Գտնենք «նրա մեջ խնամքով պահված» գանձերը
«Նրա մեջ խնամքով պահված են իմաստության և գիտության բոլոր գանձերը» (ԿՈՂ. 2։3)։
1, 2. ա) Ի՞նչ հայտնաբերվեց 1922 թ.–ին, և ի վերջո որտե՞ղ դրանք հայտնվեցին։ բ) Աստծու Խոսքը ի՞նչ հորդոր է տալիս յուրաքանչյուրիս։
ԵՐԲ ինչ–որ մեկը գանձեր է հայտնաբերում, թերթերը մեծ–մեծ տառերով ազդարարում են այդ մասին։ Նման մի հայտնագործություն է արել բրիտանացի հնագետ Հովարդ Քարտերը։ Մի քանի տասնամյակ շարունակ նա ծանր պայմաններում մանրակրկիտ պեղումներ կատարեց և, վերջապես, 1922 թ.–ին գտավ Թութանհամոն փարավոնի՝ գրեթե ամբողջությամբ պահպանված դամբարանը, որտեղ կային մոտ 5 000 առարկաներ։ Այդ հայտնագործությունը իրոք տպավորիչ էր։
2 Քարտերի գտածոների մեծ մասը, ի վերջո, հայտնվեց թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Թեև դրանք ունեն պատմական և գեղագիտական արժեք, այդուհանդերձ այսօր առանձնապես տեղ չեն զբաղեցնում մեր առօրյայում։ Մինչդեռ Աստծու Խոսքը հորդորում է մեզ որոնել այնպիսի գանձեր, որոնք կարևոր դեր կխաղան մեր կյանքում։ Այս հորդորը ուղղված է յուրաքանչյուրիս, և ով արձագանքի, մեծ վարձատրություն կստանա, շատ ավելի արժեքավոր, քան նյութական գանձերը (կարդա՛ Առակաց 2։1–6)։
3. Ինչո՞վ են արժեքավոր այն գանձերը, որոնք Եհովան իր երկրպագուներին հորդորում է փնտրել։
3 Եկեք խորհրդածենք, թե ինչ արժեք ունեն այն գանձերը, որոնք Եհովան իր երկրպագուներին հորդորում է փնտրել։ Այդ գանձերից է «Տիրոջ վախը», որն այս վտանգավոր ժամանակներում կարող է պաշտպանել մեզ (Սաղ. 19։9)։ «Աստուծոյ գիտութիւնը» գտնելով, այսինքն՝ Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելով՝ մտերիմ փոխհարաբերություններ կհաստատենք Բարձրյալի հետ։ Սա ամենամեծ պատիվն է, որին կարող է արժանանալ մարդ արարածը։ Եհովայի տված այնպիսի գանձեր, ինչպիսիք են իմաստությունը, գիտելիքը և խորաթափանցությունը, կօգնեն մեզ հաջողությամբ հաղթահարելու մեր առօրյա հոգսերն ու խնդիրները (Առակ. 9։10, 11)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք գտնել այս անգին գանձերը։
Գտնենք հոգևոր գանձերը
4. Որտե՞ղ կարող ենք փնտրել հոգևոր գանձերը։
4 Հնագետներն ու այլ հետազոտողներ հաճախ ստիպված են ամենատարբեր վայրերում գանձեր փնտրել, այնինչ մենք հստակ գիտենք, թե որտեղ հոգևոր գանձեր փնտրենք։ Աստծու Խոսքը նման է մի քարտեզի, որի միջոցով կարող ենք հոգևոր գանձեր գտնել։ Պողոս առաքյալը Քրիստոսի մասին ասաց. «Նրա մեջ խնամքով պահված են իմաստության և գիտության բոլոր գանձերը» (Կող. 2։3)։ Կարդալով այս խոսքերը՝ գուցե հարցնենք. «Ինչո՞ւ է անհրաժեշտ փնտրել այդ գանձերը։ Ինչպե՞ս են դրանք «պահված» Քրիստոսի մեջ, և ինչպե՞ս կարող ենք գտնել դրանք»։ Որպեսզի ստանանք այս հարցերի պատասխանները, եկեք առաքյալի խոսքերը մանրամասնորեն քննենք։
5. Ինչո՞ւ Պողոսը գրեց հոգևոր գանձերի մասին։
5 Պողոսն այս խոսքերը գրեց իր կողոսացի հավատակիցներին։ Նա ասաց, որ պայքարում է հանուն այն բանի, որ «նրանց սրտերը մխիթարվեն, [և որ] նրանք իրար հետ համերաշխորեն միավորված լինեն սիրո մեջ» (կարդա՛ Կողոսացիներ 2։1, 2)։ Ինչո՞ւ էր նա անհանգստացած։ Առաքյալը հասկանում էր, որ այնտեղի եղբայրները, ըստ ամենայնի, ենթարկվել են ոմանց ազդեցությանը. վերջիններս հունական փիլիսոփայություն էին տարածում կամ խրախուսում էին վերադառնալ Մովսիսական օրենքին։ Նա խստորեն զգուշացրեց եղբայրներին. «Զգո՛ւյշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև իր զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ՝ մարդկանց ավանդության համաձայն, աշխարհի տարրական բաների համաձայն և ոչ թե Քրիստոսի համաձայն» (Կող. 2։8)։
6. Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Պողոսի խորհուրդը։
6 Այսօր մենք էլ ենք ենթարկվում նման ազդեցության Սատանայի և նրա չար համակարգի կողմից։ Փիլիսոփայությունը, այդ թվում նաև հումանիզմի գաղափարախոսությունը և էվոլյուցիոն տեսությունը, ձևավորում է մարդկանց մտածելակերպը, արժեքները, նպատակները և ապրելակերպը։ Կեղծ կրոնը առանցքային դեր է խաղում ժողովրդականություն վայելող բազմաթիվ տոնակատարություններում։ Զվարճությունների աշխարհն ամեն ինչ անում է, որպեսզի մարդը բավարարի իր մեղավոր ցանկությունները։ Ինտերնետը մեծ վտանգ է ներկայացնում թե՛ պատանիների և թե՛ մեծերի համար։ Մշտապես նման ազդեցությունների ենթարկվելը, ինչ խոսք, կարող է բացասաբար անդրադառնալ մեր զգացմունքների և Եհովայի առաջնորդության հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի վրա՝ ստիպելով մեզ ամուր չբռնել իսկական կյանքից (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։17–19)։ Ուստի, եթե չենք ուզում ընկնել Սատանայի նենգ ծուղակները, պետք է լավ հասկանանք Պողոսի խորհուրդները, որոնք նա տվեց կողոսացիներին, և լուրջ վերաբերվենք դրանց։
7. Ի՞նչ երկու բաների մասին խոսեց Պողոսը, որոնք կօգնեին կողոսացիներին։
7 Իր անհանգստությունը հայտնելուց հետո Պողոսը նշեց երկու բան, որոնք կօգնեին նրանց մխիթարվելու և միավորված լինելու սիրո մեջ։ Նախ՝ առաքյալը հիշատակեց «հասկացողության մեջ լիակատար համոզվածություն» ունենալու մասին։ Նրանք պետք է լիովին համոզված լինեին, որ իրենք ճիշտ են հասկանում Սուրբ Գրությունները. դա կօգներ նրանց ամուր հիմքի վրա կառուցելու իրենց հավատը (Եբր. 11։1)։ Այնուհետև՝ Պողոսը նշեց «ճշգրիտ գիտության» մասին, որը վերաբերում էր «Աստծու սրբազան գաղտնիքին»։ Նրանք չպետք է բավարարվեին հիմնական ճշմարտությունների իմացությամբ, այլ պետք է խորացնեին իրենց գիտելիքները և լավ հասկանային Աստծու խորունկ բաները (Եբր. 5։13, 14)։ Իրոք, առաքյալի խորհուրդը շատ տեղին էր։ Այն այժմեական է նաև այսօր։ Ինչպե՞ս կարող ենք նման համոզվածություն և «ճշգրիտ գիտություն» ձեռք բերել։ Հարցի պատասխանը գտնում ենք այն խոսքերում, որ Պողոսն ասաց Հիսուս Քրիստոսի մասին. «Նրա մեջ խնամքով պահված են իմաստության և գիտության բոլոր գանձերը»։
Քրիստոսի մեջ «պահված» գանձերը
8. Բացատրիր, թե ինչ է նշանակում «Քրիստոսի մեջ պահված» արտահայտությունը։
8 Այն, որ իմաստության և գիտության բոլոր գանձերը «պահված» են Քրիստոսի մեջ, չի նշանակում, որ դրանք փակի տակ են, անհասանելի՝ բոլորին։ Դա պարզապես նշանակում է, որ այդ գանձերը գտնելու համար հարկավոր է մեծ ջանքեր թափել և ուշադրությունը սևեռել Հիսուս Քրիստոսի վրա։ Սա ներդաշնակ է Հիսուսի այն խոսքերին, որոնք նա ասաց իր մասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14։6)։ Այո՛, Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելու համար մենք պետք է ընդունենք Հիսուսի տված օգնությունը և առաջնորդությունը։
9. Ի՞նչ դեր ունի Հիսուսը։
9 Հիսուսն ասաց, որ ինքը ոչ միայն «ճանապարհն» է, այլև «ճշմարտությունը և կյանքը»։ Սա նշանակում է, որ նրա դերը շատ ավելին է, քան պարզապես Հորը մոտենալու համար միջոց լինելը։ Քրիստոսը կարևոր դեր է խաղում նաև Աստվածաշնչի ճշմարտությունը հասկանալու և հավիտենական կյանքի հասնելու հարցում։ Իսկապես, Հիսուսի մեջ պահված են հոգևոր գոհարներ, որոնք գին չունեն, և դրանք կգտնեն նրանք, ովքեր Աստվածաշնչի խորաքնին ուսումնասիրողներ են։ Եկեք խոսենք դրանցից մի քանիսի մասին, որոնք անմիջականորեն առնչվում են ինչպես մեր ապագային, այնպես էլ Աստծու և մեր փոխհարաբերություններին։
10. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի մասին Կողոսացիներ 1։19 և 2։9 համարներից։
10 «Նրանում է, որ մարմնավորված կերպով բնակվում է աստվածային էության ողջ լիությունը» (Կող. 1։19; 2։9)։ Անհամար տարիներ ապրելով իր երկնային Հոր հետ՝ Հիսուսը բոլորից լավ գիտի, թե ինչպիսին է Աստված, և թե որն է նրա կամքը։ Իր երկրային ծառայության ամբողջ ընթացքում Քրիստոսը սովորեցնում էր մարդկանց այն, ինչ իր Հայրն էր սովորեցրել իրեն։ Որդին իր գործերում արտացոլում էր այն հատկությունները, որ Հայրը արմատավորել էր նրա մեջ։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։ Աստծու ողջ իմաստությունը և գիտելիքները պահված են, կամ՝ «բնակվում են» Քրիստոսի մեջ, և Եհովայի մասին սովորելու ավելի լավ տարբերակ չկա, քան այն, որ Հիսուսի մասին հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերենք։
11. Ի՞նչ կապ կա Հիսուսի և աստվածաշնչյան մարգարեությունների միջև։
11 «Հիսուսի մասին վկայելը մարգարեությունների էությունն է» (Հայտն. 19։10)։ Այս խոսքերից երևում է, որ Հիսուսը Աստվածաշնչի շատ մարգարեությունների կատարման մեջ գլխավոր դեր է խաղում։ Աստվածաշնչյան մարգարեությունները, սկսած Ծննդոց 3։15–ից, վերջացրած «Հայտնություն» գրքի փառահեղ տեսիլքներով, անհատը կարող է ճիշտ հասկանալ միայն այն դեպքում, եթե հաշվի առնի, որ Հիսուսը կարևոր դեր ունի Մեսիական Թագավորության հետ կապված։ Ահա թե ինչու են Եբրայերեն Գրությունների շատ մարգարեություններ դժվար կացության մեջ դնում նրանց, ովքեր չեն ընդունում Հիսուսին՝ որպես խոստացված Մեսիայի։ Նաև պարզ է դառնում, թե ինչու այն մարդկանց համար, ովքեր չեն կարևորում Եբրայերեն Գրությունները, որտեղ կան Մեսիայի վերաբերյալ շատ մարգարեություններ, Հիսուսը ընդամենը մեծ, ականավոր մարդ է։ Քրիստոսի մասին գիտելիքներն Աստծու ժողովրդին օգնում են հասկանալու աստվածաշնչյան այն մարգարեությունների իմաստը, որոնք դեռ պետք է կատարվեն (2 Կորնթ. 1։20)։
12, 13. ա) Ի՞նչ իմաստով է Հիսուսը «աշխարհի լույսը»։ բ) Ազատված լինելով հոգևոր խավարի կապանքներից՝ Քրիստոսի հետևորդները ի՞նչ պետք է անեն։
12 «Ես եմ աշխարհի լույսը» (կարդա՛ Հովհաննես 8։12; 9։5)։ Հիսուսի ծննդից շատ առաջ Եսայիա մարգարեն կանխագուշակել էր. «Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց» (Ես. 9։2)։ Մատթեոս առաքյալը գրեց, որ այս մարգարեությունը կատարվեց, երբ Հիսուսը սկսեց քարոզել և ասել. «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 4։16, 17)։ Հիսուսի ծառայությունը հոգևորապես լուսավորեց մարդկանց և նրանց ազատեց կեղծ կրոնական ուսմունքների կապանքներից։ «Ես աշխարհ եկա իբրև լույս, որպեսզի ամեն ոք, ով հավատա ինձ, խավարի մեջ չմնա»,— ասաց Հիսուսը (Հովհ. 1։3–5; 12։46)։
13 Շատ տարիներ անց Պողոս առաքյալն իր հավատակիցներին գրեց. «Մի ժամանակ դուք խավար էիք, բայց հիմա լույս եք՝ Տիրոջ հետ միության մեջ։ Շարունակե՛ք քայլել որպես լույսի զավակներ» (Եփես. 5։8)։ Ազատված լինելով հոգևոր խավարի կապանքներից՝ քրիստոնյաները պետք է քայլեն որպես լույսի զավակներ։ Սա ներդաշնակ է այն խոսքերին, որ Հիսուսն ասաց իր հետևորդներին Լեռան քարոզում. «Թող ձեր լույսը փայլի մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5։16)։ Անշուշտ, դու գտել ես հոգևոր գանձեր Հիսուսի մեջ։ Բա՞րձր ես գնահատում դրանք այն աստիճան, որ այդ մասին ուզենաս պատմել ուրիշներին։ Եթե պատմես և, ինչ խոսք, եթե քրիստոնեական վարք դրսևորես, ապա նրանք գուցե ցանկանան փնտրել այդ գանձերը։
14, 15. ա) Աստվածաշնչային ժամանակներում ինչի՞ համար էին օգտագործվում գառներ և այլ անասուններ։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը՝ որպես «Աստծու Գառ», անհամեմատելի գանձ։
14 Հիսուսը «Աստծու Գառն» է (Հովհ. 1։29, 36)։ Աստվածաշնչային ժամանակներում մարդիկ մեղքերի թողություն ստանալու և Եհովային մոտենալու համար գառներ էին զոհաբերում։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ Աբրահամը ցույց տվեց, որ պատրաստ է զոհաբերելու իր որդուն, Աստված նրան ասաց, որ ձեռք չտա Իսահակին, և մի խոյ տվեց նրան ողջակեզի համար՝ որդու փոխարեն (Ծննդ. 22։12, 13)։ Երբ իսրայելացիները պիտի դուրս գային Եգիպտոսից, նրանք պետք է գառ մորթեին և նրա արյունը քսեին դռների կողափայտերին. դա «զատիկ [կամ՝ պասեք] էր Եհովային» (Ելից 12։1–13)։ Նաև Մովսիսական օրենքով նախատեսված էր տարբեր անասունների, այդ թվում նաև ոչխարների ու այծերի զոհաբերություններ (Ելից 29։38–42; Ղեւտ. 5։6, 7)։
15 Սակայն այդ զոհաբերություններից և ոչ մեկը իրականում չէր կարող հարատև ազատություն բերել մեղքից ու մահից (Եբր. 10։1–4)։ Մինչդեռ Հիսուսը, որ «Աստծու Գառն է», «վերցնում է աշխարհի մեղքը»։ Հենց միայն այս փաստը Հիսուսին դարձնում է ցանկացած գանձից շատ ավելի արժեքավոր։ Ուստի լավ կլինի ժամանակ տրամադրել և փրկանքի թեման ամենայն լրջությամբ քննել։ Անհրաժեշտ է նաև հավատ ընծայել քավիչ զոհին, որն ազատում է մեզ մեղքից ու մահից։ Եթե այդպես վարվենք, ապա հիանալի օրհնություններ ու վարձատրություն կստանանք. «փոքր հոտը» պատիվ կունենա Հիսուսի հետ թագավորելու երկնքում, իսկ «ուրիշ ոչխարները» հավիտյան կապրեն երկրային դրախտում (Ղուկ. 12։32; Հովհ. 6։40, 47; 10։16)։
16, 17. Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Հիսուսը «մեր հավատի Գլխավոր Առաջնորդն ու Կատարելագործողն» է։
16 Հիսուսը «մեր հավատի Գլխավոր Առաջնորդն ու Կատարելագործողն» է (կարդա՛ Եբրայեցիներ 12։1, 2)։ Եբրայեցիներ 11–րդ գլխում Պողոսը հրաշալի կերպով շոշափում է հավատի թեման։ Նա տալիս է այդ հատկության սահմանումը, այնուհետև համառոտ ներկայացնում է օրինակելի հավատ ունեցող տղամարդկանց ու կանանց, որոնց թվում էին Նոյը, Աբրահամը, Սառան և Ռախաբը։ Դրանից հետո առաքյալը իր հավատակիցներին կոչ արեց «աչքերը հառել.... հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին՝ Հիսուսին»։ Ինչո՞ւ էր Պողոսը նրանց ուշադրությունը հրավիրում Հիսուսի վրա։
17 Թեև Եբրայեցիներ 11–րդ գլխում հիշատակված մարդիկ լիովին հավատում էին Աստծու խոստմանը, նրանք, այդուհանդերձ, ամենայն մանրամասնությամբ չգիտեին, թե ինչպես է նա կատարելու իր խոստումը Մեսիայի և Թագավորության միջոցով։ Այդ իմաստով՝ նրանց հավատը թերի էր։ Իրողությունն այն է, որ նույնիսկ նրանք, ովքեր Եհովայի ներշնչանքով գրել են Մեսիայի մասին բազմաթիվ մարգարեություններ, լիովին չեն ըմբռնել իրենց գրածի կարևորությունը (1 Պետ. 1։10–12)։ Հավատը միայն Հիսուսի միջոցով կարող է կատարելագործվել, կամ՝ կատարյալ դառնալ։ Այսպիսով՝ անչափ կարևոր է հստակորեն հասկանալ, թե ինչ դեր է խաղում Հիսուսը որպես «մեր հավատի Գլխավոր Առաջնորդ ու Կատարելագործող», և նույնքան էլ կարևոր է ընդունել նրան այդ դերում։
Շարունակեք փնտրել
18, 19. ա) Ուրիշ ի՞նչ հոգևոր գանձեր են պահված Քրիստոսի մեջ։ բ) Ինչո՞ւ պետք է շարունակենք Հիսուսի մեջ հոգևոր գանձեր փնտրել։
18 Մենք քննարկեցինք ընդամենը մի քանիսը այն դերերից, որոնք կատարում է Հիսուսը հանուն մարդկանց փրկության։ Քրիստոսի մեջ նաև ուրիշ հոգևոր գանձեր կան։ Եթե գտնենք դրանք, բազմաթիվ օրհնություններ կստանանք։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը Հիսուսին անվանեց «կյանքի Գլխավոր Առաջնորդ» և ծագող «լուսաստղ» (Գործ. 3։15; 5։31; 2 Պետ. 1։19)։ Աստվածաշունչը Քրիստոսին անվանում է նաև «Ամեն» (Հայտն. 3։14)։ Գիտե՞ս այս տիտղոսների իմաստն ու նշանակությունը։ Հիսուսն ասաց. «Շարունակեք փնտրել և կգտնեք» (Մատթ. 7։7)։
19 Ամբողջ պատմության ընթացքում չի եղել մեկը, որն այնքան իմաստալից կյանքով ապրեր, և որի կյանքը այնքան մեծ կապ ունենար մեր հավիտենական բարօրության հետ, որքան որ Հիսուս Քրիստոսի կյանքը։ Նրա մեջ պահված են հոգևոր գանձեր, որոնք հասանելի են յուրաքանչյուր մարդու, ով եռանդորեն փնտրում է դրանք։ Դու մեծ ուրախություն կստանաս և կօրհնվես, եթե գտնես «նրա մեջ խնամքով պահված» գանձերը։
Հիշո՞ւմ ես
• Քրիստոնյաներին հորդոր է տրվում ինչպիսի՞ գանձեր փնտրել։
• Կողոսացիներին տրված խորհուրդը ինչո՞ւ է վերաբերում նաև մեզ։
• Ի՞նչ գանձեր են «պահված» Քրիստոսի մեջ։ Բացատրիր դրանց իմաստը։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Աստվածաշունչը նման է մի քարտեզի, որը կարող է մեզ առաջնորդել դեպի այն գանձերը, որոնք «խնամքով պահված են» Քրիստոսի մեջ