Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 8–12
  • Թող բոլորը պատմեն Եհովայի փառքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թող բոլորը պատմեն Եհովայի փառքը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Գնաց բոլոր երկիրը»
  • Եռանդուն վկաներ
  • Յուրաքանչյուրը մասնակցում էր քարոզչությանը
  • Այն ժամանակ և հիմա
  • Եհովայի Խոսքը աճում էր
    2001 Դիտարան
  • Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ավետարանիչներ են
    2002 Դիտարան
  • Փրկության համար հանրային ազդարարություն անել
    1998 Դիտարան
  • Եհովայի քրիստոնյա վկաները առաջին դարում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2004 Դիտարան
w04 1/1 էջ 8–12

Թող բոլորը պատմեն Եհովայի փառքը

«Տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։ Տուէք Տիրոջը նորա անունի փառքը» (ՍԱՂՄՈՍ 96։7, 8)։

1, 2. Ի՞նչն է Եհովային փառք բերում, և ո՞ւմ է կոչ արվում միանալ դրան։

ԴԱՎԻԹԸ՝ Հեսսեի որդին, երեխա ժամանակվանից հովվություն էր անում Բեթլեհեմի մերձակայքում։ Որքա՜ն հաճախ էր նա, ըստ երևույթին, գիշերվա անդորրում աչքերը հառում դեպի աստղազարդ երկնքի լայնարձակությունները, երբ հետևում էր իր հոր հոտերին, որ գտնվում էին այդ մեկուսի արոտավայրերում։ Անկասկած, մանկության այս վառ տպավորությունները արթնացան նրա հիշողության մեջ, երբ նա, Աստծո սուրբ ոգուց ներշնչված, մի գեղեցիկ երգ երգեց, որը գրված է 19–րդ սաղմոսում. «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։ Բայց նորանց բարբառը դուրս է գալիս ամեն երկիր, եւ նորանց խօսքը մինչեւ աշխարհքի ծայրերը» (Սաղմոս 19։1, 4)։

2 Եհովայի ստեղծած ակնածանք ներշնչող երկինքները՝ առանց լեզվի, առանց խոսքի, առանց ձայնի օրը օրին, գիշերը գիշերին պատմում են նրա փառքը։ Արարչությունը երբեք չի դադարում Աստծո փառքը պատմելուց, և այն խոնարհեցնում է մարդուն ու ստիպում նրան մտածել այդ լուռ վկայության մասին, որը գնում հասնում է «ամեն երկիր», որպեսզի նրա բոլոր բնակիչները տեսնեն։ Բայցևայնպես, արարչության լուռ վկայությունը բավական չէ։ Աստվածաշունչը հավատարիմ մարդկանց հորդոր է տալիս միանալ դրան իրենց ձայնով։ Աստծուց ներշնչված՝ անհայտ սաղմոսերգուն Աստծո հավատարիմ երկրպագուներին դիմեց հետևյալ խոսքերով. «Տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։ Տուէք Տիրոջը նորա անունի փառքը» (Սաղմոս 96։7, 8)։ Նրանք, ովքեր սերտ փոխհարաբերություններ ունեն Եհովա Աստծո հետ, մեծ հուզմունքով են լցվում՝ պատասխանելով այս կոչին։ Սակայն ի՞նչ է նշանակում փառք տալ Աստծուն։

3. Ինչո՞ւ են մարդիկ փառք տալիս Աստծուն։

3 Աստծուն փառաբանելու համար ավելին է պահանջվում, քան պարզապես խոսքեր ասելը։ Եսայիայի օրերում իսրայելացիներն իրենց շրթունքներով էին փառաբանում Աստծուն. մեծամասնությունը անկեղծորեն չէր անում դա։ Եսայիայի միջոցով Եհովան ասաց. «Այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից» (Եսայիա 29։13)։ Այդ մարդկանց կողմից արված ցանկացած փառաբանություն անիմաստ էր։ Իմաստալից լինելու համար փառաբանությունը պետք է բխի այնպիսի սրտից, որը լի է Եհովայի հանդեպ սիրով և անկեղծորեն ընդունում է Աստծո՝ եզակի փառքի տեր լինելը։ Միայն Եհովան է Արարիչ։ Նա է Ամենակարողը, Արդարագույնը, սիրո մարմնացումը։ Նա մեր փրկության աղբյուրն է, օրինական Գերիշխանը, որին ամեն մի կենդանի արարած՝ երկնքում թե երկրի վրա, պարտավոր է հնազանդվել (Յայտնութիւն 4։11; 19։1, ԱՆԹ)։ Եթե իսկապես հավատում ենք այս ամենին, ուրեմն եկեք ամբողջ սրտով փառաբանենք նրան։

4. Ի՞նչ ասաց Հիսուսն այն մասին, թե ինչպես փառաբանել Աստծուն, և ինչպե՞ս կարող ենք դա անել։

4 Հիսուս Քրիստոսն ասել է, թե ինչպես կարող ենք փառաբանել Աստծուն։ Նա ասաց. «Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. եւ իմ աշակերտները լինիք» (Յովհաննէս 15։8)։ Ինչպե՞ս ենք շատ պտուղ բերում։ Առաջին՝ շատ պտուղ ենք բերում՝ ամբողջ սրտով մասնակցելով Թագավորության բարի լուրի քարոզչությանը ու այդպիսով միանալով բոլոր արարչագործություններին Աստծո «աներեւոյթ յատկութիւնները» ‘պատմելու’ մեջ (Մատթէոս 24։14; Հռովմայեցիս 1։20)։ Բացի այդ, այս ձևով՝ ուղղակի թե անուղղակի, բոլորս էլ բաժին ենք ունենում նոր աշակերտներ պատրաստելու գործում, որոնք իրենց ձայնով է՛լ ավելի ուժգին են դարձնում Եհովա Աստծուն տրվող փառաբանությունը։ Երկրորդ՝ մենք զարգացնում ենք այն պտուղը, որ առաջանում է մեր մեջ սուրբ ոգու միջոցով, ու ձգտում ենք ընդօրինակել Եհովա Աստծո անզուգական հատկությունները (Գաղատացիս 5։22, 23; Եփեսացիս 5։1; Կողոսացիս 3։10)։ Արդյունքն այն է լինում, որ մեր վարքով ամեն օր փառք ենք բերում Աստծուն։

«Գնաց բոլոր երկիրը»

5. Բացատրեք, թե ինչպես Պողոսը շեշտեց, որ քրիստոնյաները պատասխանատվություն ունեն Աստծուն փառաբանել իրենց հավատը տարածելու միջոցով։

5 Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսը շեշտում է այն միտքը, որ քրիստոնյաները պատասխանատվություն ունեն Աստծուն փառաբանել իրենց հավատը տարածելու միջոցով։ «Հռովմայեցիս» նամակի գլխավոր միտքն այն է, որ միայն Հիսուս Քրիստոսին հավատացողները կփրկվեն։ Իր նամակի 10–րդ գլխում Պողոսը ցույց տվեց, որ իր օրերի մարմնավոր Իսրայելի անդամները դեռ շարունակում էին ջանքեր թափել Աստծո առջև արդար համարվելու՝ կատարելով Մովսիսական օրենքի պատվիրանները, այնինչ ‘Քրիստոսը օրենքի վախճանն էր’։ Ուստի Պողոսն ասում է. «Եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես»։ Այդ ժամանակից սկսած՝ «խտրութիւն [չկար] Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։ Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի» (Հռովմայեցիս 10։4, 9–13)։

6. Ինչպե՞ս կիրառեց Պողոսը Սաղմոս 19։4 համարը։

6 Պողոսը այնուհետև տրամաբանական հարց է տալիս. «Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի» (Հռովմայեցիս 10։14)։ Իսրայելի վերաբերյալ Պողոսն ասում է. «Ոչ թէ ամենքը [«Ոչ բոլորը», ԷԹ] հնազանդ եղան աւետարանին»։ Ինչո՞ւ Իսրայելը հնազանդ չեղավ։ Պատճառը հավատ չունենալն էր և ոչ թե հնարավորություն չունենալը։ Պողոսը հիմնավորում է սա՝ մեջբերելով Սաղմոս 19։4–ը, և այդ մեջբերումը նա կիրառում է քրիստոնեական քարոզչական գործի կապակցությամբ ու ոչ թե արարչության լուռ վկայության։ Նա ասում է. «Մանավանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը» (Հռովմայեցիս 10։16, 18)։ Այո, ճիշտ ինչպես անկենդան ստեղծագործությունն է փառաբանում Եհովային, այնպես էլ առաջին դարի քրիստոնյաները, ամենուր քարոզելով փրկության բարի լուրը, փառաբանեցին Աստծուն ‘բոլոր երկրում’։ Կողոսացիներին ուղղած իր նամակում նույնպես Պողոսը նշեց, թե որքան հեռու է տարածվել բարի լուրը։ Նա ասաց, որ բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։

Եռանդուն վկաներ

7. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ պատասխանատվություն ունեն քրիստոնյաները։

7 Պողոսը կողոսացիներին ուղղած իր նամակը հավանաբար գրել է Հիսուս Քրիստոսի մահվանից 27 տարի անց։ Ինչպե՞ս կարող էր բարի լուրը հարաբերականորեն կարճ ժամանակում հասնել այնպիսի հեռավոր վայր, ինչպիսին Կողոսան էր։ Պատճառն այն էր, որ առաջին դարի քրիստոնյաները եռանդուն էին, ու Եհովան օրհնեց նրանց եռանդը։ Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները գործունյա քարոզիչներ էին լինելու, երբ ասաց. «Բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի» (Մարկոս 13։10)։ Հիսուսը այս մարգարեությանն ավելացրեց այն պատվերը, որ գրված է Մատթեոսի Ավետարանի վերջին համարներում. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Շուտով՝ Հիսուսի՝ երկինք համբարձվելուց հետո, նրա հետևորդները սկսեցին իրագործել այս խոսքերը։

8, 9. Ինչպե՞ս քրիստոնյաները արձագանքեցին Հիսուսի պատվերներին՝ համաձայն «Գործք» գրքի։

8 Մ.թ. 33–ի Պենտեկոստեին սուրբ ոգու թափվելուց հետո առաջին բանը, որ Հիսուսի հավատարիմ հետևորդներն արեցին, Երուսաղեմում հավաքված բազմություններին քարոզելն էր ‘Աստծո մեծամեծ բաների’ մասին։ Նրանց քարոզչությունը խիստ արդյունավետ էր, և «երեք հազարի չափ հոգիք» մկրտվեցին։ Աշակերտները շարունակեցին եռանդորեն հրապարակավ փառաբանել Աստծուն, և դա լավ արդյունքներ բերեց (Գործք 2։4, 11, 41, 46, 47)։

9 Այդ քրիստոնյաների գործունեությունը շուտով գրավեց կրոնական առաջնորդների ուշադրությունը։ Անհանգստացած Պետրոսի ու Հովհաննեսի բացահայտ խոսքերից՝ նրանք երկու առաքյալներին հրամայեցին դադարեցնել քարոզելը։ Վերջիններս պատասխանեցին. «Մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել»։ Նրանց սպառնացին ու հետո ազատ արձակեցին։ Պետրոսն ու Հովհաննեսը վերադարձան եղբայրների մոտ, և բոլորը միասին աղոթեցին Եհովային։ Նրանք խիզախորեն խնդրեցին Եհովային. «Տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել» (Գործք 4։13, 20, 29)։

10. Ի՞նչ հալածանք բարձրացավ, և ինչպե՞ս ճշմարիտ քրիստոնյաները արձագանքեցին։

10 Այդ աղոթքը համապատասխանում էր Աստծո կամքին, ինչպես ակնհայտ դարձավ կարճ ժամանակ անց։ Առաքյալները ձերբակալվեցին, բայց հրեշտակը ազատեց նրանց ու ասաց. «Գնացէք եւ կանգնեցէք տաճարի մէջ եւ այս կեանքի բոլոր խօսքերը խօսեցէք ժողովրդի հետ» (Գործք 5։18–20)։ Քանի որ առաքյալները հնազանդ եղան, Եհովան շարունակեց օրհնել նրանց։ «Եւ [նրանք] բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։42)։ Պարզ է, որ հալածիչները որքան էլ վճռական լինեին, միանգամայն անկարող էին Հիսուսի հետևորդներին արգելելու, որ հանրայնորեն Աստծուն փառք տան։

11. Ինչպիսի՞ն էր վաղ քրիստոնյաների վերաբերմունքը քարոզչական գործի հանդեպ։

11 Շուտով Ստեփանոսը ձերբակալվեց ու քարկոծվելով սպանվեց։ Նրա սպանությունից հետո Երուսաղեմում դաժան հալածանք սկսվեց, և բոլոր աշակերտները, բացի առաքյալներից, ցրվեցին տարբեր կողմեր։ Ընկճվեցի՞ն արդյոք նրանք։ Բոլորովի՛ն։ Կարդում ենք. «Ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով» (Գործք 8։1, 4)։ Կրկին ու կրկին դրսևորվում էր նրանց եռանդը՝ պատմելու Աստծո փառքը։ «Գործք» 9–րդ գլխում կարդում ենք, որ փարիսեցի Սողոս Տարսոնացին, որը մեկնել էր Դամասկոս՝ Հիսուսի աշակերտներին հալածելու նպատակով, Հիսուսի կողմից տեսիլք ստացավ և կուրացավ։ Դամասկոսում Անանիան հրաշքով բուժեց Սողոսի կուրությունը։ Ո՞րն էր առաջին բանը, որ արեց Սողոսը, որը հետագայում կոչվեց Պողոս առաքյալ։ Աստվածաշունչն ասում է. «Շուտով [«անմիջապէս», ԱԱ] ժողովարաններումը Քրիստոսին քարոզեց, թէ Սա է Աստուծոյ Որդին» (Գործք 9։20)։

Յուրաքանչյուրը մասնակցում էր քարոզչությանը

12, 13. ա) Համաձայն պատմաբանների՝ ի՞նչն էր հատկանշական վաղ քրիստոնեական ժողովի առնչությամբ։ բ) Ինչպե՞ս են «Գործք» գրքի բովանդակությունը և Պողոսի խոսքերը համապատասխանում պատմաբանների խոսքերին։

12 Շատ շատերն են ընդունում, որ վաղ քրիստոնեական ժողովում յուրաքանչյուր ոք մասնակցում էր քարոզչությանը։ Ֆիլիպ Շաֆը այն օրերի քրիստոնյաների մասին հետևյալն է գրում. «Ամեն մի ժողով իրենից միսիոներական ընկերություն էր ներկայացնում, ամեն մի քրիստոնյա հավատացյալ միսիոներ էր» («History of the Christian Church»)։ Ս. Ուիլյամսն ասում է. «Գլխավոր վկայությունն այն է, որ սկզբնական Եկեղեցու բոլոր քրիստոնյաները, հատկապես նրանք, ովքեր ունեին խարիզմատիկ պարգևներ [ոգու պարգևներ], քարոզում էին ավետարանը» («The Glorious Ministry of the Laity»)։ Նա նաև համոզված ասում է. «Հիսուս Քրիստոսը երբեք նկատի չի ունեցել, թե քարոզչությունը պետք է լիներ հոգևորականության որոշ խավերի ներկայացուցիչների բացառիկ իրավունքը»։ Նույնիսկ Ցելսոսը՝ քրիստոնեության՝ հնում ապրած թշնամին, գրել է. «Բուրդ գզողները, կոշկակարները, թաղիքագործները, ամենաանգրագետ ու անտաշ մարդիկ եռանդորեն քարոզում էին ավետարանը»։

13 Այս խոսքերի ճշմարտացիությունը երևում է «Գործք» գրքում պարունակվող պատմական փաստերից։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին՝ սուրբ ոգու թափվելուց հետո, բոլոր աշակերտները՝ տղամարդիկ ու կանայք, հրապարակավ հռչակում էին Աստծո մեծամեծ բաները։ Ստեփանոսի սպանությունից հետո հալածանք էր բարձրացել, և բոլոր այն քրիստոնյաները, որ ցրվել էին տարբեր կողմեր, բարի լուրը տարածեցին ամենահեռու վայրերը։ Մոտ 28 տարի անց Պողոսը, նամակ գրելով բոլոր եբրայեցի քրիստոնյաներին և ոչ թե մի փոքր հոգևորական դասի, ասաց. «Նորա ձեռովն ամեն ժամանակ Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցանենք. այսինքն նորա անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Խոսելով քարոզչական գործի վերաբերյալ իր սեփական տեսակետի մասին՝ նա գրել է. «Եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ» (Ա Կորնթացիս 9։16)։ Հստակ է, որ առաջին դարում բոլոր հավատարիմ քրիստոնյաներն այդպես էին մտածում։

14. Ի՞նչ կապ գոյություն ունի հավատի ու քարոզչության միջև։

14 Իսկապես, իսկական քրիստոնյան պետք է մասնակցի քարոզչական գործին, քանի որ դա անքակտելիորեն կապված է հավատի հետ։ Պողոսն ասաց. «Սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար» (Հռովմայեցիս 10։10)։ Արդյոք ժողովի մաս կազմող միայն մի փոքրիկ խո՞ւմբ է, ինչպես ասենք՝ հոգևորական դասը, դրսևորում հավատ ու այդպիսով ունենում պատասխանատվություն քարոզելու։ Իհարկե ո՛չ։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները մշակում են իրենց մեջ կենդանի հավատ դեպի Տեր Հիսուս Քրիստոսը և մեծ ցանկություն են ունենում ‘բերանով դավանելու’ այդ հավատը ուրիշներին։ Այլապես նրանց հավատը մեռած է (Յակոբոս 2։26)։ Քանի որ մեր թվարկության առաջին դարում բոլոր հավատարիմ քրիստոնյաներն այս ձևով դրսևորում էին իրենց հավատը, ուստի Եհովայի անունը խիստ բարձրաձայն փառաբանվում էր։

15, 16. Բերեք օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ քարոզչական գործը, չնայած խնդիրներին, առաջ էր գնում։

15 Առաջին դարում Եհովան օրհնեց իր ժողովրդին՝ շատացնելով նրան, չնայած որ խնդիրներ կային թե՛ ժողովից ներս, թե՛ ժողովից դուրս։ Օրինակ՝ «Գործք» 6–րդ գլխում նշվում է հրեախոս ու հունախոս նորահավատների միջև եղած մի խնդրի մասին։ Այս հարցով զբաղվեցին առաքյալները։ Արդյունքն եղավ այն, ինչի մասին որ կարդում ենք. «Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատին» (Գործք 6։7)։

16 Ավելի ուշ քաղաքական լարվածություն առաջացավ Հրեաստանի թագավոր Հերովդես Ագրիպպասի և տյուրացիների ու սիդոնացիների միջև։ Այս քաղաքների բնակիչները քծնելով խաղաղություն էին խնդրում, և ի պատասխան՝ Հերովդեսը ճառով դիմեց նրանց։ Հավաքված բազմությունը սկսեց աղաղակել. «Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի»։ Մի ակնթարթում Եհովայի հրեշտակը զարկեց Հերովդես Ագրիպպասին, ու նա մեռավ, «որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը» (Գործք 12։20–23)։ Ինչպիսի՜ հիասթափություն պետք է որ ապրեին նրանք, ովքեր իրենց հույսը դրել էին մարդկային ղեկավարների վրա (Սաղմոս 146։3, 4)։ Իսկ քրիստոնյաները շարունակեցին փառաբանել Եհովային։ Հետևաբար «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»՝ չնայած քաղաքական անկայունությանը (Գործք 12։24)։

Այն ժամանակ և հիմա

17. Առաջին դարում գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ ի՞նչ էին անում։

17 Այո՛, առաջին դարում քրիստոնեական համաշխարհային ժողովը կազմված էր անհատներից, որոնք եռանդորեն ու ակտիվ կերպով փառաբանում էին Եհովա Աստծուն։ Բոլոր հավատարիմ քրիստոնյաները մասնակցում էին բարի լուրի տարածմանը։ Ոմանք հանդիպում էին մարդկանց, որոնք ցանկանում էին լսել և համաձայն Հիսուսի խոսքերի՝ նրանց սովորեցնում էին հնազանդվել այն բոլոր պատվիրաններին, որ նա տվել էր (Մատթէոս 28։19, 20)։ Արդյունքում՝ ժողովը աճում էր, և ավելի ու ավելի շատ անհատներ էին, վաղեմի թագավոր Դավիթի պես, փառաբանում Եհովային։ Բոլորը կրկնում էին ներշնչյալ խոսքերը. «Կ’գոհանամ քեզանից, Տէր՝ իմ Աստուած, բոլոր սրտով. եւ յաւիտեան կ’փառաւորեմ քո անունը։ Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է ինձ վերայ» (Սաղմոս 86։12, 13)։

18. ա) Ի՞նչ տարբերություն է նկատվում առաջին դարի քրիստոնեական ժողովի և ներկայիս քրիստոնեական աշխարհի միջև։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

18 Այս առումով աստվածաբանության պրոֆեսոր Ալիսոն Թրայթսի խոսքերը մտածելու տեղիք են տալիս։ Համեմատելով ժամանակակից քրիստոնեական աշխարհը առաջին դարի քրիստոնեության հետ՝ նա ասաց. «Այսօր եկեղեցիները սովորաբար ընդլայնվում են կա՛մ կենսաբանական աճի հաշվին (երբ եկեղեցի հաճախող ընտանիքի երեխաները ընդունում են ծնողների հավատը), կա՛մ մարդկանց կատարած տեղափոխությունների աճի հաշվին (երբ նորեկը իր անդամակցությունը եկեղեցուն մի վայրից տեղափոխում է մեկ ուրիշ վայր)։ «Գործք» գրքում, սակայն, ցույց է տրվում, որ այդ աճը տեղի էր ունենում դավանափոխության հաշվին, քանզի եկեղեցին դեռ նոր–​նոր էր սկսել իր գործունեությունը»։ Նշանակո՞ւմ են այս խոսքերը, որ ճշմարիտ քրիստոնեությունն այլևս չի աճում այնպես, ինչպես որ Հիսուսն էր ասել։ Անշուշտ, ոչ։ Այսօր ճշմարիտ քրիստոնեությունը ճիշտ և ճիշտ նույն եռանդն է դրսևորում Աստծո հանրային փառաբանության գործում, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաները։ Այս մասին՝ հաջորդ հոդվածում։

Կարո՞ղ եք բացատրել

• Ի՞նչ ձևերով ենք փառաբանում Աստծուն։

• Սաղմոս 19։4–ի ի՞նչ կիրառություն տվեց Պողոսը։

• Ի՞նչ կապ գոյություն ունի հավատի ու քարոզչության միջև։

• Ի՞նչն էր հատկանշական առաջին դարի քրիստոնեական ժողովի առնչությամբ։

[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]

Երկինքները մշտապես վկայում են Եհովայի փառքը

[թույլտվությամբ]

Courtesy of Anglo-Australian Observatory, photograph by David Malin

[նկար 10–րդ էջի վրա]

Սերտ կապ գոյություն ունի քարոզչական գործի և աղոթքի միջև

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը