Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը
Մ.Թ. 33 թ. նիսանի 14–ն է, օրը ուրբաթ՝ կեսօրից հետո։ Մի խումբ մարդիկ պատրաստվում են հողին հանձնել իրենց բարեկամին։ Նրանցից մեկը՝ Նիկոդեմոս անունով, խնկեր է բերել մահացածի մարմինը հուղարկավորության պատրաստելու համար։ Հովսեփ անունով մեկն էլ մաքուր կտավ է բերել, որպեսզի փաթաթի իր բարեկամի ծեծված ու խոշտանգված մարմինը։
ՈՎՔԵ՞Ր են այս մարդիկ և ո՞ւմ են թաղում։ Ինչո՞ւ է մեզ դա հետաքրքրում։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար տեսնենք, թե ինչ էր տեղի ունեցել այդ նշանակալից օրվա սկզբում։
Նիսանի 14–ին՝ հինգշաբթի երեկոյան
Պայծառ լիալուսինը հանդարտ բարձրանում էր Երուսաղեմի վրա։ Բազմամարդ քաղաքը օրվա եռուզեռից հետո հանգիստ էր առնում։ Այդ երեկո քաղաքի օդը հագեցած էր խորոված գառան անուշ բուրմունքով։ Այո՛, հազարավոր մարդիկ պատրաստվում էին նշել Պասեքի տարեկան տոնակատարությունը, որն իրենց համար կարևոր իրադարձություն էր։
Պատկերացնենք, որ մեծ հյուրասենյակում պատրաստի սեղանի շուրջը հավաքված են Հիսուսն ու իր տասներկու առաքյալները։ Ահա թե ինչ է ասում Հիսուսը. «Յոյժ ցանկացայ այս պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել» (Ղուկաս 22։15)։ Հիսուսին հայտնի է, որ իր կրոնական թշնամիները ուզում են սպանել իրեն։ Սակայն մինչ դրա կատարվելը մի անչափ կարևոր բան պետք է պատահի այդ երեկո։
Պասեքի տոնակատարությունը նշելուց հետո Հիսուսը հայտարարում է. «Ձեզանից մէկն ինձ մատնելու է» (Մատթէոս 26։21)։ Այս խոսքերից առաքյալները վշտանում են. ո՞վ կարող է դա լինել։ Նրանց հետ փոքր–ինչ զրուցելուց հետո Հիսուսը դիմում է Հուդա Իսկարիովտացուն. «Ինչ որ անելու ես, իսկոյն արա՛» (Յովհաննէս 13։27)։ Մատնիչը Հուդան է, թեև մնացածների մտքով այդ բանը նույնիսկ չի էլ անցնում։ Նա հեռանում է, որպեսզի ի կատար ածի Հիսուսի դեմ նախաձեռնած իր դավադրությունը։
Հատուկ օր
Ապա Հիսուսը հաստատում է բոլորովին մի նոր սովորույթ, որը հիշեցնելու էր իր մահը։ Վերցնելով հացը՝ Հիսուսը շնորհակալություն է հայտնում Աստծուն և բաժանում այն։ «Առէ՛ք, կերէ՛ք,— ասում է նա,— այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է»։ Երբ բոլորն օգտվում են հացից, Հիսուսը վերցնում է կարմիր գինով լի բաժակը, օրհնում այն, ապա ավելացնում. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ.... Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնով, որ ձեզ համար թափվում է»։ Այնուհետև իր տասնմեկ հավատարիմ առաքյալներին հետևյալ հրահանգն է տալիս. «Արէ՛ք այս իմ յիշատակի համար» (Մատթէոս 26։26—28; Ղուկաս 22։19, 20, ԱԹ; Ա Կորնթացիս 11։24, 25)։
Այդ երեկո Հիսուսը մեծ հոգատարությամբ իր հավատարիմ առաքյալներին նախապատրաստում է առջևում սպասվող իրադարձություններին և հավաստիացնում, որ խորապես սիրում է նրանց։ «Աւելի մեծ սէր ոչ ոք չունի,— ասում է նա,— քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ» (Յովհաննէս 15։13—15)։ Եվ իրոք, տասնմեկ առաքյալները հետագայում ապացուցեցին, որ Հիսուսի իսկական բարեկամներն են, երբ նրա կողքին էին իր տառապանքների ժամանակ։
Ուշ երեկոյան՝ հավանաբար կեսգիշերից հետո, Հիսուսը մի անմոռանալի աղոթք է ուղղում Աստծուն, որից հետո բոլորը միասին Եհովային փառաբանող երգեր են երգում։ Այնուհետև, լիալուսնի պայծառ լույսի տակ նրանք ճանապարհ են ընկնում դեպի քաղաքից դուրս գտնվող Կեդրոնի ձորը (Յովհաննէս 17։1—18։1)։
Գեթսեմանիի պարտեզում
Կարճ ժամանակ անց Հիսուսն ու առաքյալները արդեն Գեթսեմանիի պարտեզում են։ Առաքյալներից ութին թողնելով պարտեզի մուտքի մոտ՝ Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ միասին առաջանում է դեպի ձիթենիները։ «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան,— ասում է նա,— մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք» (Մարկոս 14։33, 34)։
Երեք առաքյալները սպասում են՝ մինչ Հիսուսը հեռանում է և քայլերն ուղղում դեպի պարտեզի խորքը աղոթելու։ Արտասուքն աչքերին, աղեկտուր ձայնով նա կանչում է. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրու»։ Վիթխարի պատասխանատվություն է դրված նրա ուսերին։ Որքա՜ն է նրան անհանգստացնում այն միտքը, թե ինչ կասեն Եհովայի թշնամիները, երբ նրա միածին Որդին ցցին գամվի որպես ոճրագործ։ Բայց ամենից շատ նա տանջվում է այն մտքից, թե այդ դժվարին փորձության մեջ նրա ձախողումը ինչպիսի՜ նախատինք կարող է բերել իր սիրելի երկնային Հոր անվանը։ Հիսուսն այնքան անկեղծորեն է աղոթում և հոգեկան այնպիսի տանջանքների ենթարկվում, որ նրա քրտինքը՝ արյան կաթիլներ դարձած, թափվում է գետնին (Ղուկաս 22։42, 44)։
Հիսուսը դեռ նոր էր ավարտել իր երրորդ աղոթքը, երբ տեսնում է մի խումբ մարդկանց՝ ջահերով, լապտերներով իրեն մոտենալիս։ Առջևից եկողը ոչ այլ ոք է, եթե ոչ Հուդա Իսկարիովտացին։ «Ողջո՜յն, Վարդապե՛տ»,— ասում է նա ու բարեկամաբար համբուրում Հիսուսին։ «Յուդա՛,— պատասխանում է Հիսուսը,— համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն» (Մատթէոս 26։49; Ղուկաս 22։47, 48; Յովհաննէս 18։3)։
Հանկարծ առաքյալները ուշքի են գալիս՝ հասկանալով, թե ինչ է տեղի ունենում. ուզում են ձերբակալել իրենց Տիրոջը՝ սիրված ընկերոջը։ Անսպասելիորեն Պետրոսը դուրս է քաշում սուրը և կտրում քահանայապետի ծառայի ականջը։ «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»,— բացականչում է Հիսուսը, ապա, մոտենալով ծառային, բուժում է նրա ականջը ու դիմում Պետրոսին. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն» (Ղուկաս 22։50, 51; Մատթէոս 26։52)։ Զինվորները բոլոր կողմերից շրջապատում են Հիսուսին ու կապում նրան։ Երկյուղած, վախից շփոթված՝ առաքյալները լքում են Հիսուսին և անհետանում գիշերվա խավարի մեջ (Մատթէոս 26։56; Յովհաննէս 18։12)։
Նիսանի 14–ին՝ ուրբաթ առավոտյան
Կեսգիշերից բավականին անց է՝ ուրբաթ օրվա վաղ առավոտը։ Հիսուսին նախ տանում են նախկին քահանայապետ Աննայի մոտ, որը տակավին մեծ հեղինակություն է վայելում։ Աննան հարցաքննում է Հիսուսին, ապա ուղարկում քահանայապետ Կայիափայի տուն, որտեղ արդեն հավաքվել է հրեական ատյանը։
Կրոնական առաջնորդներն այժմ փորձում են վկաներ գտնել Հիսուսի դեմ դատական գործ հարուցելու համար։ Սակայն կեղծ վկաների տված վկայություններն իրար չեն համընկնում։ Այդ ամբողջ ժամանակ Հիսուսը լուռ է մնում։ Փոխելով իր գործելակերպը՝ Կայիափան դիմում է նրան. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Սա անհերքելի փաստ է, ուստի Հիսուսն առանց երերալու պատասխանում է. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած» (Մատթէոս 26։63; Մարկոս 14։60—62)։
«Հայհոյեց,— բացականչում է Կայիափան,— էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ»։ Կանգնածներից ոմանք հարվածում են Հիսուսին ու թքում նրա երեսին։ Ուրիշներն ապտակում են և վիրավորանքների տարափ տեղում նրա վրա (Մատթէոս 26։65—68; Մարկոս 14։63—65)։ Ուրբաթ օրը՝ լուսաբացից հետո, ատյանը կրկին հավաքվում է, ըստ երևույթին, գիշերվա անօրինական հարցաքննությանը որոշ օրինական տեսք տալու նպատակով։ Հիսուսն այս անգամ ևս անվախորեն կրկնում է, որ Քրիստոսն է՝ Աստծո Որդին (Ղուկաս 22։66—71)։
Այս ամենից հետո քահանաներն ու երկրի ծերերը Հիսուսին հարցաքննության են տանում Հուդայի հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսի մոտ։ Նրանք մեղադրում են Հիսուսին այն բանում, թե նա մոլորեցնում է ազգը, արգելում կայսրին հարկեր տալ և ‘ինքն իր մասին ասում է, թե՝ Քրիստոսն է, թագավոր’ (Ղուկաս 23։2; համեմատեք Մարկոս 12։17)։ Հիսուսին հարցաքննելուց հետո Պիղատոսը հայտարարում է. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում» (Ղուկաս 23։4)։ Տեղեկանալով, որ Հիսուսը գալիլիացի է՝ Պիղատոսը ուղարկում է նրան Հերովդես Անտիպասի՝ Գալիլիայի իշխանի մոտ, որը Պասեքի կապակցությամբ այդ օրերին Երուսաղեմում է գտնվում։ Հերովդեսը մտադիր չէ արդար դատաստան տեսնելու. նրա միակ ցանկությունն այն է, որ Հիսուսը մի քանի հրաշք գործի իր համար։ Քանի որ Հիսուսը չի բավարարում նրա հետաքրքրասիրությունը և մնում է լուռ, Հերովդեսն ու նրա զինվորները ծաղրում են նրան և ետ ուղարկում Պիղատոսի մոտ։
«Ի՞նչ չար բան է արել սա,— կրկին հարցնում է Պիղատոսը,— նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ’արձակեմ» (Ղուկաս 23։22)։ Ուստի խարազանել է տալիս Հիսուսին կաշվե մտրակով, որը, սարսափելի ցավ պատճառելով, մխրճվում է նրա մարմնի մեջ։ Ապա զինվորները փշերից պատրաստված պսակ են դնում նրա գլխին։ Նրանք ծաղրում են Հիսուսին, եղեգով հարվածում, որից փշե պսակն ավելի խորն է գնում գլխի մաշկի մեջ։ Չնայած այս աննկարագրելի ցավին ու ստացած վիրավորանքներին՝ Հիսուսը չի կորցնում արժանապատվության զգացումն ու հաստատակամությունը։
Պիղատոսը, հուսալով, որ Հիսուսի տանջված տեսքը թերևս կարեկցանք արթնացնի ոմանց սրտերում, կրկին ներկայացնում է նրան ամբոխին։ «Ահա,— ասում է Պիղատոսը,— նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»։ Սակայն քահանայապետերն աղաղակում են. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան» (Յովհաննէս 19։4—6)։ Երբ ժողովուրդը համառորեն շարունակում է իրենը պնդել, Պիղատոսը ստիպված զիջում է և հանձնում Հիսուսին, որպեսզի ցից բարձրացնեն։
Տանջալից մահ
Դեռ առավոտ է, օրը թերևս թեքվում է կեսօրին։ Հիսուսին Երուսաղեմից դուրս են բերում և տանում դեպի Գողգոթա կոչվող վայրը։ Խոշոր մեխերով նրա ձեռքերն ու ոտքերը գամում են փայտին։ Անհնարին է բառերով նկարագրել Հիսուսի կրած ցավն ու տառապանքը, երբ, ցիցը բարձրացնելիս, սեփական մարմնի ծանրության տակ սկսում են պատռվել մեխերից բացված հյուսվածքները։ Հավաքված ամբոխը դիտում է Հիսուսին ու նրա հետ ցցերին գամված երկու հանցագործներին։ Շատերը նախատինքով են խոսում նրա հասցեին. «Ուրիշներին փրկեց,— ծիծաղում են քահանայապետերն ու ուրիշները,— ինքն իրեն չի կարողանում փրկել»։ Նույնիսկ զինվորներն ու ցցերին գամված երկու հանցագործներն են ծաղրում Հիսուսին (Մատթէոս 27։41—44)։
Կեսօրին՝ Հիսուսի գամվելուց մի քանի ժամ անց, շրջակայքը հանկարծ ահարկու խավարով է պատվում, որը տևում է մոտ երեք ժամ և որն, ամենայն հավանականությամբ, Աստծո կողմից է առաջացված։a Հավանաբար հենց դա է պատճառը, որ հանցագործներից մեկը հանդիմանում է մյուսին և, դիմելով Հիսուսին, խնդրում է. «Յիշի՛ր ինձ Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»։ Ի՜նչ զարմանալի հավատ է ցուցաբերում այդ անձնավորությունը, չնայած այն բանին, որ մահն արդեն անխուսափելի էր։ «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր,— պատասխանում է Հիսուսը,— ինձ հետ Դրախտում կլինես» (ՆԱ) (Ղուկաս 23։39—43)։
Կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը երեքին, Հիսուսը զգում է, որ մահը մոտ է։ «Ծարաւ եմ,— ասում է նա, ապա բարձրաձայն կանչում,— Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»։ Այստեղ Հիսուսը կրկնում է Դավիթի խոսքերը և զգում է, որ Հայրն, այսպես ասած, վերցրել է իր պաշտպանությունը, որպեսզի մինչև վերջ փորձվի իր ուղղամտությունը։ Ինչ–որ մեկը քացախի մեջ թաթախված սպունգ է մոտեցնում նրա շրթունքներին։ Փոքր–ինչ քացախ բերանն առնելուց հետո Հիսուսը շշնջում է. «Ամէն ինչ կատարուած է»։ Ապա աղաղակում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին [հունարեն՝ պնևմա՝ ոգի]», խոնարհում է գլուխը և շունչը փչում (Յովհաննէս 19։28—30; Մատթէոս 27։46; Ղուկաս 23։46; Սաղմոս 22։1)։
Կեսօրից արդեն բավականին անցել է, ուստի արագ պատրաստություն են տեսնում Հիսուսին թաղելու, քանի դեռ մայրամուտով չի սկսվել Շաբաթը (նիսանի 15–ը)։ Արիմաթիացի Հովսեփը՝ հրեական ատյանի հայտնի անդամներից մեկը, որը Հիսուսի գաղտնի աշակերտն է, նրան թաղելու թույլտվություն է ստանում։ Ատյանի անդամներից մեկ ուրիշը՝ Նիկոդեմոսը, որը թաքուն խոստովանել էր իր հավատը Հիսուսի հանդեպ, մոտ հարյուր լիտր զմուռս և հալվե է բերում։ Նրանք Հիսուսի մարմինը զգուշորեն դնում են մոտակայքում գտնվող նոր գերեզմանում։
Կրկին ո՛ղջ է...
Կիրակնօրյա վաղ առավոտ է, և դեռևս բավականին մութ է։ Մարիամ Մագդաղենացին մի քանի այլ կանանց հետ միասին մոտենում է Հիսուսի գերեզմանին։ Նրանց աչքերի առջև զարմանալի տեսարան է բացվում. գերեզմանի դռան առջև դրված քարը մի կողմ է գլորված, իսկ գերեզմանը դատարկ է։ Մարիամ Մագդաղենացին հապշտապ հեռանում է, որպեսզի այդ մասին պատմի Պետրոսին ու Հովհաննեսին (Յովհաննէս 20։1, 2)։ Նրա հեռանալուց անմիջապես հետո հրեշտակը հայտնվում է այնտեղ մնացած կանանց և ասում. «Մի՛ վախեցէք.... իսկոյն գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ» (Մատթէոս 28։2—7)։
Երբ այդ կանայք շտապում են աշակերտների մոտ, ճանապարհին հանդիպում են հենց իրեն՝ Հիսուսին։ «Գնացէ՛ք,— ասում է նա,— ասացէ՛ք իմ եղբայրներին» (Մատթէոս 28։8—10)։ Ավելի ուշ Հիսուսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն, որը նրա գերեզմանի մոտ կանգնած լալիս է։ Մարիամը հազիվ է կարողանում զսպել իր ուրախությունը և շտապում է աշակերտների մոտ՝ պատմելու հրաշալի նորությունը (Յովհաննէս 20։11—18)։ Այդ անմոռանալի կիրակի օրվա ընթացքում հարություն առած Հիսուսը ուղիղ հինգ անգամ հայտնվում է իր աշակերտներից ոմանց, որպեսզի իր ողջ լինելու մասին ոչ մի կասկած չթողնի։
Այս ամենն ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար
Ինչպե՞ս կարող են 1 966 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը որևէ նշանակություն ունենալ Ձեզ համար այն ժամանակ, երբ կանգնած ենք 21–րդ դարի շեմին։ Պատասխանը մեզ տալիս է այս իրադարձությունների մի ականատես. «Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք։ Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար [«մեր մեղքերը քաւող իբրեւ Զոհ», Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանություն]» (Ա Յովհաննէս 4։9, 10)։
Ի՞նչ իմաստով է Հիսուսը ‘մեղքերը քավող զոհ’։ Քավող է, որովհետև հնարավոր է դարձնում Աստծո հետ բարեկամական փոխհարաբերություններ ունենալը։ Առաջին մարդը՝ Ադամը, ապստամբելով Աստծո դեմ, իր ժառանգներին փոխանցեց մեղքն ու մահը։ Ի տարբերություն Ադամի՝ Հիսուսն իր կյանքը որպես փրկանք տվեց մարդկության մեղքի և մահվան գինը վճարելու համար. այդ արարքը հիմք հանդիսացավ, որպեսզի Աստված ողորմածություն և բարյացակամություն ցուցաբերի մարդկանց հանդեպ (Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Մեղավոր Ադամից ժառանգած դատապարտությունից կարող ենք ազատվել, եթե հավատ ընծայենք Հիսուսի քավիչ զոհաբերությանը (Հռովմայեցիս 5։12; 6։23)։ Դրանից բացի, այդ զոհաբերության շնորհիվ մեր սիրալիր երկնային Հոր՝ Եհովա Աստծո հետ անհատապես շփվելու հիանալի ճանապարհ է բացվում։ Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հիսուսի անձնազոհության շնորհիվ Դուք հավիտենական կյանքի հնարավորությունն եք ստացել (Յովհաննէս 3։16; 17։3)։
Այս մասին և, առհասարակ, այս թեմայի շուրջ է խոսվելու ապրիլի մեկին՝ հինգշաբթի երեկոյան, երբ համայն աշխարհի տասնյակ հազարավոր վայրերում միլիոնավոր մարդիկ հավաքվելու են՝ հիշելու Հիսուս Քրիստոսի մահվան օրը։ Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու այդ երեկոյին։ Ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաները սիրով կհայտնեն, թե երբ և որտեղ է անցկացվելու այդ Երեկոն։ Ներկա գտնվելով միջոցառմանը՝ Դուք, անկասկած, խորը երախտագիտությամբ կլցվեք մեր սիրալիր Հոր և իր Որդու հանդեպ Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը նրանց կատարած ամենավեհ արարքի համար։
[ծանոթագրություն]
a Այս համատարած մթությունը չէր կարող առաջացած լինել արևի խավարման հետևանքով, քանի որ Հիսուսի մահվան ժամանակ լիալուսին էր։ Արևի խավարումները սովորաբար տևում են մի քանի րոպե, ընդ որում այն դեպքերում, երբ Լուսինը գտնվում է Երկրի և Արեգակի միջև՝ նորալուսնի ժամանակ։
[Աղյուսակ/նկարներ 7–րդ էջի վրա]
ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մ.Թ. 33 Թ. ԴԵՊՔԵՐԸ «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՐԴԸ»b
ՆԻՍԱՆ
14–ը՝ Պասեքի տոնակատարությունն է։ 113, պարբ. 2–ից
հինգշաբթի Հիսուսը լվանում է իր 117, պարբ. 1
երեկոյան առաքյալների ոտքերը։
Հուդան գնում է
Հիսուսին մատնելու։
Քրիստոսը հաստատում է
իր մահվան Հիշատակի օրը
(այս տարի այն նշվելու
է ապրիլի մեկին՝
հինգշաբթի երեկոյան՝
մայրամուտից հետո)։
Հորդորներ առաքյալներին
իր մահվանը
նախապատրաստելու նպատակով։
Կեսգիշերն Եզրափակիչ աղոթքից և 117–ից 120
անց՝ փառաբանության երգերից
հետո Հիսուսն ու
առաքյալները գնում են
Գեթսեմանի պարտեզ։
Հիսուսն արցունքն աչքերին
դիմում է Աստծուն։
Մոտենում է Հուդա
Իսկարիովտացին մեծ
ամբոխի հետ միասին և
մատնում Հիսուսին։ Երբ
Հիսուսին կապած տանում են
Աննայի մոտ, առաքյալները
փախչում են։ Նրան տանում են
քահանայապետ Կայիափայի մոտ,
որպեսզի ներկայանա այնտեղ
հավաքված ատյանին։
Դատապարտվում է մահվան։
Վիրավորանքների և բռնության է
ենթարկվում։ Պետրոսը երեք
անգամ ուրանում է Հիսուսին։
Ուրբաթ Լուսաբացին Հիսուսը նորից 121–ից 124
առավոտյան բերվում է ատյանի առջև։
Ապա տանում են Պիղատոսի
մոտ, հետո՝ Հերովդեսի և
կրկին՝ Պիղատոսի։
Հիսուսին խարազանում են,
վիրավորում, ծեծում։
Ժողովրդի ճնշման տակ
գտնվելով՝ Պիղատոսը
հանձնում է նրան,
որ ցցին գամեն։
Առաջնորդվում է Գողգոթա,
որտեղ էլ կեսօրին մոտ
կայանում է նրա դատավճիռը։
Կեսօրին Ցցին է գամվում կեսօրից 125, 126
և առաջ։ Արևի խավարում է
կեսօրից հետո տեղի ունենում կեսօրից
սկսած մինչև մոտ ժամը
երեքը։ Հիսուսը մահանում
է։ Ուժգին երկրաշարժ է
լինում։ Տաճարի վարագույրը
երկու մասի է բաժանվում։
Մոտենում Մինչև Շաբաթի սկսվելը 127, պարբ. 1—7
է երեկոն Հիսուսի մարմինը դնում
են մի պարտեզում
գտնվող գերեզմանում։
15–ը՝ Սկսվում է Շաբաթը։
ուրբաթ
երեկոյան Սկսվում է Շաբաթը։ 127, պարբ. 8, 9
Շաբաթ՝ Պիղատոսը թույլ է
տալիս հսկել Հիսուսի
գերեզմանը։
16–ը՝ Վաղ առավոտյան Հիսուսի 127, պարբ. 10–ից
կիրակի գերեզմանը գտնում են մինչև 129, պարբ. 10
դատարկ։ Հարություն առած
Հիսուսը հայտնվում է
1) իր աշակերտներից մի
խումբ կանանց՝ Սաղոմեին,
Հովհաննային և Հակոբոսի
մայր Մարիամին, 2) Մարիամ
Մագդաղենացուն,
3) Կղեովպասին և նրան
ընկերակցողներին,
4) Սիմոն Պետրոսին,
5) մեկտեղ հավաքված
առաքյալներին և
այլ աշակերտների։
[ծանոթագրություն]
b Թվերը «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» գրքի գլուխների համարներն են (ռուս.)։ Հիսուսի եզրափակիչ ծառայության վերաբերյալ Գրությունների համարների աղյուսակը կարող եք տեսնել «Բոլոր Գրքերը Աստծուց են ներշնչված և օգտակար են» գրքի 290–րդ էջում (անգլ.)։ Գրքերը հրատարակված են «Դիտարան» ընկերության կողմից։