Ամրացնենք եղբայրական սիրո կապը
«Շարունակե՛ք քայլել սիրո մեջ, ճիշտ ինչպես Քրիստոսն էլ սիրեց ձեզ» (ԵՓԵՍ. 5։2)։
1. Գլխավորաբար ինչո՞վ պետք է աչքի ընկնեն Հիսուսի հետևորդները։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ հայտնի են տնից տուն ծառայությամբ։ Բայց կա ևս մի առանձնահատկություն, որով, ըստ Հիսուսի խոսքերի, պետք է աչքի ընկնեն իր ճշմարիտ հետևորդները։ «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։34, 35)։
2, 3. Ի՞նչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա այն սերը, որ նրանք տեսնում են ժողովներում։
2 Ճշմարիտ քրիստոնյաների մեջ այնպիսի սեր է տիրում, որն անհնար է գտնել աշխարհում։ Մագնիսի պես՝ այդ սերը ձգում և միավորում է Եհովայի ծառաներին։ Այն նաև մղում է անկեղծ սրտով մարդկանց՝ ընդունելու ճշմարտությունը։ Քննենք Կամերունում ապրող Մարսելինոյի օրինակը։ Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ նա կորցրեց տեսողությունը։ Սակայն լուրեր տարածվեցին, թե այդ տղամարդը կուրացել է կախարդությամբ զբաղվելու պատճառով։ Արդյոք Մարսելինոյի եկեղեցու հովիվն ու հավատակիցները որևէ ձևով մխիթարեցի՞ն նրան։ Ոչ։ Նրանք վտարեցին Մարսելինոյին իրենց եկեղեցուց։ Որոշ ժամանակ անց մի Եհովայի վկա հրավիրեց նրան ժողովի հանդիպման։ Մարսելինոն սկզբում չընդունեց հրավերը, քանի որ չէր ցանկանում կրկին մերժված ու լքված զգալ իրեն։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նա գնաց հանդիպման։
3 Այն, ինչ Մարսելինոն տեսավ Թագավորության սրահում, խորապես տպավորեց իրեն։ Նա զգաց ժողովի անդամների ջերմությունը։ Ավելին, լսելով աստվածաշնչյան ճշմարտությունները՝ այդ տղամարդը մեծապես մխիթարվեց։ Մարսելինոն սկսեց հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին, հոգևոր առաջադիմություններ արեց և 2006 թ.–ին մկրտվեց։ Այժմ նա ակտիվորեն քարոզում է բարի լուրը իր հարազատներին ու հարևաններին։ Նույնիսկ Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն է սկսել։ Մարսելինոն ցանկանում է, որ այդ մարդիկ զգան այն սերը, որ նա զգաց, երբ ծանոթացավ Աստծու ծառաների հետ։
4. Ինչո՞ւ պետք է «շարունակենք քայլել սիրո մեջ»։
4 Ճշմարիտ քրիստոնյաների եղբայրասիրությունը հաճելի է ու գրավիչ։ Բայց որպեսզի այդ սերը չմարի, պետք է պահպանենք այն։ Պատկերացնենք մի խումբ մարդկանց, ովքեր գիշերը տաքանում են խարույկի շուրջ։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ոչ ոք փայտ չգցի կրակի մեջ։ Այն կմարի։ Քրիստոնեական սերը նույնպես կմարի, եթե մեզանից ոչ ոք չբորբոքի այն։ Պողոս առաքյալը ցույց տվեց, թե ինչպես կարելի է դա անել։ Նա գրեց. «Շարունակե՛ք քայլել սիրո մեջ, ճիշտ ինչպես Քրիստոսն էլ սիրեց ձեզ և իր անձը տվեց ձեզ համար որպես ընծա և զոհ՝ Աստծու համար անուշ բուրմունք լինելու» (Եփես. 5։2)։ Հարց տուր ինքդ քեզ. «Ինչպե՞ս կարող եմ շարունակաբար քայլել սիրո մեջ»։
«Դուք նույնպես ընդարձակվեք»
5, 6. Ինչո՞ւ Պողոսը խրախուսեց կորնթացի քրիստոնյաներին «ընդարձակվել»։
5 Հին Կորնթոսի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Մեր բերանը բացվել է ձեզ համար, կորնթացինե՛ր, մեր սիրտը ընդարձակվել է։ Դուք նեղվածքի մեջ չեք մեր մեջ, այլ ձեր գորովանքի մեջ է, որ նեղվածքի մեջ եք։ Ուստի որպես փոխհատուցում, ինչպես զավակների հետ եմ խոսում, դուք նույնպես ընդարձակվեք» (2 Կորնթ. 6։11–13)։ Ինչո՞ւ առաքյալը խրախուսեց կորնթացիներին «ընդարձակել» իրենց սերը։
6 Նախ տեսնենք, թե ինչպես հիմնադրվեց Կորնթոսի ժողովը։ Պողոսը այդ քաղաք եկավ մ.թ. 50 թ.–ի աշնանը։ Թեև այնտեղ նա մեծ հակառակության բախվեց, սակայն չհանձնվեց։ Կարճ ժամանակ անց բազմաթիվ կորնթացիներ ընդունեցին բարի լուրը։ «Մեկ տարի ու վեց ամիս» առաքյալը տքնաջանորեն ուսուցանեց և զորացրեց նորաստեղծ ժողովի անդամներին։ Անկասկած, Պողոսը շատ սիրեց կորնթացի քրիստոնյաներին (Գործ. 18։5, 6, 9–11)։ Նրանցից շատերը նույնպես սիրում ու հարգում էին Պողոսին։ Սակայն ժողովի որոշ անդամներ երես էին թեքել նրանից։ Հնարավոր է՝ այդ քրիստոնյաներից մի քանիսին դուր չէին եկել Պողոսի ուղիղ խորհուրդները (1 Կորնթ. 5։1–5; 6։1–10)։ Մյուսներն էլ գուցե ականջ էին դրել այսպես կոչված «գերընտիր առաքյալների» զրպարտանքներին (2 Կորնթ. 11։5, 6)։ Մինչդեռ Պողոսն ուզում էր, որ իր բոլոր եղբայրներն ու քույրերը սիրեն իրեն։ Դա էր պատճառը, որ առաքյալը աղաչեց նրանց «ընդարձակվել»՝ մտերմանալով իր և մյուս հավատակիցների հետ։
7. Ինչպե՞ս կարող ենք «ընդարձակվել» եղբայրասիրության մեջ։
7 Իսկ ինչպե՞ս կարող ենք մենք «ընդարձակվել» եղբայրասիրության մեջ։ Մարդիկ սովորաբար հեշտությամբ են մտերմանում իրենց հասակակիցների կամ ազգակիցների հետ։ Նրանք նաև նախընտրում են ժամանակ անցկացնել այնպիսի անհատների հետ, ովքեր միևնույն նախասիրություններն ու հետաքրքրություններն ունեն։ Եթե այդպես է նաև մեր պարագայում, ուրեմն ժամանակն է «ընդարձակվելու»։ Իմաստուն կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Հազվադե՞պ եմ ծառայում կամ ժամանակ անցկացնում այն եղբայրների և քույրերի հետ, ովքեր իմ մտերիմների շարքում չեն։ Արդյոք չե՞մ սահմանափակում իմ շփումը նորահավատների հետ՝ մտածելով, թե նրանք պետք է արժանանան իմ ընկերությանը։ Ողջունո՞ւմ եմ տարեցներին ու երեխաներին»։
8, 9. Հռոմեացիներ 15։7–ն ինչպե՞ս է օգնում «ընդարձակվելու» եղբայրասիրության մեջ։
8 Ուրիշներին ողջունելու վերաբերյալ օգտակար մտքեր կարելի է գտնել «Հռոմեացիներ» նամակում։ Դրանք կօգնեն մեզ ճիշտ տեսակետ ունենալու մեր հավատակիցների մասին (կարդա՛ Հռոմեացիներ 15։7)։ «Սիրալիր ընդունել» թարգմանված հունարեն բառը նշանակում է նաև «հյուրասիրություն ցույց տալ, ընդգրկել ընկերների թվում»։ Աստծու վաղեմի ծառաները իրենց ընկերներին հյուրընկալելիս ասում էին, որ անչափ ուրախ են նրանց տեսնելու։ Հիսուսը նույն ուրախությամբ ընդունեց մեզ իր ժողովում։ Ուրեմն մենք էլ պետք է ջերմորեն ողջունենք մեր հավատակիցներին։
9 Թագավորության սրահում կամ համաժողովի վայրում կարող ենք մի քանի րոպե տրամադրել այն եղբայրներին ու քույրերին, ում երկար ժամանակ չենք տեսել կամ ում հետ վաղուց չենք զրուցել։ Հաջորդ հանդիպմանը կարող ենք մոտենալ մյուսներին, և այդպես շարունակ։ Որոշ ժամանակ անց կտեսնենք, որ հաճելի շփում ենք վայելել բազմաթիվ հավատակիցների հետ։ Իհարկե, անհնար է մի օրում զրուցել բոլորի հետ։ Ուստի ոչ ոք չպետք է նեղանա, եթե չհասցնեն ողջունել նրան յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։
10. Եհովայի կազմակերպությունն ի՞նչ հիանալի հնարավորություն է ընձեռում, և ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն օգտվել դրանից։
10 Հաճելի զրույց սկսելու և մտերմություն հաստատելու առաջին քայլը բարևելն է։ Օրինակ՝ համաժողովների ժամանակ պատվիրակները չեն սահմանափակվում միմյանց բարևելով ու ծանոթանալով։ Նրանք սովորաբար ձգտում են հետագայում կապ պահել իրար հետ։ Հաճախ է պատահում նաև, որ Թագավորության սրահների շինարարությանը կամ փրկարար աշխատանքներին մասնակցող կամավորները մտերիմ ընկերներ են դառնում, քանի որ միասին ապրելով ու աշխատելով՝ ավելի լավ են ճանաչում իրար ու գնահատում են միմյանց հիանալի հատկությունները։ Իրականում, Եհովայի կազմակերպության մեջ հավատարիմ ընկերներ գտնելու բազմաթիվ հնարավորություններ կան։ Եվ եթե ձգտենք «ընդարձակվել», մեր ընկերները անընդհատ կշատանան։ Արդյունքում կուժեղանա այն սերը, որը միավորում է մեզ ճշմարիտ երկրպագության մեջ։
Եղիր մատչելի
11. Ըստ Մարկոս 10։13–16-ի՝ ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
11 Բոլոր քրիստոնյաները պետք է ձգտեն Հիսուսի պես մատչելի լինել։ Հիշենք, թե ինչպես արձագանքեց Աստծու Որդին, երբ աշակերտները փորձեցին արգելել մարդկանց նրա մոտ բերելու իրենց երեխաներին։ Նա ասաց. «Թողե՛ք, որ.... ինձ մոտ գան»։ Ապա «իր թևերի մեջ առավ երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով» (Մարկ. 10։13–16)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էին ցնծում մանուկները Մեծ Ուսուցչի այդ ջերմ վերաբերմունքից։
12. Ի՞նչը կարող է խանգարել ուրիշներին շփվելու մեզ հետ։
12 Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հարցնի ինքն իրեն. «Արդյոք մատչելի՞ եմ, թե՞ զբաղված մարդու տպավորություն եմ թողնում»։ Գուցե այնպիսի սովորություններ ունենանք, որոնք ինքնին սխալ չեն, սակայն կարող են խանգարել մարդկանց հաղորդակցվելու մեզ հետ։ Եթե ուրիշների ներկայությամբ բջջային հեռախոսով անընդհատ հաղորդագրություններ գրենք կամ ականջակալներով երաժշտություն լսենք, այդ մարդիկ թերևս մտածեն, որ իրենց ընկերակցությունը մեզ հաճելի չէ։ Կամ եթե կլանված լինենք համակարգչով, մարդիկ գուցե կարծեն, որ նրանց հետ չենք ուզում խոսել։ Անշուշտ, երբեմն «լռելու ժամանակ» կա։ Սակայն երբ գտնվում ենք մարդկանց մեջ, սովորաբար ժամանակն է «խոսելու» (Ժող. 3։7)։ Ոմանք ասում են. «Ես շփվող չեմ», կամ՝ «Ես առավոտյան խոսելու տրամադրություն չունեմ»։ Նույնիսկ եթե այդպես է, միևնույն է, փորձիր զրուցել ուրիշների հետ։ Դրանով ցույց կտաս քո սերը, որն «իր սեփական շահերը չի փնտրում» (1 Կորնթ. 13։5)։
13. Պողոսն ի՞նչ հորդոր տվեց Տիմոթեոսին։
13 Պողոսը Տիմոթեոսին հորդորեց հարգել ժողովի բոլոր անդամներին (կարդա՛ 1 Տիմոթ. 5։1, 2)։ Մենք պետք է մեծահասակ քրիստոնյաներին վերաբերվենք այնպես, ինչպես ծնողներին, իսկ երիտասարդներին՝ ինչպես մեր հարազատ քույրերին ու եղբայրներին։ Եթե այդպես վարվենք, մեր թանկագին հավատակիցներից և ոչ մեկը մեր ներկայությամբ կաշկանդված չի զգա իրեն։
14. Ինչո՞վ են օգտակար կերտիչ զրույցները։
14 Ուրիշների հետ կերտիչ զրույցներ վարելով՝ նպաստում ենք նրանց հոգևոր աճին և լավ տրամադրությանը։ Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում ծառայող մի եղբայր սիրով հիշում է, որ երբ սկսնակ բեթելցի էր, հին ծառայողներից մի քանիսը միշտ ժամանակ էին գտնում՝ նրա հետ զրուցելու։ Նրանց քաջալերական խոսքերի շնորհիվ եղբայրը զգում էր, որ Բեթելի ընտանիքի անբաժանելի մասն է։ Այսօր նա ձգտում է ընդօրինակել այդ բեթելցիներին։
Խոնարհություն՝ հաշտության բանալի
15. Որտեղի՞ց գիտենք, որ քրիստոնյաների միջև կարող են խնդիրներ ծագել։
15 Հին Փիլիպպե քաղաքի ժողովում երկու քրիստոնյա քույրեր՝ Եվոդիան և Սյունտիքը, տարաձայնություններ ունեին և չէին կարողանում հարթել դրանք (Փիլիպ. 4։2, 3)։ Մի անգամ խնդիր ծագեց նաև Պողոսի ու Բառնաբասի միջև։ Նրանք այնպես վիճեցին, որ դադարեցին իրար հետ ծառայելուց։ Ուշագրավ է, որ շատերն իմացան դրա մասին (Գործ. 15։37–39)։ Այս օրինակներից երևում է, որ Աստծու ծառաների միջև կարող են անհամաձայնություններ լինել։ Բայց Եհովան կօգնի հաղթահարելու դրանք և վերականգնելու ընկերական փոխհարաբերությունները։ Սակայն դրան հասնելու համար մի բան է անհրաժեշտ։
16, 17. ա) Ի՞նչ դեր է խաղում խոնարհությունը տարաձայնությունները հարթելու հարցում։ բ) Հակոբի ու Եսավի պատմությունն ինչպե՞ս է ընդգծում խոնարհության կարևորությունը։
16 Պատկերացրու, թե պատրաստվում ես ավտոմեքենայով ճանապարհ գնալ։ Ի՞նչ է պետք անել մեքենան տեղից շարժելու համար։ Հարկավոր է բանալիով գործի գցել շարժիչը։ Խնդիրները լուծելու համար նույնպես «բանալի» է պետք։ Այդ «բանալին» խոնարհությունն է (կարդա՛ Հակոբոս 4։10)։ Խոնարհությունը հաշտության դուռ է բացում տարաձայնություններ ունեցող քրիստոնյաների առաջ։ Դա երևում է հետևյալ սուրբգրային օրինակից։
17 Երբ Եսավը կորցրեց անդրանիկության իրավունքը, այնպիսի ատելությամբ լցվեց իր երկվորյակ եղբոր՝ Հակոբի հանդեպ, որ վճռեց սպանել նրան։ Անցավ 20 տարի։ Երկվորյակ եղբայրները պետք է նորից հանդիպեին։ Սակայն այդ միտքը վախեցնում ու անհանգստացնում էր Հակոբին։ Նա լուրջ մտավախություն ուներ, որ Եսավը հարձակում կգործի իր ընտանիքի վրա։ Ուստի մի այնպիսի բան արեց, որն իր եղբայրը չէր ակնկալում։ Հակոբը Եսավին մոտենալիս «մինչեւ երկիրը.... խոնարհութիւն արաւ»։ Արդյունքո՞ւմ։ «Եսաւը վազեց նորան դիմաւորելու եւ գրկեց նորան, եւ նորա պարանոցովն ընկաւ եւ համբուրեց նորան. եւ լացին»։ Վտանգը կասեցվե՛ց։ Խոնարհություն դրսևորելով՝ Հակոբը վերջ դրեց այն ատելությանը, որն արմատ էր գցել Եսավի սրտում (Ծննդ. 27։41; 32։3–8; 33։3, 4)։
18, 19. ա) Տարաձայնությունները հարթելիս ինչո՞ւ պետք է ձգտենք առաջինը կիրառել աստվածաշնչյան խորհուրդները։ բ) Ինչո՞ւ չպետք է հուսահատվենք, եթե թվա, թե մեր ջանքերն ապարդյուն են։
18 Աստվածաշունչը հիանալի խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես կարելի է հարթել տարաձայնությունները (Մատթ. 5։23, 24; 18։15–17; Եփես. 4։26, 27)a։ Բայց այդ խորհուրդները հարկավոր է կիրառել, այլապես հաշտության չենք հասնի։ Մենք ոչ մի արդյունքի չենք հասնի նաև այն դեպքում, եթե սպասենք, որ դիմացի՛նը «հանի իր բանալին»՝ խոնարհություն ցուցաբերի։ Ուրեմն պատրաստ լինենք անելու առաջին քայլը։
19 Իսկ պե՞տք է արդյոք հուսահատվել, եթե թվա, որ մեր ջանքերը անպտուղ են։ Ամենևի՛ն։ Հնարավոր է՝ ժամանակ պահանջվի, որ դիմացինը կարողանա հաղթահարել իր խոցված զգացմունքները։ Օրինակ՝ Հովսեփի եղբայրները հանցանք գործեցին նրա դեմ։ Արդյունքում նա հայտնվեց Եգիպտոսում։ Ու երբ երկար ժամանակ անց նրանք նորից տեսան իրենց եղբորը, Հովսեփն արդեն բարձրաստիճան պաշտոնյա էր։ Այդքան տարի հետո միայն, նրա եղբայրները փոխեցին իրենց մտածելակերպը և ներողություն խնդրեցին։ Հովսեփը ներեց նրանց։ Արդյունքում Հակոբի որդիներից առաջ եկավ մի ժողովուրդ, որը պատիվ ունեցավ կրելու Եհովայի անունը (Ծննդ. 50։15–21)։ Այսօր նույնպես ներողամտություն ցուցաբերելով և մեր եղբայրների ու քույրերի հետ խաղաղություն պահպանելով՝ կնպաստենք Եհովայի ժողովրդի ուրախությանն ու միասնությանը (կարդա՛ Կողոսացիներ 3։12–14)։
Սիրենք «գործով ու ճշմարտությամբ»
20, 21. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի օրինակից։
20 Հիսուսն իր 12 առաքյալների ոտքերը լվանալուց հետո ասաց. «Ձեզ օրինակ թողեցի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13։15)։ Դա ո՛չ հատուկ արարողություն էր, ո՛չ էլ զուտ բարության դրսևորում։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Վերոհիշյալ դեպքը նկարագրելուց առաջ Հովհաննեսը գրեց. «Սիրելով իրենը եղողներին, որոնք աշխարհում են, [Հիսուսը] մինչև վե՛րջ սիրեց նրանց» (Հովհ. 13։1)։ Այո՛, աշակերտների հանդեպ սերն էր, որ մղեց Աստծու Որդուն լվանալու նրանց ոտքերը. մի գործ, որը սովորաբար ծառաներն էին անում։ Աշակերտները պետք է սովորեին սիրով ու խոնարհությամբ ծառայել միմյանց։ Մենք ևս, եղբայրասիրությունից մղված, պետք է հոգատար լինենք մեր քույրերի ու եղբայրների հանդեպ։
21 Պետրոսն ու Հովհաննեսը այն առաքյալների թվում էին, ում ոտքերը լվաց Աստծու Որդին։ Ամբողջությամբ ըմբռնելով Հիսուսի այդ քայլի իմաստը՝ Պետրոսը գրեց. «Հիմա, որ ճշմարտությանը հնազանդվելով՝ ձեր հոգիները մաքրել եք կեղծավորությունից զերծ եղբայրասիրության համար, սրտանց և ջերմորեն սիրե՛ք իրար» (1 Պետ. 1։22)։ Իսկ Հովհաննես առաքյալը հորդորեց. «Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 3։18)։ Եկե՛ք, ուրեմն, միշտ գործերով փաստենք մեր եղբայրասիրությունը։
[ծանոթագրություն]
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս կարող ենք «ընդարձակվել» սիրո մեջ։
• Ի՞նչը կօգնի լինել մատչելի։
• Ինչպե՞ս է խոնարհությունը նպաստում հաշտությանը։
• Ի՞նչը կմղի մեզ հոգատար լինելու հավատակիցների հանդեպ։
[նկար 21–րդ էջի վրա]
Ջերմորեն ողջունիր հավատակիցներիդ
[նկար 23–րդ էջի վրա]
Բաց մի թող ուրիշների հետ շփվելու հնարավորությունը