Արդյո՞ք բոլոր բարի մարդիկ երկինք են գնում
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ հետ իր վերջին ընթրիքի ժամանակ՝ մահվան դատապարտվելուց առաջ Հիսուսը նրանց երկնային կյանք խոստացավ։ Նա ասաց. «Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան, հակառակ դեպքում՝ կասեի ձեզ. քանի որ ես գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար» (Հովհաննես 14։2)։ Ինչո՞ւ Հիսուսը նման բան ասաց։ Ի՞նչ էին նրանք անելու երկնքում։
Աստված խոստացել է Հիսուսին, որ նա Թագավոր է լինելու և կառավարելու է երկնքից երկրի վրա։ Նա պիտի ազատի մարդկանց տառապանքից և վերացնի ամբարիշտներին։ Թեև Հիսուսի գահը լինելու է երկնքում, սակայն «մինչեւ երկրի ծայրերը» նա հպատակներ է ունենալու (Սաղմոս 72։4, 8; Դանիէլ 7։13, 14)։
Սակայն Հիսուսը մենակ չի իշխելու։ Այդ պատճառով էլ իր առաքյալներին խոստացավ երկինք տանել։ Նա ասաց. «Դուք եք, որ իմ փորձությունների մեջ միշտ ինձ հետ մնացիք, և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար» (Ղուկաս 22։28, 29)։ Փաստորեն, նրանք պիտի «թագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։10)։
Իսկ քանի՞ հոգի են գնալու երկինք։ Աստծու Թագավորության մեջ իշխելու են սահմանափակ թվով մարդիկ, ինչպես որ ցանկացած կառավարության կազմում են լինում սահմանափակ թվով մարդիկ։ Հիսուսը նրանց մասին ասաց. «Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)։ Այս «փոքր հոտը» 144 000 հոգի է (Հայտնություն 14։1)։ Իսկ միլիոնավոր մարդիկ հավիտյան վայելելու են կյանքը երկրի վրա (Հայտնություն 21։4)։
Փաստորեն, ոչ բոլոր բարի մարդիկ են երկինք գնում։ Օրինակ՝ Իսրայելի Դավիթ թագավորի մասին Պետրոս առաքյալն ասաց. «Դավիթը չէր, որ վեր ելավ երկինք» (Գործեր 2։34)։ Հովհաննես Մկրտիչը նույնպես բարի մարդ էր։ Բայց Հիսուսն ասաց, որ նա չի գնալու երկինք. «Կանանցից ծնվածների մեջ դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի. սակայն երկնային թագավորության մեջ փոքրը ավելի մեծ է, քան նա» (Մատթեոս 11։11)։
Պարգև, որ կստանան բարի մարդիկ
Իսկ ի՞նչ պետք է անի անհատը, որպեսզի հավիտյան ապրի երկրի վրա։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Այո՛, Աստված այնքան է սիրում մարդկանց, որ բոլորին հավիտյան ապրելու հնարավորություն է տալիս, սակայն այդ պարգևը կստանան միայն նրանք, ովքեր «հավատ են դրսևորում»։
Իսկ հավատը պետք է հիմնված լինի ճշգրիտ գիտելիքների վրա (Հովհաննես 17։3)։ Դու կարող ես ավելին սովորել այն մասին, թե մարդկության առնչությամբ ինչ նպատակներ ունի Եհովան։ Հավատա այն ամենին, ինչ սովորում ես և վարվիր քո սովորածի համաձայն։ Եվ համոզված եղիր, որ քո առաջ անվերջ ապրելու հնարավորություն է բացված։
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Հարց
Ի՞նչ է պատահում բարի մարդկանց մահանալուց հետո։
Պատասխան
«Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն» (ԺՈՂՈՎՈՂ 9։5)։
Հարց
Ապագայի ի՞նչ հույս կա մահացած մարդկանց համար։
Պատասխան
«Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում, նրա [Հիսուսի] ձայնը կլսեն և դուրս կգան» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։28, 29)։
Հարց
Բարի մարդիկ որտե՞ղ պետք է ապրեն։
Պատասխան
«Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (ՍԱՂՄՈՍ 37։29)։