Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 9/1 էջ 13–18
  • Զգուշանանք ‘օտարների ձայնից’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զգուշանանք ‘օտարների ձայնից’
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ով որ դռնովը չէ մտնում»
  • Երբ է օտարի ձայնը լսվել առաջին անգամ
  • Ինչպես է օտարների ձայնը լսվում այսօր
  • «Փորձեք ներշնչյալ արտահայտությունները»
  • «Նորանից փախչում են»
  • Բարի հովիվը և փարախները
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ոչխարների փարախները և Հովիվը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Որտե՞ղ կարող ենք մխիթարություն գտնել
    Սովորիր Մեծ Ուսուցչից
2004 Դիտարան
w04 9/1 էջ 13–18

Զգուշանանք ‘օտարների ձայնից’

«Օտարի ետեւից չեն գնում. այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 10։5)։

1, 2. ա) Ինչպե՞ս արձագանքեց Մարիամը, երբ Հիսուսը տվեց նրա անունը, և այդ դեպքը Հիսուսի ո՞ր խոսքերի ճշմարտացիությունն է փաստում։ բ) Ի՞նչն է օգնում մեզ քայլել Հիսուսի կողքով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ առած Հիսուսը նայում է մի կնոջ, որը կանգնած է իր դատարկ գերեզմանի կողքին։ Այդ կնոջը նա լավ է ճանաչում։ Դա Մարիամ Մագդաղենացին է։ Մոտավորապես երկու տարի առաջ Հիսուսը ազատեց նրան դևերի ազդեցությունից։ Այդ ժամանակվանից ի վեր կինը ուղեկցում է Հիսուսին և առաքյալներին՝ հոգ տանելով նրանց առօրյա կարիքների մասին (Ղուկաս 8։1–3)։ Այսօր, սակայն, Մարիամը վշտացած լաց է լինում. ասես Հիսուսի մահը բավական չէր, հիմա էլ նրա մարմինն է անհետացել։ Հիսուսը հարցնում է. «Կին, ի՞նչու ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում»։ Կարծելով, թե իր հետ խոսողը պարտիզպանն է՝ Մարիամը պատասխանում է. «Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան»։ Այդ ժամանակ Հիսուսն ասում է՝ Մարիա՛մ։ Կինն անմիջապես ճանաչում է ծանոթ դիմելաձևը։ «Վարդապետ»,— ուրախությամբ բացականչում է նա՝ փարվելով Հիսուսին (Յովհաննէս 20։11–18)։

2 Նկարագրված դեպքը հուզիչ կերպով փաստում է այն խոսքերի ճշմարտացիությունը, որ Հիսուսն ասել էր դրանից որոշ ժամանակ առաջ։ Համեմատելով իրեն հովվի հետ, իսկ իր հետևորդներին՝ ոչխարների՝ Հիսուսը ասել էր, որ հովիվն իր ոչխարներին կանչում է անունով, և նրանք ճանաչում են հովվի ձայնը (Յովհաննէս 10։3, 4, 14, 27, 28)։ Եվ իրոք, ինչպես որ ոչխարներն են ճանաչում իրենց հովվին, այնպես էլ Մարիամը ճանաչեց իր Հովվին՝ Քրիստոսին։ Նույնը կարելի է ասել նաև Հիսուսի այժմյան հետևորդների մասին (Յովհաննէս 10։16)։ Ճիշտ ինչպես ձայները զանազանելու ունակությունն է օգնում ոչխարին քայլել հովվի կողքով, այնպես էլ զանազանելու մեր հոգևոր ունակությունն է օգնում մեզ քայլել մեր Բարի Հովվի՝ Հիսուս Քրիստոսի «ոտնահետքերով» (Յովհաննէս 13։15; Ա Յովհաննէս 2։6; 5։20)։

3. Ինչպիսի՞ հարցեր են ծագում՝ ոչխարների մասին Հիսուսի առակի հետ կապված։

3 Համաձայն նույն առակի՝ ձայները զանազանելու ունակությունը օգնում է ոչխարին ճանաչել ոչ միայն իր բարեկամին, այլև թշնամուն։ Նման ունակություն անհրաժեշտ է նաև մեզ, քանի որ մենք նենգ հակառակորդներ ունենք։ Ովքե՞ր են նրանք։ Ինչպե՞ս են գործում։ Եվ ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեզ։ Այս հարցերի պատասխանը գտնելու համար տեսնենք, թե ուրիշ ինչ մտքեր ասաց Հիսուսը ոչխարների մասին իր առակում։

«Ով որ դռնովը չէ մտնում»

4. Հովվի մասին առակի համաձայն՝ ո՞ւմ են ոչխարները հետևում և ո՞ւմ չեն հետևում։

4 Հիսուսն ասում է. «Դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։ Դռնապանը նորա համար բաց է անում. եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։ Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։ Բայց օտարի ետեւից չեն գնում. այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում» (Յովհաննէս 10։2–5)։ Ուշադրություն դարձնենք, որ Հիսուսն այստեղ երեք անգամ օգտագործում է «ձայն» բառը։ Երկու անգամ նա խոսում է հովվի ձայնի մասին, իսկ երրորդ անգամ ‘օտարների ձայնի’։ Ի՞նչ օտարների մասին է խոսում Հիսուսը։

5. Ինչո՞ւ մենք հյուրասիրություն չենք ցուցաբերում այն օտարների հանդեպ, որոնց մասին հիշատակվում է Յովհաննէս 10–րդ գլխում։

5 Հիսուսը չի խոսում անծանոթ մարդկանց մասին, որոնց կցանկանայինք հյուրասիրություն ցույց տալ։ Այդ գաղափարը փոխանցող բառը Աստվածաշնչի բնագրային լեզվում կրում է «սեր անծանոթների հանդեպ» իմաստը (Եբրայեցիս 13։2)։ Հիսուսի առակի մեջ հիշատակվող օտարը հրավիրված հյուր չէ։ Նա «դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ աւազակ» (Յովհաննէս 10։1)։ Ո՞վ է Աստծո Խոսքում հիշատակվող առաջին անձնավորությունը, որը դարձավ գող և ավազակ։ Բանսարկու Սատանան։ Այդ բանի վկայությունը գտնում ենք «Ծննդոց» գրքում։

Երբ է օտարի ձայնը լսվել առաջին անգամ

6, 7. Ինչո՞ւ տեղին կլինի Սատանային օտար և գող անվանել։

6 Ծննդոց 3։1–5-ում նկարագրվում է, թե առաջին անգամ երկրի վրա ինչպես լսվեց օտարի ձայնը։ Այնտեղ նշվում է, որ Սատանան օձի միջոցով մոտեցավ առաջին կնոջը՝ Եվային, և խոսեց այնպես, որ մոլորության մեջ գցի նրան։ Ճիշտ է, այդ արձանագրության մեջ Սատանան բառացիորեն «օտար» չի կոչվում, սակայն նրա գործողությունները ցույց են տալիս, որ շատ բաներով նա նման է Յովհաննէս 10–րդ գլխում բերված առակի օտարին։ Տեսնենք, թե ինչ նմանություններ կան նրանց միջև։

7 Հիսուսը նշում է, որ օտարը փարախում գտնվող իր զոհերի մոտ չի գնում ուղիղ ճանապարհով։ Նույնը և Սատանան. նա իր զոհին մոտեցավ քողարկված կերպով՝ օձի միջոցով։ Այս խորամանկ քայլը ցույց տվեց, թե ով էր Սատանան իրականում։ Նա նենգ և անկոչ հյուր էր։ Բացի այդ, փարախ մտած օտարականը մտադիր է կողոպտել ոչխարների օրինական տիրոջը։ Իրականում, նա գողից էլ վատն է, քանի որ նաև ‘սպանելու և կորցնելու’ նպատակ ունի (Յովհաննէս 10։10)։ Նույնը և Սատանան. նա գող էր։ Եվային մոլորեցնելով՝ Բանսարկուն գողացավ նրա նվիրվածությունն առ Աստված։ Ավելին, Սատանան մարդկանց մահ բերեց։ Ուստի նա նաև մարդասպան է։

8. Սատանան ինչպե՞ս աղավաղեց Եհովայի խոսքերն ու կասկածի ենթարկեց նրա մղումները։

8 Սատանայի անազնվությունը երևում է այն բանից, թե ինչպես նա աղավաղեց Եհովայի խոսքերն ու կասկածի ենթարկեց Աստծո մղումները։ «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»,— հարցրեց նա Եվային։ Սատանան ձևացրեց, թե ապշած է՝ ըստ էության, ասելով. «Ինչպե՞ս կարող է Աստված այդքան անխոհեմ լինել»։ Այնուհետև Բանսարկուն նշեց. «Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին»։ Ուշադրություն դարձնենք «Աստուած գիտէ» խոսքերի վրա։ Սատանան փաստորեն ասաց. «Ես գիտեմ, թե ինչ գիտի Աստված, գիտեմ նրա շարժառիթները և կարող եմ ասել, որ դրանք վատն են» (Ծննդոց 2։16, 17; 3։1, 5)։ Ցավոք, Ադամն ու Եվան չմերժեցին օտարի ձայնը։ Փոխարենը՝ նրանք լսեցին այդ ձայնին և դրանով դժբախտություն բերեցին թե՛ իրենց, թե՛ իրենց զավակներին (Հռովմայեցիս 5։12, 14)։

9. Ինչո՞ւ պետք է ակնկալենք, որ օտարների ձայնը կլսվի նաև այսօր։

9 Այսօր Սատանան նույն մեթոդներն է կիրառում Աստծո ժողովրդին մոլորեցնելու համար (Յայտնութիւն 12։9)։ Նա ‘ստության հայրն’ է, և այն անհատները, ովքեր Սատանայի նման փորձում են մոլորեցնել Աստծո ծառաներին, նրա որդիներն են (Յովհաննէս 8։44)։ Տեսնենք, թե ինչպես է այդ օտարների ձայնը լսվում այսօր։

Ինչպես է օտարների ձայնը լսվում այսօր

10. Ինչպե՞ս կարող է լսվել օտարների ձայնը։

10 Մոլորության մեջ գցող փաստարկներ։ Պողոս առաքյալն ասաց. «Կերպ կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանուիք [«տարվեք», ԱՆԹ]» (Եբրայեցիս 13։9)։ Ինչպիսի՞ ուսմունքների մասին է խոսքը։ Քանի որ դրանք կարող են ‘տանել’ մեզ, ուրեմն Պողոսը խոսում էր այնպիսի ուսմունքների մասին, որոնք հանում են մեզ հոգևոր հավասարակշռությունից։ Ո՞ւմ ձայնով են փոխանցվում այդ օտար ուսմունքները։ Քրիստոնյա երեցների մի խմբի Պողոսն ասաց. «Հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրենց ետեւից քաշեն» (Գործք 20։30)։ Եվ իրոք, ինչպես Պողոսի օրերում էր, այսօր ևս որոշ անձինք, որ մի ժամանակ քրիստոնեական ժողովի մաս են կազմել, փորձում են մոլորեցնել ոչխարներին ‘ծուռ բաներով’՝ կես–ճշմարտություն կամ էլ բացարձակ սուտ խոսելով։ Պետրոս առաքյալի խոսքերով՝ նրանք ասում են ‘հնարած խոսքեր’, որ նման են ճշմարտության, սակայն իրականում որևէ օգուտ չեն տալիս (Բ Պետրոս 2։3)։

11. Ինչպե՞ս են Բ Պետրոս 2։1, 3–ում արձանագրված խոսքերը քողազերծում հավատուրացների գործելակերպն ու նպատակը։

11 Պետրոսը մերկացնում է հավատուրացների գործելակերպը՝ ասելով, որ նրանք աննկատ կերպով կորստաբեր աղանդավորություն են ներմուծելու (Բ Պետրոս 2։1 ՆԱ, 3)։ Ինչպես որ Հիսուսի առակում գողը «դռնովը չէ մտնում ոչխարների գաւիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում», այնպես էլ հավատուրացներն են փորձում աննկատ մոտենալ մեզ (Գաղատացիս 2։4; Յուդա 4)։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք։ Պետրոսը ասում է. «[Նրանք] ձեզ պիտի շահագործեն» (ԱԱ)։ Եվ իրոք, անկախ այն բանից, թե ինչպես իրենց կարդարացնեն հավատուրացները՝ այդ անկոչ հյուրերի իրական նպատակը ‘սպանելն ու կորցնելն’ է (Յովհաննէս 10։10)։ Զգուշացե՛ք այդ օտարներից։

12. ա) Ընկերակցությունը ինչպե՞ս կարող է պատճառ դառնալ, որ լսենք օտարների ձայնը։ բ) Ի՞նչ նմանություն կա Սատանայի և մեր օրերում ապրող օտարների գործելակերպերի միջև։

12 Վնասակար ընկերակցություն։ Օտարների ձայնը կարող է լսվել նաև այն մարդկանց միջոցով, որոնց հետ շփվում ենք։ Վնասակար ընկերակցությունը հատկապես վտանգավոր է երիտասարդների համար (Ա Կորնթացիս 15։33)։ Հիշենք՝ Սատանան իր հարվածն ուղղեց Եվայի վրա, որն ավելի երիտասարդ էր և նվազ փորձառու։ Բանսարկուն վստահեցրեց առաջին կնոջը, թե Եհովան չափից շատ է սահմանափակել նրա ազատությունը։ Մինչդեռ իրականում ամեն բան հակառակն էր։ Եհովան սիրում էր իր կողմից արարված մարդկանց և հոգ էր տանում նրանց բարօրության համար (Եսայիա 48։17)։ Նույնը և այսօր. օտարները փորձում են համոզել ձեզ, երիտասարդնե՛ր, որ ձեր քրիստոնյա ծնողները չափից շատ են սահմանափակում ձեր ազատությունը։ Ինչպե՞ս կարող են այդ օտարները ազդել ձեզ վրա։ Մի քրիստոնյա աղջիկ խոստովանում է. «Որոշ ժամանակ իմ հավատը փոքր–ինչ թուլացավ, և դրա պատճառը համադասարանցիներս էին։ Նրանք անընդհատ ասում էին, թե իմ հավատը շատ սահմանափակումներ է դնում մարդկանց վրա և խելքին մոտ չէ»։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ծնողներդ սիրում են քեզ։ Ուստի երբ քո համադասարանցիները փորձում են համոզել, որ չվստահես ծնողներիդ, մոլորության մեջ մի՛ ընկիր, ինչպես Եվան։

13. Ի՞նչ իմաստուն ուղի էր բռնել Դավիթը, և ո՞րն է այն հարցերից մեկը, որում կարող ենք ընդօրինակել նրան։

13 Վնասակար ընկերակցության մասին սաղմոսերգու Դավիթն ասում է. «Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում, եւ կեղծաւորների հետ չեմ գնում» (Սաղմոս 26։4)։ Նկատեցի՞ք արդյոք, թե այս դեպքում ևս որ գիծն է բնորոշ օտարներին։ Կեղծավորությունը. նրանք թաքցնում են իրենց ով լինելը, ինչպես որ Սատանան թաքցրեց իրեն օձի ետևում։ Այսօր որոշ անբարո մարդիկ թաքցնում են իրենց ով լինելը և իրական մղումները Ինտերնետի միջոցով։ Այլասերված մեծահասակները զրուցատեղիներում անգամ կարող են ներկայանալ իբրև երիտասարդներ՝ ձեզ ծուղակի մեջ գցելու համար։ Երիտասարդնե՛ր, շատ զգույշ եղեք, որ չվնասվեք հոգևորապես (Սաղմոս 119։101; Առակաց 22։3)։

14. Լրատվական միջոցները երբեմն ինչպե՞ս են հաղորդում օտարների ձայնը։

14 Կեղծ մեղադրանքներ։ Թեպետ երբեմն լրատվական միջոցները ճշմարտությունն են հայտնում Եհովայի վկաների մասին, սակայն պատահում է նաև, որ դրանք դառնում են օտարների անարդար ձայնը հաղորդող գործիք։ Օրինակ՝ մի երկրում նորությունների մեջ աղավաղված տեղեկություններ էին ներկայացվել այն մասին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաները սատար են կանգնել հիտլերյան վարչակարգին։ Իսկ մեկ ուրիշ երկրում մի հաղորդագրության մեջ ասվել էր, թե Եհովայի վկաները վնաս են հասցրել եկեղեցիներին։ Մի քանի երկրներում զանգվածային լրատվական միջոցները Եհովայի վկաներին ամբաստանում էին այն բանում, թե նրանք չեն թույլատրում, որ իրենց երեխաներին բուժօգնություն ցույց տրվի։ Բացի այդ, ասում էին, թե նրանք գիտակցաբար աչք են փակում իրենց հավատակիցների գործած լուրջ մեղքերի վրա (Մատթէոս 10։22)։ Չնայած այս ամենին՝ մեզ անձամբ ճանաչող անկեղծ մարդիկ հասկանում են, որ նման մեղադրանքները կեղծ են։

15. Ինչո՞ւ խելամիտ չի լինի հավատալ լրատվական միջոցներով ներկայացվող բոլոր տեղեկություններին։

15 Ինչպե՞ս պետք է վարվենք, երբ բախվում ենք օտարների ձայնով տարածվող այդ ամբաստանություններին։ Տեղին կլինի հետևել Առակաց 14։15–ում գրված խորհրդին. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը»։ Խելամիտ չի լինի հավատալ իբրև ճշմարտություն ներկայացվող յուրաքանչյուր տեղեկության, որ հաղորդում են լրատվական միջոցները։ Ինչ խոսք, մենք անվստահությամբ չենք վերաբերվում աշխարհիկ բոլոր լուրերին, սակայն գիտակցում ենք, որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։

«Փորձեք ներշնչյալ արտահայտությունները»

16. ա) Ինչպե՞ս է ոչխարների վարվելակերպը փաստում Հիսուսի՝ Յովհաննէս 10։4–ում արձանագրված խոսքերի ճշմարտացիությունը։ բ) Ի՞նչ է Աստվածաշունչը քաջալերում մեզ անել։

16 Սակայն ինչպե՞ս կարող ենք ստուգել՝ գործ ունենք թշնամու հետ, թե բարեկամի։ Հիսուսի խոսքերով՝ ոչխարները հետևում են հովվին, «որովհետեւ նորա ձայնը ճանաչում են» (Յովհաննէս 10։4)։ Ոչխարները հովվի ետևից գնում են ոչ թե նրա արտաքինի պատճառով, այլ նրա ձայնի։ Աստվածաշնչյան երկրների մասին մի գրքում նշվում էր, որ մի զբոսաշրջիկ ասում է հովվին, թե ոչխարները ճանաչում են նրան ոչ թե ձայնով, այլ հագուստով։ Հովիվը պատասխանում է, որ նրանք իրեն ձայնով են ճանաչում։ Այդ բանն ապացուցելու համար նա իր հագուստը տալիս է անծանոթին։ Հովվի շորերը հագած անծանոթը կանչում է ոչխարներին, բայց նրանք չեն արձագանքում։ Ոչխարները չեն ճանաչում այդ անձնավորության ձայնը։ Սակայն երբ այլ կերպ հագնված հովիվն է կանչում նրանց, ոչխարները միանգամից գալիս են նրա մոտ։ Նույնը և հոգևոր առումով. որևէ մեկը կարող է նման լինել հովվի, սակայն ոչխարների համար դա բավարար ապացույցը չէ այն բանի, որ նա իսկապես իրենց հովիվն է։ Ոչխարներն իրականում ուշադրություն են դարձնում կանչողի ձայնին՝ համեմատելով այն հովվի ձայնի հետ։ Աստծո Խոսքը խորհուրդ է տալիս մեզ նույն կերպ վարվել՝ «փորձե[լ] հոգիները [«ներշնչյալ արտահայտությունները», ՆԱ] թէ արդեօք Աստուածանից են» (Ա Յովհաննէս 4։1; Բ Տիմոթէոս 1։13)։ Ի՞նչը կօգնի մեզ այդպես վարվել։

17. ա) Ինչի՞ շնորհիվ ենք սկսում ճանաչել Եհովայի ձայնը։ բ) Եհովայի մասին գիտությունն օգնում է մեզ ի՞նչ անել։

17 Անշուշտ, որքան լավ ճանաչենք Եհովայի ձայնը, կամ՝ նրա հայտնած լուրը, այնքան ավելի լավ կտարբերենք օտարի ձայնը։ Աստվածաշունչը ասում է, թե ինչպես ձեռք բերել նման գիտելիքներ. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Եսայիա 30։21)։ Մեր ետևից լսվող ‘խոսքը’ գալիս է Աստծո Խոսքից։ Ամեն անգամ, երբ կարդում ենք Աստծո Խոսքը, այսպես ասած՝ լսում ենք Մեծ Հովվի՝ Եհովայի ձայնը (Սաղմոս 23։1)։ Ուստի որքան ավելի շատ ուսումնասիրենք Աստվածաշունչը, այնքան ավելի լավ կճանաչենք Աստծո ձայնը։ Խորը գիտելիքներն իրենց հերթին օգնում են մեզ անմիջապես տարբերել օտարների ձայնը (Գաղատացիս 1։8)։

18. ա) Ի՞նչ է ներառում Եհովայի ձայնը ճանաչելը։ բ) Ըստ Մատթէոս 17։5–ի՝ ինչո՞ւ պետք է հնազանդվենք Հիսուսի ձայնին։

18 Ուրիշ ի՞նչ է ներառում Եհովայի ձայնը ճանաչելը։ Լսելուց բացի, հարկավոր է նաև հնազանդվել այդ ձայնին։ Նորից անդրադառնանք Եսայիա 30։21–ին։ Այնտեղ ասվում է. «Սա է ճանապարհը»։ Այո, Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով մենք լսում ենք Եհովայի կողմից տրվող ցուցումները։ Նույն համարում նա պատվիրում է. «Սորանով գնացէք»։ Եհովան ցանկանում է, որ գործենք մեր լսածին համապատասխան։ Կիրառելով այն, ինչ սովորում ենք՝ ցույց ենք տալիս, որ ոչ միայն լսում ենք Եհովայի ձայնը, այլև հնազանդվում ենք դրան (Բ Օրինաց 28։1)։ Աստծո ձայնին հնազանդվել նշանակում է հնազանդվել նաև Հիսուսի ձայնին, քանի որ հենց Եհովան է դա պատվիրել (Մատթէոս 17։5)։ Իսկ ի՞նչ է մեզ պատվիրում Հիսուսը՝ Բարի Հովիվը։ Նա պատվիրում է աշակերտներ պատրաստել ու վստահել «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յին]» (Մատթէոս 24։45; 28։18–20)։ Նրա ձայնին հնազանդվելը հավիտենական կյանքի ուղին է (Գործք 3։23)։

«Նորանից փախչում են»

19. Ինչպե՞ս պետք է արձագանքենք օտարների ձայնին։

19 Ուրեմն ինչպե՞ս պետք է արձագանքենք օտարների ձայնին։ Այնպես, ինչպես դա անում են ոչխարները։ Հիսուսն ասում է. «Օտարի ետեւից [«ոչ մի դեպքում», ՆԱ] չեն գնում. այլ նորանից փախչում են» (Յովհաննէս 10։5)։ Մենք պետք է երկու բան անենք։ Առաջին՝ ոչ մի դեպքում չգնանք «օտարի ետեւից»։ Այո՛, մենք վճռականորեն մերժում ենք օտարին։ «Ոչ մի դեպքում» թարգմանված արտահայտությունը Աստվածաշնչի հունարեն տեքստում ցույց է տալիս մերժման ամենավճռական ձևը (Մատթէոս 24։35, ԱԱ; Եբրայեցիս 13։5, ԱԱ)։ Երկրորդ՝ մենք պետք է ‘նրանից փախչենք’, այսինքն՝ հեռանանք նրանից։ Սա միակ ճիշտ արձագանքը կլինի այն դեպքում, երբ որևէ մեկի ուսուցումները ներդաշնակ չեն Բարի Հովվի ձայնին։

20. Ինչպե՞ս կարձագանքենք, եթե՝ ա) հանդիպենք մոլորության մեջ գցող հավատուրացների, բ) հայտնվենք վնասակար ընկերակցության մեջ, գ) լսենք լրատվական միջոցներով տարածվող կեղծ լուրեր։

20 Ուստի հանդիպելով այնպիսի մարդկանց, ովքեր հավատուրաց մտքեր են արտահայտում՝ մենք ցանկություն կունենանք անելու այն, ինչ ասվում է Աստծո Խոսքում. «Մտիկ [տվեք] նորանց՝ որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են շինում այն վարդապետութիւնիցը դուրս՝ որ դուք սովորեցիք՝ եւ հեռու քաշուեցէք նորանցից» (Հռովմայեցիս 16։17; Տիտոս 3։10)։ Նմանապես, քրիստոնյա երիտասարդները, ովքեր դիմագրավում են չար ընկերակցությունից վնասվելու վտանգին, ցանկանում են կիրառել Պողոսի խորհուրդը, որ նա տվել է երիտասարդ Տիմոթեոսին. «Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր»։ Իսկ լսելով լրատվական միջոցներում ներկայացվող կեղծ մեղադրանքները՝ մենք կհիշենք Պողոսի կողմից Տիմոթեոսին ուղղված մեկ այլ խորհուրդ. «[Օտարների ձայնին լսողները] առասպելների ետեւից կ’մոլորին։ Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ» (Բ Տիմոթէոս 2։22; 4։3–5)։ Որքան էլ հաճելի թվա օտարների ձայնը՝ մենք կփախչենք մեր հավատը կործանող բոլոր բաներից (Սաղմոս 26։5; Առակաց 7։5, 21; Յայտնութիւն 18։2, 4)։

21. Ի՞նչ վարձատրություն է սպասում նրանց, ովքեր մերժում են օտարների ձայնը։

21 Մերժելով օտարների ձայնը՝ սուրբ ոգով օծված քրիստոնյաները արձագանքում են Բարի Հովվի խոսքերին՝ գրված Ղուկաս 12։32–ում։ Այնտեղ Հիսուսը նրանց ասում է. «Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ»։ ‘Ուրիշ ոչխարները’ նույնպես անհամբերությամբ սպասում են այն ժամանակվան, երբ Հիսուսը կասի. «Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը» (Յովհաննէս 10։16; Մատթէոս 25։34)։ Ինչպիսի՜ ուրախալի վարձատրության կարժանանանք մենք, եթե մերժենք «օտարների ձայնը»։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞վ է Սատանան համապատասխանում օտարի նկարագրությանը, որ տրվում է ոչխարների մասին Հիսուսի առակում։

• Ինչպե՞ս է օտարների ձայնը լսվում այսօր։

• Ինչպե՞ս կարող ենք ճանաչել օտարների ձայնը։

• Ինչպե՞ս պետք է արձագանքենք օտարների ձայնին։

[նկար 15–րդ էջի վրա]

Մարիամը ճանաչեց Քրիստոսին

[նկար 16–րդ էջի վրա]

Օտարը բացեիբաց չի մոտենում ոչխարներին

[նկար 18–րդ էջի վրա]

Ինչպե՞ս ենք արձագանքում օտարների ձայնին

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը