-
Քարոզչության արդյունքները։ «Արտերը.... սպիտակել են հնձի համար»«Աստծու Թագավորությունը իշխում է»
-
-
1, 2. ա) Ինչո՞ւ էին աշակերտները տարակուսել։ բ) Հիսուսը ի՞նչ հնձի մասին էր խոսում։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ տարակուսանքի մեջ էին։ Քիչ առաջ Հիսուսը, ձեռքը տարածելով դեպի գարու արտերը, ասաց. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար»։ Բայց արտերը կանաչ էին, գարին նոր էր ծլել։ «Ի՞նչ հունձ,— հավանաբար անցավ նրանց մտքով։— Հնձին դեռ մի քանի ամիս կա» (Հովհ. 4։35)։
2 Բայց Հիսուսը բառացի հնձի մասին չէր խոսում։ Նա պահն օգտագործեց, որպեսզի աշակերտներին հոգևոր հնձի մասին երկու կարևոր բան սովորեցնի։ Իմանալու համար, թե ինչ, եկեք ավելի մանրամասն քննենք այս դրվագը։
Գործելու կոչ և ցանկալի պարգև
3. ա) Հավանաբար ի՞նչը մղեց Հիսուսին ասել, որ արտերը սպիտակել են (տես նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչպե՞ս Հիսուսը հստակեցրեց իր խոսքերը։
3 Հիսուսի և աշակերտների միջև այս զրույցը տեղի ունեցավ մ.թ. 30-ի վերջերին Սամարիայի Սյուքար քաղաքի մոտ։ Մինչ աշակերտները մտել էին քաղաք, Հիսուսը դրսում՝ ջրհորի մոտ հանգստանում էր։ Նա ջրի եկած մի կնոջ հետ խոսեց ճշմարտության մասին։ Կինն անմիջապես հասկացավ նրա ասածների կարևորությունը, և երբ աշակերտները վերադարձան, գնաց քաղաք, որ իր լսած բաների մասին պատմի ծանոթներին։ Նրա պատմածը մեծ հետաքրքրություն առաջացրեց քաղաքում, և շատերը շտապեցին դեպի ջրհորը, որ տեսնեն Հիսուսին։ Հավանաբար այդ պահին էր, որ Հիսուսը հեռվում՝ արտերից այն կողմ, տեսնելով դեպի իրենց եկող սամարացիներին, ասաց. «Նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար»։a Ապա հստակեցնելու նպատակով, որ ոչ թե բառացի, այլ հոգևոր հնձի մասին է խոսում, ավելացրեց. «Հնձվորը.... բերք է հավաքում հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4։5–30, 36)։
4. ա) Ի՞նչ երկու բան հայտնեց Հիսուսը հնձի մասին։ բ) Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։
4 Այսպիսով՝ ի՞նչ երկու կարևոր բան հայտնեց Հիսուսը հոգևոր հնձի մասին։ Առաջին՝ գործը հրատապ է։ «Արտերը.... սպիտակել են հնձի համար» խոսքերով նա իր հետևորդներին կոչ էր անում գործի անցնել։ Աշակերտներին հրատապության զգացում ներշնչելու համար նա ավելացրեց, որ արդեն «հնձվորն էլ ստանում է իր վարձը»։ Այո՛, հունձն արդեն սկսվել էր, ուշացնելու ժամանակը չէր։ Երկրորդ՝ աշխատողները ուրախ են։ Հիսուսն ասաց, որ ցանողներն ու հնձողները իրար հետ ուրախանալու են (Հովհ. 4։35բ, 36)։ Ինչպես ամենայն հավանականությամբ ինքը ուրախացավ՝ տեսնելով, որ «սամարացիներից շատերը հավատացին» իրեն, այնպես էլ աշակերտներն էին ուրախանալու, երբ սրտանց մասնակցեին հնձին ու տեսնեին արդյունքները (Հովհ. 4։39–42)։ Առաջին դարում տեղի ունեցած այս դեպքի արձանագրությունը առանձնակի կարևորություն ունի մեզ համար, քանի որ այն ներկայացնում է, թե ինչ է տեղի ունենում մեր օրերում՝ բոլոր ժամանակների ամենալայնամասշտաբ հոգևոր հնձի ընթացքում։ Իսկ ե՞րբ է սկսվել այս հունձը։ Ովքե՞ր են մասնակցում դրան։ Ի՞նչ արդյունքներ է այն ունեցել։
-
-
Քարոզչության արդյունքները։ «Արտերը.... սպիտակել են հնձի համար»«Աստծու Թագավորությունը իշխում է»
-
-
a Հիսուսը ասաց՝ սպիտակել են, հավանաբար այն պատճառով, որ իրենց մոտ եկող սամարացիները, ըստ ամենայնի, սպիտակ վերնահագուստներով էին։
-