«Որ փորձութեան մէջ չ’մտնէք»
«Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Մատթէոս 26։41)։
Նա ծայրաստիճան լարված էր. նման լարվածություն նա երբեք չէր զգացել։ Մոտենում էր նրա՝ Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու երկրային կյանքի ավարտը։ Հիսուսն ամբողջությամբ գիտակցում էր, որ շուտով ձերբակալվելու է, մահվան է դատապարտվելու և գամվելու է տանջանքի ցցին։ Նա հասկանում էր, որ յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր քայլ անդրադառնալու է իր Հոր անվան վրա։ Հիսուսը նաև գիտեր, որ իրենից է կախված ամբողջ մարդկության ապագան։ Այդ ամենի գիտակցումից ներքին ճնշում զգալով՝ նա ի՞նչ արեց։
2 Հիսուսն իր աշակերտների հետ միասին գնաց Գեթսեմանի պարտեզ։ Դա նրա սիրելի վայրն էր։ Այնտեղ նա իր աշակերտներից առանձնացավ՝ մի փոքր հեռանալով նրանցից։ Երբ նա մենակ մնաց, ողջ սրտով ջերմեռանդորեն աղոթեց իր երկնային Հորը՝ զորություն խնդրելով նրանից։ Հիսուսը չբավարարվեց մեկ անգամ աղոթելով. իր աղոթքը նա կրկնեց երեք անգամ։ Թեև Հիսուսը կատարյալ էր, սակայն նա այն կարծիքին չէր, թե կարող է սեփական ուժերով դիմակայել մոտալուտ ճնշմանը (Մատթէոս 26։36–44)։
3 Այսօր մեզ վրա նույնպես ճնշում է բանեցվում։ Այս գրքույկում մենք արդեն քննեցինք այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք այս ամբարիշտ համակարգի եզրափակիչ օրերում։ Սատանայի աշխարհի կողմից եկող փորձություններն ու ճնշումները ավելի են սաստկանում։ Որպես ճշմարիտ Աստծո երկրպագուներ՝ մեզանից յուրաքանչյուրի որոշումներն ու արարքները անդրադառնում են Աստծո անվան վրա, ինչպես նաև վճռական ազդեցություն են թողնում նրա նոր աշխարհում ապրելու մեր հեռանկարի վրա։ Մենք սիրում ենք Եհովային։ Ուստի ցանկանում ենք տոկալ մինչև վերջ՝ կա՛մ մինչև մեր կյանքի, կա՛մ մինչև այս համակարգի վերջը (Մատթէոս 24։13, ՆԱ)։ Սակայն ինչպե՞ս կարող ենք հրատապության զգացում պահպանել ու արթուն մնալ։
4 Գիտենալով, որ ինչպես իր առաջին, այնպես էլ հետագա աշակերտների վրա ճնշում է բանեցվելու՝ Հիսուսը հետևյալ կոչն արեց. «Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք» (Մատթէոս 26։41)։ Ի՞նչ նշանակություն ունեն այս խոսքերը մեզ համար։ Ինչպիսի՞ փորձության առջև եք դուք կանգնած։ Եվ ինչպե՞ս կարող եք ‘արթուն մնալ’։
Ինչպիսի՞ փորձության
5 Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը ‘Սատանայի որոգայթն’ ընկնելու փորձության առջև է կանգնած (Բ Տիմոթէոս 2։26)։ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ, որ Սատանան առանձնահատուկ թիրախ է դարձրել Եհովայի երկրպագուներին (Ա Պետրոս 5։8; Յայտնութիւն 12։12, 17)։ Ո՞րն է նրա հարձակման նպատակը։ Նա չի ձգտում անպայմանորեն խլել մեր կյանքը։ Եթե մենք մահանանք՝ պահպանելով Աստծո հանդեպ մեր հավատարմությունը, ապա դա Սատանայի համար հաղթանակ չի նշանակի։ Նա գիտի, որ Եհովան իր նշանակած ժամին կյանքի կվերադարձնի մահացածներին՝ հարություն տալով նրանց (Ղուկաս 20։37, 38)։
6 Սատանան ձգտում է կործանել մեր ներկա կյանքից շատ ավելի թանկ մի բան՝ Աստծո հանդեպ մեր անարատությունը։ Նա մոլեգնորեն փորձում է ապացուցել, որ կարող է մեզ հեռացնել Եհովայից։ Հետևաբար եթե Սատանային հաջողվի մեզ անհավատարմության դրդել, այնպես որ դադարենք բարի լուրը քարոզելուց կամ քրիստոնեական չափանիշների համաձայն ապրելուց, նա իսկական հաղթանակ կտանի (Եփեսացիս 6։11–13)։ Ուստի դա է պատճառը, թե ինչու է Փորձիչը ձգտում փորձությունների մեջ գցել մեզ (Մատթէոս 4։3)։
7 Սատանան զանազան ‘հնարքներ’ է բանեցնում (Եփեսացիս 6։11)։ Նա կարող է մեզ փորձել նյութապաշտության, վախի, կասկածանքների միջոցով կամ դրդել մեզ դառնալու հաճույքների գերին։ Սակայն նրա ամենազորեղ մեթոդներից մեկը վհատությունն է։ Խորամանկ դավադրի պես նա գիտի, որ ընկճվածությունը կարող է թուլացնել մեզ, դարձնել խոցելի (Առակաց 24։10)։ Ուստի երբ մենք էմոցիոնալ առումով «փշրուած» ենք լինում, նա հատկապես այդ պահին է մեզ փորձությունների մեջ գցում, որպեսզի հանձնվենք (Սաղմոս 38։8)։
8 Մինչ վերջին օրերը գնալով ավելի են մոտենում իրենց ավարտին, վհատության մեջ ընկնելու պատճառներն ավելի են շատանում, և մենք պաշտպանված չենք դրանցից (տե՛ս «Որոշ գործոններ, որոնք կարող են վհատության պատճառ դառնալ» շրջանակը)։ Անկախ այն բանից, թե որն է վհատության պատճառը՝ այդ զգացումը կարող է թուլացնել մեր ուժերը։ Իսկ եթե ձեր ֆիզիկական, մտային ու էմոցիոնալ ուժերը գրեթե սպառվել են, դժվար կլինի ‘գնել ժամանակը’ այնպիսի հոգևոր պարտականությունների համար, ինչպիսիք են՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, քրիստոնեական հանդիպումներին հաճախելն ու քարոզչական ծառայությանը մասնակցելը (Եփեսացիս 5։15, 16)։ Հիշե՛ք. Փորձիչը ցանկանում է, որ թողնեք այդ ամենը։ Սակայն հիմա ժամանակը չէ, որ դանդաղեցնեք ձեր ընթացքն ու կորցնեք ձեր հրատապության զգացումը՝ մոռանալով, թե ինչպիսի՛ ժամանակներում ենք ապրում (Ղուկաս 21։34–36)։ Ի՞նչը կօգնի ձեզ, որ դիմադրեք փորձությանն ու արթուն մնաք։ Քննենք հետևյալ չորս խորհուրդները։
«Աղոթեցե՛ք»
9 Աղոթքի միջոցով ապավինեք Եհովային։ Հիշեք, թե Հիսուսն ինչ օրինակ թողեց Գեթսեմանի պարտեզում։ Ի՞նչ արեց նա, երբ էմոցիոնալ առումով իրեն խիստ ճնշված էր զգում. Եհովայից օգնություն խնդրեց՝ այնպես եռանդագին աղոթելով, որ «նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ» (Ղուկաս 22։44)։ Խորհեք այս ամենի շուրջ։ Հիսուսը շատ լավ գիտեր, թե ով է Սատանան։ Նա երկնքից տեսել էր այն բոլոր փորձությունները, որ Սատանան գործի էր դրել՝ ջանալով ծուղակը գցել Աստծո ծառաներին։ Չնայած այդ ամենին՝ Հիսուսը չէր կարծում, որ հեշտությամբ կկարողանա հաղթահարել Փորձիչի կողմից պատրաստած ցանկացած փորձություն։ Եթե Աստծո կատարյալ Որդին կարիք ուներ Եհովայից օգնություն և ուժ խնդրելու, ապա որքա՜ն ավելի այդ ամենի կարիքն ունենք մենք (Ա Պետրոս 2։21)։
10 Հիշեք նաև, որ իր աշակերտներին խրախուսելով անդադար աղոթել՝ Հիսուսն ասաց. «Հոգին յոժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41)։ Ո՞ւմ մարմնի մասին էր Հիսուսը խոսում. իհարկե ոչ իր, քանի որ նրա կատարյալ մարմինը ոչ մի թուլություն չուներ (Ա Պետրոս 2։22)։ Սակայն նույնը չէր կարելի ասել նրա աշակերտների մասին։ Ժառանգած անկատարության և մեղավոր հակումների պատճառով հատկապես նրանք օգնության կարիք ունեին, որպեսզի դիմադրեին փորձություններին (Հռովմայեցիս 7։21–24)։ Ահա թե ինչու Հիսուսը նրանց, ինչպես և բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին խրախուսեց փորձությունների մեջ ընկնելիս աղոթել օգնության համար (Մատթէոս 6։13)։ Եհովան պատասխանում է այդպիսի աղոթքներին (Սաղմոս 65։2)։ Ինչպե՞ս։ Ամենաքիչը երկու ձևով։
11 Առաջին՝ Աստված մեզ օգնում է տեսնել փորձությունները։ Սատանայի փորձությունները նման են մութ ճանապարհի շուրջբոլորը դրված թակարդների։ Եթե դրանք չնկատեք, կբռնվեք այդ թակարդներում։ Աստվածաշնչի, ինչպես նաև աստվածաշնչյան հրատարակությունների միջոցով Եհովան լույս է սփռում Սատանայի թակարդների վրա՝ օգնելով մեզ դիմակայել փորձություններին։ Հոգևոր գրականության, նաև տարբեր համաժողովների միջոցով տարիներ շարունակ մենք կրկին ու կրկին նախազգուշացումներ ենք ստանում այնպիսի վտանգների մասին, ինչպիսիք են՝ մարդավախությունը, սեռական անբարոյությունը, նյութապաշտությունը և Սատանայի կողմից հարուցված մյուս փորձությունները (Առակաց 29։25; Ա Կորնթացիս 10։8–11; Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Արդյոք շնորհակալ չե՞նք Եհովային այն բանի համար, որ մեզ նախապես զգուշացնում է Սատանայի «խորհուրդների» մասին (Բ Կորնթացիս 2։11)։ Այս բոլոր զգուշացումները փորձություններին դիմադրելու համար Աստծուն ուղղված մեր աղոթքների պատասխաններն են։
12 Երկրորդ՝ Եհովան պատասխանում է մեր աղոթքներին՝ փորձությունների ժամանակ տոկալու զորություն տալով։ Նրա Խոսքում ասվում է. «Աստուած.... չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ» (Ա Կորնթացիս 10։13)։ Եթե մենք շարունակում ենք ապավինել Աստծուն, ապա նա երբեք չի թողնի, որ փորձությունն այն աստիճան սաստկանա, որ մեր հոգևոր ուժերը չբավականացնեն դիմադրելու համար։ Իսկ ինչպե՞ս է նա մեզ համար ‘ելքը պատրաստում’։ Եհովան ‘սուրբ ոգին է տալիս նրանց, ովքեր ուզում են նրանից’ (Ղուկաս 11։13)։ Այդ ոգին կարող է մեզ հիշեցնել աստվածաշնչյան սկզբունքները, որոնք կամրացնեն մեր վճռականությունը անելու այն, ինչը ճիշտ է, և կօգնեն իմաստուն որոշումներ կայացնել (Յովհաննէս 14։26; Յակոբոս 1։5, 6)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ դրսևորելու հենց այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են սխալ հակումները ճնշելու համար (Գաղատացիս 5։22, 23)։ Աստծո ոգին նաև կարող է մղել մեր հավատակիցներին՝ զորավիգ լինելու մեզ (Կողոսացիս 4։11, ՆԱ)։ Երախտապարտ չե՞ք Եհովային, որ նման սիրառատ կերպերով է պատասխանում օգնության համար իրեն ուղղված ձեր աղոթքներին։
Ձեր սպասելիքների մեջ եղեք իրատես
13 Արթուն մնալու համար հարկավոր է, որ մեր սպասելիքների մեջ լինենք իրատես։ Կյանքի ճնշումների պատճառով բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հոգնում ենք։ Սակայն մենք պետք է հիշենք, որ Աստված չի խոստացել, թե այս համակարգում կկարողանանք անհոգ կյանքով ապրել։ Նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում Աստծո ծառաները տառապանքներ էին կրում՝ հալածանք, աղքատություն, դեպրեսիա, հիվանդություն (Գործք 8։1; Բ Կորնթացիս 8։1, 2; Ա Թեսաղոնիկեցիս 5։14; Ա Տիմոթէոս 5։23)։
14 Այսօր մենք նույնպես դժվարությունների ենք բախվում։ Դրանք կարող են լինել ֆինանսական խնդիրները, հալածանքը, պայքարը դեպրեսիայի դեմ, հիվանդությունը, վիշտը և այլն։ Եթե Եհովան մեզ հրաշքով պաշտպաներ բոլոր տեսակի դժվարություններից, արդյոք դա Սատանայի համար հիմք չէ՞ր հանդիսանա նրան մեղադրելու (Առակաց 27։11)։ Ուրեմն՝ Եհովան թույլ է տալիս, որ իր ծառաները հակառակորդների ձեռքով փորձություններ կրեն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մինչև մահ (Յովհաննէս 16։2)։
15 Այդ դեպքում՝ ի՞նչ է Եհովան մեզ խոստացել։ Ինչպես արդեն նշեցինք, Եհովան խոստացել է, որ եթե ամբողջությամբ ապավինենք նրան, նա կօգնի մեզ դիմադրել ցանկացած փորձության (Առակաց 3։5, 6)։ Իր Խոսքի, սուրբ ոգու և իր կազմակերպության միջոցով նա պաշտպանում է մեզ հոգևոր առումով, օգնում է պահպանել մեր սերտ փոխհարաբերություններն իր հետ։ Եթե ունենք նման անեղծ փոխհարաբերություններ, նույնիսկ եթե մահանանք էլ, կհաղթենք։ Ոչ մի բան, մինչև անգամ մահը չի կարող խանգարել Աստծուն՝ վարձատրելու իր հավատարիմ ծառաներին (Եբրայեցիս 11։6)։ Իսկ նոր աշխարհում, որն արդեն երևում է տեսահորիզոնում, Եհովան, անկասկած, իրեն սիրողներին կողողի իր խոստացած բոլոր զարմանահրաշ օրհնություններով (Սաղմոս 145։16)։
Հիշեք վիճաբանական հարցերի մասին
16 Մինչև վերջ տոկալու համար մենք պետք է հիշենք անչափ կարևոր վիճաբանական հարցերը, որոնց պատճառով Աստված թույլ է տվել, որ չարությունը գոյություն ունենա։ Եթե մեր խնդիրները ժամանակ առ ժամանակ անհաղթահարելի են թվում ու թերևս մեր մտքով անցնում է հանձնվել, լավ կլինի, որ այդ պահերին հիշենք, որ Սատանան կասկածի տակ է դրել Եհովայի գերիշխանության արդարացիությունը։ Այդ Խաբեբան նաև հարցականի տակ է դրել Աստծո երկրպագուների նվիրվածությունն ու անարատությունը (Յոբ 1։8–11; 2։3, 4)։ Այս վիճաբանական հարցերը և այն, թե Եհովան ինչպես է լուծելու դրանք, անհամեմատ ավելի կարևոր են, քան յուրաքանչյուրիս կյանքը։ Ի՞նչ առումով։
17 Այն, որ Աստված ժամանակավորապես դժվարություններ է թույլ տվել, դրանով իսկ մյուսների համար հնարավորություն է ստեղծվել ճշմարտությունն ընդունելու։ Խորհենք հետևյալ մտքի շուրջ. Հիսուսը տառապանքներ կրեց, որպեսզի մենք կարողանանք կյանք ունենալ (Յովհաննէս 3։16)։ Երախտապարտ չե՞նք արդյոք այդ ամենի համար։ Բայց մենք մեր հերթին պատրա՞ստ ենք շարունակելու մի որոշ ժամանակ տոկալ դժվարություններին, որպեսզի ուրիշներն էլ կարողանան կյանք ստանալ։ Մինչև վերջ տոկալու համար պետք է գիտակցենք, որ Եհովայի իմաստությունը անհամեմատ գերազանցում է մեր իմաստությանը (Եսայիա 55։9)։ Եհովան չարությանը վերջ կդնի ամենահարմար ժամանակին՝ թե՛ վիճաբանական հարցերի լուծման տեսակետից, թե՛ մեր հավիտենական բարօրության։ Եվ իրոք, մի՞թե կարող էր այլ կերպ լինել։ Աստծո մոտ չկա՛ անարդարություն (Հռովմայեցիս 9։14–24)։
«Մօտեցէք Աստուծուն»
18 Հրատապության զգացում պահպանելու համար մենք պետք է մտերիմ փոխհարաբերություններ պահպանենք Եհովայի հետ։ Երբեք մի մոռացեք, որ Սատանան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի խզի մեր մտերիմ հարաբերությունները Եհովայի հետ։ Սատանան ձգտում է մեզ հավատացնել, թե վերջը երբեք չի գա, և թե անիմաստ է բարի լուրը քարոզել ու ապրել աստվածաշնչյան չափանիշների համաձայն։ Բայց նա «ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8։44)։ Մենք պետք է վճռականորեն ‘հակառակ կենանք Սատանային’։ Աստծո հետ ունեցած մեր անձնական փոխհարաբերությունները երբեք չպետք է թերագնահատենք։ Աստվածաշունչը կոչ է անում. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։7, 8)։ Ինչպե՞ս կարող եք մոտենալ Եհովային։
19 Անչափ կարևոր է աղոթքի օգնությամբ խորհելը։ Երբ կյանքի դժվարությունները ճնշում են ձեզ, բացեք ձեր սիրտը Եհովայի առջև։ Որքան կոնկրետ աղոթեք, այնքան ավելի հեշտ կլինի տեսնել Եհովայի պատասխանը։ Թեև պատասխանը գուցե ոչ միշտ լինի հենց այն, ինչին որ սպասում էիք, սակայն եթե ցանկանում եք Եհովային պատվել ու նրա հանդեպ անարատություն պահպանել, նա ձեզ անհրաժեշտ օգնությունը կտա, որ հաջողությամբ տոկաք (Ա Յովհաննէս 5։14)։ Տեսնելով նրա առաջնորդությունը ձեր կյանքում՝ ավելի կմոտենաք նրան։ Կենսական է նաև Աստվածաշունչ կարդալն ու Եհովայի հատկությունների և ճանապարհների շուրջ խորհրդածելը։ Այդպիսի խորհրդածությունը ձեզ կօգնի ավելի լավ ճանաչել նրան. դա կշարժի ձեր սիրտը և կխորացնի ձեր սերը նրա հանդեպ (Սաղմոս 19։14)։ Եվ վերջապես, ամեն ինչից առավել հենց այդպիսի սերը կօգնի ձեզ, որ դիմադրեք փորձություններին ու շարունակեք արթուն մնալ (Ա Յովհաննէս 5։3)։
20 Որպեսզի Եհովայի հետ մոտ հարաբերություններ պահպանենք, շատ կարևոր է, որ մեր հավատակիցների հետ նույնպես մոտ հարաբերություններ ունենանք։ Այդ մասին կխոսենք այս գրքույկի եզրափակիչ մասում։
Հարցեր ուսումնասիրության համար
• Ի՞նչ արեց Հիսուսը, երբ ծայրաստիճան լարված էր, մինչ մոտենում էր իր երկրային կյանքի ավարտը։ Իր աշակերտներին նա ի՞նչ կոչ արեց (պարբ. 1–4)։
• Ինչո՞ւ է Սատանան Եհովայի երկրպագուներին դարձրել իր թիրախը, և ի՞նչ կերպերով է նա մեզ փորձում (պարբ. 5–8)։
• Ինչո՞ւ մենք պետք է շարունակաբար աղոթենք փորձություններին դիմադրելու համար (պարբ. 9–12), մեր սպասելիքների մեջ իրատես լինելու համար (պարբ. 13–15), վիճաբանական հարցերի մասին հիշելու համար (պարբ. 16, 17) և ‘Աստծուն մոտենալու’ համար (պարբ. 18–20)։
[25–րդ էջի վրայի շրջանակը]
Որոշ գործոններ, որոնք կարող են վհատության պատճառ դառնալ
Առողջություն/ծերություն։ Քրոնիկ հիվանդությունը կամ ծերությունը կարող են մեզ վհատություն պատճառել, քանի որ դրանք սահմանափակում են Աստծուն ծառայելու մեր հնարավորությունները (Եբրայեցիս 6։10)։
Հիասթափություն։ Մենք կարող ենք հիասթափություն ապրել այն պատճառով, որ քարոզելով Աստծո Խոսքը՝ դրական արձագանքներ գրեթե չենք ստանում (Առակաց 13։12)։
Թերարժեքության զգացում։ Եթե տարիներ շարունակ մարդու հանդեպ վատ են վերաբերվել, ապա նրա մեջ կարող է այն համոզմունքն առաջանալ, որ իրեն ոչ ոք չի սիրում, նույնիսկ Եհովան (Ա Յովհաննէս 3։19, 20)։
Վիրավորված զգացմունքներ։ Հավատակցի կողմից հասցված վիրավորանքը կարող է այն աստիճան ընկճել մարդուն, որ նա, թերևս դրանից գայթակղվելով, դադարի քրիստոնեական հանդիպումներին հաճախելուց, ինչպես նաև քարոզչական ծառայությանը մասնակցելուց (Ղուկաս 17։1)։
Հալածանք։ Նրանք, ովքեր չեն ընդունում ձեր հավատը, կարող են հակառակել, հալածել կամ էլ ծաղրել ձեզ (Բ Տիմոթէոս 3։12; Բ Պետրոս 3։3, 4)։
[նկար 26–րդ էջի վրա]
Հիսուսը մեզ քաջալերեց անդադար աղոթել ու փորձությունների դեմ պայքարելու համար օգնություն խնդրել