Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kr գլ. 17 էջ 182–191
  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում
  • «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում»
  • Կրթվում են՝ լինելու քարոզիչներ
  • Եղբայրները կրթվում են՝ ստանձնելու հատուկ պատասխանատվություններ
  • Աստվածապետական դպրոցները. Եհովայի սիրո ապացույցն են
    2012 Դիտարան
  • Եհովայի վկաներն ինչպե՞ս են կրթվում իրենց ծառայությունը կատարելու համար
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Հնարավորինս ամեն բան սովորո՞ւմ ես Եհովայից
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ դպրոցներ կան ռահվիրաների համար
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Ավելին
«Աստծու Թագավորությունը իշխում է»
kr գլ. 17 էջ 182–191

ԳԼՈՒԽ 17

Թագավորի ծառաները կրթություն են ստանում

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես են աստվածապետական դպրոցները պատրաստում Թագավորության հպատակներին կատարելու իրենց նշանակումները

1–3. Ի՞նչ արեց Հիսուսը քարոզչական գործն ընդլայնելու համար, և դրա հետ կապված ի՞նչ հարցեր կքննենք։

ԵՐԿՈՒ տարի էր՝ Հիսուսը շրջում էր Գալիլեայի քաղաքներում և գյուղերում (կարդա՛ Մատթեոս 9։35–38)։ Նա ուսուցանում էր ժողովարաններում և քարոզում էր Թագավորության բարի լուրը։ Որտեղ էլ լիներ, մարդիկ խմբվում էին նրա շուրջը։ «Հունձը շատ է»,— ասաց նա։ Այո՛, աշխատողների կարիք կար։

2 Քարոզչական գործն ընդլայնելու համար Հիսուսը քայլեր ձեռնարկեց։ Նա իր 12 առաքյալներին ուղարկեց «Աստծու թագավորությունը քարոզելու» (Ղուկ. 9։1, 2)։ Հավանաբար նրանք իրենց հանձնարարության վերաբերյալ հարցեր ունեին։ Ուստի Հիսուսը նախ սիրով կրթեց նրանց, ինչպես որ Հայրն էր իրեն կրթել։

3 Իսկ ի՞նչ կրթություն էր նա Հորից ստացել և ի՞նչ սովորեցրեց իր առաքյալներին։ Արդյոք այսօր Մեսիական Թագավորը կրթո՞ւմ է իր հպատակներին իրենց ծառայությունը կատարելու համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Եկեք քննենք այս հարցերը։

«Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում»

4. Ե՞րբ և որտե՞ղ էր Հիսուսը կրթվել Հորից։

4 Հիսուսը հայտնեց, որ կրթվել է Հոր կողմից՝ ասելով. «Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում» (Հովհ. 8։28)։ Ե՞րբ և որտե՞ղ էր նա կրթվել։ Հավանաբար նա սկսել էր կրթություն ստանալ որպես Աստծու անդրանիկ Որդի ստեղծվելուց շատ չանցած (Կող. 1։15)։ Երկնքում՝ Հոր կողքին, նա անցկացրել էր անհամար տարիներ՝ լսելով և հետևելով «Մեծ Ուսուցչին» (Ես. 30։20)։ Արդյունքում՝ նա անգերազանցելի գիտելիքներ էր ձեռք բերել իր Հոր հատկությունների, գործերի և նպատակների վերաբերյալ։

5. Ինչպե՞ս Հայրը Որդուն պատրաստեց այն ծառայությանը, որ կատարելու էր երկրի վրա։

5 Երբ եկավ հարմար ժամանակը, Եհովան իր Որդուն սովորեցրեց նաև, թե ինչ ծառայություն էր անելու նա երկրի վրա։ Տեսնենք, թե ինչպես է մի մարգարեական խոսքում նկարագրվում Մեծ Ուսուցչի և նրա անդրանիկ Որդու փոխհարաբերությունը (կարդա՛ Եսայիա 50։4, 5)։ Այնտեղ գրված է, որ Եհովան արթնացնում էր Որդուն «ամեն առավոտ»։ Այս արտահայտությունը այնպիսի պատկեր է ստեղծում, ասես ուսուցիչը արթնացնում է աշակերտին վաղ առավոտյան, որ նրան կրթի։ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է. «Եհովան.... ասես դպրոց է տանում նրան՝ ինչպես մի աշակերտի, և սովորեցնում է, թե ինչ և ինչպես պիտի քարոզի»։ Երկնային «դպրոցում» Եհովան կրթել է Որդուն՝ «ինչ պիտի ասի և ինչ պիտի խոսի» (Հովհ. 12։49)։ Հայրը Որդուն սովորեցրել է նաև, թե ինչպես նա պետք է կրթի ուրիշներին։a Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը լավագույնս գործի դրեց իր ստացած գիտելիքները՝ ոչ միայն քարոզելով, այլև կրթելով իր հետևորդներին, որ կատարեն իրենց ծառայությունը։

6, 7. ա) Ի՞նչ կրթություն տվեց Հիսուսը առաքյալներին, և ինչի՞ էին պատրաստ նրանք դրանից հետո։ բ) Հիսուսը հոգ է տանում, որ իր հետևորդները ի՞նչ կրթություն ստանան այսօր։

6 Իսկ ի՞նչ սովորեցրեց Հիսուսը իր առաքյալներին։ Համաձայն Մատթեոս 10-րդ գլխի՝ նա կոնկրետ հրահանգներ տվեց նրանց ծառայության հետ կապված, օրինակ՝ թե որտեղ պետք է քարոզեն (համար 5, 6), ինչ պետք է քարոզեն (համար 7)։ Սովորեցրեց, որ պետք է ապավինեն Եհովային (համար 9, 10), ինչպես նաև թե ինչ մոտեցում ցուցաբերեն մարդկանց (համար 11–13), ինչ անեն, երբ իրենց խոսքը մերժեն (համար 14, 15), և ինչպես արձագանքեն, երբ հալածվեն (համար 16–23)։b Կրթությունը, որ տվեց Հիսուսը առաքյալներին, պատրաստեց նրանց առաջնորդություն վերցնելու բարի լուրի քարոզչության գործում։

7 Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Աստծու Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, իր հետևորդներին հանձնարարել է ամենակարևոր առաջադրանքը՝ քարոզել «Թագավորության այս բարի լուրը.... ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Այս կենսական գործը կատարելու համար Թագավորը կրթո՞ւմ է մեզ։ Անշո՛ւշտ։ Երկնքից նա հոգ է տանում, որ իր հետևորդները կրթություն ստանան այն մասին, թե ինչպես պետք է քարոզեն դաշտում և ինչպես պետք է կատարեն իրենց տարբեր պատասխանատվությունները ժողովում։

Կրթվում են՝ լինելու քարոզիչներ

8, 9. ա) Ո՞րն է Աստվածապետական ծառայության դպրոցի գլխավոր նպատակը։ բ) Ինչպե՞ս է այս դպրոցն օգնում քեզ ավելի արդյունավետ լինել ծառայության մեջ։

8 Վաղուց է արդեն, որ Եհովայի կազմակերպությունը համաժողովների և ժողովների, օրինակ, Ծառայողական հանդիպման միջոցով կրթում է Աստծու ժողովրդին ծառայության համար։ 1940-ականներից գլխավոր վարչությունում առաջնորդություն վերցնող եղբայրները կրթություն տրամադրելու համար սկսեցին կազմել տարբեր դպրոցներ։

9 Աստվածապետական ծառայության դպրոց։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, այս դպրոցը սկսել է անցկացվել 1943-ից։ Արդյո՞ք դրա նպատակն էր միայն կրթել քարոզիչներին, որ ժողովի հանդիպումների ժամանակ լավ ելույթներ ներկայացնեն։ Ո՛չ։ Սկզբից ևեթ դպրոցի գլխավոր նպատակն էր կրթել Աստծու ժողովրդին, որ իրենց խոսելու պարգևը օգտագործեն ծառայության մեջ Եհովային փառք բերելու համար (Սաղ. 150։6)։ Դպրոցում ընդգրկված բոլոր եղբայրներն ու քույրերը սովորել են Թագավորության ավելի արդյունավետ ծառաներ լինել։ Այժմ այդ կրթությունը նրանք ստանում են միջշաբաթյա հանդիպման ժամանակ։

10, 11. Այսօր ովքե՞ր են հրավիրվում «Գաղաադ» դպրոցում սովորելու, և ո՞րն է այս դպրոցի հիմնական նպատակը։

10 «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։ Այսօր այս անունը կրող դպրոցը բացվել է 1943-ի փետրվարի 1-ին։ Դպրոցը նախատեսված էր կրթելու համար ռահվիրաներին և այլ լիաժամ ծառայողներին, որ աշխարհի տարբեր վայրերում միսիոներներ լինեն։ Սակայն 2011-ի հոկտեմբերից դպրոցին մասնակցելու են հրավիրվում հատուկ լիաժամ ծառայություն կատարողները՝ հատուկ ռահվիրաները, շրջագայող վերակացուները իրենց կանանց հետ, բեթելցիները և այն միսիոներները, ովքեր այս դպրոցին դեռ չեն մասնակցել։

11 Ո՞րն է «Գաղաադ» դպրոցի նպատակը։ «Զորացնել ուսանողների հավատը Աստծու Խոսքի ուսումնասիրության միջոցով և օգնել նրանց, որ զարգացնեն հոգևոր հատկություններ, որոնք հարկավոր են իրենց նշանակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար։ Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների մեջ ավելի բորբոքել քարոզչական գործին ակտիվորեն մասնակցելու ցանկությունը»,— ասաց «Գաղաադի» երկար տարիների ուսուցիչներից մեկը (Եփես. 4։11)։

12, 13. Ինչպե՞ս է «Գաղաադ» դպրոցը նպաստել համաշխարհային քարոզչական գործի առաջընթացին։

12 Ինչպե՞ս է «Գաղաադ» դպրոցը նպաստել համաշխարհային քարոզչական գործի առաջընթացին։ 1943-ից ի վեր ավելի քան 8500 անհատներ կրթվել են այս դպրոցում,c և այս դասընթացն անցած միսիոներները ծառայել են 170-ից ավել երկրներում։ Նրանք իրենց ստացած կրթությունը լավագույնս օգտագործել են՝ ծառայության մեջ նախանձախնդիր քարոզիչների օրինակ թողնելով և սովորեցնելով ուրիշներին նույնն անել։ Շատ վայրերում, որտեղ Թագավորության քարոզիչները քիչ են եղել կամ ընդհանրապես չեն եղել, միսիոներներն են առաջ տարել քարոզչական գործը։

13 Որպես օրինակ՝ տեսնենք Ճապոնիան։ Այստեղ կազմակերպված դաշտի ծառայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրեթե լիովին դադարեց։ 1949-ի օգոստոսին քարոզիչների թիվը տասի էլ չէր հասնում։ Սակայն տարեվերջին «Գաղաադն» ավարտած 13 միսիոներներ սկսեցին եռանդորեն ծառայել այս երկրում։ Հետո էլի շատ միսիոներներ եկան։ Սկզբում նրանք իրենց ուժերը կենտրոնացրին մեծ քաղաքների վրա, հետո տեղափոխվեցին փոքր բնակավայրեր։ Նրանք քաջալերում էին իրենց ուսուցումներին և ուրիշներին դառնալ քարոզիչներ ու ռահվիրայական ծառայություն սկսել։ Նրանց նախանձախնդիր ծառայությունը առատ պտուղներ բերեց։ Այսօր Ճապոնիայում կան ավելի քան 216000 քարոզիչներ, որոնց գրեթե 40 տոկոսը ռահվիրա է։d

14. Աստվածապետական դպրոցները ի՞նչ են ապացուցում (տես նաև «Դպրոցներ, որտեղ կրթվում են Թագավորի ծառաները» շրջանակը, էջ 188)։

14 Աստվածապետական այլ դպրոցներ։ Ռահվիրայական ծառայության դպրոցը, Քրիստոնյա զույգերի դպրոցը և Ամուրի եղբայրների դպրոցը օգնել են քարոզիչներին հոգևորապես աճելու և քարոզչական գործում նախանձախնդիր առաջնորդություն վերցնելու։e Բոլոր այս դպրոցները անհերքելի ապացույցներ են, որ Թագավորը կրթում է մեզ, որ կատարենք մեր ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։

Եղբայրները կրթվում են՝ ստանձնելու հատուկ պատասխանատվություններ

15. Պատասխանատու եղբայրները ի՞նչ առումով են ուզում ընդօրինակել Հիսուսին։

15 Կրկին հիշենք «Եսայիա» գրքի այն խոսքը, որտեղ պատկերավոր կերպով ներկայացվում է, թե ինչպես է Աստված կրթել իր Որդուն։ Այս երկնային «դպրոցում» Որդին սովորեց, թե «ինչպես խոսքով մխիթարել հոգնածին» (Ես. 50։4)։ Իր ձեռք բերած գիտելիքները նա կիրառեց, երբ երկրի վրա էր՝ թարմացնելով «հոգնածներին ու բեռնավորվածներին» (Մատթ. 11։28–30)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ այն տղամարդիկ, ովքեր պատասխանատվություններ ունեն ժողովում, ցանկանում են թարմության աղբյուր լինել իրենց եղբայրների և քույրերի համար։ Այդ նպատակով տարբեր դպրոցներ են կազմակերպվել, որտեղ համապատասխան որակներ ունեցող եղբայրները կրթվում են, որպեսզի ավելի արդյունավետորեն կատարեն իրենց հավատակիցներին ծառայելու առանձնաշնորհումը։

16, 17. Ո՞րն է Թագավորական ծառայության դպրոցի նպատակը (տես նաև ծանոթագրությունը)։

16 Թագավորական ծառայության դպրոց։ Այս դպրոցի առաջին դասարանը սկսեց իր դասերը 1959-ի մարտի 9-ին Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։ Մեկ ամիս տևող այս դասընթացին հրավիրվում էին մասնակցել շրջագայող վերակացուները և ժողովի ծառայողները։ Ժամանակի ընթացքում դպրոցի ծրագիրը թարգմանվեց այլ լեզուներով և սկսեց անցկացվել ամբողջ աշխարհում։f

Լոյդ Բերին Թագավորության ծառայության դպրոցում դաս անցկացնելիս, Ճապոնիա, 1970

Եղբայր Լոյդ Բերին Թագավորական ծառայության դպրոցում դաս անցկացնելիս Ճապոնիայում, 1970

17 Դպրոցի նպատակի վերաբերյալ 1962թ. «Եհովայի վկաների տարեգրքում» ասվում էր. «Այս զբաղված աշխարհում Եհովայի վկաների ժողովի վերակացուն պետք է լինի մեկը, ով կարող է կազմակերպել իր ժամանակն այնպես, որ պատշաճ ուշադրություն ցույց տա ժողովի բոլոր անդամներին և լինի օրհնություն նրանց համար։ Միևնույն ժամանակ նա հանուն ժողովի չպետք է անտեսի իր ընտանիքին, այլ պետք է խորագետ ու ողջամիտ լինի։ Այս դպրոցը հիանալի հնարավորություն է ժողովում ծառայող եղբայրների համար՝ ստանալու կրթություն, որը կօգնի նրանց անել հենց այն, ինչ Աստվածաշունչը պահանջում է վերակացուներից» (1 Տիմոթ. 3։1–7; Տիտոս 1։5–9)։

18. Ինչպե՞ս են Աստծու բոլոր ծառաները օգուտներ քաղում Թագավորական ծառայության դպրոցից։

18 Թագավորական ծառայության դպրոցից օգուտներ են քաղում Աստծու բոլոր ծառաները։ Ինչպե՞ս։ Երբ երեցները և ծառայող օգնականները կիրառում են այն, ինչ սովորում են այս դպրոցում, նրանք, Հիսուսի պես, թարմության աղբյուր են լինում իրենց հավատակիցների համար։ Մի՞թե գնահատանքի արժանի չեն այն եղբայրները, ովքեր պատրաստ են մեզ լսելու, բարի խոսք ասելու և քաջալերելու իրենց այցելություններով (1 Թեսաղ. 5։11)։ Այսպիսի տղամարդիկ իսկական օրհնություն են ժողովների համար։

19. Ուրիշ ի՞նչ դպրոցների մասին է հոգ տանում ուսումնական կոմիտեն, և ի՞նչ նպատակի են ծառայում այդ դպրոցները։

19 Աստվածապետական այլ դպրոցներ։ Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեն հոգ է տանում, որ այլ դպրոցներ ևս անցկացվեն, որտեղ կրթվում են կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող եղբայրները։ Դրանց նպատակն է օգնել ժողովի երեցներին, շրջագայող վերակացուներին և մասնաճյուղի կոմիտեի անդամներին ավելի արդյունավետորեն կատարել կազմակերպության մեջ իրենց պատասխանատվությանը հանձնված գործերը։ Աստվածաշնչի վրա հիմնված այս դասընթացների ժամանակ նրանք խրախուսվում են պահպանել իրենց հոգևոր լավ վիճակը և կիրառել սուրբգրային սկզբունքները, երբ հոգում են թանկագին գառնուկների մասին, որ Եհովան վստահել է իրենց (1 Պետ. 5։1–3)։

Ծառայության կատարելագործման դպրոցի առաջին դասարանը Մալավիում

Ծառայության կատարելագործման դպրոցի առաջին դասարանը Մալավիում, 2007

20. Հիսուսն ինչո՞ւ կարող էր ասել, որ բոլորս «Եհովայից ուսուցանված կլինենք», և ի՞նչ ես դու վճռել անել։

20 Ակնհայտ է՝ Մեսիական Թագավորը հետևում է, որ Աստծու ժողովուրդը լավ կրթված լինի։ Այս կրթության աղբյուրը Եհովան է. նա կրթել է իր Որդուն, Որդին էլ կրթում է իր հետևորդներին։ Այդ իսկ պատճառով Հիսուսը կարող էր ասել, որ մենք բոլորս «Եհովայից ուսուցանված կլինենք» (Հովհ. 6։45; Ես. 54։13)։ Եկեք միշտ լիարժեքորեն օգտվենք այն կրթությունից, որ Թագավորը տրամադրում է մեզ։ Թող որ միշտ հիշենք, որ այս կրթության գլխավոր նպատակն է օգնել մեզ, որ հոգևորապես ամուր մնանք և լիովին կատարենք մեր ծառայությունը։

a Ինչի՞ց գիտենք, որ Հայրն է սովորեցրել Որդուն, թե ինչպես կրթել։ Այն, որ Հիսուսը բազում առակներով էր սովորեցնում, նրա ծնվելուց դարեր առաջ գրված մարգարեության կատարումն էր (Սաղ. 78։2; Մատթ. 13։34, 35)։ Պարզ է, որ այդ մարգարեության Աղբյուրը՝ Եհովան, նախապես որոշել էր, որ իր Որդին առակների միջոցով է ուսուցանելու (2 Տիմոթ. 3։16, 17)։

b Ամիսներ անց Հիսուսը «նշանակեց ուրիշ յոթանասուն հոգու և.... երկու-երկու ուղարկեց»։ Նա նրանց էլ նախապես կրթեց (Ղուկ. 10։1–16)։

c Որոշ մարդիկ «Գաղաադում» սովորել են մեկից ավելի անգամ։

d Այն մասին, թե «Գաղաադն» ավարտած միսիոներները ինչ մեծ ներդրում են ունեցել համաշխարհային քարոզչական գործում, կարդա «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի 23-րդ գլխում։

e Վերջին երկու դպրոցների փոխարեն այժմ գործում է Թագավորության քարոզիչների դպրոցը։

f Այժմ բոլոր երեցները մասնակցում են Թագավորության ծառայության դպրոցին, որի դասընթացները տարբեր տևողություն ունեն և անցկացվում են մի քանի տարին մեկ։ 1984-ից սկսած՝ ծառայող օգնականները նույնպես մասնակցում են այս դպրոցին։

Որքա՞ն իրական է Թագավորությունը քեզ համար

  • Ի՞նչ կրթություն է Հիսուսը ստացել Հորից։

  • Ինչպե՞ս է Թագավորը իր հետևորդներին կրթում, որ դառնան լավ քարոզիչներ։

  • Ի՞նչ կրթություն են ստանում եղբայրները իրենց պատասխանատվությունները կատարելու համար։

  • Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես Թագավորի տրամադրած կրթությունը։

ԴՊՐՈՑՆԵՐ, ՈՐՏԵՂ ԿՐԹՎՈՒՄ ԵՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԾԱՌԱՆԵՐԸ

ՄԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Նպատակը։ Ուսուցանել քարոզիչներին, որ լինեն բարի լուրի արդյունավետ քարոզիչներ և ուսուցիչներ։

Տևողությունը։ Մշտական։

Վայրը։ Անցկացվում է Թագավորության սրահում։

Սովորողները։ Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն համագործակցում են ժողովի հետ, համաձայն են աստվածաշնչյան ուսմունքներին և ապրում են քրիստոնեական չափանիշներով։ Ընդգրկվելու համար դիմել վերակացուին։

Օգուտները։ Մենք սովորում ենք փնտրտուքներ անել և նյութը տրամաբանորեն ներկայացնել, ինչպես նաև լսել ուրիշներին և ուշադրություն դարձնել ոչ միայն սեփական, այլև ուրիշների հոգևոր կարիքների վրա։

Առնին, ով արդեն երկար տարիների շրջագայող վերակացու է, ասում է. «Ես մանկուց կակազել եմ և դժվարացել եմ տեսողական կապ պահել։ Այս [հանդիպումը] օգնեց ինձ վստահություն ձեռք բերել։ Եհովայի տրամադրած այս կրթության շնորհիվ սովորեցի ճիշտ շնչել և միտքս կենտրոնացնել։ Երախտապարտ եմ, որ կարողանում եմ գովաբանել Եհովային ժողովում և ծառայության ժամանակ»։

Փոքրիկ քարոզիչը ընթերցում է Աստվածաշնչից Աստվածապետական ծառայության դպրոցում

ԺՈՂՈՎԻ ԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑg

Նպատակը։ Օգնել երեցներին հարստացնել իրենց հոգևոր գիտելիքները և կատարել ժողովում ունեցած պարտականությունները։

Տևողությունը։ Հինգ օր։

Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է մոտակա Թագավորության սրահում կամ համաժողովների սրահում։

Սովորողները։ Երեցները, որոնց հրավիրում է մասնաճյուղը։

Օգուտները։ Պատերսոնում (Նյու Յորք, ԱՄՆ) անցկացված այս դպրոցի 92-րդ դասարանում սովորած երկու եղբայրներ ասում են.

«Դպրոցը ինձ շատ օգնեց։ Սովորեցի կողքից նայել ինձ և տեսնել, թե ինչպես կարող եմ հոգ տանել Եհովայի գառնուկներին»։

«Դպրոցի տված կրթությունը երբեք չեմ մոռանա»։

ՌԱՀՎԻՐԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Նպատակը։ Օգնել ռահվիրաներին, որ «ամբողջովին կատարեն» իրենց ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։

Տևողությունը։ Վեց օր։

Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է մոտակա Թագավորության սրահում։

Սովորողները։ Այն քարոզիչները, ովքեր առնվազն մեկ տարի ընդհանուր ռահվիրա են ծառայել, ընդգրկվում են դպրոցում և այդ մասին նամակով տեղեկացվում են շրջանային վերակացուից։ Կարող են հրավիրվել նաև երկար տարիների ռահվիրաները, որոնք վերջին անգամ դպրոցում սովորել են հինգ և ավելի տարիներ առաջ։

Օգուտները։ «Դպրոցի շնորհիվ կարողանում եմ հաղթահարել ծառայության, ինչպես նաև կյանքի դժվարությունները,— ասում է Լիլի անունով մի քույր։— Հիմա ես ավելի լավ եմ ուսումնասիրում Աստվածաշունչը, ավելի հմտորեն եմ այն օգտագործում և ուրիշներին սովորեցնում։ Մի խոսքով՝ լավ պատրաստված եմ օգնելու ուրիշներին, աջակցելու երեցներին և նպաստելու ժողովի աճին»։

Բրենդան, ով երկու անգամ սովորել է այս դպրոցում, ասում է. «Դպրոցը հնարավորություն տվեց ինձ լիովին զբաղված լինել հոգևոր բաներով, մարզել խիղճս և կենտրոնանալ ուրիշներին օգնելու վրա։ Հասկացա, թե ինչքան մեծահոգի է Եհովան»։

ԲԵԹԵԼԻ ՍԿՍՆԱԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Նպատակը։ Օգնել նոր բեթելցիներին հաջողությամբ կատարել իրենց ծառայությունը։

Տևողությունը։ Չորս օր, օրական չորս ժամ։

Վայրը։ Անցկացվում է Բեթելում։

Սովորողները։ Բեթելի մշտական անդամները և այն ժամանակավոր կամավորները, որոնք հրավիրվել են ծառայելու մեկ տարի կամ ավելի ժամանակով։

Օգուտները։ Դեմիտրիուս անունով մի եղբայր, ով այս դպրոցում սովորել է 1980-ականներին, ասում է. «Դասընթացը բարելավեց ուսումնասիրության իմ սովորությունները և նախապատրաստեց ինձ Բեթելում երկար ծառայելուն։ Դպրոցի ծրագրի, ուսուցիչների և տրված գործնական խորհուրդների շնորհիվ համոզվեցի, որ Եհովան սիրում է ինձ, հոգ է տանում իմ մասին և ուզում է, որ հաջողությամբ կատարեմ Բեթելի իմ ծառայությունը»։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ԴՊՐՈՑh

Նպատակը։ Լիաժամ ծառայողներին (ամուսնական զույգերին, ամուրի եղբայրներին և քույրերին) հատուկ ուսուցում տալ, որպեսզի կարողանան ավելի շատ բան անել Եհովայի համար նրա կազմակերպության մեջ։ Շրջանավարտներից շատերը նշանակվում են իրենց երկրում ծառայելու այնպիսի վայրերում, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Մինչև 50 տարեկան շրջանավարտները հնարավոր է՝ նշանակվեն ժամանակավոր հատուկ ռահվիրաներ մեկուսի բնակավայրերում՝ քարոզչական գործը սկսելու կամ ընդլայնելու համար։

Տևողությունը։ Երկու ամիս։

Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։ Սովորաբար անցկացվում է Թագավորության սրահում կամ համաժողովների սրահում։

Քույրը ծառայության ընթացքում

Եղբայրներն ու քույրերը օգուտներ են քաղում աստվածապետական կրթությունից

Սովորողները։ 23–65 տարեկան լիաժամ ծառայողները, ովքեր ունեն լավ առողջություն և այնպիսի հանգամանքներ, որ կարող են ծառայել այնտեղ, որտեղ մեծ կարիք կա, և ովքեր Եսայիա մարգարեի պես պատրաստ են ասելու. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Բոլոր սովորողները՝ ամուրի եղբայրները, քույրերը, ինչպես նաև ամուսնական զույգերը պետք է առնվազն երկու տարի անընդմեջ լիաժամ ծառայած լինեն։ Զույգերը պետք է ամենաքիչը երկու տարվա ամուսիններ լինեն։ Եղբայրները նաև պետք է լինեն երեց կամ առնվազն երկու տարվա ծառայող օգնական։ Եթե այս դպրոցը գործում է ձեր մասնաճյուղի տարածքում, տարածաշրջանային համաժողովի ժամանակ հանդիպում կլինի, որտեղ սովորել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կստանան։

Օգուտները։ Դրական շատ արձագանքներ են ստացվել նրանցից, ովքեր սովորել են ամուրի եղբայրների և ամուսնական զույգերի համար անցկացվող աստվածաշնչյան դպրոցներում։ 2013թ.-ին Կառավարիչ մարմինը միավորեց այդ երկու դպրոցները և դարձրեց մեկը, որը կոչվում է Թագավորության քարոզիչների դպրոց։ Այժմ ավելի շատ ռահվիրաներ, այդ թվում նաև ամուրի քույրերը կարող են օգուտ քաղել այս դպրոցից։

«ԴԻՏԱՐԱՆԻ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ «ԳԱՂԱԱԴ» ԴՊՐՈՑ

Նպատակը։ Շրջանավարտներին պատրաստել ծառայելու որպես շրջագայող վերակացուներ, միսիոներներ կամ բեթելցիներ։ Իրենց սովորածը կիրառելով՝ նրանք կնպաստեն ժողովների ամրությանը և մասնաճյուղի գործունեության կազմակերպմանը։

Տևողությունը։ Հինգ ամիս։

Վայրը։ Անցկացվում է «Դիտարանի» կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք)։

«Գաղաադ» դպրոցում դասի ժամանակ

«Գաղաադ» դպրոց, Պատերսոն, Նյու Յորք

Սովորողները։ Այն ամուսնական զույգերը, ամուրի եղբայրներն ու քույրերը, ովքեր արդեն հատուկ լիաժամ ծառայության մեջ են՝ հատուկ ռահվիրաները, բեթելցիները, շրջագայող վերակացուներն ու նրանց կանայք, ինչպես նաև այն միսիոներները, որոնք «Գաղաադի» շրջանավարտներ չեն եղել։ Մասնաճյուղն է առաջարկում դիմում լրացնել։ Դիմողները պետք է կարողանան գրել, կարդալ և խոսել անգլերեն։

Օգուտները։ Լադեն և Մոնիկը՝ ամուսնական զույգ ԱՄՆ-ից, ովքեր արդեն մի քանի տարի է՝ ծառայում են ուրիշ երկրում, ասում են.

««Գաղաադ»-ը նախապատրաստեց մեզ գնալու աշխարհի ցանկացած վայր և լծվելու քարոզչական գործին մեր սիրելի եղբայրների և քույրերի հետ» (Լադե)։

«Կիրառելով այն, ինչ սովորել եմ Աստծու Խոսքից՝ մեծ ուրախություն եմ ստանում իմ նշանակման մեջ։ Այդ ուրախությունը Եհովայի սիրո ապացույցն է» (Մոնիկ)։

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Նպատակը։ Ուսուցանել շրջագայող վերակացուներին, երեցներին և ծառայող օգնականներին ավելի լավ կատարել կազմակերպության մեջ ունեցած իրենց պարտականությունները (Գործ. 20։28)։ Դասերի ընթացքում անդրադառնում են ժողովների ներկա վիճակին, խնդիրներին և կարիքներին։ Անցկացվում է մի քանի տարին մեկ՝ Կառավարիչ մարմնի որոշմամբ։

Տևողությունը։ Վերջին տարիներին այս դպրոցը տարբեր տևողություն է ունեցել։

Վայրը։ Սովորաբար անցկացվում է մոտակա Թագավորության սրահում կամ համաժողովների սրահում։

Սովորողները։ Երեցներն ու ծառայող օգնականները հրավեր են ստանում շրջանային վերակացուից, իսկ շրջագայող վերակացուներին հրավիրում է մասնաճյուղը։

Օգուտները։ «Թեպետ դասընթացը սեղմ է ու հակիրճ, սակայն օգնում է երեցներին պահպանելու իրենց ուրախությունը և արիությամբ կատարելու Եհովայի ծառայությունը։ Թե՛ նոր, թե՛ երկար տարիների երեցները սովորում են արդյունավետորեն հովվել և «միաբանված լինել մտքով և մտածելակերպով» (Քուին)։

«Դպրոցն օգնեց լինել հավասարակշռված. խորացրինք մեր հոգևոր գիտելիքները, տեղեկացանք վտանգների մասին և ստացանք գործնական խորհուրդներ, թե ինչպես հոգ տանել հոտին» (Մայքլ)։

ԴՊՐՈՑ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐi

Նպատակը։ Օգնել շրջանային վերակացուներին ավելի արդյունավետորեն ծառայելու ժողովներին (1 Տիմոթ. 5։17; 1 Պետ. 5։2, 3)։

Տևողությունը։ Մեկ ամիս։

Վայրը։ Որոշում է մասնաճյուղը։

Սովորողները։ Մասնաճյուղն է հրավիրում շրջանային վերակացուներին ու նրանց կանանց։

Օգուտները։ «Մենք ավելի լավ հասկացանք, թե ինչ է նշանակում այն, որ Հիսուսը կազմակերպության գլուխն է։ Հասկացանք, թե որքան կարևոր է քաջալերել եղբայրներին ու քույրերին և ամրապնդել յուրաքանչյուր ժողովի միասնությունը։ Դասընթացի ժամանակ շեշտվեց այն միտքը, որ երբ շրջագայող վերակացուն խորհուրդ է տալիս կամ նույնիսկ խրատում է, նրա գլխավոր նպատակը պետք է լինի օգնել եղբորը կամ քրոջը տեսնելու, որ Եհովան սիրում է նրան» (Ջոել և Քոնի, 1-ին դասարան, 1999թ.)։

ԴՊՐՈՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

Նպատակը։ Օգնել մասնաճյուղերի կոմիտեների անդամներին ավելի լավ ղեկավարել Բեթելի գործունեությունը, ուշադրություն դարձնել ժողովներին և շրջաններում քարոզչական ծառայությանն առնչվող հարցերին (Ղուկ. 12։48բ)։

Տևողությունը։ Երկու ամիս։

Վայրը։ Անցկացվում է «Դիտարանի» կրթական կենտրոնում (Պատերսոն, Նյու Յորք)։

Սովորողները։ Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեն է հրավիրում մասնաճյուղի կամ երկրի կոմիտեի անդամներին ու նրանց կանանց։

Օգուտները։ Լոուելն ու Կառան, ովքեր սովորել են 25-րդ դասարանում, ծառայում են Նիգերիայում։

«Դասընթացը հիշեցրեց, որ Աստծուն հաճելի լինելը կախված չէ մեր զբաղվածության չափից կամ մեր կատարած աշխատանքից,— ասում է Լոուելը։— Նրա համար ամենակարևորը մեր հոգևոր վիճակն է»։

Կառան պատմում է, թե ինչ դաս է քաղել դպրոցից. «Եթե ինչ-որ բան չեմ կարողանում պարզ բացատրել, նշանակում է՝ նախքան ինչ-որ մեկին սովորեցնելը պետք է ինքս մի լավ ուսումնասիրեմ այդ թեման»։

g Այս դպրոցը դեռևս ոչ բոլոր երկրներում է գործում։

h Այս դպրոցը դեռևս ոչ բոլոր երկրներում է գործում։

i Այս դպրոցը դեռևս ոչ բոլոր երկրներում է գործում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը