Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 123 էջ 282–էջ 283 պարբ. 1
  • Խորապես տրտմած աղոթում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խորապես տրտմած աղոթում է
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Տառապանքներ պարտեզում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը
    1999 Դիտարան
  • Առաքյալներին պատրաստում է իր հեռանալուն
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • «Հասել է իր ժամը»
    2000 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 123 էջ 282–էջ 283 պարբ. 1
Հիսուսը աղոթում է Գեթսեմանի պարտեզում, իսկ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը քնած են

ԳԼՈՒԽ 123

Խորապես տրտմած աղոթում է

ՄԱՏԹԵՈՍ 26։30, 36–46 ՄԱՐԿՈՍ 14։26, 32–42 ՂՈՒԿԱՍ 22։39–46 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։1

  • ՀԻՍՈՒՍԸ ԳԵԹՍԵՄԱՆԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

  • ՆՐԱ ՔՐՏԻՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐԻ ՊԵՍ

Երբ Հիսուսն ավարտում է իր աղոթքը, նա և իր աշակերտները «գովաբանության երգեր են երգում»։ Հետո նրանք «գնում են դեպի Ձիթենյաց լեռը» (Մարկոս 14։26)։ Նրանք գնում են դեպի այն պարտեզը, որը կոչվում է Գեթսեմանի, որտեղ Հիսուսը հաճախ էր լինում։

Երբ նրանք հասնում են ձիթենիների այս գեղեցիկ այգին, Հիսուսը իր առաքյալներից ութին ասում է. «Նստեք այստեղ, իսկ ես գնամ ու այնտեղ աղոթք անեմ»։ Հավանաբար, ութ առաքյալները մնում են պարտեզի մուտքի մոտ։ Հիսուսը վերցնում է մյուս երեք առաքյալներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, ու գնում է պարտեզի խորքը։ Նա շատ անհանգիստ է, ուստի ասում է նրանց. «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք» (Մատթեոս 26։36–38)։

Նրանցից մի փոքր հեռանալով՝ Հիսուսը «երեսնիվայր ընկնում է ու սկսում է աղոթել»։ Այս տագնապալի պահին ինչի՞ մասին է խնդրում Հիսուսը իր Հորը։ Նա աղոթում է. «Հա՛յր, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում» (Մարկոս 14։35, 36)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։ Արդյոք նա հրաժարվո՞ւմ է որպես Փրկիչ իր դերը կատարելուց։ Ամենևի՛ն։

Երկնքում եղած ժամանակ Հիսուսը տեսել է, թե ինչպիսի սարսափելի տանջանքներ են կրել նրանք, ովքեր հռոմեացիների կողմից մահվան են մատնվել։ Այժմ Հիսուսը՝ որպես մարդ, ապրում է երկրի վրա, ունի նույն զգացումները, ինչ մյուս մարդիկ, և կարող է ցավ զգալ, ուստի նա ամենևին էլ ուրախ չէ, որ նման տանջանքներ պետք է կրի։ Բայց նրան խորապես անհանգստացնում է ավելի կարևոր մի բան. իր Հոր անվան վրա կարող է նախատինք բերել այն, որ ինքը մահանալու է իբրև հանցագործ։ Մի քանի ժամից նրան ցցին կգամեն որպես Աստծուն հայհոյող։

Աղոթելուց հետո Հիսուսը վերադառնում է իր աշակերտների մոտ և տեսնում է, որ նրանք քնով են անցել։ Նա ասում է Պետրոսին. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Սակայն Հիսուսը հասկանում է, որ նրանք լարված են, ու ժամն էլ արդեն շատ ուշ է։ Ուստի ասում է. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթեոս 26։40, 41)։

Հետո Հիսուսը նորից է հեռանում և աղոթում Աստծուն, որ նա հեռացնի իրենից «այդ բաժակը»։ Վերադառնալով Հիսուսը տեսնում է, որ առաքյալները նորից քնած են, մինչդեռ նրանք պետք է աղոթեին, որ փորձության մեջ չընկնեին։ Երբ նա խոսում է նրանց հետ, նրանք չեն իմանում, «թե ինչ պատասխանեն նրան» (Մարկոս 14։40)։ Այնուհետև Հիսուսը երրորդ անգամ է հեռանում, ծնկի է գալիս ու աղոթում։

Հիսուսը խիստ մտահոգված է այն բանով, որ իր նվաստացուցիչ մահը նախատինք կբերի իր Հոր անվան վրա։ Եհովան լսում է իր Որդու աղոթքը և մի հրեշտակ է ուղարկում, որ զորացնի նրան։ Այդուհանդերձ, Հիսուսը շարունակում է աղոթել իր Հորը, նույնիսկ «ավելի ջերմեռանդորեն է աղոթում»։ Հիսուսը խիստ լարված ու տագնապալի վիճակում է։ Նրա ուսերին պատասխանատվության մեծ բեռ է դրված։ Վտանգի տակ է թե՛ իր, թե՛ հավատ դրսևորող մարդկանց հավիտենական կյանքը։ Այդ ժամանակ նրա «քրտինքը արյան կաթիլների պես է դառնում, որ գետին են թափվում» (Ղուկաս 22։44)։

Երբ Հիսուսը երրորդ անգամ է վերադառնում առաքյալների մոտ, նորից նրանց քնած է գտնում։ Հիսուսն ասում է. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում և հանգստանո՞ւմ եք։ Ժամը հասել է, որ մարդու Որդին մատնվի մեղավորների ձեռքը։ Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցել է ինձ մատնողը» (Մատթեոս 26։45, 46)։

ՆՐԱ ՔՐՏԻՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐԻ ՊԵՍ

Ղուկասը, որը բժիշկ էր, չի բացատրում, թե ինչպես է Հիսուսի «քրտինքը արյան կաթիլների պես դառնում» (Ղուկաս 22։44)։ Հնարավոր է՝ Ղուկասը պատկերավոր լեզվով նկարագրում է, որ Հիսուսի վրայից քրտինքը թափվում էր այնպես, ինչպես արյան կաթիլները՝ վերքից։ Մեկ այլ տեսակետ է հայտնում դոկտոր Ուիլյամ Էդուարդսը «Ամերիկյան բժշկական ընկերության հանդեսում»։ Նա ասում է. «Չնայած սա հազվադեպ երևույթ է, սակայն արյունախառն քրտինքը (հեմատիդրոզը) կարող է ի հայտ գալ էմոցիոնալ գերլարված վիճակում.... Արյունը ներթափանցում է քրտնագեղձերի մեջ, և մաշկը դառնում է զգայուն ու հեշտությամբ վնասվում է» (The Journal of the American Medical Association)։

  • Վերնասենյակից հեռանալուց հետո ո՞ւր է գնում Հիսուսը իր առաքյալների հետ։

  • Ի՞նչ են անում երեք առաքյալները, մինչ Հիսուսը աղոթում է։

  • Այն, որ Հիսուսի քրտինքը դառնում է արյան կաթիլների պես, ի՞նչ է ցույց տալիս նրա էմոցիոնալ վիճակի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը