22։63)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեից հետո Պետրոս առաքյալը հստակորեն ասաց, որ Հիսուսն է Եհովայի «Ծառան» (Ես. 52։13; 53։11; կարդա՛ Գործեր 3։13, 26)։ Ի՞նչ կարող ենք սովորել Մեսիայի մասին այս մարգարեություններից։

Եհովան կրթում է իր Ծառային

5. Ի՞նչ կրթություն էր ստացել Ծառան։

5 Աստծու Ծառայի մասին Եսայիայի գրած մարգարեություններից մեկը ցույց է տալիս, որ Եհովայի ու նրա միածին Որդու փոխհարաբերությունները Որդու մինչմարդկային գոյության ընթացքում շատ մտերիմ են եղել (կարդա՛ Եսայիա 50։4–9)։ Ծառան ինքն է ասում, որ Եհովան շարունակաբար կրթում է իրեն. «Նա զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս» (Ես. 50։4)։ Այդ ամբողջ ժամանակ Եհովայի Ծառան լսում էր իր Հորը և սովորում նրանից։ Նա հնազանդ աշակերտ էր։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում՝ կրթվելու անձամբ տիեզերքի Արարչի կողմից։

6. Ինչի՞ց է երևում, որ Ծառան լիովին հնազանդվում էր իր Հորը։

6 Այս մարգարեությունում Ծառան իր Հորը՝ Եհովային, անվանում է «Գերիշխան Տեր» (ՆԱ)։ Սա ցույց է տալիս, որ Ծառան հասկանում և ընդունում էր այն հիմնարար ճշմարտությունը, որ Եհովան տիեզերքի Գերիշխանն է։ Նա ասում է. «Տէր [«Գերիշխան Տեր», ՆԱ] Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չ’հակառակեցի՝ ետ չ’դարձայ» (Ես. 50։5)։ Այս խոսքերից երևում է, որ նա լիովին հնազանդվում էր իր Հորը։ Տիեզերքի ու մարդու արարման ժամանակ Որդին «[Եհովայի] կշտին ճարտարապետ է եղել»։ «Ճարտարապետը» «զվարճանում էր Եհովայի առաջ ամեն ժամանակ, ուրախանում էր նրա երկրի աշխարհում, և նրա զվարճությունը մարդկանց որդիների հետ էր» (Առակ. 8։22–31)։

7. Ինչի՞ց է երևում, որ Ծառան վստահ էր, որ իր Հայրը աջակցում է իրեն փորձությունների ժամանակ։

7 Իր ստացած կրթությունը, ինչպես նաև սերը մարդկանց հանդեպ օգտակար եղան Ծառայի համար, երբ նա եկավ երկիր ու բախվեց մեծ հակառակության։ Հիսուսը շարունակեց ուրախությամբ կատարել իր Հոր կամքը նույնիսկ դաժան հալածանքի ներքո (Սաղ. 40։8, ՆԱ; Մատթ. 26։42; Հովհ. 6։38)։ Բոլոր փորձությունների ժամանակ նա վստահ էր, որ իր Հայրը հավանում և աջակցում է իրեն։ Ինչպեսև կանխագուշակված էր Եսայիայի մարգարեությունում, Հիսուսը կարող էր ասել. «Ինձ արդարացնողը մօտ է. ո՞վ է ինձ հետ վիճում.... Ահա Տէր Եհովան օգնում է ինձ» (Ես. 50։8, 9)։ Եհովան, անշուշտ, օգնեց իր հավատարիմ Ծառային նրա երկրային ծառայության ընթացքում։ Այս մասին գրված է Եսայիայի մեկ ուրիշ մարգարեությունում։

Ծառան՝ երկրի վրա

8. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն է Եհովայի «ընտրածը», ում մասին կանխագուշակվել էր Եսայիա 42։1–ում։

8 Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը մ.թ. 29–ին մկրտվեց։ «Սուրբ ոգին.... իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»» (Ղուկ. 3։21, 22)։ Այդպես Եհովան հստակ ցույց տվեց, թե ով է իր «ընտրածը», որի մասին գրել էր Եսայիան (կարդա՛ Եսայիա 42։1–7)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ուշագրավ կերպով կատարեց այս մարգարեությունը։ Մատթեոս ավետարանագիրը մեջբերեց Հիսուսին վերաբերող այն խոսքերը, որոնք գրված են Եսայիա 42։1–4 համարներում (Մատթ. 12։15–21)։

9, 10. ա) Ինչպե՞ս Հիսուսը կատարեց Եսայիա 42։3–ում գրված մարգարեությունը իր ծառայության ընթացքում։ բ) Ինչպե՞ս Հիսուսը «իրավունքը դուրս բերեց», երբ երկրի վրա էր։ Ե՞րբ է նա «հաստատելու իրավունքը երկրի վրա»։

9 Հրեա կրոնական առաջնորդները արհամարհում էին հասարակ ժողովրդին (Հովհ. 7։47–49)։ Մարդիկ դաժան վերաբերմունքի էին արժանանում, այդ պատճառով էլ նրանք մարգարեությունում համեմատվում են «ջախջախված եղեգի» և «առկայծող պատրույգի» հետ։ Ի տարբերություն այդ առաջնորդների՝ Հիսուսը կարեկցում էր աղքատներին և զրկվածներին (Մատթ. 9։35, 36)։ Աստծու Որդին նրանց սիրալիր հրավեր տվեց. «Ինձ մոտ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ» (Մատթ. 11։28)։ Բացի այդ, Հիսուսը «իրավունքը [արդարությունը] դուրս բերեց», այսինքն՝ մարդկանց սովորեցրեց ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշները (Ես. 42։3)։ Քրիստոսը նաև ցույց տվեց, որ Աստծու Օրենքը պահելիս չպետք է մոռանալ ողջամտության և ողորմության մասին (Մատթ. 23։23)։ Ի լրումն այս ամենի՝ նա արդար էր և կանխակալ կարծիք չուներ մարդկանց մասին, ուստի քարոզում էր թե՛ հարուստներին, թե՛ աղքատներին (Մատթ. 11։5; Ղուկ. 18։18–23)։

10 Նաև, ըստ Եսայիայի մարգարեության՝ Եհովայի «ընտրածը» «հաստատելու է իրավունքը երկրի վրա» (Ես. 42։4)։ Հիսուսը դա անելու է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ որպես Մեսիական Թագավորության Թագավոր՝ ջախջախի բոլոր թագավորությունները և դրանք փոխարինի իր արդար իշխանությամբ։ Նա մի նոր աշխարհ է բերելու, որտեղ «արդարություն պիտի բնակվի» (2 Պետ. 3։13; Դան. 2։44)։

«Լույս» և «Ուխտ»

11. Ի՞նչ իմաստով էր Հիսուսը «ազգերի լույս» առաջին դարում, և ի՞նչ իմաստով է նա այդպիսին մեր օրերում։

11 Ի կատարում Եսայիա 42։6–ի՝ Հիսուսն իսկապես դարձավ «ազգերի լույս»։ Երկրային ծառայության ընթացքում նա հոգևոր լույս բերեց գլխավորապես հրեաներին (Մատթ. 15։24; Գործ. 3։26)։ Բայց Հիսուսն ասաց, որ ինքը աշխարհի՛ լույսն է (Հովհ. 8։12)։ Նա հոգևոր առումով լուսավորեց թե՛ հրեաներին, թե՛ մյուս ազգերին։ Հիսուսը նրանց համար լույս եղավ նաև նրանով, որ իր կատարյալ կյանքը տվեց որպես փրկանք բոլոր մարդկանց համար (Մատթ. 20։28)։ Հարություն առնելուց հետո նա իր աշակերտներին հանձնարարեց լինել իր վկաները «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8)։ Պողոսը և Բառնաբասը ծառայության ժամանակ մեջբերեցին «ազգերի լույս» արտահայտությունը և այն կապեցին ոչ հրեաներին քարոզելու գործի հետ (Գործ. 13։46–48, համեմատի՛ր Եսայիա 49։6)։ Այս գործն այսօր էլ է կատարվում. Հիսուսի օծյալ եղբայրները և նրանց ուղեկիցները հոգևոր լույսը սփռում են ամենուր և օգնում են մարդկանց հավատ ընծայելու Հիսուսին՝ «ազգերի լույսին»։

12. Ինչպե՞ս Եհովան իր Ծառային «ժողովրդի ուխտ շինեց»։

12 Այդ նույն մարգարեության մեջ Եհովան իր ընտրած Ծառային ասում է. «Քեզ պաշտպանում [եմ], եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ» (Ես. 42։6)։ Սատանան համառորեն փորձեց սպանել Հիսուսին և թույլ չտալ նրան ավարտելու իր ծառայությունը երկրի վրա, բայց Եհովան պաշտպանեց նրան այնքան ժամանակ, մինչև որ եկավ նշանակված ժամանակը, որ նրա Որդին մահանա (Մատթ. 2։13; Հովհ. 7։30)։ Հետո Եհովան հարություն տվեց Հիսուսին և նրան «ուխտ շինեց» մարդկանց համար, այսինքն՝ խոստում տվեց նրանց։ Այդ խոստումը հավաստիացնում էր, որ Աստծու հավատարիմ Ծառան շարունակելու է «ազգերի լույս» լինել՝ ազատելով նրանց հոգևոր խավարից (կարդա՛ Եսայիա 49։8, 9)b։

13. Ինչպե՞ս Հիսուսն ազատեց «խաւարի տանը նստողներին», երբ ծառայում էր երկրի վրա, և ինչպե՞ս է նա շարունակում դա անել այսօր։

13 Այդ խոստման համաձայն՝ Եհովայի ընտրած Ծառան «կոյրերի աչքերը բանալու» էր, «բանտարկեալներին բանտից հանելու» էր և «խաւարի տանը նստողներին» ազատելու էր (Ես. 42։7)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը կատարեց այս մարգարեությունը՝ մերկացնելով կեղծ կրոնական ավանդույթները և քարոզելով Թագավորության բարի լուրը (Մատթ. 15։3; Ղուկ. 8։1)։ Շատ հրեաներ ազատվեցին հոգևոր գերությունից և դարձան նրա աշակերտները (Հովհ. 8։31, 32)։ Հիսուսը հոգևոր ազատություն բերեց նաև միլիոնավոր ոչ հրեաների։ Նա իր հետևորդներին հանձնարարեց «գնալ և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ դարձնել» և խոստացավ, որ նրանց հետ կլինի «մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Իր երկնային դիրքից Քրիստոսն այսօր վերահսկում է համաշխարհային քարոզչական գործը։

Եհովան «բարձրացնում» է «Ծառային»

14, 15. Ինչո՞ւ և ինչպե՞ս Եհովան բարձրացրեց իր Ծառային։

14 Ծառայի մասին մեկ ուրիշ մարգարեության մեջ Եհովան ասում է. «Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի» (Ես. 52։13)։ Քանի որ Հիսուսը կատարելապես հնազանդվեց իր Հոր գերիշխանությանը և հավատարիմ մնաց ամենածանր փորձության ժամանակ, Եհովան բարձրացրեց նրան։

15 Պետրոս առաքյալը Հիսուսի մասին գրեց. «Նա Աստծու աջ կողմում է, որովհետև գնաց երկինք, և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին» (1 Պետ. 3։22)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա։ Եվ հենց այդ պատճառով էլ Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ թե՛ երկնքում լինողների, թե՛ երկրի վրա լինողների և թե՛ գետնի տակ լինողների, և ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար» (Փիլիպ. 2։8–11)։

16. Ինչպե՞ս Հիսուսը «շատ փառավորվեց» 1914 թ.–ին, և ի՞նչ է նա անում այդ ժամանակվանից ի վեր։

16 1914 թ.–ին Եհովան ավելի բարձրացրեց Հիսուսին։ Նրա Որդին «շատ փառավորվեց», երբ նշանակվեց Մեսիական Թագավորության Թագավոր (Սաղ. 2։6; Դան. 7։13, 14)։ Այդ ժամանակվանից՝ Քրիստոսը «տիրապետում է իր թշնամիների մեջ» (Սաղ. 110։2)։ Նախ նա «տիրապետեց» Սատանային ու նրա դևերին՝ նրանց ցած գցելով երկրի մերձակայքը (Հայտն. 12։7–12)։ Հետո որպես Մեծ Կյուրոս՝ Հիսուսը երկրի վրա գտնվող իր օծյալ եղբայրների մնացորդին ազատեց «Մեծ Բաբելոնի կապանքներից» (Հայտն. 18։2; Ես. 44։28)։ Նա գլխավորում է համաշխարհային քարոզչական գործը, որի շնորհիվ հավաքվում են «մնացած» հոգևոր եղբայրները և միլիոնավոր «ուրիշ ոչխարները»՝ «փոքր հոտի» հավատարիմ ուղեկիցները (Հայտն. 12։17; Հովհ. 10։16; Ղուկ. 12։32)։

17. Ի՞նչ սովորեցինք՝ ուսումնասիրելով «ծառայի» վերաբերյալ Եսայիայի գրած մարգարեությունները։

17 «Եսայիա» գրքի այս նշանակալից մարգարեությունների ուսումնասիրությունը, անկասկած, ավելացրեց մեր հասկացողությունը և գնահատանքը մեր Թագավոր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այն, որ նա հնազանդ մնաց իր Հորը, ցույց է տալիս, թե ինչպիսի կրթություն էր ստացել նրա կողմից նախքան երկիր գալը։ Հիսուսի ծառայությունը, ինչպես նաև այն, որ նա այսօր էլ վերահսկում է քարոզչական գործը, ցույց են տալիս, որ նա «ազգերի լույսն» է։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, Ծառայի վերաբերյալ մեկ այլ մարգարեություն խոսում է այն մասին, որ նա չարչարվելու է և իր կյանքը տալու է մեզ համար, բաներ, որոնց մասին պետք է «խորությամբ մտածենք», մինչ մոտենում է Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն (Եբր. 12։2, 3)։

[ծանոթագրություններ]

a Այդ մարգարեությունները գրված են Եսայիա 42։1–7; 49։1–12; 50։4–9 և 52։13–53։12 համարներում։

b Եսայիա 49։1–12-ում գրված մարգարեության բացատրությունը տե՛ս «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի 2–րդ հատորում (էջ 136–145, ռուս.)։

Կրկնենք

• Ո՞վ է Եսայիայի մարգարեություններում հիշատակված «ծառան», և որտեղի՞ց դա գիտենք։

• Ի՞նչ կրթություն էր Ծառան ստացել Եհովայից։

• Ինչպե՞ս է Հիսուսը «ազգերի լույս»։

• Ինչպե՞ս Ծառան փառավորվեց։

[նկար 21–րդ էջի վրա]

Փիլիպպոսը հստակորեն նշեց, որ Եսայիայի հիշատակած «ծառան» Հիսուսն է՝ Մեսիան

[նկար 23–րդ էջի վրա]

Լինելով Եհովայի ընտրած Ծառան՝ Հիսուսը կարեկցեց աղքատներին և զրկվածներին

[նկար 24–րդ էջի վրա]

Եհովան Հիսուսին փառավորեց և Մեսիական Թագավորության Թագավոր նշանակեց

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը