Շարունակիր «շատ պտուղ բերել»
1 Օգտագործելով խորհրդանշական իմաստ ունեցող բառեր՝ Հիսուսն իրեն ներկայացրեց որպես ճշմարիտ որթատունկ, իր Հորը որպես Մշակ, իսկ ոգով օծված իր հետևորդներին որպես որթատունկի պտղաբեր ճյուղեր։ Նկարագրելով փոխաբերական Մշակի կատարած գործը՝ Հիսուսը շեշտեց որթատունկին ամուր կառչելու կարևորությունը (Հովհ. 15։1–4)։ Այստեղից սովորում ենք, որ յուրաքանչյուր ոք, ով մտերիմ փոխհարաբերություններ ունի Եհովայի հետ, պետք է նման լինի Հիսուս Քրիստոսի՝ «ճշմարիտ որթատունկի» պտղատու ճյուղերին։ Մենք պետք է շարունակենք պտղաբեր լինել ինչպես ոգու պտուղը, այնպես էլ Թագավորության պտուղը բերելու հարցում (Գաղ. 5։22, 23; Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Ոգու պտուղը։ Այն, թե որքանով ենք հոգևորապես առաջադիմում, մեծապես երևում է նրանից, թե ինչ չափով ենք դրսևորում ոգու պտուղը։ Ձգտո՞ւմ ես Աստծու ոգու պտուղը զարգացնել՝ կանոնավորաբար ուսումնասիրելով Աստծու Խոսքը և խորհրդածելով նրա շուրջ (Փիլիպ. 1։9–11)։ Մի վարանիր աղոթել սուրբ ոգու համար, որը կարող է քո մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք փառք են բերում Եհովային, և կարող է շարունակ նպաստել քո հոգևոր աճին (Ղուկ. 11։13; Հովհ. 13։35)։
3 Ոգու պտուղը զարգացնելը նաև կարող է օգնել մեզ ավելի եռանդուն քարոզիչներ լինել։ Օրինակ՝ սերն ու հավատը մղում են մեզ մեր գրաֆիկում տեղ հատկացնել ծառայությանը կանոնավորաբար մասնակցելուն։ Այնպիսի հատկությունները, ինչպիսիք են՝ խաղաղությունը, երկայնամտությունը, բարությունը, մեղմությունը և ինքնատիրապետումը, օգնում են մեզ ճիշտ արձագանքել հակառակության հանդիպելիս։ Իսկ ուրախությունը օգնում է մեզ բավարարվածություն գտնել ծառայության մեջ, նույնիսկ երբ մարդիկ անտարբեր են։
4 Թագավորության պտուղը։ Մենք նաև ցանկանում ենք Թագավորության պտուղը բերել։ Դրա մեջ մտնում է այն, որ մենք «գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են [Եհովայի] անունը» (Եբր. 13։15)։ Մենք դա կանենք՝ եռանդորեն և հաստատակամորեն բարի լուրը հռչակելով։ Ձգտո՞ւմ ես Թագավորության ավելի շատ պտուղ բերել՝ բարելավելով քո ծառայությունը։
5 Հիսուսը ցույց տվեց, որ իր հավատարիմ հետևորդները տարբեր քանակության պտուղ կբերեն (Մատթ. 13։23)։ Հետևաբար, մենք չպետք է մեզ համեմատենք ուրիշների հետ, այլ պետք է մեր լավագույնը տանք Եհովային (Գաղ. 6։4)։ Աստծու Խոսքի օգնությամբ անկեղծորեն քննելով մեր հանգամանքները՝ մենք կկարողանանք շարունակել փառաբանել Եհովային՝ «շատ պտուղ բերելով» (Հովհ. 15։8)։